Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 7-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ թիվ ՎԴ/2143/05/17

    դատարանի որոշում                     2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2143/05/17

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մելանյա Սամսոնյանի ընդդեմ Ծառայության` 19.08.2016 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604932048 որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մելանյա Սամսոնյանը պահանջել է ճանաչել Ծառայության 19.08.2016 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604932048 որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2018 թվականի վճռով Մելանյա Սամսոնյանի հայցն ընդդեմ Ծառայության բավարարվել է` ճանաչվել է 19.08.2016 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604932048 որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը: Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Ծառայությունից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձվել է 26.460 ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը բեկանվել է` վարչական գործի վարույթը կարճվել է: Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Մնացած մասով գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Հրայր Կյուրեղյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի «ա» ենթակետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ, 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի սույն գործով կայացրած որոշումը` Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու մասով անհիմն է, չի համապատասխանում գործում եղած ապացույցներին և հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ ֆիզիկական անձինք վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումները դատարաններում բողոքարկելիս ազատված են պետական տուրքի վճարումից: Վերոնշվածից ակնհայտ է, որ հայցվորն ի սկզբանե ազատված է եղել վարչական ակտը դատարանում բողոքարկելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից, այսինքն` հայցվորի կողմից չպետք է վճարվեր պետական տուրք, սակայն փաստացի վճարվել է: ՈՒստի սույն իրավիճակում Վերաքննիչ դատարանը որոշմամբ պետք է վերադարձներ Մելանյա Սամսոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, այլ ոչ թե նշված գումարը բռնագանձեր Ծառայությունից:

Բացի այդ, սույն բողոքով արտահայտված հիմնավորումները բխում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/10201/05/17 վարչական գործով արտահայտած իրավական հիմնավորումներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշումը` Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1. «Վարչական տույժ նշանակելու մասին» 19.08.2016 թվականին կայացված թիվ 1604932048 որոշմամբ` Մելանյա Սամսոնյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է 5.000 դրամի չափով տույժի (հատոր 1-ին գ.թ. 89):

2. Մելանյա Սամսոնյանը 13.03.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ծառայության և պահանջել է ճանաչել Ծառայության 19.08.2016 թվականի թիվ 1604932048 որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը: Հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման թիվ 61646994 անդորրագիրը, համաձայն որի` Մելանյա Սամսոնյանը, որպես դատական տուրք, վճարել է 4.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 2-7):

3. Դատարանը 30.10.2018 թվականի վճռով հայցը բավարարել է, միաժամանակ Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 2-րդ գ.թ. 16-23):

4. Վերաքննիչ դատարանը 02.10.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը բեկանել է և գործի վարույթը կարճել է: Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 2-րդ գ.թ. 55-60):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը, սակայն սույն բողոքի քննության արդյունքում չհաստատվեց ստորև ներկայացվող հիմնավորումներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

Մինչև «Պետական տուրքի մասին» 27.12.1997 թվականի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում լրացում կատարելու մասին 09.12.2019 թվականի թիվ ՀՕ-305-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախ և առաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Այսպես, մինչև «Պետական տուրքի մասին» 27.12.1997 թվականի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում լրացում կատարելու մասին 09.12.2019 թվականի թիվ ՀՕ-305-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Մինչև «Պետական տուրքի մասին» 27.12.1997 թվականի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում լրացում կատարելու մասին 09.12.2019 թվականի թիվ ՀՕ-305-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով ամրագրված են դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ֆիզիկական անձն օրենքի ուժով ազատված է վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Մելանյա Սամսոնյանը «Վարչական տույժ նշանակելու մասին» 19.08.2016 թվականի կայացված թիվ 1604932048 որոշմամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով տույժի: Այդ որոշմամբ նշանակված տուգանքի գումարը վերջինս չի վճարել:

Մելանյա Սամսոնյանը 13.03.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ծառայության և պահանջել է ճանաչել Ծառայության 19.08.2016 թվականի թիվ 1604932048 որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը: Հայցադիմումին կից ներկայացրել է պետական տուրքի վճարման թիվ 61646994 անդորրագիրը, համաձայն որի` Մելանյա Սամսոնյանը, որպես դատական տուրք, վճարել է 4.000 ՀՀ դրամ:

Դատարանը 30.10.2018 թվականի վճռով հայցը բավարարել է, միաժամանակ Ծառայությունից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանը, կարճելով գործի վարույթը, արձանագրել է, որ սույն գործով կիրառելի է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ ՀՕ-371-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը 30.07.2016 թվականին կատարած լինելու և նշանակված տուգանքի գումարը վճարված չլինելու հիմքով, վարչական իրավախախտում կատարած Մելանյա Սամսոնյանն օրենքի ուժով ազատվում է «Վարչական տույժ նշանակելու մասին» 19.08.2016 թվականի կայացված թիվ 1604932048 որոշմամբ սահմանված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից, որպիսի իրավիճակում ներկայացված հայցադիմումը և բողոքը դառնում են առարկայազուրկ և տվյալ գործի հետագա քննությունը ու դրա արդյունքում վեճն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն այլևս անհրաժեշտ չէ:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ սույն գործով վեճն ըստ էության սպառված է, քանի որ նշված օրենքի ընդունման արդյունքում «Վարչական տույժ նշանակելու մասին» 19.08.2016 թվականի կայացված թիվ 1604932048 որոշման միջամտող (ներգործող) բնույթը (վարչական ակտի հասցեատիրոջ համար այլևս չի առաջացնում որևէ բացասական իրավական հետևանք), որպիսի պայմաններում վեճն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն այլևս անհրաժեշտ չէ:

i

Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը կարճման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով, նաև հաշվի առնելով, որ վեճն ըստ էության սպառված է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ ՀՕ-371-Ն օրենքի ուժով, գտել է, որ սույն գործով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանող վարչական մարմնի վրա և վերջինից հօգուտ Մելանյա Սամսոնյանի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

Ծառայությունը, ներկայացնելով վճռաբեկ բողոք վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացրած որոշմամբ Ծառայությունից հօգուտ հայցվորի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք: Ծառայությունը մատնանշել է, որ հայցվորն ի սկզբանե ազատված է եղել պետական տուրք վճարելու պարտականությունից և վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10201/05/17 որոշումը` հանգել է այն եզրահանգման, որ դատական ծախսերի հարցը պետք է համարվեր լուծված:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել միջամտող վարչական ակտը, 67-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, 68-րդ հոդվածի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը, իսկ 69-րդ հոդվածի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան: Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը: Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ (...):

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Մելանյա Սամսոնյանի կողմից Դատարան ներկայացված հայցը` հարկ է համարում արձանագրել, որ հայցադիմումից պարզ է դառնում, որ Մելանյա Սամսոնյանի կողմից չի վիճարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմնի` տվյալ դեպքում Ծառայության կողմից ընդունված որոշումը (վարչական ակտը), այլ պահանջել է ճանաչել Ծառայության որոշումն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու իրավահարաբերության բացակայությունը, որպիսի պահանջը «որոշման դեմ բողոք» չէ, հետևաբար այդպիսին չէ նաև այդ պահանջը լուծող դատական ակտի դեմ բերված բողոքը:

Նշվածից կարելի է եզրահանգել, որ մինչև «Պետական տուրքի մասին» 27.12.1997 թվականի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում լրացում կատարելու մասին 09.12.2019 թվականին թիվ ՀՕ-305-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերությամբ սահմանված արտոնությունը չի տարածվում սույն գործով հայցվորի կողմից ներկայացրած հայցադիմումի վրա և վերջինս ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Սույն հանգամանքը հաշվի առնելով Մելանյա Սամսոնյանը Դատարան ներկայացրած հայցադիմումին կից ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիր:

i

Նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մելանյա Սամսոնյանը հայցադիմումին կից ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիր, հետևաբար անգամ գործի վարույթը կարճելու դեպքում Վերաքննիչ դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է լուծեր նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը, որն էլ արդարացիորեն իրականացվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10201/05/17 վարչական գործով կայացրած որոշման կիրառելիության հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշումը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով հայցեր ներկայացնելու և գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին, իսկ սույն դեպքում, ինչպես արձանագրվեց, առկա չէ բողոքարկվող վարչական ակտ, հետևաբար նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը սույն գործով կիրառելի չէ:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը` դատական ծախսերի մասով, բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 02.10.2019 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Ծառայությունը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.10.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.02.2022
N ՎԴ/2143/05/17
Որոշում