Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1050-Ն

 

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 7-ի

N 1050-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնները (այսուհետ` Կանոն) սահմանում է անվտանգության պահանջներ` օգտակար հանածոների հանքավայրերի բաց եղանակով մշակման համար:

2. Սույն Կանոնի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերում բաց եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունների վրա (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:

3. Օգտակար հանածոների հանքավայրերի բաց եղանակով մշակման ժամանակ պայթեցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 291-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

4. Օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները սառեցվում (կոնսերվացվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի նախագծային փաստաթղթերը ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի նախագծային փաստաթղթերը ենթակա են ճառագայթային անվտանգության փորձաքննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի N 640 որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

7. Օգտակար հանածոների հանքավայրերը բաց եղանակով մշակող կազմակերպությունները համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ:

8. Բաց եղանակով օգտակար հանածոների հանքավայրեր մշակող կազմակերպությունները, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի` պարտավոր են հաստատել օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

9. Բացահանքերում լեռնային աշխատանքների հետևանքով խախտված հողային տարածքների ռեկուլտիվացիան (վերականգնումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

10. Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի իրականացվող աշխատանքներում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով ուսուցումը և որակավորումը կատարվում են համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջների:

Սույն Կանոնով աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ սահմանող նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Սույն Կանոնում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) բացահանք` օգտակար հանածոների հանքավայրի բաց եղանակով մշակման հետևանքով երկրի մակերևույթին առաջացած փորվածքների (հանքաստիճաններ, խրամներ, խոռոչներ, հանքիջանցքներ) ամբողջություն.

2) հորատման հաստոց` մեքենասարքավորում` նախատեսված օգտակար հանածոների հանքավայրերի բաց եղանակով մշակման ժամանակ տարբեր նշանակության հորատանցքեր և պայթանցքեր հորատելու համար: Կախված կիրառման ոլորտից` աշխատանքի սկզբունքից և հիմնական ցուցանիշներից հորատման հաստոցները լինում են պտտակային, ճոպանահարվածային, էլեկտրագայլիկոնային, կրակային (թերմիկ), շարժական և հարվածապտտական.

3) կեռաշերեփ` ինքնագնաց հողափոր-փոխադրող մեքենա` նախատեսված ցածր կարծրությամբ լեռնային զանգվածի փորման, տեղափոխման և բեռնաթափման համար: Ըստ տեսակների լինում են թիակավոր, կցովի անվավոր և ճոպանային.

4) դրագա` (հողածուծ սարք) լողացող սարքավորումների համախումբ` նախատեսված ջրածածկ ցրոնային հանքավայրերը մշակելու համար: Այն միաժամանակ կատարում է սորուն օգտակար հանածոյի փխրեցում, արդյունահանում, լվացում, հարստացում և դատարկ ապարների լցակույտ փոխադրումը.

5) դրագլայն` միաշերեփ էքսկավատորի տեսակի սարքավորում, որով մշակվում են ապարների այնպիսի հանքաստիճաններ, որի ճակատը գտնվում է էքսկավատորի տեղակայման մակարդակից ցածր (առանձին դեպքերում տեղակայման մակարդակից բարձր): Դրագլայները հիմնականում օգտագործվում են ցածր կարծրությամբ ապարների, հազվագյուտ դեպքերում` փխրուն և կիսակարծր ապարների բարձման և վերաբարձման դեպքում.

6) ապարների ջարդման և տեսակավորման մեքենա` մեքենասարքավորում` նախատեսված օգտակար հանածոների և այլ լեռնային ապարների ջարդման, մանրացման, տեսակավորման և տեղափոխման համար: Կիրառվող տեսակներն են` գլանակային, հարվածային, դիմային և այլն.

7) լցակույտ` օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ արտադրական թափոններից, լցակույտային գրունտներից, ոչ կոնդիցիոն օգտակար հանածոներից գոյացած արհեստական կուտակումներ: Ըստ տեղադրման վայրի` լցակույտերը բաժանվում են երկու խմբի` ներքին` տեղակայված բացահանքի տարածքում, և արտաքին` տեղակայված բացահանքի եզրագծից դուրս.

8) լեռնային փորվածք` լեռնային աշխատանքների կատարման հետևանքով երկրի մակերևույթի վրա արհեստական ճանապարհով առաջացած խոռոչ.

9) հորատանցք` լեռնային ապարներում մեխանիկական կամ ոչ մեխանիկական եղանակով հորատման աշխատանքների կատարման արդյունքում առաջացած գլանաձև փորվածք: Հորատանցքերն ըստ տեղադրվածության լինում են ուղղաձիգ, հորիզոնական, թեք, ճյուղավորված, ոչ ճյուղավորված և փնջային, ըստ կիրառման բնույթի` հետախուզական, շահագործման, շինարարական, պայթեցման և լեռնատեխնիկական.

10) հանքաստիճան` հանքավայրի բաց եղանակով մշակման ընթացքում բացահանքի կողեզրերին աստիճանի տեսքով առաջացած մաս: Հանքաստիճանի տարրերն են վերին և ստորին հարթակները, շեպը, եզրագիծը: Հանքաստիճանները լինում են աշխատանքային` նախատեսված օգտակար հանածոների և այլ ապարների հանույթի համար, ոչ աշխատանքային կամ մարվող, որոնք հանքավայրի մշակման հետևանքով հասել են իրենց սահմանային դիրքին.

11) բնամաս` հանույթային տեղամասում օգտակար հանածոների պաշարների սահմանափակ մասի թողնվածք` գործող լեռնային փորվածքների պահպանության համար.

12) առափ (բերմա)` հորիզոնական նեղ ձգված հարթակ` նախատեսված աշխատանքների անվտանգ կատարման, բացահանքում տրանսպորտային միջոցների շարժման ապահովման համար, ըստ որի էլ դրանք անվանվում են տրանսպորտային բերմա և ապահովիչ բերմա.

13) ժապավենային փոխակրիչ` անընդհատ գործողությամբ մեքենա` նախատեսված լեռնային փորվածքներից ապարների բարձման և տեղափոխման համար: Ըստ տեղակայման` ժապավենային փոխակրիչները լինում են անշարժ, շարժական և կիսաշարժ, ըստ աշխատանքային ժապավենի ձևի` հարթ և ակոսավոր.

14) քարհատ մեքենա` օգտակար հանածոների հանքավայրը բաց եղանակով մշակման ժամանակ օգտագործվող լեռնային մեքենա` նախատեսված սղոցմամբ զանգվածից բլոկ կամ շինաքար ստանալու համար: Արտադրության մեջ կիրառվող տեսակներն են սկավառակային սղոցներով, օղակավոր կտրիչներով (ֆրեզ), կտրիչ-շղթայավոր և ալմաստաճոպանային սղոցներով քարհատ մեքենաները.

15) սողանք` լեռնալանջերում, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա ապարների զանգվածի տեղաշարժ` գրունտների ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ ցնցումների, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման ներգործությամբ.

16) հանքաստիճանի շեպ` բացահանքի հանքաստիճանի երկարության ուղղությամբ տարածված թեք մակերևույթ, որը հանքաստիճանը սահմանափակում է հանված տարածությունից, բնական շերտից և լցանյութից: Շեպի կայունությունը կախված է դրա տակ գտնվող բնական գրունտի հիմքի խորությունից, ամրությունից և բարձրությունից, դրա մակերևույթին ազդող ծանրությունից, ստորերկրյա ջրերի դիրքի և ֆիլտրացման մակարդակից.

17) սորուն ապար` հատիկավոր և մանրաբեկոր չկապակցված լեռնային ապար: Սորուն ապարների օրինակ են կվարցային և կրաքարային ավազները, մանրախիճի և բնական խիճի նստվածքները.

18) կարծր (ժայռային) ապար` հատիկների միջև կոշտ կապակցված ապար, որն արտաքին ուժերի ներգործության տակ դրսևորում է կարծր, առաձգական հատկություններ.

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Օգտակար հանածոների հանքավայրերում բաց եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան`

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.

2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր.

3) տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն.

4) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:

13. Բացահանքի շինությունների վրա, մարդկանց կուտակման վայրերում և շարժման երթուղիներում պետք է փակցվեն տեխնիկական անվտանգությանը վերաբերող ցուցադրական միջոցներ: Դրանք են համապատասխան ցուցանակները, նշանները, պլակատները, թույլատրող և արգելող նախազգուշական ազդագրերը, որոնց նշանակությանը պետք է ծանոթ լինեն բացահանքի բոլոր աշխատողները:

14. Բացահանքի լեռնային փորվածքների վտանգ ներկայացնող տեղամասերը (աշխատանքային հրապարակներ, փորվածքներ, ձագարներ և այլն) մութ ժամանակ պետք է լուսավորվեն էլեկտրական լուսավորությամբ:

15. Բացահանքի յուրաքանչյուր աշխատատեղ հերթափոխից առաջ պետք է համալիր զննվի տվյալ տեղում աշխատողի և հերթափոխի ղեկավարի կողմից, աշխատանքները կատարելու համար վերջինիս կողմից պետք է տրվի գրավոր կարգադրություն:

16. Արգելվում է կարգադրություն տալ այն աշխատատեղերի համար, որոնցում առկա են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներ:

17. Բացահանքում աշխատող անձանց արգելվում է հանգստանալ կամ այլ գործունեությամբ զբաղվել անմիջապես հանքախորշում, հանքաստիճանների, շեպերի մոտ, ինչպես նաև աշխատող մեքենասարքավորումների և տրանսպորտային ուղիների վրա:

18. Նախքան մեքենասարքավորումների գործարկելն ու տրանսպորտային միջոցների շարժը, պարտադիր կարգով պետք է տրվեն ձայնային և լուսային ազդանշաններ, որոնք պետք է լսելի (տեսանելի) լինեն դրանց գործողության գոտում գտնվող բոլոր աշխատողներին:

19. Բացահանքի յուրաքանչյուր աշխատող, նկատելով մարդկանց կյանքին, կազմակերպությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր երևույթներ (մեքենասարքավորումների խափանումներ, սողանքի, հանքաստիճանի փլուզման, հրդեհի և արտակարգ այլ երևույթների առաջացման նշաններ և այլն), պարտավոր է դրա մասին անմիջապես տեղեկացնել տվյալ տեղամասի ղեկավարին և մարդկանց տեղահանել վտանգավոր գոտուց:

20. Ոչ աշխատանքային ժամերին բացահանքի տրանսպորտային և շարժական մեքենասարքավորումները պետք է հանքախորշից հեռացվեն անվտանգ տեղ, գործող մասերը (շերեփ և այլն) իջեցվեն գետնին, փակվի խցիկը և հոսանքազրկվի ու լիցքաթափվի սնող մալուխը:

21. Հրդեհի ծագման դեպքում բացահանքի այն տեղամասերում, որտեղ առաջացել է հրդեհապայթյունավտանգ իրավիճակ, պետք է պարտադիր կարգով դադարեցվեն բոլոր աշխատանքները, դրանց մասին տեղեկացվեն ղեկավարությանը և հրշեջ ու լեռնափրկարար ծառայություններին:

22. Այնպիսի բացահանքերում, որտեղ արդյունահանվում են հեշտ բռնկվող օգտակար հանածոներ, անհրաժեշտ է նախատեսել հատուկ կանխարգելիչ և հակահրդեհային միջոցառումներ:

23. Բացահանքերում մարդկանց տեղաշարժի համար պետք է նախատեսվեն հարմարավետ, անվտանգ անցուղիներ, իսկ տրանսպորտային միջոցների ճանապարհների հատման մասերում` հատուկ ցուցանակներով անցումային կետեր:

24. Բացահանքերում, որտեղ աշխատանքներն իրականացվում են մարդկանց ապրելու վայրերից 2,5 կմ-ից ավելի հեռավորության վրա, աշխատողները պետք է աշխատատեղ հասցվեն միայն մարդկանց տեղափոխման համար հարմարավետ նստատեղերով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներով:

25. Բացահանքի հանքաստիճանների միջև հաղորդակցության համար պետք է տեղակայվեն մինչև 60 o թեքությամբ երկկողմանի բազրիքներով, օրվա մութ ժամերին լուսավորվող ամուր սանդուղքներ: Հանքաստիճանի 10 մ-ից ավելի բարձրության դեպքում պետք է տեղակայվեն հորիզոնական հարթակներով առնվազն 0,8 մ լայնությամբ բազկասանդուղքներ: Հանքաստիճանի երկարությամբ տեղակայված սանդուղքների հեռավորությունը միմյանցից չպետք է գերազանցի 15 մ-ն: Մարդկանց տեղաշարժի համար սանդուղքների փոխարեն թույլատրվում է նաև կառուցել 20 o-ից ոչ ավելի թեքությամբ հետիոտն արահետներ:

26. Մարդկանց տեղաշարժը ժապավենային փոխակրիչների վրայով թույլատրվում է միայն բազրիքներով սարքավորված անցումային կամրջակներով: Փոխակրիչի տակով անցումները և ուղղանցումները պետք է սարքավորված լինեն փոխադրվող ապարը թափվելու դեպքում մարդկանց հնարավոր վնասվածքներից զերծ պահող պաշտպանական վահանակով:

27. Հանքախորշում արգելվում է աշխատանքների կատարումը, եթե առկա են հանքաստիճանից կախված «հովարներ», առանձին խոշոր բեկորներ, ինչպես նաև ձյան ու սառույցի կախված շերտեր: Եթե կախված բեկորները, ճեղքերը, «հովարները» և այլ վտանգավոր կախվածքներ հայտնաբերման ժամանակ հնարավոր չէ վերացնել, ապա վտանգավոր գոտում աշխատանքները պետք է դադարեցվեն, մարդիկ հեռացվեն անվտանգ տեղեր, իսկ տեղամասը պետք է արգելափակվի նախազգուշացնող նշաններով:

 

4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

28. Շահագործվող բացահանքերում հանքաստիճանի բարձրությունը չպետք է գերազանցի`

1) մեխանիկական միաշերեփ էքսկավատորով մշակելիս, առանց պայթեցման աշխատանքների կիրառման` էքսկավատորի առավելագույն շերեփման բարձրությանը.

2) մեխանիկական միաշերեփ էքսկավատորով կարծր ապարներ մշակելիս պայթեցման աշխատանքների կիրառմամբ` ոչ ավելի, քան էքսկավատորի առավելագույն շերեփման 1,5 բարձրությանը: Առանձին դեպքերում թույլատրվում է հանքաստիճանի բարձրությունը հասցնել մինչև էքսկավատորի շերեփման կրկնապատիկ բարձրությանը, պայմանով, որ մշակվեն հատուկ միջոցառումներ էքսկավատորի աշխատանքների անվտանգության ապահովման համար.

3) ճոպանային էքսկավատորով մշակելիս` էքսկավատորի շերեփման բարձրությանը.

4) դրագլայնով մշակելիս` էքսկավատորի շերեփման խորությանը կամ բարձրությանը.

5) ոչ մեքենայացված եղանակով (ձեռքով) սորուն և փխրուն ապարներ մշակելիս` 3 մ, կայուն, ինչպես նաև պինդ ապարներ մշակելիս` 6 մ.

6) մեխանիկական միաշերեփ էքսկավատորով կարծր ապարներ մշակելիս հորատանցքերի բազմաշարքային պայթեցման աշխատանքներ կիրառելով` փլուզման բարձրությունը չպետք է գերազանցի շերեփման 1,5 բարձրությանը: Այդպիսի փլուզվածքից լեռնային զանգվածի արտափոխման ժամանակ պետք է իրականացվեն լրացուցիչ միջոցառումներ` առաջացող «հովարների» և կախվածքների ինքնաբերաբար փլուզումը կանխելու համար:

29. Մեխանիկական միաշերեփ էքսկավատորով խրամներ անցնելիս` վերջիններիս բարձրությունը, անկախ հորատանցքերի միաժամանակ պայթեցվող քանակից, կարող են ընդունվել հանքաստիճանի բարձրությանը հավասար:

30. Աշխատանքային հանքաստիճանների շեպերի անկյունները պետք է լինեն`

1) մեխանիկական միաշերեփ էքսկավատորներով, ինչպես նաև դրագլայնի աշխատանքի դեպքում` մինչև 80 o.

2) ոչ մեքենայացված եղանակով (ձեռքով) մշակելու դեպքում` փխրուն և սորուն ապարներ մշակելիս` ոչ ավելի, քան այդ ապարների շեպի բնական անկյան չափով.

3) կայուն և պինդ ապարներ մշակելիս` ոչ ավելի 50 o.

4) կարծր ապարներ մշակելիս` ոչ ավելի 80 o.

5) հետադարձ շերեփով էքսկավատորների աշխատանքի դեպքում` ոչ ավելի մշակվող ապարների բնական շեպի անկյան չափով:

31. Լեռնային և տրանսպորտային մեքենասարքավորումները, տրանսպորտային հաղորդակցման ուղիները, կապի և էլեկտրահաղորդման գծերը պետք է տեղակայված լինեն հանքաստիճանների աշխատանքային հրապարակներում` փլուզման հատվածակողմի (պրիզմա) սահմաններից դուրս:

32. Վերևից բարձող էքսկավատորներով հանքաստիճանները մշակելիս` հանքաստիճանի եզրի և ավտոճանապարհի առանցքի միջև հեռավորությունը սահմանվում է նախագծով, բայց պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս: Հանքաստիճանի կամ ենթաստիճանի բարձրությունը պետք է ապահովի տրանսպորտային միջոցի տեսանելիությունն էքսկավատորի մեքենավարի խցիկից:

33. Մակաբացման աշխատանքները մշակման ոչ տրանսպորտային եղանակով իրականացնելու դեպքում օգտակար հանածոյի հանքաստիճանի ներքին եզրի և ապարային լցակույտի միջև հեռավորությունը սահմանվում է նախագծով: Փոխակրիչի առկայության դեպքում լցակույտի ներքին եզրի և փոխակրիչի առանցքի միջև հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս:

34. Հանքաստիճանների մարման ժամանակ պետք է թողնվեն ապահովիչ առափներ, որոնց լայնությունն ուղղաձիգով պետք է կազմի հարակից առափների միջև եղած հեռավորության մեկ երրորդից ոչ պակաս: Առափները պետք է թողնվեն ոչ ավելի, քան երեք հանքաստիճանը մեկ: Հանքաստիճանի մարման ժամանակ, համաձայն նախագծի պետք է պահպանվի բացահանքի կողի թեքության ընդհանուր անկյունը: Ամեն դեպքում առափի լայնությունը պետք է լինի այնքան, որպեսզի ապահովվի դրա մեխանիկական մաքրումը:

35. Ապահովիչ առափները պետք է լինեն հորիզոնական կամ ունենան թեքություն դեպի բացահանքի կողը և կանոնավոր կերպով մաքրվեն ապարից, հանքաքարից և կողմնակի առարկաներից: Առափները, որոնցով տեղի է ունենում մարդկանց հաճախակի տեղաշարժեր, պետք է ցանկապատվեն:

36. Բացահանքերում պետք է մշտական հսկողություն իրականացվի հանքաստիճանների, շեպերի, խրամների, լցակույտերի վիճակի նկատմամբ: Ապարների շարժ նկատելու դեպքում` աշխատանքները պետք է դադարեցվեն: Սողանքի հակում ունեցող բացահանքերում պետք է կազմակերպվեն սողանքային մարմնի դինամիկայի ռեժիմային դիտարկումներ (մոնիթորինգ), և դրանց հիման վրա իրականացվեն համապատասխան միջոցառումներ:

37. Հանքաստիճաններում պետք է մշտապես կատարվեն կախված հանքաքարի և ապարի բեկորների վտանգազերծում, խորաճեղքերի վերացում: Արգելվում է կախված հանքաքարի կամ ապարի բեկորների տակ մարդկանց գտնվելը կամ աշխատանքների կատարումը:

38. Երկու հարակից հանքաստիճանում գտնվող մեքենասարքավորումների կամ աշխատատեղերի հեռավորությունը միմյանցից հորիզոնականով պետք է լինի ոչ մեքենայացված եղանակով (ձեռքով) աշխատանքի դեպքում` 10 մ-ից ոչ պակաս, իսկ էքսկավատորով մշակելու դեպքում` դրա շերեփման առավելագույն շառավղի 1,5-ից ոչ պակաս:

39. Հանքաստիճանները ոչ մեքենայացված եղանակով (ձեռքով) մշակելու ժամանակ աշխատանքները պետք է կատարվեն միայն վերևից ներքև` պահպանելով թեքության անկյունը և չկիրառելով «տակահան» եղանակը:

40. 35 o-ից ավելի թեքման անկյունով հանքաստիճանի շեպի վրա աշխատելու ժամանակ հորատում, վտանգազերծում և այլ գործողություններ կատարող անձինք պետք է օգտագործեն ճոպաններով պաշտպանիչ գոտիներ` հուսալիորեն ամրացված հենարաններին: Պաշտպանիչ գոտիների օգտագործման ընթացքում նախատեսվում է դրանց փորձարկում` ստատիկ բեռնվածքով` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` 5 րոպե տևողությամբ: Պաշտպանիչ գոտիները պետք է ունենան դրոշմավորում` վերջին փորձարկման ժամկետի նշումով:

41. Հնարավոր փլուզումների և անկումների գոտում աշխատելու ժամանակ բացահանքի կողերը և հատակը պետք է ենթարկվեն մարկշեյդերական մանրազնին դիտարկման: Ապարների տեղաշարժի երևույթներ նկատելու դեպքում պետք է դադարեցվեն բոլոր աշխատանքները և վերսկսվեն միայն փորձաքննություն անցած նախագծին համապատասխան:

42. Սողանքի հակում ունեցող հանքավայրերի մշակման նախագծում պետք է նախատեսվեն հակասողանքային հատուկ միջոցառումներ:

43. Հանքավայրը, միաժամանակ բաց և ստորերկրյա եղանակով մշակման դեպքում, պետք է իրականացվեն բաց և ստորերկրյա աշխատանքներում աշխատողների անվտանգությունն ապահովող հատուկ միջոցառումներ` օդափոխության համակարգերի, մթնոլորտի վիճակի ստուգում, պայթյունի արդյունքում առաջացած թունավոր գազերի, նյութերի, ջրերի` բացահանքից ստորերկրյա փորվածքներ ներթափանցման վտանգի, բացահանքի հատակի բնամասի փլուզումների կանխում և այլն:

44. Ձնահոսքային, սելավային, ջրածածկման վտանգավոր գոտիներում աշխատելիս` պետք է իրականացվեն միջոցառումներ նման երևույթներից պաշտպանվելու համար` հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական և ջրաերկրաբանական պայմանները:

 

2. ՀՈՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

45. Բացահանքում հորատող հաստոցը պետք է տեղակայվի հանքաստիճանի հարթեցված հրապարակում այնպես, որ հաստոցի թրթուրները հանքաստիճանի եզրագծից լինեն առնվազն 2 մ հեռավորության վրա: Առանձին դեպքում, կախված հորատման հաստոցի կառուցվածքից, թույլատրվում է հաստոցի տեղակայումն ավելի մոտ հեռավորության վրա, բայց ոչ փլուզման հատվածակողմի սահմաններում: Արգելվում է հորատման հաստոցների ամբարձիկների տակ ապարի կամ հանքաքարի կտորներ դնելը: Բնալայնիչ հորատման հաստոցները հորատանցքերի առաջին շարքի վրա տեղակայելու դեպքում դրանց կառավարումն իրականացվում է հեռակառավարմամբ: Հորատանցքերի առաջին շարքը հորատելիս` հորատման հաստոցը պետք է տեղակայվի այնպես, որ դրա երկայնական առանցքն ուղղահայաց լինի հանքաստիճանի եզրին:

46. Հանքաստիճանի վրա հորատման հաստոցի տեղաշարժը բարձրացրած կայմով թույլատրվում է միայն հարթեցված հորիզոնական հրապարակով: Էլեկտրահաղորդման գծերի տակով անցնելիս կայմը պետք է իջեցվի: Արգելվում է կայմի բարձրացման կամ իջեցման ժամանակ մարդկանց գտնվելը հորատման հաստոցի առջևում կամ հետևում: Հորատման հաստոցի տեղափոխման ժամանակ հորատող գործիքը պետք է հանվի կամ հուսալիորեն ամրացվի:

47. Հորատանցքի հորատումը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներին համապատասխան` մշակված հորատման յուրաքանչյուր եղանակի համար:

48. Ճոպանահարվածային հաստոցով նախահորատումը պետք է կատարվի ուղղորդ բաժակի և նախահորատող խողովակի կիրառմամբ:

49. Արգելվում է բռնկման հակում ունեցող լեռնային ապարներում կիրառել կրակային (թերմիկ) հորատման հաստոցներ:

50. Յուրաքանչյուր հորատանցք, որի հորատաբերանի տրամագիծը 250 մմ-ից ավելի է, հորատումն ավարտվելուց հետո պետք է փակվի խցանով, հորատված տեղամասերը պատնեշվեն նախազգուշական նշաններով և գրառումներով:

51. Աշխատողը հորատող հաստոցի կայմի վրա պետք է օգտագործի կայմին ամրացված պաշտպանիչ գոտի: Արգելվում է հորատման հաստոցի կայմի վրա մարդկանց գտնվելը դրա աշխատանքի և տեղաշարժի ժամանակ:

52. Եթե պտուտակային հորատման հաստոցների հորատման հանգույցների կազմահավաքումն ու կազմատումը և հորատանցքաբերանի մաքրման աշխատանքները մեքենայացված չեն, ապա այդ հաստոցների պարուրակաձողերը պետք է ունենան բլոկավորման պաշտպանակ` շարժիչի էլեկտրասնման հետ: Արգելվում է աշխատել պտուտակային և գնդիկային հորատման հաստոցների վրա, եթե անսարք են հորատման գործիքի գերբարձրացման սահմանափակիչը և կարապիկի արգելակիչը:

53. Պտուտակային հորատման հաստոցների վրա ոչ պտուտակային միացումով հորատաձողերի անջատումը վերհանման ժամանակ թույլատրվում է միայն չհանված ձողերի հանգույցը հատուկ բանալիով ամրացնելուց հետո:

54. Ինքնապտտվող ճոպանային կողպեքների կիրառման ժամանակ ճոպանի փնջի հյուսվածքը և հորատող գործիքի պարուրակային միացման ակոսը պետք է լինեն հակադիր:

55. Հորատման հաստոցի վերհանող ճոպանը պետք է հաշվարկվի առավելագույն բեռնվածքով և ունենա ամրության հնգապատիկ պաշար: Պարբերաբար, առնվազն շաբաթական մեկ անգամ, ճոպանը պետք է ենթարկվի արտաքին զննման: Ճոպանի մետաղալարերի ցցված ծայրերը պետք է կտրվեն, իսկ հյուսվածքի մի քայլի վրա 10 տոկոսից ավելի կտրված մետաղալարերի առկայության դեպքում այն պետք է փոխվի:

56. Հորատամուրճով (պերֆորատորով) և էլեկտրագայլիկոնով հորատման ժամանակ աշխատանքային առափի լայնությունը պետք է լինի առնվազն 4 մ: Հորատելու համար առանձնացված լեռնային զանգվածի արտաչափ կտորները պետք է դասավորվեն մեկ շերտով` հանքաստիճանի հնարավոր փլուզման գոտուց դուրս:

 

3. ԼՑԱԿՈՒՅՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Լցակույտի տեղադրվածությունը, դրա ծավալները, ձևավորումն ու շահագործումը, ինչպես նաև փլվածքների լցավորումը կատարվում են նախագծով` աշխատանքների անվտանգությունն ապահովող հատուկ միջոցառումների նախատեսմամբ:

58. Ապարների լցակույտը լանջերում տեղակայելիս պետք է նախատեսվեն լցակույտի զանգվածում սողանքի առաջացմանը կանխարգելող հատուկ միջոցառումներ:

59. Տարբեր տեսակի ապարները մի լցակույտում համատեղ պահեստավորելու դեպքում, եթե կազմակերպությունն աշխատում է ձյան տեսքով նշանակալից քանակով տեղումների շրջանում (ավելի քան 0,5 մ մշտական ձյունաշերտի առկայությամբ), հարկ է մշակել լրացուցիչ միջոցառումներ` լցակույտում տաք եղանակներին սողանքից խուսափելու համար: Արգելվում է հանքաստիճաններից և ճանապարհներից մաքրած ձյունը տեղափոխել ապարների լցակույտ: Ժայռապարները և փխրուն քարակարկառային ապարները համատեղ պահեստավորելու դեպքում լցակույտի բարձրությունը պետք է որոշվի նախագծով` հաշվի առնելով այդ ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները:

60. Սողանքի նշաններ հայտնվելու դեպքում լցակույտում պետք է դադարեցվեն աշխատանքները, մշակվեն և իրականացվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

61. Արգելվում է լցակույտը տեղադրել հանքավայրերի այն տեղամասերում, որոնք ենթակա են հետագա մշակման:

62. Լցակույտը ճահճացած կամ ոչ ջրաքաշված տարածքում տեղադրելու դեպքում նախագծով պետք է նախատեսվեն անհրաժեշտ միջոցառումներ` լցակույտային աշխատանքների անվտանգ կատարման համար:

63. Լցակույտի բարձրությունը, շեպի ու փլուզման հատվածակողմի (պրիզմա) անկյունը, լցակույտային աշխատանքների ճակատի տեղաշարժման արագությունը որոշվում են նախագծով` հաշվի առնելով լցակույտի և դրա հիմքի ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, լցակույտի ստեղծման տեղանքի ռելիեֆը:

64. Լցակույտի տեղի ընտրմանը պետք է նախորդեն համալիր ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունները, սեյսմամիկրոշրջանացման աշխատանքները, նախագիծը պետք է արտացոլի ապագա լցակույտի տեղամասերի գրունտի մանրամասն բնութագիրը:

65. Երթևեկելի ճանապարհները պետք է գտնվեն լցակույտից գլորվող ապարների հնարավոր գլորման սահմանագծից դուրս:

66. Լցակույտերի շեպի վրա, դրանց հիմքի մոտակայքում և տրանսպորտային միջոցների բեռնաթափման գոտում պետք է տեղադրվեն մարդկանց գտնվելու վտանգավորության մասին նախազգուշացնող ցուցանակներ:

67. Ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ լցակույտում պետք է բեռնաթափվեն նախագծով նախատեսված տեղում, փլուզման կամ սողանքի հնարավոր հատվածակողմից դուրս: Հատվածակողմի չափերը պետք է որոշվեն մարկշեյդերական ծառայության կողմից և պարբերաբար տեղեկացվեն լցակույտում աշխատող անձնակազմին:

68. Բուլդոզերային լցակույտի առափը բեռնաթափման ամբողջ ճակատով պետք է ունենա 3 o-ից մինչև 5 o ընդլայնական թեքություն` ուղղված եզրից դեպի խորքը: Եզրի ամբողջ երկարությամբ հարկ է ունենալ ապարային լցույթ:

69. Լցակույտի հրապարակը համահարթեցնելիս բուլդոզերը շեպի եզրին կարող է մոտենալ միայն դանակով դեպի առաջ: Արգելվում է բուլդոզերի մոտեցումը լցակույտի եզրերին հետընթացով:

70. Արգելվում է դեպի լցակույտ ուղղել մակերևութային և բացահանքային ջրերը:

71. Լցակույտում փոխաբեռնման աշխատանքների իրականացման դեպքում փոխաբեռնման կետի տեղադրման վայրը, ինչպես նաև դրա կազմավորման և շահագործման կարգը, պետք է որոշվեն նախագծով, որտեղ պետք է նախատեսվեն դրա սեկտորների չափերը և անհրաժեշտ քանակը, մարդկանց տեղաշարժման ուղիները, ձայնային և լուսային ազդանշանները և այլն:

72. Փոխաբեռնման կետերը, որոնցում որպես միջանկյալ օղակ օգտագործվում են էքսկավատորներ, պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) հանքազանգվածաշերտի բարձրությունը պետք է սահմանվի` ելնելով հանքազանգվածի ֆիզիկամեխանիկական հատկություններից, բայց ոչ ավելի էքսկավատորի շերեփման բարձրությունից.

2) լցակույտի յուրաքանչյուր սեկտորի լցման ժամանակ հանքազանգվածաշերտի թեքման անկյունը պետք է համապատասխանի պահեստավորվող հանքազանգվածի բնական թեքման անկյանը:

73. Սեկտորում աշխատանքները պետք է կատարվեն համաձայն բացահանքի ղեկավարության կողմից հաստատված աշխատանքների կատարման տեղեկաթերթիկի, իսկ տեղանքը նախատեսվում է կահավորել հատուկ նշաններով և ցուցատախտակներով:

74. Փոխաբեռնման կետի բեռնաթափման հրապարակների չափերը պետք է ապահովեն արտադրությամբ զբաղվող բոլոր մեքենաների և մեխանիզմների բնականոն և անվտանգ աշխատանքը` դրանց տեղաշարժման և ուղետարանցման ժամանակ: Բեռնաթափման աշխատանքների կատարման ճակատի երկարությունը և բեռնաթափման հրապարակի լայնությունը պետք է որոշվեն` ելնելով տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաների, բուլդոզերների և այլն) եզրաչափերից, տեղաշարժման աշխատանքների կատարման ընդունված սխեմայից և շրջադարձի շառավղից` հաշվի առնելով բեռնաթափմանը կանգնած և սպասող տրանսպորտային միջոցի անհրաժեշտ անվտանգ հեռավորությունը, որը պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

75. Բեռնաթափման հրապարակի սեկտորում մի քանի մեխանիզմների (ավտոմեքենաների, բուլդոզերի և այլն) և ներքին հորիզոնում (էքսկավատորի գտնվելու վայրում) միաժամանակյա աշխատանքը պետք է կատարվի` համաձայն աշխատանքների կատարման նախագծի:

76. Բեռնաթափման հրապարակում աշխատող ինքնաթափ մեքենայի և բուլդոզերների աշխատանքային գոտում կողմնակի մարդկանց գտնվելը կամ որևէ այլ աշխատանք կատարելն արգելվում է: Նրանք պետք է գտնվեն աշխատող մեխանիզմից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

77. Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է կանոնավոր հսկողություն իրականացվի լցակույտի ապարների կայունության նկատմամբ:

 

5. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

78. Բացահանքում շահագործվող լեռնային, տրանսպորտային, ճանապարհաշինական և այլ մեքենասարքավորումներն ու մեխանիզմները և դրանց հանգուցամասերը պետք է համապատասխանեն գործող նորմատիվների պահանջներին: Արտերկրներից մեքենասարքավորումներ և մեխանիզմներ ներկրելու դեպքում կազմակերպությունը «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է ստանա համապատասխանության սերտիֆիկատ:

79. Բացահանքում շահագործվող լեռնային, տրանսպորտային, ճանապարհաշինական և այլ մեքենասարքավորումներ ու մեխանիզմներ պետք է լինեն սարքին վիճակում, ապահովված ազդանշանային սարքերով, արգելակներով, հակահրդեհային միջոցներով, ունենան լուսավորում, մեքենասարքավորումների սպասարկման, նորոգման, հավաքման, գործարկման համար նախատեսված համապատասխան գործիքների լրակազմ, հարմարանքներ, անհրաժեշտ ստուգիչ-չափիչ սարքեր, էլեկտրահարումից պաշտպանության միջոցներ:

80. Բացահանքում մեքենաների սարքինությունը մեքենավարի կողմից պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխում, տեխնիկական պատասխանատու անձանց կողմից` շաբաթը մեկ անգամ, բացահանքի ղեկավարի նշանակած անձի կողմից` ամենամսյա: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հերթափոխի հանձնման-ընդունման մատյանում: Մատյանի ձևը և վարման կարգը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

81. Մեքենաների և սարքավորումների փոխադրումը տրակտորով կամ բուլդոզերով թույլատրվում է կատարել միայն կոշտ կցիչի կիրառումով` անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացմամբ: Առավել ծանր մեքենաների փոխադրումը երկու և ավելի կցիչների կիրառումով թույլատրվում է կատարել կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հրահանգով:

82. Մեքենաների և սարքավորումների յուղումը թույլատրվում է կատարել միայն համաձայն շահագործման փաստաթղթերի: Յուղման համակարգը պետք է ունենա յուղի թափումը և ցայտումը կանխող հարմարանք: Յուղման և քսուքային նյութերը մեքենաներում պետք է պահվեն փակ մետաղե արկղերում: Արգելվում է մեքենաներում պահել նավթամթերք կամ այլ դյուրավառ նյութեր, յուղը և ջուրը տաքացնելու համար օգտագործել բաց կրակ կամ զոդող միջոցներ:

83. Էլեկտրամատակարարման չնախատեսված ընդհատման դեպքում մեքենասարքավորումն սպասարկող անձնակազմը պարտավոր է էլեկտրաշարժիչների գործարկման և ղեկավարման սարքերն անմիջապես դնել «Կանգ» (զրոյական) վիճակի:

84. Էքսկավատորի հորիզոնական կամ դեպի վեր տեղաշարժման ժամանակ տանող (շարժահաղորդող) սռնակը պետք է լինի հետևում, վայրէջքի դեպքում` առջևում: Շերեփը պետք է լինի դատարկ և հողից ամենաշատը 1 մ բարձրության վրա, իսկ սլաքը դրվի շարժման ուղղությամբ: Էքսկավատորի վայրէջքի կամ վերելքի ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա ինքնասահումը կանխելու ուղղությամբ:

85. Էքսկավատորի տեղաշարժը պետք է կատարվի մեքենավարի օգնականի տված ազդանշաններով` ապահովելով նրա և մեքենավարի մշտական փոխադարձ տեսանելիությունը:

86. Բացահանքի կամ լցակույտի հանքաստիճաններում էքսկավատորի համար պետք է լինի ամուր հարթեցված հրապարակ, որի թեքությունը չպետք է գերազանցի էքսկավատորի տեխնիկական անձնագրում նշված տվյալներին: Հանքաստիճանի, լցակույտի կողի, տրանսպորտային միջոցի և էքսկավատորի հակակշռի միջև հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

87. Աշխատանքի սկզբին և ավարտին էքսկավատորի մեքենավարը պարտավոր է կիրառել ազդարարման հետևյալ ձևերը`

1) ազդարարում` աշխատանքի սկզբի մասին.

2) ազդարարում` աշխատանքի ավարտի մասին.

3) տագնապի ազդարարում (անհրաժեշտության դեպքում):

88. Տրանսպորտային միջոցների բեռնման ժամանակ էքսկավատորի մեքենավարը պարտավոր է տալ հետևյալ ազդանշանները`

1) «կանգ»` մեկ կարճ.

2) տրանսպորտային միջոցի բեռնման տակ մտնելու թույլտվություն` երկու կարճ.

3) բեռնման սկիզբը` երեք կարճ.

4) բեռնումն ավարտելու և փոխադրամիջոցի մեկնելու թույլտվության մասին` մեկ երկար: Ազդանշանների աղյուսակը պետք է փակցված լինի էքսկավատորի թափքի վրա` երևացող տեղում, դրանց հետ պետք է ծանոթ լինեն տրանսպորտային միջոցներ վարողները:

89. Արգելվում է էքսկավատորի աշխատանքը հանքաստիճանի կախվածքների և «հովարների» տակ: Արգելվում է նաև էքսկավատորի աշխատանքի ժամանակ մարդկանց, այդ թվում` նաև սպասարկող անձնակազմին` գտնվել էքսկավատորի շերեփի և հակակշռի գործողության գոտում:

90. Էքսկավատորի վրա օգտագործվող ճոպանները պետք է համապատասխանեն դրա տեխնիկական անձնագրի տվյալներին և ունենան համապատասխանության սերտիֆիկատ: Սլաքային ճոպանները տեխնիկական պատասխանատու անձի կողմից ենթակա են զննման` առնվազն շաբաթական մեկ անգամ, ընդ որում, ճոպանի հյուսվածքի մեկ քայլում կտրված մետաղե լարերի քանակը չպետք է գերազանցի ճոպանում եղածների 15 տոկոսը, պոկված մետաղե լարերի ցցված ծայրերը պետք է կտրվեն: Ճոպանների զննման արդյունքները, ինչպես նաև դրանց նորացվելու մասին գրառումները, նշելով ճոպանների տեղակայման թվականը և նոր տեղակայված ճոպանի տեսակը, գրանցվում են հերթափոխի հանձնման-ընդունման մատյանում, որը պետք է պահվի էքսկավատորի խցիկում:

91. Հանքաստիճանի փլուզման և սողանքի վտանգի, ինչպես նաև պայթուցիկ նյութերի չպայթած լիցքերի հայտնաբերման դեպքերում, էքսկավատորի աշխատանքը դադարեցվում է, և այն հեռացվում անվտանգ գոտի` ապահովելով դրա ազատ անցումը հանքախորշից: Եթե գրունտը չի դիմանում էքսկավատորի թրթուրի ճնշմանը, պետք է միջոցներ կիրառվեն էքսկավատորի կայունությունն ապահովելու համար:

92. Էքսկավատորների վրա պետք է փակցված լինեն հանքախորշի տեղեկաթերթիկները` նշված աշխատանքային հրապարակների, առափների, շեպի անկյան, հանքաստիճանի բարձրության, լեռնային և տրանսպորտային սարքավորումների միջև հանքաստիճանի կամ լցակույտի եզրագծի հեռավորության թույլատրելի չափերը:

93. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը դրա խցիկում կամ արտաքին հարթակում:

94. Էքսկավատորների կառուցվածքային տարրերը, ինչպես նաև սանդուղքները և հարթակները, յուրաքանչյուր հերթափոխում պետք է մաքրվեն ցեխից և լեռնային զանգվածից:

95. Արգելվում է բացահանքի ջրավորված հանքաստիճանների վրա ենթաէքսկավատորային ուղիների շահագործումը, եթե չկան ջրահեռացնող սարքեր:

96. Էքսկավատորի խցիկը պետք է ապահովի մեքենավարի տեսանելիությունն էքսկավատորին հարող հանքախորշի տեղամասերի նկատմամբ:

97. Ամպրոպի, մառախուղի և բքի ժամանակ, երբ տեսանելիությունը 25 մ-ից պակաս է, էքսկավատորի տեղաշարժն ու աշխատանքն արգելվում է:

 

2. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԸ

 

98. Բացահանքի ներհանքային ավտոճանապարհների հողային ծածկույթը պետք է կառուցվի ամուր գրունտից: Արգելվում է լիցքի համար օգտագործել տորֆը, կավահողը, տիղմը և բուսական մնացորդները: Ներհանքային ճանապարհների թեքությունը պետք է ընտրվի համաձայն տեխնիկատնտեսական հաշվարկների` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը:

99. Ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնությունը որոշվում է նախագծով` ելնելով տրանսպորտային միջոցի չափերից: Խրամուղիների ժամանակավոր ուղեմուտքերը պետք է կառուցվեն այնպես, որպեսզի դրանց երկայնքով տրանսպորտային միջոցի շարժման համար լինի ազատ տարածք` 1,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

100. Բացահանքային ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունը, ելնելով անվտանգ երթևեկության պայմաններից, պետք է լինի բարձված մեքենաների շարժման ուղղությամբ` մինչև 100 պրոմիլ, դատարկ մեքենաների համար` մինչև 120 պրոմիլ: 4x4 և 6x6 անվային կառուցվածքով ավտոմեքենաների օգտագործման ժամանակ ճանապարհների երկայնական թեքության անկյունը պետք է ընդունել կոշտ ծածկույթի դեպքում` մինչև 170 պրոմիլ, գրունտային ծածկույթի դեպքում` մինչև 120-130 պրոմիլ: Մեծ երկարություն ունեցող երկարաձիգ թեքություններում յուրաքանչյուր 500-600 մ-ի վրա պետք է նախատեսվեն ոչ ավելի, քան 20 պրոմիլ թեքությամբ 50-60 մ երկարությամբ հարթակներ:

101. Այնպիսի ավտոճանապարհների համար, որոնք գործում են բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղներ, մերկասառույց), ինչպես նաև այնպիսի ճանապարհների համար, որոնք տեղադրված են ծովի մակերևույթից 1000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային տեղանքում, առավելագույն երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 100%-ը:

102. Ճանապարհների երկայնական թեքության դեպքում (ավելի քան 0,06) ճանապարհի յուրաքանչյուր 600 մետրի վրա պետք է հարդարվեն 50 մ-ից ոչ պակաս երկարությամբ և ոչ ավելի, քան 0,02 թեքությամբ հորիզոնական հարթակներ: Ճանապարհների երկայնական կտրվածքի ուղղագիծ կորերի շառավիղները պետք է փոքր չլինեն 200-500 մ-ից, իսկ գոգավոր կորերի շառավիղը` 150 մ-ից: Ճանապարհների ավտոգալարքներում հորիզոնական կորերի շառավիղը պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս, ընդ որում, երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 40 պրոմիլը: Ավտոգալարքների կորի վերջին և հաջորդ ավտոգալարքի կորի սկզբի հեռավորությունը պետք լինի 200 մ-ից ոչ պակաս: Ավտոգալարքներում ավտոինքնաթափի առավելագույն արագությունը պետք է սահմանվի 15 կմ/ժամ: 30 մ-ից փոքր շառավղով ավտոգալարքի կառուցումը թույլատրվում է միայն այն ճանապարհներում, որտեղ արգելվում է 11 մ-ից ավելի երկարությամբ ավտոգնացքների տեղաշարժը:

103. Խիստ սահմանափակ պայմաններում ներհանքային և լցակույտային ճանապարհների կորության շառավիղը հատակագծում թույլատրվում է ընդունել տրանսպորտային միջոցների առջևի անվի կառուցվածքային շրջադարձի շառավղի կրկնապատիկից ոչ պակաս` առանձին ավտոմեքենայի համար և եռապատիկից ոչ պակաս` կցասայլակով քարշակի համար:

104. Բացահանքի եզրագծի ներսում ճանապարհի երթևեկելի մասը (բացառությամբ հանքախորշի ճանապարհի) փլուզման հատվածակողմից պետք է անջատվի պատով կամ հողային պատվարով: Այդ պատվարի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան ամենաբարձր բեռնամբարձությամբ ավտոմեքենայի անվի բարձրության 1/2-ը:

105. Ձմեռային ամիսներին ավտոճանապարհները պետք է պարբերաբար մաքրվեն ձնից և սառույցից, ցանվի ավազ, խիճ, մանրացված խարամ:

106. Ավտոմեքենան պետք է լինի տեխնիկապես սարքին վիճակում, ունենա հետին տեսանելիության հայելիներ, ներգործող լուսային և ձայնային ազդանշաններ, լուսավորություն ու սարքին արգելակներ:

107. Բացահանքերի ճանապարհներին ավտոմեքենաների և տրակտորների երթևեկության արագությունը սահմանում է կազմակերպության ղեկավարությունը` հաշվի առնելով տեղական պայմանները, ճանապարհների որակը և տրանսպորտային միջոցների վիճակը:

108. Բացահանքի ճանապարհներին ավտոերթևեկությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճանապարհների երթևեկության նշաններով: Բացահանքի ճանապարհներին ավտոմեքենաների վազանցն արգելվում է, բացառությամբ շտապ օգնության և փրկարար ծառայության ավտոմեքենաների: Առանձին դեպքերում տարբեր տեխնիկական արագություն ունեցող ավտոինքնաթափերին թույլատրվում է կատարել վազանց` պահպանելով անվտանգ երթևեկության կանոնների պահանջները:

109. Բացահանքի ավտոճանապարհների ծածկի տեսակը, ճանապարհային պատվածքի կառուցվածքը, օգտագործվող նյութերն ու դրանց տեղադրման տեսակները պետք է սահմանվեն համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված ցանկի` ՀՀՇՆ IV-11, 05.02.99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի պահանջների:

110. Բացահանքի ճանապարհներին շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան`

1) ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր.

2) հրդեհաշիջման միջոցներ.

3) վթարային կանգառման նշաններ.

4) բժշկական դեղատուփ.

5) ավտոդողերի տակ տեղադրվող նեցուկներ.

6) հետընթաց շարժի դեպքում տարբեր ձայնային ազդանշաններ.

7) հետին տեսանելիության երկու հայելի.

8) էլեկտրահաղորդման գծերի տակ թափքի բարձրացումն արգելակող բլոկավորման սարք.

9) կապի միջոցներ:

111. Բացահանքի բոլոր բարձման տեղերը, ինչպես նաև ներհանքային ճանապարհները, մութ ժամանակ պետք է լուսավորվեն էլեկտրական լուսավորությամբ:

112. Բացահանքում ավտոտրանսպորտային միջոցներ վարող անձանց տեխնիկական անվտանգության գծով հրահանգավորումը կատարվում է բացահանքի և ավտոտնտեսության համապատասխան ծառայությունների կողմից` կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված հրահանգներով: Ավտոմեքենաների և ինքնաշարժ տեխնոլոգիական սարքավորումների (գրեյդերներ, կեռաշերեփներ, բուլդոզերներ, ամբարձիչներ) մեքենավարներին աշխատանքների կատարման համար պետք է տրվեն ուղեգրեր:

113. Ավտոմեքենաների անվադողերի հավաքակցման և տեղակայման աշխատանքները պետք է իրականացվեն առանձին շենքերում կամ հատուկ տեղամասերում` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Անվադողեր հավաքակցող և տեղակայող անձինք համապատասխան ծառայությունների կողմից պետք է ստանան հրահանգավորում` կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներով:

114. Ավտոմեքենայի թափքի մաքրումը կպչուն և սառած լեռնային զանգվածից պետք է կատարվի հատուկ առանձնացված տեղերում` կիրառելով մեխանիկական և այլ միջոցներ:

115. Էքսկավատորով ավտոմեքենաների` ապարներով բեռնաբարձման ժամանակ պետք է ապահովվեն հետևյալ պայմանները`

1) բարձմանն սպասող ավտոմեքենան պետք է գտնվի էքսկավատորի շերեփի գործողության շառավղից դուրս և մոտենա բեռնաբարձման` միայն էքսկավատորի մեքենավարի ազդարարումից հետո.

2) բեռնաբարձման տակ գտնվող ավտոմեքենան պետք է լինի արգելակված.

3) ավտոմեքենայի բեռնաբարձումը պետք է կատարվի թափքի կողքից կամ հետնամասից: Արգելվում է այն իրականացնել ավտոմեքենայի խցիկի վրայով.

4) բարձվող բեռի թափման բարձրությունը պետք է լինի 3 մ-ից ոչ ավելի.

5) բեռնաբարձված ավտոմեքենան տեղից կարող է շարժվել միայն էքսկավատորի մեքենավարի ազդարարումից հետո.

6) բարձման տակ գտնվող ավտոմեքենան պետք է գտնվի էքսկավատորի մեքենավարի տեսանելիության գոտում:

116. Բացահանքի ավտոմեքենայի խցիկը պետք է ծածկված լինի պաշտպանիչ հովարով` ապահովելով մեքենավարի անվտանգությունը բեռնաբարձման ժամանակ: Պաշտպանիչ հովարի բացակայության դեպքում մեքենավարը պարտավոր է բեռնաբարձման ժամանակ դուրս գալ մեքենայի խցիկից և գտնվել էքսկավատորի շերեփի գործարկման շառավղից դուրս:

117. Բացահանքում ավտոմեքենայի աշխատանքի ժամանակ արգելվում է`

1) ավտոմեքենայի երթևեկելը բարձրացված թափքով.

2) ավտոմեքենայի նորոգումը կամ բեռնաթափումն էլեկտրահաղորդման գծերի տակ.

3) դեպի բարձման տեղ 30 մ-ից ավելի հետընթաց շարժվելը (բացառությամբ խրամներ փորելու դեպքում).

4) կատարել անցում գետնի վրա տեղակայված մալուխային գծերի վրայով, եթե դրանք պաշտպանված չեն հատուկ պաշտպանակներով.

5) տեղափոխել կողմնակի մարդկանց.

6) մեքենան կանգնեցնել թեքության կամ զառիթափերի վրա.

7) մեքենավարին դուրս գալ ավտոմեքենայից մինչև թափքի լրիվ իջեցումը կամ բարձրացումը: Թեքության կամ զառիթափերի վրա, տեխնիկական անսարքության պատճառով ավտոմեքենայի խափանման դեպքում, վարորդը պարտավոր է միջոցներ ձեռնարկել մեքենայի ինքնաշարժումը կանգնեցնելու համար` անջատել շարժիչը, արգելակել, անվադողերի տակ տեղակայել հենարան կամ նեցուկ:

118. Ավտոմեքենայի հետընթացքով շարժման ժամանակ պետք է տրվի անընդհատ ձայնային ազդանշան, այդ թվում` նաև ավտոմատ սարքի միջոցով: Հետընթաց շարժը սահմանափակելու համար բեռնաթափման հարթակները պետք է ունենան ամուր ապահովիչ պատնեշներ:

119. Բացահանքում մարդկանց տեղափոխումն ավտոմեքենայով թույլատրվում է կազմակերպության կողմից մշակված և հաստատված երթուղով նախատեսված արագությամբ և միայն ավտոբուսով կամ հարմարեցված համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով: Մարդիկ ավտոմեքենա պետք է նստեն հորիզոնական հարթակներից: Արգելվում է մարդկանց մեքենա նստեցնելու համար հարթակները կառուցել ճանապարհի երթևեկելի մասում:

120. Բացահանքում բեռնաբարձման, բեռնաթափման կետերը պետք է ունենան անհրաժեշտ աշխատանքային ճակատ ավտոմեքենայի շրջադարձի համար, բեռնամբարձման-բեռնաթափման հարթակները պետք է լինեն հորիզոնական, թույլատրվում է մինչև 0,010 թեքություն:

121. Արգելվում է ավտոմեքենաների բեռնաբարձումը կատարել միակողմանի կամ արտաեզրաչափ ապարներով, ինչպես նաև գերազանցել դրա սահմանված բեռնատարողությունը:

 

3. ԿԵՌԱՇԵՐԵՓՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԸ

 

122. Ճոպանային կեռաշերեփային կայանքի կիրառման դեպքում բացահանքի հանքաստիճանի շեպի անկյունը չպետք է գերազանցի 35 օ-ը:

123. Արգելվում է առանց նախազգուշական ազդանշանի միացնել ճոպանային կեռաշերեփային սարքավորումը, դրա աշխատանքի ժամանակ որևէ նորոգում կատարել, գտնվել ճոպանի շարժման գոտում և ճոպանին ձեռքով ուղղություն տալ:

124. Ինքնաշարժ և կցովի կեռաշերեփները շարժման ժամանակ հանքաստիճանի եզրագծից պետք է լինեն առնվազն 2 մ հեռավորության վրա: Բեռնաթափման ժամանակ կեռաշերեփը չպետք է շարժվի հետ` դեպի շեպը:

125. Տրակտորային քարշակով անվադողային կեռաշերեփներ կիրառելու դեպքում վայրէջքի թեքությունը բեռնման ուղղությամբ պետք է լինի 15 օ-ից ոչ ավելի, դատարկման ուղղությամբ` 25 օ-ից ոչ ավելի:

126. Արգելվում է առանց հսկողության թողնել աշխատող շարժիչով և բարձրացրած դանակով բուլդոզերը, իսկ աշխատելիս ուղղել ճոպանը, կանգնել կախովի հենոցի կամ դանակի վրա: Արգելվում է նաև աշխատել բուլդոզերների վրա, եթե դրանք ապահովված չեն փոխանցման տուփը կամ խցիկից շարժիչը գործարկելու հարմարանքով, ինչպես նաև կատարել լայնակի աշխատանքներ զառիթափ լանջի վրա:

127. Վերանորոգման, յուղման և կարգաբերման համար բուլդոզերը պետք է տեղակայվի հորիզոնական հարթակի վրա, դանակն իջեցվի գետնին, անջատվի շարժիչը: Թեք լանջում բուլդոզերի վթարային կանգառի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել դրա ինքնաշարժումը լանջով բացառելու համար:

128. Բուլդոզերի դանակը ներքևից զննելու համար այն պետք է իջեցնել հուսալի տակդիրի վրա, իսկ շարժիչն անջատել: Արգելվում է գտնվել բարձրացված դանակի տակ:

129. Հեռավորությունը բուլդոզերի թրթուրի ծայրից մինչև շեպի եզրը որոշվում է` ելնելով լեռնաերկրաբանական պայմաններից, և այն պետք է մտցվի հանքախորշում (լցակույտում) աշխատելու տեղեկաթերթիկի մեջ:

130. Բուլդոզերի (տրակտորի) աշխատանքի ժամանակ հանքախորշի շեպի առավելագույն անկյունը չպետք է գերազանցի վերելքը 25 օ-ը, վայրէջքը` 30 օ-ը:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1050-Ն
Որոշում