Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1347-Ա

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև առաջնորդվելով թվային հասարակության և տնտեսության ձևավորման բարեփոխումների շրջանակներում Հայաստանում տեղեկատվական համակարգերի բնագավառի ինստիտուցիոնալ կառավարման կառուցակարգերի արդիականացման նպատակով և այդ գործընթացի շրջանակներում, որպես համակարգի օղակ, Հայաստանի Հանրապետությանը պատկանող «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից որպես հատուկ նշանակության գործիք ստեղծված «Տեղեկատվական համակարգերի հատուկ նշանակության գործիք» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Տեղեկատվական համակարգերի հատուկ նշանակության գործիք» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի օգոստոսի 24-ի

N 1347-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

    քաղ. Երևան                                _____ ___________ 202 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից առ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1347-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը (այսուհետ` կառավարման հիմնադիր) մի կողմից, և

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից որպես հատուկ նշանակության գործիք ստեղծված «Տեղեկատվական համակարգերի հատուկ նշանակության գործիք» փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս տնօրեն _________________ (այսուհետ` հավատարմագրային կառավարիչ), մյուս կողմից,

այսուհետ` միասին անվանվելով կողմեր և առանձին` կողմ,

առաջնորդվելով թվային հասարակության և տնտեսության ձևավորման բարեփոխումների շրջանակներում Հայաստանում տեղեկատվական համակարգերի բնագավառի ինստիտուցիոնալ կառավարման կառուցակարգերի արդիականացման նպատակով և այդ գործընթացի շրջանակներում, որպես համակարգի օղակ, Հայաստանի Հանրապետությանը պատկանող «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ`

կնքում են սույն պայմանագիրը` հետևյալի մասին`

 

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ստորև նշված հասկացությունները, որոնք օգտագործվում են սույն պայմանագրում, ձեռք են բերում ներքոհիշյալ նշանակությունը և մեկնաբանվում են հետևյալ կերպ`

ա) պայմանագիր նշանակում է սույն հավատարմագրային կառավարման պայմանագիրը.

բ) կառավարման հիմնադիր նշանակում է Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, որին վերապահված է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը.

գ) հավատարմագրային կառավարիչ նշանակում է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից որպես հատուկ նշանակության գործիք ստեղծված «Տեղեկատվական համակարգերի հատուկ նշանակության գործիք» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համար` _____, ՀՎՀՀ` ______).

դ) հավատարմագրային կառավարում, ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով.

ե) բաժնետոմսեր նշանակում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության 2510 (երկու հազար հինգ հարյուր տասը) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 100%-ը (հարյուր տոկոսը).

զ) գույք նշանակում է բաժնետոմսերով հավաստված իրավունք.

է) ընկերություն նշանակում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցման N 286.120.23877, վկայական N 03 Ա 173877.

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության 100 % (հարյուր տոկոս) բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

ը) օր, ամիս, եռամսյակ, տարի, ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20-րդ գլխում:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարչին հավատարմագրային կառավարման է հանձնում ընկերության բաժնետոմսերով հավաստվող իրավունքները, իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ընդունել հիշյալ իրավունքներն ու դրանց կառավարումն իրականացնել` ելնելով կառավարման հիմնադրի շահերից:

 

2. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կառավարման հիմնադիրը պարտավոր է ապահովել սույն պայմանագրի 3-րդ գլխում նշված բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը հավատարմագրային կառավարչի կողմից:

2.2. Պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում կառավարման հիմնադիրը պարտավոր է զերծ մնալ գույքի նկատմամբ ցանկացած գործողություններից, որոնց կատարումը մտնում է հավատարմագրային կառավարչի իրավասության մեջ:

2.3. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերը հասարակ անվանական բաժնետոմսեր են, որոնք բաժնետիրոջն իրավունք են տալիս հանդես գալու որպես ընկերության միակ բաժնետեր, իրացնելու միակ բաժնետիրոջ բոլոր իրավունքները, որոշումներ ընդունելու և քվեարկելու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, ստանալու շահաբաժիններ, մասնակցելու ընկերության կառավարմանը և իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին ամրագրված մյուս բոլոր իրավունքները: Կառավարման հիմնադիրն ընկերության բաժնետոմսերով հավաստված իր իրավունքները փոխանցում է հավատարմագրային կառավարչին և սույն պայմանագրի համապատասխան դրույթներով համաձայնեցնում է այդ իրավունքների` հավատարմագրային կառավարչի կողմից իրականացման պայմանները:

2.4. Կառավարման հիմնադիրը պարտավորվում է`

2.4.1. գույքի հավատարմագրային կառավարումը հանձնել հավատարմագրային կառավարչին, հավատարմագրային կառավարչին տրամադրել պայմանագրով նախատեսված լիազորությունները և ապահովել տվյալ լիազորությունների անխոչընդոտ իրականացումը հավատարմագրային կառավարչի կողմից.

2.4.2. պահպանել հավատարմագրային կառավարչի առևտրային գաղտնիքը:

2.5. Կառավարման հիմնադիրը (լիազորած մարմինը) իրավունք ունի`

2.5.1. հավատարմագրային կառավարչից պահանջելու սույն պայմանագրով սահմանված իր պարտավորությունների բարեխիղճ և կառավարման հիմնադրի շահերից բխող կատարումը,

2.5.2. հավատարմագրային կառավարչից պահանջելու պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված թերությունների վերացում,

2.5.3. մոնիթորինգի ենթարկելու հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքը` առանց միջամտելու նրա գործունեությանը:

2.6. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերն ու դրանցով հավաստված իրավունքները գրավի կամ արգելանքի տակ չեն, որևէ կերպ ծանրաբեռնված չեն երրորդ անձանց իրավունքներով:

 

3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն իրականացնել տրամադրված գույքի կառավարումը, այդ թվում` գույքի նկատմամբ օգտվել պայմանագրով հիշատակված իրավունքներից` հաշվի առնելով սույն պայմանագրում սահմանված սահմանափակումները:

3.2. Հավատարմագրային կառավարիչը պետք է հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնի հավատարմագրային կառավարչին պատկանող այլ գույքից: Գույքը հավատարմագրային կառավարչի կողմից պետք է ենթարկվի առանձին հաշվառման և արտացոլվի առանձին հաշվեկշռում:

3.3. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է`

3.3.1. սույն պայմանագրի շրջանակներում իրականացնել բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և սույն պայմանագրով,

3.3.2. պահպանել ընկերության առևտրային գաղտնիքը.

3.3.3. ապահովել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների և ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման անընդհատությունը:

3.4. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի`

3.4.1. օրենքով և գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված շրջանակներում հավատարմագրային կառավարմանը հանձնված գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ լիազորություններ,

3.4.2. իր իրավասությունների շրջանակներում տնօրինելու ընկերության անշարժ գույքը,

3.4.3. կառավարման հիմնադրից ընդունելու և պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան իրականացնելու բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը,

3.4.4. գույքի նկատմամբ ի շահ կառավարման հիմնադրի կատարելու ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ` բացառությամբ բաժնետոմսերի օտարման և գրավադրման,

3.4.5. գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս, սույն պայմանագրին համապատասխան և ի շահ կառավարման հիմնադրի, կատարելու ցանկացած իրավաբանական և (կամ) այլ գործողություններ,

3.4.6. գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար պահանջելու վերացնել հիշյալ իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը խոչընդոտող ցանկացած տեսակի խախտումներ կամ սահմանափակումներ:

3.5. Հավատարմագրային կառավարչի համար վարձատրություն չի սահմանվում:

3.6. Հավատարմագրային կառավարչի լիազորությունների շրջանակը`

3.6.1. հավատարմագրային կառավարչին է պատկանում ընկերության բաժնետերերի ժողովի իրավասությանն ընկերության կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված բոլոր հարցերով միանձնյա որոշում ընդունելու իրավունքը` բացառությամբ հետևյալ հարցերի, որի վերաբերյալ հավատարմագրային կառավարիչը կարող է որոշում ընդունել (քվեարկել) կառավարման հիմնադրի (լիազորած մարմնի) կողմից իր իրավասության շրջանակներում տրված նախնական գրավոր համաձայնության դեպքում`

ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցումը,

բ) այնպիսի գործարքների կնքումը, որոնցում առկա է շահերի բախում,

գ) ընկերության վերակազմակերպումը կամ լուծարումը:

3.6.2. Պայմանագիրը հավատարմագրային կառավարչին չի տրամադրում բաժնետոմսերի օտարման, գրավադրման կամ այլ ձևով երրորդ անձանց փոխանցելու լիազորություն առանց կառավարման հիմնադրի համաձայնության:

3.6.3. Հավատարմագրային կառավարչի` պայմանագրի 3.6.1-ին կետի պահանջների պահպանմամբ ներկայացված առաջարկությունն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինը պետք է գրավոր ներկայացնի իր համաձայնությունը կամ առարկությունը: Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինն իր գրավոր համաձայնությունը կամ առարկությունը չի ներկայացնում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված:

3.6.4. Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին առաջարկություն է ներկայացնում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության վերակառուցման վերաբերյալ հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) հիման վրա:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև միմյանց հասցված վնասների համար կողմերը պատասխանատու են իրենց գույքով և միջոցներով:

4.2. Հավատարմագրային կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի` ելնելով կառավարման հիմնադրի շահերից, բարեխիղճ և խելամիտ կերպով:

4.3. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ չեն տա գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում երրորդ անձանց հանդեպ առաջացած պարտականությունները կատարել բաժնետոմսերի հաշվին և բաժնետոմսերը զերծ կպահեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 962-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացասական հետևանքներից:

4.4. Հավատարմագրային կառավարչի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններից ազատումը նրան չի ազատում իր կառավարման ընթացքում ընկերությանը հասցրած վնասների համար պատասխանատվությունից:

4.5. Սույն պայմանագրի իմաստով` որպես պարտավորության խախտման դեպք սահմանվում է հետևյալը`

4.5.1. կողմը չի կատարում սույն պայմանագրով սահմանված պայմանները և (կամ) պահպանում պայմանագրով սահմանված ժամկետները և ընթացակարգերը,

4.5.2. կողմը չի վերացնում նման խախտումը` այդ խախտման մասին գրավոր ծանուցում ստանալու օրվանից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում:

4.6. Կողմերի հարաբերությունները, նրանց որևէ մեկի կողմից սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման դեպքում, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՎԱՂԱԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմ կնքման պահից և գործում է հինգ տարի ժամկետով: Եթե կողմերից որևէ մեկը մյուս կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց երեսուն օր առաջ չի ծանուցում պայմանագրի դադարեցման մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով:

5.2. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ:

5.3. Սույն պայմանագիրը կարող է նաև լուծվել կառավարման հիմնադրի կողմից միակողմանի` դրա մասին հավատարմագրային կառավարչին առնվազն երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով:

5.4. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել նաև հետևյալ յուրաքանչյուր հիմքով`

5.4.1. ընկերության լուծարման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործունեության համար հիմք հանդիսացող լիցենզիաների և (կամ) թույլտվությունների գործողությունները դադարելու դեպքում,

5.4.2. հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարումից հրաժարվելու` կապված հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության հետ.

5.4.3. անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունքում պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու անհնարինության դեպքում, պայմանով, որ անհաղթահարելի ուժի ազդեցությունը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող այն կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնց վրա հասնելու արդյունքում անհնարին է դառնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է պայմանագրի 6.3-րդ կետով սահմանված ժամկետից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու սույն պայմանագիրը` դրա մասին նախապես գրավոր եղանակով տեղյակ պահելով մյուս կողմին:

5.5. Սույն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կողմերը պետք է մանրամասն ծանուցեն միմյանց սույն պայմանագրին առնչվող յուրաքանչյուր և բոլոր փաստաթղթերի և միջոցների վերադարձման, պահպանման կամ տեղաբաշխման վերաբերյալ, որից հետո հիշյալ փաստաթղթերը և միջոցները պետք է անցնեն կողմերից որևէ մեկի տնօրինման կամ հսկողության ներքո:

5.6. Սույն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կողմերի միջև պետք է կազմվի համապատասխան համաձայնագիր, որը կամրագրի կողմերի բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք գործելու են սույն պայմանագրի դադարեցումից հետո կամ կարող են ծագել պայմանագիրը դադարեցվելու հետևանքով:

5.7. Սույնով կողմերը համաձայնում են, որ չեն կարող փոխանցել որևէ երրորդ անձի պայմանագրից բխող իրենց առանձին իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն պայմանագիրն ամբողջ ծավալով` բացառությամբ այն դեպքերի, երբ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են իրավահաջորդության կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պահանջների պահպանմամբ: Սույն պայմանագրի իմաստով իրավունքների և պարտականությունների փոխանցում չի կարող համարվել գույքի կառավարման կամ գույքի նկատմամբ իրավունքների պաշտպանության համար հավատարմագրային կառավարչի կողմից մասնագետների ներգրավումը:

5.8. Կողմերից յուրաքանչյուրի իրավահաջորդը պետք է ուղղակիորեն ստանձնի սույն պայմանագրով տվյալ կողմի ստանձնած իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք առնչվում են հնարավոր վեճերի ու տարաձայնությունների կարգավորման հետ:

5.9. Սույն պայմանագրում յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում պետք է կատարվի կողմերի միջև գրավոր կերպով փոխհամաձայնեցվելու դեպքում:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

6.1. Կողմերն ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց ստանձնած պարտականությունները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար, եթե դա տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման օրվանից հետո, կողմերի ողջամիտ հսկողությունից դուրս հանգամանքներում: Սրանք այն իրավիճակներն են, որոնք ազդեցություն են գործում սույն պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունների կատարման վրա` ներառյալ երկրաշարժերը, ջրհեղեղները և այլ բնական աղետները կամ ցանկացած երևույթ, որը տուժող կողմի հիմնավորմամբ առաջացել է իր ողջամիտ հսկողությունից դուրս հանգամանքներում:

6.2. Ֆորսմաժորային իրավիճակ ծագելու դեպքում տուժող կողմը պետք է անհապաղ մյուս կողմին ծանուցի դրա մասին` հանգամանքների մանրամասն նկարագրությամբ և առաջարկելով միջոցառումներ հնարավորին սեղմ ժամկետում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Տուժող կողմը մյուս կողմի պահանջով պետք է ներկայացնի հանգամանքները հավաստող տեղեկանք` տրված համապատասխան գերատեսչության կողմից:

6.3. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է ավելի, քան 3 (երեք) ամիս, կողմերը պետք է անհապաղ նախաձեռնեն բանակցային գործընթաց` սույն պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով:

 

7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագրի որևէ դրույթի անվավեր կամ առոչինչ ճանաչվելը չի ազդում պայմանագրի մյուս դրույթների ամբողջ ծավալով կիրառելիության վրա:

7.2. Սույն պայմանագիրը և դրանով ամրագրված դրույթները ներկայացնում են կողմերի միջև ձեռք բերված լիակատար համաձայնությունը և գերակայում են սույն պայմանագրին նախորդող ժամանակահատվածում կողմերի միջև ձեռք բերված բոլոր բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների ու համաձայնությունների նկատմամբ:

7.3. Սույն պայմանագրի դրույթներին վերաբերող բոլոր ծանուցումները, պահանջները և համապատասխան այլ թղթաբանությունը պետք է կատարվեն գրավոր և ուղարկվեն կողմերի պաշտոնական հաղորդակցության հասցեներով (այդ թվում` էլեկտրոնային հասցեներով): Հասցեների կամ տվյալների փոփոխման դեպքում կողմերը պարտավոր են կանխավ տեղեկացնել միմյանց դրա մասին:

7.4. Սույն պայմանագրի ներքո կողմերի իրավունքները և պարտականություններն ուժի մեջ են մտնում պայմանագրի ստորագրման պահից և գործում են սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

7.5. Կողմերից ոչ մեկը չի կարող հայտնել կամ հրապարակել սույն պայմանագրով նախատեսված գործարքի վերաբերյալ որևէ տեղեկություն` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:

Ի հավաստումն վերոգրյալի` կողմերն ստորագրեցին սույն պայմանագիրը` 2 (երկու) օրինակից, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ և կողմերի համար ունի հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    «Տեղեկատվական համակարգերի հատուկ       ՀՀ կառավարություն` ի դեմս

    նշանակության գործիք» փակ               ՀՀ վարչապետի աշխատակազմի

    բաժնետիրական ընկերություն              ղեկավարի

 

Հասցե` ____

 

ՀՎՀՀ`

    _______________________               _______________________

    ս. տ.                                 ս. տ.

_______________________

    «Տեղեկատվական համակարգերի հատուկ      Արայիկ Հարությունյան

    նշանակության գործիք» ՓԲԸ              ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2022
N 1347-Ա
Որոշում