Սեղմել Esc փակելու համար:
ԹԵ Ո՞Ր ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԵ Ո՞Ր ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ Է ԿԻՐԱՌԵԼԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԼԴ/2102/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2102/02/18        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ «ԱՐԳԻՇՏԻ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) և Սամվել Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Ընկերությունից և Սամվել Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 758.602 ՀՀ դրամ, որից 713.000 ՀՀ դրամը` տուժողների ավտոմեքենաներին պատճառված և բյուրոյի կողմից հատուցված վնաս, 27.000 ՀՀ դրամը` նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննության դիմաց վճարված գումար, 18.602 ՀՀ դրամը` հայցադիմումը ներկայացնելու օրվա` 12.06.2018 թվականի դրությամբ պահանջվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 12.06.2018 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 713.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 15.172 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. ««ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ից և Սամվել Շամիրի Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել ընդհանուր 727.260 ՀՀ դրամ, որից 713.000 ՀՀ դրամը` որպես ավտոմեքենաներին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար,

14.260 ՀՀ դրամը` Բյուրոյի կողմից բավարարված հայցապահանջին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար, սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ի և Սամվել Շամիրի Հովհաննիսյանի կողմից գումարն ամբողջությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել 713.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Հայցադիմումը` պահանջի մնացած մասով, մերժել: (....)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2019 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահան Ավետիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման Բյուրոյի պահանջի (բողոքի) մերժման մասով, չի համապատասխանում գործի փաստերին, կիրառելի օրենսդրությանը, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` նույն հարցի վերաբերյալ կայացված այլ բազմաթիվ որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանն, ըստ էության, արտահայտել է այն համոզմունքը, որ Բյուրոյի մոտ ծագում է պարտապաններից գումարը պահանջելու իրավունք, սակայն դա ոչ թե այդ գումարն անվերապահորեն Բյուրոյին վճարման ենթակա լինելու անվիճելի իրավունքն է, այլ` այդ գումարը պահանջելու Բյուրոյի իրավունքը, սոսկ պահանջ ներկայացնելու իրավունք: Եթե պարտապանները կամավոր վճարում են այդ գումարը, ապա դա իրենց իրավունքն է, իսկ եթե կամավոր չեն վճարում, ապա կետանցը (պարտավորության խախտումը) տեղի է ունենում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն չկատարվելու դեպքում:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ տվյալ դեպքում, Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային, ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե պետք է բավարարեր Բյուրոյի հայցը, այլ` մերժեր այն:

Բացի այդ, ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ պատասխանողները պարտավոր են Բյուրոյին վճարել վերջինիս կողմից հատուցված վնասը: Այսինքն, X ժամկետում պատասխանողները պարտավորվել են Բյուրոյին վճարել իրենց կողմից հասցված վնասը, որը կարող էր կատարվել միայն Բյուրոյին Y չափի գումար վճարելու միջոցով, ինչը չի արվել: Ակնհայտ է, որ խոսքը ողջամիտ ժամկետի և կոնկրետ չափի գումարի մասին է: Հետևաբար Բյուրոն օրենքի հիման վրա այդ գումարը ստանալու իրավական ակնկալիք է ունեցել, իսկ պատասխանողները` այդ գումարը վճարելու պարտականություն:

i

Դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե իր կողմից կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը, այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը: Հետևաբար` սույն վեճի լուծման համար ներկայացված իրավանորմի կիրառմամբ հարկ է հստակ տարանջատել պատասխանողի կողմից հայցվորի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

Ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած քաղաքացիական գործերով 29.04.2016 թվականի թիվ ԵԿԴ/2326/02/15, 28.12.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/2522/02/15, 29.03.2018 թվականի թիվ ԱՐԱԴ/0091/02/17, 28.06.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/0106/02/17, 24.01.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/2058/02/16 դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1603 (ՎԴ), 22.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0735/02/15 որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջները, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 09.12.2016 թվականին ժամը 08.40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել Կարեն Չիչյանի կողմից վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի, Սամվել Հովհաննիսյանի կողմից վարած «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի և Մարտուն Աբգարյանի կողմից վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 08.04.2001 թվականից հաշվառված է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 39).

3) «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 25.12.2012 թվականից հաշվառված է Կարեն Չիչյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 40).

4) «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 14.07.2011 թվականից հաշվառված է Մարտուն Աբգարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 41).

5) Համաձայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների` նկարագրված պատահարի պահին «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վերաբերյալ առկա են եղել «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ում կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 42-44).

6) Ըստ «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 101151708 եզրակացության` առաջադրված պայմաններում «ՊԱԶ-672Մ» մակնիշի 370 SU 36 հ/հ ավտոբուսի վարորդը, իր վարած ավտոբուսի առջևում կանգնած «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի առկայության պայմաններում ժամանակին կատարված արգելակումով չկանգնեցնելով իր վարած ավտոմոբիլը մինչև «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի հետ ընդհարման տեղին հասնելը, այլ կատարելով դեպի ձախ մանևր` խոչընդոտել է իր վարած ավտոբուսին վազանցող «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլի վարորդի երթևեկությանը, որի արդյունքում ընդհարվել է «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլին, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 67 և 75 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Առաջադրված պայմաններում «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորված լինեին տվյալ պատահարի առաջացումը, ինչպես նաև` տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ, չեն դիտվում:

Առաջադրված պայմաններում «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք, տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին, պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, ինչպես նաև` տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ, չեն դիտվում, քանի որ առաջադրված տվյալների համաձայն` պատահարին նախորդող պահին «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլը գտնվել է կանգնած վիճակում (հատոր 1-ին, գ.թ. 47-49).

7) Ըստ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին ուղղված գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SH 109 467 դիմումի` Մարտուն Աբգարյանը խնդրել է հատուցել 09.12.2016 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրեն պատճառված վնասը (հատոր 1-ին. գ.թ. 45).

8) Ըստ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ U-2029 եզրակացության` «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 583.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 50).

9) Ըստ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ U-2045 եզրակացության` «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 53).

10) Ըստ «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից 31.01.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ ծանուցման և վճարման փաստաթղթի` Մարտուն Աբգարյանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով վերջինիս վճարվել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 60-61).

11) Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ տեղեկանքի` 22.01.2018 թվականի թիվ SH109467 A1 հերթական համարով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն տուժողին հատուցել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 63).

12) Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ տեղեկանքի` 18.01.2018 թվականի թիվ SH109468 A1 հերթական համարով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն տուժողին հատուցել է 583.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64).

13) Ըստ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման վերաբերյալ 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 ծանուցման` Բյուրոն Ընկերությանը առաջարկել է վճարել 583.000 ՀՀ դրամ հատուցման գումարը (հատոր 1-ին, գ.թ. 65).

14) Ըստ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման վերաբերյալ 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 ծանուցման` Բյուրոն Սամվել Հովհաննիսյանին առաջարկել է վճարել 130.000 ՀՀ դրամ հատուցման գումարը (հատոր 1-ին, գ.թ. 66):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:

Նույն որոշմամբ անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...) (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Արամ Խաչունցի` թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ: Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ, հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանների մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը:

Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ.

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` տուժողներ Կարեն Չիչյանը 24.05.2017 թվականին, իսկ Մարտուն Աբգարյանը` 23.05.2017 թվականին, ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Բյուրո:

Բյուրոն 28.12.2017 թվականի թիվ SH109468-A1 և 12.01.2018 թվականի թիվ SH109467-A1 «Հատուցում վճարելու վերաբերյալ» համապատասխան որոշումներով բավարարել է վերջիններիս կողմից ներկայացված` հատուցում ստանալու վերաբերյալ դիմումները` որոշելով նրանց վճարել համապատասխանաբար 583.000 ՀՀ դրամ և 130.000 ՀՀ դրամ:

Համաձայն 12.01.2018 թվականի թիվ 1510002100630100 վճարման հանձնարարագրի` Բյուրոյի կողմից Կարեն Չիչյանին է փոխանցվել 583.000 ՀՀ դրամ, իսկ 31.01.2018 թվականի թիվ 1510002100630100 վճարման հանձնարարագրի` Մարտուն Աբգարյանին է փոխանցվել 130.000 ՀՀ դրամ:

Բյուրոյի կողմից 610.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Ընկերությանը և Սամվել Հովհաննիսյանին ուղղված «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 152.500 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Բյուրոյի կողմից 130.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Ընկերությանը և Սամվել Հովհաննիսյանին ուղղված «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

 

Բյուրոյի կողմից Ընկերությանն ու Սամվել Հովհաննիսյանին ուղարկված վերը նշված ծանուցումները վերջիններս ստացել են, ինչը հիմնավորվում է գործում առկա հետադարձ հավաստագրերի (հատոր 1-ին, գ.թ. 67-68):

Դատարանը 05.06.2019 թվականի վճռով գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Սամվել Հովհաննիսյանի կողմից տուժողներ Կարեն Չիչյանին և Մարտուն Աբգարյանին պատճառված վնասը Բյուրոյի կողմից հատուցելու պայմաններում վերջինիս հայցը` հատուցված վնասի պահանջի մասով, ենթակա է մասնակիորեն բավարարման:

Նույն վճռով Դատարանը միաժամանակ նշել է, որ «Ըստ ներկայացված հայցի` փորձաքննություն անցկացնելու համար Բյուրոն վճարել է 27.000 ՀՀ դրամ, այսինքն` կրել է իրական վնաս 27.000 ՀՀ դրամի չափով, որը գտնում է, որ ենթակա է հատուցման «Արգիշտի 1» ՍՊԸ-ի և Սամվել Հովհաննիսյանի կողմից: Սակայն, հայցվորը կրելով իր վկայակոչած այս փաստը հիմնավորող ապացույց ներկայացնելու պարտականություն, դատարանին չի ներկայացրել այն, ուստի և նշված փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62 հոդվածի 6-րդ մասի համաձայն կրում է հայցվորը, հայցադիմումի` 27.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժման ձևով»:

i

Դատարանը նշել է նաև, որ ««Արգիշտի 1» ՍՊԸ-ն և Սամվել Հովհաննիսյանը 713.000 ՀՀ դրամ գումարը սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին չվճարելու դեպքում կստացվի, որ այն պահում են ապօրինի և խուսափում են վերադարձնելուց, ուստի և այդ գումարի նկատմամբ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտքի մարումը ենթակա են հաշվարկման տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի և 4-րդ կետով սահմանված տոկոսադրույքի չափով: Դատարանը տոկոսների հաշվարկը չի կատարում սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջում նշված պահից, քանի որ որևէ ձևով չի հիմնավորվում, որ այդ պահից պատասխանողները գումարը պարտավոր էին վճարել հայցվորին, հետևաբար այն պահում էին ապօրինի: Նման իրավիճակ կծագի միայն այն դեպքում, երբ պատասխանողները սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից չկատարեն այն»:

i

Վերաքննիչ դատարանը մերժելով Բյուրոյի բողոքը` արձանագրել է, որ «ապահովագրական հատուցման` Բյուրոյի կողմից վճարված գումարին դրա վճարման պահից կամ վնաս պատճառած անձին և (կամ) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը համապատասխան պահանջի ներկայացման պահից մինչև այդ պահանջի հիմնավորվածությունը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղ. օր.-ի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվեգրվել չեն կարող, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ քաղ. օր.-ի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները մինչև բողոքարկված վճիռն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար հաշվեգրելու և բռնագանձելու վերաբերյալ հայցվորի պահանջը ենթակա էր մերժման, և այդպես վարվելով` Դատարանը որևէ խախտում թույլ չի տվել»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Դատարանը պատշաճ հետազոտել է գործում առկա ապացույցները և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու համար կատարված ծախսը բռնագանձելու վերաբերյալ Բյուրոյի պահանջն իրավամբ մերժել է վերջինիս կողմից տվյալ ծախսը կատարված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց ներկայացված չլինելու ճիշտ պատճառաբանությամբ: Ինչ վերաբերում է Բյուրոյի վկայակոչած` ապահովագրական հատուցման վճարման վերաբերյալ ԴՍԱ-ից ՀՊԱ-ին ուղղված 22.01.2018թ. ծանուցագրին, ապա դրանով ԴՍԱ-ն Բյուրոյին տեղեկացրել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու համար իր կողմից 27.000 դրամի չափ ծախս կատարված լինելու մասին, ինչն ամենևին չի նշանակում, թե այդ ծախսը հաստատապես կատարվել է ու հենց նշված չափով, այսինքն` տվյալ ծանուցագրում պարունակվող տեղեկությունը սոսկ պնդում է, որն իր հերթին ապացուցման կարիք ունի: Հենց այդ նկատառումներով էլ Դատարանը վերը նշված ծանուցագիրը ծախսը հաստատող ապացույց չի համարել և այդ ծախսի վերաբերյալ որևէ վճարային փաստաթուղթ կամ այդ ծախսը կատարված լինելու փաստը հաստատող այլ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում դրան վերաբերող մասով իրավամբ մերժել է Բյուրոյի պահանջը: Ըստ էության, ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու համար իր կողմից 27.000 դրամ ծախսված լինելու մասին հայցվորի (Բյուրոյի) վկայակոչած փաստը մնացել է վիճելի, և այդ փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները հայցվորի վրա դնելով` Դատարանը ոչ միայն որևէ խախտում թույլ չի տվել, այլև գործել է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 62-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Սամվել Հովհաննիսյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտավորությունը:

i

Սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները, որոնք ծագել են ապահովագրության ոլորտում, ի սկզբանե հանդիսացել են եռակողմ` Բյուրոյի, տուժող կողմերի` Կարեն Չիչյանի, Մարտուն Աբգարյանի, և վնաս պատճառած անձի` Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի միջև: Այսինքն` Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից Կարեն Չիչյանին և Մարտուն Աբգարյանին պատճառված վնասի արդյունքում Բյուրոյի կողմից վերջիններիս դիմումների հիման վրա նրանց հատուցվել է Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք: Նշված փաստը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Այսինքն, Բյուրոյի համար, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով, առկա է հետադարձ պահանջի ուժով տուժողներին վճարած 583.000 ՀՀ դրամը և 130.000 ՀՀ դրամը, որպես իրեն պատկանող գումար, Ընկերությունից և Սամվել Հովհաննիսյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններիս մոտ` այդ գումարը Բյուրոյին վճարելու պարտավորություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ վնաս պատճառողների մոտ ծագում է հայցվորին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեին կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

i

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողների մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ծագել է ոչ թե Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն` պարտավորության կետանցի պահը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

 

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից Բյուրոյի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, երբ պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Քննարկվող պարագայում, Բյուրոն 18.01.2018 թվականին և 22.01.2018 թվականին համապատասխան որոշումներ է կայացրել Կարեն Չիչյանին և Մարտուն Աբգարյանին համապատասխանաբար 583.000 ՀՀ դրամ ու 130.000 ՀՀ դրամ վճարելու մասին: Միաժամանակ Բյուրոյի կողմից Ընկերությունը և Սամվել Հովհաննիսյանը ծանուցվել են «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» մասին: Այն է` Բյուրոյի կողմից 610.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 և 130.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցումների 7-րդ կետերի համաձայն` Ընկերությանը և Սամվել Հովհաննիսյանին, որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ, առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների:

Սույն գործով հիմնավորվել է, որ Բյուրոյի կողմից Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի անվամբ ուղարկված ծանուցումներով առաջարկվել է վերջիններիս համապատասխանաբար 23.01.2018 թվականին և 01.02.2018 թվականին կայացված համապատասխան որոշումներն ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, Բյուրոյին վճարել վիճելի գումարները: Փաստորեն, քննարկվող պարագայում, Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի մոտ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի (կամ հանգամանքի) վրա հասնելով (կամ ավարտով), ինչը նշանակում է, որ սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Ընկերությունն ու Սամվել Հովհաննիսյանը իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

 

Քննարկվող պարագայում, Բյուրոյի կողմից Ընկերությանը և Սամվել Հովհաննիսյանին ուղղված ծանուցումներով պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Նշված ծանուցումները Ընկերությունն ու Սամվել Հովհաննիսյանը ստացել են համապատասխանաբար 09.02.2018 թվականին և 15.02.2018: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վիճելի գումարների նկատմամբ պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում սույն գործով էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե երբ են Ընկերությունն ու Սամվել Հովհաննիսյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտավորության մասին տեղեկացել: Ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարների նկատմամբ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Բյուրոյի կողմից 610.000 և 130.000 ՀՀ դրամ պարտավորությունների վերաբերյալ Ընկերությունը և Սամվել Հովհաննիսյանը ծանուցվել են համապատասխանաբար 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 և 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցումներով, ուստի դատարանը պետք է ղեկավարվի նշված ծանուցումների կազմման պահին գործող խմբագրություններով Բյուրոյի կողմից սահմանված կանոններով: Տվյալ դեպքում, ըստ 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 և 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 ծանուցումների` Բյուրոյի Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չի եղել ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի ու ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ` Ընկերությունը և Սամվել Հովհաննիսյանը հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Ուստի վերջիններիս կողմից ծանուցումները համարվում են պատշաճ ստացված և վերջիններիս կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետներն սկսվում են հաշվարկվել` ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում` հանձնելու օրվան հաջորդող օրվանից, պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

i

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորությունը ծագում է «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցումները վերջիններիս կողմից ստանալու պահից: Այսինքն վերջիններս նշված ժամանակահատվածում են համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված: Այլ կերպ ասած` սույն վեճի լուծման համար հարկ է հստակ տարանջատել Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, որից հետո այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

 

i

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանելու և գործը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշումը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 փետրվարի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.02.2022
N ԼԴ/2102/02/18
Որոշում