Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԱՎԴ/2596/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2596/02/17        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի ապրիլի 5-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ատլաս Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահան Դերսահակյանի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Վահան Դերսահակյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չվերադարձված փոխառության գումար, 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ կետանցի օրից` 21.08.2017 թվականից սկսած մինչև պարտավորության դադարելը հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 29.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Համիկ Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վահան Դերսահակյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ հոդվածները, 877-րդ հոդվածի 1-ին կետը, 878-րդ հոդվածը, 880-րդ հոդվածի 1-ին կետը, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 51-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 66-րդ, 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները, որպես միակ ապացույց, ընդունել են 16.06.2016 թվականի արձանագրությունը, որը ոչ վերաբերելի և թույլատրելի ապացույց է հանդիսանում Վահան Դերսահակյանի և Ընկերության միջև փոխառության պայմանագիր կնքված համարելու կամ փոխառության հարաբերություններ հաստատված համարելու համար: Մասնավորապես` վիճելի արձանագրությունը չի կարող համարվել փոխառության պայմանագիր, քանի որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք: Փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը` փոխառուն և փոխատուն, հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում` փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն, մինչդեռ նշված արձանագրությամբ ո՛չ Վահան Դերսահակյանը, ո՛չ Ընկերությունը չեն դրսևորել իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Բացի այդ, Ընկերությունը որպես կողմ ընդհանրապես նշված չէ արձանագրությունում, այդ արձանագրությունն Ընկերությունը չի ստորագրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Ընկերության մասնակիցները հանդես են եկել Ընկերության անունից, ինչը հստակ երևում է արձանագրության բովանդակությունից, ինչի մասին էլ վկայում է այն հանգամանքը, որ մասնակիցներն արձանագրության մեջ նշում են Ընկերության պարտավորությունների մասին, այլ ոչ թե իրենց: Արձանագրության կողմերը հստակ արձանագրել են, որ Ընկերության պարտքը Վահան Դերսահակյանի հանդեպ կազմում է 109.000 ԱՄՆ դոլար:

Վերոգրյալի հաշվառմամբ ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության են ենթարկել գործում եղած թույլատրելի և վերաբերելի ապացույցները, հանգել են իրավաչափ եզրահանգման առ այն, որ կողմերի միջև առկա են եղել փոխառության հարաբերություններ, իսկ 16.06.2016 թվականի արձանագրությունն էլ հանդիսանում է փոխառության գործարքը հաստատող ապացույց, հետևաբար` ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության բաժնետերեր Հոսեինղոլի Լոթֆինի /Կողմ 1/, Վահան Դերսահակյանի /Կողմ 2/ և Հանրի Քոչարյանի /Կողմ 3/ միջև 16.06.2016 թվականին կազմված Արձանագրության համաձայն` Ընկերության պարտքը Կողմերի հանդեպ ստացված փոխառությունների գծով կազմել է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից Վահան Դերսահակյանի` Կողմ 2-ի հանդեպ կազմել է 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կողմերը համաձայնել են, որ ապագայում Ընկերության բաժնետոմսերի կամ ակտիվների հնարավոր վաճառքից գոյացած գումարները բաշխվելու են նշված արձանագրությամբ Կողմերի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորությունները: Արձանագրությամբ սահմանվել է, որ այն ուժի մեջ է մտնում Կողմ 2-ի կողմից իր բաժնետոմսերը Կողմ 1-ին և Կողմ 3-ին վաճառելուց անմիջապես հետո և գործելու է անժամկետ (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) «Արմենբրոկ» ԲԲԸ-ի 16.06.2016 թվականի արժեթղթերի ST փոխանցման հանձնարարականների համաձայն` Վահան Դերսահակյանը 16.06.2016 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով Ընկերության իրեն պատկանող արժեթղթերից 65 հատն օտարել է Հոսեինղոլի Լոթֆինին, իսկ 29 հատը` Հանրի Քոչարյանին: Նշված հանձնարարականներն ընդունվել են 12.07.2016 թվականին (հատոր 1, գ.թ. 9-10):

3) 21.07.2017 թվականի գրության համաձայն` Վահան Դերսահակյանն Ընկերությունից պահանջել է գրությունը ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում վերադարձնել իրենից փոխառությամբ վերցված գումարը` 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը (հատոր 1-ին, գ.թ. 8):

4) ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 02.10.2017 թվականի պետական միասնական գրանցամատյանի քաղվածքի համաձայն` Ընկերության տնօրենն է Բահրամ Թալային (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

5) «Արմենբրոկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Կայֆաջյանի կողմից 31.10.2018 թվականին տրված գրության և կից ներկայացված Ընկերության բաժնետերերի ռեեստրից 16.06.2016 թվականի դրությամբ քաղվածքի համաձայն` 16.06.2016 թվականին Ընկերության արժեթղթերի սեփականատերեր (անվանատերեր) են հանդիսացել Հոսեինղոլի Լոթֆինը` 233 բաժնետոմսով, Հանրի Քոչարյանը` 103 բաժնետոմսով, և Վահան Դերսահակյանը` 94 բաժնետոմսով (հատոր 3-րդ, գ.թ. 79-80):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ընկերության պարտավորության մասին ընկերության մասնակիցների միջև ստորագրված արձանագրությունն այլ վերաբերելի գրավոր ապացույցի բացակայության պայմաններում կարող է դիտվել բավարար փոխառության իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու (...) միջոցով, (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Ընկերության գործադիր մարմնի` միանձնյա գործադիր մարմնի կամ Ընկերության միանձնյա գործադիր մարմնի և Ընկերության կոլեգիալ գործադիր մարմնի կողմից:

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի համաձայն` ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը)` սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի, Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումները):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով...: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե՛ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումներից մեկում նշել է, որ փոխառությունն իր բնույթով դրամական շարժի` փոխատուից փոխառուին դրամական միջոցներ փոխանցելու վերաբերյալ իրավահարաբերություն է, որի առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով: Ընդ որում, փոխառության հարաբերությունների առկայությունը հաստատող թույլատրելի ապացույց է հանդիսանում նաև ցանկացած այն փաստաթուղթը, որում պարունակվող տեղեկությունները վկայում են փոխառության հարաբերությունների գոյության մասին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնց ընթացքում տեղի են ունենում գույքի, այդ թվում դրամի հանձնումներ կամ փոխանցումներ, ուստի փոխառության իրավահարաբերություն վկայակոչած անձը նախ պետք է ապացուցի, որ.

ա) գույքը (դրամը) հանձնվել է որպես փոխառություն,

բ) փոխառուն պարտավորվել է այն վերադարձնել (տե՛ս, «Սուարդի» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Սուրեն Ավագյանի թիվ ԵԿԴ/4647/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2021 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը ևս կամային ակտ է: Այսինքն` փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը` փոխառուն և փոխատուն, հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, և այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում` փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն: Նման կամքի դրսևորումը և դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռևս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված և ձևակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսևորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժամանակագրական առումով դրանք պետք է համընկնեն: Այսպես, փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն` կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձևով պետք է ձևակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը (տե՛ս, Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները համակարգային վերլուծության ենթարկելով և զարգացնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկկողմ կամ բազմակողմ գործարքը իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն գործարքը կնքող կողմերի կամահայտնության առկայության դեպքում, որոնք հետապնդում են սեփական իրավական նպատակները: Երկկողմ կամ բազմակողմ գործարքում կողմերի կամահայտնությունը պետք է ունենա հանդիպակաց և համընկնող բնույթ: Կամահայտնության հանդիպակաց բնույթը պայմանավորված է կողմերի փոխադարձ բավարարվող շահերով, իսկ կամահայտնության համընկնող բնույթը նշանակում է դրանց փոխադարձ համաձայնեցում և վկայում է կողմերի միջև համաձայնության հասնելու մասին: Հետևաբար, կողմերի փոխադարձ կամահայտնության և փոխադարձ համաձայնեցման շնորհիվ երկկողմ գործարքը, որպես կողմերի համաձայնագիր, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվում որպես մեկ միասնական կամային ակտ` պայմանագրի տեսքով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարան հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական շրջանառության ինքնուրույն մասնակից է նաև բաց բաժնետիրական ընկերությունը, որը, որպես իրավաբանական անձ, ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Ընդ որում, ընկերության անունից իրավունքներ կամ պարտականություններ կարող է ստանձնել օրենքով կամ կանոնադրությամբ կամ այլ իրավական փաստաթղթով համապատասխան իրավասություն ունեցող անձը:

Ելնելով վերոնշյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագիրը հանդիսանալով կողմերի կամահայտնության արդյունքում կնքվող ակտ, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն` հանդիսանում է գրավոր գործարք և կնքվում է փաստաթուղթ կազմելու միջոցով, որը պետք է ստորագրված լինի գործարք կնքող անձանց կողմից և պարունակի գործարքի բովանդակությունը: Հետևաբար` փոխառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը հստակորեն դրսևորեն իրենց կամահայտնությունը պայմանագրի կնքման վերաբերյալ, որը դրսևորվում է նաև պայմանագիրը ստորագրելու միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ 16.06.2016 թվականի արձանագրությունն իր բովանդակությամբ համապատասխանում է փոխառության պայմանագրին օրենքով տրված բնորոշմանը և հաստատում է սույն դատավարության կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների առկայությունը, այլ կերպ` 16.06.2016 թվականի արձանագրությունը հանդիսանում է փոխառության գործարք, քանի որ դրա կողմերի համար այն սահմանում է իրավունքների ու պարտականությունների որոշակի շրջանակ:

Դատարանը նշել է, որ արձանագրության 1-ին կետով կողմերն ընդունել են, որ պատասխանողը (Ընկերությունը) դրա կազմման օրվա դրությամբ` 16.06.2016 թվականին, հայցվոր Վահան Դերսահակյանի (Կողմ 2-ի) հանդեպ ունեցել է 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտք` փոխառությունների գծով:

Դատարանը գտել է նաև, որ քննարկվող արձանագրության ուժի մեջ մտնելը կողմերը կախվածության մեջ են դրել ապագայում տեղի ունենալիք որոշակի իրադարձությունից` արձանագրության 3-րդ կետում սահմանելով, որ այն ուժի մեջ է մտնում Կողմ 2-ի (հայցվոր Վահան Դերսահակյան) կողմից Ընկերության` իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը Կողմ 1-ին և Կողմ 3-ին վաճառելուց անմիջապես հետո և գործում է անժամկետ: Այսինքն` կողմերը կնքել են պայմանով գործարք, ինչը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու հարցին, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա` Ընկերության բաժնետերեր Հոսեինղոլի Լոթֆինի /Կողմ 1/, Վահան Դերսահակյանի /Կողմ 2/ և Հանրի Քոչարյանի /Կողմ 3/ միջև 16.06.2016 թվականին կազմված Արձանագրության համաձայն` Ընկերության պարտքը Կողմերի հանդեպ ստացված փոխառությունների գծով կազմել է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից Կողմ 1-ի հանդեպ կազմել է 271.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Կողմ 2-ի հանդեպ` 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Կողմ 3-ի հանդեպ` 121.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կողմերը համաձայնել են, որ ապագայում Ընկերության բաժնետոմսերի կամ ակտիվների հնարավոր վաճառքից գոյացած գումարները բաշխվելու են նշված արձանագրությամբ Կողմերի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորությունները: Արձանագրությամբ սահմանվել է, որ այն ուժի մեջ է մտնում Կողմ 2-ի կողմից իր բաժնետոմսերը Կողմ 1-ին և Կողմ 3-ին վաճառելուց անմիջապես հետո և գործելու է անժամկետ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ միայն 16.06.2016 թվականի արձանագրությամբ չի կարող հիմնավորվել Ընկերության և Վահան Դերսահակյանի միջև փոխառության իրավահարաբերության ծագման փաստը, քանի որ ո՛չ Վահան Դերսահակյանը, ո՛չ Ընկերությունը չեն դրսևորել իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ավելին, 16.06.2016 թվականի արձանագրությունը ստորագրել են Ընկերության բաժնետերեր Հոսեինղոլի Լոթֆինը, Վահան Դերսահակյանը և Հանրի Քոչարյանը, իսկ Ընկերությունը` որպես կողմ, առհասարակ նշված չէ արձանագրությունում, որպիսի պայմաններում էլ արձանագրությունը չի ստորագրվել Ընկերության կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցով չի հիմնավորվում այն փաստը, որ Ընկերության և Վահան Դերսահակյանի կամքն ուղղված է եղել միմյանց միջև փոխառության իրավահարաբերությունների առաջացմանը:

Ինչ վերաբերում է գործում առկա ապացույցներին, մասնավորապես` «Արմենբրոկ» ԲԲԸ-ի 16.06.2016 թվականի արժեթղթերի ST փոխանցման հանձնարարականներին, որոնց համաձայն` Վահան Դերսահակյանը 16.06.2016 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով Ընկերության իրեն պատկանող արժեթղթերից 65 հատն օտարել է Հոսեինղոլի Լոթֆինին, իսկ 29 հատը` Հանրի Քոչարյանին, ինչպես նաև «Արմենբրոկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Կայֆաջյանի կողմից 31.10.2018 թվականին տրված գրությանը և կից ներկայացված Ընկերության բաժնետերերի ռեեստրից 16.06.2016 թվականի դրությամբ քաղվածքին, որի համաձայն` 16.06.2016 թվականին Ընկերության արժեթղթերի սեփականատերեր (անվանատերեր) են հանդիսացել Հոսեինղոլի Լոթֆինը` 233 բաժնետոմսով, Հանրի Քոչարյանը` 103 բաժնետոմսով, և Վահան Դերսահակյանը` 94 բաժնետոմսով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության և Վահան Դերսահակյանի միջև փոխառության իրավահարաբերությունները հաստատող վերաբերելի գրավոր ապացույցի բացակայության պայմաններում վերը նշված ապացույցները բավարար չեն Ընկերության և Վահան Դերսահակյանի միջև փոխառության իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է Ընկերության փոխառության պայմանագիր կնքելու կամահայտնությունն արտացոլող որևէ բավարար ապացույց, որով կհիմնավորվի Ընկերության և Վահան Դերսահակյանի միջև փոխառության իրավահարաբերությունների առաջացումը, հետևաբար` Դատարանը, հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, գործի ելքի վերաբերյալ եկել են սխալ եզրահանգման:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների (...) համար`

ա) դրամական պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,

բ) ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով (...),

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով (...),

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով (...):

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վահան Դերսահակյանը 09.10.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` հստակեցնելով հայցապահանջը և խնդրել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ, որը հայցադիմում ներկայանալու դրությամբ կազմում է 1.718,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահան Դերսահակյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երկու տոկոսը, ինչպես նաև 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների` 1.718,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձվելիք գումարի երկու տոկոսը, որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես չվճարված և Դատարանի 02.08.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Վահան Դերսահակյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 1.552.270 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

i

2. Վահան Դերսահակյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երկու տոկոսը, ինչպես նաև 109.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների` 1.718,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երկու տոկոսը` որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես չվճարված և ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2017 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Վահան Դերսահակյանից հօգուտ «Ատլաս Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՓԲԸ-ի բռնագանձել 1.552.270 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 5 ապրիլի 2022 թվականի:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2022
N ԱՎԴ/2596/02/17
Որոշում