Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/0895/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0895/04/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ՎԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Խաչատրյան) 16.08.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 06.11.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս թույլատրվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2020 թվականի որոշմամբ Դատարանի 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

1. Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումով` ստորագրված չէ (վերաքննիչ բողոքում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն), որի հիմքով չի անդրադարձել դրան, ամբողջությամբ անհիմն է: Տվյալ դեպքում, ստորագրությունը պատկանում է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանին, ստորագրությունը դրված է դրոշմակնիքի միջոցով, որը ևս համարվում է բնօրինակ ստորագրություն, քանի որ այն պատճենահանված չէ: Բացի այդ, ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասով, այնպես էլ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չէ ստորագրության ձևի հետ կապված որևէ նորմ:

i

2. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանություններին, ապա Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, Կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի, այն միջնորդություններից է, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Վերաքննիչ դատարանը որոշմամբ չի պատճառաբանել, թե որ անձի որ իրավունքը, պարտականությունները, շահերը, կարգավիճակը կամ դատավարության ընթացքն է խախտվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի որոշումը` անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեն 31.10.2019 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին: Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 36-73):

2) Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի կողմից 20.01.2020 թվականին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել «Վերաքննիչ բողոքի պատասխան-դիրքորոշում», որի վրա առկա է գրաֆիկական պատկերով դրոշմակնիք (ստորագրություն) (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 62-65):

3) Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականի որոշմամբ նշել է, որ Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասի, ստորագրված չէ (վերաքննիչ բողոքում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն), ուստի չի անդրադարձել դրանում բերված փաստարկներին (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 75-77):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատարան ներկայացվող փաստաթուղթն այն ներկայացնող անձի կողմից ստորագրելու օրենսդրական պահանջի բովանդակության բացահայտմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտի մոտ համալիր հարկային ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մինչև դատարան ներկայացնելն արդյոք Կոմիտեն պարտավոր է միջնորդությանը կից ներկայացնել միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության մասին հիմնավորումները:

 

4.1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարան ներկայացվող փաստաթղթերի ձևին և բովանդակությանը վերաբերող պահանջների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվածից բացի այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նշված հարցերի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`

1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը.

2) որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, նպատակ է ունեցել ամրագրելու գործի քննության ընթացքում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի իրականացումը: Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ինստիտուտը գործին մասնակցող անձի դատական պաշտպանության կառուցակարգերից է` դատավարական կարևոր իրավունք, որի պատշաճ իրականացման ապահովումը կախված է ոչ միայն դատարանի, այլ նաև` գործին մասնակցող անձի համապատասխան գործողություններից:

Միաժամանակ, օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածով հստակեցվել են այն պահանջները, որոնք պետք է պահպանվեն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելիս: Ի թիվս այդ պահանջների` վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ստորագրված այն ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, թեև քաղաքացիական օրենսդրությունը չի սահմանել «ստորագրություն» եզրույթի էությունը, սակայն փաստաթղթերում ստորագրության առկայության պարտադիրությունն այն պայմանն է, որով, ըստ էության, եզրափակվում է նշված փաստաթղթի կազմման գործընթացը. ստորագրությունը հաստատում է, որ այդ փաստաթղթի բովանդակությունը համապատասխանում է կողմի դրսևորած իրական կամքին: Միաժամանակ, օրենքով նախատեսված այլ պայմանների հետ մեկտեղ, իսկ երբեմն` ինքնուրույն (օրինակ` ստացականներում), ստորագրությունը փաստաթղթին տալիս է իրավական իմաստ: Այսինքն` ստորագրությունը հաստատում է փաստաթղթում պարունակվող տեղեկություններն ու փաստերը: Ավելին` ստորագրությունն այն նշանն է, որը թույլ է տալիս նույնականացնել այն անձին, ում անունից կազմվել է փաստաթուղթը: Հետևաբար, այն դեպքում, երբ համապատասխան փաստաթուղթը ստորագրված չէ ներկայացնող անձի կողմից` այն չի կարող իրավական արժևորման արժանանալ և իրավական հետևանքներ առաջացնել:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի կողմից 20.01.2020 թվականին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել «Վերաքննիչ բողոքի պատասխան-դիրքորոշում»:

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականի որոշմամբ նշել է, որ Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասի, ստորագրված չէ (վերաքննիչ բողոքում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն), ուստի չի անդրադարձել դրանում բերված փաստարկներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երևում է, որ «Վերաքննիչ բողոքի պատասխան-դիրքորոշում»-ը ոչ թե ստորագրված է, այլ դրա վրա` Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի անվան դիմաց, առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, որպիսի փաստն ընդունել է նաև բողոքաբերը վճռաբեկ բողոքում:

Վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո անդրադառնալով և պատասխանելով սույն գործով բարձրացված իրավական հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը: Այսպես. ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի` «ստորագրություն» է` անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ(1): Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը(2):

_______________________

1) Տե՛ս, «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2) Տե՛ս, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ ստորագրությունն անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի և մյուսների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ «ֆաքսիմիլե» տերմինի (լատ.` «fac simile»- նման բան արեք) բովանդակային վերլուծությունից հետևում է, որ այն իրենից ներկայացնում է կլիշե-կնիք, որը վերարտադրում է ձեռագիր ստորագրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան ներկայացվող փաստաթուղթը, տվյալ դեպքում` վերաքննիչ բողոքի պատասխանը, այն ներկայացնող անձի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է նախ նրանով, որ ստորագրությունը վերաքննիչ բողոքի պատասխանին տալիս է իրավական իմաստ, հաստատում է պատասխանի բովանդակությունը, բացի այդ` թույլ է տալիս նույնականացնել այն անձին, ում անունից կազմվել է այն:

Հետևաբար, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի ստորագրությունը դրոշմի տեսքով դնելը կամ դրա արտատպումը (բացառությամբ էլեկտրոնային ստորագրության և նույնականացման օրենքով թույլատրված այլ միջոցների կիրառման) չի կարող համարվել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի կողմից ստորագրված լինելու հանգամանք: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս մասով վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա չէ բավարարման:

 

4.2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա, իսկ 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ նախ «միջնորդություն» եզրույթն իրենից ներկայացնում է պաշտոնական գրություն` ուղղված դատարանին, համապատասխան գործի շրջանակներում և դրա քննության ընթացքում դատարանի կողմից որևէ գործողություն կատարելու, որևէ հարցի այս կամ այն ընթացքը լուծելու համար: Նշված իրավանորմերից հետևում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով միջնորդության ներկայացման կարգը, ամրագրել է, որ դատական նիստից դուրս միջնորդությունը ներկայացրած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել գործին մասնակցող մյուս անձանց կամ, դրա անհնարինության դեպքում, ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Միաժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից կատարել է բացառություն այն դեպքերի համար, երբ միջնորդությունն իր բնույթով բացառապես այն ներկայացնող անձի իրավունքների իրականացման միջոց է, և չի ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Այսինքն, օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ գործին մասնակցող այլ անձանց միջնորդության վերաբերյալ իրազեկելը պարտադիր պայման է, եթե միայն նշված միջնորդությունը որևէ կերպ առնչվում է վերջիններիս իրավունքներին, պարտականություններին, շահերին, կարգավիճակին կամ դատավարության ընթացքին:

Սույն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «հարկային ստուգում» հասկացությանը և դրա իրականացման նպատակին ու ընթացակարգին:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ծանոթացման: (...)

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտին համալիր հարկային ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու պարտականություն է սահմանել: Ստուգման հանձնարարագիրը եռօրյա ժամկետում հարկ վճարողին ներկայացնելու օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Հանձնարարագրի մասին հարկ վճարողին ներկայացնելու համապատասխան ժամկետը սահմանելիս օրենսդիրը հիմք է ընդունել հարկային ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, օրենսդրի նման սահմանումը նպատակ ունի մի կողմից պաշտպանելու հարկ վճարողի շահերը, քանի որ վերջինս իրականացվող ստուգման մասին տեղեկացվում է ստուգումն իրականացվելուց երեք օր առաջ, մյուս կողմից` չի խախտվում հարկային մարմնի կողմից համապատասխան տնտեսվարողի մոտ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 31.10.2019 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին: Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները:

Դատարանը, 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, գնահատելով Կոմիտեի ներկայացրած պատճառաբանությունները` գտել է, որ Կոմիտեի միջնորդությունը հիմնավոր է, և վերջինիս պետք է թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ կամ այդ անելու անհնարինության մասին հիմնավորումներ Կոմիտեն Դատարանին չի ներկայացրել` ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնի, ուստի Կոմիտեի այդ միջնորդությունը Դատարանի կողմից քննարկվել և լուծվել չէր կարող` նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան: ՈՒստի, հիմնավոր համարելով Ընկերության վերաքննիչ բողոքում ներկայացրած փաստարկները, Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ հիմնավորված ու բավարարման ենթակա է բողոքարկված դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա վերացնելու մասին բողոք բերած անձի պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը քննել է Կոմիտեի` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունը, որին կից ներկայացված չեն եղել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով բացառապես Կոմիտեի իրավունքների, այն է` հարկային ստուգում անցկացնելու, իրականացման միջոց է, Դատարանը չի պահանջել Կոմիտեից այդ միջնորդության մասին իրազեկել գործին մասնակցող մյուս անձանց:

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականի որոշմամբ նշել է, որ. «Սույն գործով 31.10.2019թ. Դատարանում ստացված` պարտապան ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին Կոմիտեի անունից ներկայացված միջնորդությանը կցվել են միայն Կոմիտեի նախագահի 20.06.2019թ. «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները, իսկ միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ կամ այդ անելու անհնարինության մասին հիմնավորումներ Կոմիտեն Դատարանին չի ներկայացրել` ի խախտումն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 152-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնի, ուստի Կոմիտեի այդ միջնորդությունը Դատարանի կողմից քննարկվել և լուծվել չէր կարող` նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան, և այդ կապակցությամբ բողոքում բերված փաստարկները հիմնավորված են, ինչը նշանակում է, որ հիմնավորված ու բավարարման է ենթակա բողոքարկված դատական ակտը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 380-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա վերացնելու մասին բողոք բերած անձի պահանջը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում առկա է եղել օրենսդրի կողմից նշված բացառությունը, քանի որ Կոմիտեի միջնորդությունը չի ազդել գործին մասնակցող անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն դեպքում Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է համալիր հարկային ստուգումների հանձնարարագրին, որը հրապարակելուց հետո միայն հարկային մարմինը կարող է անցկացնել ստուգում կամ ուսումնասիրություն. ընդ որում, համալիր հարկային ստուգումների հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց զատ դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը), և այս փուլում այն չի ազդել գործին մասնակցող անձանց որևէ իրավունքի, որևէ պարտականության, որևէ շահի, որևէ կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Ավելին` հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը նախ և առաջ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ պետության հանդեպ հարկային պարտավորությունները ճշտելն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համալիր հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` Ընկերությանը, միջնորդության մասին իրազեկելու պարտավորություն չի ունեցել, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 06.11.2019 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի որոշումը և ՀՀ սնանկության դատարանի 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍնԴ/0895/04/19 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 06-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

06.04.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 06-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ՎԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի որոշումը և ՀՀ սնանկության դատարանի 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Վճռաբեկ դատարանի դատավորներ` Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Մ. Դրմեյանս, Տ. Պետրոսյանս և Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Խաչատրյան) 16.08.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 06.11.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս թույլատրվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2020 թվականի որոշմամբ Դատարանի 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

1. Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումով` ստորագրված չէ (վերաքննիչ բողոքում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն), որի հիմքով չի անդրադարձել դրան, ամբողջությամբ անհիմն է: Տվյալ դեպքում, ստորագրությունը պատկանում է Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանին, ստորագրությունը դրված է դրոշմակնիքի միջոցով, որը ևս համարվում է բնօրինակ ստորագրություն, քանի որ այն պատճենահանված չէ: Բացի այդ, ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասով, այնպես էլ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չէ ստորագրության ձևի հետ կապված որևէ նորմ:

2. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանություններին, ապա Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, Կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի, այն միջնորդություններից է, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Վերաքննիչ դատարանը որոշմամբ չի պատճառաբանել, թե որ անձի որ իրավունքը, պարտականությունները, շահերը, կարգավիճակը կամ դատավարության ընթացքն է խախտվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի որոշումը` անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեն 31.10.2019 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին: Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 36-73):

2) Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի կողմից 20.01.2020 թվականին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել «Վերաքննիչ բողոքի պատասխան-դիրքորոշում», որի վրա առկա է գրաֆիկական պատկերով դրոշմակնիք (ստորագրություն) (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 62-65):

3) Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականի որոշմամբ նշել է, որ Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 6-րդ մասի, ստորագրված չէ (վերաքննիչ բողոքում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն), ուստի չի անդրադարձել դրանում բերված փաստարկներին (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 75-77):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Մ. Դրմեյանս, Տ. Պետրոսյանս և Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման` վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն` դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն:

Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ինչպես նախորդ, այնպես էլ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության կարգավորումների պայմաններում չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված` պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ` սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ (»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների` օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ (...): Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է` նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ` նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն` դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների:

Վերոգրյալ նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացվում է դատարանի որոշմամբ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո մինչև պարտապանի լուծարման գործընթացը սկսվելը (բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը կոնկրետ սահմանափակում չի նախատեսել պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն տալու համար: Այդուհանդերձ, պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն օրենքով արգելվում է, բացառությամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու,(...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի, որը ներառված է «Դատական նիստի ընդհանուր կանոնները» վերնագիրը կրող 15-րդ գլխում, 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդրի կողմից սահմանված դատական նիստի ընդհանուր կանոնի համաձայն` դատարանը, որպես կանոն, պարտավոր է գործին մասնակցող բոլոր անձանց հնարավորություն տալ դիրքորոշում հայտնելու գործի քննության հետ կապված բոլոր հարցերով գործին մասնակցող անձանց հարուցած միջնորդությունների վերաբերյալ: Ավելին` օրենսդիրն այդ միջնորդությունների ներկայացման և լուծման առանձին կարգ է սահմանել ինչպես դատական նիստում, այնպես էլ` դատական նիստից դուրս ներկայացվածների համար: Մասնավորապես` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունների համար սահմանված կարգի համաձայն` այն պետք է ստորագրված լինի ներկայացրած գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ միջնորդությանը պետք է կցվեն այդ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացվեն այդ փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Ընդ որում, այդ պահանջները չպահպանելու դեպքում օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել չքննարկելու ներկայացված միջնորդությունը: Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

i

Սույն գործով Դատարանը, 06.11.2019 թվականի ««ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, գնահատելով Կոմիտեի ներկայացրած պատճառաբանությունները` գտել է, որ Կոմիտեի միջնորդությունը հիմնավոր է, և վերջինիս պետք է թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:

i

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականի որոշմամբ նշել է, որ. «Սույն գործով 31.10.2019թ. Դատարանում ստացված` պարտապան ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին Կոմիտեի անունից ներկայացված միջնորդությանը կցվել են միայն Կոմիտեի նախագահի 20.06.2019թ. «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները, իսկ միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ կամ այդ անելու անհնարինության մասին հիմնավորումներ Կոմիտեն Դատարանին չի ներկայացրել` ի խախտումն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 152-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնի, ուստի Կոմիտեի այդ միջնորդությունը Դատարանի կողմից քննարկվել և լուծվել չէր կարող` նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան, և այդ կապակցությամբ բողոքում բերված փաստարկները հիմնավորված են, ինչը նշանակում է, որ հիմնավորված ու բավարարման է ենթակա բողոքարկված դատական ակտը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 380-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա վերացնելու մասին բողոք բերած անձի պահանջը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում առկա է եղել օրենսդրի կողմից նշված բացառությունը, քանի որ Կոմիտեի միջնորդությունը չի ազդել գործին մասնակցող անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, գտնում ենք, որ հարկային մարմնի կողմից սնանկության վարույթում հարկային ստուգում կատարելը կամ դրա թույլտվություն ստանալը չի կարող չազդել դատավարության ընթացքի և գործին մասնակցող անձանց իրավունքների ու պարտականությունների վրա: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձնահատկություններից ելնելով` օրենսդիրը հատուկ չի սահմանել տվյալ միջնորդության քննարկման առանձնահատուկ կարգ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված միջնորդությունների քննարկման կարգը տվյալ դեպքում կիրառելի չէ ընդհանրապես և ոչ թե այն պատճառաբանությամբ, որ առկա է բացառություն: Ավելին, հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալը չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործին մասնակցող անձանց կողմից ներկայացվող միջնորդությունների լուծման կարգի հետ, քանի որ դրանով կխաթարվի սնանկության վարույթի ողջ տրամաբանությունը, այնքանով, որքանով օրենսդիրը կոնկրետ սահմանափակում չի նախատեսել սնանկության վարույթում պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն տալու համար` միայն արգելելով պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը, հետևաբար թույլտվություն տալը կամ մերժելը չի կարող իրականացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

i

Միաժամանակ գտնում ենք, որ սույն գործով Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է համալիր հարկային ստուգումների հանձնարարագրին, որը հրապարակելուց հետո միայն հարկային մարմինը կարող է անցկացնել ստուգում կամ ուսումնասիրություն. ընդ որում, համալիր հարկային ստուգումների հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց բացի դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ, տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը):

Ավելին` հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը նախ և առաջ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ պետության հանդեպ հարկային պարտավորությունները ճշտելն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:

Նման պայմաններում գտնում ենք, որ համալիր հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` Ընկերությանը, միջնորդության մասին իրազեկելու պարտականություն չի ունեցել, քանի որ տվյալ միջնորդության ներկայացման քննման նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգը, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Հետևաբար համաձայն ենք Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Էդ. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 6 ապրիլի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.04.2022
N ՍնԴ/0895/04/19
Որոշում