Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՇԻՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5076/05/20

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5076/05/20

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Թովմասյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.05.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՍԹԱՐԼԱՅՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Քաղաքապետարանի` հայցվորի և պատասխանողի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու, և որպես հետևանք պատասխանողին թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվության և կողմերի միջև փաստացի ծագած իրավահարաբերությունների հիման վրա Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում կատարված շինարարության ավարտական ակտը հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել հայցվորի և պատասխանողի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը, և պարտավորեցնել պատասխանողին հայցվորին տրամադրել թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվության և կողմերի միջև փաստացի ծագած իրավահարաբերությունների հիման վրա Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում կատարված շինարարության ավարտական ակտը:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Ավագյան) 21.12.2020 թվականին վճռել է ճանաչել Ընկերության և Քաղաքապետարանի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը, իսկ վարչական գործի վարույթը` որպես հետևանք պատասխանողին թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվության և կողմերի միջև փաստացի ծագած իրավահարաբերությունների հիման վրա Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում կատարված շինարարության ավարտական ակտը հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2020 թվականի վճիռը թողնվել է ամփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (Լուսինե Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիանա Բրսոյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ և 69-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պետք է պարզեր, թե արդյոք մատնանշված իրավահարաբերության առկայությունը ճանաչող արդյունքին հայցվորը չի կարող հասնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցատեսակ ներկայացնելով և հայցի առարկա իրավահարաբերության առկայությունը գնահատելիս, պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք այդպիսի իրավահարաբերություն Ընկերության և Երևանի քաղաքապետի միջև ծագել է, թե ոչ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, նաև որ Դատարանը գնահատական է տվել տվյալ վարչական գործով վիճարկման առարկա չհանդիսացող 25.09.2017 թվականին տրված թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությանը, մինչդեռ պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով վարչական մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում և դրանց հիման վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից մատնանշված նույնական փաստական հանգամանքների գնահատմամբ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/10698/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ հայցվորի կողմից ներկայացված փաստարկները կարող են գնահատման ենթարկվել վիճարկման հայցատեսակի շրջանակներում, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի այն մոտեցումը, որ տվյալ դեպքում իրավաչափ է ճանաչման հայցատեսակի քննությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 25.09.2017 թվականի թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությամբ ոչ միայն Բուզանդի փողոցի թիվ 12, թիվ 14 և թիվ 14/2 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում նախատեսված չէ, այլև նշված թույլտվությունը չի նախատեսում Արամի փողոցի թիվ 11/1 հասցեի կառուցապատում ընդհանրապես:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ նշված շինարարության թույլտվությունը հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ և դրանից ծագող օրինական իրավահարաբերություններն առկա են բացառապես Բուզանդի փողոցի թիվ 12, թիվ 14 և թիվ 14/2 հասցեներում` մինչև 0.00 նիշից կառուցապատում իրականացնելու շրջանակներում, որոնք իրենց մեջ չեն ներառում Արամի փողոցի թիվ 11/1 հասցեի կառուցապատման հետ ծագած` վարչական իրավախախտում իրականացնելու փաստով առաջացած իրավահարաբերությունները:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկին, որ Ընկերության կողմից Քաղաքապետարան ներկայացված և 25.09.2017 թվականին Քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծի բացատրագիրը բաժնում նշվել է, որ նախագծի ներկայացման հիմնական նպատակն է ստանալ շինարարության թույլտվություն մինչև 0.00 նիշը իրականացնելու համար, իսկ 0.00-ից վերև առանձին կներկայացվեն շենքերի ճակատների և հատակագծերի լուծումները մանրամասն մշակմամբ: Նախագծի պատվիրատուն հանդիսացել է հենց կառուցապատողը և վերջինս ի սկզբանե իմացել է, թե ինչ կառույցի համար ինչ նախագիծ է պատվիրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շինարարության թույլտվության տրման պահի դրությամբ, Ընկերության անվամբ տրված քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթում առկա չէ 0.00 նիշից բարձր կառուցապատվող շենքերի ճակատների և հատակագծերի լուծումները (մանրամասն մշակմամբ) պարունակող կառուցապատման նախագիծ, մինչդեռ Ընկերության կողմից կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքները համարվել են շինարարության թույլտվության հիման վրա կատարված աշխատանքներ, ավելին` դրա մեջ է ներառվել շինարարության թույլտվությամբ կառուցապատման հասցե չհանդիսացող Երևան քաղաքի, Արամի փողոցի թիվ 11/1 հասցեի կառուցապատումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից հիշատակված հասցեներում 0.00 նիշից բարձր շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարության թույլտվության բացակայության պայմաններում, ինչը հակասում է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի հ.596-Ն որոշման 4-րդ կետի 17-րդ ենթակետի պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2021 թվականի որոշումը և հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն գտել է, որ հայցվորի և պատասխանողի միջև որոշակի իրավահարաբերության առկայությունը կարող է ճանաչվել բացառապես ճանաչման հայցի ներկայացման միջոցով, ընդ որում ակնհայտ է, որ սույն գործով վիճարկման հայցը չէր կարող լինել պատշաճ հայցատեսակ, քանի որ հայցի հիմքում ոչ թե վարչական ակտի վիճարկումն է, այլ կողմերի միջև որոշակի իրավահարաբերության առկայության հաստատումը:

Շինարարության թույլտվությունը մինչև 0.00 նիշը կառուցապատում իրականացնելու համար տրված լինելու հանգամանքի վերաբերյալ պատասխանողի կողմից վճռաբեկ բողոքում ներկայացված բոլոր փաստարկներն առարկայազուրկ են:

Հայցվորի և պատասխանողի միջև փաստացի առկա է եղել 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունը:

Հայցվորը, ի սկզբանե դիմելով պատասխանողին շինարարության թույլտվություն ստանալու համար և ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ունեցել է այն իրավաչափ ակնկալիքը, որ շինարարության թույլտվություն ստանալու և հետագայում դրան համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո շինարարական օբյեկտի նկատմամբ ամբողջությամբ ծագելու է իր սեփականության իրավունքը ինչպես մինչև 0.00 նիշը, այնպես էլ 0.00 նիշից վերև, մինչդեռ պատասխանողն ակնհայտորեն խախտել է հայցվորի սեփականության իրավունքի դրսևորում հանդիսացող օրինական ակնկալիքը:

Պատասխանողն իրականացրել է ոչ իրավաչափ վարչարարություն և հայցվորին զրկել է իր օրինական ակնկալիքից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. «Օլդ սիթի» ՓԲԸ-ի, «Սերգե-Ագոբիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի և Ընկերության ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետարան 25.07.2017 թվականին մուտքագրված հայտի համաձայն` խնդրվել է տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) հասարակական նշանակության շինության նախագծման համար Աբովյան, Բուզանդի, Եզ. Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում գտնվող հողամասում. Նախատեսվում է երեք ստորգետնյա, և վերգետնյա` համաձայն էսքիզի (հատոր 2-րդ, գ.թ. 20):

2. Երևան համայնքի 07.08.2017 թվականի թիվ 01/18-07/1-Ք-578-506 նախագծման թույլտվությամբ (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ «Օլդ սիթի» ՓԲԸ-ին, «Սերգե-Ագոբիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ին և Ընկերությանը տրվել է Գլխավոր պողոտայի` Աբովյան, Բուզանդի, Եզ. Կողբացու և Արամի փողոցներով պարփակված հատվածում «Հին Երևան» թաղամասի աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար առաջադրանք: Նույն թույլտվության 9.3 կետի համաձայն` թույլատրելի բարձրությունը` երեք ստորգետնյա, երեք վերգետնյա, և մեկ մանսարդային հարկերով (հատոր 1-ին, գ.թ. 22):

3. «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի հատվածի նախագծի համաձայն` նախագիծը ներառում է Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջան, Գլխավոր պողոտայի` Աբովյան, Բուզանդի, Եզ. Կողբացու և Արամի փողոցներով պարփակված հատվածը, նախագծված են ստորգետնյա երրորդ հարկը (հարկի նշանակությունը` ավտոկայանատեղի), ստորգետնյա երկրորդ հարկը (հարկի նշանակությունը` ավտոկայանատեղի) և ստորգետնյա առաջին հարկը (հարկի նշանակությունը` առևտրահասարակական), առաջին հարկը (հարկի նշանակությունը` առևտրահասարակական), երկրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), երրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), չորրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), հինգերորդ հարկը (հարկի նշանակությունը` բացօթյա շահագործվող տանիք (ռեստորան)):

4. Երևան համայնքի 25.09.2017 թվականի թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությամբ կառուցապատող Ընկերությանը տրվել է Գլխավոր պողոտայի` Աբովյան, Բուզանդի, Եզ. Կողբացու և Արամի փողոցներով պարփակված հատվածում (Բուզանդի հ.12, հ.14, հ.14/2) «Հին Երևան» թաղամասի կառուցման (1-ին փուլ` մինչև 0.00 նիշը) աշխատանքների կատարման համար, ամբողջ նախագծի «Բ» մասնաշենքի («36»-»47» և «Ա»-»Ե» առանցքների միջև) թույլտվություն: Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` 07.08.2017 թվականի թիվ 01/18-07/1-Ք-578-506 (հատոր 1-ին, գ.թ. 23):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև շինարարության թույլտվության տրամադրման կարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` կարող է արդյոք վարչական մարմինը շինարարության թույլտվություն տալ գործող իրավակարգավորումներով չսահմանված պայմաններով և արդյոք նշված իրավահարաբերության առկայությունը կարող է քննվել ճանաչման հայցի շրջանակներում:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Օրենսդիրը սահմանել է դատական պաշտպանության դիմելու այն թույլատրելի հայցատեսակները, որոնց միջոցով անձինք կարող են վարչադատավարական կարգով հայցել իրենց ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնում:

i

Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցը, որի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

Այսինքն որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու մասին հայցապահանջի քննության թույլատրելիության կարևորագույն նախապայմանը հայցի մյուս բոլոր տեսակների ներկայացման հնարավորության բացակայությունն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ հայց կարող է հարուցվել օրինակ այն դեպքում, երբ հայցվորը նպատակ է հետապնդում դատարանից ստանալ իր և վարչական մարմնի միջև վիճելի` կոնկրետ փաստական հանգամանքներով կոնկրետ իրավական հարցի վերաբերյալ պատասխան, որի արդյունքում կարող է ճանաչվել հայցվորի կողմից պահանջվող իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, այսինքն երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի և վարչական մարմնի համար վիճահարույց են առանձին իրավունքներ և պարտականություններ, որոնք բխում են հանրային իրավունքի նորմերից` միաժամանակ առկա է հայցի մյուս բոլոր տեսակների ներկայացման անհնարինություն:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինարարության թույլտվության տրամադրման կարգի բացահայտմանը` մեկնաբանելով համապատասխան նյութաիրավական կարգավորումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարության թույլտվության տրամադրման կարգի հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն` կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետի համաձայն` կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են`

ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը.

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (...) և սահմանափակումները (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (...):

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով:

Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:

(...)

Նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

(...)

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:

Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:

Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է նույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Կառավարությունը:

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվությունը շինարարություն իրականացնելու համար կառուցապատողին իրավունք վերապահող փաստաթուղթ է, որը տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերն իրականացնելուց հետո: Շինարարության թույլտվությունը որոշակի ժամկետով տրամադրվող վարչական ակտ է, մասնավորապես` այն տրամադրվում է ճարտարապետահատակագծային նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության սահմանված կարգով համաձանեցվելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատվելուց հետո քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով սահմանված ժամկետներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Հետևաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տե՛ս, «Գյումրի-հաց» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ` Կարգ)` համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:

ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 17-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ ու 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

Նույն հավելվածի 98-րդ կետի համաձայն` կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (N 2 հավելվածի N 2-1 ձև) իրավասու մարմնին` կցելով շինարարության թույլտվության (իսկ սույն կարգի 116-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև քանդման թույլտվության) համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (անդորրագրերը), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, ինչպես նաև նույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տեղական տուրքը վճարելու մասին անդորրագրի (անդորրագրերի) փոխարեն կարող է ներկայացվել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ` անդորրագիր) (...):

Նույն հավելվածի 100-րդ կետի համաձայն` իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը` սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`

1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`

ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում, ինչպես նաև շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման դեպքում.

բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում.

2) 10-օրյա ժամկետում` III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

3) 15-օրյա ժամկետում` IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում:

Նույն հավելվածի 101-րդ կետի համաձայն` իրավասու մարմնի կողմից համաձայնեցվելուց և շինարարության թույլտվությունը տրամադրվելուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, որոնցից մեկ օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով շինարարության թույլտվության հետ միասին հանձնվում է կառուցապատողին, իսկ մյուսը մնում է իրավասու մարմնի մոտ:

Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է իրավասու մարմնին` դիմումին կից ներկայացնելով, ի թիվս այլ փաստաթղթերի, նախագծային փաստաթղթերը, փորձաքննության դրական եզրակացությունը: Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը: Իրավասու մարմնի կողմից համաձայնեցվելուց և շինարարության թույլտվությունը տրամադրվելուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, որոնցից մեկ օրինակը շինարարության թույլտվության հետ միասին հանձնվում է կառուցապատողին, իսկ մյուսը մնում է իրավասու մարմնի մոտ:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ համայնքի ղեկավարի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում և շինարարության թույլտվությունը տրվում են միաժամանակ, ինչից հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգով սահմանված չէ որևէ ընթացակարգ, որի համաձայն շինարարության թույլտվությունը կարող է տրվել փուլերով` ըստ հարկերի կամ այլ բաժանումներով, այսինքն, ըստ գործող օրենսդրության` նախագծային փաստաթղթերը և շինարարության թույլտվությունը պետք է տրվեն միաժամանակ և ամբողջությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել իր և պատասխանողի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պարտավորեցնել պատասխանողին հայցվորին տրամադրել թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվության և կողմերի միջև փաստացի ծագած իրավահարաբերությունների հիման վրա Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում կատարված շինարարության ավարտական ակտը:

Դատարանը վարչական գործի վարույթը` որպես հետևանք պատասխանողին թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվության և կողմերի միջև փաստացի ծագած իրավահարաբերությունների հիման վրա Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում կատարված շինարարության ավարտական ակտը հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասով, կարճել է` հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով, իսկ մնացած մասով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Երևան համայնքի ղեկավարին 25.07.2017 թվականին հասցեագրված հայտի հիման վրա, հիմք ընդունելով Երևան համայնքի 07.08.2017 թվականի թիվ 01/18-07/1-Ք-578-506 նախագծման թույլտվությունը և «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի հատվածի նախագիծը, Ընկերության և Քաղաքապետարանի միջև առաջացել է ստորգետնյա, վերգետնյա և մանսարդային հարկերի կառուցապատում իրականացնելու իրավահարաբերությունը, ուստի ներկայացված փաստերի և իրավական վերլուծությունների հիման վրա Ընկերության և Քաղաքապետարանի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը ենթակա է ճանաչման:

Վերաքննիչ դատարանը մերժել է Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ որոշմամբ նշված փաստական հանգամանքների և իրավական նորմերի վերլուծության համադրման արդյունքում` պատասխանողը չի ունեցել որևէ լիազորող նորմ հայցվոր ընկերությանը շինարարություն թույլտվություն տրամադրել կամայական մինչև 0.00 նիշ կառուցման համար: Սույն վարչական գործի փաստական հանգամանքների ամբողջությունը բավարար հիմք է տալիս եզրահանգելու, որ տվյալ դեպքում առկա են Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց, թիվ 12, 14 և Արամի փողոց թիվ 11/1 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերություններ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ընկերության խախտված իրավունքների դատական կարգով վերականգման արդյունավետ միջոց կարող էր հանդիսանալ «ճանաչման հայցատեսակը», որի շրջանակում էլ հայցվոր ընկերության կողմից պատասխանողին ուղղված պահանջ է իրավաչափորեն ձևակերպվել` հաշվի առնելով այլ հայցատեսակներով պահանջը ձևակերպելու անհնարինությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ սույն գործով հայցը ենթակա է քննության ճանաչման հայցի շրջանակներում` նկատի ունենալով, որ Ընկերությունը նպատակ է հետապնդում դատարանից ստանալ իր և վարչական մարմնի միջև վիճելի` շինարարության թույլտվության տրամադրման կարգին վերաբերվող իրավական հարցի վերաբերյալ պատասխան և տվյալ դեպքում առկա է այլ հայցատեսակներով պահանջը ձևակերպելու անհնարինություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարան 25.07.2017 թվականին մուտքագրված հայտով խնդրվել է տալ նախագծման թույլտվություն հասարակական նշանակության շինության նախագծման համար` համաձայն էսքիզի, երեք ստորգետնյա և վերգետնյա հարկերի համար: Երևան համայնքի 07.08.2017 թվականի թիվ 01/18-07/1-Ք-578-506 նախագծման թույլտվությամբ տրվել է նախագծային փաստաթղթերի մշակման համար առաջադրանք, որը թույլատրել է երեք ստորգետնյա, երեք վերգետնյա, և մեկ մանսարդային հարկեր: «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի հատվածի նախագծի համաձայն` նախագծված են ստորգետնյա երրորդ հարկը (հարկի նշանակությունը` ավտոկայանատեղի), ստորգետնյա երկրորդ հարկը (հարկի նշանակությունը` ավտոկայանատեղի) և ստորգետնյա առաջին հարկը (հարկի նշանակությունը` առևտրահասարակական), առաջին հարկը (հարկի նշանակությունը` առևտրահասարակական), երկրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), երրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), չորրորդ հարկը (հարկի նշանակությունը` հյուրատուն), հինգերորդ հարկը (հարկի նշանակությունը` բացօթյա շահագործվող տանիք (ռեստորան)): Արդյունքում Երևան համայնքի 25.09.2017 թվականի թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությունը տրվել է 1-ին փուլով` նշելով, որ այն տրվում է մինչև 0.00 նիշը:

Վերոգրյալ իրավական նորմերի և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան համայնքի 25.09.2017 թվականի թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությամբ տրված թույլտվությունը փուլով` մինչև 0.00 նիշը, սահմանելն իրավաչափ չէ, քանի որ Երևան համայնքի ղեկավարը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգով սահմանված կարգավորումների շրջանակներում պարտավոր էր նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել և շինարարության թույլտվությունը տալ միաժամանակ և ամբողջությամբ, իսկ որևէ իրավական ակտով սահմանված չէ շինարարության թույլտվությունը փուլերով կամ հարկերով տալու համայնքի ղեկավարի իրավասությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ համայնքի ղեկավարին ներկայացված հայտը, որի հիման վրա տրվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շինարարության թույլտվությունը, ներկայացվել է երեք ստորգետնյա և վերգետնյա հարկերի համար, իսկ ներկայացված նախագծով գծագրվել են ինչպես երեք ստորգետնյա հարկերը, այնպես էլ վերգետնյա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում Երևան համայնքի ղեկավարին 25.07.2017 թվականին հասցեագրված հայտի հիման վրա, հիմք ընդունելով Երևան համայնքի 07.08.2017 թվականի թիվ 01/18-07/1-Ք-578-506 նախագծման թույլտվությունը և «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի հատվածի նախագիծը, Ընկերության և Քաղաքապետարանի միջև առաջացել է ստորգետնյա, վերգետնյա և մանսարդային հարկերի կառուցապատում իրականացնելու իրավահարաբերությունը, ուստի Ընկերության և Քաղաքապետարանի միջև Երևան քաղաքի «Հին Երևան» թաղամասի «Բ» մասնաշենքի` Բուզանդի փողոց թիվ 12 և թիվ 14 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը ենթակա է ճանաչման, այսինքն նշված պահանջի մասով հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստի այդ պահանջի մասով Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Ինչ վերաբերվում է Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայության ճանաչմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջի մասով հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում նշել, որ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` շինարարության թույլտվության հիման վրա, որը շինարարություն իրականացնելու համար կառուցապատողին իրավունք վերապահող փաստաթուղթ է և տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերն իրականացնելուց հետո:

Այսինքն քաղաքաշինական գործունեության ոլորտում օրենսդրի կողմից սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է:

Տվյալ դեպքում Ընկերությունը դատարանից պահանջել է ճանաչել նաև Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը` վկայակոչելով Երևան համայնքի 25.09.2017 թվականի թիվ 01/18-55661-899 շինարարության թույլտվությունը:

Ստորադաս դատարանները, բավարարելով նաև վերը նշված պահանջը, անտեսել են, որ վերը նշված թույլտվությամբ կառուցապատող Ընկերությանը տրվել է Գլխավոր պողոտայի` Աբովյան, Բուզանդի, Եզ. Կողբացու և Արամի փողոցներով պարփակված հատվածում (Բուզանդի հ.12, հ.14, հ.14/2) «Հին Երևան» թաղամասի կառուցման (1-ին փուլ` մինչև 0.00 նիշը) աշխատանքների կատարման համար, ամբողջ նախագծի «Բ» մասնաշենքի («36»-»47» և «Ա»-»Ե» առանցքների միջև) թույլտվություն, այսինքն նշված թույլտվությունը վերաբերվել է Բուզանդի թիվ 12, թիվ 14 և թիվ 14/2 հասցեներին, ուստի Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվություն և դրա արդյունքում ծագած իրավահարաբերություն տվյալ դեպքում առկա չի եղել: Ավելին` գործում առկա չէ Քաղաքապետարանի կողմից Ընկերությանը Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում կառուցապատում իրականացնելու շինարարության այլ թույլտվություն, գործում առկա չեն նաև նշված հասցեի վերաբերյալ ճարտարապետահատակագծային առաջադրանք և նախագծային փաստաթղթեր:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար, քանի որ ճանաչելով Բուզանդի փողոց, թիվ 12, թիվ 14 հասցեներում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը` Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայության ճանաչման հայցն անհիմն է և ենթակա է մերժման:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի կողմից ավել վճարված 20.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման, մնացած մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.05.2021 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 21.12.2020 թվականի վճիռը` «ՍԹԱՐԼԱՅՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 11/1 հասցեում 0.00 նիշից բարձր կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվության իրավահարաբերությունների առկայությունը ճանաչելու մասով անփոփոխ թողնելու մասը, և այս մասով այն փոփոխել` հայցն այդ մասով մերժել:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 10 մայիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.05.2022
N ՎԴ/5076/05/20
Որոշում