Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/2110/05/16

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2110/05/16

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Աղաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.07.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահագն Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ` Գոհար Աղաջանյան` Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Ազատամարտիկների թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 20.02.2012 թվականին կատարված Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահագն Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոտայքի մարզ, գ. Գառնի, Ազատամարտիկների թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 20.02.2012 թվականին կատարված Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2021 թվականի որոշմամբ Գոհար Աղաջանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Աղաջանյանը (ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ է ներկայացրել Վահագն Ղազարյանը (ներկայացուցիչ Գեղամ Մարգարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 69-րդ հոդվածի 3-րդ մասը, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 143-րդ հոդվածի 2-րդ մասը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթը կասեցրել էր այն հիմքով, որ անհնար է սույն գործի քննությունը մինչև թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը, հիմքում ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործով վիճարկվում է սեփականության իրավունքի պետական գրանցումն արտացոլած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա անվավեր ճանաչելուց կամ չճանաչելուց կախված սույն գործի ելքն էապես տարբեր կարող էր լինել:

Վերաքննիչ դատարանի այն վերլուծությունը, ըստ որի` սույն գործով որևէ ձևով չի շոշափվել առուվաճառքի պայմանագրի հարցն, ակնհայտ անհիմն է և հակասական, քանի որ, եթե այդ պայմանագրի վիճարկումը կապ չուներ պետական գրանցման հետ, ապա ինչո՞ւ էր կասեցվել սույն գործի վարույթը:

i

Սույն գործով Վահագն Ղազարյանը շահագրգիռ անձ չէ, այսինքն` նա թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2016 թվականին կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որևէ հավակնություն չի կարող ունենալ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ:

Հայցվորը սույն գործի շրջանակներում չհանդիսանալով վիճարկման հայցի հասցեատերը, վիճարկել է երրորդ անձի սեփականության իրավունքի պետական գրանցման վարչական ակտը և Վերաքննիչ դատարանը ոչ միայն ex officio սկզբունքի կիրառմամբ չի մատնանշել հայցում առկա թերությունը, այլև ուժի մեջ է թողել Դատարանի վճիռը, որով ամբողջությամբ բավարարվել էր հայցվորի հայցը: Նշվածն իր հերթին խախտել է երրորդ անձի հիմնարար իրավունքը` սեփականության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ուշադրություն չի դարձրել, որ հայցվորի և երրորդ անձի միջև առկա վեճը (բովանդակային առումով) մեկ այլ դատարանի կողմից արդեն իսկ լուծվել է, և այդ դատական գործի հաստատված փաստերը էական նշանակություն են ունեցել սույն գործը քննելու համար, ինչի կապակցությամբ և Վերաքննիչ դատարանը կասեցրել էր սույն գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

Գոհար Աղաջանյանի անունից ներկայացված վճռաբեկ բողոքն առնվազն չի համապատասխանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, որպիսի հիմքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ ենթակա է եղել վերադարձման, մինչդեռ այն ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Բողոք բերած անձը չի նշել, թե դատական ակտի բեկանմանը հանգեցնող նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմն է խախտվել կամ սխալ կիրառվել:

Բացի այդ, բողոք բերած անձը չի մատնանշել, թե սույն գործով ապացուցման առարկան կազմող որ փաստն է հաստատվել քաղաքացիական դատավարության կարգով քննվող թիվ ԿԴ1/0063/02/12 գործով կայացված վճռով, որը բողոքարկված դատական ակտով գնահատման չենթարկվելու արդյունքում հանգեցրել է սույն գործի վարույթը կասեցնելու մասին որոշման և բողոքարկված դատական ակտի միջև հակասության:

i

Բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին վերագրել է նաև ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության և ՀՀ ամբողջ տարածքում պարտադիր և անվերապահ կատարման դատավարական սկզբունքի խախտում, մինչդեռ բողոքում չի նշել թեկուզև մեկ նախադատելի նշանակություն ունեցող փաստ, որն էական նշանակություն է ունեցել սույն գործի քննության համար, սակայն անտեսվել է սույն գործը քննած ստորադաս դատարանների կողմից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վահագն Ղազարյանը 31.01.2012 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լուսինե Մխիթարյանի, Սոնա Մխիթարյանի, Վարդան Հայրապետյանի, Դավիթ Մարտիրոսյանի, երրորդ անձ Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 12.04.2012 թվականին հայցվորի կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացում, որով խնդրել է անվավեր ճանաչել Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կոտայք ՏՍ-ի կողմից կատարված` Գոհար Լյովայի Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 2-րդ, գ.թ. 95-111):

2. Վահագն Ղազարյանը ներկայացնելով հայցապահանջից մասնակի հրաժարվելու վերաբերյալ դիմում հայտնել է, որ մինչև սույն գործով դատաքննությունը սկսվելը մասնակի հրաժարվում է թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով հարուցված հայցից, որպիսի հիմքով խնդրում է քաղաքացիական գործը քննել` Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի և Դավիթ Մարտիրոսյանի միջև 17.08.2010 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Աբովյանի ՏՍ-ի կողմից կատարված` Դավիթ Մարտիրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին պահանջները, իսկ որպես Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք` դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կոտայքի ՏՍ-ի կողմից կատարված` Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով խնդրել է գործի վարույթը կարճել (հատոր 2-րդ, գ.թ. 122-139):

3. 22.04.2016 թվականին Վահագն Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կադաստրի, երրորդ անձ Գահար Աղաջանյանի և պահանջել է անվավեր ճանաչել Կոտայքի մարզ, գ. Գառնի, Ազատամարտիկների թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 20.02.2012 թվականին կատարված Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 5-9):

4. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2017 թվականի թիվ ՎԴ/2110/05/16 որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով գործը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը (հատոր 2-րդ, գ.թ. 201):

5. Թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 23.11.2016 թվականի վճռով` Վահագն Ղազարյանի հայցն ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Գոհար Աղաջանյանի, երրորդ անձինք Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2017 թվականի որոշմամբ Վահագն Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.12.2017 թվականի որոշմամբ Վահագն Ղազարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում Վահագն Ղազարյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք չի ներկայացվել (հատոր 4-րդ, գ.թ. 3-6).

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը կարող է բավարարվել, երբ գործի քննության ընթացքում վերացել է հայցվորի իրավական շահագրգռվածությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով ՄԻԵԴ-ի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների գործով ՄԻԵԴ-ի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

i

Մեկ այլ` 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց` դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է` «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության` հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:

i

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներով անդրադարձել է «իրավական շահագրգռվածություն» եզրույթի իրավական բովանդակությանը: Այդ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը:

Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին:

Նման եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ գործի քննության ընթացքում կարող են ի հայտ գալ կամ փոփոխվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք դադարեցնում են հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը տվյալ հայցապահանջի մասով:

Սույն գործի փաստերի համաձայն Վահագն Ղազարյանը թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում հրաժարվել է Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք` դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կոտայքի ՏՍ-ի կողմից կատարված` Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասից: Միաժամանակ Վահագն Ղազարյանը 22.04.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կադաստրի, երրորդ անձ Գահար Աղաջանյանի, և պահանջել է անվավեր ճանաչել Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Ազատամարտիկների թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 20.02.2012 թվականին կատարված Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը 02.12.2016 թվականին բավարարել է հայցը` պատճառաբանելով, որ հարկադիր կատարողի կողմից կիրառված սահմանափակումների առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքի գրանցում կատարելը ոչ իրավաչափ է, ինչը հանգեցնում է պետական գրանցումը` որպես օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտի, անվավեր ճանաչման: Տվյալ դեպքում, վիճելի անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշմամբ սահմանափակումը կիրառվել է 31.01.2012 թվականին, որը հարկադիր կատարողի կողմից կատարվել է 10.02.2012 թվականին` Կադաստրի Աբովյանի ստորաբաժանում ներկայացնելով: Մինչդեռ, Կադաստրի կողմից` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012 թվականի թիվ ԿԴ1/0063/02/12 որոշմամբ այդ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների պայմաններում, (...) կատարվել է Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի գրանցում, որպիսի խախտումը վերը նշված իրավանորմերի ուժով բավարար հիմք է Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գոհար Աղաջանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած առուվաճառքի պայմանագրի իրավաչափ լինելու վերաբերյալ դատական ակտի առկայությունը որևէ կերպ չի հակասում սույն գործով սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության վերաբերյալ դատական ակտին, քանզի վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության հիմքում դրված չէ այդ նույն գրանցման հիմքում ընկած առուվաճառքի պայմանագիրը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 20.10.2017 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/2110/05/16 գործի վարույթը կասեցրել է մինչև թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով գործը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Այսինքն` թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջի քննությունը և կայացվելիք դատական ակտն անմիջականորեն ազդելու էին սույն գործի ելքի վրա, քանի որ առուվաճառքի պայմանագրի առկայության պայմաններում Գոհար Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման անվավեր ճանաչումը չէր կարող ազդել հայցվորի իրավունքների ծավալի վրա, քանզի հայցի բավարարման արդյունքում գրանցամատյանում վերականգնվելու էր վաճառողի անվամբ կատարված գրանցումը:

Թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել են մի շարք փաստական հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը չի կարող դիտվել որպես հայցվորի խախտված իրավունքի վերականգնման միջոց, որպիսի հանգամանքը վկայում է հայցվորի իրավական շահագրգռվածության բացակայության մասին:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական գործի կասեցման հիմքում դրված քաղաքացիական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից սույն գործով հայցվոր Վահագն Ղազարյանն այլևս չէր կարող դիտվել պատշաճ իրավական շահագրգռվածություն ունեցող անձ:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Գոհար Աղաջանյանը սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոհար Աղաջանյանի վճռաբեկ բողոքը բավարարման, իսկ Վահագն Ղազարյանի հայցը` մերժման ենթակա լինելու պայմաններում Գոհար Աղաջանյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Վահագն Ղազարյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` Վահագն Ղազարյանի հայցը մերժել:

2. Վահագն Ղազարյանից հօգուտ Գոհար Աղաջանյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 հունիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.06.2022
N ՎԴ/2110/05/16
Որոշում