ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ1/3245/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/3245/02/19 2022 թ.
Նախագահող դատավոր Դ. Սերոբյան
Դատավորներ Մ. Հարթենյան
Գ. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Մ. Դրմեյան
զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2022 թվականի հոկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Խանգելդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ռուստամ Դրբոյանի ընդդեմ Անահիտ Խանգելդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուստամ Դրբոյանը պահանջել է Անահիտ Խանգելդյանից բռնագանձել 2.142.000 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար, ինչպես նաև 17.08.2017 թվականից մինչև 22.07.2019 թվականը բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումար` 367.048 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև բռնագանձել նույն հոդվածով սահմանված տոկոսները մինչև գումարի ամբողջական վերադարձնելու օրը:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Արզումանյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` հետևյալ կերպ.
«1. (...)
Պատասխանող Անահիտ Խանգելդյանից հօգուտ հայցվոր Ռուստամ Դրբոյանի բռնագանձել 2 639 178 (երկու միլիոն վեց հարյուր երեսունինը հազար հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ 70 (յոթանասուն) լումա, որից 2 142 000 ՀՀ դրամը` պարտքի գումար, 497 178 ՀՀ դրամ 70 լուման` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով հաշվեգրված տոկոսի գումար:
24.07.2019 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, 2 142 000 ՀՀ դրամին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների տոկոսները և այդ գումարը բռնագանձել պատասխանող Անահիտ Խանգելդյանից հօգուտ հայցվոր Ռուստամ Դրբոյանի:
2. Հայցը` պատասխանող Անահիտ Խանգելդյանից հօգուտ հայցվոր Ռուստամ Դրբոյանի 14 045 ՀՀ դրամ 3 լումա տոկոսի գումարը բռնագանձելու պահանջի մասով, մերժել: (...)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Դ. Սերոբյան, դատավորներ Մ. Հարթենյան, Գ. Թորոսյան) 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Անահիտ Խանգելդյանի ներկայացրած վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետը վերականգնվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2022 թվականի որոշմամբ Անահիտ Խանգելդյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խանգելդյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին և 6-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետը, նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը, թիվ 3-365 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.08.2008 թվականի և թիվ ԿԴ/0338/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.04.2008 թվականի որոշումներում տրված դիրքորոշումները, ինչպես նաև «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի որոշման 44-րդ կետով տրված իրավական մեկնաբանությունը:
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է, այնինչ ներկայացվել էին թոշակառու լինելու մասին, երկրորդ խմբի հաշմանդամ լինելու և ծանր հիվանդության մասին ապացույցները:
Կրկին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև սնանկ ճանաչելու մասին որոշումը: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը 20.05.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է, հաշվի չառնելով ինչպես թոշակառու և երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսանալու, ծանր հիվանդություն ունենալու հանգամանքները, այնպես էլ սնանկ ճանաչվելու մասին վճռի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը`
1) Դատարանի 29.09.2021 թվականի վճռի դեմ ներկայացնելով վերաքննիչ բողոք` Անահիտ Խանգելդյանը վերաքննիչ բողոքում ներառել է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա անհնարինության դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն` հայտնելով, որ հանդիսանում է թոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ, և ունի առողջական խնդիրներ (հատոր 4-րդ, գ.թ. 6-7):
2) Ի թիվս այլնի, Անահիտ Խանգելդյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի` բժշկասոցիալական փորձաքննական 17.08.2020 թվականի թիվ 1487222 որոշումը, որի համաձայն վերջինիս տրվել է երկրորդ խմբի հաշմանդամի կարգավիճակ (հատոր 4-րդ, գ.թ. 29-30):
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ, Անահիտ Խանգելդյանի` պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա անհնարինության դեպքում պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է հետևյալ հիմնավորմամբ.»(...) Տվյալ պարագայում բողոք բերած անձը ներկայացրել է վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, մինչդեռ վերաքննիչ բողոքին կցել է միայն իր թոշակառու և երկրորդ խմբի հաշմանդամ լինելը հավաստող ապացույցները:
Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը գտնում է, որ այն չի կարող բավարարվել, քանի որ միջնորդությանը կից չի ներկայացվել բողոքաբերի ծանր ֆինանսական դրության վերաբերյալ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր վերջինիս կողմից պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության հանգամանքը: (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 40-41):
4) Անահիտ Խանգելդյանը կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է դիմում, որով հայտնել է հետևյալը. «(...) միջնորդության մեջ հստակ նշել եմ, որ ես հանդիսանում եմ երկրորդ խմբի հաշմանդամ, ստանում եմ 43000 ՀՀ դրամ, կ/թոշակ, չեմ աշխատում, նյութապես գտնվում եմ ծանր պայմաններում: Ներկայումս էլ դատարանի կողմից 18.02.22թ. ճանաչվել եմ սնանկ:» (հատոր 4-րդ, գ.թ. 61-63):
5) Անահիտ Խանգելդյանը կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ սնանկության դատարանի 18.02.2022 թվականի վճռի պատճենը, ըստ որի` Անահիտ Խանգելդյանը ճանաչվել է սնանկ: (հատոր 4-րդ, գ.թ. 51):
6) Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշմամբ Անահիտ Խանգելդյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) բողոքաբերի կողմից 05.05.2022թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի շտկվել Վերաքննիչ դատարանի 20.04.2022թ. որոշմամբ արձանագրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից կրկին չի ներկայացվել օրենքով նախատեսված պետական տուրքը վճարելու ապացույցը, և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը կրկին միջնորդել է կիրառել վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված խախտումը, ինչը հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար: (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 105):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 1-ին և 6-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի, նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին ներկայացված միջնորդությունը սկզբնապես մերժվելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում հիմքը լրացված և նոր ապացույց ներկայացված պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը ըստ էության կարող է չքննարկվել Վերաքննիչ դատարանի կողմից:
i
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
i
Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
i
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):
Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդությունը, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից:
ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե ոչ (տե՛ս, Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու` դատարանների և դատավորների լիազորության իրականացման պայմաններին և ընդգծել, որ «(...) յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա): Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները» (տե՛ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով իր նախկին որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները գտել է, որ «(...) դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս, որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն (1) վիճելի իրավահարաբերության բնույթը, (2) վճարման ենթակա պետական տուրքի չափը, (3) գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, (4) կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը:» (տե՛ս, Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ դատարանները լիազորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ սահմանելու նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնություն, ներառյալ` պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգելու մասին: Այն դրսևորվում է պետական տուրք վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից համապատասխան միջնորդության ներկայացմամբ և դատարանի կողմից նշված միջնորդության քննության արդյունքում առանձին որոշման ընդունմամբ` հիմք ընդունելով վերջինիս գույքային դրությունը: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնություն` անձի գույքային դրության հաշվառմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելու օրենսդրական արգելքը չի վերաբերում այն դեպքերին, երբ դատավարության մասնակցի կողմից կրկին ներկայացվել է նույն միջնորդությունը, սակայն ներկայացվել է նոր ապացույց: Այն պարագայում, երբ դատավարության մասնակցի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է, և վերջինս կրկին ներկայացրել է նոր միջնորդություն, ապա դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այն հանգամանքը, թե արդյոք կրկին ներկայացված միջնորդությունը պարունակում է նոր հիմք կամ դրան կցված է նոր ապացույց և միայն նշված հանգամանքը պարզելու պայմաններում կայացնեն համապատասխան որոշում:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Այսպես, Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշմամբ Անահիտ Խանգելդյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) բողոքաբերի կողմից 05.05.2022թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի շտկվել Վերաքննիչ դատարանի 20.04.2022թ. որոշմամբ արձանագրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից կրկին չի ներկայացվել օրենքով նախատեսված պետական տուրքը վճարելու ապացույցը, և կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը կրկին միջնորդել է կիրառել վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված խախտումը, ինչը հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար: (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 105):
Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, Անահիտ Խանգելդյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն հիմքով, որ չի վերացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը և կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքով կրկին վերջինս միջնորդել է կիրառել պետական տուրքի գծով արտոնություն: Հիմք ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, Վերաքննիչ դատարանն Անահիտ Խանգելդյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշմամբ Անահիտ Խանգելդյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը հիմնավորված չէ և չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի վճռի դեմ առաջին անգամ ներկայացնելով վերաքննիչ բողոք` Անահիտ Խանգելդյանը խնդրել է ազատել իրեն պետական տուրքը վճարելու պարտականությունից, իսկ դրա անհնարինության դեպքում հետաձգել պետական տուրքի վճարումը: Վերոնշյալ միջնորդությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Նույն որոշման համաձայն` «(...) Տվյալ պարագայում բողոք բերած անձը ներկայացրել է վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, մինչդեռ վերաքննիչ բողոքին կցել է միայն իր թոշակառու և երկրորդ խմբի հաշմանդամ լինելը հավաստող ապացույցները: (...)»: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ նույն միջնորդությամբ Անահիտ Խանգելդյանը չի հայտնել, այն մասին, որ վերջինս ՀՀ սնանկության դատարանի 18.02.2022 թվականի վճռով ճանաչվել է սնանկ և միջնորդությանը կից չի ներկայացրել վերոնշյալ վճռի պատճենը:
Կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, Անահիտ Խանգելդյանը վերաքննիչ բողոքում ներկայացրել է նույն միջնորդությունը, խնդրելով` ազատել իրեն պետական տուրքի վճարումից կամ դրա անհնարինության դեպքում հետաձգել պետական տուրքի վճարումը: Վերջինս, ի հիմնավորումն նշված միջնորդության, վերաքննիչ բողոքին կից նաև ներկայացրել է ՀՀ սնանկության դատարանի 18.02.2022 թվականի վճիռը, համաձայն որի Անահիտ Խանգելդյանը ճանաչվել է սնանկ: Բացի այդ, վերաքննիչ բողոքին կից առկա է դիմում, որով հայտնել է` «(...) միջնորդության մեջ հստակ նշել եմ, որ ես հանդիսանում եմ երկրորդ խմբի հաշմանդամ, ստանում եմ 43000 ՀՀ դրամ, կ/թոշակ, չեմ աշխատում, նյութապես գտնվում եմ ծանր պայմաններում: Ներկայումս էլ դատարանի կողմից 18.02.22թ. ճանաչվել եմ սնանկ:» (հատոր 4-րդ, գ.թ. 51):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Խանգելդյանի գույքային դրությանը վերաբերող` ՀՀ սնանկության դատարանի 18.02.2022 թվականին վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճռի պատճենը ներկայացված լինելու և պետական տուրքի միջնորդության հիմքերն ըստ էության լրացված լինելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել կրկին ներկայացված պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը` թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի խախտում:
Անահիտ Խանգելդյանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին նույն միջնորդությունը ըստ էության լրացված հիմքով ներկայացված լինելու պայմաններում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չվերացնելու, և որպես արդյունք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերջինիս վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին պատճառաբանությունները հիմնավորված չեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու և գործն` Անահիտ Խանգելդյանի պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը քննարկելու և ըստ դրա արդյունքների` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու նպատակով, Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան
Զեկուցող Ա. Մկրտչյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 հոկտեմբերի 2022 թվական: