Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱ ...

19.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.2006  -ից մինչեւ   19.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 15.11.12 թիվ 20-Ն հրաման)

i

100.0245.130502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002080

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

2 մայիսի 2002 թվականի N 245

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

i

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը (կցվում է):

2. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` Հ. Դարբինյանին:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2002 թվականի մայիսի 2-ի

N 245 հրամանով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի լիցենզավորման հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներից:

4. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:

i

5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման բաժնի պետն է:

(5-րդ կետը փոփ. 25.02.03 թիվ 123-Ն հրաման)

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:

i

7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա/ քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իրավական ապահովման և լիցենզավորման բաժինների ներկայացրած առաջարկությունները և դիտողությունները` անհրաժեշտության դեպքում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հայցելով նաև նախարարության աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները: Քննարկելով նշված փաստաթղթերը, դիտողությունները և առաջարկությունները հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարին.

բ/ քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը, հիշյալ հարցերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչությունների և իրավական ծառայության առաջարկությունները և կայացնում համապատասխան պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարին:

գ/ առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 08.06.06 թիվ 637-Ն հրաման)

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորվող անձի (այսուհետև հրավիրված անձ):

11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովը իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

14. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:

16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

ա/ հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

բ/ հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ/ քննարկվող հարցի բովանդակությունը.

դ/ տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե/ հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

զ/ հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

է/ հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը/ տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա/ հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ/ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.

գ/ ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ/ իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ/ ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ/ կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ/ մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե/ կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.

զ/ վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

22. Հանձնաժողովի անդամները`

ա/ մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ/ հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.05.2002
N 245
Հրաման