Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԱԾ ԼԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/3864/05/20

    Վարչական գործ թիվ ՎԴ/3864/05/20             2022 թ.

Նախագահող դատավոր  Ա. Թովմասյան

    Դատավորներ         Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի նոյեմբերի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.01.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Չոփուրյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 15.05.2020 թվականի թիվ Վ-19/14 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Մինչ սույն գործի դատավարական նախապատմությանն անդրադառնալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 26.11.2002 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում), ի թիվս այլնի, սահմանելով դատավորի ինքնաբացարկի հիմքերը (կետ 2.5), միաժամանակ թույլ են տալիս այդ հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չհայտնել այն իրավիճակներում, երբ «որևէ այլ դատարան չի կարող քննել տվյալ գործը կամ պայմանավորված գործի հրատապությամբ` քննության ձգձգումը կարող է հանգեցնել լուրջ դատական սխալի»: Այսինքն` նշված սկզբունքներն ամրագրում են անհրաժեշտության կանոնը (դոկտրինը), որի համաձայն` ինքնաբացարկի հիմքերի առկայության պայմաններում դատավորը կարող է ինքնաբացարկ չհայտնել, եթե ինքնաբացարկը կարող է հանգեցնել արդարադատության մերժման:

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) ևս նմանատիպ իրավիճակներում արդարադատության գործառույթի իրականացումն ապահովելու միջոց է դիտարկում Բանգալորյան սկզբունքներում ամրագրված անհրաժեշտության կանոնի (դոկտրինի) կիրառումը (տե՛ս, 12.12.2016 թվականին ընդունված CDL-AD(2016)036 փաստաթուղթը): Ըստ Վենետիկի հանձնաժողովի` խնդրո առարկա իրավիճակում պետք է գերակայի արդյունավետ արդարադատություն ապահովելու շահը:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` այն փաստը, որ գործը քննող դատավորներից ոմանք արդեն իսկ ունեցել են որոշակի դիրքորոշում տվյալ գործի վերաբերյալ, ինքնին բավարար հիմք չէ անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության իրավունքի խախտում արձանագրելու համար (տե՛ս, մասնավորապես, Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի վճիռը, կետ 36):

Հիմք ընդունելով վերոհիշյալ անհրաժեշտության կանոնը (դոկտրինը), ինչպես նաև Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները` դատավորներ Լ. Հակոբյանը և Ք. Մկոյանը, չնայած ստորադաս դատարանում գործի քննությանը մասնակցությանը, սույն գործով ինքնաբացարկ չեն հայտնել` հաշվի առնելով, որ ինքնաբացարկի դեպքում անհնարին կդառնար վճռաբեկ բողոքի քննությունը, ինչը կհանգեցներ արդարադատության մերժման:

Դիմելով դատարան` Վարդան Չոփուրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 15.05.2020 թվականի թիվ Վ-19/14 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.01.2022 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Արամ Աբովյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե շահագրգիռ անձի կողմից վիճարկվում է իր համար միջամտող վարչական ակտ հանդիսացող շինարարության թույլտվությունը, ապա վիճարկման հայցը վարույթ ընդունելով կասեցվում է դրա կատարումը, իսկ երբ կասեցված է շինարարության թույլտվության` որպես վարչական ակտի գործողությունը, ապա հասցեատերը որոշ ժամանակով զրկվում է դրանով իրեն տրված իրավունքից օգտվելու հնարավորությունից: Վիճարկման ընթացքում վարչական ակտի հասցեատերը շինարարական որևէ աշխատանք իրականացնելու իրավունք չունի, և նման աշխատանքներ իրականացվելու դեպքում դրանք որակվում են որպես ինքնակամ (առանց թույլտվության) և հիմք են անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ եթե առանձին կատարված աշխատանքի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը չի կարող կիրառվել:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շինարարության թույլտվությունը կասեցված չի եղել անընդմեջ 60 օր և ավելի ժամկետով, որպիսի պայմաններում վարչական ակտը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված երկամսյա ժամկետի պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե անձանց քրեական պատասխանատվության, այլ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավահարաբերության մասին, որպիսի պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան իրավանորմերը կիրառելի չեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.01.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի կողմից 16.09.2019 թվականին Վարդան Չոփուրյանին տրվել է թիվ 01/18-Մ-11199-1140 շինարարության թույլտվությունը` Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում բնակելի տները հասարակական նշանակության վերակառուցման աշխատանքների կատարման համար (գ.թ. 36-37).

2) Սրբուհի Տոնիկյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Վարդան Չոփուրյանի` Երևանի քաղաքապետի թիվ 01/18-Մ11199 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 27.11.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/9072/05/19 վարչական գործ).

3) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի կողմից 11.02.2020 թվականին կազմվել է թիվ 033062 արձանագրությունը, ըստ որի` «(...) Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում Երևանի քաղաքապետի 16.09.2019 թվականի թիվ 01/18-Մ-11199-1140 շինարարական թույլտվությամբ կառուցապատում իրականացնող Վարդան Չոփուրյանը, տեղեկացված լինելով ՀՀ վարչական դատարանի կողմից նշված շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմանը, չի կասեցրել շինարարական աշխատանքները և իրականացրել է բետոնե սյուների քարե սալիկապատման շինարարական աշխատանքներ, որոնք հայտնաբերվել են 11.02.2020 թվականին` ժամը 15:30-ին» (գ.թ. 30-31).

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 17.03.2020 թվականի թիվ Վ-11/63 որոշմամբ 11.02.2020 թվականի թիվ 033062 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցվել է 17.03.2020 թվականից մինչև 14.04.2020 թվականը (գ.թ. 25-26).

5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 15.04.2020 թվականի թիվ Վ-15/63 որոշմամբ 11.02.2020 թվականի թիվ 033062 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի կասեցման ժամկետը երկարաձգվել է մինչև 14.05.2020 թվականը (գ.թ. 24).

6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 15.05.2020 թվականի թիվ Վ-19/14 որոշմամբ կառուցապատող Վարդան Չոփուրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` այդ պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` ՀՀ վարչական դատարանի կողմից նշված շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման մասին տեղեկացված լինելով հանդերձ Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում շինարարական աշխատանքները չկասեցնելու և բետոնյա սյուների քարե սալիկապատման շինարարական աշխատանքների համար (գ.թ. 21-23):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ և 154-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շենքեր և շինություններ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ շինարարական այլ աշխատանքներ իրականացնելն ու շարունակելը համարժեք են առանց շինարարության թույլտվության այդպիսի աշխատանքներ կատարելուն և հիմք են, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի կիրառմամբ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը,

2) արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված երկամսյա ժամկետի հաշվարկը կարող է պայմանավորվել վարչական վարույթի կասեցված լինելու հանգամանքով:

 

i

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: (...) Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող): (...) Կառուցապատողները պարտավոր են` (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...):(...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...):

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողն (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի` շինարարության թույլտվության առկայության դեպքում: ՈՒստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն` որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, և դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասին` արձանագրելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.

1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),

2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,

3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:

Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե` ոչ (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան` թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է բացահայտել, թե որն է համարվում ինքնակամ կառույց:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Վերոշարադրյալից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը` անձը հողամասի վրա, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառուցել, վերակառուցել կամ տեղադրել է շենք, շինություն կամ այլ կառույց`

1. օրենքով և այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,

2. առանց թույլտվության,

3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով,

4. քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:

Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերակառուցելու կամ տեղադրելու համար, այնպես էլ թույլտվության պայմանների էական խախտմամբ դրանք կատարելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի` տվյալ դեպքում շինարարության թույլտվության կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը համարժեք է առանց թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքին:

i

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին և արձանագրել, որ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է` մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Վարդան Թեյմուրազյան` թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը, Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Աղավնի Տոլմաջյան` թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտն օրենսդրի կողմից սահմանվել է որպես հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով վերջինիս: Այս կարգավորման հիմքում օրենսդիրը հաշվարկել է վիճարկման հայցը բավարարելու դեպքում առաջացող հնարավոր բացասական հետևանքներն ու այս միջոցով փորձել կանխել դրանք: Ուստի ընդունվել է այն ընդհանուր մոտեցումը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառություններով), որ քանի դեռ վարչական ակտի իրավաչափությունը դատական քննության առարկա է և լուծված չէ դրա հետ կապված վեճը, վիճարկման հայցը վարույթ ընդունելն օրենքի ուժով հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքի:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով(1) արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան` վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:

________________

1) Տե՛ս Council of Europe Commitee of Ministers, Recommendation No. R(89) 8 of the Commitee of Ministers to member states on provosional court protection in administrative matters, 13 September 1989, էջ 2 (հղումը` https://rm.coe.int/16804f288f):

 

Նշվածից հետևում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ևս վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելը դիտել է որպես վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոց` ընձեռված ինչպես հայցվորին, այնպես էլ շահագրգիռ անձանց: Ընդ որում` այդ միջոցի կիրառումը հետապնդում է վարչական ակտի հետևանքներից խուսափելու և հնարավոր վնասների առաջացումը կանխելու նպատակ: Շինարարության թույլտվության` որպես վարչական ակտի կատարումն այն վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունվելու փաստի ուժով կասեցվում է այն փաստերի հաշվառմամբ, որ անվավեր ճանաչվելու դեպքում դրա հիման վրա կառուցված, վերակառուցված կամ տեղադրված շենքերը, շինությունները կամ այլ կառույցները համարվելու են ինքնակամ և ենթակա են լինելու քանդման` հարուցելով նոր պահանջներ ներկայացնելու և լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն: Ուստի շինարարության թույլտվության կատարումը նախապես կասեցնելով նաև կասեցվում է դրա հիման վրա աշխատանքներ կատարելու իրավատիրոջ իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը կամ դրանք շարունակելն իրավաչափ չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված պարտադիր փաստաթուղթը` շինարարության թույլտվությունը թեև առկա է, այդուհանդերձ դրա կատարումը ժամանակավորապես ընդհատված է, իսկ այդ ակտով հասցեատիրոջը տրամադրված համապատասխան իրավունքի իրականացումը դադարած է, որպիսի փաստակազմն իրավական նշանակության տեսանկյունից համարժեք է շինարարության թույլտվության բացակայությանը: Իրականության մեջ շինարարության թույլտվության փաստաթղթավորված առկայությունը դեռևս չի կանխորոշում դրա իրավական գործողություն ունենալու և շինարարությունը (շինարարական աշխատանքները) օրինական համարվելու փաստերը, քանի որ իրավական նշանակության և ուժի տեսանկյունից վարչական այդ ակտի գործողությունը ժամանակավորապես դադարած է, իսկ փաստաթուղթը` առնվազն այդ պահին չգործող (տե՛ս, Ժորժ Ասայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/0052/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.10.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մեկնաբանության պարագայում կիմաստազրկվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կանոնի առկայությունը` միաժամանակ խոչընդոտ ստեղծելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ անձը, վիճարկելով իր համար միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, դրա կատարումը կասեցված չլինելու պայմաններում հետագայում այն անվավեր ճանաչվելու դեպքում կարող է կրել զգալի վնասներ կամ կարող է անհնարին դառնալ վերջինիս իրավունքների պաշտպանությունը: Հենց այս հիմքերի հաշվառմամբ է օրենսդիրը նախատեսել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառությունների դեպքում հայցվորի միջնորդությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ եթե շինարարական գործունեությունը փաստացի իրականացվում է շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում, ապա այն պետք է որակվի որպես առանց շինարարության թույլտվության իրականացվող շինություն, որպիսի արարքի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:

 

2) Անդրադառնալով երկրորդ իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի (...):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարույթային և վաղեմության ժամկետներն իրավական նշանակությամբ տարբերվում են: Օրինակ, վարույթային ժամկետներ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածում (վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ընդհանուր և հատուկ ժամկետներ): Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները վաղեմության ժամկետներ են:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի կասեցման ուժով կասեցվում է միայն վարույթային ժամկետի ընթացքը: Մինչդեռ, վաղեմության ժամկետի ընթացքի վրա վարչական վարույթի կասեցումը չի ազդում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը չի նախատեսում վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման որևէ դեպք (հիմք), որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետների ընթացքն ընդհանրապես կասեցման ենթակա չէ: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի կասեցման ժամանակահատվածում վաղեմության ժամկետի ընթացքը չի կասեցվում:

i

Անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածին` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ նորմով օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետ սահմանելով` օրենսդիրն ունեցել է այդ ժամկետից դուրս անձին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը բացառելու նպատակ` հիմք ընդունելով այդ ժամկետի ավարտից հետո կատարված արարքի հանրային վնասակարության կորուստը և վարչական տույժ նշանակելու աննպատակահարմարությունը: Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով պարզ և հստակ սահմանվել են անձին վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետները, որոնց լրանալը բացառում է վարչական գործով վարույթը: Ուստի այն դեպքում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում որպես բացառություն նախատեսված չէ այնպիսի հիմք, որի առկայության պայմաններում բաց է թողնվում նույն հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը, ապա տվյալ դեպքում այդ ժամկետի բացթողնելու փաստը հիմք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չհարուցելու, իսկ հարուցված վարչական գործի վարույթը կարճելու համար` վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Վերոշարադրյալի ամփոփմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի կասեցված լինելու հիմքը` որպես բացառություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում նախատեսված չէ, հետևաբար վարչական ակտի կատարումը կասեցված լինելու հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետն անցնելու դեպքում, վարչական մարմինն այլևս զրկվում է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից` հաշվի առնելով վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի լրացած լինելու, այսինքն` վարչական իրավախախտման գործով վարույթը բացառող հանգամանքի առկայությունը:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

1) Սույն գործով դիմելով դատարան Վարդան Չոփուրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 15.05.2020 թվականի թիվ Վ-19/14 որոշումը:

Դատարանը 12.02.2021 թվականի վճռով բավարարել է հայցը հետևյալ պատճառաբանությամբ «(...) «շենքեր և շինություններ ինքնակամ կառուցել», «ինքնակամ կառույց կատարել» եզրույթների բովանդակային ծավալում չի ներառվում «շինարարության թույլտվության` որպես վարչական ակտի, կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելը»: Ըստ այդմ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմը չի դրսևորվում շինարարության թույլտվության կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելու ձևով, և հետևաբար հայցվորին նշված նորմի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ: (...)»:

Վերաքննիչ դատարանը 05.01.2022 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի նշված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքն այն հիմնավորումներով, որ «(...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմը չի դրսևորվում շինարարության թույլտվության կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելու ձևով, և հետևաբար հայցվորին նշված նորմի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ: (...)

 

Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Ըստ սույն գործի փաստերի` 16.09.2019 թվականին Երևանի քաղաքապետի կողմից Վարդան Չոփուրյանին տրվել է թիվ 01/18-Մ-11199-1140 շինարարության թույլտվությունը` Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում բնակելի տները հասարակական նշանակության վերակառուցման աշխատանքների կատարման համար:

Սրբուհի Տոնիկյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Վարդան Չոփուրյանի` Երևանի քաղաքապետի թիվ 01/18-Մ11199 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 27.11.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/9072/05/19 վարչական գործ):

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի կողմից 11.02.2020 թվականին կազմվել է թիվ 033062 արձանագրությունը, ըստ որի` «(...) Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում Երևանի քաղաքապետի 16.09.2019 թվականի թիվ 01/18-Մ-11199-1140 շինարարական թույլտվությամբ կառուցապատում իրականացնող Վարդան Չոփուրյանը, տեղեկացված լինելով ՀՀ վարչական դատարանի կողմից նշված շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմանը, չի կասեցրել շինարարական աշխատանքները և իրականացրել է բետոնյա սյուների քարե սալիկապատման շինարարական աշխատանքներ, որոնք հայտնաբերվել են 11.02.2020 թվականին` ժամը 15:30-ին»:

Սույն գործի փաստերից բխում է, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում Վարդան Չոփուրյանը շարունակել է կատարել շինարարական աշխատանքներ Երևանի քաղաքապետի կողմից 16.09.2019 թվականին տրված շինարարության թույլտվության վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից 27.11.2019 թվականին վարույթ ընդունվելուց հետո` 11.02.2020 թվականին:

Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումները համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից Սրբուհի Տոնիկյանի ներկայացրած վիճարկման հայցը վարույթ ընդունվելու պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի ուժով կասեցվել է Երևանի քաղաքապետի կողմից 16.09.2019 թվականին Վարդան Չոփուրյանին տրված շինարարության թույլտվության կատարումը, ուստի դրանից հետո Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում կատարված շինարարական աշխատանքները համարվում են առանց թույլտվության կատարված, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով դիտարկվում են որպես ինքնակամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ է Վարդան Չոփուրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 15.05.2020 թվականի թիվ Վ-19/14 որոշումը, իսկ հակառակի մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները հերքվում են սույն որոշմամբ ներկայացված հիմնավորումներով:

2) Անդրադառնալով Վարդան Չոփուրյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Չոփուրյանի կողմից Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 41 և թիվ 41/1 հասցեներում շինարարական աշխատանքներ կատարված լինելու փաստը հաստատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի 11.02.2020 թվականի թիվ 033062 արձանագրությամբ: Վարդան Չոփուրյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել 15.05.2020 թվականին:

Վարչական իրավախախտումը 11.02.2020 թվականին բացահայտվելու պայմաններում Վարդան Չոփուրյանի նկատմամբ վարչական տույժ կարող էր նշանակվել մինչև 13.04.2020 թվականը ներառյալ (12.04.2020 թվականը եղել է ոչ աշխատանքային օր), մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-19/14 որոշումը կայացվել է 15.05.2020 թվականին, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ` իրավախախտումը բացահայտելու օրվանից հետո մոտ երեք ամիս անց:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «շինարարության թույլտվությունը կասեցված չի եղել անընդմեջ 60 օր և ավելի ժամկետով, որպիսի պայմաններում վարչական ակտը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված երկամսյա ժամկետի պահպանմամբ», ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը վարչական վարույթը կասեցված լինելու դեպքի մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետի և դրա հաշվարկի մասով բացառություն չի նախատեսում: Ուստի վարչական վարույթը 17.03.2020 թվականից մինչև 14.04.2020 թվականը կասեցված լինելու հանգամանքը չի ազդում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետների վրա:

Նույնպիսի եզրահանգման է եկել նաև Դատարանը` 12.02.2021 թվականի վճռում նշելով, որ «12.04.2020 թվականից հետո երկամսյա ժամկետի լրանալուն պես, անկախ վարույթի կասեցված լինելու հանգամանքից, վարչական վարույթը ենթակա էր կարճման Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան: Ավելին, տվյալ դեպքում վարչական վարույթը կասեցվել է մի հիմքով, որն օրենսդիրը չի դիտարկել որպես վարչական վարույթը կասեցնելու հիմք` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում: Հետևաբար, դատարանը եզրահանգում է, որ խախտվել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված երկամսյա ժամկետը և հայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել ոչ իրավաչափորեն, և վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման»:

Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել և Դատարանի 12.02.2021 թվականի վճիռն անփոփոխ է թողել այն պատճառաբանությամբ, որ «վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 13.04.2020 թվականին, մինչդեռ Վարդան Չոփուրյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել և նրա նկատմամբ վարչական տույժ է կիրառվել 15.05.2020 թվականին, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված` վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետն անցնելուց հետո, ինչը ենթադրում է, որ տվյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը Օրենսգրքի 247-րդ հոդվածի հիմքով ենթակա էր կարճման»:

Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը խախտված լինելու մասին բողոքաբերի փաստարկը հիմնավոր համարելով հանդերձ, հիմնավորված չի համարում վարչական մարմնի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ փաստարկը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 05.01.2022 թվականի որոշումն անփոփոխ թողնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը` սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.01.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.11.2022
N ՎԴ/3864/05/20
Որոշում