Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ, 7-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ, 7-ՐԴ, 50-ՐԴ, 51-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5267/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5267/05/19

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարան և Քաղաքաշինության կոմիտե` Ջրվեժի բազալտների հանքավայրի 1,41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշման դեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն իրեն տրամադրել Ջրվեժի բազալտների հանքավայրի 1,41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գևորգ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 14.08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 14.08.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):

Ընկերությունը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացել (ներկայացուցիչ Ժենյա Մինասյան):

 

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի, 50-րդ հոդվածի 2-րդ և 51-րդ հոդվածի 14-րդ մասերի, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ և 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերով ամրագրված դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը հաստատելու մասին» 23.08.2017 թվականի թիվ 104-Ն հրամանի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացության հիման վրա չի կարող տրամադրել ընդերքօգտագործման իրավունք, քանի որ հայցվող իրավունքը պետք է հիմնված լինի օրենքի վրա, չխախտի այլոց իրավունքներն ու ազատությունները: Բացասական եզրակացության հիման վրա նման իրավունքի տրամադրումը հանգեցնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի խախտման, այն է` առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը: Այնուհանդերձ, փորձաքննական բացասական եզրակացության հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և մերժման հիմք է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից կատարված արդարադատության պայմաններում տրված եզրահանգման իմաստով անիմաստ է դառնում փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու և դրա հիման վրա իրավունք տրամադրելու կամ մերժելու իրավահարաբերությունը, որպիսի մեկնաբանությունը բազմապիսի խնդիրների հիմք կարող է հանդիսանալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ փորձաքննական բացասական եզրակացության հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքները տրամադրելը հակասում է Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի 14-րդ մասով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթներին: Լիազոր մարմնի կողմից քննարկման առարկա չի կարող դառնալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունը, և Նախարարությունն օրենքով կամ որևէ ենթաօրենսդրական ակտով սահմանված որևէ իրավասություն չունի միջամտելու վերջինիս գործունեությանը` պարզաբանում պահանջելով բացասական եզրակացության որևէ դրույթի վերաբերյալ: Փորձագիտական գործունեության նպատակը վարույթն իրականացնող մարմնին որոշակի փաստական տվյալներով ապահովելն է, որոնք որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում են որպես ապացույցներ և դրվում գործով կայացվող այս կամ այն որոշման հիմքում: Փորձաքննական դրական եզրակացության առկայությունը հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու համար պարտադիր իրավաբանական փաստ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

2.1 Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 37-րդ, 42-րդ, 45-րդ հոդվածները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ կետերը, 13-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը, 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ, 50-րդ, 51-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ հոդվածները, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածը, 126-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ջրվեժի բազալտների հանքավայրի 1.41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելու օրենսդրական պահանջն է հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, մինչդեռ տվյալ դեպքում գործով առկա է լիազոր մարմնի կողմից տրված բացասական եզրակացություն: Դատարանը վիճարկող որոշումը կայացնելիս անտեսել է և գործով էական չի համարել այն հանգամանքը, որ բացի այն, որ գործով առկա է լիազոր մարմնի կողմից տրված բացասական եզրակացություն, Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացրել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող անհրաժեշտ ապացույցի բացակայության պայմաններում, այսինքն, Դատարանը, չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացություն, գտել է, որ առկա են անհրաժեշտ բավարար հիմքերը հայցվող իրավունքի տրամադրման համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ իրավահարաբերություններում օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջ հանդիսացող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն կատարելու և եզրակացություն ստանալու ընթացակարգը կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորումներով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, գործը քննել է թերի, որի արդյունքում, թույլ տալով նյութական և դատավարական նորմերի էական խախտումներ, կայացրել է սխալ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը բեկանել և հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմքը, հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությունը հանդիսանում է վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույց, հետևաբար վարչական մարմինը պարտավոր էր վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցն ուսումնասիրել և գնահատել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին համապատասխան:

Ստորադաս դատարանները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այլ ապացույցների հետ համադրման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատել են վերը նշված եզրակացությունը և արձանագրել, որ այն հիմնավորված, օրինական և օբյեկտիվ չէ, ուստի և չէր կարող իրավաչափ հիմք հանդիսանալ իրավունքի տրամադրումը մերժելու համար:

Փաստացի հանքավայրի համար նախատեսված հողատարածքը չի հանդիսանում կանաչ տարածք, այն ոչ խորը ձորերով կտրտված բլրային տարածք է, որի լանջերը մասամբ լցված են բազալտի քարերով, այն բնութագրվում է քարքարոտ, ծառաթփուտային բուսականությունից զուրկ տարածք:

Ընկերությունն ինչպես վարչական մարմնին, այնպես էլ դատարանին ներկայացրել է համապատասխան հիմնավորումներ, որոնց արդյունքում միանշանակ է, որ իր գործունեությամբ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր ազդեցության գնահատումը նորմերի սահմաններում է, իսկ պատասխանողի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել հակառակն ապացուցելու համար:

 

Ընկերությունը խնդրել է ներկայացված վճռաբեկ բողոքները մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության կողմից 20.04.2018 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին է ներկայացվել Ջրվեժի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ` սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք ստանալու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 26),

2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 01.06.2018 թվականին Ընկերությանը տրվել է նախատեսվող գործունեության թիվ ՏԱ36 տեխնիկական առաջադրանքը (հատոր 1-ին, գ.թ. 20-21),

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 04.04.2018 թվականի թիվ 17/7556ել, 22.05.2018 թվականի թիվ 17/32362լր, 18.06.2018 թվականի թիվ 17/13979ել գրությունների համաձայն` Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած Ջրվեժի բազալտի հանքավայրի աշխատանքային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկումներին մասնակցության արդյունքում Բնապահպանության վարչությունը տվել է իր դրական եզրակացությունը նախատեսվող գործունեությանը (հատոր 1-ին, գ.թ. 16, 19, 22),

4. Ընկերությունը 24.10.2018 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ուղղված դիմումով խնդրել է իրեն տրամադրել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք 22 տարի ժամկետով` կից ներկայացնելով սահմանված, թվով 17 փաստաթղթերը, այդ թվում` ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, տեղամասի շահագործման աշխատանքների բնապահպանական կառավարման պլանը, թափոնների կառավարման պլանը, հանրային լսումների արձանագրությունը և տեսաձայնագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 17),

5. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի 14.01.2019 թվականի թիվ Ֆ-7/19 գրության համաձայն` ՀՀ օգտակար հանածոների պետական հաշվեկշիռը վարվում է ըստ մետաղային, ոչ մետաղային և բնական շինարարական նյութերի: Ջրվեժի (Վարդաշենի) բազալտի հանքավայրի պաշարները հաշվառվում են բնական շինարարական նյութերի հաշվեկշռում` որպես շինարարական քար: Հանքավայրի պաշարները հաստատվել են 1966 թվականին 5879,7 հազ. մ3 քանակով: Հանքավայրը շահագործվում է 1969 թվականից: Արդյունահանման աշխատանքները դադարեցված են 11.07.2017 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 90),

6. Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությամբ արձանագրվել է հետևյալը. «(...)Ջրվեժի բազալտների հանքավայրը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արևելյան ծայրամասի արդյունաբերական գոտում, բնակելի կառուցապատված տարածքից մոտ 280մ հեռավորության վրա, իսկ Ջրվեժ գյուղի ծայրամասային բնակելի տնից 700մ հեռավորության վրա (...): Հանքավայրի տարածքը հանդիսանում է տնտեսապես յուրացված շրջան, կատարվել են տարբեր ընդերքօգտագործման աշխատանքներ, առկա են ենթակառուցվածքներ (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր և այլն): «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախագծված բացահանքը ներկայումս անօգտագործելի, մասնակիորեն խախտված, ոչ խորը ձորերով կտրտված բլրային տարածք է, որի լանջերը մասամբ լցված են բազալտի քարերով: Այն բնութագրվում է քարքարոտ, ծառաթփուտային բուսականությունից զուրկ տարածքով, զբաղեցնում է 1,41 հա մակերեսով տարածք(...):

ՀՀ օրենսդրության սահմանված կարգով Երևան քաղաքում Ջրվեժի բազալտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացներում իրականացվել են հանրային քննարկումներ (չորս քննարկում): Փորձաքննական գործընթացին ներգրավվել են Քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունները և Բնապահպանության նախարարության ստորաբաժանումները, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է: Նախատեսվող գործունեության վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն արտահայտել է իր բացասական դիրքորոշումը, համաձայն որի` Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Երևանի գլխավոր հատակագծի հաստատման մասին թիվ 2330-Ն որոշմամբ Ջրվեժի բազալտների հանքավայրի համար նախատեսված հողատարածքն ընդգրկված է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում, ինչպես նաև չի ապահովվում սանիտարապաշտպանիչ գոտին (...):

Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Երևանի գլխավոր հատակագծի հաստատման մասին թիվ 2330-Ն որոշմամբ Ջրվեժի բազալտների հանքավայրի համար նախատեսված հողատարածքն ընդգրկված է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում, ինչպես նաև հնարավոր չէ ապահովել սանիտարապաշտպանիչ գոտին, ինչն աննպատակահարմար է դարձնում տարածքում օգտակար հանածոյի արդյունահանումը (...):

(...) Հաշվի առնելով վերը նշված փորձաքննական հիմնավորումը` «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժի բազալտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրվում է բացասական եզրակացություն:» (հատոր 1-ին, գ.թ. 10-12),

7. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 25.04.2019 թվականի թիվ 1/32/10911-19 գրության համաձայն` Քաղաքաշինության նախարարության 01.10.2001 թվականի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի» (պետական գրանցում թիվ 11701172 առ 2001-11-12) ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերի» «Շինարարական արդյունաբերություն» բաժնի V դասի 1-ին կետի համաձայն` բազալտների հանքավայրի (առանց պայթեցման աշխատանքների) սանիտարապաշտպանիչ գոտին սահմանվում է 50 մետր (հատոր 1-ին, գ.թ. 91),

8. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 06.05.2019 թվականի թիվ 01/29.2ԱԱ/2853-19 գրությամբ մերժվել է Ընկերության` Ջրվեժի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու վերաբերյալ դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 9),

i

9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Պ. Ամպարջյանի 08.01.2020 թվականի թիվ 1806/2-123523 գրության համաձայն` Ընկերությանն արդյունահանման իրավունքով տրամադրման համար նախատեսված Ջրվեժ բազալտների հանքավայրի 1,41 հա մակերեսով տարածքը Կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով անտառների գոտում է: Հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին և, համաձայն Կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի (կետ 7) սահմանափակումների ցանկում (սեփականության իրավունքով փոխանցման ենթակա չէ): Միաժամանակ, համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի` «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով»: Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները հնարավոր կլինի փոփոխել շահագրգիռ անձանց կողմից սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան համապատասխան հայտ ներկայացվելու պարագայում (հատոր 3-րդ, գ.թ. 51):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունը պարտադիր է ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու համար և արդյո՞ք այդ եզրակացության բացակայության պարագայում կարող է բավարարվել հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելուն վարչական մարմնին պարտավորեցնելու հայցապահանջը:

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման, ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` նախագիծ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`

1) բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.(...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն.

«1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

3) տեխնիկական անվտանգության:

(...) 4. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից և ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը և որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո:

5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, և փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում:

6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով և ժամկետում, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն.

(...) 3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը` կից փաստաթղթերով (այդ թվում` ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով), ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

4. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո` մինչև 100-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացություն մինչև 100-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

6. Եթե դիմումատուի ներկայացրած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմված է թերի, ապա շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին` նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը մինչև 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն (...):»:

Նույն հոդվածի 14-րդ մասի համաձայն` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը և լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:

i

«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների (այսուհետ` գնահատում), այդ թվում` անդրսահմանային, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ոլորտի հասարակական հարաբերությունները:

i

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

(...) 6) հիմնադրութային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծ. (...)

(...) 11) փորձաքննություն` հիմնադրութային փաստաթղթի, նախատեսվող գործունեության հայտի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց (այսուհետ` փորձաքննություն). (...)»:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փորձաքննության նպատակն է հայտի կամ գնահատման հավաստիության ստուգումը, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության որոշումը:

i

Նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն.

«1. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են մինչև հիմնադրութային փաստաթղթի ընդունումը և (կամ) նախատեսվող գործունեության իրականացումը: Փորձաքննության իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են` հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը և դրանցով պայմանավորված` հնարավոր գումարային, ամբողջական ազդեցության աստիճանը:

3. Փորձաքննությունն իրականացվում է երկու փուլով`

1) նախնական փուլ, որի ընթացքում ուսումնասիրվում է նախնական գնահատման հայտը.

2) հիմնական փուլ, որի ընթացքում փորձաքննվում է հիմնական գնահատման հաշվետվությունը:»:

i

Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն.

«1. Փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզրափակիչ հետևյալ մասերից.

1) ներածական` համառոտ տեղեկատվություն ձեռնարկողի, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության մասին.

2) նկարագրական` շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը` ըստ ներկայացված հիմնադրութային կամ նախագծային փաստաթղթի.

3) պատճառաբանական` հիմնադրութային փաստաթղթի դրույթների կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները.

4) եզրափակիչ` եզրակացություն փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ (...):

4. Փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած եզրակացությունները կամ կարծիքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմինը (...):

6. Առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը (...):

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 23.08.2017 թվականի թիվ 104-Ն հրամանով պաշտոնապես պարզաբանվել է, որ.

«1) Սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած նախագծերի փորձաքննական դրական և բացասական եզրակացությունները չեն կարող նույնանման հետևանքներ ունենալ:

2) Փորձաքննական բացասական եզրակացության դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և մերժման հիմք է օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ և 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերի հիմքով»:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ընդերքօգտագործման երկու ձևեր` երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը, կախված ձևից, իրականացվում է մի շարք փուլերից բաղկացած ընթացակարգով: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի հայցման համար իրավաբանական անձինք և քաղաքացիները լիազոր մարմնին են ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինն օրենքով սահմանված ժամկետում նշված հայտը ներկայացնում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, որն էլ սահմանված ժամկետում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք: Հարկ է հավելել, որ ընթացակարգը տարբերվում է` կախված մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման հանգամանքից:

Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով դիմում է լիազոր մարմնին: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ ներառված է նաև օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը: Դիմումի գրանցումից հետո իրականացվում են հետևյալ փորձաքննությունները` տեխնիկական անվտանգության, որի կատարման կարգը սահմանված է Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, և շրջակա միջավայրի վրա ազդեցության, որի կատարման կարգը սահմանված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի փորձաքննական եզրակացությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:

Օրենսդիրը սահմանել է լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումների մերժման հիմքերը, որոնցից է նաև սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի փորձաքննական բացասական եզրակացության առկայությունը: Ավելին, վերոգրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ բացառապես դրական փորձաքննական եզրակացության հիման վրա է որոշում ընդունվում իրավունքի տրամադրման վերաբերյալ: Այսինքն, փորձաքննական եզրակացության դրական լինելու դեպքում է միայն կատարվում օրենքով նախատեսված իրավահարաբերության կարգավորման հաջորդ քայլը, որն ուղղված է կոնկրետ իրավունքը տրամադրելուն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննական եզրակացության բացասական լինելու դեպքում «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է հստակ արգելք` առանց փորձաքննական դրական եզրակացության հիմնադրութային փաստաթղթերի ընդունման կամ նախատեսվող գործունեության իրականացման համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությանը, նշել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊ ընկերությունն ընդդեմ «Վագ քար» ՍՊ ընկերության և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013թ. որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007թ. որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ առանձնահատկությունները նույնական են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ պատասխանները պետք է ստացվեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի` փորձագետի կողմից, և գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող կայացվել միևնույն հարցերի վերաբերյալ դատարանի կողմից իր սեփական դատողությունների արդյունքում ձևավորված կարծիքի հիման վրա:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործով վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` իրեն տրամադրել Ջրվեժի բազալտների հանքավայրի 1,41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք:

Դատարանն Ընկերության հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությունը հիմնավորված, օրինական և օբյեկտիվ չէ, ուստի այն չէր կարող իրավաչափ հիմք հանդիսանալ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 06.05.2019 թվականի թիվ 01/29.2ԱԱ/2853-19 գրությամբ Ընկերության հայցած իրավունքի մերժման համար: Դատարանը, ուսումնասիրելով Ընկերության կողմից 24.10.2018 թվականին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ուղղված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում` ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, տեղամասի շահագործման աշխատանքների բնապահպանական կառավարման պլանը, թափոնների կառավարման պլանը, հանրային լսումների արձանագրությունը և այլն, ու դրանք համադրելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կանոնների հետ, գտել է, որ Ընկերության հայցած պահանջն իրավաչափ է:

Վերաքննիչ դատարանը, մերժելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները, արձանագրել է, որ Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացության հիմնավորված, օրինական և օբյեկտիվ լինելը պետք է քննարկման առարկա դարձվեր վարչական մարմնի կողմից վարչական վարույթի շրջանակներում` վարչական վարույթի մասնակիցների դիրքորոշումների և վարչական վարույթի այլ նյութերի հաշվառմամբ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսպես, Վերաքննիչ դատարանը, վերլուծելով Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությունը, թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք կարող է տրամադրվել միայն լիազոր մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ դրական փորձաքննության առկայության դեպքում, մինչդեռ տվյալ պարագայում լիազոր մարմնի կողմից տրվել է բացասական եզրակացություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա հանդիսացող` Ջրվեժի բազալտների հանքավայրի 1.41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելու օրենսդրական պահանջն է հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, մինչդեռ ստորադաս դատարանները սույն գործով անտեսել և էական չեն համարել այդ հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, մանրամասնորեն վերլուծելով բացասական փորձաքննական եզրակացությունը, արձանագրել է, որ այն անհիմն է, մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգի համաձայն` հայտի նախնական գնահատման փուլը, ինչպես նաև հաշվետվության հիմնական գնահատման փուլն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի կողմից (հիմնական փուլում նաև գործընթացի մասնակիցների ներգրավմամբ):

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որի համաձայն` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան պետական փորձաքննության է ենթարկվում նախագիծը, որը նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի իմաստով համարվում է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ, մինչդեռ տվյալ պարագայում փորձաքննությանն է ենթարկվել հայցվորի կողմից ներկայացված Ջրվեժի բազալտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը:

Այսպես, 21.06.2014 թվականին ընդունված ««Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 31.07.2014 թվականին) 15-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները» վերտառությամբ 52-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 21.06.2014 թվականին (ուժի մեջ է մտել 09.08.2014 թվականին): Նշված օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանն է ներկայացվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, որին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանված են վերոնշյալ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից հիշատակված նախագիծը թե՛ բովանդակությամբ, թե՛ ներկայացվող պահանջներով հանդիսանում է այլ փաստաթուղթ:

Վճռաբեկ դատարանը թեև հիմնավոր է համարում նաև ստորադաս դատարանների կողմից Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացության առնչությամբ կատարված վերլուծությունները: Այնուամենայնիվ սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ կողմերի միջև առկա է տարաձայնություն վերոնշյալ փորձաքննական եզրակացության հիմնավորվածության և հավաստիության առնչությամբ: Նման պայմաններում, հաշվի առնելով դատարանի` պարտավորեցման հայցի էությունից բխող հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը պարզելու պարտականությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մանրամասն վերլուծության ենթարկելով փորձագետի կողմից տրված բացասական եզրակացությունը և այն համարելով ոչ իրավաչափ, հայցը բավարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն պարտավորեցնելով հայցվորին տրամադրել Ջրվեժի բազալտների հանքավայրի 1,41 հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք: Մինչդեռ` օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելու օրենսդրական պահանջն է հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացության առկայությունը: Հետևաբար նման տարաձայնությունը վերացնելու համար անհրաժեշտ է գործի քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հարցը որոշելիս խախտել են դատական ակտի կայացման պահին գործող տվյալ իրավահարաբերությունները կարգավորող օրենքների պահանջները, դատական ակտը կայացրել են գործի փաստերի ու ապացույցների ոչ ճիշտ գնահատման, պատշաճ ապացույցների բացակայության պայմաններում, որոնք հանգեցրել են սխալ համոզմունք ձևավորելուն և դատավարական ու նյութական նորմերի էական խախտումներով ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2022
N ՎԴ/5267/05/19
Որոշում