Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 12 հուլիսի 2022 թ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուրադյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մայիսի 13-ի N 688-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի մայիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» (այսուհետ` Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք` Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով: Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից`

ա) «Պետական կառավարման համակարգի արդիականացումը», մասնավորապես` քաղաքացիական ծառայության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, արդարադատության համակարգի ծառայությունների և դատական գործընթացների արդյունավետության բարձրացում և համապատասխանության բարելավում, աջակցություն նոր Ներքին գործերի նախարարության համակարգերի արդիականացմանը,

բ) «Թվային ծառայությունների մատուցումը», մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության համակարգերի արդիականացում` եկամուտների մոբիլիզացման արդյունավետության բարձրացման նպատակով, պետական կառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման ամրապնդում, աջակցություն տեղական կառավարման մարմիններին տվյալների շտեմարանների, տվյալների ենթակառուցվածքի և համակարգչային համակարգերի վերանախագծմանն առնչվող աշխատանքների փորձարկման միջոցով, որոնք ուղղված են բիզնես գործընթացների համապատասխանեցմանը պետական կառավարման կենտրոնական մարմինների բիզնես գործընթացներին և տեղական մակարդակում մատուցվող հանրային ծառայությունների թվայնացմանը,

գ) «Տվյալների կառավարումը և թվային ենթակառուցվածքները», մասնավորապես` թվային ենթակառուցվածքի արդյունավետության ու անվտանգության բարձրացում, կիբեռ սպառնալիքների նկատմամբ ՀՀ թվային ենթակառուցվածքների և ակտիվների դիմակայունության բարձրացում, GovTech-ում տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության կիրառման բարելավում,

դ) «Ծրագրի կառավարումը», մասնավորապես` աջակցություն Ծրագրի իրականացմանը, այդ թվում` սակայն չսահմանափակվելով Ծրագրի իրականացման առնչությամբ Ծրագրի կառավարման խմբին վարչական աջակցության տրամադրմամբ, ինչպես օրինակ` գնումներ, ֆինանսական կառավարում, մշտադիտարկում և գնահատում, կարողությունների զարգացում, Ծրագրի կառավարում, համակարգում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ու Ծրագրի օժանդակությամբ իրականացվող բարեփոխումների կենտրոնացում:

Ըստ Համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քսանվեց միլիոն հինգ հարյուր հազար եվրո (26.500.000) գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով (Վարկ)` Համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար:

2. Ըստ Համաձայնագրին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորման` Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը (1):

___________________________

1) Հանրային հատվածի արդիականացման նախորդ երեք ծրագրերն են`

ա) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հուլիսի 30-ին Երևան քաղաքում ստորագրված Զարգացման վարկի համաձայնագրով (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) (վավերացվել է Ազգային ժողովի` 2004 թվականի հոկտեմբերի 25-ի Ն-134-3 որոշմամբ (ՍԴՈ-516)), փորձնական նախաձեռնությունների իրականացման, կառավարման համակարգում որոշումների կատարման և քաղաքականության իրականացման թափանցիկության բարելավման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով` Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել է 6.800.000 փոխառության հատուկ իրավունքներին հավասար, տարբեր արտարժույթներով արտահայտված գումար,

բ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2010 թվականի մարտի 30-ին ստորագրված «Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով (վավերացվել է Ազգային ժողովի` 2010 թվականի հունիսի 10-ի ԱԺՈ-215-Ն որոշմամբ (ՍԴՈ-888)) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 9.000.000 (ինը միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` հանրային հատվածի կառավարման ամրապնդման նպատակով,

գ) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով` (վավերացվել է Ազգային ժողովի` 2016 թվականի ապրիլի 7-ի ԱԺՈ-206-Ն որոշմամբ` (ՍԴՈ-1261)) հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավման ծրագիրը ֆինանսավորելու նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 21.000.000 (քսանմեկ միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք վարկ:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

3.1. վճարել միանվագ կոմիսիոն վճար, որը կազմում է Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ չորրորդը (0.25%) (հոդվ. II, բաժին 2.03),

3.2. վճարել պարտավորության վճար, որը տարեկան կազմում է Վարկի Չառհանված մնացորդի մեկ տոկոսի մեկ չորրորդը (0.25%) (հոդվ. II, բաժին 2.04),

3.3. վճարել տոկոսագումար, որը կազմում է Հաշվարկային դրույքաչափին գումարած Փոփոխական Սփրեդը կամ այնպիսի դրույքաչափ, որը կարող է կիրառվել Փոխարկումից հետո` Ընդհանուր պայմանների 3.02(ե) բաժնի համաձայն (հոդվ. II, բաժին 2.05),

3.4. յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2037 թվականի փետրվարի 15-ից մինչև 2046 թվականի օգոստոսի 15-ը վերադարձնել Վարկի մայր գումարը 4.76% մասնաբաժնով, իսկ 2047 թվականի փետրվարի 15-ին` 4.8% մասնաբաժնով (հոդվ. II, բաժին 2.07, Առդիր 3),

3.5. պահպանել Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովը, որը պատասխանատու կլինի Ծրագրի վերահսկողության, ռազմավարական ուղղորդման և միջգերատեսչական համակարգման և այլ գործառույթների համար, ներառյալ` հանդես գալով որպես Ծրագրի ղեկավար հանձնաժողով և հաստատելով Ծրագրի գործառնական ձեռնարկը և հիմնական ֆինանսական և գնումների փաստաթղթերը, ինչպես հանգամանորեն ներկայացվում է Ծրագրի գործառնական ձեռնարկում, ինչպես նաև ապահովել, որ Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովը գլխավորի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև կլինի Ծրագրի տնօրենը (Առդիր 2, բաժին I, մաս Ա, պարբերություն 1),

3.6. ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմի միջոցով իրականացնել հետազոտություն չափելու համար քաղաքացիների գոհունակությունն ընտրված վեց պետական ծառայությունների կատարողականի առնչությամբ, որոնք թվայնացվելու են Ծրագրի 2.2 շրջանակում Բանկի համար ընդունելի ձևով (Առդիր 2, բաժին I, մաս Ա, պարբերություն 3),

3.7. առանց Համաձայնագրի Առդիր 2-ի, I-ին բաժնի, Գ մասի 1-ին պարբերության սահմանափակման` վարչապետի աշխատակազմի միջոցով ապահովել Ծրագրի իրականացումը Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանին համապատասխան` Բանկի համար ընդունելի ձևով, ինչպես նաև այդ նպատակով վարչապետի աշխատակազմի միջոցով ապահովել վերոնշյալ Գ մասի 2-րդ պարբերությունում շարադրված դրույթների կատարումը (Առդիր 2, բաժին I, մաս Գ, պարբերություն 2),

3.8. բացառությամբ այն դեպքերի, երբ Համաձայնագրի շրջանակում կարող է բացահայտ այլ բան պահանջվել կամ թույլատրվել կամ Ընկերակցության կողմից կարող է բացահայտ պահանջվել, Համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված աշխատանքների հետ կապված ցանկացած տեղեկություն, հաշվետվություն կամ փաստաթուղթ տրամադրելիս ապահովել, որ այդ տեղեկությունը, հաշվետվությունը կամ փաստաթուղթն Անձնական տվյալներ չներառեն (Առդիր 2, բաժին II, պարբերություն 2) և այլն:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, իսկ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկի և դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴՈ-1657

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 12 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.07.2022
N ՍԴՈ-1657
Որոշում