Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ, 51- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԿԴ2/0318/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0318/02/19       2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Բյուրոյի հայցի ընդդեմ Արշավիր Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1.632.277,00 ՀՀ դրամ, որից` 990.000,00 ՀՀ դրամ գումարը որպես Կոստյա Ղազարյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 20.000,00 ՀՀ դրամ գումարը որպես փորձաքննության ծախս, 582.000,00 ՀՀ դրամ գումարը որպես վարորդ Սամվել Գրիգորյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված անձնական վնասի գումար, 40.277,00 ՀՀ դրամ գումարը 19.12.2018 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա` 07.03.2019 թվականի դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև 1.592.000,00 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից` 08.03.2019 թվականից:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Օհանյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2021 թվականի վճռով վճռվել է. ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Արշավիր Սերգոյի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել մասնակիորեն: Արշավիր Սերգոյի Գալստյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 596.924,52 ՀՀ դրամ գումար, որից` 582.000,00 ՀՀ դրամ գումարը որպես Սամվել Էդիկի Գրիգորյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված անձնական վնասի գումար, 14.924,52 ՀՀ դրամ գումարը 19.12.2018 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա` 07.30.2019 թվականի դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար: Հաշվարկել և Արշավիր Սերգոյի Գալստյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել` սկսած 08.03.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի մարման օրը պարտք գումարի` 582.000,00 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Արշավիր Սերգոյի Գալստյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 11.937,98 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը: Արշավիր Սերգոյի Գալստյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 50.000.00 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումարը: Հայցը մնացած մասով մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 79-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 6-9-րդ հոդվածները, սխալ է կիրառել, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի 3-րդ մասը, 1-ին մասի 3-րդ կետը, կիրառել է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը և 2-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 5-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել, սակայն պետք է կիրառեր «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 27-րդ կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ Բյուրոյի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Գայանե Պապոյանը, վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է որպես Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Գայանե Պապոյանին 01.06.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը սակայն վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ գործում առկա չէ Վաղինակ Եղիազարյանի տնօրենի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում գործի փաստերին, գործող օրենսդրությանը, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` նույն հարցի վերաբերյալ կայացված այլ բազմաթիվ որոշումներում արտահայտված դիրքորոշումներին: Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը` սահմանափակելով Բյուրոյի իրավունակությունը և զրկելով նրան իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

i

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում` օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

i

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

i

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

i

Այսինքն` երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք) ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, (...) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)` պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ վերաքննիչ բողոքը ստորագրում է ի պաշտոնե ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվի կարգավիճակը հավաստող պատշաճ ապացույց, իսկ եթե վերաքննիչ բողոքը իրավաբանական անձի անունից ստորագրում է ներկայացուցիչը, ապա պատշաճ պետք է լինի լիազորագիրը, որի պարագայում լիազորագիր տվող անձի կարգավիճակը հավաստող ապացույցի պատճենի տեսքով ներկայացված լինելը չի կարող հիմք հանդիսանալ լիազորագրի իսկությունը կասկածի տակ դնելու և լիազորված անձի լիազորությունները չճանաչելու համար (տե՛ս, ըստ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի դիմումի` Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի միանձնյա արբիտրաժային տրիբունալի 29.01.2021 թվականի թիվ 06-60/11/20 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին թիվ ԵԴ/10864/17/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «Հայաստանի ապահովագրողների բյուրո» խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշմամբ Վաղինակ Եղիազարյանը 01.06.2020 թվականից նշանակվել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում (հատոր 2-րդ, գ.թ. 9):

Ըստ գործում առկա 01.06.2020 թվականին տրված լիազորագրի` «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի, լիազորել է «ԽԱՉԱՏՈՒՐՈՎ» ՍՊԸ-ի (...), փաստաբան Գայանե Պապոյանին, Հայաստանի Հանրապետության (...) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը` կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (...) բողոքարկել դատական ակտերը, (...) (հատոր 2-րդ, գ.թ. 8):

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Գայանե Պապոյանը 11.04.2021 թվականին` Դատարանի 17.03.2021 թվականի վճռի դեմ, փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 50-61): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 07.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Տվյալ դեպքում Կազմակերպության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Գայանե Պապոյանը, վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է որպես Կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Գայանե Պապոյանին 18.11.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչը, սակայն, Գայանե Պապոյանի` վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վաղինակ Եղիազարյանի` Կազմակերպության գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի խորհրդի 21.05.2020 թվականի թիվ 15-Ա որոշման քաղվածքին, ըստ որի` որոշում է ընդունվել Վաղինակ Եղիազարյանին 01.06.2020 թվականից նշանակել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն Վաղինակ Եղիազարյանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չի կարող գնահատվել (...): Տվյալ դեպքում Կազմակերպության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Գայանե Պապոյանը: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված փաստաբան Գայանե Պապոյանին 18.11.2020 թվականին տրված լիազորագիրը ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ ստորագրության պատճեն է, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման (հատոր 2-րդ, գ.թ. 65-66):

Բյուրոյի ներկայացուցիչ Գայանե Պապոյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան և բողոքին կից ներկայացրել է Բյուրոյի խորհրդի 21.05.2020 թվականի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն նշանակելու մասին» թիվ 15-Ա որոշումը, համաձայն որի` Վաղինակ Եղիազարյանը 01.06.2020 թվականին նշանակվել է Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում: Միաժամանակ բողոքին կից ներկայացվել է Բյուրոյի` ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից` 18.11.2020 թվականից մինչև 31.12.2021 թվականը, Գայանե Պապոյանի անունով տրված լիազորագիրը, համաձայն որի` վերջինս լիազորվում է նաև բողոքարկել դատական ակտերը (հատոր 2-րդ, գ.թ. 79-83, 87-88):

Վերաքննիչ դատարանը, 04.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, պատճառաբանել է, որ «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում մասնակի է վերացվել Վերաքննիչ դատարանի 07.05.2021 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները, մասնավորապես կրկին անգամ չի ներկայացվել Վաղինակ Եղիազարյանի` Կազմակերպության գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ» (հատոր 2-րդ, գ.թ. 38-41):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման մասին հղում անելով համապատասխան փաստաթղթին:

i

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար, արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

i

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, երբ դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համապատասխան փաստաթղթերով:

Վերլուծելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կազմակերպության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Գայանե Պապոյանը, ում Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը` օգտվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, Բյուրոյի կանոնադրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքից: Այսինքն` տվյալ դեպքում Կազմակերպությանը դատարանում ներկայացնում է փաստաբանը, ուստիև դատարանը պետք է ընդունի վերջինիս լիազորությունը, եթե փաստաբանի կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Ընդ որում լիազորագրում հատուկ նախատեսված է Գայանե Պապոյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 04.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 6 հունիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.06.2022
N ԿԴ2/0318/02/19
Որոշում