Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ` ԴՐԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ` ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/2159/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/2159/04/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշման դեմ ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 04.06.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2021 թվականի որոշմամբ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.02.2021 թվականի` ««ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 115-րդ և 116-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Սույն գործով Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված` սնանկության գործընթացում ստացված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը Կոմիտեն ստացել է 11.02.2021 թվականին, հետևաբար առարկություն ներկայացնելու 7 օրյա ժամկետը սկսվում է հաջորդ օրվանից` 12.02.2021 թվականից, այսինքն` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի` առարկություն ներկայացնելու 7 օրյա ժամկետը լրանալու է 22.02.2021 թվականին` ժամը 24:00-ին, իսկ եթե 7 օրյա ժամկետի հաշվարկի մեջ ներառենք նաև ոչ աշխատանքային օրերը, ապա` 18.02.2021 թվականին:

Ամեն դեպքում Կոմիտեի կողմից առարկությունը փոստային ծառայություն է հանձնվել 18.02.2021 թվականին, ուստի օրենքով սահմանված ժամկետում Կոմիտեի կողմից ներկայացվել է գրավոր առարկություն: Նկատի ունենալով նշվածը` Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել առարկությունը Դատարան ներկայացնելու փաստը ապացուցող փոստային անդորրագրի պատճենը, քանի որ սնանկության գործում պետք է առկա լիներ առարկությունը փոստային ծառայություն մուտքագրելու վերաբերյալ ծրարը` 18.02.2021 թվականի դրությամբ մուտքի կնիքով:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից վերոգրյալ ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը կհիմնավորեր այն փաստը, որ Կոմիտեի կողմից պահպանվել են օրենքով սահմանված ժամկետները և վերջինս չէր զրկվի իր իրավունքների իրացումից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

i

Սույն գործով Կոմիտեն միջանկյալ բաշխման ծրագիրը ստացել է 11.02.2021 թվականին, իսկ առարկությունը Դատարան է ներկայացրել 19.02.2021 թվականին` այդպիսով խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու 7 օրյա ժամկետը:

Կոմիտեի ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու 7 օրյա ժամկետը պահպանված լինելու փաստը ոչ մի կերպ չի հիմնավորվել Կոմիտեի կողմից:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. սնանկության վարույթում ստացված` դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ներկայացնելու 7 օրյա ժամկետի հաշվարկի մեջ արդյո՞ք ներառվում են ոչ աշխատանքային օրերը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

i

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: (...): Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

i

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների հաշվարկը մի դեպքում պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, մյուս դեպքում` նաև ոչ աշխատանքային օրերով: Նման կարգավորումը սահմանվել է` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), և այն միտված է այդ վարույթի արդյունավետության ապահովմանն ու սնանկության վարույթի անհարկի ձգձգումները բացառելուն: (...): ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե գործողությունների կատարման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որևէ ժամկետ` առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն` օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքը տվյալ դեպքում սահմանում է այլ կարգավորում: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների հաշվարկը պետք է իրականացնել այնպես, որ առանց «աշխատանքային օր» գրառման նշված ժամկետները պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ «աշխատանքային օր» գրառումը պարունակող կարգավորումների դեպքում ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը: Ըստ այդմ` նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված 7 օրվա ժամկետը ձևակերպված է առանց «աշխատանքային օր» գրառման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ժամկետն իրավակիրառ պրակտիկայում պետք է հաշվարկվի ոչ աշխատանքային օրերի ներառմամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով 11.02.2021 թվականին Կոմիտեում մուտք է եղել սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագիրը (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 81-82):

Կոմիտեն Դատարան է ներկայացրել առարկություն սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 78-80):

Դատարանը 23.02.2021 թվականի որոշմամբ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ Կոմիտեի ներկայացրած առարկությունը թողել է առանց քննության, այն պատճառաբանությամբ, որ Կոմիտեն ծրագրի օրինակն ստացել է 11.02.2021 թվականին, որպիսի պայմաններում առարկություն կարող էր ներկայացվել 18.02.2021 թվականը ներառյալ, մինչդեռ առարկությունը թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային տարբերակով Դատարան է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 19.02.2021 թվականին, ուստի այն Դատարանի կողմից չի կարող քննարկվել:

Վերաքննիչ դատարանը 30.04.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 23.02.2021 թվականի ««ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ` վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Նախ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անհիմն է բողոքաբերի այն պնդումը, որ տվյալ դեպքում 7 օրյա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառվեն ոչ աշխատանքային օրերը: Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված 7 օրվա ժամկետը ձևակերպված է առանց «աշխատանքային օր» գրառման, հետևաբար նշված ժամկետն իրավակիրառ պրակտիկայում պետք է հաշվարկվի ոչ աշխատանքային օրերի ներառմամբ: Ուստի տվյալ դեպքում միջանկյալ բաշխման ծրագիրը 11.02.2021 թվականին ստացված լինելու դեպքում առարկությունը կարող էր ներկայացվել 18.02.2021 թվականը ներառյալ:

Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից կատարված` առարկությունը ներկայացնելու 7-օրյա ժամկետի հաշվարկին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքին կից ներկայացվել են նաև թիվ RR294387136AM փոստային անդորրագրի պատճենը և «Հայփոստ» կայքէջից քաղվածք, որոնցից պարզ է դառնում, որ առաքանին ընդունվել է հաճախորդից 18.02.2021 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առարկությունն օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում ներկայացված լինելու հարցը պարզելու համար էական է այն հանգամանքը, թե երբ է Կոմիտեն առաքանին հանձնել փոստային ծառայությանը:

Այսպես, սույն գործի հավելվածում առկա ծրարի պատճենի վրա որպես առաքանին փոստային ծառայությանը հանձնելու ամսաթիվ նշված է 19.02.2021 թվականը, ինչպես նաև դրոշմված է առաքանու համարը` RR294387136AM: Համադրելով ծրարի պատճենի վրա և փոստային անդորրագրի պատճենի վրա առկա դասիչների համարները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առաքանին Կոմիտեի կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 18.02.2021 թվականին, այսինքն` օրենքով սահմանված ժամկետում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել այնպիսի ապացույց, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում կատարեր այն մասին, որ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկությունը Կոմիտեն ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում: Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից արդեն ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկությունը փոստային ծառայությանն է հանձնել հենց 18.02.2021 թվականին, այսինքն` բաշխման ծրագրի օրինակն ստանալու հաջորդող 7 օրվա ընթացքում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 փետրվարի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 08.08.22-21.08.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.02.2022
N ՍնԴ/2159/04/19
Որոշում