Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1048-Ն

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 7-ի

N 1048-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ` Կանոն) սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ` ամբարձիչ կռունկների պատրաստման, բեռնաբռնիչ սարքերի, ինչպես նաև ամբարձիչ մեխանիզմների, հարմարանքների ու տարաների կառուցվածքի, դրանց տեղակայման, նորոգման ու շահագործման համար:

2. Սույն Կանոնի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող հետևյալ տեսակի ամբարձիչ կռունկների վրա.

1) բոլոր տեսակի ամբարձիչ կռունկների վրա` ներառյալ մանիպուլյատոր կռունկների,

2) կռունկ-էքսկավատորների վրա, որոնք նախատեսված են միայն կեռով, գրեյֆերով կամ մագնիսով աշխատելու համար,

3) էլեկտրական բեռնասայլակների վրա, որոնք կառավարման խցիկի հետ միաժամանակ տեղաշարժվում են վերգետնյա ռելսուղիներով,

4) էլեկտրական և ձեռքի բազմաճախարակների ու կարապիկների վրա, որոնք նախատեսված են բեռներ կամ մարդկանց բարձրացնելու համար,

5) հանովի բեռնաբռնիչ սարքերի վրա (կեռերեր, գրեյֆերներ, ամբարձիչ էլեկտրամագնիսներ),

6) հանովի բեռնաբռնիչ հարմարանքների վրա (առասաններ, բռնիչներ, հեծաններ),

7) կրող տարաների վրա` բացառությամբ հատուկ տարաներից, որոնք կիրառվում են մետալուրգիական արտադրության մեջ (շերեփներ, մուլդեր, կոճղակ-կաղապարներ):

3. Սույն տեխնիկական կանոնի պահանջները չեն տարածվում 2-րդ կետում չընդգրկված մնացած բոլոր տեսակի ամբարձիչ կռունկների վրա, այդ թվում.

1) ջրային լողամիջոցների վրա տեղակայված ամբարձիչ սարքավորումների վրա,

2) հորանցքներում տեղակայված վերհան սարքավորումների վրա,

3) հողափորիչ սարքավորումներով կամ գրեյֆերներով աշխատելու համար նախատեսված էքսկավատորների վրա,

4) միայն կախովի սարքավորումներով (թրթրասուզիչներ, ագուլցաքաշիչներ, ճոճեր, հորատման հաստոցներ) աշխատող ամբարձիչ կռունկների վրա,

5) հատուկ նշանակության բեռնաբարձ մեքենաների (բեռնիչներ, հատակային, փորվածքային և նստեցնող մեքենաներ, էլեկտրաավտոբեռնիչներ, խողովակադարսիչներ, ճանապարհային և կամրջային կառույցների տեղակայման մեքենաներ) վրա,

6) հավաքակցման բազմաճախարակների և շինվածքների վրա, որոնցից դրանք կախվում են (կայմասյուներ, անկյունային հեծակների և այլ հեծաններ),

7) ռազմական նշանակության հատուկ ամբարձիչ կռունկների վրա:

4. Սույն Կանոնի 2-րդ կետով նախատեսված արտադրատեսակները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված պահանջներին:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՐՄԻՆՆԵՐ

 

5. Սույն Կանոնում օգտագործվում են հետևյալ հասկացությունները և տերմինները`

1) ամբարձիչ կռունկ` պարբերական գործողության ամբարձիչ մեքենա` նախատեսված կախված կեռի կամ այլ բեռնաբռնիչ սարքի միջոցով տարածության մեջ բեռի բարձրացման և տեղափոխման համար,

2) կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկ` ամբարձիչ կռունկ, որի բեռնաբռնիչ սարքը կախված է բեռնային սայլակին, բազմաճախարակին կամ կամրջակով տեղաշարժվող սլաքային կռունկին,

3) այծիկային կռունկ` ամբարձիչ կռունկ, որի կոնստրուկցիայի կրող տարրերը հենվում են ենթակռունկային ռելսուղիների վրա` երկու հենարանային կանգնակների միջոցով,

4) մալուխային կռունկ` ամբարձիչ կռունկ, որի կրող տարրերը համարվում են ճոպանները, ամրացված հենակային կայմասյան վերևի մասից,

5) ճակատամուտքային կռունկ` ճակատամուտքի (պորտալի) վրա տեղակայված շարժական շրջադարձային կռունկ` նախատեսված երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտի անցման համար,

6) սլաքային կռունկ` շրջադարձային ամբարձիչ կռունկ, որի սլաքը կամ աշտարակասլաքային սարքավորումն ամրացված է շրջադարձային հենահարթակի վրա,

7) սլաքային ինքնագնաց կռունկ` ամբարձիչ կռունկ, որը սարքավորված է աշտարակասլաքային սարքավորումով և կարող է ինքնագնաց հենասարքի միջոցով տեղաշարժվել ինչպես բեռնված, այնպես էլ չբեռնված վիճակով` պահպանելով կայունությունը ծանրության ուժի շնորհիվ,

8) աշտարակային կռունկ` շրջադարձային սլաքով ամբարձիչ կռունկ, ամրացված ուղղաձիգ տեղակայված աշտարակի վերևի մասում,

9) երկաթուղային կռունկ` հենահարթակին հավաքակցված և երկաթուղային գծերով տեղաշարժվող ամբարձիչ կռունկ,

10) բարձակային կռունկ` սլաքային տեսակի ամբարձիչ կռունկ, որի բեռնաբռնիչ սարքը կախված է կոշտ ամրացված բարձակային սլաքից կամ սայլակից և շարժվում է բարձակի վրայով,

11) կռունկ մանիպուլյատոր` ամբարձիչ կռունկ, բաղկացած կռունկամանիպուլյատորային սարքից, տեղակայված ավտոմոբիլային հենասարքի կամ հիմքի վրա,

12) գրեյֆերային կռունկ` բեռնաբռնիչ սարքով ամբարձիչ կռունկ` գրեյֆերային տեսքով,

13) մագնիսային կռունկ` մագնիսային ձևի բեռնաբռնիչ հարմարանքով սարքավորված ամբարձիչ կռունկ,

14) ինքնագնաց կռունկ` տեղաշարժվող ամբարձիչ կռունկ, որը սարքավորված է աշխատանքի ընթացքում մի տեղամասից մյուս տեղամաս տեղաշարժման մեխանիզմով,

15) հեծանային կռունկ` սլաքային տեսակի ամբարձիչ կռունկ, որի բեռնաբռնիչ սարքը կախված է կոշտ ամրակցված հեծանից (սլաքից) կամ հեծանով տեղաբաշխվող սայլակից,

16) ավտոմոբիլային կռունկ` կռունկ, որը տեղակայված է ավտոմոբիլային հենասարքի վրա,

17) կարապիկ` մեխանիզմ, որի քարշուժը շարժաբեր թմբուկից անմիջապես փոխանցվում է ճկուն տարրի (ճոպան, շղթա) միջոցով,

18) հանովի բեռնաբռնիչ սարք` սարքավորում, որն ամբարձիչ կռունկին միացնում է համապատասխան օգտակար բեռնաբարձության բեռը և չի հանդիսանում ոչ բեռի ոչ էլ կռունկի մասը,

19) ոչ հանովի բեռնաբռնիչ սարք` սարքավորում, որից կարելի է կախել նետտո բեռնաբարձությանը համապատասխան օգտակար բեռնաբարձության բեռը, որը մշտապես կախված է կռունկի բեռը վեր բարձրացնող սարքի ներքևի ծայրից: Ոչ հանովի բեռնաբռնիչ հարմարանքը հանդիսանում է կռունկի բաղկացուցիչ մասը,

20) ձեռքի բազմաճախարակ` ձեռքի շարժաբերով ճոպանավոր կամ շղթայավոր բեռնաբարձիչ մեխանիզմ,

21) բեռնային մոմենտ` սլաքի արտաթռիչքի և դրան համապատասխան բեռնաբարձության մեծությունների արտադրյալը,

22) սլաքի արտաթռիչք` հորիզոնական հարթակի վրա կանգնեցված ամբարձիչ կռունկի բեռնաբռնիչի ուղղաձիգ առանցքի և կռունկի շրջադարձվող մասի պտտման առանցքի միջև ընկած հորիզոնական հեռավորությունը,

23) ստատիկ փորձարկում` ամբարձիչ կռունկի նվազագույն բեռնաբարձության 25% գերազանցող բեռով կռունկի կրող կոնստրուկցիաների ամրության ստուգման նպատակով փորձարկում` առաձգական խախտման դեֆորմացիայի չափմամբ,

24) դինամիկ փորձարկում` ամբարձիչ կռունկի փորձարկում, որը կատարվում է աշխատանքային շարժումներով կռունկի նվազագույն բեռնաբարձության 10% գերազանցող բեռով` ամբարձիչ կռունկի մեխանիզմների և արգելակների աշխատանքը ստուգելու նպատակով,

25) Կռունկի վերակառուցում` կռունկի կառուցվածքի փոփոխություն, որը ստեղծում է անհրաժեշտություն կռունկի տեխնիկական անձնագրում էական պայմանների ճշգրտման կամ փոփոխության, կռունկի վերակահավորում և այլ փոփոխություններ, որը կառաջացնի բեռնվածքների փոփոխություններ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. Ամբարձիչ կռունկները դասակարգվում են`

1) ըստ կոնստրուկցիայի,

2) ըստ բեռնաբռնիչ սարքի,

3) ըստ տեղաշարժման հնարավորության,

4) ըստ ընթացային սարքերի,

5) ըստ շարժաբերի տեսակի,

6) ըստ շրջադարձի աստիճանի:

7. Ամբարձիչ կռունկները պետք է կառուցվեն նախագծային փաստաթղթերին համապատասխան:

8. Պայթյունավտանգ միջավայրում աշխատելու համար ամբարձիչ կռունկի հնարավորությունների մասին պետք է նշված լինի դրա տեխնիկական անձնագրում կամ շահագործման հրահանգում:

9. Ամբարձիչ կռունկների բեռնաբարձությունը և մյուս պարամետրերը, ինչպես նաև չափերը պետք է համապատասխանեն նախագծման տեխնիկական պայմաններին:

10. Ամբարձիչ կռունկների մեխանիզմների, հանգույցների և բաղկացուցիչ մասերի բեռնաբարձության հաշվարկը պետք է կատարվի ըստ դրանց աշխատանքի իրական ռեժիմի:

11. Այծիկային և բարձակային կռունկների բեռնային սայլակների ուղու թեքությունը, դրանց առավելագույն աշխատանքային բեռով և անբարենպաստ դիրքի դեպքում` չպետք է գերազանցի 0,03 o-ից ավելի մեծությանը: Նշված պահանջը չի տարածվում այն ամբարձիչ կռունկների վրա, որոնց սայլակների տեղաշարժման մեխանիզմները սարքավորված են ավտոմատ կարգով աշխատող արգելակներով, կամ սայլակի տեղափոխությունը կատարվում է ճոպանային քարշով:

12. Գետնից կառավարվող, ինչպես նաև վերգետնյա ռելսուղիներով շարժվող ամբարձիչ կռունկների շարժման արագությունը (բացի երկաթուղայինից) չպետք է գերազանցի 50 մ/րոպեից, իսկ դրանց սայլակներինը` 32 մ/րոպեից:

13. Սլաքային շարժական ամբարձիչ կռունկները (ավտոմոբիլային, թրթուրային, պնևմոդողային, երկաթուղային) պետք է հաշվարկված լինեն ըստ ամբարձիչի բեռի հետ սլաքի արտաթռիչքի փոփոխման հնարավորությամբ` բեռնաբարձության սահմաններին համապատասխան:

14. Ամբարձիչ կռունկի բեռի բարձրացման և սլաքի արտաթռիչքի փոփոխման մեխանիզմները պետք է պատրաստվեն այնպես, որպեսզի բեռի կամ սլաքի իջեցումը հնարավոր լինի կատարել միայն շարժիչի միջոցով:

15. Ամբարձիչ կռունկի մեխանիզմները, որոնք սարքավորված են բռնցքային (ճանկավոր), ֆրիկցիոն (շփումային) կամ այլ մեխանիկական հարմարանքներով, դրանց աշխատանքային շարժումների արագությունների ընդգրկույթների (դիպազոնների) միացման կամ փոխարկման համար պետք է պատրաստվեն այնպես, որպեսզի լինի մեխանիզմի ինքնակամ միացում կամ անջատում: Բացի դրանից չպետք է լինի բեռի և սլաքի բարձրացման կարապիկի արագության փոփոխման հնարավորություն, ինչպես նաև կարապիկի մեխանիզմի անջատումն առանց նախապես արգելակման:

16. Արգելվում է շփման և բռնցքային կցորդիչների միացումն այն մեխանիզմներին, որոնք նախատեսված են մարդկանց բարձրացնելու, ինչպես նաև հալած և շիկացած մետաղներ, թունավոր և պայթուցիկ նյութեր բարձրացնելու համար, բացառությամբ`

1) տեղաշարժման կամ շրջադարձային մեխանիզմների, որոնք ունեն արագության մի քանի մեծություն` մի արագությունից մյուսին փոխարկելու համար,

2) թրթուրավոր ամբարձիչների տեղաշարժման մեխանիզմների` երկու թրթուրների ընդհանուր շարժաբերով դրանցով առանձին-առանձին ղեկավարելու համար:

Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում արգելակը պետք է ունենա չանջատվող կինեմատիկական կապ ամբարձիչ կռունկի շրջադարձային մասի, թրթուրների կամ անիվների հետ:

17. Ամբարձիչ կռունկների մեխանիզմների հանգույցներում, որոնք փոխանցում են պտտման մոմենտ, պետք է կիրառվեն երիթներով, գամասեղներով և հեղյուսներով միացումներ:

18. Անշարժ սռնիները, որոնք թմբուկների, բլոկների, անիվների, գլանվածքների և դրանց վրա պտտվող մասերի համար ծառայում են որպես հենարան, պետք է լինեն ամուր` տեղաշարժվելուց խուսափելու համար:

19. Ամբարձիչ կռունկների հեղյուսային, երիթային և սեպային միացումները պետք է պաշտպանվեն ինքնակամ ետ պտտվելուց կամ անջատվելուց:

20. Ձեռքի շարժաբերով ամբարձիչ կռունկների ձգանիվները պետք է ունենան ուղղորդիչներ, դրանց վրա աշխատող շղթաների անկումից խուսափելու համար: Ձգաշղթան պետք է ունենա այնպիսի երկարություն, որպեսզի դրա ամենացածր մասը լինի մոտ 500 մմ բարձրությամբ այն մակերեսից, որի վրա գտնվում է կռունկը գործարկող անձը:

21. 5տ և ավելի բեռնաբարձություն ունեցող կռած և դրոշմած կեռերի ամրացումը, ինչպես նաև հեծանում թիթեղավոր կեռերի երկժանին պետք է բացառեն պնդօղակի ինքնակամ հետպտտումը, ինչի համար այն պետք է ամրակցվի պնդիչ ձողիկով (զոլակով): Արգելվում է պնդօղակի պնդեցումն անմիջապես բույթով կամ երթակով:

22. Այն ամբարձիչ կռունկները, որոնց շահագործման պայմանները պահանջում են բեռնավորված սլաքի իջեցում մինչև հորիզոնական դիրքը, պետք է ապահովված լինեն կայունությամբ, երբ սլաքը գտնվում է հորիզոնական դիրքում:

23. Ամբարձիչ կռունկների մետաղյա կոնստրուկցիաները և բաղկացուցիչ մասերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից (ժանգոտումից):

24. Ամբարձիչ կռունկի մշտական զննում և յուղում պահանջող մեխանիզմները, պաշտպանիչ սարքավորումները, ինչպես նաև էլեկտրասարքավորումները, պետք է ունենան անվտանգ մոտեցման սրահներ, հարթակներ, սանդուղքներ: Դրանց բացակայության դեպքում սլաքային ամբարձիչ կռունկի վրա, բլոկների և սարքերի սպասարկման համար, պետք է նախատեսվի սլաքի իջեցման հնարավորություն:

25. Փոխադրովի և ազատ կանգնած սլաքային ամբարձիչ կռունկները պետք է լինեն կայուն դիրքում, ինչպես աշխատանքի ընթացքում, այնպես էլ ոչ աշխատանքային ժամերին:

26. Դուրս քաշվող սլաքներ և աշտարակներ ունեցող ամբարձիչ կռունկների վրա պետք է նախատեսվեն դուրս քաշվող մետաղակոնստրուկցիաների հուսալի սևեռակում:

27. Բացօթյա պայմաններում աշխատող ամբարձիչ կռունկների տուփային և խողովակային մետաղակոնստրուկցիաներում պետք է նախատեսվեն միջոցներ` դրանցում խոնավության կուտակումների կանխման համար:

28. Սլաքային ինքնագնաց և աշտարակային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն աշխատատևության մոտոժամային հաշվարկման սարքավորումներով:

29. Ամբարձիչ կռունկների առաստանների և մետաղյա ճոպանների հաշվարկը պետք է կատարվի` հաշվի առնելով ճոպանի ճյուղերի քանակը և ուղղաձիգի նկատմամբ դրանց թեքման անկյունը:

30. Մի քանի ճյուղեր ունեցող ընդհանուր նշանակության առաստանների հաշվարկի ժամանակ դրանց միջև հաշվարկային անկյունը պետք է ընդունել 900: Որոշակի բեռների համար նախատեսված առաստանների հաշվարկի ժամանակ պետք է ընդունել փաստացի անկյունը: Առաստանների հաշվարկի ժամանակ ճոպանների ամրության պաշարի գործակիցը պետք է ընդունել 6-ից ոչ պակաս:

Բազմաճյուղ առաստանների կոնստրուկցիան պետք է ապահովի բոլոր ճյուղերի հավասարաչափ ձգումը:

31. Ամբարձիչ կռունկների վուշե, կապրոնե և բամբակե ճոպանների (ժապավենների) հաշվարկը պետք է կատարվի հաշվի առնելով ճոպանների ճյուղերի քանակը և ուղղաձիգի նկատմամբ դրանց թեքման անկյունը, ընդ որում ամրության պաշարի գործակիցը պետք է ընդունել 8-ից ոչ պակաս:

 

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

32. Ամբարձիչ կռունկների կառուցման ժամանակ դրա բեռնվածությունը, չափերը, ինչպես նաև մյուս պարամետրերը պետք է ընտրվեն համաձայն նախագծման տեխնիկական առաջադրանքի:

33. Ամբարձիչ կռունկները, որոնք նախատեսված են աշխատելու բարձր սեյսմակայունությամբ վայրերում (6 բալից բարձր), պետք է պատրաստվեն` հաշվի առնելով սեյսմիկ պայմանները:

34. Պայթյունահրդեհավտանգ միջավայրում աշխատելու համար նախատեսված, ինչպես նաև ռադիոակտիվ, թունավոր և պայթուցիկ նյութեր տեղափոխող ամբարձիչ կռունկների նախագծումը և պատրաստումը պետք է կատարվի հատուկ տեխնիկական առաջադրանքով: Պայթյունահրդեհավտանգ միջավայրում ամբարձիչ կռունկի աշխատելու համապատասխանության մասին պետք է նշված լինի դրա տեխնիկական անձնագրում, ինչպես նաև շահագործման փաստաթղթերում:

35. Ամբարձիչ կռունկների մետաղակոնստրուկցիաների և դրանց տարրերի վրա օգտագործվող նյութերի ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով ամբարձիչ կռունկի աշխատանքային և ոչ աշխատանքային վիճակի համար միջավայրի ջերմաստիճանի նվազագույն թույլատրելի սահմանը, մետաղակոնստրուկցիաների տարրերի ծանրաբեռնվածության աստիճանը և շրջակա միջավայրի պայմանները:

36. Ամբարձիչ կռունկների մեխանիզմները, որոնք սարքավորված են բռնցքային (ճանկավոր), ֆրիկցիոն (շփումային) կամ այլ մեխանիկական սարքավորումներով, դրանց միացման կամ աշխատանքային շարժման մեջ դնելու համար, պետք է նախագծվեն և պատրաստվեն այնպես, որպեսզի բացառվեն դրանց ինքնակամ միացումը կամ անջատումը:

37. Երկու շարժաբերով բեռնային կարապիկներում շարժաբերները միմյանց հետ պետք է ունենան կոշտ կինեմատիկական կապ, որը կբացառի բեռի ինքնակամ իջնելը` շարժաբերներից մեկի խափանման դեպքում:

38. Պտտման մոմենտ հաղորդող ամբարձիչ կռունկների մեխանիզմների կոնստրուկցիաներում պետք է կիրառվեն երիթային և հեղյուսային միացումներ ու այլ միացումներ: Արգելվում է եռակցված հանգույցների և տարրերի կիրառումը:

39. Ամբարձիչ կռունկների կոնստրուկցիաներում տարրերի միացումները (հեղյուսային, երիթային, ատամնավոր) պետք է բացառեն կամայական պտտումները և զատումները:

40. Ամբարձիչ կռունկները, դրանց հանգույցները, մեխանիզմները, անվտանգության սարքերը պետք է պատրաստվեն այնպիսի կազմակերպություններում (ընկերություններում), որոնք ունեն համապատասխան շենքային պայմաններ, ինժեներական կառուցվածքներ, տեխնոլոգիական սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմ:

41. Եթե ամբարձիչ կռունկը պատրաստվում է մի քանի կազմակերպությունների կողմից մատակարարվող հանգույցների, մեխանիզմների, սարքերի օգտագործմամբ, ապա կռունկի պատրաստման որակի համար պատասխանատվությունը կրում են դրանք թողարկող և հավաքող կազմակերպությունները:

42. Ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագիրը կազմվում է կռունկը թողարկող և հավաքող գործարանի կողմից` համաձայն կռունկի համար առանձին հանգույցներ և սարքեր թողարկած կազմակերպությունների տեխնիկական տվյալների:

43. Ամբարձիչ կռունկի և առանձին մետաղակոնստրուկցիաների պատրաստման տեխնիկական պայմաններում` այլ ցուցանիշների հետ միասին պետք է նախատեսվեն պահանջներ եռակցման աշխատանքների որակի, հանգույցների և պատրաստի արտադրանքի ընդունման, ինչպես նաև տվյալներ օգտագործվող մետաղների և եռակցման նյութերի մասին:

44. Ամբարձիչ կռունկների պատրաստման որակի, տեխնիկական պայմանների, ստանդարտների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջների համապատասխանության ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Նախնական (գործարանային) փորձարկումը կատարվում է կռունկի փորձնական նմուշը պատրաստած գործարանում` համաձայն կռունկի նախագիծը մշակած կազմակերպության ծրագրի ու մեթոդական ցուցումների:

46. Պարբերական փորձարկման ծրագրով պետք է նախատեսվի փորձարկում պարապ ընթացքով, ստատիկ և դինամիկ փորձարկումներ, անվտանգության սարքերի ստուգում:

47. Պարբերական փորձարկման (երեք տարին մեկ) ենթարկվում է սերիական արտադրությամբ պատրաստված կռունկներից մեկը:

48. Ամբարձիչ կռունկի փորձարկման նմուշի պարբերական փորձարկման արդյունքներն ամփոփվում են ակտով` կազմված փորձարկմանը մասնակից անձանց համապատասխան եզրակացություններով:

49. Պատրաստված յուրաքանչյուր ամբարձիչ կռունկ պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկման` պատրաստող գործարանի որակի ստուգման ծառայության կողմից: Փորձարկման արդյունքները պետք է մտցվեն ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրի մեջ:

50. Պատրաստված յուրաքանչյուր ամբարձիչ կռունկ պետք է ունենա`

1) տեխնիկական անձնագիր,

2) տեխնիկական նկարագրություն,

3) շահագործման հրահանգ,

4) հավաքակցման հրահանգ,

5) այլ փաստաթղթեր, սահմանված կռունկի պատրաստման տեխնիկական պայմանների պահանջներով: Համապատասխան տեխնիկական անձնագրեր պետք է լինեն նաև ամբարձիչ կռունկի վրա օգտագործվող առանձին հանգույցների, մեխանիզմների և անվտանգության սարքերի համար:

51. Ամբարձիչ կռունկի լավ տեսանելի մասում պետք է ամրացվի ցուցանակ հետևյալ բովանդակությամբ`

1) ամբարձիչ կռունկը պատրաստած գործարանի անվանումը, գտնվելու վայրը,

2) ամբարձիչ կռունկի թողարկման ժամկետը, հերթական համարը,

3) ամբարձիչ կռունկի առավելագույն բեռնաբարձությունը,

4) ամբարձիչ կռունկի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը,

Ամբարձիչ կռունկի ցուցանակը պետք է պահպանվի դրա շահագործման ամբողջ ընթացքում:

52. Ամբարձիչ կռունկների շահագործման հրահանգում այլ պահանջների թվում պետք է նաև նշվեն`

1) ամբարձիչ կռունկի հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների կատարման հաճախականության մասին,

2) մետաղե կոնստրուկցիաների հնարավոր վնասվածքների և դրանց վերացման եղանակների մասին,

3) անվտանգության սարքերի ստուգման եղանակների մասին,

4) արգելակների կարգավորման եղանակների մասին,

5) արագ մաշվող տարրերի անվանացանկի, դրանց մաշվածության թույլատրելի սահմանների մասին,

6) տեխնիկական զննման անցկացման կարգի մասին,

7) ցուցումներ ոչ աշխատանքային վիճակում ամբարձիչ կռունկը անվտանգ դիրքով տեղակայելու մասին,

8) անվտանգության պահանջներ վթարային իրավիճակների դեպքում,

9) ճոպանների պիտանելիության վիճակի մասին,

10) ամբարձիչ կռունկը նորոգման ուղարկելու սահմանային թույլատրելի չափանիշների մասին,

11) ամբարձիչ կռունկի ծառայության ժամկետների մասին,

12) շարժաբերների կարգավորման բնութագրերի և բեռի իջեցման թույլատրելի չափանիշների մասին:

53. Ամբարձիչ կռունկի սեփականատերը շահագործման ընթացքում բացահայտելով թերություններ կռունկի մետաղակոնստրուկցիաների, մեխանիզմների և հանգույցների մեջ` պետք է պատրաստող գործարանին ներկայացնի բողոք-հաղորդագրություն բացահայտված թերությունների մասին: Բողոք-հաղորդագրությունը կռունկ պատրաստող գործարանին ուղարկելուց հետո, այդ մասին տեղեկացվում է նաև կռունկի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնին:

54. Պատրաստող գործարանը, ամբարձիչ կռունկներ շահագործող կազմակերպություններից ստանալով բողոք-հաղորդագրություն կռունկի շահագործման ընթացքում բացահայտված թերությունների, ստանդարտների և շահագործման փաստաթղթերի պահանջների խախտումների, մետաղակոնստրուկցիաների, եռակցման աշխատանքների որակի և այլ խախտումների մասին, պարտավոր է միջոցառումներ ձեռնարկել դրանց վերացման համար, միաժամանակ հայտնել ամբարձիչ կռունկ շահագործող բոլոր կազմակերպություններին այդպիսի խախտումների վերացման մեթոդների մասին` նրանց մատակարարելով փոփոխման ենթակա համապատասխան հանգույցներ ու սարքեր: Գործարանը պարտավոր է հատուկ գրանցամատյանում գրանցել ստացված բողոք-հաղորդագրությունները, առաջարկությունները, նշելով դրանց բովանդակությունը, խախտումների տեսակը և բնույթը, թողարկված ամբարձիչ կռունկի համարը, բողոքարկող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (դրանց առկայության դեպքում):

55. Լիրքային (դիզվածքային) բեռների համար նախատեսված գրեյֆերների պատրաստման ժամանակ հաշվարկային բեռնաբարձությունը պետք է հաստատվի դրանց փորձարկման ժամանակ` գրեյֆերն ամբարձիչ կռունկի վրա տեղակայելուց հետո: Գրեյֆերների բեռնաբարձությունը վավերացվում է արձանագրությամբ, որը կցվում է ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրին:

56. Բեռնաբռնիչ սարքերի և տարաների պատրաստումը պետք է կատարվի համաձայն տեխնոլոգիական քարտերի և նորմատիվային փաստաթղթերի: Եռակցում կատարելու դեպքում պատրաստման նախագծային փաստաթղթերում պետք է լինեն ցուցումներ դրանց կատարման և որակի հսկողության մասին:

57. Բեռնաբռնիչ սարքերը (առաստաններ, շղթաներ, կցիչներ և այլն) պատրաստելուց հետո դրանք պետք է փորձարկվեն գործարանում, իսկ նորոգումից հետո` այն վայրերում, որտեղ կատարվել են դրանց նորոգումը: Բեռնաբռնիչ հարմարանքները պետք է ենթարկվեն տեխնիկական զննման և փորձարկվեն դրանց տեխնիկական անձնագրերում նշված բեռնաբարձության տվյալների 1,25 անգամ գերազանցումով:

58. Պատրաստված բեռնաբռնիչ սարքերի մասին տվյալները պետք է պահպանվեն պատրաստող գործարանի հաշվառման մատյանում, որտեղ պետք է նշվեն հարմարանքի անվանումը, բեռնաբարձությունը, տեխնոլոգիական քարտի համարը, օգտագործվող նյութի սերտիֆիկատի համարը, եռակցման որակի ստուգման արդյունքները, բեռնաբռնիչ հարմարանքի փորձարկման արդյունքները:

59. Բեռնաբռնիչ սարքերը պետք է ունենան տեխնիկական անձնագիր և դրոշմանիշ, կամ ամուր հագեցված մետաղե պիտակ:

60. Ամբարձիչ կռունկների վերակառուցումը, նորոգումը և հավաքակցումը եռակցման կիրառմամբ` պետք է կատարվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից` համաձայն կառուցվածքային հաշվարկի:

61. Ամբարձիչ կռունկների նորոգում և վերակառուցում իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան տեխնիկական պայմաններ` նյութատեխնիկական բազա, անհրաժեշտ տեսակի և քանակությամբ պահեստամասեր, արտադրական հրապարակներ, լաբորատոր սարքավորումներ, ուսուցանված և մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմ և այլն, ինչպես նաև տվյալներ պարունակող փաստաթղթեր օգտագործվող մետաղների մակնիշի, եռակցման նյութերի, եռակցման որակի հսկման եղանակների, եռակցման միացությունների խոտանման նորմերի, ինչպես նաև առանձին հանգույցների և պատրաստի արտադրանքի ընդունման կարգի մասին:

62. Ամբարձիչ կռունկի նորոգում և վերակառուցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է կռունկի տեխնիկական անձնագրում արտացոլել իրականացված աշխատանքների բնույթը, եռակցման նյութերը և տեղերը, օգտագործվող նյութերի տեսակները: Փաստաթղթերը, որոնք պարունակում են տվյալներ օգտագործվող նյութերի և եռակցման որակի մասին պետք է պահպանվեն եռակցման աշխատանքներն իրականացրած կազմակերպությունում:

63. Ամբարձիչ կռունկի վերակառուցման և նորոգման մասին կատարողական ակտը պետք է կցվի ամբարձիչ կռունկի տեխնիկական անձնագրին, ինչպես նաև դրանում կատարվի համապատասխան գրառում` կատարված նորոգման կամ վերակառուցման աշխատանքների մասին:

64. Ամբարձիչ կռունկի պատրաստման, նորոգման, վերակառուցման համար օգտագործվող նյութերի ընտրությունը պետք է կատարվի` հաշվի առնելով.

1) ամբարձիչ կռունկի աշխատանքային և ոչ աշխատանքային վիճակի համար շրջակա միջավայրի ջերմաստիճանի նվազագույն թույլատրելի սահմանը,

2) ամբարձիչ կռունկի տարրերի ծանրաբեռնվածությունը,

3) ամբարձիչ կռունկի շահագործման վայրի (տեղանքի) բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը:

65. Ամբարձիչ կռունկների հաշվարկային մետաղակոնստրուկցիաների և կռունկի տարրերի եռակցման միացությունների որակի հսկողությունն իրականացվում է կռունկ շահագործող կազմակերպության կողմից` սույն կանոնի, ոլորտի գործառույթները կանոնող տեխնիկական և նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

66. Ամբարձիչ կռունկների մետաղակոնստրուկցիաների եռակցման համար օգտագործվող նյութերը պետք է համապատասխանեն տվյալ մակնիշի մետաղների համար սահմանված հատկանիշներին, ապահովեն հիմնական մետաղի կարերի և եռակցման միացությունների մեխանիկական ամրության աստիճանը, սահմանային հոսունությունը, երկարացումը, կռման անկյունը, կպչողականությունը:

67. Մեկ միացությունների մեջ տարբեր մակնիշի մետաղներ կիրառելու դեպքում, ձուլված մետաղի մեխանիկական հատկությունը պետք է համապատասխանի բարձր ամրությամբ մետաղի սահմանային հատկություններին:

68. Ամբարձիչ կռունկների մետաղակոնստրուկցիաների տարրերի պատրաստման նպատակով օգտագործվող մետաղաթերթերի, մետաղների, խողովակների համար թույլատրվում է կիրառել կտրման բոլոր եղանակները, որոնք կապահովեն այդ տարրերի ձևերի և չափերի որակյալ ստացումը: Մետաղների և կիսաֆաբրիկատների կտրումը պետք է կատարվի այնպիսի տեխնոլոգիայով, ինչը կբացառի ճաքերի գոյացումը կամ մետաղի որակի վատթարացումը եզրաշերտերում և ջերմային ազդեցության գոտիներում:

69. Ամբարձիչ կռունկների մետաղակոնստրուկցիաների տարրերի եռակցման ժամանակ պետք է ապահովվի դրանց միացությունների ճշգրտությունը` համաձայն տեխնոլոգիական գործընթացներով ու գծագրերով սահմանված թույլատրելի շեղումների:

70. Եռակցման աշխատանքները պետք է կատարվեն այնպիսի շինություններում, որտեղ կբացառվեն մթնոլորտային ոչ բարենպաստ պայմանների բացասական ազդեցությունը եռակցման միացությունների որակի վրա: Եռակցման աշխատանքները բացօթյա պայմաններում կատարել թույլատրվում է հատուկ տեխնոլոգիաներով` պայմանով, որ կիրառվեն համապատասխան հարմարանքներ եռակցման տեղերը մթնոլորտային տեղումներից և քամիներից պաշտպանելու համար:

71. Օդի ջերմաստիճանը 0 C-ից ցածր լինելու պայմաններում եռակցման աշխատանքների կատարման կարգը սահմանվում է նորմատիվ փաստաթղթերով:

72. Եռակցման հետևանքով միացություններում առաջացած անհարթությունները պետք է լրիվ հալեցվեն կամ մաքրվեն խարամից:

73. Եռակցման միացությունները պետք է ունենան դրոշմանիշ, կամ այլ պայմանական նշանակումներ, ինչը հնարավորություն կտա ճշտելու եռակցումը կատարող անձի անունը, ազգանունը: Դրոշմանշումը, այդ թվում` եռակցողի անվան, ազգանվան նշումը, պետք է կատարվի այնպիսի եղանակով, որպեսզի այն պահպանվի ամբարձիչ կռունկի շահագործման ամբողջ ընթացքում:

74. Ամբարձիչ կռունկների պատրաստման, վերակառուցման և նորոգման ընթացքում կատարված եռակցման աշխատանքների որակի ստուգումն իրականացվում է հետևյալ եղանակներով.

1) արտաքին զննմամբ,

2) չափիչ-ստուգիչ սարքերով,

3) մեխանիկական փորձարկումներով,

4) չքայքայող հսկողության եղանակով,

5) լուսադիտարկման և ուլտրաձայնային եղանակով:

75. Եռակցման միացությունների որակի ստուգումը պետք է իրականացվի միայն ջերմային մշակումից հետո: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն համապատասխան փաստաթղթերում (գրանցամատյան, քարտեր և այլն):

76. Եռակցման միացությունների հնարավոր խախտումները բացահայտելու համար դրանք պետք է ենթարկվեն արտաքին զննման և չափումների, այդ թվում`

1) միակցվող տարրերի կտրվածքի կամ անուղղահայացությունների առանցքը,

2) միակցվող տարրերի եզրագծերի տեղաշարժը,

3) գծագրերից եռակցման միացությունների չափերի և ձևերի շեղումները (ըստ լայնության, բարձրության, ուժեղացման հավասարաչափության),

4) բոլոր տեսակի և ուղղությամբ ճաքերը,

5) նստվածքների, կտրվածքների, այրվածքների, չեփված խառնարանների, ոչ լիարժեք եփվածքների և այլ տեխնոլոգիական շեղվածքները:

77. Արտաքին զննումից առաջ, եռակցման միացությունները և հիմնական մետաղին դրանց հարող տեղամասերը, երկու կողմից 20 մմ-ից ոչ պակաս լայնությամբ պետք է մաքրվեն խարամից, ցայտվածքներից, մետաղի փառից և այլ աղտոտումներից:

78. Եռակցման միացությունների մակերեսների զննումը և չափումը պետք է կատարվեն երկու կողմից` միացման ամբողջ երկարությամբ: Եռակցման միացությունների ներքին մակերեսների զննման անհնարինության դեպքում այն իրականացվում է միայն արտաքին կողմից:

79. Եռակցման միացությունների լուսադիտարկման և ուլտրաձայնային եղանակով ստուգման ժամանակ մետաղակոնստրուկցիաների հաշվարկային տարրերի եռակցման միացությունների ստուգումն իրականացվում է միայն արտաքին զննմամբ բացահայտված թերությունների վերացումից հետո: Այդ դեպքում պարտադիր ստուգման են ենթարկվում մետաղակոնստրուկցիաների բլոկների, սյուների, սլաքների գոտիների և պատերի կցվածքային միացությունների եռակցման կարերի սկիզբը և վերջը: Եռակցման միացությունների ստուգվող տեղամասի գումարային երկարությունը պետք է կազմի ոչ պակաս.

1) տուփաձև կամ վանդակավոր մետաղակոնստրուկցիայի ձգված գոտու յուրաքանչյուր կցվածքում` կցվածքի երկարության 50%-ը,

2) կաղապարի կամ դրա սեղմված տեղամասի յուրաքանչյուր կցվածքում` կցվածքի երկարության 25%-ը,

3) շքամուտքային ամբարձիչ կռունկների սլաքի, սագիկի (գուսյոկ) և տուփի կոնստրուկցիաների յուրաքանչյուր կցվածքում` կցվածքի երկարության 75%-ը:

80. Ռենտգենային կամ գամմա հսկողության լուսադիտարկում կատարելուց առաջ եռակցման միացությունների համապատասխան հատվածը պետք է դրոշմել այնպիսի հաշվարկով, որպեսզի այն հեշտությամբ բացահայտվի լուսանկարներում:

81. Եռակցման միացությունների արտաքին զննմամբ և չքայքայող հսկողության եղանակով ստուգելուց` դրանց որակը պետք է գնահատվի համաձայն ամբարձիչ կռունկների պատրաստման, վերակառուցման, նորոգման և հավաքակցման տեխնիկական պայմանների, ինչը կբացառի թողարկելու դեֆորմացված, ցածր ամրությամբ, շահագործման համար անհուսալի արտադրանք:

82. Եռակցման միացություններում արգելվում են հետևյալ դեֆորմացիաները.

1) մետաղների վրա գտնվող բոլոր տեսակի և ուղղություններով ճեղքերը,

2) համատարած ցանցի ձևով տարածված ծակոտիկները,

3) կտրվածքները և ներծորվածքները,

4) պատռվածքները (խոռոչները),

5) հիմնական մետաղի չեփված այրվածքները և հալվածքները,

6) գծագրերով սահմանված նորմերից բարձր եզրաշերտերի տեղաշարժերը:

83. Չքայքայող եղանակող հսկողության ընթացքում եռակցման միացություններում ոչ թույլատրելի դեֆորմացիաներ բացահայտելու դեպքում` պարտադիր ստուգման պետք է ենթարկվեն բոլոր միացությունները:

84. Եռակցման միացությունների ամրության և թիթեղավորության բնութագրերի համապատասխանությունը որոշելու նպատակով պետք է անցկացվի մեխանիկական ստուգում: Վերահսկողության նմուշների վրա կատարվող եռակցման միացությունների մեխանիկական հատկությունների ստուգումն անց է կացվում անկախ կոնստրուկցիայի եռակցման միացությունների տեսակից` եռակցված նմուշների ձգման և ծռման փորձարկումների միջոցով:

85. Փորձարկումների արդյունքները համարվում են բավարար, եթե.

1) ժամանակավոր դիմադրությունը ցածր չէ մետաղի ժամանակավոր դիմադրության ցածր սահմանից` պողպատի տվյալ մակնիշի համար սահմանված ստանդարտով կամ տեխնիկական պայմաններով,

2) ծռման անկյունն ածխածնային պողպատի համար կազմում է 1200 մմ-ից ոչ պակաս, ցածր լեգիրացված պողպատի համար` 800 մմ-ից ոչ պակաս: Մեխանիկական հատկությունների նշված ցուցանիշներն ընդունվում են որպես միջին ցուցանիշներ: Առանձին նմուշների համար թույլատրվում է նվազեցում` 10%-ից ոչ ավելի:

 

5. ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. ԲԵՌՆԱԲՌՆԻՉ ՍԱՐՔԵՐ

 

86. Ամբարձիչ կռունկների վրա կիրառվող բեռնային կռած, դրոշմած և թիթեղավոր կեռերի չափերը և հիմնական պարամետրերը պետք է ընդունվեն` ելնելով ամբարձիչ կռունկների կեռի և շարժաբերի տեսակից:

87. 3 տ և ավելի բեռնվածություն ունեցող կեռերը պետք է տեղակայվեն ճոճվող առանցքակալների վրա` բացառությամբ հատուկ նշանակության կռունկների կեռից:

88. 5 տ և ավելի բեռնվածություն ունեցող կռած և դրոշմած կեռերի ամրացումը, ինչպես նաև թիթեղավոր կեռերի երկժանիները հեծանում` պետք է բացառեն պնդօղակի թուլացումը, որի համար այն պետք է ամրացվի սևեռապնդիչ սեղմաձողակով:

89. Ամբարձիչ կռունկների բեռնային կեռերը և էլեկտրական բազմաճախարակը պետք է սարքավորվեն պաշտպանիչ փականով, որը կկանխի հանովի բեռնաբռնիչ սարքի ինքնակամ ընկնելը:

90. Սլաքային և աշտարակային բոլոր ամբարձիչ կռունկների բեռնային կեռերը, ինչպես նաև այն ամբարձիչ կռունկների կեռերը, որոնք բեռը տեղափոխում են բեռնարկղերով և բադիաներով պետք է ապահովվեն պաշտպանիչ փականային հարմարանքներով, որոնք կկանխեն հանվող բեռնաբռնիչ հարմարանքի ինքնակամ դուրս ընկնելը:

91. Բեռ բարձրացնող կեռերի վրա պետք է նշվեն կեռի համարը, պատրաստող գործարանի անվանումը, դրանց պատրաստման տարեթիվն ու ամիսը: Օղակի վրա պետք է ցույց տրվի կեռի բեռնաբարձությունը, դրվի դրոշմ:

92. Գրեյֆերի կոնստրուկցիան պետք է կանխի դրա ինքնակամ բացումը և առվակներից մետաղաճոպանների դուրս ընկնելը:

93. Գրեյֆերների վրա նախատեսվում է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է նշվեն պատրաստող գործարանի անվանումը, գրեյֆերի ծավալը, համարը, սեփական զանգվածը և փոխաբեռնման համար նախատեսված նյութերի զանգվածը: Գործարանային ցուցանակի վնասվածության դեպքում այն պետք է վերականգնվի գրեյֆերը շահագործողի կողմից: Ամբարձիչ կռունկից առանձին պատրաստվող գրեյֆերները բացի ցուցանակից, պետք է ունենան նաև տեխնիկական անձնագիր` համապատասխան տվյալների նշումով:

94. Հանվող բեռնաբռնիչ սարքերը պետք է ունենան դրոշմ, որտեղ նշվում են դրանց համարը, բեռնաբարձությունը և փորձարկման ժամկետը:

95. Տարայի վրա պետք է նշվեն դրա նշանակությունը, կիրառման բնագավառը, համարը, տեղափոխվող բեռի առավելագույն քաշը: Տարայի տարողությունը պետք է բացառի ամբարձիչ կռունկի հնարավոր գերբեռնվածությունը:

 

2. ՃՈՊԱՆՆԵՐ

 

96. Բեռնային, սլաքային, կայմային, կրող և քարշող պողպատե ճոպանները, պետք է ունենան պատրաստող գործարանի համապատասխանության սերտիֆիկատ ճոպանի փորձարկման մասին: Փորձարկման համապատասխան սերտիֆիկատ չունեցող ճոպանների օգտագործումն արգելվում է:

97. Ամբարձիչ կռունկի վրա ճոպանները պետք է ամրակցվեն և տեղակայվեն այնպես, որպեսզի բացառվի դրանց բլոկներից և թմբուկներից դուրս ընկնելը, կոնստրուկցիոն տարրերի հետ հպվելուց տրորվելը, շփվելուց` մաշվելը:

98. Ճոպանի ծայրի օղակը ամբարձիչ կռունկին ամրակցումը կամ առասանի տարրերին միացումը պետք է իրագործվի կապօղակի կիրառմամբ, ճոպանի ազատ ծայրը հյուսելու, սեղմակներ դնելու միջոցով:

99. Սեղմակների քանակը որոշվում է ըստ նախագծի, բայց պետք է լինի 3-ից ոչ պակաս: Սեղմակների տեղադրման քայլը և ճոպանի ազատ ծայրից մինչև վերջին սեղմակը պետք է լինի ճոպանի 6 տրամագծից ոչ պակաս: Արգելվում է սեղմակների տեղադրումը տաք (դարբնոցային) եղանակով:

100. Յուրաքանչյուր փնջով ճոպանի անցքերի թիվը հյուսելու ժամանակ պետք է լինի սույն Կանոնի Ձև 1-ում նշվածից ոչ պակաս:

101. Ճոպանը թմբուկին պետք է ամրակցվի մակադիր սեղմիչ ձողիկների օգնությամբ, որոնք պետք է լինեն երկու հատից ոչ պակաս: Ճոպանի ազատ ծայրից մինչև թմբուկի վերջին սեղմակն ընկած տարածությունը պետք է լինի ճոպանի 2 տրամագծից ոչ պակաս:

102. Հալած կամ շիկացած մետաղ և հեղուկ խարամ փոխադրող ամբարձիչ կռունկների ճոպանները, պետք է պաշտպանվեն մետաղի անմիջական ճառագայթային ջերմությունից և մետաղի ցայտերից` համապատասխան պաշտպանակների տեղադրմամբ:

103. Բեռնային, սլաքային, կայմային, կրող և քարշող պողպատե ճոպանները ամբարձիչ կռունկի վրա տեղակայումը պետք է ստուգվի ճոպանի ամրությունը, որի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

Fo >= S * Zp

 

որտեղ`

Fo - ճոպանի ամբողջ կտրման ուժն է` չափված նյուտոններով (H), որն ընդունվում է ըստ ճոպանի փորձարկման մասին սերտիֆիկատի,

S - ճոպանի ճյուղերի առավելագույն ձգվածությունն է նյուտոնով (H), նշված կռունկի տեխնիկական անձնագրում,

Zp - ճոպանի օգտագործման նվազագույն գործակիցն է (ճոպանի ամրության պաշարի նվազագույն գործակիցը):

104. Ճոպանի օգտագործման նվազագույն գործակիցները (Zp) սահմանված են ըստ սույն Կանոնի Ձև 2-ի:

105. Սլաքային ինքնագնաց կռունկների համար օգտագործվող ճոպանների նվազագույն գործակիցները (Zp) սահմանված են ըստ սույն Կանոնի Ձև 3-ի:

106. Ձև 3-ում մինչ 16տ ներառյալ բեռնաբարձությամբ ավտոմոբիլային կռունկների համար ընդունված է մեխանիզմների դասակարգման A 3 խումբը (ռեժիմը), իսկ ճոպանների տելեսկավորման համար ընտրված է մեխանիզմների դասակարգման M 1 խումբը (ռեժիմը)` առանց բեռի:

107. Եթե փորձարկման մասին սերտիֆիկատում տրված է ճոպանի բոլոր լարերի գումարային խզման ուժը, ապա խզման F0 ուժը պետք է որոշել գումարային խզման ուժը բազմապատկելով 0,83 գործակցով:

108. Վտանգավոր պայմաններում աշխատելու ժամանակ (հալած մետաղների, խարամների, թունավոր և պայթուցիկ նյութերի փոխադրումը) արգելվում է ընդունել M 5 դասակարգման խումբը (ռեժիմը): Մարդկանց բարձրացման համար նախատեսված կարապիկների վրա ճոպանների տեղակայման ժամանակ Zp-ի հաշվարկը պետք է կատարվի M 8 դասակարգման խմբով (ռեժիմով):

109. Առասաններ պատրաստելու համար կիրառվող կանեփե և բամբակե ճոպանների օղակների հյուսվածքը պետք է ունենա ոչ պակաս 2 լրիվ ու 2 ոչ լրիվ ծակոտում և լինի ցանցավորված:

110. Սինթետիկ և այլ նյութերի կիրառումը առասաններ պատրաստելու համար թույլատրվում է միայն համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

 

3. ՇՂԹԱՆԵՐ

 

111. Ամբարձիչ կռունկների վրա կիրառվող թիթեղավոր շղթաները, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 191-82-ի` «Թիթեղավոր բեռնային ճոպաններ. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին, իսկ եռակցվածային, դրոշմային և խարսխային շղթաները, որոնք օգտագործում են որպես բեռնաշղթաներ և առասաններ պատրաստելու համար, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 228-95-ի` «Նավային խարսխային ճոպաններ. պարամետրերը և չափերը, տեխնիկական պահանջներ, նմուշարկում, հավաքման միավորը» ստանդարտի պահանջներին: Խարսխային շղթաները թույլատրվում է օգտագործել առանց պահանգների և պահանգներով:

112. Ամբարձիչ կռունկների վրա կիրառվող շղթաները, պետք է ունենան դրանց փորձարկման մասին արտադրող գործարանի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատ: Փորձարկման մասին համապատասխանության սերտիֆիկատի բացակայության դեպքում պետք է անցկացնել շղթայի նմուշի փորձարկումներ` խզվող բեռնվածքը որոշելու համար:

113. Ամբարձիչ կռունկների մեխանիզմների վրա կիրառվող թիթեղավոր շղթաների ամրության պաշարի գործակիցը խզվող բեռնվածքի նկատմամբ պետք է լինի 3-ից ոչ պակաս` մեխանիզմների դասակարգման M1 և M2 խմբի (ռեժիմի) համար և 5-ից ոչ պակաս` մեխանիզմների դասակարգման մնացած խմբերի (ռեժիմների) համար: Եռակցված բեռնաշղթաների և առասանների շղթաների ամրության պաշարի նվազագույն գործակիցը խզվող բեռնվածքի նկատմամբ սահմանված է ըստ սույն Կանոնի Ձև 4-ի:

114. Շղթաների ծայրակցումը թույլատրվում է նոր դրվող օղակների էլեկտրաեռակցմամբ կամ հատուկ միացնող օղակների միջոցով: Ծայրակցումից հետո շղթան պետք է 10 րոպե տևողությամբ` ծանրությամբ ենթարկվի փորձարկման: Ծանրության ուժը պետք է 1,25 անգամ գերազանցի դրա հաշվարկային քարշուժի լարումը:

 

4. ԹՄԲՈՒԿՆԵՐ, ԲԼՈԿՆԵՐ ԵՎ ԱՍՏՂԻԿՆԵՐ

 

115. Պողպատե ճոպաններով պարուրված թմբուկների, բլոկների և հավասարար բլոկի նվազագույն տրամագիծը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

D(1) >= h(1) .d, D(2) >= .h(2) .d, D(3) >= h(3) .d,

 

որտեղ`

 

d` ճոպանի տրամագիծն է, մմ

D1, D2, D3` համապատասխանաբար թմբուկի, բլոկի և հավասարար բլոկի տրամագծերն են, մմ,

h1, h2, h3` թմբուկի, բլոկի և հավասարար բլոկի տրամագծերի ընտրության գործակիցն է` սահմանված ըստ սույն Կանոնի Ձև 5-ի:

116. Եռակցված տրամաչափված և թիթեղավոր շղթաներն աստղանիվների վրա աշխատելու դեպքում պետք է միաժամանակ գտնվեն լրիվ կառչված, ոչ պակաս, քան աստղանիվի երկու ատամներից:

117. Թմբուկի ճոպանատարողությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի բեռնաբռնիչ սարքի ամենացածր հնարավորության դիրքում` թմբուկի վրա փաթաթված մնա ճոպանի կամ շղթայի առնվազն 1,5 փաթույթ, չհաշված սեղմիչ հարմարանքի տակ գտնվող փաթույթը:

118. Ամբարձիչ կռունկների թմբուկները մեկ շերտով փաթաթված ճոպանների տակ պետք է ունենան պտուտակաձև պարուրված ակոսիկներ: Ճոպանի մեկ շերտով փաթաթված գրեյֆերային ամբարձիչների և հատուկ ամբարձիչների թմբուկները, որոնց աշխատանքի ժամանակ հնարավոր են ճոպանի ձգումներ և թուլացում, թմբուկը պետք է ունենա ճոպանի տրամագծի կեսից ոչ պակաս խորությամբ առվակ կամ այնպիսի մեխանիզմ, որը պետք է ապահովի թմբուկի վրա ճոպանի ճիշտ փաթաթումը: Հարթ թմբուկ թույլատրվում է օգտագործել այն դեպքերում, եթե կոնստրուկտիվ պատճառներով անհրաժեշտ է թմբուկի վրա ճոպանի բազմաշերտ փաթաթում, ինչպես նաև թմբուկի վրա շղթայի փաթաթման դեպքում:

119. Հարթ, ինչպես նաև ակոսիկներով թմբուկները, որոնք նախատեսված են ճոպանի բազմաշերտ փաթաթման համար, երկու կողմից պետք է ունենան շրջակողեր: Ակոսիկներով թմբուկները, որոնք նախատեսված են ճոպանի երկու ճյուղերի փաթաթման համար, շրջակողեր կարող են չունենալ, եթե ճյուղերը փաթաթվում են թմբուկի ծայրից դեպի միջնամասը: Էլեկտրական բազմաճախարակների թմբուկները, որոնք սարքավորված են ճոպանը թմբուկից դուրս ընկնելը կանխող սարքերով (ճոպանադարսիչներով), կարող են պատրաստվել առանց շրջակողերի: Թմբուկի ճոպանի համար շրջակողերը պետք է բարձրանան փաթաթված ճոպանի վերին շերտի նկատմամբ առնվազն դրա տրամագծի կրկնակի չափով, իսկ շղթաների համար` շղթայի օղակի լայնության չափով:

120. Ամբարձիչ կռունկների թմբուկի վրա ճոպանի բազմաշերտ փաթաթման դեպքում պետք է ապահովվի ճոպանի յուրաքանչյուր շերտի ճիշտ փաթաթումը:

121. Սլաքային և բեռնային բազմաճախարակների բլոկները պետք է ունենան այնպիսի հարմարանք, որը կբացառի ճոպանի դուրս ընկնելը բլոկի փոսիկից: Այդ հարմարանքի և բլոկի շրջակողերի միջև եղած բացակը` չպետք է գերազանցի ճոպանի տրամագծի 20%-ը:

 

5. ԱՐԳԵԼԱԿՆԵՐ

 

122. Ձեռքի շարժաբերով բարձրացման մեխանիզմները պետք է ապահովված լինեն ավտոմատ կարգով գործող բեռնանեցուկային արգելակներով: Պնևմո և հիդրոգլանով բարձրացման մեխանիզմների համար պետք է նախատեսվեն այնպիսի հարմարանքներ, որոնք կբացառեն բեռի կամ սլաքի իջնելու հնարավորությունը` երբ հիդրավլիկ համակարգում ընկնում է ճնշումը:

123. Բեռի բարձրացման և կցորդիչով կառավարվող սլաքի արտաթռիչքի փոփոխման միացման մեխանիզմներում որպեսզի բացառվի բեռի կամ սլաքի ինքնակամ իջեցումը, պետք է կիրառվեն պարփակված տեսակի արգելակներ` բլոկավորված միացման կցորդիչի հետ:

124. Առանձին էլեկտրական գրեյֆերային երկթմբուկային շարժաբերով կարապիկների յուրաքանչյուր շարժաբերի վրա պետք է տեղակայվի փակ տեսակի արգելակ: Թմբուկը պահող շարժաբերի վրա, չաշխատող շարժիչի դեպքում, թույլատրվում է սարքավորել ոտնակ` (հպակոճակ) մեխանիզմի արգելակման համար: Ընդ որում, արգելակումը պետք է հնարավոր լինի միայն ոտնակի (հպակոճակի) անընդմեջ սեղմամբ: Էլեկտրական պաշտպանության գործարկման կամ ցանցից հոսանքի անջատման դեպքում, արգելակը պետք է ավտոմատ կարգով փակվի նույնիսկ այն դեպքում, երբ ոտնակը սեղմված է:

125. Բեռի բարձրացման և արտաթռիչքի փոփոխման մեխանիզմները պետք է սարքավորված լինեն թմբուկների հետ կինեմատիկ չանջատվող կապ ունեցող արգելակներով: Ճոպանային և շղթայավոր բազմաճախարակների (էլեկտրոտալեր) բարձրացման մեխանիզմների շղթայում թույլատրվում է տեղակայել սահմանային մոմենտի կցորդիչ:

126. Ամբարձիչ կռունկների բեռի բարձրացման մեխանիզմի և սլաքի արգելակը, պետք է ապահովի արգելակման մոմենտ` հաշվի առնելով արգելակման պաշարի գործակիցը, որը պետք է լինի 1,5 ոչ պակաս:

127. Սլաքի բարձրացման մեխանիզմի դինամիկ բեռնվածությունը փոքրացնելու համար` թույլատրվում է տեղակայել երկու արգելակ, որոնցից մեկի արգելակման պաշարի գործակիցը պետք է լինի 1,1 ոչ պակաս, իսկ երկրորդինը` 1,25-ից ոչ պակաս: Ընդ որում, արգելակների կիրառումը պետք է կատարվի ավտոմատ կարգով:

128. Հալած մետաղ, խարամ, թունավոր և պայթուցիկ նյութեր փոխադրող ամբարձիչ կռունկների բեռի բարձրացման և սլաքի արտաթռիչքի փոփոխման մեխանիզմները պետք է սարքավորված լինեն իրարից անկախ գործող երկու արգելակներով: Հատուկ մետալուրգիական կռունկները (հորային, ակցանային և այլն), որոնք նախատեսված են շիկացած մետաղների տեղափոխման համար, նույնպես պետք է սարքավորված լինեն երկու արգելակներով:

129. Երկու արգելակների տեղակայման դեպքում դրանք պետք է սարքավորվեն այնպես, որպեսզի դրանցից մեկի արգելակման հուսալիությունը ստուգելուց հնարավոր լինի հեշտությամբ հանել մյուսի արգելակման գործողությունը:

130. Բեռի և սլաքի բարձրացման շարժաբերի վրա երկու և ավելի արգելակի առկայության դեպքում յուրաքանչյուրի արգելակման պաշարի գործակից պետք է լինի 1,25-ից ոչ պակաս: Միաժամանակ երկու շարժաբերով միացվող ամբարձիչ կռունկի յուրաքանչյուր շարժաբերի վրա պետք է տեղակայվի մեկից ոչ պակաս արգելակ, արգելակման պաշարի նույն գործակցով: Յուրաքանչյուր շարժաբերի վրա երկու արգելակների կիրառման և մեխանիզմի վրա երկու և ավելի շարժաբերների առկայության դեպքերում` յուրաքանչյուր արգելակի արգելակման գործակցի պաշարը պետք է լինի 1,1-ից ոչ պակաս:

131. Երկու շարժաբեր ունեցող բեռնային կարապիկներում շարժաբերները միմյանց հետ պետք է ունենան կինեմատիկ կոշտ միացված կապ, որը կբացառի բեռի ինքնակամ իջնելը, շարժաբերներից մեկի խափանման դեպքում:

132. Էլեկտրական բազմաճախարակների կամ տալերի վրա, որպես երկրորդ արգելակ թույլատրվում է օգտագործել բեռնանեցուկային արգելակը: Այս դեպքում էլեկտրամագնիսային արգելակի արգելակման պաշարի գործակիցը պետք է լինի 1,25-ից ոչ պակաս: M1 դասակարգման խմբի (ռեժիմի) ձեռքի շարժաբերով բարձրացման մեխանիզմների արգելակներից մեկը թույլատրվում է փոխարինել ինքնարգելակող փոխանցումով:

133. Ամբարձիչ կռունկների տեղաշարժման մեխանիզմների վրա արգելակները դրվում են այն դեպքերում, եթե`

1) ամբարձիչ կռունկը նախատեսված է աշխատելու բացօթյա պայմաններում,

2) ամբարձիչ կռունկը նախատեսված է աշխատելու շինության մեջ և տեղաշարժվում է հատակի վրա տեղակայված ենթակռունկային գծերով,

3) ամբարձիչ կռունկը (սայլակը) նախատեսված է աշխատելու շինության մեջ` վերգետնյա ենթակռունկային ռելսուղիներով և տեղաշարժվում է 32 մ/րոպեից (0,53մ/վրկ) ավելի արագությամբ:

134. Շրջադարձման մեխանիզմների վրա արգելակներ պետք է տեղակայվեն դասակարգման M2 խմբի (ռեժիմի) և դասակարգման ավելի բարձր խմբի (ռեժիմի) բացօթյա աշխատող բոլոր ամբարձիչ կռունկների վրա:

135. Ամբարձիչ կռունկների տեղաշարժման և շրջադարձի մեխանիզմների արգելակները (բացառությամբ ավտոմոբիլային, պնևմոդողային, հատուկ հենասարքի վրա տեղակայված և երկաթուղային կռունկների, ինչպես նաև աշտարակային և ճակատամուտքային կռունկների շրջադարձի մեխանիզմների), պետք է լինեն պարփակվող տեսակի, որոնք ավտոմատ կարգով բացվում են շարժաբերի միացման դեպքում:

136. Ավտոմոբիլային և պնևմոդողային ամբարձիչ կռունկների, ինչպես նաև հատուկ հենասարքի (չասսի) վրա տեղակայված ավտոմոբիլային ամբարձիչ կռունկների վրա, որոնց տեղաշարժման մեխանիզմները սարքավորված են կառավարվող բաց տեսակի արգելակներով, պետք է տեղակայվեն կանգառի տեսակի (ստոյանոչնի) արգելակներ:

137. Ճակատամուտքային, աշտարակային, աշտարակասլաքային սարքավորումներով ամբարձիչ կռունկների շրջադարձի մեխանիզմների վրա թույլատրվում է տեղակայել նորմալ բաց տեսակի արգելակներ: Այս դեպքում արգելակը պետք է ունենա հատուկ հարմարանք, որը ֆիքսում է դրա փակ վիճակը:

138. Եթե կռունկի կառավարման համակարգով նախատեսված է արգելակում էլեկտրաշարժիչի միջոցով, ապա թույլատրվում է տեղաշարժման մեխանիզմների կամ շրջադարձի արգելակների ավտոմատ պարփակում` վերահսկիչը զրոյական դիրքում:

139. Բացօթյա պայմաններում աշխատող ամբարձիչ կռունկների տեղաշարժման և շրջադարձի մեխանիզմների արգելակները պետք է ապահովեն կռունկի և դրա սայլակի կանգառը քամու առավելագույն թույլատրելի արագության դեպքում, հաշվի առնելով թույլատրելի թեքությունը, համաձայն ԳՕՍՏ 1451-77-ի` «Ամբարձիչ կռունկներ: Քամու բեռնվածք: Որոշման նորմերը և մեթոդները» ստանդարտի պահանջների:

140. Ամբարձիչ կռունկների մեխանիզմներում որդնյակային փոխանցումը չի կարող փոխարինել արգելակին:

141. Բեռը փակող արգելակը պետք է ամրացնել լծակին այնպես, որպեսզի բացառվի դրա վայր ընկնելը կամ ինքնակամ տեղաշարժը: Զսպանակների կիրառման դեպքում արգելակների միացումը պետք է կատարվի սեղմված զսպանակի լարումով:

142. Արգելակները պետք է պաշտպանված լինեն խոնավությունից, ինչպես նաև արգելակման փոկանիվի վրա յուղի թափվելուց:

143. Բացօթյա ենթակռունկային ուղիներով շարժվող ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն հակառելսաշեղումային հարմարանքներով: Բացօթյա պայմաններում աշխատող կամրջակային ամբարձիչ կռունկները կարող են հակառելսաշեղումային հարմարանքներով չսարքավորվել, եթե արգելակը ոչ աշխատանքային դիրքում կռունկին պահում է անշարժ վիճակում, երբ կռունկի վրա քամու առավելագույն սահմանային թույլատրելի ներգործության արագության դեպքում տեղաշարժվող մեխանիզմների արգելակման պաշարի մեծությունը կազմում է 1,2մ/վ-ից ոչ պակաս:

144. Աշտարակային կռունկների վրա, որոնց տեղաշարժման մեխանիզմները սարքավորված են կառավարվող նորմալ բաց արգելակներով, պետք է տեղակայվի նաև կանգառի արգելակ:

 

6. ԸՆԹԱՑԱՅԻՆ ԱՆԻՎՆԵՐ

 

145. Ամբարձիչ կռունկների և դրանց բեռնասայլակների շարժման մեխանիզմների ընթացային անիվները պետք է պատրաստվեն և տեղակայվեն այնպես, որ բացառվի դրանց ռելսուղիներից դուրս գալու հնարավորությունը:

146. Ամբարձիչ կռունկների ընթացանիվները պետք է լինեն երկշրջակող, թույլատրվում է օգտագործել նաև միաշրջակող ընթացանիվներ, որոնք կարող են կիրառվել հետևյալ դեպքերում`

1) եթե վերգետնյա ենթակռունկային ռելսուղու աղուրի լայնությունը չի գերազանցում 4 մ-ից և ուղու երկու գծերը գտնվում են նույն մակարդակի վրա,

2) եթե վերգետնյա ամբարձիչ կռունկները շարժվում են յուրաքանչյուր կողմից 2 ռելսով` պահպանելով մեկ ռելսի վրայի շրջակողի դիրքը մյուս ռելսի վրայի շրջակողի դիրքին հակադիր լինելու պայմանը,

3) եթե դրանք կիրառվում են կամրջակային տեսակի ամբարձիչ կռունկների հենարանային և կախովի սայլակների վրա,

4) եթե դրանք կիրառվում են միառելս ուղով տեղաշարժվող սայլակների վրա:

147. Աշտարակային ամբարձիչ կռունկների ընթացանիվները պետք է լինեն երկշրջակող` անկախ ռելսամեջի լայնությունից:

148. Շրջակող չունեցող ընթացանիվների օգտագործումը թույլատրվում է միայն ռելսուղուց դուրս գալը բացառող սարքի առկայության դեպքում:

149. Ամբարձիչ կռունկների և դրանց բեռնասայլակների տեղաշարժման մեխանիզմները, ընթացանիվները պետք է պատրաստվեն պողպատից կամ բարձր դիմացկունությամբ գրաֆիտացված թուջից` կռած, գլոցած, դրոշմած կամ ձուլված:

150. Հենարանային ամբարձիչ կռունկների միաշրջկող անիվների անվահեցի լայնությունը, չհաշված շրջակողինը, պետք է գերազանցի ռելսի գլխիկի լայնությանը ոչ պակաս քան 30 մմ-ով: Ռելսային աշտարակային ամբարձիչ կռունկների ընթացային անիվներն անկախ դրանց ռելսամեջի լայնությունից, պետք է լինեն երկշրջակող:

 

7. ՀԵՆԱՐԱՆԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՄԱՍԵՐ, ՆԵՑՈՒԿՆԵՐ, ԹԱՓԱՐԳԵԼԱԿՆԵՐ

 

151. Ամբարձիչ կռունկները, որոնք տեղաշարժվում են ռելսային ուղիներով, պետք է սարքավորվեն հենարանային մեքենամասերով` անիվների և սռնիների ջարդվածքներ առաջանալու դեպքերի համար: Միառելս կցորդված խցիկով սայլակներում հենարանային մեքենամասերը նախատեսվում է տեղակայել խցիկի ընթացասայլակի վրա: Եթե խցիկները և բարձրացնող մեխանիզմները կախված են մեկ ընդհանուր հենաշրջանակից, ապա հենարանային մեքենամասերը պետք է տեղակայվեն յուրաքանչյուր ընթացասայլակի վրա: Հենարանային մեքենամասերը պետք է տեղակայվեն 20 մմ-ից ոչ ավելի հեռավորության վրա` այն ռելսուղիներից, որոնցով ընթանում է ամբարձիչ կռունկը կամ բեռնային սայլակը:

152. Սլաքի փոփոխվող թռիչքով և շարժուն ամրացումով սլաքային ինքնագնաց ամբարձիչ կռունկները նախատեսվում է սարքավորել այնպիսի հենարանային մեքենամասերով, նեցուկներով, հարմարանքներով, որոնք պետք է կանխարգելեն սլաքի ընկնելը, շուռ գալը: Աշտարակային ամբարձիչ կռունկների վրա այդպիսի սարքեր պետք է տեղադրվեն, եթե նվազագույն թռիչքի դեպքում կռունկի սլաքի և հորիզոնականի միջև անկյունը գերազանցում է 7 o:

153. Սլաքային ինքնագնաց կռունկներում դուրս բերված նեցուկների կամ դրանց մասերի բարձրացման (դուրսհանման) վրա ձեռքով գործադրվող ուժը չպետք է գերազանցի 200Ն-ը: Առավել մեծ ուժի կիրառման դեպքում` նեցուկները պետք է ունենան հիդրավլիկ, մեխանիկական կամ այլ տեսակի շարժաբեր:

154. Զսպանակավորված ընթացասարք ունեցող սլաքային ինքնագնաց ամբարձիչ կռունկները պետք է սարքավորված լինեն այնպիսի հարմարանքներով, որոնք կբացառեն առաձգական հենակախիչ զսպանակների ազդեցությունը և թույլ կտան կռունկի վրա բեռնվածության ներգործությունը տեղափոխել անմիջապես կռունկի ընթացամասի կամ հանովի հենարանների վրա: Նման տեսակի կռունկները պետք է սարքավորված լինեն նաև առաձգական հենակախիչ զսպանակների կայունատար անջատիչներով: Կայունատար անջատիչը պետք է ներգործի մեկ սռնու բոլոր զսպանակների վրա միաժամանակ և հավասարապես, որպեսզի ապահովվի հավասարաչափ նստեցում: Ավտոմոբիլային, ինչպես նաև հատուկ հենասարքով ամբարձիչ կռունկների ընթացասարքի առջևի սռնիների վրա նշված հարմարանքների տեղադրումը չի նախատեսվում:

155. Ամբարձիչ կռունկների ռելսուղու վերնամասում պետք է տեղակայվեն նեցուկներ` ռելսային ուղուց կռունկի դուրս ընկնելը կանխարգելու համար:

156. Ռելսուղով շարժվող մեքենայական շարժաբերով ամբարձիչ կռունկները և դրանց սայլակները նեցուկներին կամ միմյանց հասցվող հնարավոր հարվածները մեղմացնելու համար, պետք է ունենան համապատասխան բարձրության առաձգական թափամեղմիչ հարմարանքներ:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1048-Ն
Որոշում