Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/7763/05/21

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7763/05/21

Նախագահող դատավոր` Լ. Հակոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Մխիթար Զաքարյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով)` Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մխիթար Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Մխիթար Զաքարյանը (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանը մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նշված որոշումը, ինչի արդյունքում անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, որպիսի պարագայում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է հայցվորի` դատարանի մատչելիության իրավունքը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն արդյո՞ք ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

i

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Մինչդեռ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի` դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության (տե՛ս, Լուսակերտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը: Ընդ որում, հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, նաև Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: (...)

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`

1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր` տվյալ օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.

2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.

3) դիտորդը կամ այցելուն, եթե գտնում է, որ խախտվել է իր` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.

4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը.

5) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի` տվյալ օրենսգրքով սահմանված իրավունքը:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի` իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատգամավորի թեկնածուի` մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության` նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Նույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Այսպիսով, պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ և քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի` իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ընտրված պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից (բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պատգամավորի թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո): Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և այդ թվում անգործությունը ենթակա են բողոքարկման վարչական և դատական կարգով: ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը բացի վարչական կարգով բողոքարկման հնարավորությունից, սահմանում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների, գործողությունների (անգործության) դատական կարգով վիճարկման հնարավորություն: Ուստի, ամեն դեպքում իրավասու սուբյեկտն է ընտրում դիմելու իր իրավունքների վարչական, թե՞ դատական կարգով պաշտպանության:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նման վեճերը ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` տվյալ օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում, Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` տվյալ գլխին համապատասխան հարուցված գործերն են:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել տվյալ օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` համապատասխան ընտրական հանձնաժողովը:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 206-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր գործողությունները, ներառյալ պատգամավորի թեկնածուին քրեական պատասխանատվության ենթարկելու թույլատրելու մասին որոշումը ընդդատյան են ՀՀ վարչական դատարանին և ենթակա է քննման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով նախատեսված «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ կանոններով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի կողմից կայացվել է 11.07.2021 թվականի թիվ 186-Ա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը չի առաջացնում անձի նյութական իրավունքների անմիջական և ուղղակի միջամտություն, հետևապես չի կարող դառնալ վարչադատավարական վերահսկողության առարկա, իսկ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը չի կարող իրականացնել վարչական դատավարության կարգով, քանի որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տված համաձայնությունը չի հանդիսանում վարչական ակտ, այն ընդամենը համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված համաձայնություն է պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում իրավասու մարմնի /սույն դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի/ նշված համաձայնության դատական կարգով վիճարկման հնարավորություն, քանզի տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը /պատգամավորական անձեռնմխելիությունը անձի սուբյեկտիվ իրավունք չէ/: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` պատգամավորության թեկնածուն իրավասու է բողոքարկելու վարչական դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որը ենթադրաբար խախտել է իր ընտրական իրավունքը: Մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը:

i

Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:

i

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

i

Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընտրողները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

i

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: (...)

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` տվյալ գլխին համապատասխան հարուցված գործերն են:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել տվյալ օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` համապատասխան ընտրական հանձնաժողովը:

Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, Սահմանադրությունը երաշխավորում է ոչ միայն քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքը, այլ նաև վերջիններիս ընտրվելու սահմանադրական իրավունքը: Հետևաբար ընտրական իրավունքի պաշտպանությունն իր մեջ ներառում է, ինչպես ընտրելու իրավունքի, այնպես էլ ընտրվելու իրավունքի պաշտպանությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը վերաբերում է վիճարկվող որոշման պահին պատգամավորի թեկնածու հանդիսացած Մխիթար Զաքարյանի Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացմանը և շոշափում է վերջինիս օրինական շահերը:

i

Վերլուծելով ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման հնարավորություն: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը որևէ բացառություն չի նախատեսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ որոշումների, գործողությունների (անգործության) դատական կարգով բողոքարկման համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ մարմնի որոշումները, գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական վերահսկողության: Ավելին, այնքանով որքանով սույն վեճը վերաբերում է պատգամավորի թեկնածուի ընտրվելու իրավունքի իրացման հետ և շոշափում է վերջինիս օրինական շահերը, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով համարվում է ընտրական վեճ, որը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Ընտրական իրավունքի պաշտպանության գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխի կանոններով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը շոշափում է Մխիթար Զաքարյանի ընտրական իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող ընտրվելու իրավունքի իրացումը, ուստի Վերաքննիչ դատարանը պատճառաբանությունները, այն մասին որ վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը, անհիմն են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հանձնաժողովի 11.07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով, ուստի` վարչական դատավարության կարգով որոշումը վիճարկելու պայմաններում դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել չի կարող` հայցը կամ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել են Մխիթար Զաքարյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը:

Այսպիսով, ստորադաս դատարանները սահմանափակել են բողոքաբերի` դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:

i

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/7763/05/21 վարչական գործով 2022 մայիսի 19-ին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

19.05.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 19.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Մխիթար Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Մխիթար Զաքարյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով)` Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

i

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյան և Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մխիթար Զաքարյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.07.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Մխիթար Զաքարյանը (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանը մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նշված որոշումը, ինչի արդյունքում անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, որպիսի պարագայում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործով Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականի թիվ 186-Ա որոշումը չի առաջացնում անձի նյութական իրավունքների անմիջական և ուղղակի միջամտություն, հետևապես չի կարող դառնալ վարչադատավարական վերահսկողության առարկա, իսկ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը չի կարող իրականացնել վարչական դատավարության կարգով, քանի որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տված համաձայնությունը չի հանդիսանում վարչական ակտ, այն ընդամենը համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված համաձայնություն է պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում իրավասու մարմնի /սույն դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի/ նշված համաձայնության դատական կարգով վիճարկման հնարավորություն, քանզի տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը /պատգամավորական անձեռնմխելիությունը անձի սուբյեկտիվ իրավունք չէ/: Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` պատգամավորության թեկնածուն իրավասու է բողոքարկելու վարչական դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որը ենթադրաբար խախտել է իր ընտրական իրավունքը: Մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «... Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը շոշափում է Մխիթար Զաքարյանի ընտրական իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող ընտրվելու իրավունքի իրացումը, ուստի Վերաքննիչ դատարանը պատճառաբանությունները, այն մասին որ վիճարկվող որոշումը չի շոշափում հայցվորի ընտրական իրավունքը, անհիմն են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հանձնաժողովի 11.07.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» թիվ 186-Ա որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով, ուստի` վարչական դատավարության կարգով որոշումը վիճարկելու պայմաններում դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել չի կարող` հայցը կամ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մխիթար Զաքարյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել են Մխիթար Զաքարյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները և մասնագիտացված դատարանները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մասնագիտացված դատարաններն են վարչական դատարանը և սնանկության դատարանը:

i

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը: (...)

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որը կարգավորում է դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև:

Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման` հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Մինչդեռ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի` դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության (տե՛ս, Լուսակերտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը: Ընդ որում, հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, նաև Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է:

Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է` հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե ոչ: Այլ կերպ ասած` ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե ոչ: Նույն դատողությունը հավասարապես կիրառելի է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցի դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

Ընդհանրացնելով վարչական ակտի հասկացության մեջ մտնող տարրերը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Դելլ-Տելեկոմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4080/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

ՀՀ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատգամավորի թեկնածուի` մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության` նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Նույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Այսպիսով, պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ընտրված պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից (բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պատգամավորի թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի կողմից կայացվել է 11.07.2021 թվականի թիվ 186-Ա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

Տվյալ դեպքում հայցվորի ներկայացրած պահանջներով վիճարկվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականին կայացված թիվ 186-Ա որոշումը, որով որոշվել է միջնորդությունը բավարարել և տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20.06.2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ամբողջությամբ բավարարում է վարչական ակտի բնորոշման բոլոր պայմաններին, ուստի դրա իրավաչափության գնահատումն անվիճելիորեն վերապահված է վարչական դատարանի ենթակայությանը:

Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականին կայացված թիվ 186-Ա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը.

1) ունի անհատական բնույթ, քանի որ ունի հստակորեն որոշված հասցեատեր, ուղղված է կոնկրետ անձին` Մխիթար Զաքարյանին,

2) վարչական ակտն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից,

3) ունի արտաքին ներգործություն, քանի որ վարչական ակտի հասցեատերը` Մխիթար Զաքարյանը, այնպիսի ֆիզիկական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ ուղղակի կապի մեջ չի գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ:

4) ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ ընդունվել է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները կազմակերպելու, դրանց օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ հանրային իշխանության պետական մարմնի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից,

5) ուղղված է կոնկրետ գործի կարգավորմանն այնքանով, որքանով նման դիրքորոշմամբ որոշվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20.06.2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալ,

6) առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 20.06.2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ համաձայնություն, ինչի արդյունքում տեղի է ունեցել պատգամավորի թեկնածուի` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգավիճակի փոփոխություն:

i

Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում գտնում ենք, որ վիճելի իրավահարաբերության բովանդակությունից և դրանց հիմքում դրված փաստական տվյալների ոչ բովանդակային ուսումնասիրությունից հնարավոր չէր գալ այնպիսի իրավաչափ եզրահանգման, որ Մխիթար Զաքարյանի հայցը ենթակա չէր դատարանում քննության: Հետևաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2021 թվականին կայացված թիվ 186-Ա որոշումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտին առաջադրվող վավերապայմաններին, այն համապատասխանում է օրենսդրորեն սահմանված վարչական ակտի նկարագրին և այն կարող է վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, որն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, ստորադաս դատարանները սահմանափակել են բողոքաբերի` դատարանի մատչելիության իրավունքը, որը համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովի կողմից 11.07.2021 թվականին կայացված թիվ 186-Ա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով, ուստի` վարչական դատավարության կարգով որոշումը վիճարկելու պայմաններում դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել կամ գործի վարույթը կարճել չի կարող` հայցը կամ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Վերոգրյալ հիմնավորումներով գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ:

Շարադրված իրավական և փաստական վերլուծություններից ելնելով` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար էր Վերաքննիչ դատարանի 09.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար` սույն հատուկ կարծիքով արտահայտված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Էդ. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 մայիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.05.2022
N ՎԴ/7763/05/21
Որոշում