Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական           Քաղաքացիական գործ

    և  վարչական պալատի որոշում                 թիվ ԵԴ/33985/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33985/02/19       2023 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը` ըստ Ընկերության դիմումի` Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան, դատավորներ` Տ. Նազարյան, Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

ՀՀ վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 05.05.2021 թվականի որոշմամբ առաջին վերանայման բողոքը վարույթ չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կիրառելի չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի առաջին որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 14.05.2020 թվականին, հետևաբար` 14.05.2020 թվականի դրությամբ բողոք բերող անձի իրավունքը դիմելու նույն հարցով ՀՀ սահմանադրական դատարանին դեռևս ծագած չի եղել:

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումը, ըստ որի` ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել Վճռաբեկ դատարանի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել այն և կայացնել նոր դատական ակտ` Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

 

2.1 Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները.

Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումից հետևում է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե Հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր: Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող կարգավորումներ: Մասնավորապես` սահմանված չեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման հիմքերը, որոշումն ըստ էության քննելու հիմքով չեղյալ ճանաչելու հիմքերը, ինչպես նաև քննության ծավալն ու շրջանակները և այլն:

i

Վերոգրյալի հիման վրա գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ սահմանված իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության պայմաններում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը: Այլ խոսքով` օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել դատական մեկնաբանությամբ, այլ միայն օրինաստեղծ գործունեությամբ:

Խնդրել է բողոքը մերժել:

 

3. Դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1. Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունն ըստ էության վիճարկել է Հաշտարարի որոշումը` խնդրելով չեղյալ ճանաչել այն` Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ նրա հետ համաձայնագիր կնքած չլինելու և այդպիսի համաձայնագրի բացակայության պայմաններում Հաշտարարի որոշումը դատական կարգով վիճարկելու հիմքերի սահմանափակումը ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ որպես ոչ իրավաչափ գնահատված լինելու փաստերի, և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և 17-րդ հոդվածի վկայակոչմամբ (հատոր 1-ին, գ.թ. 3-9),

2. Դատարանը 08.01.2020 թվականի որոշմամբ իրավաչափ չի համարել Հաշտարարի որոշման` ըստ էության վիճարկումն ու քննությունը և եզրահանգել, որ դիմողի կողմից ներկայացված փաստարկներով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ ընթացակարգային կանոնների խախտում թույլ տված լինելու հանգամանքը հիմնավորված չլինելու պայմաններում դիմողի պահանջը` հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին, ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ.թ. 137-140),

3. Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ պարտադիր կանոնը չի կարող համարվել ընթացակարգային, իսկ վիճարկված որոշումն էլ չէր կարող համարվել չպատճառաբանված` առանց գործի ըստ էության քննություն իրականացնելու: Տվյալ դեպքում, Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը և մեկնաբանմանը, հետևաբար բացակայում է Հաշտարարի` 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք (հատոր 2-րդ, գ.թ. 65-68),

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 93-98),

5. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձն այն ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14.05.2020 թվականին: Այսինքն` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները (հատոր 2-րդ, գ.թ. 141-145),

i

6. ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 121-135):

7. ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը (վճռաբեկ բողոքին կից փաստաթղթեր),

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը: Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են Հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը և մեկնաբանմանը, հետևաբար բացակայում է Հաշտարարի` 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք:

Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Սույն գործով Ընկերությունը դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վճռաբեկ բողոք է ներկայացրել` պահանջելով թիվ ԵԴ/33985/02/19 քաղաքացիական գործով 18.11.2020 թվականին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ` Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանում դիմում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

i

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 և 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումները նոր հանգամանք են և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումների վերանայման հիմք:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Ընկերության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովել միայն գործի` նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/33985/02/19 քաղաքացիական գործով 16.01.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

16.01.2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի հունվարի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բողոքը` ըստ Ընկերության դիմումի` Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան, դատավորներ` Տ. Նազարյան, Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտի վերանայման բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

ՀՀ վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 05.05.2021 թվականի որոշմամբ առաջին վերանայման բողոքը վարույթ չի ընդունվել այն հիմնավորմամբ, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կիրառելի չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի առաջին որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 14.05.2020 թվականին, հետևաբար` 14.05.2020 թվականի դրությամբ բողոք բերող անձի իրավունքը դիմելու նույն հարցով ՀՀ սահմանադրական դատարանին դեռևս ծագած չի եղել:

i

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումը, ըստ որի` ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել Վճռաբեկ դատարանի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել այն և կայացնել նոր դատական ակտ` Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտի վերանայման բողոքի պատասխանի հիմք և հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումից հետևում է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե Հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր: Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող կարգավորումներ: Մասնավորապես` սահմանված չեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման հիմքերը, որոշումն ըստ էության քննելու հիմքով չեղյալ ճանաչելու հիմքերը, ինչպես նաև քննության ծավալն ու շրջանակները և այլն:

i

Վերոգրյալի հիման վրա գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ սահմանված իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության պայմաններում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը: Այլ խոսքով` օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել դատական մեկնաբանությամբ, այլ միայն օրինաստեղծ գործունեությամբ:

Խնդրել է բողոքը մերժել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1. Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունն ըստ էության վիճարկել է Հաշտարարի որոշումը` խնդրելով չեղյալ ճանաչել այն` Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ նրա հետ համաձայնագիր կնքած չլինելու և այդպիսի համաձայնագրի բացակայության պայմաններում Հաշտարարի որոշումը դատական կարգով վիճարկելու հիմքերի սահմանափակումը ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ որպես ոչ իրավաչափ գնահատված լինելու փաստերի, և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և 17-րդ հոդվածի վկայակոչմամբ (հատոր 1-ին, գ.թ. 3-9),

2. Դատարանը 08.01.2020 թվականի որոշմամբ իրավաչափ չի համարել Հաշտարարի որոշման` ըստ էության վիճարկումն ու քննությունը և եզրահանգել, որ դիմողի կողմից ներկայացված փաստարկներով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ ընթացակարգային կանոնների խախտում թույլ տված լինելու հանգամանքը հիմնավորված չլինելու պայմաններում դիմողի պահանջը` հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին, ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ.թ. 137-140),

3. Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ պարտադիր կանոնը չի կարող համարվել ընթացակարգային, իսկ վիճարկված որոշումն էլ չէր կարող համարվել չպատճառաբանված` առանց գործի ըստ էության քննություն իրականացնելու: Տվյալ դեպքում, Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը և մեկնաբանմանը, հետևաբար բացակայում է Հաշտարարի` 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք (հատոր 2-րդ, գ.թ. 65-68),

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 93-98),

i

5. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձն այն ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14.05.2020 թվականին: Այսինքն` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները (հատոր 2-րդ, գ.թ. 141-145),

i

6. ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 121-135):

i

7. ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը (վճռաբեկ բողոքին կից փաստաթղթեր)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը: Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են Հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը և մեկնաբանմանը, հետևաբար բացակայում է Հաշտարարի` 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք:

Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Սույն գործով Ընկերությունը դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վճռաբեկ բողոք է ներկայացրել` պահանջելով թիվ ԵԴ/33985/02/19 քաղաքացիական գործով 18.11.2020 թվականին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ` Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանում դիմում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

i

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 և 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումները նոր հանգամանք են և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումների վերանայման հիմք:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» և 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Ընկերության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովել միայն գործի` նոր քննության արդյունքում»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:

Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ` գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, պարզելու, թե ո՞րն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Այսինքն, եթե այդ դատարանը առաջին ատյանի դատարանն է, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ դատարանը վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանն է, ապա` Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:

Սույն գործի փաստերի համաձայն` Վճռաբեկ դատարանը 20.07.2022 թվականին որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով բերված` դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածում նշված հիմքերից որևէ մեկով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ավելին` Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ Ընկերության բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, քանի որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, ու բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք` նաև որոշում է կայացրել դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:

i

Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն` դատական ակտը ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշման հիմքով վերանայելու բողոքի շրջանակներում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի մեկ այլ` 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուն և Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:

i

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշման հիմքով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերանայել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի մեկ այլ` 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ու բեկանել է Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը:

i

Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի դրույթները Սահմանադրական դատարանը 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր:

i

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի մեկ այլ` 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուն ու Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ և Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն արդեն ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով կարող էր վերանայվել, իսկ դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում այն բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2021 թվականի ««Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Ընկերության կողմից առաջին անգամ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով բերված դատական ակտի վերանայման բողոքը և Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայել է, իսկ Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանել է առանց վերը նշված բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումներ կայացնելու` բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վերջին անգամ ներկայացված բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 16 հունվարի 2023 թվական:

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.01.2023
N ԵԴ/33985/02/19
Որոշում