Սեղմել Esc փակելու համար:
Ի՞ՆՉ ՀԱՅՑԱՏԵՍԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Է ՔՆՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ի՞ՆՉ ՀԱՅՑԱՏԵՍԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/10875/05/18

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10875/05/18

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Շուշանիկ Վարդանյանի, Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)` թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության և գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից 26.07.2018 թվականին ստորագրված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ 21.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացրած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանը պահանջել են անվավեր ճանաչել Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության և գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից 26.07.2018 թվականին ստորագրված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ 21.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2018 թվականի որոշումներով Շուշանիկ Վարդանյանի, Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` Կադաստր), Բանկը և Հեղինե Գրիգորյանը ներգրավվել են սույն գործով որպես երրորդ անձինք:

Դատարանի 05.11.2018 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Ծառայությունից պահանջվել է որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Դատարան ներկայացնել Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթների նյութերը և Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հայցվորներին իրազեկելու վերաբերյալ ապացույցը:

Արարատ Խառատյանի և Թորոս Վարդանյանի կողմից 15.02.2019 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

Դատարանի 22.02.2019 թվականի որոշմամբ Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 22.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Բագրատ Ճզմաչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Գոռ Սարգսյան), Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանը (ներկայացուցիչ` Կարինե Դանիելյանը):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանն ի սկզբանե չպետք է հայցադիմումն ընդուներ վարույթ, քանի որ հայցվորները բաց էին թողել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ Բանկի ներկայացուցչի կողմից կատարված գրավոր միջնորդությունը ներկայացնելուց հետո Դատարանը չպետք է բավարարեր հայցվորների ներկայացուցչի` օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ բերված միջնորդությունը և պետք է գործի վարույթը կարճեր: Հայցվորների ներկայացուցչի հարցումների հիման վրա հարկադիր կատարողի որոշումների պատճենները 13.09.2018 թվականին ստանալը դեռևս հիմք չէր կարող հանդիսանալ, որպեսզի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարվի «սուբյեկտիվ գործոնի» տեսակետից: Ավելին` քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորը չէր կարող չստանալ հարկադիր կատարողի որոշումը: Բացի այդ, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը տեղադրվել է www.azdarar.am պաշտոնական կայքում, ինչպես նաև այն ուղարկվել է Թորոս Վարդանյանի բնակության վայրի համայնքի ղեկավարին: Ուստի պարտապանները չեն ձեռնարկել իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ` պահանջը հիմնավորող ապացույցներ դատարան ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Շուշանիկ, Թորոս Վարդանյանների և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ծառայության կողմից Թորոս Վարդանյանին ուղարկված որոշումները և ծանուցագրերն առաքվել են քրեակատարողական հիմնարկի հասցեով և վերջինիս կողմից չեն ստացվել: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող անձը չէր կարող ունենալ և օգտագործել ինտերնետային հասանելիություն ապահովող սարքավորումներ, հետևաբար Թորոս Վարդանյանը ծանոթ չէր և օբյեկտիվորեն չէր կարող ծանոթ լինել նշված որոշումներին:

 

2.2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Թորոս Վարդանյանը Ծառայության 20.03.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ստացել է 03.04.2018 թվականին և օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկել այն, իսկ Արարատ Խառատյանին այն նույնպես ուղարկվել է օրենքով սահմանված կարգով կատարողական թերթում նշված հասցեով, որը վերադարձվել է «տեղափոխված է» նշագրումով: Այնուհետև այն տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Բացի այդ, Արարատ Խառատյանը դեռևս 2016 թվականից տեղեկացված է, որ Ծառայությունում հանդիսանում է պարտապան, ինչի մասին են վկայում վերջինիս կողմից տրված հայտարարությունները: Այսպիսով` համահայցվորներն ակնհայտորեն բաց են թողել հայց ներկայացնելու դատավարական ժամկետը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ի՞նչ հայցատեսակի շրջանակներում է քննության ենթակա հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցը ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

 

3.1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

i

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ըստ այդմ, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

 

3.2. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հանրային իրավահարաբերություններին բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ, հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով հանրային իրավահարաբերություններից բխող բոլոր վեճերի ընդդատությունը վերապահել է վարչական դատարանին` միաժամանակ սահմանելով նշված կանոնից բացառությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հավելում է, որ վարչական դատարանին ընդդատյա` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային և հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ որքան էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներն ունենան ընդգրկուն բնույթ, այդուհանդերձ, բնության մեջ կարող են ծագել հանրային իրավահարաբերություններից բխող այնպիսի վեճեր, որոնք առերևույթ կարող են չհամապատասխանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի տեսակներին ներկայացվող պահանջներին: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նման իրավիճակների առաջացումը պայմանավորված է այնպիսի գործոնով, ինչպիսին է հասարակական հարաբերությունների դինամիկ բնույթը, այլ կերպ ասած` հասարակական հարաբերություների անընդմեջ զարգացումը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալն օրենսդրին հնարավորություն չի տալիս ի սկզբանե կանխատեսել բոլոր հնարավոր իրավիճակները, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել տարաբնույթ իրավական փակուղիներ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ձևավորվի հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` ուղղված լինելով ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, այլև իրավունքի գերակայության համընթացության ապահովմանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը ևս պետք է քննվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահպանմամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը` ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը:

 

3.3. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ որպես հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճի օրինակ կարող է լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու նյութաիրավական պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի առարկայական ընդդատության հարցին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` որպես պետական իշխանություն իրականացնող մարմին, կոչված է ապահովելու դատական ակտերի հարկադիր կատարումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին, մասնավորապես` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, իրականացվում է նաև գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու միջոցով, այն է` սակարկություններով վաճառելու և այն հետագայում իրացնելու միջոցով: Ընդ որում, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածների հիմքով անցկացվող սակարկությունների, որտեղ որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, ով գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացվելու դեպքում սակարկությունները կազմակերպվում և անց են կացվում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթին համապատասխան:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին է:

i

Տվյալ հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` դատական ակտի կատարման ապահովմանը (տե՛ս, Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ և Ալիսա Մանուկյանները, Անահիտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԿԴ3/0174/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

 

3.4. Այսպիսով, վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է վարչական դատարանին: Նման պայմաններում հարց է առաջանում, թե ի՞նչ կանոններով է ենթակա հարուցման և քննության հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելուն ուղղված հայցապահանջը:

Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի քննության առանձնահատկություններին` վարչադատավարական օրենսգրքով նախատեսված յուրաքանչյուր հայցատեսակի շրջանակներում:

 

i

3.4.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է` հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե` ոչ (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

i

- վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը` բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4610/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես` վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու և արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին և զարգացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

i

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

 

3.4.2. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջնահերթ պետք է պարզել, թե արդյո՞ք հարկադիր էլեկտրոնային աճուրդը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ է, թե` ոչ:

i

Այսպես` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների (...):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

(...) հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին. (...)

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (...) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (...) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր: Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` նույն օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: Վկայակոչված օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվում է հարկադիր կատարողի կողմից կազմակերպված կատարողական գործողությունների շրջանակում: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի առնելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ, որոնք հարկադիր աճուրդի` կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակներ են:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար հիմք է հանդիսանում հարկադիր կատարողի համապատասխան որոշումը գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, որպիսի որոշումից հետո «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Ընդ որում, այն պետք է իրականացվի նշված օրենքով սահմանված կարգին համապատասխան, հակառակ պարագայում այդ աճուրդը կարող է ճանաչվել անվավեր: Հատկանշական է, որ աճուրդի ավարտի կապակցությամբ օրենսդրի կողմից չի նախատեսվել իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող վարչական ակտի կայացում, այլ օրենքով սահմանված է աճուրդում հաղթած անձի կողմից որոշակի գործողությունների կատարում, որին հաջորդում է առուվաճառքի պայմանագրի կնքումը:

Փաստորեն, հարկադիր էլեկտրոնային աճուրդը սկսվում է համապատասխան որոշման կայացմամբ, ավարտվում է աճուրդում հաղթած անձի` համակարգի կողմից որոշմամբ և աճուրդի արդյունքներն ամփոփող փաստաթղթի` արձանագրության կազմմամբ, որին հաջորդում է առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Ստացվում է, որ հարկադիր աճուրդի համար ելակետային տվյալ հանդիսանում է համակարգի կողմից հաղթող ճանաչված անձի ընտրվելը և արձանագրության կազմումը, որն իրավունք է վերապահում աճուրդում հաղթողին նշված արձանագրության հիման վրա ձեռք բերել պահանջի իրավունք` լոտի գինը վճարելու դեպքում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ծառայությունը նշված գործողությունները համակարգող վարչական մարմին է, որը հետևում է հարկադիր աճուրդի ընթացակարգային նորմերի իրականացմանը և որպես աճուրդի կազմակերպիչ` գնորդի և վաճառողի համար իրավունքներ և պարտականություններ առաջանալու փաստն ամրագրում համապատասխան արձանագրության մեջ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատական կարգով ճանաչել անվավեր: Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվում, հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները և արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին: Արդյունքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով` հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և իրենից ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համակցություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջը չի կարող հանդիսանալ վիճարկման հայցի առարկա, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն օժտված չէ վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշներով և իր բնույթով այն որոշակի հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է:

 

i

3.5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը, արձանագրել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն` պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: (...) Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է (...) (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը որևէ կերպ չի համապատասխանում պարտավորեցման հայցի էությանը, ուստի նշված պահանջի ըստ էության քննությունը և լուծումը պարտավորեցման հայցի շրջանակներում բացառվում է:

 

3.6. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված գործողության կատարման հայցի հասկացության վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ նշված հայցատեսակով հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել` (ա) կատարելու որոշակի գործողություններ կամ (բ) ձեռնպահ մնալու այնպիսի գործողությունների կատարումից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Փաստորեն, գործողության կատարման հայցով դատարան դիմած անձը կարող է վարչական մարմնից պահանջել դրսևորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված` ինչպես ակտիվ վարքագիծ` կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ` ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից (տե՛ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը, ևս մեկ անգամ վերահաստատելով գործողության կատարման հայցի էության կապակցությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում փաստել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանություն հայցող անձի հետապնդած նպատակը որևէ կերպ չի համատեղվում գործողության կատարման հայցի բովանդակության հետ:

 

i

3.7. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների ուժով նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր: Հարկ է նշել, որ այս դեպքում օրենսդիրը հատուկ օրենքով հստակ նշել է հայցի առարկան, այն է` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջը, որը որևէ կերպ չի կարող հավասարազոր լինել որևէ իրավահարաբերության առկայության կամ բացակայության փաստը ճանաչելու պահանջի հետ:

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցին, փաստում է, որ վիճարկման հայցի կապակցությամբ նշված դատողությունները հավասարապես կիրառելի են նաև այս դեպքում:

i

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցին, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը: Այսինքն` նշված հայցատեսակի առարկան այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, ինչպես նաև կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը, ի լրումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի, նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է ճանաչման հայցով դատարան դիմելու համար իրավական շահագրգռվածության հատուկ կանոն, որի համաձայն` հայցվորը պետք է արդարացիորեն շահագրգռված լինի համապատասխան վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ (տե՛ս, Գևորգ Հարությունյանը և Էլիդա Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/6572/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացրած հայցվորի` արդարացիորեն շահագրգռված լինելը հաստատող պայմանները, որոնք թվարկված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում, բացակայում են: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերը թվարկված` հայցվորի շահագրգռվածությունը պայմանավորող պայմաններն արդեն իսկ կանխորոշում են ոչ իրավաչափ ճանաչված այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավական հետևանքները, որոնք էականորեն տարբերվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելուն հաջորդող իրավական հետևանքից: Այսպես` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հետևանքը նույն օրենքով սահմանված կարգով նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպումն է: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` ճանաչման հայցով հարուցված գործի շրջանակներում անձի շահագրգռվածությամբ պայմանավորված իրավական հետևանքները էականորեն տարբերվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում օրենքով նախատեսված իրավական հետևանքից, որպիսի պատճառաբանությամբ անձը նշված հայցատեսակի շրջանակներում ևս չի կարող հասնել իր խախտված իրավունքների վերականգնմանը:

 

3.8. Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) մի կողմից` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործն ընդդատյա է վարչական դատարանին և պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան,

2) մյուս կողմից` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու նյութաիրավական պահանջն առերևույթ չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցի տեսակների առարկա:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը` որպես օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովող սահմանադրական մարմին, հարկ է համարում արձանագրել, որ օրենքով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի` անկախ վարչադատավարական օրենսդրությամբ աճուրդի իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա դարձնելու պատշաճ կառուցակարգի բացակայության հանգամանքից:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարական նորմերի մեխանիկական ընկալման և կիրառման հետևանք, ինչի արդյունքում խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը: Այսպես` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի քննության կապակցությամբ առկա իրավական բացը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն հանգամանքը, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների ուժով շահագրգիռ անձն իրավունք ունի կատարողական վարույթի շրջանակներում կազմակերպված և օրենքով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջ ներկայացնել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերությունն իր բնույթով հանրային է և ենթակա է վարչական դատավարության կարգով քննության, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի հայցատեսակ, որը լիարժեք կարտացոլի նշված նյութաիրավական պահանջի էությունը:

Նման պայմաններում, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական նորմերի անալոգիայի կիրառման արգելքի բացակայությունը, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, քանի որ այս դեպքում գործ ունենք համասեռ հարաբերությունների հետ: Մասնավորապես` հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն իր բնույթով և դատական պաշտպանություն հայցող անձի հետապնդած նպատակով առավելապես նման է վիճարկման հայցի առարկային և բովանդակությանը, քանի որ երկու դեպքում էլ առաջնային իրավական հետևանքն անվավերությունն է: Հաշվի առնելով այն, որ ներկա իրավակարգավորումներով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն ուղղակիորեն չի համապատասխանում վարչական դատավարությունում առկա հայցատեսակներին, ինչը չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին, այդ թվում նաև` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի վարչադատավարական կարգով քննության և լուծման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել համահունչ և հավասարակշռված դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայիս իրավակարգավորումների պայմաններում իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվեն վիճարկման հայցի կանոնները` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 20.03.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ Շուշանիկ Վարդանյանին պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ` հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (harkadir.achurd.am) միջոցով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբը` 18.05.2018 թվական (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 30-31):

23.07.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է գրավի առարկա հանդիսացող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տունը:

Ծառայության` որպես վաճառողի և Հեղինե Գրիգորյանի` որպես գնորդի միջև 26.07.2018 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում Շուշանիկ Վարդանյանի սեփականություն հանդիսացող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տունը: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում 4270 համարի ներքո (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 35-37):

30.10.2018 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Շուշանիկ Վարդանյանի, Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի` 25.10.2018 թվականին փոստի միջոցով ներկայացված հայցադիմումը, որով հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, 26.07.2018 թվականին Ծառայության և գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 21.09.2018 թվականին Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 3-11):

ՀՀ վարչական դատարանի 05.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 51-52):

Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանը 15.02.2019 թվականին միջնորդություն են ներկայացրել Դատարան բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից հարուցված թվով չորս կատարողական վարույթներից թիվ 00470674 կատարողական վարույթով պարտապան հանդիսացող Թորոս Վարդանյանը, և թիվ 00470720 կատարողական վարույթով պարտապան հանդիսացող Արարատ Խառատյանը չեն իրազեկվել 22.09.2016 թվականին կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» և նրան նախորդած մնացած բոլոր որոշումների հետ, որոնք կայացվել են 11.11.2016, 29.11.2017, 20.03.2018 թվականներին: Ավելին փաստաբանի 03.09.2018 թվականին հարցմանն ի պատասխան Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը 07.09.2018 թվականի գրությամբ նշում է, որ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը Թորոս Վարդանյանին հետադարձ ծանուցման միջոցով ծանուցվել է «Արթիկ» ՔԿՀ-ում, իսկ Արարատ Խառատյանին ուղարկված ծրարը հետ է վերադարձվել, քանի որ փոստային գրառման մեջ նշված է պարտապանը տեղափոխվել է: Վերջինիս ծանուցումը տեղադրվել է ՀՀ պաշտոնական www.azdarar.am հրապարակային ծանուցումների կայքում: 07.09.2018 թվականի գրությանը կից հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից տրամադրված հետադարձ ծանուցման փաստը հաստատող ծանուցագրի լուսապատճենից հստակ երևում է, որ ոչ ստացողի ստորագրությունն է համապատասխանում պարտապան Թորոս Վարդանյանի ստորագրությանը և ոչ էլ անուն ազգանունը, որից երևում է, որ Թորոս Վարդանյանը «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման և որևէ մեկի վերաբերյալ տեղեկացված չի եղել և տեղեկացել է միայն 13.09.2018 թվականին, երբ դիմում է ներկայացրել հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՇՄ ծառայության բաժին խնդրելով տրամադրել 23.07.2018 թվականին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կազմված արձանագրությունը և դրա հիման վրա կազմված առուվաճառքի պայմանագրի պատճենները, (...): Ինչ վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի այն պատասխանին, թե Արարատ Խառատյանին «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման ծանուցումների կայքում, դա չի կարող նշանակել, որ Արարատ Խառատյանը իրազեկվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման հետ» (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 107-109):

Դատարանի 22.02.2019 թվականի որոշմամբ Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Դատարանը, Թորոս Վարդանյանի մասով եզրահանգեց, որ վերջինս «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման ընդունման պահին գտնվելիս է եղել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, ուստի վերջինիս կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը մոտ մեկ ամիս բաց թողնելու հանգամանքը, դատարանը համարում է ողջամիտ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս օբյեկտիվորեն կարող էր հնարավորություն չունենալ հետևելու հարկադիր էլեկտրոնային աճուրդին: Անդրադառնալով Արարատ Խառատյանի կողմից հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքին, դատարանն արձանագրում է, որ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ուղարկվել է Արարատ Խառատյանին, սակայն ծրարը ետ է վերադարձվել և վերջինս փաստացի չի ծանուցվել որոշման մասին, բացի այդ, կատարողական վարույթի նյութերում առկա է հարկադիր կատարողի 18.09.2018 թվականի որոշումն այն մասին, որ պարտապան Արարատ Խառատյանը ներկայացել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՇՄ բաժին, որի հիմքով որոշել է դադարեցնել վերջինիս նկատմամբ հայտարարված հետախուզումը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ Արարատ Խառատյանի կողմից սույն հայցը ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց է թողնվել իրենից անկախ հանգամանքներով պայմանավորված» (հավելվածի հատոր 1-ին, գ. թ. 122-128):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Շուշանիկ Վարդանյանի, Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված հիմնական պահանջը` Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելն է, իսկ 26.07.2018 թվականին Ծառայության և գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 21.09.2018 թվականին Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հայցապահանջները հայցվորների կողմից ներկայացվել են որպես ածանցյալ պահանջներ:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Ծառայության կողմից թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 և թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն ընդդատյա է վարչական դատարանին, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից:

Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ վիճարկման հայցի կանոնների կիրառման պայմաններում հայց ներկայացնելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին.

i

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Ընդգծելով այն հանգամանքը, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորություն և այդ պահանջի նկատմամբ առավել նպատակահարմար դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում նշված պահանջով հայցադիմումը ներկայացնելու համար գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում ներկայացվելու դեպքում որ պահից պետք է հաշվարկվի հայց հարուցելու երկամսյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացման պայմաններում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրենից ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համակցություն, որի ավարտի կապակցությամբ օրենսդրի կողմից չի նախատեսվել իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող վարչական ակտի կայացում: Նման պայմաններում հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը եզրափակվում է միայն արդյունքներն ամփոփող փաստաթղթի` արձանագրության կազմմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում ներկայացվելու դեպքում, երկամսյա ժամկետը հոսում է արձանագրության կազմման պահից: Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վարչական մարմինն օրենքով նախատեսված կարգով չի կրում աճուրդն ավարտվելու վերաբերյալ պարտապանին իրազեկելու պարտականությունը, գտնում է, որ սույն դեպքում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հայցվոր կողմի իրազեկվելու հանգամանքը կարող է ելակետային նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բացթողումը հարգելի համարելու հարցի քննարկման համար:

Այսպես. հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետում ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատավարական ժամկետում ներկայացված, ուստի այդ պարագայում դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Մինչդեռ, եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը դատարան է ներկայացվում արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա այդ դեպքում հայցվորը պետք է ներկայացնի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Ընդ որում, եթե միջնորդության հիմքում հայցվորը դնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին իր իրազեկված լինելու կոնկրետ օրվա մասին փաստարկ` այդ փաստարկը հիմնավորող թույլատրելի ապացույցով հանդերձ և դատարանը պարզում է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել այդ օրվանից հաշվված երկամսյա ժամկետում, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ex jure)` ապահովելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքն արդյունավետ իրացումը:

Ինչպես վերը նշվեց` վիճարկվող հարկադիր էլեկտրոնային աճուրդը տեղի է ունեցել 23.07.2018 թվականին և նույն օրը կազմվել է «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» թիվ q00470697-18/01 արձանագրությունը (թիվ 00470697 կատարողական վարույթ): Նշված աճուրդն անվավեր ճանաչելու և դրանից ածանցվող մյուս պահանջների մասին հայցադիմումը փոստային առաքմանն է հանձնվել 25.10.2018 թվականին, այսինքն` արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետը լրանալուց հետո:

Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ծանուցագրի վրա առկա ստորագրության հեղինակը Թորոս Վարդանյանը չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակը հավաստող այլ ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` 20.03.2018 թվականին ընդունված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման վերաբերյալ ծանուցված չլինելու մասին, պետք է համարել հավաստի: Ավելին` սույն գործում բացակայում է որևէ այլ ապացույց առ այն, որ ծանուցագիրը հանձնվել է հայցվոր Թորոս Վարդանյանին:

Անդրադառնալով Արարատ Խառատյանի կողմից հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքին` Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում ստորադաս դատարանների պատճառաբանություններն առ այն, որ վերջինս աճուրդի անցկացման մասին փաստացի չի ծանուցվել: Ավելին` կատարողական վարույթի նյութերում առկա է հարկադիր կատարողի 18.09.2018 թվականի որոշումն այն մասին, որ պարտապան Արարատ Խառատյանը ներկայացել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՇՄ բաժին, որի հիմքով որոշվել է դադարեցնել վերջինիս նկատմամբ հայտարարված հետախուզումը, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արարատ Խառատյանը փաստացի չի ծանուցվել աճուրդի անցկացման մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ոչ միայն չի հիմնավորվել 23.07.2018 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի իրազեկված լինելու փաստը, այլ նաև 20.03.2018 թվականին ընդունված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից ստացված լինելու փաստը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետք է հիմք ընդունվեր սույն գործով վիճարկվող` 23.07.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին իրազեկված լինելու օրվա վերաբերյալ Թորոս Վարդանյանի և Արարատ Խառատյանի կողմից Դատարանին հայտնված այն տվյալը, ըստ որի` Թորոս Վարդանյանն իրազեկվել է միայն 13.09.2018 թվականին, երբ դիմում է ներկայացրել հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՇՄ ծառայության բաժին խնդրելով տրամադրել 23.07.2018 թվականին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կազմված արձանագրությունը և դրա հիման վրա կազմված առուվաճառքի պայմանագրի պատճեները, իսկ Արարատ Խառատյանն առհասարակ իրազեկված չի եղել, որպիսի պարագայում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ենթակա էր վերականգնման, որպիսի իրավաչափ եզրահանգման հանգել են ստորադաս դատարանները:

Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Շուշանիկ, Թորոս Վարդանյանների և Արարատ Խառատյանի կողմից ներկայացված պատասխանում բերված փաստարկները հաստատվում, իսկ Ծառայության կողմից ներկայացված պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, սույն բողոքի քննությամբ չհաստատվեց Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում թույլ տալու փաստը, քանի որ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդության բավարարումը համապատասխանում է սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է ոչ բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 7 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.10.2022
N ՎԴ/10875/05/18
Որոշում