Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/12355/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12355/02/18        2022 թ.

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

Ա. Խառատյան

Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (իրավանախորդ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ Մերուժան Միքաելյանի հայցի ընդդեմ Ընկերության` Ընկերության տնօրենների խորհրդի 20.04.2018 թվականի թիվ 02/18 որոշումն անվավեր ճանաչելու, աշխատավարձը բռնագանձելու, հայցվորին` իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան աշխատանքով ապահովելուն պարտավորեցնելու, Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն ու Ընկերության 25.04.2018 թվականի թիվ 193 հրամանն առոչինչ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մերուժան Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենների խորհրդի 20.04.2018 թվականի թիվ 02/18 որոշումը, բռնագանձել աշխատավարձը, պարտավորեցնել Ընկերությանը` ապահովելու իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան աշխատանքով, առոչինչ ճանաչել Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն ու Ընկերության 25.04.2018 թվականի թիվ 193 հրամանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է` Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն առոչինչ ճանաչել, պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին առաջարկել Ընկերության` մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքը, պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 12.06.2018 թվականից վճարել հատուցում` մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքի միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 10.05.2018 թվականից մինչև 11.06.2018 թվականը վճարել հատուցում` գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հաստիքի միջին աշխատավարձի չափով և տույժ` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Միաժամանակ վճռվել է Ընկերությունից հօգուտ Մերուժան Միքաելյանի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար և Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրքի գումար: Մերուժան Միքաելյանից հօգուտ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի բռնագանձել 37.000 ՀՀ դրամ` որպես կատարված փորձաքննության ծախսի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է, միաժամանակ տրամադրվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Շուշաննա Ալեքսանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 100-րդ հոդվածի 2-րդ մասը, 102-րդ հոդվածի 8-րդ մասը, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 371-րդ հոդվածի 3-րդ մասը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է հայցի բավարարված մասի դեմ, այսինքն`

- Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն առոչինչ ճանաչելու մասով,

- Ընկերությանը հայցվորին Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքն առաջարկելուն պարտավորեցնելու մասով,

- Ընկերությունից հօգուտ հայցվորի վերջինիս չստացված աշխատավարձը բռնագանձելու, ինչպես նաև յուրաքանչյուր կետանցված օրվա համար 0,15 տոկոսի չափով տույժ հաշվարկելու մասով:

Հետևաբար պետական տուրքը հաշվարկելիս պետք է ելնել այն կանխավարկածից, թե բավարարված հայցապահանջների մեջ առկա՞ է արդյոք ածանցյալ պահանջ, որի դեպքում պետական տուրք չի գանձվում: Տվյալ դեպքում, որպես հիմնական պահանջ, պետք է դիտարկել հրամանն առոչինչ ճանաչելու պահանջը, քանի որ դրա բավարարումը կախվածության մեջ չէ մյուս բավարարված պահանջներից: Այն ոչ դրամական պահանջ է, և դրա մասով Ընկերության կողմից վճարվել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Մնացած դրամական և ոչ դրամական պահանջները կրում են ածանցյալ բնույթ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի նշել նաև կոնկրետ անհրաժեշտ վճարման ենթակա պետական տուրքի չափը, ինչը նշանակում է, որ խախտվել է որոշակիության սկզբունքը, և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը հնարավոր է մերժվի, եթե Ընկերությունը կրկին վճարի Վերաքննիչ դատարանի որոշած պետական տուրքի չափից պակաս պետական տուրք, ինչն էլ կզրկի Ընկերությանը դատական ակտն ըստ էության բողոքարկելու հնարավորությունից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Բյուջետային փոխանցում N 11814» վերտառությամբ փաստաթուղթը հանդիսանում է պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ վերաքննիչ բողոք ներկայացնելիս պետական տուրքի վճարված լինելու փաստը հավաստող ապացույցի որևէ հստակ ձև, և հետևաբար բողոք բերող անձինք օժտված են լայն լիազորություններով, որոնք չեն կարող սահմանափակվել Դատարանի կամաարտահայտմամբ: Ներկայացված փաստաթուղթը պատշաճ է այնքանով, որ դրանից ակնհայտ է ճիշտ հաշվեհամարին Ընկերության կողմից պետական տուրքի վճարման, ինչպես նաև բանկի կողմից համապատասխան վճարման հանձնարարագիրը կատարված լինելու փաստերը:

i

Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով 10.07.2020 թվականի, թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով 27.08.2020 թվականի որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով 10.07.2020 թվականի, թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով 27.08.2020 թվականի որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը արդյո՞ք կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն դեպքում, երբ այն ներկայացված է թղթային տարբերակով և դրանում առկա է վճարող իրավաբանական անձի իրավասու անձի էլեկտրոնային ստորագրությունը: Միաժամանակ, ելնելով ներկայացված պահանջների բնույթից` հիմնական և ածանցյալ լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկման համար սահմանված պետական տուրքի չափը որոշելու առանձնահատկություններին:

 

i

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` միևնույն ժամանակ նախատեսելով այդ իրավունքի իրականացման կարգը: Այսպես` օրենսդիրը գործին մասնակցող անձի վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կից ներկայացնելու նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերողն օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Տվյալ դեպքում գործին մասնակցող անձի կողմից վերը նշված պահանջը չպահպանելն օրենսդիրը դիտել է որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ` արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս, Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

i

Կանոնների 1-ին կետի համաձայն` նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

i

Կանոնների 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (...):

i

Կանոնների 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.

Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`

i

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը(...),

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը(ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (...):

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

i

Կանոնների 17-րդ կետի համաձայն` «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

i

Ըստ Կանոնների նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես` 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին` նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ անդրադառնալով մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանի թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ քննարկվող իրավական հարցադրման համատեքստում անհրաժեշտ է համարել հավելել, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 4-10):

Վերաքննիչ դատարանը 21.07.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` ի թիվս այլ խախտման, նաև պետական տուրքի գումարը վճարված լինելու փաստը հավաստող որևէ թույլատրելի ապացույց ներկայացված չլինելու հիմքով: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին կցված` որպես դրա ներկայացման համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող «Բյուջետային փոխանցում N 11814» փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել, քանի որ բնօրինակ չէ, իսկ էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում այն պետք է համապատասխաներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ (հավելված, գ.թ. 35-36):

Հիշատակված փաստական և իրավական հիմնավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի («Բյուջետային փոխանցում N 11814» փաստաթուղթ) ուսումնասիրությունից հետևում է, որ պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` «dc2a20c7-b29d-416b-a559-98eb5a0d17f4», վճարման օրը, ամիսը, տարին` «16.06.2021 թվական», վճարված գումարի չափը` «10.000.00», արժույթը` «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը` «Պետական տուրք` թիվ ԵԴ/12355/02/18 գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը` «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ (բողոքաբեր), վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «02500052», վճարող ընկերության բանկի անվանումը` «Ամերիաբանկ ՓԲԸ», շահառուի (ստացող) անվանումը` «ՀՀ կենտրոնական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը` «900005016010, գործարքն իրականացնող անձանց տվյալները, այն է` ստորագրողներ Հայկ Եսայան, Մարիաննա Գյուլումյան, ստորագրության կարգ` համապատասխանաբար I, II, ստորագրության ամսաթիվը, սարքի անվանումը` «DIGIPASS GO», սարքի սերիաներ` համապատասխանաբար 3587087600, 3587119912, էլեկտրոնային ստորագրություններ` 434130, 166205, վճարող ընկերության անձի ստորագրությունը և կնիքը:

i

Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով և Հավելվածի 25-րդ կետով սահմանված վավերապայմանները, մասնավորապես` պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է Վերաքննիչ դատարան թղթային տարբերակով` հաճախորդի իրավասու անձանց ստորագրությամբ, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ներկայացվել են թղթային տարբերակով` փոստային ծառայության միջոցով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստորեն, չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը` թույլ տալով դատավարական նորմի խախտում: Այսինքն, Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Ընկերության արդար դատաքննության իրավունքը:

 

i

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

i

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

i

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն Գլուխ 10-րդ Դատական ծախսեր գլխի կանոններին համապատասխան:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

i

Իր` նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է` հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս` բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ` ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում, օրենսդրի կողմից կարևորվել է նաև վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը` այն կախվածության մեջ դնելով դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն, օգտվելով իր տնօրինչական իրավունքից, ինչ ծավալով որ բողոքարկում է դատական ակտը, այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված հայցով Մերուժան Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենների խորհրդի 20.04.2018 թվականի թիվ 02/18 որոշումը, բռնագանձել աշխատավարձը, պարտավորեցնել Ընկերությանը` ապահովելու իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան աշխատանքով, առոչինչ ճանաչել Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն ու Ընկերության 25.04.2018 թվականի թիվ 193 հրամանը:

Դատարանը 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է`

- առոչինչ ճանաչել Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը,

- պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին առաջարկել Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքը,

- պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 12.06.2018 թվականից վճարել հատուցում` մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,

- պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 10.05.2018 թվականից մինչև 11.06.2018 թվականը վճարել հատուցում` գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հաստիքի միջին աշխատավարձի չափով և տույժ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը. հայցը` մնացած մասով, մերժվել է:

Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը` պահանջելով մասնակիորեն բեկանել այդ դատական ակտը` հայցը բավարարելու մասով, և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել: Վերաքննիչ բողոքին կից Ընկերությունը ներկայացրել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին անդորրագիրը (հավելված, գ.թ. 4-6, 13):

Վերաքննիչ դատարանի 21.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքննիչ բողոքում չեն նշել վերաքննիչ բողոքի հիմքերը, այսինքն` այն նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրանց հիմնավորումները, որոնք ազդել են գործի ելքի վրա: (...) սույն վերաքննիչ բողոքով վիճարկվում են Դատարանի կողմից բավարարված հայցապահանջներն ամբողջությամբ, որպիսի պայմաններում պետական տուրքը պետք է հաշվարկել հետևյալ դրույքաչափով. Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն առոչինչ ճանաչելու մասին բավարարված հայցապահանջի համար պետական տուրքը կազմում է 10.000 ՀՀ դրամ, Ընկերությանը պարտավորեցնելու Մերուժան Միքաելյանին առաջարկել մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքը բավարարված հայցապահանջի համար պետական տուրքի գումարը 10.000 ՀՀ դրամ է, իսկ մնացած մյուս բավարարված հայցապահանջների, այն է` «պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 12.06.2018 թվականից վճարել հատուցում` մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը» և «պարտավորեցնել Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 10.05.2018 թվականից մինչև 11.06.2018 թվականը վճարել հատուցում` գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հաստիքի միջին աշխատավարձի չափով և տույժ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը» դրամական պահանջների մասով պետական տուրքը կազմում է վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով:

Պարզելու համար, թե որոնք են սույն գործով դրամական և ոչ դրամական պահանջները, հիմնական և ածանցյալ պահանջները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումներին: Այսպես`

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

(...) 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում. (...):

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից (...):

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Սույն գործով ներկայացված է աշխատանքային վեճի վերաբերյալ հայց: Դատարանի վճռով բավարարվել են ներկայացված պահանջներից հետևյալները` առոչինչ է ճանաչվել Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, պարտավորեցվել է Ընկերությանը Մերուժան Միքաելյանին առաջարկել Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքը, պարտավորեցվել է Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 12.06.2018 թվականից վճարել հատուցում` մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, պարտավորեցվել է Ընկերությանը Մերուժան Միքաելյանին 10.05.2018 թվականից մինչև 11.06.2018 թվականը վճարել հատուցում` գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հաստիքի միջին աշխատավարձի չափով և տույժ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Դրանցից երկուսը` Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն առոչինչ ճանաչելու և Ընկերությանը հայցվորին հաստիք առաջարկելուն պարտավորեցնելու մասին պահանջները ոչ դրամական են, իսկ մյուս երկու պահանջները` դրամական:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադարձել է ներկայացված պահանջների բնույթին` հիմնական և ածանցյալ լինելու տեսանկյունից` ըստ այդմ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի իրավակարգավորումը, եկել է այն եզրահանգման, որ աշխատանքից ազատելու հրամանն առոչինչ ճանաչելու մասին պահանջը հիմնական պահանջ է: Հիմնական պահանջ է նաև նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումն անվերապահորեն չի կարող հանգեցնել նախկին աշխատանքում վերականգնելուն (տե՛ս, Արտակ Խաչատրյանն ընդդեմ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.07.2020 թվականի որոշումը):

Արձանագրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր` իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան աշխատանք առաջարկելու մասին պահանջը ևս հիմնական պահանջ է, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն առոչինչ ճանաչելու մասին պահանջի բավարարումն ինքնին չի հանգեցնում նաև վերոնշյալ պահանջի անվերապահ բավարարման:

Ինչ վերաբերում է հատուցում վճարելու, չվճարված աշխատավարձ և տույժ վճարելու պահանջների բնույթին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք իրենց բնույթով ածանցյալ են, քանի որ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանն առոչինչ ճանաչելու դեպքում դրանք նույնպես ենթակա են անվերապահ բավարարման:

Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` համապատասխան պահանջների մասով, իսկ այդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվել է բավարարված մասով վճիռը բեկանել ամբողջությամբ և այն փոփոխել` հայցը մերժել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա էր վճարման 20.000 ՀՀ դրամի չափով, որից 10.000 ՀՀ դրամը` որպես Ընկերության 08.05.2018 թվականի թիվ 597-Կ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն առոչինչ ճանաչելու հիմնական ոչ դրամական պահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, իսկ 10.000 ՀՀ դրամը` որպես Ընկերությանը Մերուժան Միքաելյանին Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքն առաջարկելուն պարտավորեցնելու պահանջի համար հիմնական ոչ դրամական պահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար: ՈՒստի նկատի ունենալով այն, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույց, իսկ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար, ինչպես արդեն նշվեց, անհրաժեշտ էր վճարել 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը բոլոր դեպքերում վճարվել է օրենքով սահմանված չափից պակաս:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասով, որ երկու ոչ դրամական պահանջների համար վերաքննիչ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ պետական տուրքը կազմում է 20.000 ՀՀ դրամ` իրավաչափ է և բխում է գործի փաստական կազմից, մինչդեռ անհիմն են Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ դրամական պահանջների մասով պետական տուրքը կազմում է վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, քանի որ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններից բխում է, որ դրամական պահանջներն իրենց բնույթով ածանցյալ են, ուստիև դրանց համար պետական տուրք չի գանձվում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` կապված «Բյուջետային փոխանցում N 11814» փաստաթուղթը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող թույլատրելի և արժանահավատ ապացույց չհամարելու մասով, չեն բխում վերը նշված իրավական դիրքորոշումներից:

Վճռաբեկ դատարանի նշված իրավական դիրքորոշմանը հակասում են նաև դրամական պահանջների մասով պետական տուրքը պակաս վճարված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը` «Ընկերությանը պարտավորեցնել Մերուժան Միքաելյանին առաջարկել մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման զարգացման տնօրենի հաստիքը» բավարարված հայցապահանջը գնահատել է հիմնական ոչ դրամական պահանջ և գտել է, որ այդ մասով ևս անհրաժեշտ է վճարել պետական տուրք:

i

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք ներկայացնելիս պահպանված չի եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` բողոքին չի կցվել օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարված լինելը հավաստող ապացույցը:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, իրավաչափորեն է վերադարձրել Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական:

 

Միասնական կայք` 08.08.22-21.08.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2022
N ԵԴ/12355/02/18
Որոշում