Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՆԵՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ, ՈՒՄ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՑԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6972/05/16

                                                2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6972/05/16

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի նոյեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարուժան Վարդանյանի ընդդեմ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթի իրականացման վարչության` 08.08.2016 թվականի թիվ 170 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարուժան Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթի իրականացման վարչության 08.08.2016 թվականի թիվ 170 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2020 թվականի որոշմամբ Վարուժան Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.11.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ, 215-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածը, ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.05.2016 թվականին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև 25.05.2016 թվականը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առանց հայտարարագրման մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար գործել է հանրային-իրավական պատասխանատվության երկու տարբերակ` քրեական կամ վարչական: Նշվածն ուղղակի բխում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի` մինչև 25.05.2016 թվականը գործող խմբագրության և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի բովանդակության վերլուծությունից` հաշվի առնելով նաև վերջին նորմում տեղ գտած «հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում» արտահայտությանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի` մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությունը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը սերտորեն փոխկապակցված են եղել միմյանց հետ, և դրանց կիրառումը կախված է եղել խախտման չափերից: Դրա մասին է վկայում իրավախախտման երկու կազմերի մեկ ամբողջական լինելու հանգամանքը, թեև դրանք սահմանված են եղել երկու տարբեր իրավական ակտերում: ՈՒստի օրենսդրի կողմից քրեական պատասխանատվության վերացումը ենթադրում է ոչ թե պատժի ամբողջական վերացում, այլ դրա փոխարինում վարչականով: Նշվածի արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելով, ոչ թե հրաժարվել է նման արարքը հանրային վտանգավոր որակելուց և, ըստ այդմ, ընդհանրապես վերացրել է դրա համար հանրային-իրավական պատասխանատվությունը, այլ ընդամենը մեղմացրել է արարքի իրավական գնահատականը և պատժի տեսակը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 28.11.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 07.04.2014 թվականին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58204314 քրեական գործը: Վարուժան Տիգրանի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` այն արարքի համար, որ նա 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, տեղեկանալով Կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանի միջոցով, նշված մաքսակետով արտերկրից Հայաստան ներմուծվող ապրանքներն առանց մաքսային հսկողության տեղափոխելու հնարավորության մասին, վերջինիս և այլ անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ 2014 թվականի հունվարի 12-ին, 19-ին և 22-ին 5 դեպքով օժանդակել է նշված պաշտոնատար անձի կողմից սահմանված գրաֆիկի համաձայն ծառայություն իրականացնելու ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգություն կատարելուն (հատոր 1-ին, գ.թ. 62-77):

i

2) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.07.2016 թվականի որոշմամբ ամբաստանյալ Վարուժան Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` նկատի ունենալով, որ 25.06.2016 թվականին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.05.2016 թվականին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ 83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածի համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած (հատոր 1-ին, գ.թ. 56-60):

3) Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթի իրականացման բաժնում 01.08.2016 թվականին Վարուժան Վարդանյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն` վերջինիս արարքում առկա են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ (հատոր 1-ին, գ.թ. 42):

4) Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 08.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 170 որոշմամբ Վարուժան Վարդանյանը ճանաչվել է զանցառու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և ենթարկվել է վարչական պատասխանատվության չհաշվարկված և չգանձված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով` 7.137.179 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 48-53):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.05.2016 թվականին ընդունված և 25.05.2016 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի նորմերի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/7527/05/16 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացրած որոշման մեջ այդ նորմերին տրված մեկնաբանությանը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք անձը, ում նկատմամբ մաքսանենգությանը հանցակցելու համար հարուցվել է քրեական գործ և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքի ապաքրեականացման հիմքով, կարող է նույն արարքի համար ենթարկվել վարչական պատասխանատվության:

i

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հարցադրմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը թույլատրելի է համարել մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումն արարքի ապաքրեականացման հետևանքով մերժվելու կամ քրեական գործի վարույթը դրա հետևանքով կարճվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելը, եթե, իհարկե, չեն լրացել անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Նիկոլայ Բարխուդարյանի թիվ ՎԴ/7527/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում` իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև` ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

i

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև թիվ ՎԴ/7527/05/16 վարչական գործով 03.07.2020 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումն արարքի ապաքրեականացման հետևանքով մերժվելու կամ քրեական գործի վարույթը դրա հետևանքով կարճվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում, անձին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելը թույլատրելի է, այդուհանդերձ, գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված` նշված օրենքի միատեսակ կիրառությունն ունի էական նշանակություն և նշված դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն` ներքոշարադրյալ հիմնավորումներով: Այսպես`

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է նույն օրենսգրքով:

Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ արարքը կարող է որակվել վարչական իրավախախտում (զանցանք) և հանգեցնել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ արարքը հանցագործություն չի համարվում:

Քրեական և վարչական օրենսդրության համադրված ուսումնասիրության արդյունքում` հարկ է փաստել, որ նշյալ օրենսդրությամբ շատ հաճախ նկարագրվում են հակաօրինական արարքների կրկնօրինակներ, որոնք գերազանցապես տարբերվում են հանրային վտանգավորության աստիճանով, ըստ այդմ` պատասխանատվության եղանակներով և չափերով:

Անձանց կողմից կատարված հակաօրինական արարքի որակման հարցն առանցքային նշանակություն ունի նրանց նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու թույլատրելի իրավական ակտն ընտրելու և դրանով նախատեսված կարգով պատասխանատվության հարցը լուծելու համար, քանի որ որոշ արարքներ կատարելը կարող է հանգեցնել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության` կախված այդ արարքների որակման համար օրենքով նախատեսված պայմանների առկայությունից: Ընդ որում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածը` արարքի որակումը որպես զանցանք կամ հանցագործություն կարող է տրվել բացառապես այն կատարելու պահին գործող օրենսդրության հիման վրա:

Այսպես. եթե անձի կողմից կատարվել է հակաօրինական այնպիսի արարք, որը տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է որպես հանցագործություն, ապա այդ արարքը չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում (զանցանք) ու հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

i

Բացառություն կարող է դիտվել թերևս այն իրավիճակը, երբ անձի կողմից կատարված հակաօրինական արարքին տրվի քրեաիրավական գնահատական, սակայն հետագայում (գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու ընթացքում) պարզվի, որ արարքին տրվել է սխալ որակում ու այն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չէ (այսինքն` վարչական իրավախախտում (զանցանք) է), ապա քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության` եթե պարզվի, որ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ: Այնինչ, եթե արարքն ի սկզբանե որակվել է որպես հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով, ապա դա նշանակում է, որ բացակայել է արարքը վարչական իրավախախտում որակելու իրավական և փաստական հիմքը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե անգամ հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում տվյալ արարքն այլևս դադարի համարվել հանցագործություն (արարքը ապաքրեականացվի), ապա այդ հանգամանքը չի կարող ազդել արարքը կատարելու պահին դրան տրված իրավական գնահատականի վրա, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այլ կերպ ասած, եթե արարքը կատարելու պահին այն հանդիսացել է հանցագործություն, ապա հետագայում այդ արարքն ապաքրեականացնելուց հետո չի կարող հետևություն արվել այն մասին, որ նախկինում տրված որակումը եղել է սխալ և փաստորեն արարքը ոչ թե հանցագործություն է եղել, այլ` վարչական իրավախախտում:

Այսպիսով, անձի կողմից կատարված հակաօրինական արարքին տվյալ պահին գործող օրենսդրության հիման վրա քրեաիրավական գնահատական տալու դեպքում այդ արարքը հետագայում այլևս չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում, եթե անգամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցագործություն համարվող արարքը ապաքրեականացվի: Հակառակ մեկնաբանությունն ամբողջությամբ խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և իրավական պետությանը հարիր իրավական որոշակիության սկզբունքը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ եթե արարքը կատարելու պահին հանցագործության հատկանիշներ պարունակելու հիմքով այն չի հանդիսացել վարչական իրավախախտում (զանցանք), ապա անգամ հետագայում այդ հատկանիշները կորցնելու հանգամանքը չի կարող արարքը դարձնել վարչական իրավախախտում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը`

- որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,

- որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,

- որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,

- որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:

Մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի (Մաքսանենգությունը) առաջին մասը քրեական պատասխանատվություն է սահմանել մաքսանենգության` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման համար, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների:

Նույն հոդվածի հինգերորդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն` նույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` դրանց արժեքը:

i

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (...) իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1.000 դրամը:

16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 25.06.2016 թվականին) 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:

Այսպիսով, մինչև 25.06.2016 թվականը գործել է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու պատասխանատվության հետևյալ իրավակարգավորումը:

Այսպես` օրենսդիրը մաքսային կանոնի խախտում էր համարել անձի կողմից կատարված հետևյալ անօրինական գործողությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որը վերը նշված օրենքով նախատեսված պայմաններից յուրաքանչյուրի դեպքում առաջացնում է համապատասխան չափով տուգանքի նշանակում:

Միևնույն ժամանակ օրենսդիրը քրեական պատասխանատվություն էր նախատեսել այն դեպքերի համար, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով տեղափոխվում էին հանցագործության պահին 1.000.000 ՀՀ դրամ արժեքը գերազանցող ապրանքներ, մշակութային կամ այլ արժեքներ` այն որակելով որպես մաքսանենգություն` միևնույն ժամանակ դրա համար որպես պատիժ նախատեսելով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանքը, կամ ազատազրկումը` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Փաստորեն օրենսդիրը միևնույն արարք կատարելու համար նախատեսել է թե՛ վարչական և թե՛ քրեական պատասխանատվություն` այն պայմանավորելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող արանքների արժեքով և/կամ բնույթով (մշակութային կամ այլ արժեքներ), հետևաբար անձի կողմից կատարված հակաօրինական արարքին իրավական գնահատական տալու, կամ որ նույնն է արարքին համապատասխան որակում տալու համար անհրաժեշտ է ճշգրտորեն ընտրել կիրառման ենթակա օրենքը:

Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելն արձանագրելու յուրաքանչյուր դեպքում արարքին որակում տալու համար անհրաժեշտ է նախ և առաջ հաստատված համարել, որ դրանում բացակայում են հանցագործության հատկանիշները, քանի որ միայն այդ պարագայում վարչական մարմինն իրավասու կլինի հարուցել վարչական վարույթ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հիման վրա ենթադրյալ իրավախախտի նկատմամբ վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար: Մինչդեռ, հանցագործության հատկանիշների առկայության պարագայում վարչական վարույթ չի կարող հարուցվել:

ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ 16.05.2016 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածով 25.06.2016 թվականից ուժը կորցրած է ճանաչվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է համապատասխանաբար 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում մաքսանենգության առանձին տեսակների համար: Այսինքն, օրենսդիրն ըստ էության ապաքրեականացրել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը, բացառությամբ որոշակի տեսակի ապրանքների մաքսանենգության:

Հաշվի առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերոգրյալ փոփոխությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մաքսանենգության` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման համար, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, համար քրեական պատասխանատվության վերացման հետևանքով քրեական հետապնդումը դադարեցվելու դեպքում նույն արարքի համար անձին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությանը:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին փաստել, որ արարքի որակումը կարող է տրվել այն կատարելու պահին գործող օրենսդրության հիման վրա: Այսինքն, եթե արարքը կատարելու պահին պարունակել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշներ ու այդ հիմքով հարուցվել է քրեական գործ, ապա դա նշանակում է, որ նշված հոդվածի ապաքրեականացման դեպքում անգամ նույն արարքը չի կարող որակվել վարչական իրավախախտում (զանցանք), քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ արարքը կարող է որակվել վարչական իրավախախտում (զանցանք) և առաջ բերել վարչական պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ այդ արարքը հանցագործություն չի համարվում: Հետևաբար, եթե անգամ արարքի ապաքրեականացումից հետո այն ձեռք է բերում վարչական իրավախախտում (զանցանք) որակելու համար օրենքով նախատեսված հատկանիշներ, այդուհանդերձ դա բավարար չի կարող լինել անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար, քանի որ արարքի որակման համար էական են ոչ թե արձանագրված հակաօրինական գործողություններից հետո կատարված օրենսդրական փոփոխությունները, այլ` արարքի կատարման պահը:

Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները` մաքսանենգության համար քրեական պատասխանատվության վերացման հետևանքով քրեական գործի հարուցումը մերժվելու կամ քրեական գործի վարույթը կարճվելու դեպքում նույն արարքի համար անձին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը պարզելու համար օրենքի հետադարձ ուժի կիրառման հարցը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդումն արարքի ապաքրեականացման հետևանքով դադարեցվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում, անձին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 07.04.2014 թվականին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58204314 քրեական գործը: Վարուժան Տիգրանի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` այն արարքի համար, որ նա 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, տեղեկանալով Կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանի միջոցով, նշված մաքսակետով արտերկրից Հայաստան ներմուծվող ապրանքներն առանց մաքսային հսկողության տեղափոխելու հնարավորության մասին, վերջինիս և այլ անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ 2014 թվականի հունվարի 12-ին, 19-ին և 22-ին 5 դեպքով օժանդակել է նշված պաշտոնատար անձի կողմից սահմանված գրաֆիկի համաձայն ծառայություն իրականացնելու ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգություն կատարելուն:

i

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.07.2016 թվականի որոշմամբ ամբաստանյալ Վարուժան Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` նկատի ունենալով, որ 25.06.2016 թվականին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.05.2016 թվականին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ 83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածի համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած:

Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթի իրականացման բաժնում 01.08.2016 թվականին Վարուժան Վարդանյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն` վերջինիս արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ:

Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 08.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 170 որոշմամբ Վարուժան Վարդանյանը ճանաչվել է զանցառու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և ենթարկվել է վարչական պատասխանատվության չհաշվարկված և չգանձված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով` 7.137.179 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը չէր կարող ազդեցություն ունենալ հայցվորի կողմից 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կատարված արարքի որակման վրա, քանի որ արարքը կատարելու պահի դրությամբ այն վարչական իրավախախտում (զանցանք) չի հանդիսացել ու այդպիսին չի որակվել, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, Դատարանի 28.11.2018 թվականի վճիռը բեկանելով և փոփոխելով ու Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթի իրականացման վարչության` 08.08.2016 թվականի թիվ 170 որոշումն անվավեր ճանաչելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չի կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.06.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 4 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.11.2022
N ՎԴ/6972/05/16
Որոշում