Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ԼԴ/0747/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0747/02/19         2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի օգոստոսի 5-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Լևոն Դալլաքյանից և Բագրատ Մնացականյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 101.160 ՀՀ դրամ, որից 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի չափն է, 1.160 ՀՀ դրամը` հայցադիմումը ներկայացնելու օրվա` 22.02.2019 թվականի դրությամբ պահանջվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարն է, 23.02.2019 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 101.160 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարն է, ինչպես նաև հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 2.030 ՀՀ դրամ, 55.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 27.09.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Լևոն Դալլաքյանից և Բագրատ Մնացականյանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է ընդհանուր 157.000 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` որպես հատուցված վնասի գումար, 55.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 2.000 ՀՀ դրամը` հայցվորի կողմից բավարարված հայցապահանջին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար, վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի կողմից գումարն ամբողջությամբ Բյուրոյին վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Հայցադիմումը` պահանջի մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ մինչև Դատարանի վճիռը որևէ պարտավորություն առկա չի եղել, մինչդեռ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային, ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե կբավարարեր, այլ` կմերժեր Բյուրոյի հայցը:

Սույն գործի փաստերի համաձայն պատասխանողը պարտավոր է եղել առաջացած պարտավորության ուժով Բյուրոյին վճարել դրամ, իսկ Բյուրոն այդ դրամը ստանալու իրավունք (իրավական ակնկալիք) է ունեցել: Ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը Բյուրոյի կողմից մատնանշված ժամկետից սկսած լիովին իրավաչափ է:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բագրատ Մնացականյանի և Վարդան Սաքանյանի միջև կազմված համաձայնեցված հայտարարագրի պատճենի համաձայն` 27.08.2018 թվականին ժամը 15:05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Լազյան փողոցում թիվ 36ՕՕ221 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և թիվ 35TR655 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած պատահարում մեղավոր է ճանաչվել «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Բագրատ Մնացականյանը (հատոր 1-ին գ.թ. 22-ի դարձերես):

2) Ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության ծառայության» տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից քաղվածքի պատճենի «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմոբիլը հաշվառված է Լևոն Դալլաքյանի անվամբ.

Ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության ծառայության» տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից քաղվածքի պատճենի «VOLKSWAGEN CADDY 1.4» մակնիշի թիվ 35TR655 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը հաշվառված է Ռոմիկ Հովհաննիսյանի անվամբ (հատոր 1-ին գ.թ. 12-ի դարձերես, 14):

3. Ըստ Բյուրոյի կողմից 04.02.2019 թվականին տրված տեղեկանքի` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 27.08.2018 թվականի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն` թիվ 36ՕՕ221 հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վերաբերյալ 27.08.2018 թվականի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ Բյուրոյի 04.02.2019 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «VOLKSWAGEN CADDY 1.4» մակնիշի թիվ 35TR655 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ (հատոր 1-ին գ.թ. 12, 13):

4. 16.11.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ ծանուցման և վճարման փաստաթղթի համաձայն` Ռոմիկ Հովհաննիսյանին, հաշվեհամարին փոխանցելու միջոցով, վճարվել է 100.000 ՀՀ դրամ հատուցում (հատոր 1-ին գ.թ. 26):

5. Բյուրոյի կողմից 100.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Լևոն Դալլաքյանին և Բագրատ Մնացականյանին ուղղված 16.11.2018 թվականի թիվ Բ/18-07698 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 2-րդ կետի համաձայն` Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր` համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

Միաժամանակ ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 25):

6. Բյուրոյի կողմից Լևոն Դալլաքյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 22.11.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24):

7. Բյուրոյի կողմից Բագրատ Մնացականյանին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 22):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Նույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն` Երաշխավորման ֆոնդ` նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ (...):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, ըստ հայցի Նատալյա Հակոբյանի ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն` օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրողն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքին զուգահեռ, օրենսդիրը նաև սահմանել է ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:

Այսինքն` օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:

Մասնավորապես օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը` վճարային պարտավորության կետանցի պահը պարզելու հանգամանքը.

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ: Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսված է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դրանք պետք է կատարվեն պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի թիվ ԵԴ/29755/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 27.08.2018 թվականին` ժամը 15:05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լազյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Բագրատ Մնացականյանի կողմից վարած «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և Վարդան Սաքանյանի կողմից վարած «VOLKSWAGEN CADDY 1.4» մակնիշի թիվ 35TR655 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Բագրատ Մնացականյանի և Վարդան Սաքանյանի միջև կազմված համաձայնեցված հայտարարագրի պատճենի համաձայն պատահարում մեղավոր է ճանաչվել «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Բագրատ Մնացականյանը:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության ծառայության» տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից քաղվածքի պատճենի համաձայն` «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմոբիլը հաշվառված է Լևոն Դալլաքյանի անվամբ, իսկ «VOLKSWAGEN CADDY 1.4» մակնիշի թիվ 35TR655 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը հաշվառված է Ռոմիկ Հովհաննիսյանի անվամբ:

Բյուրոյի 04.02.2019 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ Բյուրոյի 04.02.2019 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «VOLKSWAGEN CADDY 1.4» մակնիշի թիվ 35TR655 համարանիշի ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ: 16.11.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ ծանուցման և վճարման փաստաթղթի համաձայն` Ռոմիկ Հովհաննիսյանին, հաշվեհամարին փոխանցելու միջոցով, վճարվել է 100.000 ՀՀ դրամ հատուցում:

Բյուրոյի կողմից 100.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Լևոն Դալլաքյանին և Բագրատ Մնացականյանին ուղղված 16.11.2018 թվականի թիվ Բ/18-07698 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 2-րդ կետի համաձայն` Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր` համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ: Միաժամանակ ծանուցման 7-րդ կետով որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ: Բյուրոյի կողմից Լևոն Դալլաքյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 22.11.2018 թվականին, իսկ Բագրատ Մնացականյանին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով:

Սույն գործով Դատարանը 27.09.2019 թվականի վճռով հանգել է հետևության, որ հայցվորը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 20-24-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, 8-րդ հոդվածով սահմանված գումարի սահմաններում, հատուցել է տուժող անձի գույքին պատճառված վնասը` 100.000 ՀՀ դրամ, հետևաբար, նույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք վնաս պատճառած անձի նկատմամբ: Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն` «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 համարանիշի ավտոմոբիլը հաշվառված է Լևոն Դալլաքյանի անվամբ, իսկ վնաս պատճառած անձը հանդիսացել է «GAZ 24-01» մակնիշի թիվ 36ՕՕ221 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Բագրատ Մնացականյանը, հետևաբար վերջիններս էլ բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես պարտապաններ:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ «Լևոն Դալլաքյանը և Բագրատ Մնացականյանը 100.000 ՀՀ դրամը սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին չվճարելու դեպքում, կստացվի որ այն պահում են ապօրինի և խուսափում են վերադարձնելուց, ուստի և այդ գումարի նկատմամբ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտքի մարումը ենթակա են հաշվարկման տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքի չափով: Դատարանը տոկոսների հաշվարկը չի կատարում սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջում նշված պահից, քանի որ որևէ ձևով չի հիմնավորվում, որ այդ պահից պատասխանողները գումարը պարտավոր էին վճարել հայցվորին, հետևաբար այն պահում էին ապօրինի: Նման իրավիճակ կծագի միայն այն դեպքում, երբ պատասխանողները սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից չկատարեն այն»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժելով Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ «(...) տվյալ դեպքում պատասխանողների` հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պատասխանողներին չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն` տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած օրվանից:

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ վեճը վերաբերում է վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորական իրավահարաբերություններին, և տվյալ դեպքում` 100.000 ՀՀ դրամի չափով վնասը հատուցելու պատասխանողների պարտավորությունը ծագում է դատական ակտի հիմքով, գտնում է, որ խնդրո առարկա տոկոսները կարող են հաշվեգրվել միայն պատասխանողներին համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում` այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող` Ռոմիկ Հովհաննիսյանին, և վնաս պատճառած անձանց` Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի միջև: Այսինքն` Ռոմիկ Հովհաննիսյանին հատուցվել է Լևոն Դալլաքյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 100.000 ՀՀ դրամը Լևոն Դալլաքյանից և Բագրատ Մնացականյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններս` այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ ծագում է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականությունը, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեին կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով և տվյալ դեպքում Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ոչ թե ծագել է Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Ստորադաս դատարանները պարտավոր էին ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը` վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջիններիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 04.09.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Ռոմիկ Հովհաննիսյանին փոխհատուցել պատճառված վնասը` 100.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանին ուղարկվել է 16.11.2018 թվականի թիվ Բ/18-07698 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցումը:

Սույն գործով հիմնավորվել է, որ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի կողմից Բյուրոյի հանդեպ ունեցած պարտավորությունը վերջինիս առաջարկած ժամկետում չի կատարվել: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի մոտ պարտավորության կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի /կամ հանգամանքի/ վրա հասնելով /կամ ավարտով/: Հետևաբար, սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Լևոն Դալլաքյանը և Բագրատ Մնացականյանն իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Քննարկվող պարագայում Բյուրոյի կողմից Լևոն Դալլաքյանին և Բագրատ Մնացականյանին ուղղված ծանուցումներով պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Բյուրոյի կողմից Լևոն Դալլաքյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 22.11.2018 թվականին, սակայն Բագրատ Մնացականին ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով, ինչը հիմք է եզրակացնելու, որ վերջինս օբյեկտիվորեն չէր կարող ծանուցմամբ նախատեսված ժամկետում կատարել պարտավորությունը: Նման պայմաններում, այն հարցը, թե երբ է Բագրատ Մնացականյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտականության մասին տեղեկացել, սույն գործով ունի էական նշանակություն: Ուստի, ստորադաս դատարանները սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեին նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարի նկատմամբ կիրառեին նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոյի կողմից վիճարկվող գումարի վերադարձման պարտավորության վերաբերյալ պատասխանողների իրազեկման օրը պարզելու համար դատարանը որպես չափորոշիչ պետք է ընդունի Բյուրոյի կանոններով նախատեսված` ծանուցումներն անձանց կողմից պատշաճ ստացված լինելու ժամկետների հաշվարկման կարգը: Ըստ այդմ, 16.11.2018 թվականի թիվ Բ/18-07698 ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ` 02.08.2018 թվականին ընդունված և 06.12.2018 թվականին ուժը կորցրած թիվ RL 1-001 ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 2-րդ գլխի 9-րդ կետի համաձայն` նույն կանոններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները ծանուցող անձի կողմից սկսվում են հաշվարկվել`

(...) 2) ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում` հանձնելու օրվան հաջորդող օրվանից,

3) պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, սույն վեճի լուծման համար, հարկ է հստակ տարանջատել Լևոն Դալլաքյանի և Բագրատ Մնացականյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողներից յուրաքանչյուրը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Դատարան նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ անդրադառնալով վճռաբեկ բողոքի` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի վերաբերյալ հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում փաստաբանի խելամիտ վարձատրության բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 5 օգոստոսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.08.2022
N ԼԴ/0747/02/19
Որոշում