Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԴԱՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՉՎԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՎԴ/7078/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/7078/05/18             2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Կորպորացիա) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Լարվար» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Կորպորացիայի և «Թորիկ» ՍՊԸ-ի` քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք` Կորպորացիայի գործողությունները կապված Կոոպերատիվին քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, ոչ իրավաչափ ճանաչելու և Կադաստրին քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, ինչպես նաև քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետևանք ոչ իրավաչափ ճանաչել Կորպորացիայի գործողությունները` կապված Կոոպերատիվին քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, պարտավորեցնել Կադաստրին քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցել Կոոպերատիվի սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենքի, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2020 թվականի որոշմամբ Կորպորացիայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կորպորացիան:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 124-րդ, 126-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 5-րդ, 8-րդ, 24-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 40-րդ հոդվածները, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, 74-րդ հոդվածի 1-ին մասը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանի համար Կորպորացիայի բողոքի մերժման հիմքերից է հանդիսացել այն հանգամանքը, որ Կադաստրը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջները, քանի որ վերջինս հայցվորին չի ներգրավել անշարժ գույքի պետական գրանցման նպատակով հարուցված վարչական վարույթին:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ արտահայտած դիրքորոշումը չի բխում օրենքի տրամաբանությունից, քանի որ անհնար է պատկերացնել մի դեպք, երբ Կադաստր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո, վարչական վարույթի մասնակիցն արտահայտի այնպիսի դիրքորոշում, որը կարող է ազդել վարչական մարմնի որոշման վրա, քանի որ Կադաստրը պետական գրանցումն իրականացնում է բացառապես իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա: Վարչական մարմինը նոտարական կարգով կնքված պայմանագրին վստահելու իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ այն անվավեր չի ճանաչվել որևէ դատարանի կողմից և միայն դրա անվավեր ճանաչումը կարող է հանգեցնել պետական գրանցման անվավերության:

Սույն գործով թե՛ Դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, քանի որ սույն դեպքում տվյալ օրենքով նախատեսված չի եղել նշված հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու որևէ հիմք:

i

Բացի այդ, Կորպորացիայի կողմից անշարժ գույքի արտադատական բռնագանձման գործընթացը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ, 250-րդ, 251-րդ և 252-րդ հոդվածների խախտմամբ կազմակերպված լինելու, բռնագանձման ծանուցումները որոշակի, հստակ և անհրաժեշտ տեղեկություն չպարունակելու, Կորպորացիայի կողմից անշարժ գույքի արտադատական բռնագանձման գործընթացը թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2017 թվականի որոշմամբ սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպված լինելու վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումներն անհիմն են և իրավազուրկ:

Միաժամանակ Դատարանի և Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ Կադաստր լիարժեք ապացուցողական ուժ ունեցող որպես իրավահաստատող փաստաթուղթ պետական գրանցումն իրականացնելու համար նոտարական վավերացմամբ պայմանագիր ներկայացնելու հետ մեկտեղ նաև այլ լրացուցիչ ապացույցներ` մասնավորապես բռնագանձման ծանուցում պահանջելու դեպքում, ստացվում է, որ վարչական մարմինը կասկածի տակ է դնում նոտարական վավերացմամբ պայմանագրի իսկությունը, քանի որ այն վավերացնելիս բռնագանձման ծանուցումը բնօրինակ տեսքով ընդգրկվել է նոտարական գործում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` վերաքննիչ բողոքը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով առկա չեն լսումներ չանցկացնելու ոչ հայեցողական և ոչ էլ իմպերատիվ հիմքերից որևէ մեկը, ինչը նշանակում է, որ Կադաստրը պարտավոր էր իրականացնել լսումներ, քանի որ հարուցված վարչական վարույթն ավարտվել է վարչական ակտի ընդունմամբ, որը շոշափել է այլ անձի` Կոոպերատիվի սեփականության իրավունքը:

Բացի այդ, սույն գործում «բռնագանձման ծանուցում» վերտառությամբ փաստաթղթի բովանդակությունից չի հետևում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիմքով բռնագանձման ծանուցում է ուղարկվել գրավատու Կոոպերատիվին և պարտապանին, հետևաբար պատասխանողն իրավասու չէր այդ փաստաթղթի հիման վրա գրանցել Կորպորացիայի սեփականության իրավունքը:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը դատական ակտերը կայացրել են օրենքի նորմերի խիստ պահպանմամբ, ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման և գնահատման հիման վրա և այն բեկանելու համար բողոքաբերի ներկայացրած բոլոր հիմքերը հիմնազուրկ են: Հետևաբար խնդրել է մերժել Կորպորացիայի բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 14.01.2013 թվականին քաղաք Երևան, Կենտրոն, Պուշկինի փողոց, 39-րդ շենք, թիվ 17 տարածքի նկատմամբ գրանցվել է Կոոպերատիվի սեփականության իրավունքը /հիմք` թիվ 14012013-01-3488 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ (հատոր 1-ին, գ.թ. 25):

2. 05.12.2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքվել է թիվ 909175Վ վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 26-31):

3. 05.12.2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի և Կոոպերատիվի միջև կնքվել է թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 32-34):

4. Նշված պայմանագրով «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի պարտավորությունների համար գրավադրվել է Կոոպերատիվին սեփականությամբ պատկանող քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը:

Նույն պայմանագրի 3.3 կետի համաձայն վարկառուի կողմից վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, իր պահանջները բավարարելու նպատակով գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ուղղակի վաճառքի կամ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում պահանջել անշարժ գույքը Վարկային պայմանագրով սահմանված պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն հանձնելու (հատոր 1-ին, գ.թ. 32-34):

5. 29.11.2016 թվականին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ /Հիմք` թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործ/ (հատոր 1-ին, գ.թ. 10-12):

6. «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությամբ Գրավատու Կոոպերատիվի նախագահ Դավիթ Խաչատրյանը տեղեկացվել է վարկային պարտավորությունների չկատարման հիմքով գրավադրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հնարավոր գործընթաց նախաձեռնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 73):

7. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/0370/04/16 որոշմամբ բավարարվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումը և վերջինիս թույլատրվել է արտադատական կարգով իրացնել «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին պատկանող գույքը (հատոր 1-ին, գ.թ. 14-22):

8. Նշված Որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում դատարանը հստակ սահմանել է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին թույլատրվում է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-252-րդ հոդվածներով սահմանված պայմանների պահպանմամբ, արտադատական կարգով իրացնել գրավի առարկաները, այդ թվում նաև քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 14-22):

9. 19.01.2017 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ, որով խնդրել է քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենք, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարել հետևյալ գործառույթը բռնագանձման գործընթացը սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկությունների ներկայացում (հատոր 1-ին, գ.թ. 23-24):

10. 19.01.2017 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի կողմից բռնագանձման ծանուցում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, առ այն, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախաձեռնում է իրականացնել վերջինիս և «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175Վ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175գ/01 և թիվ 909175գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագրերով գրավադրված համապատասխանաբար քաղաք Երևան Արշակունյաց թիվ 125/4 անշարժ գույքի և քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթաց (հատոր 1-ին, գ.թ. 35):

11. 20.01.2017 թվականին Կադաստրի կողմից կազմվել է գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ տեղեկանք, առ այն, որ քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեի «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 19.01.2017 թվականին թիվ 40-17 բռնագանձման ծանուցումը արտացոլվել է անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում (հատոր 1-ին, գ.թ. 36):

12. 22.05.2018 թվականին Կորպորացիայի ներկայացուցչի կողմից դիմում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ, որով խնդրել է կատարել քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենք, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում և իրավունքի դադարման պետական գրանցում:

Վերը նշված դիմումին կից ներկայացվել է վճարման անդորրագիր, պետական տուրքի անդորրագիր, անձնագրի պատճենը, 17.10.2018 թվականին իրավաբանական անձի կողմից տրված լիազորագիր, 18.05.2018 թվականի արձանագրություն, 22.05.2018 թվականի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 37-38):

13. 18.05.2018 թվականին կազմված աճուրդային վաճառքի արդյունքների վերաբերյալ արձանագրությամբ անշարժ գույքի մասով «Երևանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա» ՓԲԸ-ի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից 50.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով կազմակերպված 17.05.2018 թվականի աճուրդը համարվել է չկայացած` որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարելու պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 39):

14. 22.05.2018 թվականին «Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի և Կորպորացիայի միջև կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր:

Նշված պայմանագրով «Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ն Կորպորացիային է հանձնել Կոոպերատիվին սեփականությամբ պատկանող քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 40-42):

15. 25.05.2018 թվականին Կադաստրը քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել է Կորպորացիայի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 43-44):

16. 11.07.2018 թվականին քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի նկատմամբ գրանցվել է «Թորիկ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը` հիմք 10.07.2018 թվականի թիվ 1046 վարձակալության պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 52-53):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին` նոտարական վավերացմամբ կնքված և դատական կարգով չվիճարկված պայմանագրի հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելիս կիրառելի է արդյո՞ք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը:

 

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Պետական գրանցումն ընդգրկում է` գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը, գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերնագիրը կրող 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքվել է թիվ 909175Վ վարկային պայմանագիրը: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի և Կոոպերատիվի միջև 05.12.2014 թվականին կնքվել է թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագիրը: Նշված պայմանագրով «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի պարտավորությունների համար գրավադրվել է Կոոպերատիվին սեփականությամբ պատկանող քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքը: Նույն պայմանագրի 3.3 կետի համաձայն վարկառուի կողմից վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, իր պահանջները բավարարելու նպատակով գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավ դրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ուղղակի վաճառքի կամ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում պահանջել անշարժ գույքը Վարկային պայմանագրով սահմանված պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն հանձնելու:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությամբ գրավատու Կոոպերատիվի նախագահ Դավիթ Խաչատրյանը տեղեկացվել է վարկային պարտավորությունների չկատարման հիմքով գրավադրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հնարավոր գործընթաց նախաձեռնելու մասին: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի կողմից 19.01.2017 թվականին բռնագանձման ծանուցում է ներկայացվել Կադաստրի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, առ այն, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախաձեռնում է իրականացնել վերջինիս և «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175Վ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող 05.12.2014 թվականին կնքված թիվ 909175գ/01 և 909175գ/02 անշարժ գույքի գրավի պայմանագրերով գրավադրված համապատասխանաբար քաղաք Երևան Արշակունյաց թիվ 125/4 անշարժ գույքի և քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթաց:

Աճուրդային վաճառքի արդյունքների վերաբերյալ 18.05.2018 թվականին կազմված արձանագրությամբ անշարժ գույքի մասով «Երևանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա» ՓԲԸ-ի հարթակում ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից 50.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով կազմակերպված 17.05.2018 թվականի աճուրդը համարվել է չկայացած, ինչի արդյունքում Կորպորացիան, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ կետով գրավառուին ընձեռնված հնարավորությունից, պահանջել է անշարժ գույքը հանձնել իրեն:

Կորպորացիայի և ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի միջև 22.05.2018 թվականին կնքվել է «Գույքը հանձնելու մասին» պայմանագիր, որը վավերացվել է Երևան նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի կողմից (գրանցամատյանում գրանցված է թիվ 6695 համարով):

Կադաստրը քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 25.05.2018 թվականին գրանցել է Կորպորացիայի սեփականության իրավունքը:

Դատարանը 19.03.2019 թվականի վճռով բավարարելով հայցադիմումը` արձանագրել է, որ պատասխանողը սույն գործով հայցվորին չի ներգրավել 19.01.2017 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթին առնվազն որպես երրորդ անձ, քանի որ նրա իրավունքները կամ օրինական շահերը կարող էին շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով /սեփականության իրավունքի պետական գրանցմամբ/, և վերջինիս չի ծանուցել վարչական վարույթի հարուցման ու վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Ուստի, վարչական մարմին հանդիսացող Կադաստրի մարմինը սույն գործով հայցվորին չի ներգրավել համապատասխան վարչական գործի վարույթին և վերջինիս դրա մասին ծանուցելու օրենքով սահմանված իր պարտականությունը չի իրականացրել, որի արդյունքում չի ապահովել հայցվորի լսված լինելու իրավունքը` զրկելով վերջինիս օրենքով նախատեսված իրավունքների լիարժեք իրականացման և պաշտպանության հնարավորությունից:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է նաև սույն գործի փաստերի համաձայն` 28.12.2016 թվական ամսաթվով թվագրված թիվ 1043-16 գրության մեջ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նշվել է, որ «(...) Վարկային կազմակերպությունը «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ից համապատասխան գրությամբ պահանջել է ծանուցում ստանալուց ոչ ուշ, քան 10 բանկային օրվա ընթացքում վարկային կազմակերպության նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների վաղաժամկետ և ամբողջական կատարում: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի կողմից վերոնշյալ ժամկետում պարտավորությունը չկատարելու դեպքում, հիմք ընդունելով վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող, 05.12.2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Լարվար» արտադրական կոոպերատիվի և «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագիրը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի համապատասխան միջոցներ վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագրից բխող վարկային կազմակերպության իրավունքներն իրականացնելու համար: Հիմք ընդունելով սույն ծանուցումը վերոնշյալ պարտավորությունը չկատարելու դեպքում վարկային կազմակերպությունը կնախաձեռնի գրավադրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց»:

Այսինքն, վերը նշված 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունից հստակորեն պարզ չի դառնում, թե 10 օրվա ընթացքում «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարելու դեպքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի արդյոք բռնագանձում, թե` ոչ, անորոշ է նաև, որ եթե «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարի, ապա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հստակ որոշել է բռնագանձումն իրականացնել առանց դատարան դիմելու, թե` ոչ: Այսինքն, Դատարանը գտել է, որ վերը նշված գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում նաև այն պատճառով, որ դրանով որոշակի և հստակ կերպով չի բացահայտվել գրավառուի մտադրությունը գույքը արտադատական կարգով բռնագանձելու մասին, ինչը հնարավորություն կտար պարտապանին և գրավատուին իրենց շահերից բխող ձևով և եղանակներով իրացնելու պայմանագրով և օրենքով իրենց վերապահված իրավունքները:

Վերաքննիչ դատարանը մերժելով Կորպորացիայի վերաքննիչ բողոքը վերահաստատել է Դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը և նշել, որ 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում, հետևաբար այն չի կարող համարվել հայցվոր Կոոպերատիվի կողմից ստացված, իսկ համապատասխան ապացույցը Կադաստրի պետական կոմիտե ներկայացված:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնցից են`

գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը.

իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր` օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթուղթ, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրեր, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր, դատական ակտեր, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար` այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթեր.

իրավահաստատող փաստաթղթեր` իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր և գույքագրման փաստաթղթեր.

պետական գրանցում` նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ (բացառությամբ նույն օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված դեպքի) կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով` այն գնորդի կողմից գնելու, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում նաև գրավադրված գույքն ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց գրավառուին հանձնելու դեպքերում, տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթեր հանդիսացող` նոտարական կարգով վավերացված քաղաքացիաիրավական պայմանագրերը:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊ ընկերության և Կորպորացիայի միջև 22.05.2018 թվականին կնքվել է և նոտարական կարգով վավերացվել է «Գույքը հանձնելու մասին» պայմանագիրը (գրանցվել է նոտարի գրանցամատյանում 6695 համարի տակ), որպիսի` նոտարի վավերացմամբ, ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, հաստատվել է այդ պայմանագրի օրինականությունը և հավաստվել է դրա լիարժեք ապացուցողական ուժը, հետևաբար տվյալ դեպքում քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի սեփականության իրավունքի պետական գրանցման համար` որպես իրավահաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսացել նշված պայմանագիրը, հետևաբար տվյալ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, նոտարական կարգով վավերացված պայմանագրի ներկայացված լինելու պայմաններում չեն գործում, և տվյալ պարագայում Կադաստրի կողմից իրավահաստատող փաստաթղթի` նոտարական կարգով վավերացված` »»Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի և Կորպորացիայի միջև 22.05.2018 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի հիմքով քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ է և բացակայում են այդ գրանցումը` դրա համար հիմք հանդիսացած հիշյալ պայմանագրի վիճարկված չլինելու և ուժի մեջ գտնվելու պայմաններում, անվավեր ճանաչելու հիմքերը:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների արտահայտած այն դիրքորոշմանը, որ 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում այն պատճառով, որ դրանով որոշակի և հստակ կերպով չի բացահայտվել գրավառուի մտադրությունը գույքն արտադատական կարգով բռնագանձելու մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կադաստրը, որպես լիազորված մարմին, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների և (կամ) սահմանափակումների պետական գրանցում: Ընդ որում, նշված գործառույթը վերջինս իրականացնում է համապատասխան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում` իրավունքի գրանցման հիմքում դնելով իրավունքը հաստատող, իրավահաստատող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը և «Գույքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով խոչընդոտների բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում: Վարչական մարմնի համար գոյություն չունի որևէ օրենսդրական մեխանիզմ բռնագանձման ծանուցման բովանդակությունը քննարկման առարկա դարձնելու և դրան գնահատական տալու համար` հետևաբար ստորադաս դատարանների նման եզրահանգումն անհիմն է:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման գրանցման համար հիմք է հանդիսացել ոչ թե գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը, այլ` նոտարական վավերացմամբ կնքված և դատական կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված պայմանագիրը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Կոոպերատիվը սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք, իսկ Կորպորացիան վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման, իսկ Կոոպերատիվի հայցը` մերժման ենթակա լինելու պայմաններում Կորպորացիայի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Կոոպերատիվի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` «Լարվար» արտադրական կոոպերատիվի հայցը մերժել:

2. «Լարվար» արտադրական կոոպերատիվից հօգուտ «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

24.06.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/7078/05/18 վարչական գործով 24.06.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 24.06.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Կորպորացիա) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Լարվար» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Կորպորացիայի և «Թորիկ» ՍՊԸ-ի` քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք` Կորպորացիայի գործողությունները կապված Կոոպերատիվին քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, ոչ իրավաչափ ճանաչելու և Կադաստրին քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու, ինչպես նաև քաղաք Երևան, Պուշկին փողոց 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` Կոոպերատիվի հայցը մերժել:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Կոոպերատիվի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես հետևանք ոչ իրավաչափ ճանաչել Կորպորացիայի գործողությունները` կապված Կոոպերատիվին քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ, պարտավորեցնել Կադաստրին քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցել Կոոպերատիվի սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի, թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 19.03.2019 թվականի վճռով Կոոպերատիվի հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ պատասխանողը սույն գործով հայցվորին չի ներգրավել 19.01.2017 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթին առնվազն որպես երրորդ անձ, քանի որ նրա իրավունքները կամ օրինական շահերը կարող էին շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով /սեփականության իրավունքի պետական գրանցմամբ/, և վերջինիս չի ծանուցել վարչական վարույթի հարուցման ու վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Ուստի, վարչական մարմին հանդիսացող Կադաստրի մարմինը սույն գործով հայցվորին չի ներգրավել համապատասխան վարչական գործի վարույթին և վերջինիս դրա մասին ծանուցելու օրենքով սահմանված իր պարտականությունը չի իրականացրել, որի արդյունքում չի ապահովել հայցվորի լսված լինելու իրավունքը` զրկելով վերջինիս օրենքով նախատեսված իրավունքների լիարժեք իրականացման և պաշտպանության հնարավորությունից:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործի փաստերի համաձայն` 28.12.2016 թվական ամսաթվով թվագրված թիվ 1043-16 գրության մեջ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նշվել է, որ

«(...) Վարկային կազմակերպությունը «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ից համապատասխան գրությամբ պահանջել է ծանուցում ստանալուց ոչ ուշ, քան 10 բանկային օրվա ընթացքում վարկային կազմակերպության նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների վաղաժամկետ և ամբողջական կատարում: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի կողմից վերոնշյալ ժամկետում պարտավորությունը չկատարելու դեպքում, հիմք ընդունելով վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող, 05.12.2014 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Լարվար» արտադրական կոոպերատիվի և «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագիրը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի համապատասխան միջոցներ վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագրից բխող վարկային կազմակերպության իրավունքներն իրականացնելու համար: Հիմք ընդունելով սույն ծանուցումը վերոնշյալ պարտավորությունը չկատարելու դեպքում վարկային կազմակերպությունը կնախաձեռնի գրավադրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց»:

Այսինքն, վերը նշված 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունից հստակորեն պարզ չի դառնում, թե 10 օրվա ընթացքում «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարելու դեպքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի արդյոք բռնագանձում, թե` ոչ, անորոշ է նաև, որ եթե «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարի, ապա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հստակ որոշել է բռնագանձումն իրականացնել առանց դատարան դիմելու, թե` ոչ: Այսինքն, Դատարանը գտել է, որ վերը նշված գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում նաև այն պատճառով, որ դրանով որոշակի և հստակ կերպով չի բացահայտվել գրավառուի մտադրությունը գույքը արտադատական կարգով բռնագանձելու մասին, ինչը հնարավորություն կտար պարտապանին և գրավատուին իրենց շահերից բխող ձևով և եղանակներով իրացնելու պայմանագրով և օրենքով իրենց վերապահված իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կորպորացիայի վերաքննիչ բողոքը, վերահաստատել է Դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը և նշել, որ 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում, հետևաբար այն չի կարող համարվել հայցվոր Կոոպերատիվի կողմից ստացված, իսկ համապատասխան ապացույցը` Կադաստրի պետական կոմիտե ներկայացված:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը վկայակոչել և վերլուծության է ենթարկել մարդու` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն ամրագրած ու երաշխավորած, պատշաճ վարչարարությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 50-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածները, որոնք բովանդակային առումով ներառում են նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա, արձանագրելով, որ սույն գործով չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որով կհաստատեր այն հանգամանքը, որ վարչական մարմինը վարչական վարույթի մասին ծանուցել է սույն գործով հայցվորին` Կոոպերատիվին, ինչի արդյունքում էլ խախտել է հայցվորի լսված լինելու իրավունքը:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կորպորացիան (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ դատարանը որոշել է` վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` «Լարվար» արտադրական Կոոպերատիվի հայցը մերժել:

 

I. Նախևառաջ հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-րդ բաժինը)` սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:

Վերոգրյալը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Կորպորացիայի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը չի պարունակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի մասին որևէ փաստարկ:

Նշվածը հիմնավորելու նպատակով հարկ ենք համարում ամբողջությամբ և բառացի արտատպել Կորպորացիայի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և հիմնավորումները և պահանջը» վերտառությամբ բաժինը, որից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու հետևանքով արդարադատության բուն էության խաթարումը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, Կորպորացիան իր վճռաբեկ բողոքում չի վկայակոչել:

 

Մեջբերում Կորպորացիայի վճռաբեկ բողոքից.

«Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և հիմնավորումները և պահանջը

Վարչական դատավարության մասին ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի համաձայն` 1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Գտնում ենք, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքում բարձրացված երեք հարցերի վերաբերյալ ակնկալում ենք ՀՀ Վճռաբեկ դատարանի խորը տեսական վերլուծության վրա հիմնված համալիր դիրքորոշումը, որը կվերականգնի Բողոքաբերի խախտված իրավունքը և կվերացնի իրավական որոշակիության խախտումները:

Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերից հետևում է, որ առկա է համակարգային խնդիր մինչ այժմ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացված բոլոր պետական գրանցումների իրավաչափությունը/ոչ իրավաչափությունը հաստատելու հարցում:

Տվյալ դեպքում ՀՀ կադաստրի կոմիտեի համար պետական գրանցումն իրականացնելու գործընթացում երրորդ անձանց լսված լինելու իրավունքի պարտադիր պահանջ նախատեսելու համար իրավակիրառ վարչական մարմնի համար գոյություն չունի որևէ օրենսդրական մեխանիզմ այդ իրավունքի իրացումն ապահովելու համար, ինչի հիմնավորումները ներկայացրել ենք սույն բողոքում: Այսինքն, մի կողմից վարչական մարմնի համար այդպիսի պարտադիր պահանջ նախատեսելը, իսկ մյուս կողմից պետական գրանցման համար 4 օրյա կամ 2 ժամվա ժամկետ նախատեսելը վարչական մարմնի համար ստեղծում է օբյեկտիվ անհնարինություն այդ պահանջն իրացնելու համար: Ուստի, եթե առկա է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցումն իրականացնելիս երրորդ անձանց լսված լինելու իրավունքն իրացնելու պարտադիր պահանջ, ապա այդ իրավունքը պետք է զարգացվի այնպես, որ մյուս կողմից էլ ստեղծվեն դրա իրացումը գործնականում ապահովելու օրենսդրական մեխանիզմները:

Արդյո՞ք գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու արտադրական գործընթացն սկսելուց առաջ գրավատուին բռնագանձման ծանուցումն ուղարկելը և այդ մասին ՀՀ կադաստրի կոմիտե տեղեկատվություն տրամադրելն ուղղված չէ հետագայում նրա լսված լինելու իրավունքն իրացնելուն: Չնայած գործող օրենսդրությամբ նման իրավակարգավորում նախատեսված չէ, սակայն իրավունքի տրամաբանության շրջանակներում գտնում ենք, որ այն ուղղված է երրորդ անձի լսված լինելու իրավունքն ապահովելուն, իսկ այդ ծանուցումը ՀՀ կադաստրի կոմիտեին չներկայացնելու դեպքում, վարչական մարմինը չի կարող հավաստվել երրորդ անձ գրավառուի լսված լինելու իրավունքն ապահովված լինելու հարցում:

Ինչպես նշել ենք վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները բաժնում, վերոնշյալ իրավունքի զարգացման խնդիրը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային որոշմամբ չլուծելու դեպքում կստացվի, որ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացված այն պետական գրանցումները, որոնցով շոշափվում են երրորդ անձանց իրավունքները, գործնականում անվավեր են և հետագայում կատարվելիք պետական գրանցումները ևս անվավեր են լինելու Դատարանի և Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ: Ստացվում է, որ վարչական մարմինը իր հիմնական գործառույթներից մեկը` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մինչ օրս «ոչ իրավաչափորեն» է կատարել և շարունակելու է այդ գործընթացում իր «ոչ իրավաչափ» գործողությունները` չապահովվելով գրավատուի կամ այլ երրորդ անձանց լսված լինելու ենթադրյալ իրավունքները:

Գտնում ենք, որ բողոքում ներկայացված հիմնավորումների համատեքստում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը (Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում) պետք է զարգացնել և «Գույքի իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում նախատեսել այնպիսի դեպք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի պետական գրանցումներն իրականացնելիս վարչական վարույթում բացակայում է ընթացիկ փուլը և լսումներ չեն անցկացվում և դրա նպատակահարմարությունը առկա չէ:

Հաջորդ իրավունքի զարգացման խնդիրը արտահայտված է սույն իրավական հարցադրմամբ. արդյո՞ք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված լրացուցիչ ապացույցներ (գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը) ՀՀ Կադաստրի կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջը նախատեսված է նաև այն դեպքերի համար, երբ Կադաստր է ներկայացվում լիարժեք ապացուցողական ուժ ունեցող նոտարական վավերացմամբ պայմանագիրը, թե՞ այդպիսի փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ գրավառուն արտադատական եղանակով բռնագանձած գույքի մասով չի կնքում նոտարական վավերացմամբ որևէ պայմանագիր (գույքը հանձնելու մասին կամ այլ), այսինքն, վերջինս արտադատական բռնագանձման իրավունք ունենալու դեպքում գույքն ընդունում է ի սեփականություն կամ հանձնում է իր կողմից նշված երրորդ անձին` բացառապես բռնագանձման ծանուցումների հիման վրա` առանց նոտարական վավերացմամբ պայմանագրի կնքման:

Դատարանի և Վերաքննիչ դատարանի տրամաբանությամբ ՀՀ կադաստրի կոմիտե լիարժեք ապացուցողական ուժ ունեցող որպես իրավահաստատող փաստաթուղթ պետական գրանցումն իրականացնելու համար նոտարական վավերացմամբ պայմանագիր ներկայացնելու հետ մեկտեղ նաև այլ լրացուցիչ ապացույցներ` մասնավորապես բռնագանձման ծանուցում պահանջելու դեպքում, ստացվում է, որ վարչական մարմինը կասկածի տակ է դնում նոտարական վավերացմամբ պայմանագրի իսկությունը, քանի որ այն վավերացնելիս բռնագանձման ծանուցումը բնօրինակ տեսքով ընդգրկվել է նոտարական գործում: Այդպիսով, գտնում ենք, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ևս առկա է իրավունքի զարգացման խնդիր և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հիշյալ իրավական կարգավորումը մեկնաբանելու և դրանում նոտարական վավերացման պայմանագիրը որպես բացառություն նշելու դեպքում լիարժեք ապացուցողական ուժ ունեցող նոտարական վավերացման պայմանագիրը և ընդհանրապես արդարադատության իրականացմանը նպաստող նոտարների գործունեությունը կասկածի տակ չի դրվի:

Բողոքի երրորդ հիմքում ևս (Արդյո՞ք վարչական դատարանը իրավասու է քննարկման առարկա դարձնել բռնագանձման ծանուցումը, դրա բովանդակությունը, այն դեպքում, երբ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը) առկա է իրավունքի զարգացման խնդիր, քանի որ բռնագանձման գործընթացը, դրա հիմքում ընկած բռնագանձման ծանուցման բովանդակությունը թե՛ ընդհանուր իրավասության, թե՛ վարչական դատարանի կողմից քննարկման առարկա դարձնելը հանգեցնում է իրավական որոշակիության խախտման: Բռնագանձման ծանուցման ընթացակարգն իրականացնելիս տվյալ իրավահարաբերության կողմերն են հանդիսանում գրավառուն և գրավատուն, որոնցից որևէ մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ չի հանդիսանում, տվյալ իրավահարաբերության բովանդակությունը հաստատապես չի կազմում հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, այն բացառապես մասնավոր իրավահարաբերության սուբյեկտի` տվյալ դեպքում գրավառու պարտականությունն է, ինչպես նաև տվյալ իրավահարաբերությունը չի ծագում հանրային շահի իրացման կապակցությամբ, հետևաբար բռնագանձման ծանուցման բովանդակությունը չի կարող վիճարկվել հանրային իրավահարաբերության տիրույթում:

 

Բռնագանձման գործընթացի հիմքում ընկած բռնագանձման ծանուցումը վիճարկելու իրավունքն իրացնելիս անձը չպետք է ունենա երկընտրանքի հնարավորություն` կա՛մ դիմել ընդհանուր իրավասության դատարան` բռնագանձման գործընթացը` բռնագանձման ծանուցումը ոչ պատշաճ լինելու հիմքով անվավեր ճանաչելու և որպես հետևանք պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, կա՛մ դիմել ՀՀ վարչական դատարան` պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով` հիմքում դնելով բռնագանձման գործընթացի մեկնարկի համար հիմք հանդիսացած բռնագանձման ծանուցման բովանդակության ոչ պատշաճությունը:

Ամփոփելով վերագրյալը գտնում ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանողական նշանակություն ունեցող նախադեպային որոշումը կարող է վերացնել վերը բարձրացված իրավունքի զարգացման խնդիրները և ապահովել դատական պրակտիկայի հետագա միօրինակությունը» (Մեջբերման ավարտը):

 

Առավել քան ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող սույն գործով Կորպորացիայի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ինչպես որ նշվել է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հիմքով Վճռաբեկ դատարանն իրավասու չէ գնահատել Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, որի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, ըստ էության, ամրագրվել է Վճռաբեկ դատարանի` որպես բարձրագույն դատական ատյանի, տեղն ու դերը դատական իշխանության համակարգում: Գտնում եմ, որ դատական իշխանության համակարգում Վճռաբեկ դատարանի դերով ու նշանակությամբ են պայմանավորված վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման օրենսդրական առանձնահատուկ կարգավորումները:

Վճռաբեկ դատարանն իրավունքի դատարան է, որի հիմնական գործառույթն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է: Այսինքն` դատական այս ատյանի կողմից քննության են առնվում այնպիսի գործեր, որոնցով իրավական ասելիքի անհրաժեշտություն կա` օրենքի միատեսակ կիրառություն կամ իրավունքի զարգացում ապահովելու առումներով: Միակ բացառությունն այս ընդհանուր կանոնից սահմանադիրը նախատեսել է այն դեպքի համար, երբ տեղի են ունեցել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով:

Այլ կերպ ասած` Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցով է պայմանավորված դատական ակտի վերանայման նպատակը. արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սխալների ուղղումը հետապնդում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու, թե մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են նաև բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները, նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

 

Տվյալ դեպքում սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Կորպորացիան, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, մատնանշել է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, պնդելով, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր սույն գործով ստորադաս դատարանների կողմից կիրառված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կապակցությամբ:

Վճռաբեկ դատարանը, անտեսելով վճռաբեկ բողոքով Կորպորացիայի կողմից ներկայացված պահանջը, այն է` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր լիազորությունների շրջանակներում Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հիմքով վերանայելու մասին, ինքն իր նախաձեռնությամբ (Կորպորացիայի փոխարեն) առաջադրել է դատական սխալի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու պահանջ և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու լիազորությունն իրացնելու հիմքի բացակայության պայմաններում դատական ակտը վերանայել է Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությանը խաթարող դատական սխալ թույլ տալու հիմքով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում առերևույթ առկա լինելու հիմքով, որպիսին, ինչպես նշվեց, բողոքաբերը չի ներկայացրել:

 

II. Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ եզրահանգում է արել Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տված լինելու, ուստիև Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանման ենթակա լինելու մասին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին:

Այսպես.

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե նոտարական վավերացմամբ կնքված և դատական կարգով չվիճարկված պայմանագրի հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելիս կիրառելի է արդյո՞ք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանը նախ վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, այնուհետև առանց որևէ վերլուծության գոյություն չունեցող ինչ-որ իրավական վերլուծություններ կիրառել է սույն գործի փաստերի նկատմամբ` մասնավորապես արձանագրելով հետևյալը.

«(...) գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով` այն գնորդի կողմից գնելու, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում նաև գրավադրված գույքն ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց գրավառուին հանձնելու դեպքերում, տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթեր հանդիսացող` նոտարական կարգով վավերացված քաղաքացիաիրավական պայմանագրերը:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊ ընկերության և Կորպորացիայի միջև 22.05.2018 թվականին կնքվել է և նոտարական կարգով վավերացվել է «Գույքը հանձնելու մասին» պայմանագիրը (գրանցվել է նոտարի գրանցամատյանում 6695 համարի տակ), որպիսի` նոտարի վավերացմամբ, ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, հաստատվել է այդ պայմանագրի օրինականությունը և հավաստվել է դրա լիարժեք ապացուցողական ուժը, հետևաբար տվյալ դեպքում քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի սեփականության իրավունքի պետական գրանցման համար` որպես իրավահաստատող փաստաթուղթ, հիմք է հանդիսացել նշված պայմանագիրը, հետևաբար տվյալ դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, նոտարական կարգով վավերացված պայմանագրի ներկայացված լինելու պայմաններում չեն գործում, և տվյալ պարագայում Կադաստրի կողմից իրավահաստատող փաստաթղթի` նոտարական կարգով վավերացված` »»Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի և Կորպորացիայի միջև 22.05.2018 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի հիմքով քաղաք Երևան, Պուշկինի փողոց 39-րդ շենք, թիվ 17 տարածքի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ է և բացակայում են այդ գրանցումը` դրա համար հիմք հանդիսացած հիշյալ պայմանագրի վիճարկված չլինելու և ուժի մեջ գտնվելու պայմաններում, անվավեր ճանաչելու հիմքերը:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների արտահայտած այն դիրքորոշմանը, որ 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում այն պատճառով, որ դրանով որոշակի և հստակ կերպով չի բացահայտվել գրավառուի մտադրությունը գույքն արտադատական կարգով բռնագանձելու մասին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կադաստրը, որպես լիազորված մարմին, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների և (կամ) սահմանափակումների պետական գրանցում: Ընդ որում, նշված գործառույթը վերջինս իրականացնում է համապատասխան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում` իրավունքի գրանցման հիմքում դնելով իրավունքը հաստատող, իրավահաստատող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը և «Գույքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով խոչընդոտների բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում: Վարչական մարմնի համար գոյություն չունի որևէ օրենսդրական մեխանիզմ բռնագանձման ծանուցման բովանդակությունը քննարկման առարկա դարձնելու և դրան գնահատական տալու համար` հետևաբար ստորադաս դատարանների նման եզրահանգումն անհիմն է:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման գրանցման համար հիմք է հանդիսացել ոչ թե գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը, այլ` նոտարական վավերացմամբ կնքված և դատական կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված պայմանագիրը»(1):

___________________

1) Մեջբերումը կատարված է տառացի, բառացի:

 

Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հետ և գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ պատճառաբանված և հիմնավորված է, իսկ այն բեկանելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները:

Տվյալ դեպքում Կոոպերատիվը, պնդելով, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը Կադաստրի կողմից 25.05.2018 թվականին կատարվել է օրենքի խախտմամբ, ինչի հետևանքով խախտվել է Կոոպերատիվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ պատասխանողի անօրինական գործողության արդյունքում հայցվորը զրկվել է իր սեփականության իրավունքից, ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով պահանջել է անվավեր ճանաչել քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, միաժամանակ ներկայացնելով նաև հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ:

Վերոգրյալ հիմնական պահանջը Կոոպերատիվը հիմնավորել է այն փաստական հանգամանքով, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից Կոոպերատիվին բռնագանձման որևէ ծանուցում չի ուղարկվել, Կորպորացիայի կողմից Կադաստրին հասցեագրված քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում և իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու խնդրանք պարունակող դիմումին կից առկա չի եղել ապացույց առ այն, որ նախքան քաղաք Երևան, Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն բռնագանձման ծանուցում է ուղարկել Կոոպերատիվին, և որ այդ ծանուցումը Կոոպերատիվը ստացել է: Ավելին` դիմումին չի կցվել որևէ ապացույց, թե ինչ կապ ունի Կորպորացիան «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ, ինչպես կարող է 05.12.2014 թվականի թիվ 909175Գ/02 գրավի պայմանագրի հիման վրա, որի կողմերն են հանդիսանում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն և Կոոպերատիվը, գրանցվի Կորպորացիայի սեփականության իրավունքը:

Գտնում ենք, որ վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն իրավաչափ հետևություն է արել առ այն, որ սույն վեճի լուծման համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք Կորպորացիայի կողմից ապահովվել է Կոոպերատիվին վիճելի գույքի բռնագանձման վերաբերյալ ծանուցում ուղարկելու պարտականությունը և արդյոք այն ստացվել է հասցեատիրոջ` Կոոպերատիվի կողմից,

- արդյո՞ք Կադաստր ներկայացվել է ապացույց այն մասին, որ հասցեատիրոջ կողմից ստացվել է համապատասխան ծանուցում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, շեղվելով հայցապահանջի հիմքում ընկած փաստական հիմքերից, կարևորել է այնպիսի հարցադրման պարզաբանումը, որը սույն գործի լուծման համար չունի որոշիչ նշանակություն, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի` «Հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցումը» վերտառությամբ 40-րդ հոդվածի կիրառելիության հարցի լուծման համար էական է ոչ թե այն հանգամանքը, թե սեփականության իրավունքի պետական գրանցման համար արդյո՞ք ներկայացվել է նոտարական վավերացմամբ կնքված և դատական կարգով չվիճարկված պայմանագիր, այլ այն հանգամանքը, թե հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցման համար արդյո՞ք ներկայացվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պարտադիր հանդիսացող փաստաթղթերը, այդ թվում բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին հանձնված լինելու մասին ապացույցները:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ողջ ընթացակարգը կարգավորված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ և 18-րդ կետերի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր` օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթուղթ, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրեր, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր, դատական ակտեր, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար` այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթեր,

իրավահաստատող փաստաթղթեր` իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր և գույքագրման փաստաթղթեր.

պետական գրանցում` նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պետական գրանցումն ընդգրկում է գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

Նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով և դիմումի հետ ներկայացնի իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների կարգավորմանը: Նշված գլխում ներառված 40-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:

Նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

Նշված նորմերի մեկնաբանության արդյունքում պարզ է դառնում, որ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից, ի թիվս այլնի, անհրաժեշտ է ներկայացնել նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, ընդ որում ծանուցման պատճենի վրա պետք է առկա լինի գրավատուի ստորագրությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում` պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում` նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև նույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո նույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Նշված իրավակարգավորումներից հետևում է, որ այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում` պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

Նշված գործընթացն իրականացնելու համար պարտադիր պահանջ է հանդիսանում գրավառուի կողմից բռնագանձման ծանուցում ուղարկելը և գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) և գրանցումն իրականացնող մարմնին:

Նշված պահանջների չպահպանումը հանգեցնում է իրավունքի պետական գրանցման մերժման:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գագիկ Սիմոնյանի և Լիլիթ Սարգսյանի գործով որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 2491-րդ հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ գրավառուի պահանջները բավարարելու համար օրենսդիրը նախատեսել է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու երկու եղանակ` առանց դատարան դիմելու և դատարանի վճռի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավադրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել` գրավառուի պահանջները բավարարելու համար: Ընդ որում, գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու իրավունք ունի գրավի վրա բռնագանձում տարածելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ (տե՛ս, թիվ ԵԿԴ/1010/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է նաև գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջին և արձանագրել, որ այն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը (տե՛ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):

Սույն գործում առկա ապացույցների համաձայն` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությամբ նշվել է. «(...) Վարկային կազմակերպությունը «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ից համապատասխան գրությամբ պահանջել է ծանուցում ստանալուց ոչ ուշ քան 10 բանկային օրվա ընթացքում վարկային կազմակերպության նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների վաղաժամկետ և ամբողջական կատարում: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի կողմից վերոնշյալ ժամկետում պարտավորությունը չկատարելու դեպքում, հիմք ընդունելով վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող, 2014թ.-ի դեկտեմբերի 5-ի «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Լարվար» արտադրական կոոպերատիվի և «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագիրը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի համապատասխան միջոցներ վերոնշյալ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող թիվ 909175Գ/02 անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագրից բխող վարկային կազմակերպության իրավունքներն իրականացնելու համար: Հիմք ընդունելով սույն ծանուցումը վերոնշյալ պարտավորությունը չկատարելու դեպքում վարկային կազմակերպությունը կնախաձեռնի գրավադրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց»:

Սույն վեճի լուծման համար պարզման ենթակա է այն հարցը, թե նշված գրությունն արդյո՞ք հանդիսանում է օրենքով սահմանված բռնագանձման ծանուցագիր:

Գտնում ենք, որ վկայակոչված փաստաթղթի` «բռնագանձման ծանուցման», ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, որ նշված ծանուցման բովանդակությունից ակնհայտ չի բխում, որ այն հանդիսանում է բռնագանձման ծանուցում, քանի որ դրանում հստակորեն ամրագրված չէ, թե ինչ է նախատեսվում իրականացնել: Նշվածի արդյունքում էլ Վերաքննիչ դատարանը իրավացիորեն փաստել է, որ այն չի համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիմքով բռնագանձման ծանուցման ուղարկում գրավատու Կոոպերատիվին և պարտապանին:

Վերոգրյալի արդյունքում ամբողջությամբ հիմնավոր ենք համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումները, որ. «(...) 28.12.2016թ. թիվ 1043-16 գրությունից հստակորեն պարզ չի դառնում, թե 10 օրվա ընթացքում «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարելու դեպքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կնախաձեռնի արդյոք բռնագանձում, թե` ոչ, անորոշ է նաև, որ եթե «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն պարտավորությունը չկատարի, ապա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հստակ որոշել է բռնագանձումն իրականացնել առանց դատարան դիմելու, թե` ոչ: Այսինքն, Դատարանը գտնում է, որ վերը նշված գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում նաև այն պատճառով, որ դրանով որոշակի և հստակ կերպով չի բացահայտվել գրավառուի մտադրությունը գույքը արտադատական կարգով բռնագանձելու մասին, ինչը հնարավորություն կտար պարտապանին և գրավատուին իրենց շահերից բխող ձևով և եղանակներով իրացնելու պայմանագրով և օրենքով իրենց վերապահված իրավունքները»:

Գտնում ենք, որ 28.12.2016 թվականի թիվ 1043-16 գրությունը չի կարող համարվել բռնագանձման ծանուցում, հետևաբար այն չի կարող համարվել հայցվոր Կոոպերատիվի կողմից ստացված, իսկ համապատասխան ապացույցը Կադաստրի պետական կոմիտե ներկայացված:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է իրավունքի պետական գրանցման մերժման հիմքերը, որի 1-ին մասի 5-6-րդ և 8-րդ կետերի համաձայն` պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին, անշարժ գույքի գործարքը կնքել է (են) նման գործարք կնքելու իրավասություն չունեցող կամ նման գործարք կնքելու համար բավարար ծավալով իրավասություն չունեցող անձը (անձինք), առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:

Գործում առկա ապացույցների ուսումնասիրության արդյունքում պետք է արձանագրել, որ Կորպորացիայի ներկայացուցչի կողմից 22.05.2018 թվականին դիմում է ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ, որով խնդրվել է կատարել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում և իրավունքի դադարման պետական գրանցում, սակայն դիմումին կից չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհավաստվեր, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/0370/04/16 դատական ակտով ստացած թույլտվությունից հետո «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն բռնագանձման ծանուցում է ուղարկել Կոոպերատիվին:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չի պահպանվել հայցվորին օրենքով սահմանված կարգով բռնագանձման ծանուցում ուղարկելու օրենսդրական պահանջը, ինչի արդյունքում էլ տեղի ունեցած իրավունքի պետական գրանցումը չի կարող համարվել իրավաչափ, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

 

III. Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ բացի վերոգրյալից, Կոոպերատիվի հայցի բավարարման ենթակա լինելու իր եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նաև Կորպորացիայի իրավունքների պետական գրանցման վարույթի ընթացիկ փուլում Կոոպերատիվի լսված լինելու իրավունքի խախտման փաստով:

Ներկայացված վճռաբեկ բողոքում Կորպորացիայի կողմից փաստարկներ են ներկայացվել իրավունքի պետական գրանցման վարույթի շրջանակներում անձի լսված լինելու օրենսդրական հնարավորության հարցին: Մասնավորապես, վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումներ բաժնում բողոքաբերը կարևորել է այն հարցի պարզումը, թե արդյո՞ք օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթում լսումներ իրականացնելու պարտադիր պահանջ ՀՀ Կադաստրի կոմիտեի համար անշարժ գույքի պետական գրանցումներն իրականացնելու գործընթացում:

Միևնույն ժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերում բողոքաբերը փաստարկել է, որ «ՀՀ կադաստրի կոմիտեի համար պետական գրանցումն իրականացնելու գործընթացում երրորդ անձանց լսված լինելու իրավունքի պարտադիր պահանջ նախատեսելու համար իրավակիրառ վարչական մարմնի համար գոյություն չունի որևէ օրենսդրական մեխանիզմ այդ իրավունքի իրացումն ապահովելու համար, (...): ՈՒստի, եթե առկա է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցումն իրականացնելիս երրորդ անձանց լսված լինելու իրավունքն իրացնելու պարտադիր պահանջ, ապա այդ իրավունքը պետք է զարգացվի այնպես, որ մյուս կողմից էլ ստեղծվեն դրա իրացումը գործնականում ապահովելու օրենսդրական մեխանիզմները»:

Վճռաբեկ բողոքի վերոգրյալ հիմքին Վճռաբեկ դատարանը բացարձակապես չի անդրադարձել և Վերաքննիչ դատարանի որոշման ոչ իրավաչափ լինելու մասին իր եզրահանգումը հիմնավորել է Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումներից միայն մեկի առնչությամբ հայտնած իրավական դիրքորոշումներով` անտեսելով այն հանգամանքը, որ Կոոպերատիվի հայցի բավարարման ենթակա լինելու իր հետևությունը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նաև Կորպորացիայի իրավունքների պետական գրանցման վարույթի ընթացիկ փուլում Կոոպերատիվի լսված լինելու իրավունքի խախտման փաստով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:

Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող պետական գրանցումն իրականացնելիս Կոոպերատիվի լսված լինելու իրավունքը Կադաստրի կողմից խախտված լինելու մասով Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու իր եզրահանգման այն շարժառիթները, որոնցով նա չի համաձայնել նշված մասով Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ:

 

Ամփոփելով վերոգրյալը` հարկ ենք համարում արձանագրել, որ սույն դեպքում, կատարելով իրավունքի պետական գրանցում, Կադաստրը կատարել է ոչ իրավաչափ վարչարարություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ եթե գրավառուն բռնագանձման ծանուցումը չի ուղարկել գրավատուին, պարտապանին, ինչպես նաև գրանցումն իրականացնող մարմնին և նաև գրավի բռնագանձման գործընթացը ավարտելու վերաբերյալ ծանուցումը չի ուղարկել գրանցումն իրականացնող մարմնին, ապա պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր էր մերժել իրավունքի պետական գրանցումը:

Ամբողջ վերոգրյալի արդյունքում հիմնավոր ենք համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ պատասխանողն իրավասու չէր օրենքով սահմանված կարգին համապատասխան բռնագանձման ծանուցման բացակայության պայմաններում Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի սեփականության իրավունքի գրանցումը տեղի է ունեցել օրենքի պահանջների չպահպանման հետևանքով, որի արդյունքում հայցվորը զրկվել է իր սեփականության իրավունքից:

Այսպիսով գտնում ենք, որ Դատարանը, անվավեր ճանաչելով Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Կորպորացիայի անվամբ 25.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և որպես հետևանք` ոչ իրավաչափ ճանաչելով Կորպորացիայի գործողությունները` կապված Կոոպերատիվին Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 39-րդ շենքի թիվ 17 տարածքից վտարելու հետ ու նշված հասցեի նկատմամբ Կոոպերատիվի սեփականության իրավունքը Կադաստրին պարտավորեցնելով, ինչպես նաև անվավեր ճանաչելով նույն հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Թորիկ» ՍՊԸ-ի անվամբ 11.07.2018 թվականին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են հիմնավորված, պատճառաբանված և օրինական դատական ակտեր:

 

Գտնում ենք նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու, այն` Կոոպերատիվի հայցը մերժելու բավարար հիմնավորումներ Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում:

Ավելին, գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող պետական գրանցումն իրականացնելիս Կոոպերատիվի լսված լինելու իրավունքը Կադաստրի կողմից խախտված լինելու հիմքով այդ գրանցումն անվավեր ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանի որոշմամբ որևէ ձևով հերքված չլինելու պայմաններում առնվազն այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող բեկանվել:

 

    Դատավոր                   Դատավոր             Դատավոր

    Ռ. Հակոբյան               Հ. Բեդևյան          Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 հունիսի 2022 թվական:

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2022
N ՎԴ/7078/05/18
Որոշում