Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԾՆՈՂՆԵՐԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԾՆՈՂՆԵՐԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/2279/05/17

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2279/05/17

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Եդիգարյանի ընդդեմ Վարչության` իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալբերտ Եդիգարյանը պահանջել է ճանաչել իր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2019 թվականի որոշմամբ Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 2010 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է նույն օրենսգրքի 1-ին և 22-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ 2010 թվականի խմբագրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետևում մինչև 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարումը: Մինչդեռ անկախ այն հանգամանքից` անձը չափահաս է, թե` ոչ, ունի այլ պետության քաղաքացիություն, թե` ոչ, նրա ՀՀ քաղաքացիության ինքնաբերաբար (ինքնին) կորուստը սահմանափակված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի ուժով, ինչն էլ իր հերթին ենթադրում է քաղաքացիության դադարեցման համար որոշակի գործողությունների կատարում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար օրենքը սահմանում է ՀՀ նախագահի համապատասխան իրավական ակտի պարտադիր առկայության պահանջ, որը հնարավոր է բացառապես քաղաքացու և իրավասու պետական մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու միջոցով (դիմում ներկայացնելու, դրա հիման վրա իրականացված վարչարարության և արդյունքում ՀՀ նախագահի կողմից հրամանագրի արձակմամբ): Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը 14-18 տարեկան երեխաների համար սահմանում է համաձայնություն ներկայացնելու լրացուցիչ պահանջ, հետևաբար և վարույթի համար պահանջվող լրացուցիչ փաստաթուղթ: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վկայակոչելով նշված հոդվածը` համարել է, որ այն հիմնավորում է մինչև 14 տարեկան երեխաների համար գործողություններ կատարելու անհրաժեշտության բացակայությունը, առանց անդրադարձ կատարելու դրա անհրաժեշտությանը` որպես լրացուցիչ նախապայման վարչարարության ծագման և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականացման համար (քանի որ վարույթի ընթացքում ստուգվում է նաև ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը, քաղաքացիության դադարեցման համար օրենսդրության համապատասխան պահանջների պահպանված լինելու հանգամանքը և այլն):

Վերաքննիչ դատարանը անտեսել է նաև այն հանգամանքը, որ վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում 07.05.15 թվականին կատարված լրացումներն ունեցել են ընթացակարգերը հստակեցնող բնույթ և նպատակ են հետապնդել ավելի համակարգված և ամբողջական սահմանել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի ՎԴ/2279/05/17 վարչական գործով կայացված որոշումն ամբողջությամբ բեկանել, փոփոխել այն և հայցը մերժել»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը բավարար չեն բողոքը բավարարելու համար: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ իրավահարաբերության սուբյեկտները օրենքում վիճարկվող իրավակարգավորման բացակայության, օրենքում տրված հասկացությունների ոչ կանխատեսելի, ոչ հստակ և ոչ իրավաչափ լինելու հիմքով կրելու են պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, և ստանձնելու են պարտականություններ, որոնք չէին կարող ստանձնել:

i

Սույն գործով անվիճելի փաստ է, որ տվյալ իրավահարաբերությունների վրա տարածվում են 2010 թվականին գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Ալբերտ Եդիգարյանը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ օրենքով սահմանված չի եղել քաղաքացիությունը կորցրած ծնողի կողմից դիմում ներկայացնելու պարտականությունը` անչափահաս երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին, ինչի վերաբերյալ արդեն հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը 4-րդ և 5-րդ կետերով լրացվել է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 22.07.1999 թվականին տրված թիվ 206314 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին և հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին (հատոր 1-ին, գ.թ.18):

2) Ալբերտ և Նելլի Եդիգարյանները հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ` համաձայն վերջիններիս` Ռուսաստանի Դաշնության անձնագրերի պատճենների (հատոր 1-ին, գ.թ. 13-19):

4) Նելլի Եդիգարյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև 2010 թվականը, այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով կորցրել է քաղաքացիությունը: Նույն թվականին Նելլի և Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն (փաստը չի վիճարկվում) (հատոր 1-ին, գ.թ. 85):

5) Նելլի Եդիգարյանը 24.11.2015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր և անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան` Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարման հետևանքով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիությունից հրաժարված կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նախատեսված ընդհանուր հիմունքներով: Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծվում են Հայաստանի նախագահի հրամանագրով: Ալբերտ Ալբերտի Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունում գործ առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 69):

6) Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությանը կից տրամադրված անձի քաղաքացիության մասին տեղեկանքի համաձայն` Ալբերտ Ալբերտի Եդիգարյանը` ծնված 16.07.1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր` AK սերիայի թիվ 0312363, տրված 04.06.2009 թվականին Վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 70):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը բավարար է երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ինքնաբերաբար դադարեցված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության խնդրին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալբերտ Եդիգարյանի կողմից ներկայացվել է իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին պահանջ` ճանաչման հայցի շրջանակներում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործած օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալ իրավակարգավորման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության բացակայության, այն է` Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցը, ենթակա է որոշման իրավահարաբերության ենթադրյալ դադարման պահին գործած խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Տվյալ դեպքում` 2010 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայցվորի մոր` Նելլի Եդիգարյանի քաղաքացիությունը, և նույն թվականին Ալբերտ և Նելլի Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Ըստ հայցվորի` վերջինս չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ նույն թվականին վերջինս օրենքի ուժով կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման պայմաններում` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության բացակայության` հայցվորի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հարցի կապակցությամբ կիրառելի են 2010 թվականին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները:

i

Այսպես` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: (...)

i

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով կարգավորվել են ծնողների քաղաքացիության փոփոխման կամ որդեգրման դեպքում երեխայի քաղաքացիության հետ կապված իրավահարաբերությունները:

i

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն (...):

i

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:

Վերը նշված իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն իրավական կապն է` հիմնված պետության կողմից տվյալ անձին որպես իր քաղաքացի իրավաբանական ճանաչման վրա, որն օրենքով նախատեսված դեպքերում պետության և քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն: Քաղաքացիության` պետության և անձի միջև կապի իրավական բնույթն արտահայտվում է նրանում, որ պետությունը ճանաչում է անձին որպես իր քաղաքացի և համապատասխան օրենքով ամրագրում է այդ կապը, սահմանում քաղաքացիության ձեռքբերման պայմաններն ու կարգը, տարածում է իր իրավունքի համակարգը այդ անձի վրա և ստանձնում նրա նկատմամբ որոշակի պարտականություններ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված են քաղաքացիության ձեռքբերման և դադարման իրավական հիմքերը: Ընդ որում, անդրադարձ կատարելով քաղաքացիության դադարմանը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քաղաքացիության դադարումը անձի իրավական կապի կորուստն է Հայաստանի Հանրապետության հետ, որը հնարավոր է օրենքով նախատեսված հիմքերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ի թիվս այլ հիմքերի, սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է նաև նույն օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այսպես` նույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված իրավանորմը մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիության կորուստը կապում է նրա ծնողների կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենքի ընդհանուր դրույթների համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: Այսինքն` օրենքը քաղաքացիության կորուստը պայմանավորել է քաղաքացիության դադարեցմամբ, հետևաբար, առանց քաղաքացիության դադարեցման խոսք չի կարող լինել քաղաքացիության կորստի մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիության դադարեցման իրավական ընթացակարգը կիրառելի է նաև նույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքում, երբ ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում մինչև 14 տարեկան երեխան կորցնում է քաղաքացիությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը քաղաքացիության հետ կապված հարցերի լուծումը վերապահել է օրենքով սահմանված համապատասխան մարմիններին, մասնավորապես` քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության նախագահն իր հրամանագրով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին և հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին: Ալբերտ Եդիգարյանը և նրա մայր Նելլի Եդիգարյանը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նելլի Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել մինչև 2010 թվականը, վերջինիս քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է և նույն թվականին Նելլի և Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:

Նելլի Եդիգարյանը 24.11.2015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր և անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան` Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործ Վարչությունում առկա չէ:

Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով, որ թեև Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը (նրա քաղաքացիությունը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով), Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, սակայն վերջինիս քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, դրա վերաբերյալ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետևաբար, քանի դեռ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը դադարեցված չէ ՀՀ նախագահի հրամանագրով, վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Դատարանը, անդրադառնալով Ալբերտ Եդիգարյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքին, նշել է, որ ըստ օրենսդրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, ուստի այլ երկրի քաղաքացիությունը ևս հիմք չէ Ալբերտ Եդիգարյանին ՀՀ քաղաքացի չհամարելու համար: Դատարանն եզրահանգել է, որ վիճելի իրավահարաբերությունն առկա է, և հայցվոր Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուստի դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, որոշմամբ արձանագրել է, որ 2010 թվականի դրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետևում մինչև 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարում, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիության դադարեցման հետևանքով ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելն ինքնին («per se») առաջացնում էր իրավական հետևանքներ նաև իր երեխայի համար, քանզի 14 տարեկանը չլրացած լինելու պարագայում երեխան ինքնաբերաբար կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Իսկ հետագայում` օրենսդրական բարեփոխումների արդյունքում զետեղվել է նոր մոտեցում, համաձայն որի` նշյալ իրողության պարագայում ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը նախաձեռնի երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման գործընթացը` համապատասխան դիմում ներկայացնելով:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ի տարբերություն գործող օրենսդրությանը` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ինքնաբերաբար` օրենքի ուժով, եթե վերջինս ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը դեռևս 2010 թվականին կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` օրենքի ուժով, ինչը հաստատում է տվյալ պահի դրությամբ Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունն առկա է, և Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետևաբար դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ պահանջն անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու իրավասությունը վերապահված է ՀՀ նախագահին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հրամանագրով է լուծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, խմբային ձեռքբերման և դադարեցման հարցերը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Հետևաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստը կարող է լինել բացառապես ՀՀ նախագահի կողմից քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի արձակման դեպքում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ նույն օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին»» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կարգավորմամբ մինչև 14 տարեկան երեխան քաղաքացիությունը կորցնում է հետևյալ պայմանների առկայության դեպքում` նրա ծնողները կորցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (նրանց քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով), երեխան ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաև երեխայի քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով` ՀՀ նախագահի հրամանագրով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, որը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով, և Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, միաժամանակ վերջինիս ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, և դրա վերաբերյալ էլ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետևաբար, Ալբերտ Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը չի կարող համարվել դադարեցված և նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փաստորեն, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ալբերտ Եդիգարյանի կողմից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալբերտ Եդիգարյանից հօգուտ Վարչության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար Վարչության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.06.2018 թվականի վճռին:

2. Ալբերտ Եդիգարյանից հօգուտ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով 03.03.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

03.03.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մարտի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Եդիգարյանի ընդդեմ Վարչության` իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.06.2018 թվականի վճռին:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ալբերտ Եդիգարյանը պահանջել է ճանաչել իր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2019 թվականի որոշմամբ Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Եդիգարյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 2010 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է նույն օրենսգրքի 1-ին և 22-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ 2010 թվականի խմբագրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետևում մինչև 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարումը: Մինչդեռ անկախ այն հանգամանքից` անձը չափահաս է, թե` ոչ, ունի այլ պետության քաղաքացիություն, թե` ոչ, նրա ՀՀ քաղաքացիության ինքնաբերաբար (ինքնին) կորուստը սահմանափակված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի ուժով, ինչն էլ իր հերթին ենթադրում է քաղաքացիության դադարեցման համար որոշակի գործողությունների կատարում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար օրենքը սահմանում է ՀՀ նախագահի համապատասխան իրավական ակտի պարտադիր առկայության պահանջ, որը հնարավոր է բացառապես քաղաքացու և իրավասու պետական մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու միջոցով (դիմում ներկայացնելու, դրա հիման վրա իրականացված վարչարարության և արդյունքում ՀՀ նախագահի կողմից հրամանագրի արձակմամբ): Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը 14-18 տարեկան երեխաների համար սահմանում է համաձայնություն ներկայացնելու լրացուցիչ պահանջ, հետևաբար և վարույթի համար պահանջվող լրացուցիչ փաստաթուղթ: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վկայակոչելով նշված հոդվածը` համարել է, որ այն հիմնավորում է մինչև 14 տարեկան երեխաների համար գործողություններ կատարելու անհրաժեշտության բացակայությունը, առանց անդրադարձ կատարելու դրա անհրաժեշտությանը` որպես լրացուցիչ նախապայման վարչարարության ծագման և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականացման համար (քանի որ վարույթի ընթացքում ստուգվում է նաև ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը, քաղաքացիության դադարեցման համար օրենսդրության համապատասխան պահանջների պահպանված լինելու հանգամանքը և այլն):

Վերաքննիչ դատարանը անտեսել է նաև այն հանգամանքը, որ վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում 07.05.15 թվականին կատարված լրացումներն ունեցել են ընթացակարգերը հստակեցնող բնույթ և նպատակ են հետապնդել ավելի համակարգված և ամբողջական սահմանել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի ՎԴ/2279/05/17 վարչական գործով կայացված որոշումն ամբողջությամբ բեկանել, փոփոխել այն և հայցը մերժել»»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը բավարար չեն բողոքը բավարարելու համար: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ իրավահարաբերության սուբյեկտները օրենքում վիճարկվող իրավակարգավորման բացակայության, օրենքում տրված հասկացությունների ոչ կանխատեսելի, ոչ հստակ և ոչ իրավաչափ լինելու հիմքով կրելու են պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, և ստանձնելու են պարտականություններ, որոնք չէին կարող ստանձնել:

Սույն գործով անվիճելի փաստ է, որ տվյալ իրավահարաբերությունների վրա տարածվում են 2010 թվականին գործող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Ալբերտ Եդիգարյանը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ օրենքով սահմանված չի եղել քաղաքացիությունը կորցրած ծնողի կողմից դիմում ներկայացնելու պարտականությունը` անչափահաս երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին, ինչի վերաբերյալ արդեն հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը 4-րդ և 5-րդ կետերով լրացվել է»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 22.07.1999 թվականին տրված թիվ 206314 ծննդյան վկայականի պատճենի համաձայն` Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին և հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին (հատոր 1-ին, գ.թ.18):

2) Ալբերտ և Նելլի Եդիգարյանները հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ` համաձայն վերջիններիս` Ռուսաստանի Դաշնության անձնագրերի պատճենների (հատոր 1-ին, գ.թ. 13-19):

4) Նելլի Եդիգարյանը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև 2010 թվականը, այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով կորցրել է քաղաքացիությունը: Նույն թվականին Նելլի և Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն (փաստը չի վիճարկվում) (հատոր 1-ին, գ.թ. 85):

5) Նելլի Եդիգարյանը 24.11.2015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր և անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան` Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարման հետևանքով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիությունից հրաժարված կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նախատեսված ընդհանուր հիմունքներով: Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծվում են Հայաստանի նախագահի հրամանագրով: Ալբերտ Ալբերտի Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունում գործ առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 69):

6) Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությանը կից տրամադրված անձի քաղաքացիության մասին տեղեկանքի համաձայն` Ալբերտ Ալբերտի Եդիգարյանը` ծնված 16.07.1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր` AK սերիայի թիվ 0312363, տրված 04.06.2009 թվականին Վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 70)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը բավարար է երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ինքնաբերաբար դադարեցված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության խնդրին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալբերտ Եդիգարյանի կողմից ներկայացվել է իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին պահանջ` ճանաչման հայցի շրջանակներում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի124-րդ հոդվածի 5-րդ մասի  համաձայն` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը որոշվում է այն պահին գործած օրենքների հիման վրա, երբ այդ իրավահարաբերությունը ծագել էր կամ չէր ծագել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալ իրավակարգավորման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության բացակայության, այն է` Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու կամ չհանդիսանալու հարցը, ենթակա է որոշման իրավահարաբերության ենթադրյալ դադարման պահին գործած խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Տվյալ դեպքում` 2010 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայցվորի մոր` Նելլի Եդիգարյանի քաղաքացիությունը, և նույն թվականին Ալբերտ և Նելլի Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Ըստ հայցվորի` վերջինս չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ նույն թվականին վերջինս օրենքի ուժով կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նման պայմաններում` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության բացակայության` հայցվորի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հարցի կապակցությամբ կիրառելի են 2010 թվականին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները:

i

Այսպես` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 30.1-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից: (...)

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով կարգավորվել են ծնողների քաղաքացիության փոփոխման կամ որդեգրման դեպքում երեխայի քաղաքացիության հետ կապված իրավահարաբերությունները:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն (...):

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

4) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:

2010 թվականի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահն իր հրամանագրով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը:

Վերը նշված իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն իրավական կապն է` հիմնված պետության կողմից տվյալ անձին որպես իր քաղաքացի իրավաբանական ճանաչման վրա, որն օրենքով նախատեսված դեպքերում պետության և քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն: Քաղաքացիության` պետության և անձի միջև կապի իրավական բնույթն արտահայտվում է նրանում, որ պետությունը ճանաչում է անձին որպես իր քաղաքացի և համապատասխան օրենքով ամրագրում է այդ կապը, սահմանում քաղաքացիության ձեռքբերման պայմաններն ու կարգը, տարածում է իր իրավունքի համակարգը այդ անձի վրա և ստանձնում նրա նկատմամբ որոշակի պարտականություններ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված են քաղաքացիության ձեռքբերման և դադարման իրավական հիմքերը: Ընդ որում, անդրադարձ կատարելով քաղաքացիության դադարմանը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քաղաքացիության դադարումը անձի իրավական կապի կորուստն է Հայաստանի Հանրապետության հետ, որը հնարավոր է օրենքով նախատեսված հիմքերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ի թիվս այլ հիմքերի, սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է նաև նույն օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այսպես` նույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված իրավանորմը մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիության կորուստը կապում է նրա ծնողների կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենքի ընդհանուր դրույթների համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: Այսինքն` օրենքը քաղաքացիության կորուստը պայմանավորել է քաղաքացիության դադարեցմամբ, հետևաբար, առանց քաղաքացիության դադարեցման խոսք չի կարող լինել քաղաքացիության կորստի մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիության դադարեցման իրավական ընթացակարգը կիրառելի է նաև նույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքում, երբ ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում մինչև 14 տարեկան երեխան կորցնում է քաղաքացիությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը քաղաքացիության հետ կապված հարցերի լուծումը վերապահել է օրենքով սահմանված համապատասխան մարմիններին, մասնավորապես` քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության նախագահն իր հրամանագրով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին և հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին: Ալբերտ Եդիգարյանը և նրա մայր Նելլի Եդիգարյանը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Նելլի Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել մինչև 2010 թվականը, վերջինիս քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է և նույն թվականին Նելլի և Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:

Նելլի Եդիգարյանը 24.11.2015 թվականին դիմում է ներկայացրել Վարչություն իր և անչափահաս որդու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանքներ տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան` Վարչության պետի 02.12.2015 թվականի թիվ 22-65636 գրությամբ հայտնվել է, որ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործ Վարչությունում առկա չէ:

Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով, որ թեև Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը (նրա քաղաքացիությունը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով), Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, սակայն վերջինիս քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, դրա վերաբերյալ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետևաբար, քանի դեռ Ալբերտ Եդիգարյանի քաղաքացիությունը դադարեցված չէ ՀՀ նախագահի հրամանագրով, վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Դատարանը, անդրադառնալով Ալբերտ Եդիգարյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքին, նշել է, որ ըստ օրենսդրի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, ուստի այլ երկրի քաղաքացիությունը ևս հիմք չէ Ալբերտ Եդիգարյանին ՀՀ քաղաքացի չհամարելու համար: Դատարանն եզրահանգել է, որ վիճելի իրավահարաբերությունն առկա է, և հայցվոր Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուստի դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, որոշմամբ արձանագրել է, որ 2010 թվականի դրությամբ գործող իրավական նորմերից ուղղակիորեն չէր հետևում մինչև 14 տարեկան երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար ծնողի լրացուցիչ գործողությունների կատարում, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիության դադարեցման հետևանքով ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելն ինքնին («per se») առաջացնում էր իրավական հետևանքներ նաև իր երեխայի համար, քանզի 14 տարեկանը չլրացած լինելու պարագայում երեխան ինքնաբերաբար կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Իսկ հետագայում` օրենսդրական բարեփոխումների արդյունքում զետեղվել է նոր մոտեցում, համաձայն որի` նշյալ իրողության պարագայում ՀՀ քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողը նախաձեռնի երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման գործընթացը` համապատասխան դիմում ներկայացնելով:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ի տարբերություն գործող օրենսդրությանը` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ինքնաբերաբար` օրենքի ուժով, եթե վերջինս ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը դեռևս 2010 թվականին կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` օրենքի ուժով, ինչը հաստատում է տվյալ պահի դրությամբ Ալբերտ Եդիգարյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունն առկա է, և Ալբերտ Եդիգարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետևաբար դրա բացակայությունը ճանաչելու վերաբերյալ պահանջն անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու իրավասությունը վերապահված է ՀՀ նախագահին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հրամանագրով է լուծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, խմբային ձեռքբերման և դադարեցման հարցերը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Հետևաբար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստը կարող է լինել բացառապես ՀՀ նախագահի կողմից քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի արձակման դեպքում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ նույն օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կարգավորմամբ մինչև 14 տարեկան երեխան քաղաքացիությունը կորցնում է հետևյալ պայմանների առկայության դեպքում` նրա ծնողները կորցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (նրանց քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով), երեխան ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, ինչպես նաև երեխայի քաղաքացիությունը դադարեցվել է օրենքով սահմանված կարգով` ՀՀ նախագահի հրամանագրով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, որը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով, և Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, միաժամանակ վերջինիս ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, և դրա վերաբերյալ էլ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետևաբար, Ալբերտ Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը չի կարող համարվել դադարեցված և նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փաստորեն, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում նշվում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Տվյալ դեպքում Վարչությունը, պահանջելով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք բացառապես նշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն իր հերթին ևս պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` պայմանավորված իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ:

Հիմք ընդունելով այն, թե Վարչությունը վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք ինչն է նշել, և Վճռաբեկ դատարանն ինչ հիմքով է պայմանավորել սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը` հաշվի առնելով նաև ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունը, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հիմնավոր համարելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ դեպքում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա լինի իրավունքի զարգացման խնդիր:

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որոշման մեջ չի անդրադարձել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությանը, ինչպես նաև հաստատված չի համարել, որ, իրոք, այդ նորմի կապակցությամբ առկա է եղել իրավունքի զարգացման խնդիր:

Ավելին` Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ նշել է, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար»:

Կարծում եմ, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի և հիմնավորումների առկայությունը տվյալ դեպքում չէր կարող բավարար համարվել Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված նույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է դատական սխալի հիմքով` Վերաքննիչ դատարանին վերագրելով նյութական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում (որոշման մեջ այդ մասին որոշակիորեն նշված չէ):

Կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Վերաքննիչ դատարանի դատական ակտը չէր կարող բեկանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով, քանի որ այդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար անհրաժեշտ էր ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված հիմքով վարույթ ընդունված բողոք: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը տվյալ դեպքում պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի դեպքում պետք է եզրահանգում աներ բացառապես այդ հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը բողոքը չի քննել վերը նշված հիմքի սահմաններում և դրա քննության արդյունքում հաստատված չի համարել բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը:

Վերը նշվածի հիման վրա հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, և Դատարանի վճռին օրինական ուժ տալու համար:

Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ ցանկանում ենք անդրադառնալ նաև Վճռաբեկ դատարանի պատճառաբանությանը` կապված Վերաքննիչ դատարանի 21.06.2019 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 13.06.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու հետ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունները` գալիս ենք հետևության, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին և եզրահանգումներին չի համաձայնվել, ըստ էության, բացառապես այն շարժառիթից ելնելով, որ`

թեև Ալբերտ Եդիգարյանի մայրը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, որը դադարեցվել է ՀՀ նախագահի հրամանագրով, և Ալբերտ Եդիգարյանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, միաժամանակ վերջինիս ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, և դրա վերաբերյալ էլ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր: Հետևաբար, Ալբերտ Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը չի կարող համարվել դադարեցված և նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը Ալբերտ Եդիգարյանի հայցապահանջն անհիմն է համարել այն պատճառաբանությամբ, որ թեև վերջինիս մայրը ՀՀ քաղաքացիությունը կորցրել է ՀՀ նախագահի հրամանագրով այն դադարեցվելու հիմքով, իսկ Ալբերտ Եդիգարյանն իր հերթին ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, սակայն վերջինիս ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չի դադարեցվել, և դրա վերաբերյալ առկա չէ ՀՀ նախագահի հրամանագիր:

Հայցվորի մոր ՀՀ քաղաքացիությունը կորցվելու պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: (...)

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: (...)

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների մինչև 14 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Տվյալ դեպքում սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից հաստատված` վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համաձայն`

1. Ալբերտ Եդիգարյանը ծնվել է 16.07.1999 թվականին,

2. հանդիսանում է Նելլի Եդիգարյանի որդին,

3. Նելլի Եդիգարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հանդիսացել մինչև 2010 թվականը, որից հետո ՀՀ նախագահի հրամանագրով կորցրել է քաղաքացիությունը,

4. նույն` 2010 թվականին Նելլի և Ալբերտ Եդիգարյանները ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:

Վերը նշված փաստերը համադրելով Օրենքի 1-ին, 16-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսված իրավական կարգավորումների հետ` կարծում ենք, որ Ալբերտ Եդիգարյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի երեխա, Օրենքի 16-րդ հոդվածի հիմքով իր ծննդյան պահից ևս ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Մինչդեռ նշված քաղաքացիությունն Ալբերտ Եդիգարյանը նույն Օրենքի 17-րդ հոդվածի հիմքով, այսինքն` օրենքի ուժով, կորցրել է դեռևս 2010 թվականին, երբ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը 2010 թվականին կորցրած ծնողի մինչև 14 տարեկան երեխա (այդ ժամանակ եղել է 11 տարեկան), նույն թվականին իր ծնողի հետ ձեռք է բերել այլ պետության` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Այսինքն` տվյալ դեպքում Ալբերտ Եդիգարյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով` այն վերը նշված պատճառաբանությամբ կորցված լինելու հիմքով:

Դրանից ելնելով գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 21.06.2019 թվականի որոշումը` անփոփոխ թողնման:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 մարտի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809902356

 

Միասնական կայք 08.08.22-21.08.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.03.2022
N ՎԴ/2279/05/17
Որոշում