Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6569/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/6569/05/19             2023 թ.

Նախագահող դատավոր` Լ. Հակոբյան

    Դատավորներ`        Էդ. Նահապետյան

                       Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի հունվարի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Դավիթ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դավիթ Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23.11.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 35.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 35.3-րդ հոդվածը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ և 27-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, ինչպես նաև այլ կատարողական գործողությունների կատարման վերաբերյալ որոշումները հայցվորը չի ստացել, հետևաբար, զրկված է եղել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում լոտի ավելի բարձր մեկնարկային գին ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայությունը չի իրականացրել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պահանջատիրոջը ծանուցելու պարտականությունը` գտնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնելիս այդպիսի պարտականություն չունի, մինչդեռ դրանով անմիջականորեն խախտվում է աճուրդի ներկայացվող լոտի սեփականատիրոջ իրավունքները, ուստի, այն հանգեցնում է սույն գործով վիճարկվող որոշման անվավերության:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պարտապանին պատշաճ ձևով ծանուցելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, և հետապնդում է պարտապանի նաև այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ, մասնավորապես` ծանուցման պահանջը կոչված է ապահովելու պարտապանի կողմից հարկադիր կատարողի որոշումները և/կամ գործողությունները վիճարկելու, միջնորդություններ հարուցելու և այլ իրավունքներ, օրենսդրի կողմից պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու վերջինիս դատական պաշտպանության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը, և գործն ուղարկել նոր քննության, կամ օրինական ուժ տալ Դատարանի 23.11.2020 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 15.08.2016 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.07.2016 թվականին տրված թիվ ԵԿԴ/2880/02/16 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 02169505 կատարողական վարույթը, արգելվել պատասխանող Դավիթ Պետրոսյանին շարժական գույքի գրավի թիվ NIC230372 պայմանագրով Բանկի օգտին գրավադրված MERSEDES-BENZ E-500 մակնիշի 30US340 պետհամարանիշներով մեքենայի շահագործումը (հատոր 1-ին, գ.թ.59).

2) Ծառայության 17.10.2016 թվականի Ո00468-59478/16 որոշմամբ արգելանք է դրվել պարտապան Դավիթ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող MERSEDES-BENZ E-500 մակնիշի 30US340 պետհամարանիշներով մեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ. 61).

3) Ծառայության 17.03.2017 թվականի որոշմամբ ավարտվել է 15.08.2016 թվականին վերսկսված թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 67).

4) Ծառայության «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 19.09.2017 թվականի որոշմամբ վերսկսվել է թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 76).

5) Ծառայության 27.09.2017 թվականի որոշմամբ ավարտվել է 19.09.2017 թվականին վերսկսված թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 77).

6) Ծառայության 25.03.2019 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշմամբ Դավիթ Պետրոսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 25.106 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և 22.000 ՀՀ դրամ, նաև 266.106 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու համար վերսկսվել է թիվ 02169505 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 80).

7) Ծառայության 10.06.2019 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշման համաձայն` 02169505 կատարողական վարույթով նշանակվել է փորձագետ և փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ին:

Փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը` որքան է կազմում MERSEDES-BENZ E-500 մակնիշի ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքը (հատոր 1-ին, գ.թ.83).

8) «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի 23.06.2019 թվականի թիվ 13/759/19 եզրակացության համաձայն` գույքը զննվել է 24.06.2019 թվականին և 28.06.2019 թվականի դրությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 7.400.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 87-91).

9) Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ Դավիթ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES BENZ E-500» մակնիշի 30US340 համարանիշի ավտոմեքենան 5.550.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Միաժամանակ, որոշումն ուղարկվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին ու Դավիթ Պետրոսյանին և տեղադրվել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 98-103):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 35.1-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` (...)օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել` առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև` հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

i

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

i

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

i

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը` Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք` օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

i

Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

i

Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն` դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ` լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած` լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

i

Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է (...) ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ` օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին` էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

i

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու` Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը` կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը` դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դավիթ Պետրոսյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ծառայության 09.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ պատասխանողը չի իրականացրել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պահանջատիրոջը ծանուցելու պարտականությունը:

i

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, նշել է, որ հարկադիր կատարողը պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ չի կրում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պարտատիրոջը ծանուցելու և այդպիսով վերջիններիս` լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու հնարավորություն տալու պարտականություն:

 

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շարժական գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Ա. Գրիգորյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի` 5.550.000 ՀՀ դրամի, և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 02169505 կատարողական վարույթի պարտապան Դավիթ Պետրոսյանին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարժական գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Դավիթ Պետրոսյանին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջինս զրկվել է լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու` Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Շարժական գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն` որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Դավիթ Պետրոսյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Գրիգորյանի կողմից որոշումը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար, որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր այն անվավեր ճանաչելու համար, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք` (...) հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Դավիթ Պետրոսյանը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի ուժով ազատված է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից, մինչդեռ վերջինս վճռաբեկ բողոքի համար վճարել է պետական տուրք` 30.000 ՀՀ դրամի չափով

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դավիթ Պետրոսյանի կողմից վճարված, սակայն օրենքով չպահանջվող պետական տուրքը` վճռաբեկ բողոքի համար 30.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը 10.000 ՀՀ դրամի չափով վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցն այդ մասով պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

i

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրք վճարելու պարտականություն չունի նաև պատասխանող վարչական մարմինը: Տվյալ դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Դավիթ Պետրոսյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից` դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախսեր կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 23.11.2020 թվականի վճռին:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 13 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.01.2023
N ՎԴ/6569/05/19
Որոշում