Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 12 հուլիսի 2022 թ.

 

ՊԱՐԳԵՎ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Պարգև Առաքելյանի ներկայացուցիչ Գ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Ա. Մնացականյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

i

գրավոր ընթացակարգով քննեց «Պարգև Առաքելյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Ժառանգությունն ընդունելու եղանակները» վերտառությամբ 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է.

«3. Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

(...)

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր»:

Վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

Գործի քննության առիթը Պարգև Առաքելյանի` 2022 թվականի փետրվարի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի և այլ օրենքների վերաբերելի դրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Պարգև Առաքելյանը (այսուհետ` նաև դիմող) հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի` ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու և դրա հետևանքով ժառանգության վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին (թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործ):

Հռիփսիմե Առաքելյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Պարգև Առաքելյանի, երրորդ անձինք` Երևան նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյան, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ժառանգության զանգվածի մեջ ներառված գույքերի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2020թ. վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021թ. որոշմամբ Պարգև Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ` «Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այն չվիճարկված փաստերը, որ հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին չի ներկայացրել ըստ կտակի ժառանգության ընդունման մասին դիմում: Նույնանման փաստեր են առկա եղել նաև թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, և այդ հիմքով Դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. որոշմամբ այն իրավական նորմերի վերաբերյալ կատարված մեկնաբանություններին, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հետ կապված հարաբերությունները և հանգում են նրան, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դատարանի կատարած հղումը վկայում է այն մասին, որ Դատարանը լիովին կիսել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն ու վերջինիս մեկնաբանություններից շեղվելու համար բավարար և ծանրակշիռ հիմնավորումներ չի ունեցել: Նույնաբովանդակ է նաև խնդրո առարկա իրավական հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, և այն կրկնելու անհրաժեշտությունը բացակայում է»:

Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 04.08.2021թ. որոշմամբ:

Պարգև Առաքելյանի կողմից 2022 թվականի փետրվարի 8-ին Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, որը Սահմանադրական դատարանի դատական կազմի 25.02.2022թ. ՍԴԴԿՈ-9 որոշմամբ ընդունվել է քննության:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի և ստորադաս բոլոր դատարանների կողմից ձևավորվել է կայուն պրակտիկա, որի էությունը հանգում է նրան, որ Օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված` ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման ձևով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ըստ օրենքի ժառանգներ, և վերջիններս ըստ կտակի ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում ներկայացնելով:

i

Դիմողը գտնում է, որ եթե ժառանգության ընդունման գործընթացում ժառանգն ունենա սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիք, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 75-րդ և 78-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները կվերաբերեն նաև ժառանգության ընդունմանը` ընդհանրապես, և մասնավորապես` ժառանգության ընդունման եղանակներին, քանի որ դրանք, ըստ էության, հանդես են գալիս որպես սեփականության իրավունքի ձեռքբերման միջոցներ և ընթացակարգեր:

Իրականացնելով քաղաքացիական օրենսդրության մի շարք նորմերի վերլուծություն` դիմողը գտնում է, որ ժառանգության ընդունման գործընթացում ժառանգն ունի սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիք, ինչը նշանակում է, որ ժառանգության ընդունման գործընթացը, մասնավորապես` ժառանգության ընդունման եղանակները, դրանց գործադրման ընթացակարգերն ու հիմքերը պետք է այնպես կարգավորված լինեն, որ մի կողմից` ապահովեն Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումներում ամրագրված երաշխիքները, իսկ մյուս կողմից` չհակասեն այդ երաշխիքներից բխող պահանջներին, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ժառանգության ընդունման եղանակների սահմանափակումը` որպես սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորության սահմանափակում, պետք է համահունչ լինի Սահմանադրության 75-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին և համապատասխանի սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիքի իրավունքի նշանակությանը, ինչպես նաև հետապնդի Սահմանադրությամբ սահմանված նպատակ` համապատասխանելով համաչափության սկզբունքին:

Դիմողի համոզմամբ` օբյեկտիվ իրականության մեջ ողջամտորեն հնարավոր չէ բացառել այն դեպքերը, երբ միաժամանակ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգի` փաստացի տիրապետման և կառավարմանն ուղղված գործողություններն ապացուցեն, որ նրա կամքն ուղղված է հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Դիմողը նշում է. «Թե օրենքը, թե ողջամիտ տրամաբանության կանոնները որևէ կերպ չեն բացառում, որ միաժամանակ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգը կարող է փաստացի տիրապետման և կառավարման այնպիսի գործողություններ կատարել և դրանք կատարել այնպիսի հանգամանքներում, որոնք կհաստատեն, որ նրա կամքն ուղղված է հենց ըստ կտակի ժառանգության ընդունմանը»:

Դիմողը եզրահանգում է. «Ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունելու իրավական մեխանիզմը կոչված է ապահովելու ժառանգությունը ժառանգի կողմից փաստացի ընդունման իրավական առումով արձանագրումը, քանի որ ժառանգատուի և ժառանգի միջև գոյություն ունեցած ընտանեկան, արյունակցական, բարեկամական կամ այլ անձնական բնույթի հարաբերությունները ժառանգներին, հաճախ, բնականորեն թելադրում են ժառանգության ընդունման համար դրսևորել, նախ և առաջ, հենց այնպիսի վարքագիծ, որն իր նկարագրությամբ համահունչ է ժառանգության փաստացի տիրապետման և կառավարման օրինական նկարագրությանը: Հենց նշվածով էլ պայմանավորված ժառանգության իրավունքը ժառանգության ընդունման քննարկվող եղանակը տարածել է նաև ըստ կտակի ժառանգության նկատմամբ ևս, քանի որ այս դեպքում նույնպես ժառանգի կողմից ժառանգության ընդունմանն ուղղված վերոհիշյալ վարքագծի դրսևորումը բնականորեն օրինաչափ է, ինչից հետևում է, որ այս եղանակի կիրառման քննարկվող սահմանափակումը կհանգեցնի ժառանգության հարաբերությունների հիմքում ընկած հասարակական առումով բնական օրինաչափությունների գործողության խաթարման, որն անընդունելի է և չի կարող նպաստել այս հարաբերությունների արդյունավետ կարգավորմանը և ժառանգման կամ այս եղանակով սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիքի հիմնական իրավունքի լիարժեք կենսագործմանը»:

i

Ամփոփելով իր դիրքորոշումները` դիմողը խնդրում է. «ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 75-րդ հոդվածի և 78-րդ հոդվածի դրույթներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթն այն կայուն պրակտիկա դարձած դատական մեկնաբանությամբ կամ նույն իրավանորմի այն մեկնաբանությունը, ըստ որի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում այն ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ըստ օրենքի ժառանգներ և վերջիններս ըստ կտակի ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում ներկայացնելով»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Իրականացնելով քաղաքացիական օրենսդրության` ժառանգական իրավունքին վերաբերող նորմերի և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծություն` Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող) նշում է, որ օրենսդիրը, երաշխավորելով ըստ կտակի ժառանգների ժառանգելու իրավունքը, միևնույն ժամանակ սահմանել է պայման, որ ըստ կտակի ժառանգության դեպքում ժառանգները ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետում պետք է իրականացնեն գիտակցված, ակտիվ գործողություններ, որոնք պետք է միտված լինեն հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Օրենքով սահմանված ժամկետում ակտիվ գործողություններ չիրականացնելու դեպքում ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի:

Ըստ պատասխանողի` միաժամանակ և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգը, որն Օրենսգրքով սահմանված ժամկետում չի ձեռնարկել հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն ուղղված ակտիվ քայլեր, սակայն կատարել է գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողություններ, չի զրկվում ժառանգությունից ընդհանրապես: Գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները կարող են վկայել ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու մասին, ուստի ըստ պատասխանողի` անհիմն է դիմողի այն պնդումը, որ խախտվում են այն ժառանգների իրավունքները, որոնք միաժամանակ և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգներ են:

Պատասխանողը նշում է, որ օրենսդրությամբ նախատեսված ժամկետում ըստ կտակի ժառանգների համար ակտիվ գործողություններ իրականացնելու պահանջը կոչված է ապահովելու ժառանգման իրավահարաբերությունների մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:

Անդրադառնալով վիճարկվող դրույթով ամրագրված կարգավորումների` համաչափության սկզբունքին համապատասխանության խնդրին` պատասխանողը գտնում է, որ օրենսդրի կողմից ժառանգության ընդունման եղանակների սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը, ինչպես նաև ժառանգման իրավահարաբերությունների մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` օրենքով սահմանված դեպքերում ժառանգության իրավունքն առաջանում է այլ ժառանգի կողմից ժառանգությունը սահմանված ժամկետում չընդունելու դեպքում:

Տվյալ դեպքում, ըստ պատասխանողի` օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, այն կատարել է այնպիսի համամասնությամբ, որ ընտրված սահմանափակումը համահունչ է Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

i

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1321 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցին և նշել է, որ վերջինս համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի կողմից ինքնին բավարար հիմք է տվյալ անձի կողմից ժառանգության ընդունման փաստը դատական կարգով հաստատելու համար, և այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ չեն ժառանգությունն ընդունելուն միտված այլ ակտիվ գործողությունների կատարման և, մասնավորապես, նոտարին դիմում տալու վերաբերյալ ապացույցներ:

i

Նկատի ունենալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կանոնակարգումը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողի կողմից առաջադրված հարցերն այլ են, և ՍԴՈ-1321 որոշմամբ Սահմանադրական դատարանն այդ հարցերին չի անդրադարձել:

Հաշվի առնելով այն, որ դիմողի կարծիքով վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ խախտվում է իր` Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը սահմանափակում է ըստ կտակի ժառանգ հանդիսացող անձի` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, և արդյո՞ք այդ սահմանափակումը համահունչ է համաչափության սահմանադրաիրավական սկզբունքին:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

5.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է»:

Ժառանգելու իրավունքը սերտորեն կապված է սեփականության իրավունքի հետ և ոչ միայն այն պատճառով, որ ժառանգությունը սեփականության ձեռքբերման օրինական հիմքերից մեկն է, այլ նաև այն պատճառով, որ սեփականատիրոջ գույքը ժառանգաբար փոխանցելու հնարավորությունը առավել պաշտպանված և անձեռնմխելի է դարձնում սեփականության իրավունքն ընդհանրապես: Մասնավորապես, ժառանգության ինստիտուտի առկայության պայմաններում, եթե ժառանգատուն այլ որոշում չկայացնի, նրա գույքը որպես կանոն շարունակելու է մնալ մասնավոր սեփականության ներքո` իմաստավորելով սեփականության իրավունքի անժամկետ լինելու հանգամանքը:

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1321 որոշմամբ նշել է, որ «ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է անձի սեփականության իրավունքը, որի շրջանակներում սահմանադիրն առանձին դրույթով` նույն հոդվածի 2-րդ մասով, երաշխավորում է ժառանգելու իրավունքը: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված` «օրինական հիմքով ձեռք բերած» բառակապակցությունը ներառում է նաև գույքի ժառանգումը` որպես սեփականության ձեռքբերման հիմք: Նշված իրավական դիրքորոշումը բխում է օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, այն է` «... քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են... օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով» և 172-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է` «Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց» դրույթներից»:

Մյուս կողմից, սեփականատիրոջ` սեփականության իրավունքից բխող տնօրինելու իրավազորությունն առնչվում է ժառանգության իրավունքին այն իմաստով, որ գույքը տնօրինելու արդյունքում որոշվում է գույքի ճակատագիրը, մասնավորապես` կտակ կազմելու միջոցով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ժառանգության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական պահանջը պոզիտիվ պարտականություն է ստեղծում պետության համար` նախատեսելու պատշաճ համակարգ, որը կապահովի ժառանգատուի գույքը ժառանգաբար փոխանցելու հնարավորություն: Եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունը երաշխավորում է նաև անձի իրավունքը` իր հայեցողությամբ տնօրինելու իր սեփականությունը, ապա առաջնային պետք է ապահովվի ժառանգատուի կամահայտնության իրականացումն իրեն պատկանող գույքի ճակատագրի որոշման առումով: Դա ուղղակիորեն բխում է Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված պահանջներից:

i

Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-917 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Ժառանգական իրավունքն ապահովում է սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը նաև նրա մահից հետո` հնարավոր դարձնելով նրա սեփականատիրական իրավազորությունների հաջորդայնությունը: Միևնույն ժամանակ, այն ժառանգի համար առաջացնում է ժառանգատուի սեփականության հանդեպ իրավահաջորդության սահմանադրորեն պաշտպանված հնարավորություն: Ժառանգական սուբյեկտիվ իրավունքը, այսպիսով, պաշտպանում է թե ժառանգություն տալու, թե ժառանգություն ընդունելու (ստանալու) իրավունքները: Ըստ օրենքի` ժառանգումը հիմնված է այն ենթադրության վրա, որ ժառանգորդների շրջանակը, դրանց ժառանգության հրավիրելու հերթերը, ժառանգական գույքի չափը սահմանող օրենքը համապատասխանում են ժառանգատուի կամքին, որը չի ցանկացել կամ չի կարողացել արտահայտել իր կամքը այլ կերպ, օրինակ` կտակի միջոցով»:

Մեկ այլ` 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանի գնահատմամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը»:

Ամփոփելով սեփականության իրավունքն ամրագրող սահմանադրական նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը փաստում է, որ ժառանգության իրավունքը, այդ թվում` ժառանգների օրինական ակնկալիքի իրավունքն անմիջական կախվածության մեջ է գտնվում ժառանգատուի կամքից: Կտակի առկայության դեպքում ժառանգությունը բաշխվում է կտակարարի կամահայտնությանը համապատասխան, կտակի բացակայության պայմաններում գույքն անցնում է ժառանգներին օրենքով նախատեսված կարգով, ընդ որում` ենթադրվում է, որ օրենքով սահմանված կարգը համապատասխանում է ժառանգատուի կամքին, որը չի ցանկացել կամ չի կարողացել արտահայտել իր կամքը կտակի միջոցով: Այսինքն` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ բոլոր դեպքերում ժառանգության բաշխումն իրականացվում է ժառանգատուի կամքին համահունչ` մի դեպքում` ուղղակի կամահայտնության (կտակի) արդյունքում, մյուս դեպքում` կամահայտնության կանխավարկածը հաշվի առնելով:

 

i

5.2. Սահմանադրաիրավական վերոնշյալ կարգավորումների համատեքստում Օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսել է գույքի` ժառանգաբար փոխանցման երկու հիմք` ժառանգությունն ըստ կտակի և ըստ օրենքի: Օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման համար կարևոր է հաշվի առնել, որ Օրենսգրքի համաձայն` «ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում» (1185-րդ հոդված, 2-րդ մաս): Այսինքն` քաղաքացիական օրենսդրությամբ իրագործվել է սահմանադրաիրավական այն մոտեցումը, համաձայն որի` ըստ կտակի ժառանգությունը նախապատվություն ունի ըստ օրենքի ժառանգության նկատմամբ: Հաշվի առնելով, որ սեփականատերը տնօրինում է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ, ըստ օրենքի ժառանգությունը վրա է հասնում միայն կտակի բացակայության պայմաններում կամ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում (պարտադիր բաժնի իրավունքի իրագործում, չկտակված ժառանգական զանգվածի` ըստ օրենքի ժառանգում և այլն):

Միաժամանակ հարկ է նշել, որ ժառանգատուի կամահայտնության արդյունավետ իրագործման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կտակի ազատության սկզբունքը:

Ըստ այդ սկզբունքի` կտակարարը իրավունք ունի ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կատարել կտակային հանձնարարություններ, նշանակել ենթաժառանգներ, փոփոխել, լրացնել կամ վերացնել կտակը, ինչպես նաև իրականացնել կտակի հետ կապված Օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:

i

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կտակի ազատությունը կարող է սահմանափակվել միայն ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով: Փաստացի դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ առկա կլինեն պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգներ: Օրենսգրքի 1194-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների շարքին են դասվում ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Ըստ կտակի ժառանգության կարևորությունն ու առաջնահերթությունն արտահայտվում են նաև նրանում, որ անգամ ժառանգությունից մեկուսացված անձինք, որոնց շարքին են դասվում, մասնավորապես, այն անձինք, որոնք դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ, կարող են ժառանգել ըստ կտակի, եթե վերջիններիս նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո: Այսինքն` համապատասխան իրավակարգավորումներով առաջնային է դիտարկվել սեփականատիրոջ (ժառանգատուի) իրական կամքը:

i

Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի 1202-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`

1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.

2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով: Ընդ որում` ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով: Այս կարգավորումը ևս վկայում է ժառանգատուի հայեցողության առաջնային լինելու մասին, ինչի արդյունքում իրագործվում է սեփականատիրոջ կամքը` իրեն պատկանող գույքն իր նախընտրած ժառանգներին փոխանցելու առումով:

 

i

5.3. Օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Սահմանված կարգով ընդունելու դեպքում ժառանգական գույքը կհամարվի օրինական հիմքով ձեռք բերված սեփականություն: Այդ առումով ժառանգության ընդունումը միակողմանի գործարք է, որի հիման վրա ժառանգաբար փոխանցվող գույքի նկատմամբ առաջանում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Քանի որ ժառանգության ընդունումը գործարք է, վերջինիս նկատմամբ կիրառելի են գործարքների ձևերին վերաբերող դրույթները:

Բացի դրանից, Օրենսգրքով նախատեսվում են մի շարք պահանջներ ժառանգության ընդունման` որպես իրավաբանական փաստի, նկատմամբ: Մասնավորապես` ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում` անկախ այն բանից, թե ինչ է այն և որտեղ է գտնվում: Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից: Միաժամանակ, ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Հաշվի առնելով մասնավոր իրավահարաբերությունների առանձնահատկությունները` Օրենսգիրքը ժառանգության ընդունման իրավաբանական եղանակից բացի նախատեսել է նաև փաստացի տիրապետման կամ կառավարման ուժով ժառանգության ընդունման հնարավորությունը:

i

Մասնավորապես, մի դեպքում` Օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Տվյալ եղանակով ժառանգության ընդունման պարագայում հստակ արտահայտվում է ժառանգի կամքը ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելու առումով: Մյուս դեպքում` Օրենսգրքով սահմանվում է, որ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկում գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարում է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարում է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստանում է ժառանգատուին հասանելիք գումարները:

Այսինքն` ի տարբերություն նոտարին դիմելու միջոցով ժառանգություն ընդունելու եղանակի` օրենսդիրը նախատեսել է նաև կոնկլյուդենտ գործողություններով ժառանգություն ընդունելու հնարավորություն, այն է` այնպիսի գործողություններով, որոնք վկայում են ժառանգությունն ընդունելու մասին: Դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ եթե մասնավոր հարաբերություններում գոյություն ունենար միայն նոտարին դիմելու միջոցով ժառանգություն ընդունելու եղանակը, ապա լուրջ խոչընդոտներ կստեղծվեին ժառանգական գույքը ժառանգներին փոխանցվելու առումով, մասնավորապես, երբ սահմանված ժամկետում ժառանգը չդիմեր նոտարին ժառանգությունն ընդունելու համար, ապա մեծ կլիներ սեփականության կորստի հավանականությունը, ինչը չէր բխի սեփականության երաշխավորման սկզբունքից, այն է` ժառանգատուի կամահայտնության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգների օրինական ակնկալիքի իրավունքից:

Հարկ է նշել, որ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է որոշակի նախապայմաններ: Նախ` փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը իրավական կանխավարկած է, որը կարող է հերքվել կամ վիճարկվել: Երկրորդ` օրենսդիրը, նախատեսելով ժառանգի կողմից կատարվող փաստացի գործողությունների շրջանակը, այնուամենայնիվ չի սահմանել այդ գործողությունների սպառիչ ցանկ: Այսպիսով` կարևորելով ժառանգների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` օրենսդիրը միաժամանակ հնարավորություն է նախատեսել վեճերի դեպքում հերքել կամ հաստատել փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման հանգամանքը:

 

5.4. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգությունն ընդունելու եղանակների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին:

Ըստ Վճռաբեկ դատարանի` «(...) ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն, թե ըստ օրենքի և թե ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը» (Վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. թիվ ԵԱՔԴ/1018/02/09 որոշում):

Այդ առումով, գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման հետ կապված գործողությունները հենց այն կոնկլյուդենտ գործողություններն են, որոնք ուղղված են ժառանգությունն ընդունելուն: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ժառանգությունն ընդունվում է ըստ օրենքի թե ըստ կտակի, ժառանգի փաստացի գործողությունները միտված պետք է լինեն ժառանգության ընդունմանը, այն է` ժառանգական գույքն իր սեփականության վերածմանը:

Միաժամանակ, զարգացնելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը տարանջատում է ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության ընդունմանն ուղղված ակտիվ գործողությունները:

Վճռաբեկ դատարանը մի դեպքում նշում է, որ` «(...) ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը» (Վճռաբեկ դատարանի 04.10.2013թ. թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 որոշում):

Մյուս դեպքում Վճռաբեկ դատարանը նշում է, որ ըստ կտակի ժառանգման պարագայում ակտիվ գործողություններն ըստ էության «(...) հանգում են ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելուն» (Վճռաբեկ դատարանի 04.10.2013թ. թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 որոշում):

Նման դիրքորոշումների պարագայում ըստ կտակի ժառանգների համար փաստացի գործողությունները փաստորեն վերածվում են իրավաբանական գործողությունների, այն է` նոտարին դիմելու միջոցով ժառանգության ընդունմանը: Մինչդեռ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը ժառանգության ընդունման ինքնուրույն եղանակ է, որի իմաստն ու նշանակությունն այն է, որ նշված դեպքերում անհրաժեշտություն չկա ժառանգության ընդունման համար դիմել նոտարին:

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ ժառանգը, միաժամանակ հանդիսանալով և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգ, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունում է ժառանգությունը:

Նման պարագայում հաշվի առնելով Սահմանադրությունից բխող ըստ կտակի ժառանգման առաջնահերթությունը` փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման պարագայում մնացած այլ պայմանների հավասարության դեպքում պետք է կիրառվի ժառանգությունն ըստ կտակի ընդունման կանխավարկածը:

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ Օրենսգրքի 1230-րդ հոդվածի` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ընդ որում` եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով` ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով: Բացի դրանից, ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար: Ընդ որում` եթե ժառանգը միաժամանակ և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես` գույքի պահպանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառանգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառանգությունն ընդունվել է ըստ կտակի:

 

5.5. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգության ընդունման առանձնահատկությունները:

Հաշվի առնելով կտակի կարևորությունը ժառանգական հարաբերություններում` օրենսդիրը բավականաչափ կարգավորումներ է նախատեսել այդ ոլորտում: Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով նախատեսվել են հստակ պահանջներ կտակի ընդունման և դրա վավերականության վերաբերյալ: Բացի դրանից, հաշվի առնելով, որ կտակով իրագործվում է գույքի սեփականատիրոջ կամքը, Օրենսգրքով նախատեսվել են լայն հնարավորություններ` ուղղված ժառանգատուի կամահայտնության առավել արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես` նախատեսվել է կտակային հանձնարարության ինստիտուտը, համաձայն որի` կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարելու որևէ պարտավորություն (կտակային հանձնարարություն) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու այդ պարտավորությունը (Օրենսգրքի 1213-րդ հոդված): Կտակային հանձնարարությունը պետք է սահմանվի կտակում, ընդ որում` շահառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգները, այնպես էլ այլ անձինք:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն` կտակային հանձնարարության առարկա կարող է լինել ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը սեփականության կամ օգտագործման իրավունքով շահառուին հանձնելը, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունքը նրան փոխանցելը, այլ գույք ձեռք բերելն ու նրան հանձնելը, նրա համար որոշակի աշխատանքներ կատարելը կամ նրան որոշակի ծառայություններ մատուցելը:

Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել նաև կտակարարին պատկանող կենդանիները պահելը և խնամելը:

Կտակարարն իրավունք ունի այն ժառանգի վրա, որին անցնում է բնակելի տունը (բնակարանը), պարտավորություն դնել, որպեսզի նա տունը կամ դրա որոշակի մասը տրամադրի այլ անձի (անձանց)` ցմահ օգտագործման:

Դիտարկելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգության ընդունման հնարավորությունն այն պարագայում, երբ կտակում առկա է կտակային հանձնարարություն, Սահմանադրական դատարանը փաստում է, որ կտակային հանձնարարությունների մի մասն իր բնույթով կարող է իրագործվել բացառապես իրավասու մարմիններին դիմելու միջոցով, այդ թվում` ժառանգության ընդունման համար նոտարին դիմելով, մասնավորապես, երբ կտակային հանձնարարությունը վերաբերում է գրանցման ենթակա օբյեկտներին:

Սակայն մի շարք այլ դեպքերում կտակային հանձնարարությունները կարող են իրագործվել նաև ժառանգությունը փաստացի գործողություններով ընդունման պարագայում:

Միայն այն հանգամանքը, որ կտակային հանձնարարության կատարումը որոշակի դեպքերում արդեն իսկ պահանջում է ժառանգության ընդունում նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով, չի կարող զրկել ըստ կտակի ժառանգներին փաստացի տիրապետման եղանակով ժառանգական գույքն ընդունելու հնարավորությունից, այն է` սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքից:

Բացի դրանից, օրենսդիրը, հաշվի առնելով ժառանգական հարաբերությունների մասնավոր բնույթը, սահմանել է հետևյալ իրավակարգավորումը` «շահառուի (պարտատիրոջ) և ժառանգի, որի ժառանգական իրավունքը ծանրաբեռնված է կտակային հանձնարարությամբ (պարտապանի), միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի կանոններից կամ կտակային հանձնարարության էությունից» (1213-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այսինքն` եթե փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունած ըստ կտակի ժառանգը չի կատարում կտակային հանձնարարությամբ իր վրա դրված պարտավորությունները, ապա շահագրգիռ անձինք կարող են պահանջել, այդ թվում` դատական կարգով, ժառանգությունն ընդունած ժառանգի կողմից իր պարտավորությունների կատարում: Չի բացառվում նաև կտակային հանձնարարությունից բխող պահանջների դատական կարգով իրականացում, այդ թվում` կապված գույքի նկատմամբ իրավունքների գրանցման և այլնի հետ:

Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի 1212-րդ հոդվածը նախատեսում է կտակակատարի միջոցով կտակի կատարման ինստիտուտը: Մասնավորապես` կտակարարը կարող է կտակ կատարելը հանձնարարել կտակում նշված անձին` կտակակատարին: Անձի` որպես կտակակատար հանդես գալու համաձայնությունը պետք է արտահայտված լինի կտակում արված նրա անձնական մակագրության կամ կտակին կից հայտարարության մեջ:

Բացի դրանից, ըստ Օրենսգրքի` ժառանգներն իրենց համաձայնությամբ կարող են կտակի կատարումը հանձնարարել իրենցից մեկին կամ այլ անձի: Նման համաձայնության բացակայության դեպքում ժառանգներից մեկի կամ մի քանիսի պահանջով կտակակատար նշանակում է դատարանը:

Կտակակատարը պարտավոր է սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար, բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին, ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը, սահմանված հերթականությամբ մարել ժառանգման հետ կապված պարտքերը, ապահովել ժառանգների կողմից իրենց հասանելիք գույքի ստացումը ժառանգատուի կամքին և օրենքին համապատասխան, կատարել կտակային հանձնարարությունները կամ ըստ կտակի ժառանգներից պահանջել կտակային հանձնարարության կատարում, ժառանգների պահանջով հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին և այլն:

Միաժամանակ, կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործերը:

i

Կարևոր է նաև նշել, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին, իսկ նույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա:

i

Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերի շարքին է դասում, ի թիվս այլնի` ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին վերաբերող փաստերը, որոնք շահագրգիռ անձանց պահանջով կարող են հաստատվել դատարանի կողմից:

Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կտակի կատարման հետ կապված, այդ թվում` կտակային հանձնարարությունների իրագործման վերաբերյալ իրավակարգավորումները որևէ կերպ չեն խոչընդոտում փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգության ընդունումը: Հակառակը, Օրենսգրքով նախատեսված կառուցակարգերը լիովին կիրառելի են ինչպես նոտարին դիմելու, այնպես էլ ժառանգական գույքը փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման համար` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մասնավոր իրավահարաբերություններում շահագրգիռ անձինք, տեղեկացված լինելով իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ի զորու են միջոցներ ձեռնարկել իրենց իրավունքները և շահերը պաշտպանելու համար, այդ թվում` դատական կարգով:

 

5.6. Վճռաբեկ դատարանը, մերժելով դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, ըստ էության գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն չունի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Միաժամանակ, համաձայնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021թ. որոշմամբ արտահայտված պատճառաբանությունների հետ` Վճռաբեկ դատարանը չի համարել, որ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշման համաձայն` «հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին չի ներկայացրել ըստ կտակի ժառանգության ընդունման մասին դիմում: Նույնանման փաստեր են առկա եղել նաև թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, և այդ հիմքով Դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. որոշմամբ այն իրավական նորմերի վերաբերյալ կատարված մեկնաբանություններին, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հետ կապված հարաբերությունները և հանգում են նրան, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով»:

Հաշվի առնելով վիճարկվող դրույթի վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկան, համաձայն որի` փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման հնարավորությունը սահմանափակվում է ըստ կտակի ժառանգների համար, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ սահմանափակումներին համաչափության սահմանադրաիրավական պահանջների տեսանկյունից:

Իրավունքի կամ ազատության սահմանափակման համաչափության գնահատման համար կարևոր է պարզել ընտրված միջոցների անհրաժեշտ և պիտանի լինելու հանգամանքը Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Համաչափության սկզբունքի տարրերից յուրաքանչյուրին բովանդակային առումով Սահմանադրական դատարանը մանրամասն անդրադարձել է իր` 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ:

Համաչափության սկզբունքին անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ը` այն մեկնաբանելով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման թույլատրելիության սահմանները որոշելու նպատակով: ՄԻԵԴ-ը կարևորել է հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցի միջև համաչափության պահպանման հարցը (Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium, Application no. 17849/91, 20.11.1995, § 38):

Դատարանը միջամտությունը պետք է դիտարկի գործի ողջ հանգամանքների լույսի ներքո: Մասնավորապես` պետք է որոշվի` արդյո՞ք կատարված միջամտությունը համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին (Barfod V. Denmark, Application no. 11508/85, 22.02.1989, § 28):

Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման հնարավորության սահմանափակումը պետք է հետապնդի Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ նպատակ, իսկ այդ սահմանափակման համար օրենսդրորեն ընտրված միջոցը պետք է ի զորու լինի ապահովելու հետապնդվող նպատակը և մնացած միջոցների համեմատ նույն ներգործությամբ պետք է ապահովի առավել մեղմ միջամտություն ըստ կտակի ժառանգման իրավունքին:

Այդ առումով հարկ է նշել, որ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման համար ըստ կտակի ժառանգների իրավունքներին միջամտությունը, նախ, սահմանված չէ օրենքով, երկրորդ` այն չի բխում Սահմանադրությամբ ամրագրված` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից:

Հարկ է նշել, որ ըստ օրենքի ժառանգների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը չի կարող իրավաչափ նպատակ հանդիսանալ ըստ կտակի ժառանգների իրավունքների սահմանափակման համար, քանի որ ըստ օրենքի ժառանգների` ժառանգական գույքի նկատմամբ օրինական ակնկալիքը կարող է ի հայտ գալ ըստ կտակի ժառանգների բացակայության պարագայում (այդ թվում` երբ ըստ կտակի ժառանգները հրաժարվել են ժառանգությունից, ճանաչվել են անարժան ժառանգներ և այլն): Բացի դրանից, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգության ընդունման հետ կապված թվացյալ բարդությունները և անորոշությունները (կտակային հանձնարարության իրագործումը, պայմանով կտակի կատարելը, կտակով որոշված բաժիններին համահունչ ժառանգական գույքը բաշխելը և այլն) չեն կարող իրավաչափ հիմք հանդիսանալ Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման համար:

Ելնելով ողջ վերոգրյալից` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ`

նախ, ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որևէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառանգի իրավունքը` փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը,

երկրորդ, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար: Վճռաբեկ դատարանը, իր սահմանադրական առաքելությունից ելնելով, իրավազոր է ձևավորել վիճարկվող դրույթի վերաբերյալ համապատասխան իրավակիրառ պրակտիկա` հաշվի առնելով վիճարկվող դրույթի կիրառման առանձնահատկությունները, կապված ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի հետ, սակայն ոչ արգելափակել ընդհանրապես վիճարկվող նորմի կիրառման հնարավորությունն ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար,

երրորդ, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որևէ նպատակ,

չորրորդ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգների իրավունքները` ըստ էության սահմանափակվում են նաև կտակային հանձնարարություններից բխող շահառուների իրավունքները, քանի որ, ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում` կտակային հանձնարարությունները,

հինգերորդ, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայտնությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգների համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում` իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում:

i

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴՈ-1660

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 15 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.07.2022
N ՍԴՈ-1660
Որոշում