Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/8942/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8942/05/19

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի դեկտեմբերի 1-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ցողիկ Ավետիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Երևան համայնք)` 25.09.2019 թվականի թիվ Վ-36/60 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ցողիկ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան համայնքի 25.09.2019 թվականի թիվ Վ-36/60 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Էդ. Նահապետյան) 23.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` Վերաքննիչ դատարանի 02.12.2021 թվականի որոշմամբ ամրագրված պատճառաբանություններով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ` Արամ Աբովյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 46-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթների հարուցման և եզրափակման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված են հատուկ ժամկետներ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրավախախտման դեպքը բացահայտվել է 22.08.2019 թվականին, որի կապակցությամբ 22.08.2019 թվականին կազմվել է թիվ 030542 արձանագրությունը, հետևաբար առաջնորդվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթով, պարզ է դառնում, որ եզրափակիչ վարչական ակտը հնարավոր է կայացնել մինչև 23.10.2019 թվականը ներառյալ, և նկատի ունենալով, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է 25.09.2019 թվականին, ապա ամբողջից պարզ է դառնում, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վարչական վարույթի նյութերով ամբողջապես հիմնավորվում է կատարված վարչական իրավախախտման առկայության փաստը, հետևապես Ցողիկ Ավետիսյանն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության, որպիսի պայմաններում բացակայում է բավարար իրավական հիմքը` իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 46-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանի կողմից անհրաժեշտ է ստանալ հետևյալ հարցի պատասխանը.

- արդյո՞ք վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի նկատմամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված վարույթի իրականացման և եզրափակման 30-օրյա ժամկետը, թե կիրառելի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետը` տարածական մեկնաբանմամբ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Հ. Ասատրյանի կողմից 22.08.2019 թվականին կազմվել է թիվ 030542 արձանագրությունը` Ցողիկ Ավետիսյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ (գ.թ. 9):

2. Երևանի քաղաքապետարանի 25.09.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով այն հիմնավորմամբ, որ սեփականության իրավունքով հայցվորին և Գարեգին Էլոյանին պատկանող Երևանի Դավթաշեն 2-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում հայցվորն ինքնակամ իրականացրել է ավտոտնակի ծածկի և ավտոտնակի վրա քարե շարվածքի շինարարական աշխատանքներ (գ.թ. 8):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 46-րդ հոդվածների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման գործի քննության ժամկետների առանձնահատկություններին:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինների` վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեության նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, իսկ այն դեպքերում, երբ առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանված են այլ օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ապա այդ դեպքում կիրառման են ենթակա այդպիսի առանձնահատկություններ սահմանող օրենքների և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթները:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, (...), նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները կանոնակարգվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի նկատմամբ միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու ժամկետներ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու ժամկետների մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը վարչական վարույթի առավելագույն ժամկետ սահմանելու մասով կիրառելի չէ:

i

Այսպես` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

Ներկայումս գործող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի քննության համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է քննել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում (բացառությամբ, այն դեպքերի, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված են այլ հատուկ ժամկետներ):

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) համար որպես վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության 15-օրյա ժամկետի սկիզբ օրենսդիրը սահմանել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրը, որպիսի հանգամանքի պարզման համար վարչական մարմնի կողմից անհրաժեշտ է ներկայացնել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու վերաբերյալ ապացույց, որպիսի ապացույցի առկայության դեպքում է հնարավոր միայն արձանագրել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության 15-օրյա ժամկետի սկիզբը և իրականացնել համապատասխան հաշվարկը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ հստակ որոշել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրը, վարչական մարմինը, պետք է կրի դրա պատճառով առաջացող հնարավոր բացասական հետևանքները:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը նախատեսել է վարչական տույժ նշանակելու, այսինքն` անձին վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետ (բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի), անուղղակիորեն սահմանափակելով վարչական վարույթի իրականացման տևողությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Միաժամանակ վարչական մարմինը պետք է հաշվի առնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, գործի նյութեր ձեռք բերելու և դրանք գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) տրամադրելու, վերջինիս կողմից դրանք ստանալու ու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետը, որպիսի ժամկետի լրանալուց հետո` անկախ գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը ստանալու օրվանից, կատարված արարքը կկորցնի իր հանրային վնասակարությունը, և անձը կազատվի վարչական պատասխանատվությունից:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Ցողիկ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան համայնքի 25.09.2019 թվականի թիվ Վ-36/60 որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում Ցողիկ Ավետիսի Ավետիսյանի մեղքը կատարված իրավախախտման մեջ, իսկ մեղքի բացակայության պայմաններում Ցողիկ Ավետիսի Ավետիսյանը չէր կարող ենթարկվել պատասխանատվության: Դատարանը նշել է, որ առկա լուսանկարներից պարզ չէ, թե դրանք երբ են կատարվել, որ հասցեում են կատարվել կամ ինչքանով են վերաբերելի իրավախախտմանը:

Վերաքննիչ դատարանը Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ այն հիմնավորմամբ, որ վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի նախաձեռնության մասին ուղղակիորեն վկայում է 22.08.2019 թվականին կազմված արձանագրությունը: Վիճարկվող որոշումն ընդունվել է 25.09.2019 թվականի սեպտեմբերին: Այսինքն, տվյալ դեպքում, վարչական վարույթի սկիզբ է համարվում 22.08.2019 թվականը, հետևաբար 30-օրյա ժամկետը պետք է ավարտվեր 25.09.2019 թվականին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քննարկվող դեպքում պահպանված չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի առավելագույն 30-օրյա ժամկետը:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի կողմից 22.08.2019 թվականին կազմվել է թիվ 030542 արձանագրությունը` Ցողիկ Ավետիսյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի 25.09.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու» որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով այն հիմնավորմամբ, որ սեփականության իրավունքով հայցվորին և Գարեգին Էլոյանին պատկանող Երևանի Դավթաշեն 2-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում հայցվորն ինքնակամ իրականացրել է ավտոտնակի ծածկի և ավտոտնակի վրա քարե շարվածքի շինարարական աշխատանքներ:

Սույն գործում առկա չէ 22.08.2019 թվականին կազմված թիվ 030542 արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի կողմից ստանալու օրվա վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի ապացույցի առկայության դեպքում միայն հնարավոր կլիներ արձանագրել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության 15-օրյա ժամկետի սկիզբը և իրականացնել համապատասխան հաշվարկը:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ քննարկվող դեպքում պահպանված չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի առավելագույն 30-օրյա ժամկետը, նշված պատճառաբանությունը դիտել է բավարար վերաքննիչ բողոքը մերժելու համար` որևէ անդրադարձ չկատարելով վերաքննիչ բողոքի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ հիմքին և այդ կապակցությամբ բերված հիմնավորմանն առ այն, որ հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Գևորգ Դավթյանն ընդդեմ Կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքին և հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքը քննության առնելու և դրա հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.12.2021 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 1 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809939367

 

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.12.2022
N ՎԴ/8942/05/19
Որոշում