Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 293-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 293-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԿԴ/4708/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4708/02/17        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ         Ա. Սմբատյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2011 թվականին կայացված որոշման համաձայն` 900.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարի նկատմամբ 29.11.2017 թվականից հետո հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 5 տոկոսը` հաշվարկված մինչև Ընկերության նկատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճարային պարտականության ամբողջական կատարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2019 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 04.06.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հայցը բավարարվել մասնակի. որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վիկտոր Տեր-Հովսեփյանը (ներկայացուցիչներ` Հակոբ Սաֆարյան և Արթուր Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Սայադ Բադալյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հետաձգող պայմանով գործարքի կնքումն ինքնին իրավունքներ և պարտականություններ չի առաջացնում, այլ այդ իրավունքներն ու պարտականություններն առաջանում են մեկ այլ իրավաբանական փաստի` գործարքով հետաձգված պայմանի ի հայտ գալու հետ: Հետևաբար եթե հետաձգված պայմանով նշված իրավիճակը չի առաջանում, ապա այդ հետաձգված պայմանի շրջանակներում նախատեսված իրավունքները և պարտականությունները նույնպես չեն կարող առաջանալ: Սույն գործով Ընկերությունը պետք է ապացուցեր, որ Պատասխանողը կատարել է անբարեխիղճ գործողություններ, Պայմանագրի պայմանը չկատարելը պայմանավորված էր այդ անբարեխիղճ գործողություններով և որ դատական ակտով հաստատված գումարի բռնագանձումը ձեռնտու չէ պատասխանողին, մինչդեռ նշված փաստերն Ընկերության կողմից չեն ապացուցվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանի պատճառաբանության արդյունքում ստացվում է, որ փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում:

i

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշումն այն դեպքում, երբ գործերի փաստական հանգամանքները տարբեր են:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ դատական ակտում արծարծել է այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնք առկա չեն եղել վերաքննիչ բողոքում: Մասնավորապես, Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում` չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և ուժ տալ Դատարանի 04.06.2019 թվականի վճռին:

 

2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ըստ Վերաքննիչ դատարանի պատճառաբանության` փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում, ապա բողոքաբերն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշմամբ արդեն իսկ տրվել է նմանատիպ գործերի լուծման ուղենիշը: Ընդ որում, նշված որոշումը կիրառելի է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ գործերի տարբերվող հանգամանքները տվյալ դեպքում էական նշանակություն չունեն: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կարևորվել է այն հանգամանքը, որ կողմերից մեկն իր վարքագծով պետք է նպաստի պայմանի չիրականացմանը, և սույն գործում առկա է հենց այդ իրավիճակը` պատասխանողն իր գործողություններով խոչընդոտում է պայմանի իրականացմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության (Կատարող) և Վիկտոր Տեր-Հովսեփյանի (Վստահորդ) միջև 27.09.2010 թվականին կնքվել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր, որով Վիկտոր Տեր-Հովսեփյանը հանձնարարել է, իսկ Ընկերությունը պարտավորվել է հատուցման դիմաց տրամադրել իրավաբանական օգնություն` Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով:

Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Կատարողը պարտավորվում է ներկայացնել Վստահորդի շահերը, ինչպես նաև Լյուբով Փիլոյանի շահերը, իրականացնել նրանց պաշտպանությունը ՀՀ դատական ատյաններում, ի թիվս այլնի, հետևյալ գործով` Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընդդեմ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատասխանողից 900.000 ԱՄՆ դոլար և այդ գումարի վրա հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին:

Պայմանագրի 3.1 կետի համաձայն` Վստահորդը, անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով` մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):

Պայմանագրի 3.4 կետի համաձայն` այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով:

Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով:

Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն` Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:

Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն` Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս` Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից:

Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

i

2) Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը բեկանել և փոփոխել, այն է` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` մերժել, Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը բավարարել` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 900.000 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես տոկոսներ` հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձել տոկոսներ` հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով` սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը (հատոր 3-րդ, գ.թ. 19-32, դատական տեղեկատվական համակարգ):

3) «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 10.03.2016 թվականի որոշման համաձայն` ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող անշարժ գույքը չի բավարարում կատարողական թերթի պահանջները կատարելու համար: Պահանջատիրոջը և պարտապանին առաջարկվել է 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան: Ուստի 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 74):

4) «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 10.05.2016 թվականի որոշման համաձայն` 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը կասեցվել է, և առաջարկվել է պահանջատիրոջը և պարտապանին 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան, սակայն օրենքով սահմանված ժամկետում կողմերը չեն դիմել դատարան` սնանկության դիմումով: Ուստի 10.03.2016 թվականին կասեցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 37):

5) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն` ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող` ք. Երևան, Անտառային փողոցի 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեի շինությունը և հողամասը ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 71):

6) Թիվ ՎԴ/3113/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.04.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի` 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 38):

7) Գործում առկա են Ընկերության փաստաբանների և Վիկտոր Տեր-Հովսեփյանի էլեկտրոնային նամակագրությունները, որոնց համաձայն` Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին դատական ակտի կատարման տարբեր հնարավորություններ են առաջարկել (մասնավորապես` սնանկության դիմում ներկայացնելու կամ արտադատական կարգով գույքի իրացման միջոցով), սակայն Վիկտոր Տեր-Հովսեփյանը չի համաձայնվել (հատոր 1-ին, գ.թ. 101, 104-150):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. փաստաբանի և վստահորդի միջև կնքված պայմանագրով հաջողության հոնորար սահմանված լինելու դեպքում արդյո՞ք ծագում է հոնորարի վճարման պարտականությունը, եթե վերջինս կախվածության մեջ է դրվել վստահորդի կողմից դրամական գումարներ կամ այլ գույք փաստացի ստանալու հանգամանքից, որը, սակայն, չի ստացվել, իսկ վստահորդն առաջնորդվել է իրավունքների պաշտպանության այլ եղանակով, քան առաջարկել է իր փաստաբանը:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի` դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով

(տե՛ս, HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի

29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, KHACHATRYAN v. ARMENIA գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս (...): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ...: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով...:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը (տե՛ս, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2043/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ փաստաբանը և վստահորդը սեփական հայեցողությամբ ոչ միայն կարող են սահմանել փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը, այլև վճարման պարտավորության ծագման պահը կարող են պայմանավորել որոշակի պայմանի իրականացման փաստով (օրինակ` գործի բարենպաստ ելքով, գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով կամ այդ դատական ակտի կատարմամբ): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանի և վստահորդի հարաբերությունների պայմանագրային կարգավորումը կրում է համանման բնույթ, և կողմերի միջև ծագել է վեճ փաստաբանական գործունեության վճարի չվճարման կապակցությամբ, դատարանները պարտավոր են նախ և առաջ պարզել.

1) պայմանագրով նախատեսված համապատասխան պայմանն իրականում ինչ է ենթադրում.

2) արդյո՞ք այդ պայմանի իրականացումը որևէ կերպ պայմանավորված է պայմանագրի կողմի կամ կողմերի վարքագծով.

3) պայմանը փաստացի իրականացել է, թե` ոչ.

4) եթե ոչ, արդյո՞ք կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) նպաստել է պայմանի չիրականացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերը նշված հարցադրումներին անդրադառնալիս դատարանները պետք է ղեկավարվեն պայմանագրերի մեկնաբանման կանոններով` նույն որոշմամբ անդրադառնալով նաև այդ կանոններին (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանի և վստահորդի միջև հարաբերությունները, այդ թվում` փաստաբանի վարձատրության հետ կապված հարցերը կարգավորվում են պայմանագրով, և կողմերն ազատ են պայմանագրի ազատության սկզբունքի շրջանակներում որոշելու պայմանագրի պայմանները: Կողմերն ազատ են պայմանագրում սահմանել նաև հետաձգող կամ վերացնող պայման, որի դեպքում կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանով կնքված գործարքի վերաբերյալ կարգավորումները:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ մասնավորապես փաստաբանի և վստահորդի միջև հարաբերություններում «արդյո՞ք կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) նպաստել է պայմանի չիրականացմանը» հարցադրման պարզաբանումը պետք է իրականացվի ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների, այլ նաև դատական պաշտպանության իրավունքի համատեքստում: Այսպես, եթե փաստաբանին վարձատրության վճարումը կախվածության մեջ է դրվել դատական ակտի կատարումից, ապա առանցքային նշանակություն ունի այն, որ դատական ակտի կատարումը դատական պաշտպանության իրավունքի տարր է, ուստի` գնահատելու համար, թե արդյոք վստահորդը խոչընդոտում է պայմանի առաջացմանը (դատական ակտի կատարմանը), պետք է գնահատել նաև այն հանգամանքը, թե որքանով է դատական պաշտպանության տեսանկյունից վստահորդի համար ձեռնտու դատական ակտի չկատարումը: Այլ կերպ ասած` եթե վստահորդն իր օգտին կայացված դատական ակտի փաստացի կատարումը տեսնում է այլ եղանակով, քան իր փաստաբանը, ապա դա ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դատական ակտի կատարման խոչընդոտում` հաշվի առնելով, որ դատական պաշտպանության տարր կազմող դատական ակտի կատարման իրավունքի իրավատերը վստահորդն է, ոչ թե փաստաբանը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հետաձգող պայմանով փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները` կողմերի իրական կամքը բացահայտելով վստահորդի դատական պաշտպանության իրավունքի համատեքստում:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Վիկտոր Տեր-Հովսեփյանի միջև 27.09.2010 թվականին կնքվել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր, որով Վիկտոր Տեր-Հովսեփյանը հանձնարարել է, իսկ Ընկերությունը պարտավորվել է հատուցման դիմաց տրամադրել իրավաբանական օգնություն` Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` Վստահորդը` անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով` մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ): Պայմանագրի 3.4 կետի համաձայն` այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով: Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով: Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն` Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում: Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն` Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս` Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից: Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո:

Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը բեկանել և փոփոխել, այն է` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` մերժել, Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը բավարարել` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 900.000 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես տոկոսներ` հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձել տոկոսներ` հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով` սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը:

Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընտրել է դատական ակտի հարկադիր կատարման միջոցով գումարը բռնագանձելու տարբերակն այն դեպքում, երբ Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին դատական ակտի կատարման այլ հնարավորություններ են առաջարկել (մասնավորապես` սնանկության դիմում ներկայացնելու կամ արտադատական կարգով գույքի իրացման միջոցով), սակայն Վիկտոր Տեր-Հովսեփյանն այդ տարբերակներին չի համաձայնվել:

Սույն գործով Դատարանը գտել է, որ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի` Ընկերության` հաջողության հոնորար ստանալու իրավունքը և Վիկտոր Տեր-Հովսեփյանի` հաջողության հոնորար վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ Վիկտոր Տեր-Հովսեփյանը փաստացի ստացել է դրամական միջոցներ և/կամ այլ գույք: Դատարանն արձանագրել է, որ սույն գործով տվյալ հանգամանքը բացակայում է, ուստի հաջողության հոնորար վճարելու պարտականությունը նույնպես բացակայում է: Նկատի ունենալով, որ կողմերի միջև կնքվել է հետաձգող պայմանով գործարք, Դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունը պետք է ապացուցեր, որ պատասխանողը կատարել է անբարեխիղճ գործողություններ, պայմանը չկատարելը պայմանավորված է եղել պատասխանողի անբարեխիղճ գործողություններով և պայմանի կատարումը` գումարների ստացումը, ձեռնտու չէ պատասխանողին: Դատարանը գնահատել է Ընկերության կողմից պատասխանողին առաջարկված տարբերակները («Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելը և «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը) և եզրահանգել, որ դրանք չեն բխում պատասխանողի շահերից: Ուստի Դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունը չի հիմնավորել պատասխանողի անբարեխիղճ գործողությունների, անբարեխիղճ գործողությունների և Պայմանագրի պայմանն իրագործելու անհնարինության պատճառահետևանքային կապի, ինչպես նաև պայմանի կատարումը պատասխանողին ձեռնտու չլինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման:

Անդրադառնալով Ընկերության կողմից վկայակոչված թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմանը` Դատարանը գտել է, որ այդ որոշումը տվյալ գործով կիրառելի չէ, քանի որ այդ որոշման հիմքում ընկած քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն էականորեն տարբերվում են տվյալ գործի փաստական հանգամանքներից:

Վերաքննիչ դատարանը նախ արձանագրել է, որ Դատարանն անհիմն կերպով շեղվել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել սեփականության իրավունք, քանի որ թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով վեճը լուծվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին, դրամական պահանջի իրավունքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշմամբ, որի հիման վրա տրվել են կատարողական թերթեր, որոնք ներկայացվել են հարկադիր կատարման: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջի իրավունքի առկայության, ինչպես նաև պահանջի իրավունքի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրված լինելու պայմաններում արդեն իսկ վրա է հասել պայմանագրով սահմանված հաջողության հոնորար վճարելու համար անհրաժեշտ պայմանը:

 

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Դատարանը գտել է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործի նկատմամբ, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանն առաջնորդվել է հենց այդ որոշմամբ տրված իրավական վերլուծություններով, քանի որ գնահատել է, թե պայմանագրով նախատեսված համապատասխան պայմանն իրականում ինչ է ենթադրել, գնահատել է, թե որքանով էր այդ պայմանի իրականացումը պայմանավորված պայմանագրի կողմի կամ կողմերի վարքագծով, պարզել է, որ այդ պայմանը փաստացի չի իրականացվել, և իրականում պատասխանողն անբարեխիղճ վարքագիծ չի դրսևորել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս թեև առաջնորդվել է սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումներով, սակայն սխալ է բացահայտել Պայմանագրի պայմանը:

Այսպես, նախ և առաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ինչպես Դատարանի և Վերաքննիչ դատարանի, այնպես էլ հայցվորի և պատասխանողի միջև ծագած` թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման կիրառելիության հետ կապված խնդրին:

ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը 21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մեկնաբանության շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերություն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ նախորդ և գործող դատական օրենսգրքերի կարգավորումների միջև առկա են որոշակի տարբերություններ, սակայն նկատի ունենալով, որ գործող դատական օրենսգիրքը նույնպես կարևորում է համադրվող գործերի` նույնանման փաստական հանգամանքներ ունենալը, գտնում է, որ վերոգրյալ` թիվ 3-480(ՎԴ) գործով որոշմամբ հայտնած դիրքորոշումը կիրառելի է նաև գործող դատական օրենսգրքի պայմաններում: Ուստի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համադրվող դատական գործերի էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներին:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Փաստաբանի և վստահորդի միջև կնքվել է «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագիր, որի համաձայն` վստահորդը պարտավորվել է կատարված փաստաբանական ծառայության դիմաց վճարել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված գումարի 3 տոկոսը:

2) Առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և դրան հիման վրա տրված կատարողական թերթ` գումարի բռնագանձման վերաբերյալ: Կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման:

3) Հետագայում դատական ակտի հարկադիր կատարման փուլում կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով ներվել է պարտապանի պարտքը:

4) Վստահորդը հրաժարվել է փաստաբանի ծառայությունների դիմաց գումար վճարել այն հիմնավորմամբ, որ գումար չի ստացել, հետևաբար վճարման պարտականություն չունի (այսինքն` վեճը ոչ թե հաջողության հոնորարի, այլ փաստաբանի մատուցած ամբողջ ծառայությունների համար վճարի վերաբերյալ է եղել):

Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քանի որ քաղաքացիական գործով վեճը լուծվել է հաշտության համաձայնության կնքմամբ, անհրաժեշտ էր գնահատել, թե արդյոք այդ հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտը գործին մասնակցող անձանց համար բարենպաստ դատական ակտ էր: Նշված դատական ակտը կատարվել է կամովին, ուստի դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտությունը բացակայել է: Ընդ որում, կնքված հաշտության համաձայնությունը վերացրել է նաև կատարողական թերթի պահանջների կատարման անհրաժեշտությունը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն գումար մուտքագրվելու վերաբերյալ պայմանը ենթակա էր գնահատման կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Միաժամանակ պետք է պարզվեր նաև սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, թե արդյոք պայմանագրի կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) օժանդակել է նշված պայմանի չիրականացմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշված գործով բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Վերոգրյալ դատական գործի փաստական հանգամանքները համեմատելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով առանցքային տարբերակիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վստահորդը վեճը լուծել է հաշտությամբ` փաստաբանին որևէ գումար չվճարելով և գտնելով, որ վճարման պարտականություն ընդհանրապես չունի:

Մինչդեռ սույն գործով էական տարբերակիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վստահորդը չի հրաժարվում իր պայմանագրային պարտականությունների կատարումից ընդհանրապես, այլ պարզապես գտնում է, որ դեռ չի ծագել այդ պայմանը, քանի որ դեռ փաստացի որևէ գումար չի ստացել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն դատական գործերը չեն կարող համարվել նույնանման փաստական հանգամանքներ ունեցող:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է իր սահմանադրական առաքելությունը` ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, և դրա իրացման դատավարական եղանակներից մեկը` իրավունքի զարգացումն ապահովելը: Ուստի, հենց նշված գործերի փաստական հանգամանքների որոշակի նմանության և փաստաբանի ու վստահորդի միջև ծագած հանձնարարության հարաբերություններից վճարման պարտականության ծագման պահի ճիշտ որոշման հարցով պայմանավորված` Դատարանի ու Վերաքննիչ դատարանի միջև ծագած` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կիրառելիության հետ կապված խնդիրը լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ զարգացնում է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով հայտնած իր իրավական դիրքորոշումները:

Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը չի խուսափել իր պարտավորության կատարումից, այլ ընտրել է իրավունքի պաշտպանության այլ եղանակ, քան առաջարկել են իր փաստաբանները: Ընդ որում, ընտրված միջոցը` դատական ակտի հարկադիր կատարումը, իրավունքի պաշտպանության ոչ արտասովոր, ընդհակառակը` առավել տարածված միջոց է: Այսինքն` չի կարելի եզրահանգել, որ, օրինակ, Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընտրել է իրավունքի իրացման այնպիսի մեխանիզմ, որն ուղղված էր Պայմանագրով սահմանված պայմանի ծագմանը խոչընդոտելուն: Ավելին, բավարար իրավական հիմնավորվածությունից զուրկ է նաև այն եզրահանգումը, որ դատական ակտի կատարումը` որպես դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարր, ձեռնտու չէ Վիկտոր Տեր-Հովսեփյանին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողությունները չեն կարող որակվել որպես Պայմանագրի պայմանի կատարմանը խոչընդոտող գործողություններ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած կատարելի դատական ակտի գոյության, ինչպես նաև այդպիսի դատական ակտի հիման վրա հարուցված կատարողական վարույթի առկայության պայմաններում Վիկտոր Տեր-Հովսեփյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել սեփականության իրավունք, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հետաձգող պայմանով գործարքի դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք պայմանը փաստացի իրականացվել է, թե` ոչ: Սույն գործով պայմանը ձևակերպված է եղել հետևյալ կերպ.

- Պայմանագրի 3.4 կետի համաձայն` այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով:

- Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով:

- Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն` Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:

- Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն` Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս` Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից:

- Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկան ոչ թե փաստաբանին տրվող վարձատրությունն է իր մատուցած ծառայությունների համար (ինչպես եղել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով), այլ հաջողության հոնորարը, այսինքն` վերջնական արդյունքի հասնելիս (գործը վերջնականապես ավարտվելիս) փաստաբանի լրացուցիչ վարձատրությունը: Հետևաբար նման պարագայում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի սեփականության ծագման հիմքով ծագել է նաև հաջողության հոնորարի վճարման պարտավորությունը, քանի որ հոնորարի վճարման պարտականությունը կախվածության մեջ է դրվել ոչ թե պահանջի իրավունքի ծագման պահից, այլ դրամական միջոցները կամ այլ գույքը փաստացի ստանալու պահից:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով առանցքային նշանակություն ունեն այն հանգամանքները, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի իրավունքի պաշտպանության գործընթացը դեռևս չի ավարտվել, այլ գտնվում է հարկադիր կատարման փուլում, Պայմանագրի պայմանը փաստացի չի ծագել, իսկ Վիկտոր Տեր-Հովսեփյանը որևէ անբարեխիղճ գործողություն չի կատարել` ընտրելով իրավունքի իրացման այլ օրինական ճանապարհ, քան առաջարկել են իր փաստաբանները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքները` արդյունքում թույլ տալով նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և ազդել է գործի ելքի վրա:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկների մի մասը հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում` չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանն այս մասով հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում փորձել է իրավական գնահատական տալ Պայմանագիր կնքելիս կողմերի իրական կամքին, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող որակվել որպես վերաքննության սահմաններից դուրս գալու գործողություն:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` Պայմանագրի պայմանը մեկնաբանելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածն այնպիսի մեկնաբանությամբ, որի արդյունքում խաթարվել է պայմանագրի պայմանը սահմանելիս կողմերի իրական կամքը և պայմանագրի պայմանն ազատորեն սահմանելու` կողմերի իրավունքը:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, և օրինական ուժ է տրվում Դատարանի 04.06.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի պետք է բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2019 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԿԴ/4708/02/17 վարչական գործով 04.03.2022 թվականին կայացված որոշման որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.03.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 04.03.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Ինվեսթմնթ Լո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշման դեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճռաբեկ բողոքը` ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.06.2019 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Միքայելյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2011 թվականին կայացված որոշման համաձայն` 900.000 ԱՄՆ դոլար փոխառության գումարի նկատմամբ 29.11.2017 թվականից հետո հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 5 տոկոսը` հաշվարկված մինչև Ընկերության նկատմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի վճարային պարտականության ամբողջական կատարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2019 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 04.06.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հայցը բավարարվել մասնակի. որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 93.192 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վիկտոր Տեր-Հովսեփյանը (ներկայացուցիչներ` Հակոբ Սաֆարյան և Արթուր Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հետաձգող պայմանով գործարքի կնքումն ինքնին իրավունքներ և պարտականություններ չի առաջացնում, այլ այդ իրավունքներն ու պարտականություններն առաջանում են մեկ այլ իրավաբանական փաստի` գործարքով հետաձգված պայմանի ի հայտ գալու հետ: Հետևաբար, եթե հետաձգված պայմանով նշված իրավիճակը չի առաջանում, ապա այդ հետաձգված պայմանի շրջանակներում նախատեսված իրավունքները և պարտականությունները նույնպես չեն կարող առաջանալ: Սույն գործով Ընկերությունը պետք է ապացուցեր, որ պատասխանողը կատարել է անբարեխիղճ գործողություններ, Պայմանագրի պայմանը չկատարելը պայմանավորված էր այդ անբարեխիղճ գործողություններով և որ դատական ակտով հաստատված գումարի բռնագանձումը ձեռնտու չէ պատասխանողին, մինչդեռ նշված փաստերն Ընկերության կողմից չեն ապացուցվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանի պատճառաբանության արդյունքում ստացվում է, որ փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշումն այն դեպքում, երբ գործերի փաստական հանգամանքները տարբեր են:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ դատական ակտում արծարծել է այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնք առկա չեն եղել վերաքննիչ բողոքում: Մասնավորապես, Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում` չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2019 թվականի որոշումը և ուժ տալ Դատարանի 04.06.2019 թվականի վճռին:

 

2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ըստ Վերաքննիչ դատարանի պատճառաբանության` փաստաբանը կատարողական վարույթի ցանկացած փուլում կարող է դադարեցնել իր ծառայությունների մատուցումը և պահանջել նախատեսված պարգևավճարի վճարում, ապա բողոքաբերն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշմամբ արդեն իսկ տրվել է նմանատիպ գործերի լուծման ուղենիշը: Ընդ որում, նշված որոշումը կիրառելի է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ գործերի տարբերվող հանգամանքները տվյալ դեպքում էական նշանակություն չունեն: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կարևորվել է այն հանգամանքը, որ կողմերից մեկն իր վարքագծով պետք է նպաստի պայմանի չիրականացմանը, և սույն գործում առկա է հենց այդ իրավիճակը` պատասխանողն իր գործողություններով խոչընդոտում է պայմանի իրականացմանը:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության (Կատարող) և Վիկտոր Տեր-Հովսեփյանի (Վստահորդ) միջև 27.09.2010 թվականին կնքվել է իրավաբանական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր, որով Վիկտոր Տեր-Հովսեփյանը հանձնարարել է, իսկ Ընկերությունը պարտավորվել է հատուցման դիմաց տրամադրել իրավաբանական օգնություն` Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով:

Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Կատարողը պարտավորվում է ներկայացնել Վստահորդի շահերը, ինչպես նաև Լյուբով Փիլոյանի շահերը, իրականացնել նրանց պաշտպանությունը ՀՀ դատական ատյաններում, ի թիվս այլնի, հետևյալ գործով` Վիկտոր Տեր-Հովսեփյանն ընդդեմ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատասխանողից 900.000 ԱՄՆ դոլար և այդ գումարի վրա հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին:

Պայմանագրի 3.1 կետի համաձայն` Վստահորդը, անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով` մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):

Պայմանագրի 3.4 կետի համաձայն` այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով:

Պայմանագրի 3.4.1 կետի համաձայն` Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով:

Պայմանագրի 3.4.2 կետի համաձայն` Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:

Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն` Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս` Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից:

Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

2) Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը բեկանել և փոփոխել, այն է` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` մերժել, Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը բավարարել` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձել 900.000 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես տոկոսներ` հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձել տոկոսներ` հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով` սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը (հատոր 3-րդ, գ.թ. 19-32, դատական տեղեկատվական համակարգ):

3) «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 10.03.2016 թվականի որոշման համաձայն` ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող անշարժ գույքը չի բավարարում կատարողական թերթի պահանջները կատարելու համար: Պահանջատիրոջը և պարտապանին առաջարկվել է 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան: Ուստի 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 74):

4) «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 10.05.2016 թվականի որոշման համաձայն` 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը կասեցվել է, և առաջարկվել է պահանջատիրոջը և պարտապանին 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան, սակայն օրենքով սահմանված ժամկետում կողմերը չեն դիմել դատարան` սնանկության դիմումով: Ուստի 10.03.2016 թվականին կասեցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 37):

5) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն` ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` «Անսուր Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող` ք. Երևան, Անտառային փողոցի 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեի շինությունը և հողամասը ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 71):

6) Թիվ ՎԴ/3113/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.04.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի` 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 38):

7) Գործում առկա են Ընկերության փաստաբանների և Վիկտոր Տեր-Հովսեփյանի էլեկտրոնային նամակագրությունները, որոնց համաձայն` Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին դատական ակտի կատարման տարբեր հնարավորություններ են առաջարկել (մասնավորապես` սնանկության դիմում ներկայացնելու կամ արտադատական կարգով գույքի իրացման միջոցով), սակայն Վիկտոր Տեր-Հովսեփյանը չի համաձայնվել (հատոր 1-ին, գ.թ. 101, 104-150):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այն գործարքներին, որոնց իրավական հետևանքները կախված են որոշակի կոնկրետ իրավաբանական փաստի ապագայում առաջանալուց կամ չառաջանալուց:

Նշվածի համատեքստում հարկ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը.

այն դեպքում, երբ պայմանագրով սահմանված հաջողության հոնորարը փաստաբանին վճարելու վստահորդի պարտականությունը կախվածության մեջ է դրվել դատական ակտով որոշված գումարի բռնագանձումից, որը պարտապանի դրամական միջոցների անբավարարության պատճառով ի կատար չի ածվել, ապա այդ գումարի բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման միջոցի վրա տարածելու վստահորդի հրաժարումը կարող է արդյոք որակվել պայմանի իրականացմանը վստահորդի անբարեխղճորեն արգելք հանդիսացող հանգամանք և դրա նկատմամբ կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ կետի իրավակարգավորումը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմի դրույթները` հարկ է արձանագրել, որ հետաձգող պայմանով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքում համարվում է այն գործարքը, որի իրավական հետևանքները կախված են որևէ հանգամանքից` կողմերից մեկի, կամ երրորդ անձանց գործողություններից և/կամ այնպիսի իրադարձություններից, որոնց առաջացումն ապագայում անհայտ է: Նշված հատկանիշով էլ նմանատիպ գործարքները տարբերվում են գործարքների մյուս տեսակներից: Այլ կերպ` գործարքները համարվում են պայմանով կնքված, երբ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը կողմը կամ կողմերը կախման մեջ են դնում որոշակի իրավաբանական փաստի վրա հասնելու հանգամանքից: Նման գործարքների կնքման պահին կողմերի միջև ըստ էության իրավունքներ և պարտականություններ չեն առաջանում: Գործարքի կողմերի համար համապատասխան իրավունքները և պարտականություններն առաջանում են մեկ այլ իրավաբանական փաստի` գործարքով կնքված պայմանի ի հայտ գալու պահից: Ընդ որում, եթե հետաձգված պայմանով սահմանված իրադարձությունը չի առաջանում, ապա այդ հետաձգված պայմանով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները ևս չեն կարող առաջանալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ իրավական հետևանքների պարտադիրը լինելը բնորոշ չէ այս տեսակի գործարքների համար, որոնք սովորաբար կնքվում են առանց դրանց մեջ այդպիսի պայմանների ներառման: Միաժամանակ, եթե հանգամանքը, որը կարող է առաջ գալ կամ չլինել ապագայում, արտահայտում է գործարքի բուն էությունը և առանց դրա գործարքն ընդհանրապես չէր կարող կնքվել, ապա գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պայմանական չի կարող համարվել:

Անդրադառնալով «պայման» բառի մեկնաբանությանը, ապա օրենսդիրն այդ հասկացության վերաբերյալ մի շարք պահանջներ է ներկայացնում: Մասնավորապես`

ա. ինչպես արդեն վերը նշվեց «պայման»-ը պետք է վերաբերի ապագա ժամանակին: Եթե այն հանգամանքը, որի հետ կողմերը կապում են իրավական հետևանքների սկիզբը, արդեն տեղի է ունեցել գործարքի կնքման պահին (նույնիսկ, եթե կողմերը դրա մասին տեղեկացված չեն եղել), ապա գործարքը, կախված որոշակի կոնկրետ հանգամանքներից, կարող է ճանաչվել անվավեր կամ այն չի դիտվի պայմանով կնքված գործարք:

բ. Բացի այդ, որպես «պայման» կարող է հանդես գալ միայն այնպիսի հանգամանքը, որի վերաբերյալ հայտնի չէ այն տեղի կունենա, թե ոչ: Եւ հակառակը, գործարքը չի կարող կնքված համարվել պայմանով, որի իրավական հետևանքները կապված են մի իրադարձության հետ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա: Նշվածը պայմանավորված է նրանով, որ տվյալ դեպքում կա ոչ թե պայման, այլ որոշակի ժամկետի կամ իրադարձությունների վրա հասնելու վերաբերյալ կողմերի համաձայնություն:

գ. «Պայման»-ը բնութագրվում է նաև նրանով, որ դրա առաջացումը սկզբունքորեն հնարավոր է: Եթե հետագայում կպարզվի, որ համապատասխան հանգամանքն ընդհանրապես չէր կարող առաջանալ, ապա կախված կոնկրետ իրադարձություններից, այս դեպքում ևս գործարքը կհամարվի անվավեր:

դ. «Պայման»-ը չպետք է հակասի օրենքին:

Պայման է համարվում գործարքում նշված այն հանգամանքը, որի վրա հասնելը նախապես կանխորոշված չէ, և որից կախված է գործարքում համաձայնեցված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Տվյալ դեպքում, պայմանն այն իրողությունն է, որը ծագում է գործարքի կնքումից հետո: Այդ իսկ պատճառով այն գործարքը, որում ամրագրված պայմանը տեղի է ունեցել նախքան գործարքի կնքումը կամ կնքման պահին, չի կարող հանդես գալ որպես պայմանով գործարք:

Գործարքում որպես պայման նշված հանգամանքն այնպիսի իրավաբանական փաստն է, որը պայմանավորում է որոշակի իրավական հետևանքների առաջացումը: Իրավական հետևանքների առաջացման այս պայմանականությունը ենթադրում է կողմերի միջև գործարքի կնքմամբ պայմանավորված կապի և պայմանի վրա հասնելու դեպքում իրավական հետևանքների անխուսափելի առաջացում: Այսպիսով, եթե գործարքի վավերության բոլոր պայմանները պահպանվել են (օրինակ` պայմանագրի դեպքում առկա են փոխադարձ կամարտահայտությունը կամ պայմանագիրը վավերացված է նոտարական կարգով, եթե դա պահանջում է օրենքը և այլն), ապա կողմերի միջև իրավական կապն արդեն որակվում է ծագած և իր հետագա իրավական հետևանքը պայմանավորում է պայմանների վրա հասնելու սպասման վիճակով:

Նման մոտեցման շրջանակներում հետաձգող պայմանի վրա հասնելը հանդիսանում է ոչ թե պայմանով կնքված գործարքի փաստացի կազմի, այլ այն իրավունքների և պարտականությունների փաստացի կազմի կարևոր տարր, որոնք դրվել են հետաձգող պայմանի տակ: Ցանկացած դեպքում գործարքի կատարման իրավական գոյությունը պետք է որոշվի ոչ թե նշված հետաձգող պայմանի առաջացման, այլ գործարքի կնքման պահին: Նույնը վերաբերում է նաև պայմանագրի նկատմամբ կիրառելի իմպերատիվ և դիսպոզիտիվ նորմերին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներ), կողմերի գործունակությանը և այլն:

Քանի որ պայմանով կնքված պայմանագիրը, անկախ այդ պայմանի առաջացումից, հանգեցնում է մի շարք իրավական հետևանքների և հանդիսանում է գործարք հենց կնքման պահից, ապա այդ գործարքը կարելի է վիճարկել անվավերության հիմքերով նույնիսկ մինչև պայմանի առաջացումը, այն կարող է լուծվել կամ փոփոխվել, իսկ պայմանի տակ դրված իրավունքներն ու պարտականությունները կարող են դադարել նորացմամբ (նովացիայի միջոցով) կամ պարտավորության դադարման այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածում ամրագրված իրավանորմը թույլ է տալիս եզրակացնել, որ պայմանի տակ դրվում է ոչ թե գործարքի կնքված լինելը` իբրև իրավաբանական փաստ, այլ դրա իրավական հետևանքը (իրավունքները և պարտականությունները), և պայմանը չի ներառվում գործարքի փաստական կազմի մեջ: Դրանից անխուսափելիորեն հետևում է, որ պայմանի տակ կարող են դրվել ինչպես ամբողջական գործարքը, այնպես էլ դրա մաս կազմող առանձին դրույթներ: Առաջին դեպքում ստացվում է լրիվ պայմանական գործարք, երկրորդում` մասամբ պայմանական:

Հարկ է նշել նաև, որ պայմանով գործարքն էապես տարբերվում է այն գործարքներից, որոնցով սահմանված իրավական հետևանքը կախման մեջ է դրվում կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ իրադարձության վրա հասնելու փաստական հանգամանքից: Տվյալ դեպքում, դրանց միջև հիմնարար տարբերությունն այն է, որ պայմանի դեպքում գործարքի համապատասխան իրավական հետևանքը կախված է այնպիսի հանգամանքից, որի առաջացումը երաշխավորված չէ և պարզ չէ կիրականանա, թե ոչ: Մինչդեռ, ժամկետի կամ իրադարձության անխուսափելի վրա հասնելու հանգամանքը, նման դրույթ պարունակող գործարքին, բացառում է ներառել պայմանով գործարքի թվին: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ պայմանով գործարքի պայմանի հավանական վրա հասնելու փաստը կարող է սահմանափակվել որոշակի ամրագրված ժամանակահատվածի մեջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պայմանները կարող են լինել հետաձգող (suspensive) (պայմանի վրա հասնելու հանգամանքով է պայմանավորված գործարքով սահմանված իրավունքների և պարտականությունների ծագումը) և վերացնող (resolutive) (պայմանի վրա հասնելու հանգամանքով է պայմանավորված գործարքով սահմանված իրավունքների և պարտականությունների դադարումը): Պայմանն իր բովանդակությամբ կարող է լինել դրական հետևանք առաջ բերող, երբ գործարքով սահմանված իրավական հետևանքի վրա հասնելը պայմանավորվում է գործարքով նախատեսված իրադարձության կամ գործողության վրա հասնելու հանգամանքով, կամ բացասական, երբ գործարքով սահմանված իրավական հետևանքի վրա հասնելը պայմանավորվում է գործարքով նախատեսված իրադարձության կամ գործողության վրա չհասնելու հանգամանքով: Պայմանը կարող է լինել պարզ (մեկ հանգամանք), բարդ (մի քանի հանգամանքների հաջորդական առաջացում) կամ այլընտրանքային (մի քանի հանգամանքներից մեկի առաջացում): Պայմանը կարող է լինել պատահական, երբ դրա վրա հասնելը կախված է արտաքին հանգամանքներից, ներառյալ` երրորդ անձանց գործողություններից, պետական մարմինների որոշումներից, բնական երևույթներից և այլն, պոտեստատիվ (potestatif), երբ դրա վրա հասնելը պայմանավորված է գործարքի կողմերից մեկի կամքից և վարքից, կամ խառը, երբ պայմանի վրա հասնելը պայմանավորված է ինչպես գործարքի կողմերից մեկի վարքից, նույնպես և արտաքին հանգամանքներից կամ կամ երրորդ անձանց գործողություններից:

Պոտեստատիվ պայմաններն իրենց հերթին բաժանվում են`

1. ուղղակի պոտեստատիվ, երբ պայմանի վրա հասնելը կախվածության մեջ է դրվում գործարքով նախատեսված գործողության կատարմամբ, և զուտ պոտեստատիվ, երբ պայմանի վրա հասնելը կախվածության մեջ է դրվում կողմերից մեկի կամահայտնության ներկայացմամբ: Ուղղակի պոտեստատիվ պայմանը գործարքի կողմերից մեկի այս կամ այն գործողությունն (անգործությունը) է, որը, որպես պայման նշված լինելու հանգամանքով, հանդիսանում է պայմանով գործարքի իրավական հետևանքի առաջացման փաստական հիմք (օրինակ` կոնտրագենտի տեղափոխումն այլ քաղաք, վերակազմավորման անցկացումը, բանկի պարտքի մարումը, կառուցված օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, ազգանվան փոփոխությունը, բաժնետոմսերի լրացուցիչ ընդունումը): Զուտ պոտեստատիվ պայմանը գործարքի կողմի բացահայտ կամարտահայտությունն է, որի ներկայացմամբ անմիջականորեն վրա է հասնում գործարքով սահմանված իրավունքների և պարտականությունների ծագումը կամ փոփոխումը կամ դադարումը: Տվյալ դեպքում, որոշիչ նշանակություն է ձեռք բերում գործարքի կողմերից մեկի զուտ կամարտահայտությունը, որն ուղղված է հենց այդ պայմանի իրավական հետևանքների առաջացմանը (օրինակ` պարտատերն իր պահանջն է ներկայացնում ցպահանջ պայմանագրով): Հարկ է նշել, որ զուտ պոտեստատիվ պայմանով նախատեսված իրավական հետևանքների առաջացումը կարող է վրա հասնել բացառապես այն դեպքում, երբ այն ներկայացնում է պարտատեր կողմը:

Պայմանը կարող է ներառվել ինչպես գործարքի մեջ պայմանագրի կողմերի կամքով, այնպես էլ նախատեսվել պոզիտիվ իրավունքով` որպես համապատասխան ինստիտուտի իրավական ռեժիմի տարր (օրինակ` պայմանագրի խախտումը` որպես տուժանքի վճարման պարտավորության առաջացման պայման, պատահարի առաջացումը` որպես ապահովագրական հատուցում վճարելու պայման (conditio iuris) և այլն): Պայման կարող է լինել ինչպես գործարքի կողմի կամ երրորդ անձանց իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ վարքագիծը: Միակ սահմանափակումը նման դեպքում այն է, որ պայմանը չի կարող իրավախախտողի համար բարենպաստ հետևանք նախատեսել:

Պայման կարող է լինել միայն այն հանգամանքը, որի առաջացումն իրապես հնարավոր է որոշակի հավանական ողջամտության սահմաններում: Եթե ակնհայտ է, որ որպես պայման ընտրված հանգամանքի վրա հասնելը բացարձակապես անհնար է` հաշվի առնելով տեխնիկական և այլ սոցիալական, քաղաքական, տնտեսական պայմանները, և այդ անհնարինության մասին հայտնի էր կամ պետք է հայտնի լիներ գործարքի բոլոր կողմերին, ապա նման պայմանը չի կարող իրավաչափ որակվել, առաջ բերել իրավական հետևանք, ուստի գործարքը չի կարող որակվել պայմանով գործարք: Նման գործարքի նկատմամբ ամբողջությամբ կիրառելի կլինեն գործարքի վավերության ընդհանուր պայմաններին վերաբերող իրավական նորմերը:

Գործնական կարևոր նշանակություն ունի նաև պայմանի վրա հասնելու փաստի արձանագրումը: Մի շարք դեպքերում այդ հանգամանքն այնպիսի բնույթի է, որ դրա վրա հասնելու մասին գործարքի կողմերն անմիջապես չեն կարող տեղեկանալ: Ընդհանուր կանոնի համաձայն` պայմանը համարվում է վրա հասած, եթե առկա հանգամանքները համապատասխանում են պայմանագրում սահմանված պայմանների նկարագրին:

Գործարքի մեջ պայմանների ներառումն առաջացնում է մշտական իրավական կախվածության վտանգ, այսինքն` մի իրավիճակ, երբ պայմանը կարող է վրա հասնել գործարքը կնքելուց շատ տարիներ անց: Նման կախվածությունը բացառելու համար օրենսդիրը պայմանադիր կողմի համար նախատեսել է պայմանագրի միակողմանի լուծման իրավական հնարավորություն, ինչպես օրինակ` անհատույց օգտագործման, գործակալության պայմանագրերի դադարման և այլն: Բոլոր այդ նորմերում օրենսդիրն արտացոլում է այն դիրքորոշումը, որ պարտավորական իրավահարաբերություններում չեն կարող առաջ գալ հավերժական իրավական կապեր և յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է իրավահարաբերության գործողության համար նախատեսել գոյության որոշակի ողջամիտ ժամանակահատվածներ: Այդ առումով հատկապես հատուցելի պայմանագրերի համար փոխադարձ պարտավորության ծավալն այս կամ այն պայմանի հետ կապելը չպետք է առաջ բերի հանդիպական կատարման անորոշության այնպիսի սահման, որը «հավերժ» իրավական կապի մեջ կպահի հակընդդեմ պահանջի բավարարում ակնկալողին: Նման պայմանը կարող է կախված լինել`

ա) պարտատիրոջից լրիվ կամ մասնակի կամքից,

բ) բացառապես պարտապանի վարքագծից (օրինակ` վերակազմակերպման իրականացում, ֆինանսական վիճակի բարելավում և այլն) կամ երրորդ անձանց հետ պարտապանի փոխգործակցությունից,

գ) արտաքին հանգամանքներից (օրինակ` բանկի կողմից վարկավորում իրականացնելուց, գույքը հրապարակային աճուրդով իրացնելուց և այլն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածը հանդիպական կատարումը, որպես կանոն, կախման մեջ է դնում սկզբնական պարտավորության կատարումից: Հանդիպական կատարման պայմանը, տվյալ դեպքում, հանդիսանում է առաջին պարտավորության կատարումից առաջացած որոշակի արդյունքը և դրա ձեռք բերումն ամբողջությամբ կախման մեջ է գտնվում կատարողից: Նման պայմաններում, եթե պայմանն ամբողջովին կամ մասամբ կախված է պարտապանի կամքից (վարքագծից) կամ արտաքին հանգամանքներից, ապա ստեղծվում է տեսականորեն վերջ չունեցող անորոշություն, այսինքն` մշտական կախվածության և անորոշության մեջ է հայտնվում պարտատերը, ով արդեն կատարել է իր պարտավորությունը և ստիպված է ենթարկվել հանդիպական կատարողի վարքագիծը պայմանավորող կամքի դրսևորմանը:

Եթե կողմերը հստակ արտահայտել են իրենց կամքը կնքել երկկողմանի պայմանագիր` իրականացնելով որոշակի հանդիպական կատարումներ, ապա նրանք նպատակ են հետապնդել ինչ-որ պահի իրականացնել այդ կատարումը: Իրավունքի համար անընդունելի է այն իրավիճակը, երբ երկկողմանի պայմանագրի (օրինակ` ծառայությունների մատուցում) կողմերը ցանկացել են ստեղծել մշտական պայմանագրային կապ և մշտական անորոշություն, ինչի հետևանքով կատարված աշխատանքի համար հնարավոր է երբևէ տեղի չունենա վճարում: Ուստի, եթե պայմանագրի կողմերն ուղղակիորեն այլ բան չեն նախատեսել, ապա ողջամիտ ժամկետից հետո, այդ անորոշ վիճակը պետք է դադարի և կողմը պետք է անցնի հանդիպական պարտավորության կատարմանը, ինչը կողմերը, որպես իրենց կամքի դրսևորում, ներկայացրել են երկկողմ պայմանագիր կնքելու կամահայտնությամբ: Նման իրավիճակներում, երբ հանդիպական պարտավորության կատարումն ուղղակիորեն նախատեսում է պարտապանի` պայմանի առաջացմանը նպաստելու պարտավորություն, կամ պայմանագիրը և բարեխղճության սկզբունքը ենթադրում են այդպիսի պարտականություն, և եթե պարտապանը խախտում է բարեխղճության սկզբունքը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ կետն իրավական հնարավորություն է ընձեռում կողմին դուրս գալու իրավական կախվածության անորոշ վիճակից և իր իրավունքի պաշտպանության համար օգտվելու իրավական ֆիկցիայի ինստիտուտից (այսինքն` պայմանագրով սահմանված պայմանը համարվում է վրա հասած առանց դրա փաստացի գոյության): Տվյալ դեպքում, իրավական ֆիկցիայի ինստիտուտից օգտվելը հատկապես ակնհայտ է այն իրավիճակում, երբ պարտապանը ոչ միայն չի նպաստում պայմանի առաջացմանը, այլ անբարեխղճորեն խոչընդոտում է դրա վրա հասնելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով սահմանված ֆիկցիաները հանդես են գալիս որպես բարեխղճության սկզբունքի պաշտպանության և անբարեխիղճ վարքագծից օգուտ քաղելու իրավական արգելքի մասնավոր դրսևորումներ: Տվյալ դեպքում, օրենսդիրը պաշտպանության տակ է առնում գործարքի կողմերից մեկին, որի իրավաչափ ակնկալիքը` գործարքով նախատեսված պայմանի վրա հասնելու և իրավական ցանկալի հետևանքներ առաջանալու վերաբերյալ, մյուս կողմի անբարեխիղճ վարքագծի հետևանքով տեղի չի ունենում: Մասնավորապես, երբ այն դրսևորվում է պայմանի վրա հասնելու իրադարձությունների բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ դրա վրա հասնելուն խաթարող այլ միջամտությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառելի են այնպիսի պայմանների վերաբերյալ, որոնց վրա հասնելն ամբողջովին կամ մասամբ գտնվում են կողմերից մեկի վերահսկողության տակ: Անբարեխղճության գործոնը բավարար չէ ֆիկցիայի կանոնի կիրառման համար: Այն գործողության մեջ կարող է դրվել միայն այն դեպքում, երբ անբարեխիղճ վարքագիծ դրսևորողին ձեռնտու է գործարքով սահմանված պայմանի առաջ չգալը: Քանի որ ֆիկցիայի ինստիտուտը հանդիսանում է իրավունքի պաշտպանության ինքնուրույն մեխանիզմ, ապա դրա կիրառումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն համապատասխանում է տուժած կողմի շահերին:

Ինչպես արդեն նշվել է, հետաձգող պայմանով գործարքի կատարումն ստեղծում է հատուկ իրավահարաբերություն մինչև պայմանի առաջանալն ընկած ժամանակահատվածի համար, որի շրջանակներում, ի թիվս այլնի, առաջանում է կողմերի պարտավորություն` ձեռնպահ մնալ անբարեխիղճ խոչընդոտումից կամ պայմանի առաջացմանն այլ կերպ արգելք հանդիսանալուց: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ առկա է պայմանադիր կողմի վարքագծի`

1. անբարեխղճություն,

2. անբարեխղճության և պայմանի վրա հասնելուն արգելք հանդիսանալու ուղղակի կապ,

3. պայմանի վրա հասնելը ձեռնտու չէ անբարեխիղճ կողմի համար,

ապա օրենսդիրը տուժող կողմին թույլ է տալիս օգտվելու ֆիկցիայի իրավական պաշտպանության միջոցից և դատական կարգով պահանջելու հաստատված համարել հետաձգվող պայմանի վրա հասնելը, ինչպես նաև ձեռք բերել պայմանագրով նախատեսված ակնկալիքը:

Հարկ է նշել, որ անբարեխղճությունը չի նույնացվում անիրավաչափ գործողության հետ և կարող է առերևույթ չհակասել օրենքին: Դրանով հանդերձ` անբարեխղճությունն անձի այնպիսի վարքագիծն է, որում ակնհայտորեն պարզ է դառնում, որ անձը բավարար հոգածությամբ և շրջահայացությամբ չի օգտվել իր` օրենքով նախատեսված իրավունքներից և ազատությունից: Միաժամանակ, անբարեխղճությունն իրավական հետևանք է առաջ բերում բոլոր այն դեպքերում, երբ դրանով խաթարվում կամ վնաս է հասցվում այլոց իրավունքներին և օրինական շահերին:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում կարելի է կատարել որոշակի եզրահանգումներ, այն է`

1. որպես պայման կարող են հանդես գալ ոչ միայն իրադարձությունները, այլ նաև կամային գործողությունները,

2. օրենսդիրը չի արգելում բարեխղճորեն նպաստել գործարքով նախատեսված պայմանի առաջացմանը, նույնիսկ, եթե նշվածը նպաստավոր է այն կողմի համար, ով կատարել է այդպիսի միջամտություն,

3. «անբարեխիղճ գործողություն» ասելով ենթադրվում են վարքագծի այնպիսի դրսևորում, որում սեփական իրավունքները չեն օգտագործվում բարեխղճորեն, այսինքն` բավարար հոգածությամբ և շրջահայացությամբ, և այն իրավական հետևանք է առաջ բերում, երբ անբարեխղճությամբ վնաս է հասցվում այլոց իրավունքներին ու օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ սույն գործով կողմերի միջև ծագած իրավահարաբերությունը պայմանավորված է եղել հայցվոր Ընկերության կողմից Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին և նրա միջոցների հաշվին որոշակի իրավաբանական գործողություններ իրականացնելու հետ, հարկ է արձանագրել է նաև հետևյալը.

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս (...): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը (տե՛ս, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2043/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո` հարկ եմ համարում նշել նաև, որ իրավաբանական գործողություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագիր կնքելիս կողմերը, օգտվելով պայմանագրի ազատության սկզբունքից, իրենք են որոշում պայմանագրի էական պայմանները: Այդ համատեքստում կողմերն ազատ են իրենց ցանկությամբ և հայեցողությամբ սահմանել նաև փաստաբանի վարձատրության հետ կապված հարցերը, այդ թվում նաև` վճարման կարգը: Միաժամանակ, կողմերն իրավունք ունեն փաստաբանի վարձատրության վճարումը կախվածության մեջ դնել որոշակի կոնկրետ իրավաբանական փաստի առաջ գալուց: Նման պայմաններում, կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանով կնքված գործարքի վերաբերյալ կարգավորումները:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Վիկտոր Տեր-Հովսեփյանի միջև 27.09.2010 թվականին կնքված Պայմանագրի 3.1 կետով սահմանվել է, որ Վստահորդը` անկախ մատուցված ծառայությունների արդյունքից, մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի համար վճարում է հիմնական վարձատրություն ժամավճարի ձևով` մեկ ժամը 30.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ԱԱՀ): Ըստ Պայմանագրի 3.4 կետի` այն դեպքում, երբ Կատարողի միջոցով Վստահորդը հասնում է անհրաժեշտ վերջնական արդյունքի, Վստահորդը Կատարողին վճարում է լրացուցիչ վարձատրություն Հաջողության հոնորարի ձևով: Պայմանագրի 3.4.1 կետով սահմանվել է, որ Հաջողության հոնորարը կախվածության մեջ է դրվում վերջնական արդյունքից, որին փորձում է հասնել Վստահորդը Կատարողի միջոցով: Պայմանագրի 3.4.2 կետով ամրագրվել է, որ Վստահորդին անհրաժեշտ Վերջնական արդյունքն է Վստահորդի կողմից դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը հաշտության համաձայնության կնքման և/կամ հակառակ կողմի հետ ունեցած բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում: Պայմանագրի 3.4.3 կետի համաձայն` Հաջողության հոնորարը սահմանվում է 5 տոկոս` Կատարողի միջոցով Վստահորդի փաստացի ստացած դրամական միջոցներից և/կամ այլ գույքի շուկայական արժեքից: Ըստ Պայմանագրի 4.2 կետի` Հաջողության հոնորարը վճարվում է մեկ ամսվա ընթացքում Կատարողի միջոցով Վստահորդի կողմից Վերջնական արդյունքի հասնելուց և Վստահորդի կողմից դրամական միջոցները և/կամ այլ գույքը ստանալուց հետո:

Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2011 թվականի վճիռը և փոփոխվել, այն է` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի հայցը մերժվել է, իսկ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը` բավարարվել` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ից հօգուտ Վիկտոր Տեր-Հովսեփյանի բռնագանձվել է 900.000 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, և 142.446,58 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ` որպես տոկոսներ` հաշվարկված 01.01.2009 թվականից մինչև 20.04.2010 թվականը, ինչպես նաև բռնագանձվել են տոկոսներ` հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով` սկսած 20.04.2010 թվականից մինչև փոխառության գումարի բռնագանձման օրը:

Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտի արդյունքում 13.09.2012 թվականին տրված թիվ ԵԿԴ/2705/02/09 կատարողական թերթի պահանջները կատարելու վերաբերյալ «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 02.11.2012 թվականի որոշման համաձայն հարուցվել է թիվ 01/02-5975/12 կատարողական վարույթը:

Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արման Հարությունյանի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 03.11.2012 թվականի թիվ Ո00141-77679/12 որոշմամբ արգելանք է դրվել պարտապան «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը չի բավարարում կատարողական թերթի պահանջները կատարելու համար: Հարկադիր կատարողի կողմից պահանջատիրոջը և պարտապանին առաջարկվել է 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան: Ուստի, «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» 10.03.2016 թվականի որոշմամբ 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է:

Հարկադիր կատարողի վերը նշված որոշման և սնանկության դիմելու առաջարկի մասին Ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի կողմից 17.03.2016 թվականի էլեկտրոնային նամակով տեղեկացվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանին: Միաժամանակ վերջինիս առաջարկվել է առաջիկայում Հայաստան գալու դեպքում հանդիպել և քննարկել:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը 11.04.2016 թվականին Ընկերության փաստաբան Սայադ Բադալյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով հայտնել է, որ դեմ է սնանկության հայցին:

Այնուհետ, հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 10.05.2016 թվականի որոշմամբ 10.03.2016 թվականին կասեցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը վերսկսվել է` նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ժամկետում կողմերը չեն դիմել դատարան սնանկության դիմումով:

Հետագայում, Ընկերության փաստաբան Վահե Մովսիսյանի կողմից 20.01.2017 թվականին, 09.02.2017 թվականին, 16.02.2017 թվականին, 21.02.2017 թվականին, 23.02.2017 թվականին Վիկտոր Տեր-Հովսեփյանին հասցեագրված էլեկտրոնային նամակներով վերջինիս տեղեկացվել է, որ աշխատում են սակարկության փաստաթղթերի վրա, ուղարկվել է հոլանդական աճուրդի կանոնակարգի նախագիծը, այնուհետ նաև` գրավի առարկան հրապարակային աճուրդով վաճառելու հիմնական փուլերը, բռնագանձման ծանուցագրի նախագծերը:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ, ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող` ք. Երևան, Անտառային փողոցի 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեի շինությունը և հողամասը ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Գույքի գնահատման գինը կազմել է 1.046.000.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը` 784.500.000 ՀՀ դրամ:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը, չհամաձայնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմանը, վիճարկման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի` 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի կողմից 28.09.2017 թվականին Վիկտոր Տեր-Հովսեփյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով հայտնվել է, որ իրենց հաշվարկով 28.09.2017 թվականի դրությամբ վերջինիս պահանջը կազմում է 1.843.446 ԱՄՆ դոլար, որի 5 տոկոսը կազմում է 92.172 ԱՄՆ դոլար կամ 44.242.704 ՀՀ դրամ:

Ընկերության փաստաբան Արտաշես Կակոյանի կողմից 07.10.2017 թվականին Վիկտոր Տեր-Հովսեփյանին հասցեագրված էլեկտրոնային նամակի համաձայն` վերջինս առաջարկել է Ընկերության փաստաբաններին որպես հաջողության հոնորար ստանալ 45.000 ԱՄՆ դոլար: Նշված փաստն ընդունվել է նաև Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից դատարան մուտքագրված փաստաթղթերով:

Դատարանը, 04.06.2019 թվականի վճռով եզրահանգելով, որ Ընկերությունը չի հիմնավորել պատասխանողի անբարեխիղճ գործողությունների, անբարեխիղճ գործողությունների և Պայմանագրի պայմանն իրագործելու անհնարինության պատճառահետևանքային կապի, ինչպես նաև պայմանի կատարումը պատասխանողին ձեռնտու չլինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը, գտել է, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման: Միաժամանակ, Դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից վկայակոչված թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմանը, գտել է, որ այն տվյալ գործով կիրառելի չէ, քանի որ այդ որոշման հիմքում ընկած քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն էականորեն տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից:

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է Ընկերության բողոքը` արձանագրելով, որ Դատարանն անհիմն կերպով շեղվել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով փաստաբանի և վստահորդի միջև կնքված հանձնարարության պայմանագրի պայմանների մեկնաբանման վերաբերյալ արտահայտած մեկնաբանությունները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել սեփականության իրավունք, քանի որ թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով վեճը լուծվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին, դրամական պահանջի իրավունքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշմամբ, որի հիման վրա տրվել են կատարողական թերթեր, որոնք ներկայացվել են հարկադիր կատարման: Արդյունքում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջի իրավունքի առկայության, ինչպես նաև պահանջի իրավունքի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրված լինելու պայմաններում արդեն իսկ վրա է հասել պայմանագրով սահմանված հաջողության հոնորար վճարելու համար անհրաժեշտ պայմանը:

 

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` հարկ է արձանագրել հետևյալը.

Սույն քաղաքացիական գործով հայցվորի և պատասխանողի միջև ըստ էության կնքվել է պոտեստատիվ պայմանով պայմանագրի խառը տեսակը, երբ պայմանի վրա հասնելը պայմանավորված է եղել ոչ միայն արտաքին գործոնից` երրորդ անձից վճարում կամ համարժեք գույք ստանալու փաստական հանգամանքից, այլև պատասխանողի վարքագծից: Այսինքն` պատասխանող կողմի կամքն անհրաժեշտ է եղել տվյալ իրավահարաբերությունում իր նկատմամբ պարտապան հանդիսացած երրորդ անձից դատական ակտով սահմանված գումարը բռնագանձելու համար: Այդ կամքը կարող էր դրսևորվել բացառապես օրենքով նախատեսված այն բոլոր միջոցներով, որոնք իրավական հնարավորություն կարող էին ստեղծել գումարի բռնագանձման համար: Այդ միջոցները պայմանականորեն կարող են բաժանվել երկու մասի.

1. սույն գործով պատասխանողի` պարտապանի կողմից դատական ակտով սահմանված գումարը կամավորությամբ վճարելու եղանակով,

2. հարկադիր կարգով:

Ընդ որում, նկատի ունենալով, որ պարտապանի կողմից դրամի վճարման պարտավորությունն ապահովված է եղել անշարժ գույքի գրավով, և հիփոթեքի պայմանագրով նախատեսված է եղել գրավի առարկայի արտադատական կարգով իրացման պայմանը, ապա հարկադիր կարգով գումարի բռնագանձումը կարող էր տեղի ունենալ`

1. գրավի առարկան արտադատական կարգով իրացնելու եղանակով,

2. պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնելով ու գրավի առարկայի վրա մորատորիում տարածելու, այն հրապարակային աճուրդի միջոցով իրացնելու եղանակով,

3. հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Օրենսդիրն այլ իրավական մեխանիզմ քննարկվող փաստական հանգամանքների շրջանակում չի նախատեսել:

Նման պայմաններում, սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից ֆիկցիայի ինստիտուտից օգտվելու իրավական պաշտպանության իրավաչափությունը որոշելու համար, անհրաժեշտ է բացահայտել` պատասխանողն իրեն ընձեռված վերը թվարկված եղանակներից օգտվել է, թե ոչ, կարող էր արդյոք օգտվել, եթե չի օգտվել, ապա արդյոք նշվածը պայմանավորված չի եղել իր համար նպաստավոր իրավիճակ առաջ բերելու դիտավորությամբ:

Այդ առումով վեճին իրավաչափ լուծում տալու նպատակով անհրաժեշտ է պարզել, թե.

1. երբ կարող էր գործով վրա հասնել Պայմանագրով նախատեսված «պայման»-ը,

2. Վիկտոր Տեր-Հովսեփյանն իր գործողություններում/անգործությունում արդյոք պահպանել է բարեխղճության սկզբունքը,

3. Պայմանագրի 3.4, 3.4.1. և 3.4.2 կետերով սահմանված պայմանը` վերջնական արդյունքի հասնելը, չկատարելը պայմանավորված է արդյոք Վիկտոր Տեր-Հովսեփյանի անբարեխիղճ գործողություններով,

4. Պայմանագրի 3.4, 3.4.1. և 3.4.2 կետերով սահմանված պայմանի կատարումն արդյոք ձեռնտու չէ Վիկտոր Տեր-Հովսեփյանի համար:

Քննարկվող պարագայում, գործի նյութերով հիմնավորվել է, որ հայցվոր Ընկերությունը Պայմանագրի հիման վրա ստանձնել է ներկայացնել Վիկտոր Տեր-Հովսեփյանի, ինչպես նաև Լյուբով Փիլոյանի շահերը, իրականացնել նրանց պաշտպանությունը ՀՀ դատական ատյաններում` Պայմանագրով որոշված ծավալով և պայմաններով:

Պայմանագրի 3.4 կետով սահմանվել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից Ընկերությանը Հաջողության հոնորար վճարելու պարտավորությունն այն դեպքում, երբ վերջինս կհասնի անհրաժեշտ վերջնական արդյունքի: Այսինքն, սույն գործով կողմերի միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի դրույթների համաձայն, կնքվել է հետաձգող պայմանով գործարք, և Ընկերության փաստաբաններին հաջողության հոնորար վճարելու Վիկտոր Տեր-Հովսեփյանի պարտականությունը կախվածության մեջ է դրվել վերջինիս կողմից անհրաժեշտ վերջնական արդյունքի հասնելու, մասնավորապես` դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալու հետ: Ընդ որում, համաձայն Պայմանագրի 3.4.2 կետի, նշված դրամական միջոցների և/կամ այլ գույքի փաստացի ստանալը կարող է լինել ինչպես կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության, այնպես էլ բոլոր դատական գործերով և վեճերով առանց հաշտության համաձայնության դատական որոշումների կայացման արդյունքում:

Տվյալ դեպքում, գործի փաստերով հիմնավորվել է նաև, որ վերջնական արդյունքի հասնելու համար Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ըստ էության, ունեցել է երեք հնարավոր տարբերակ.

1. դատական ակտի հարկադիր կատարման միջոցով,

2. սնանկության դիմում ներկայացնելու միջոցով,

3. արտադատական կարգով գույքի իրացման միջոցով:

Քննարկելով Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից վերջնական արդյունքի հասնելու վերը նշված հնարավոր տարբերակներից յուրաքանչյուրը` պետք է նշել հետևյալը.

Թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2011 թվականին կայացված և օրինական ուժ ստացած որոշման հիման վրա տրված կատարողական թերթով 02.11.2012 թվականին հարուցվել է 01/02-5975/12 կատարողական վարույթը: Հարկադիր կատարողի 10.03.2016 թվականի որոշմամբ, նկատի ունենալով, որ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը չի բավարարում կատարողական թերթի պահանջները կատարելու համար, առաջարկվել է 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան, իսկ 02.12.2012 թվականին հարուցված թիվ 01/02/-5975/12 կատարողական վարույթը 60-օրյա ժամկետով կասեցվել է:

Նշված որոշման կայացումից հետո Ընկերության փաստաբանները Վիկտոր Տեր-Հովսեփյանին առաջարկել են դատական ակտի կատարման հետևյալ հնարավոր տարբերակները.

ա. սնանկության դիմում ներկայացնելու միջոցով,

բ. արտադատական կարգով գույքի իրացման միջոցով:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը հրաժարվել է նշված տարբերակներից, սակայն որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել:

Ինչ վերաբերում է երրորդ` դատական ակտի հարկադիր կատարման միջոցով գումարը բռնագանձելու տարբերակին, ապա գործի նյութերով հիմնավորվել է, որ հարկադիր կատարողի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ, ի կատարումն թիվ ԵԿԴ/2705/02/09 քաղաքացիական գործով 13.09.2012 թվականին տրված կատարողական թերթի` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող` ք. Երևան, Անտառային փողոցի 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեի շինությունը և հողամասը ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Գույքի գնահատման գինը կազմել է 1.046.000.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը` 784.500.000 ՀՀ դրամ:

Վիկտոր Տեր-Հովսեփյանը, չհամաձայնելով 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմանը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանի 23.03.2017 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

Փաստորեն, Վիկտոր Տեր-Հովսեփյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, չի ցանկացել նախաձեռնել սնանկության վարույթ, չի ցանկացել սկսել նաև հրապարակային սակարկությունների միջոցով գրավադրված գույքի իրացման գործընթաց: Միաժամանակ, թեև, ըստ Վիկտոր Տեր-Հովսեփյանի փաստարկների, վերջնական արդյունքի հասնելու համար վերջինս նախընտրել է դատական ակտի հարկադիր կատարման եղանակով վերջնական արդյունքի հասնելը, այդուհանդերձ, գործի նյութերից հետևում է, որ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է դատական ակտի կատարման այդ եղանակին ևս: Մասնավորապես, ինչպես վերը նշվեց, թիվ ՎԴ/3113/05/17 վարչական գործի շրջանակներում, վիճարկելով հարկադիր կատարողի գործողությունները:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն իր գործողություններով (անգործությամբ) ոչ միայն հրաժարվել է Ընկերության առաջարկած դատական ակտի կատարման միջոցներից որևէ մեկն ընտրելուց, այլ նաև խոչընդոտել է պահանջի կատարմանն ուղղված հարկադիր կատարման մարմնի գործողություններին:

Նման պայմաններում, գտնում եմ, որ վերոգրյալ փաստերը բավարար են ապացուցված համարելու, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը ցուցաբերել է անբարեխիղճ վարքագիծ` իր գործողություններով և անգործությամբ խոչընդոտել է, անհարկի պարբերաբար հետաձգել է Պայմանագրով սահմանված պայմանի` վերջնական արդյունքի վրա հասնելուն: Հետևաբար նաև, ըստ էության, խուսափել է հաջողության հոնորարն Ընկերության փաստաբաններին վճարելու իր պարտականության կատարումից:

Համադրելով գործի փաստերը` գտնում եմ նաև, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողությունները (անգործությունը) վկայում են այն մասին, որ Պայմանագրով նախատեսված պայմանի իրականացումը նպաստավոր չի եղել վերջինիս համար: Նշված փաստը հաստատվում է այն իրողությամբ, որ խուսափելով թե՛ հարկադիր կատարման ծառայության միջոցով, թե՛ սնանկության, թե՛ արտադատական կարգով գրավի առարկան իրացնելու եղանակով վերջնական արդյունքին հասնելու իրավական հնարավորությունից, Ընկերության փաստաբաններին առաջարկել է որպես հաջողության հոնորար ստանալ միայն 45.000 ԱՄՆ դոլար և լուծել Պայմանագիրը` առանց հետագա լրացուցիչ դրամական պահանջների:

Նման պայմաններում, եզրակացնում եմ, որ որ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթն այն մասին, որ պայմանը ճանաչվում է իրականացված, եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ Ընկերությունն իր վերաքննիչ բողոքում չի մատնանշել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը և որպես բողոքի հիմնավորում` չի վկայակոչել դրանում գործածվող «գույք» հասկացության ինքնավար նշանակության և «օրինաչափ սպասելիքի» վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանն այս մասով հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս չի եկել, քանի որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով «գույք» հասկացությանն անդրադարձել է թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2014 թվականի որոշման քննարկման շրջանակներում, այլ ոչ թե որպես բողոքի առանձին հիմք կամ հիմնավորում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում իրավական գնահատական է տվել Պայմանագիր կնքելիս կողմերի իրական կամքին, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող որակվել որպես վերաքննության սահմաններից դուրս գալու գործողություն:

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտը բեկանելու և Դատարանի վճռին ուժ տալու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

    Դատավոր`                               Ս. Միքայելյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2022
N ԵԿԴ/4708/02/17
Որոշում