Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2023 թվականի N 452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 395-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 15.1-ին հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասը, 52-րդ հոդվածի 4.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 395-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի մարտի 30-ի

N 452-Ն որոշման

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն) ներքին կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգի և պայմանների ամբողջությունն է:

 

2. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Պրոբացիայի ծառայությունը`

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներով նախատեսված` տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ և 7-րդ կետերով նախատեսված պատիժների կատարումը.

4) տրամադրում է պրոբացիայի շահառուին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցներ.

5) իրականացնում է վերահսկողություն պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.

6) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է հաշտարարություն.

7) իրականացնում է վերասոցիալականացման և վերականգնողական միջոցառումներ.

8) ապահովում է իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցների կատարումը.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

3. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

3. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայության` պրոբացիայի շահառուի հաշվառման, մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գտնվելու վայրի կամ բնակության վայրին առավել մոտ գտնվող համապատասխան ստորաբաժանումը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` նրանց փաստացի բնակության վայրի հասցեն սպասարկող ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

4. Օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը (այսուհետ նաև` դատական ակտ) ստանալուց հետո Պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ դատական ակտի կատարումը գործող գործավարության կարգի համաձայն մակագրում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ նաև` ստորաբաժանման ղեկավար): Ստորաբաժանման ղեկավարը դատական ակտը ստանալուց հետո անհապաղ դատական ակտի կատարումը մակագրում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող պրոբացիայի ծառայողին (այսուհետ նաև` պրոբացիայի ծառայող):

5. Դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան Պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից ստանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում և հրավիրում Պրոբացիայի ծառայություն` հստակ նշելով ներկայանալու օրը և պատշաճ ծանուցում նշանակված պատժատեսակի, դրա ժամկետների կամ չափի և կատարման կարգի մասին, ինչի վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն: Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողը, «Պրոբացիայի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ կերպով ծանուցում է պատժի և ժամկետների մասին, իսկ տուգանքի դեպքում` դրա չափի և վճարման ժամկետների մասին և ծանուցումը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում` ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ (Ձև N 1): Պրոբացիայի ծառայողը կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործ: Անձնական գործը կազմվում է էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում` թղթային եղանակով (Ձև N 2): Անհնարինության պատճառները վերանալուց հետո անձնական գործը մուտքագրվում է էլեկտրոնային ծրագիր և վարվում է էլեկտրոնային եղանակով:

6. Պրոբացիայի շահառուի` ստորաբաժանում ներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը նրան վերցնում է հաշվառման, անհապաղ պրոբացիայի շահառուի ստորագրությամբ պարզաբանում է նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը (Ձև N 3), ինչպես նաև լրացնում է հաշվառման քարտ (Ձև N 4):

7. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ ստորաբաժանում, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` ստորաբաժանում ներկայանալը:

8. Պրոբացիայի շահառուի` ծանուցմամբ նշված օրը ստորաբաժանում չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը 3 աշխատանքային օրվա ընթացքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմում է արձանագրություն, իսկ պրոբացիայի շահառուին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու ուղղությամբ` հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

9. Եթե հնարավոր չէ կապ հաստատել պրոբացիայի շահառուի հետ, կամ նրա գտնվելու վայրը չի բացահայտվում ծանուցումն ուղարկելուց հետո 15 օրվա ընթացքում, ապա ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում դատարան է ներկայացնում միջնորդություն` պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

10. Պրոբացիայի շահառուի կողմից պատժի կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին անհապաղ կազմում է արձանագրություն և 2 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում դատարան` դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ, իսկ տուգանք պատժատեսակի դեպքում` դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կամ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:

11. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու, պատժի կատարման և կատարող մարմնի մասին տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին և հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (Ձև N 5):

12. Օրենքով սահմանված կարգով դատական ակտը փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին կցվում են նաև համապատասխան փոփոխություններ նախատեսող դատական ակտերը:

13. Պատժի կատարումից հետո ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին (Ձև N 6) ու դրա մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անձնական գործն արխիվացնում է:

 

4. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

14. Տուգանքի կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

15. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` ստորաբաժանում ներկայանալու դեպքում նրան վերցնում է հաշվառման, անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը, տուգանքի վճարումը տարաժամկետված կամ հետաձգված լինելու դեպքում կազմում է վերահսկողության պլան (Ձև N 7), որում ներառում է տուգանքի վճարման ժամանակացույցը և պրոբացիայի ծառայողի գործողությունները` ժամանակացույցը խախտելու դեպքում, լրացվում է հաշվառման քարտ:

16. Պրոբացիայի շահառուի կողմից տուգանքի վճարման անդորրագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում ստորաբաժանման ղեկավարը 2 աշխատանքային օրվա ընթացքում դատարան է ներկայացնում միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ դատական ակտով նշանակված տուգանքը կամ դրա չվճարված մասը բռնագանձելու վերաբերյալ` բացառությամբ այն դեպքի, երբ պրոբացիայի շահառուն մինչ այդ դիմել է դատարան` տուգանքը տարաժամկետելու կամ հետաձգելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ և դիմումի մուտքագրված պատճենը ներկայացրել է Պրոբացիայի ծառայություն:

17. Դատարանի` բռնագանձման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանման ղեկավարի կողմից տուգանքի գանձման վարույթը կասեցվում է:

18. Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույք չի հայտնաբերել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել, ապա կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված արձանագրությունը ստանալուց հետո ստորաբաժանման ղեկավարը վարույթի կասեցումը վերացնում է և միջնորդություն ներկայացնում դատարան` դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքը կամ դրա չվճարած մասն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:

20. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տուգանքի գումարը բռնագանձելու վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը, ինչի հիման վրա Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի անձնական գործն արխիվացնում է:

21. Այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների հետ, կամ որպես պատիժ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող անձի նկատմամբ, կամ այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ կիրառվել է ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը, ապա պրոբացիայի ծառայողն այցելում է հիմնական կամ սկզբնական պատիժ կատարող հիմնարկ` նրան հաշվառման վերցնելու նպատակով:

22. Եթե պրոբացիայի շահառուն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու ընթացքում ի վիճակի չէ վճարելու տուգանքը, ապա պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ կազմում է արձանագրություն և տեղեկացնում պրոբացիայի շահառուին` դատարան համապատասխան միջնորդություն ներկայացնելու հնարավորության մասին:

23. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում և այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների հետ, կամ որպես ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող անձի նկատմամբ, ապա սկզբնական պատիժ կատարող հիմնարկի կողմից օրենքով սահմանված կարգով ծանուցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի կատարումն ապահովվում է օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

24. Տուգանքը հետաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում, յուրաքանչյուր անգամ դատարանի կողմից սահմանված ժամկետում կամ չափով այն չվճարվելու դեպքում իրականացվում են սույն կանոնակարգի 16-րդ կետով սահմանված գործողությունները:

 

5. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

25. Հանրային աշխատանքների կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

26. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է պրոբացիայի շահառուի` հանրային աշխատանքների փաստացի ներգրավվելու պահից:

27. Պրոբացիայի ծառայության դիմումի հիման վրա կազմակերպությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում են հանրային աշխատանքների կատարման վայրեր:

28. Կազմակերպությունների կողմից առաջարկված հանրային աշխատանքների կատարման վայրերի հայտի հիման վրա Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի շահառուին ուղեգրում է հանրային աշխատանքների կատարման համապատասխան վայր (Ձև N 8):

29. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի առաջին աշխատանքային օրն այցելում է հանրային աշխատանքների կատարման վայր, պրոբացիայի շահառուին և համապատասխան կազմակերպության ղեկավարին ստորագրությամբ հանձնում է համապատասխան կազմակերպության հետ համաձայնեցված ժամանակացույց (Ձև N 9), որը պարտադիր է պրոբացիայի շահառուի համար:

30. Պրոբացիայի շահառուն և հանրային աշխատանքների կատարման վայրի աշխատակազմը յուրաքանչյուր օր ժամանակացույցում նշում են կատարում կատարված աշխատանքների ժամաքանակի մասին, որը հավաստվում է ամենօրյա պարբերականությամբ` վերջիններիս ստորագրությամբ (Ձև N 10):

31. Պրոբացիայի ծառայությունը կարող է ինքնուրույն կազմակերպել և վերահսկել հանրային աշխատանքների կատարումը` կազմակերպությունների հետ նախապես համաձայնեցնելով աշխատանքների կատարման վայրը:

32. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում նշված հանգամանքները ճշտելուց հետո ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում հանրային աշխատանքների կատարման կասեցումը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է:

33. Պրոբացիայի ծառայողն ամիսն առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի` հանրային աշխատանքների կատարման աշխատավայր` եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, աշխատանքի կատարման ժամանակացույցը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն:

34. Սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված դեպքում պրոբացիայի ծառայողը, հաշվի առնելով այցելության ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ հայտնաբերված տվյալները, կարող է պրոբացիայի շահառուից կամ աշխատավայրի վարչակազմից պահանջել վերադարձնել ժամանակացույցի` նրանց օրինակը: Այդ ժամանակահատվածում վարչակազմի կողմից 2 օրինակից կազմվում է արձանագրություն պրոբացիայի շահառուի աշխատանքի մասին, որոնցից մեկը տրվում է պրոբացիայի շահառուին: Պրոբացիայի շահառուի աշխատած ժամերը ներառվում են ժամանակացույցի մեջ: Արձանագրություն կազմելուց հետո պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին կամ աշխատավայրի վարչակազմին վերադարձնում է ժամանակացույցի` նրանց օրինակը:

35. Եթե պատժի ժամկետի ավարտից հետո պրոբացիայի շահառուն և աշխատավայրի վարչակազմը չեն ուղարկում ժամանակացույցի` նրանց օրինակները, ապա պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պահանջելու դրանք:

36. Պրոբացիայի շահառուի` պատժից ազատվելուց հետո Պրոբացիայի ծառայությունն աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների ավարտի մասին:

37. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող հիմնարկը պրոբացիայի շահառուից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանում է ուղարկում դատական ակտի պատճենը և 5 օրվա ընթացքում ստորաբաժանում ներկայանալու մասին պրոբացիայի շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

38. Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու նպատակով ստորաբաժանումը հանրային աշխատանքների կատարման վայրերը որոշելու նպատակով համագործակցում է պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց հետ կնքվում են համապատասխան պայմանագրեր (Ձև N 11):

39. Ստորաբաժանումը, ստանալով հանրային աշխատանքների կատարման առաջարկված վայրերի մասին համապատասխան տեղեկատվությունը, այն համադրում է իր որոշած վայրերի հետ և կազմում հանրային աշխատանքների կատարման վայրերի ընդհանուր ցանկ, որը կարող է պարբերաբար վերանայվել: Ընդհանուր ցանկում առնվազն պետք է ընդգրկված լինեն հանրային աշխատանքի անցնելու վայրերը (կազմակերպությունները և մարմինները):

40. Ցանկում ընդգրկված կազմակերպություններից և մարմիններից յուրաքանչյուրի հետ ստորաբաժանումը գրավոր համաձայնեցնում է հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի պահանջները: Ժամանակացույցի մեկական օրինակ կազմվում է տարածքային մարմնի, աշխատավայրի վարչակազմի և պրոբացիայի շահառուի համար:

41. Ստորաբաժանումը կազմակերպություններին և մարմիններին ծանուցում է հանրային աշխատանքների ոչ պատշաճ կատարման կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքերում այդ մասին Պրոբացիայի ծառայությանն անհապաղ տեղեկացնելու պարտականության մասին:

42. Հանրային աշխատանքների կատարման վայրը ստորաբաժանման կողմից որոշվելու դեպքում հաշվի են առնվում հանրային աշխատանքների կատարման վայրի և պրոբացիայի շահառուի հաշվառման վայրի (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրի) միևնույն համայնքի կամ Երևան քաղաքում վարչական շրջանի շրջանակում տեղակայված լինելու հանգամանքը: Յուրաքանչյուր դեպքում հանրային աշխատանքների կատարման վայրը պետք է լինի պրոբացիայի շահառուի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հանրային աշխատանքների կատարման վայրը ստորաբաժանման կողմից որոշվելու դեպքում հնարավորինս հաշվի է առնվում նաև պրոբացիայի շահառուի կարծիքը:

43. Պրոբացիայի շահառուին ստորաբաժանման կողմից կարող են առաջարկվել հետևյալ աշխատանքները`

1) բանվորական աշխատանքներ (բակերի բարեկարգում, շենքերի տանիքների վերանորոգում, ցանկապատերի ներկում, շենքերի կամ շինությունների կոսմետիկ վերանորոգում).

2) ոռոգման աշխատանքներ.

3) կանաչապատման աշխատանքներ.

4) հողի մշակման աշխատանքներ.

5) ճանապարհային նշանները ներկելու, մոնտաժելու աշխատանքներ.

6) պատմամշակութային վայրերի կամ զբոսայգիների մաքրման և բարեկարգման աշխատանքներ.

44. Ստորաբաժանման կողմից պրոբացիայի շահառուին առաջարկվում է համապատասխան աշխատանք: Պրոբացիայի շահառուին համապատասխան աշխատանքներն առաջարկելիս ստորաբաժանման կողմից հնարավորինս հաշվի է առնվում պրոբացիայի շահառուի սեռը, տարիքը, ֆիզիկական տվյալները, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային կամ մասնագիտական հմտությունները, ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

45. Հանրային աշխատանքների ժամանակը որոշվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

46. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պրոբացիայի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

6. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

47. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

48. Պրոբացիայի ծառայությունը եզրափակիչ դատական ակտը ստանալուց հետո դրա պատճենն անհապաղ ուղարկում է պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմ, իսկ եթե պրոբացիայի շահառուն զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից` այդ իրավունքը տրամադրած մարմնին կամ կազմակերպությանը:

49. Եթե պրոբացիայի շահառուն զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա Պրոբացիայի ծառայության պետի կողմից լիազորված ստորաբաժանման ծառայողը անհապաղ` դատական ակտը ստանալու հաջորդ աշխատանքային օրը, համապատասխան նշում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տվյալների շտեմարանում, որտեղ պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ ստուգում է դատապարտյալի կողմից աշխատանքի կատարման կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տվյալները, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն:

50. Դատապարտյալի կողմից զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի շահառուին հանում է հաշվառումից և զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում անձնական գործը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կատարումը շարունակելու նպատակով:

51. Պատիժը ծառայության վայրում կատարելու անհնարինության դեպքում զինվորական կոմիսարիատն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է անձնական գործը` նշելով պատժի կատարման անհնարինության պատճառները: Անձնական գործը ստանալուց հետո ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է զինվորական ծառայության ժամկետով պատժի կատարումը կասեցնելու մասին որոշում:

52. Եթե կիրառվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կասեցում, ապա զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից հետո պատժի կատարման կասեցումը վերացվում է:

53. Եթե պրոբացիայի շահառուի նկատմամբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կամ նշանակվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ապա ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում` մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված ազատազրկման ավարտը: Այդ դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով:

54. Պրոբացիայի շահառուի կողմից նոր աշխատանքի անցնելու դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուից պահանջում է 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրից ներկայացնել զբաղեցրած նոր պաշտոնի վերաբերյալ տեղեկանք:

 

7. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

55. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

56. Պրոբացիայի ծառայողն օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո ազատությունից զրկելու հետ չկապված հիմնական պատժի դեպքում պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի դեպքում պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկում միգրացիայի հարցերով պետական լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում Պրոբացիայի ծառայությանը տեղեկացնելու վերաբերյալ:

57. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում հիմնական պատիժ կատարող հիմնարկը հիմնական պատժի կրումից ազատվելիս դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ուղարկում դատական ակտի պատճենը և հինգ օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն ներկայանալու մասին պրոբացիայի շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

58. Դատապարտյալի` ծանուցմամբ նշված օրը Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` դատապարտյալին հայտնաբերելու նպատակով:

59. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս` դրա ժամկետի հաշվարկը սկսվում է հիմնական պատիժը կրելուց հետո` Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու պահից:

60. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակված լինելու դեպքում հիմնական պատիժ կատարող հիմնարկը պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն 50 օր առաջ Պրոբացիայի ծառայությանը գրավոր ծանուցում է պատժի ժամկետի ավարտի օրվա վերաբերյալ:

61. Սույն կանոնակարգի 56-րդ կետով նշված հանգամանքների բացակայության դեպքում ստորաբաժանման ղեկավարն ազատությունից զրկելու հետ չկապված հիմնական պատժի կամ վերահսկողության դեպքում պատժի կատարման կամ վերահսկողության ժամկետն ավարտվելուց առնվազն 5 օր առաջ, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի դեպքում պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն 1 ամիս առաջ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով:

62. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և 3 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում դատարան` դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ:

63. Օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետության տարածքից վտարումը կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը: Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված կարգով:

 

8. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

 

64. Ազատության սահմանափակում պատժատեսակի կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները: Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` ստորաբաժանում ներկայանալու դեպքում պրոբացիայի շահառուին վերցնում է հաշվառման, ստորագրությամբ նրան պարզաբանում է ազատության սահմանափակման պատժի կատարման կարգն ու պայմանները, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը, լրացվում է հաշվառման քարտ, կազմվում է վերահսկողության պլան:

65. Այն դեպքում, երբ դատարանի կողմից սահմանվել է առանց պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության բնակության վայրը փոխելու արգելքը, ապա պրոբացիայի շահառուն բնակության վայրը փոխելու համար համաձայնություն ստանալու նպատակով 7 օր առաջ դիմում է Պրոբացիայի ծառայությանը` նշելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը: Պրոբացիայի ծառայողը դիմումը ստանալուց հետո ստուգում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը, և 5 աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանման ղեկավարը կայացնում է որոշում բնակության վայրը փոխելու համաձայնություն տալու կամ մերժելու մասին:

66. Պրոբացիայի շահառուի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում ազատության սահմանափակման կատարման կասեցումը վերացվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով:

67. Ազատության սահմանափակման կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: Հսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

68. Պատիժը կրելուց հետո պրոբացիայի շահառուի վարքագծի նկատմամբ հսկողությունը դադարեցվում է, և նա հանվում է հաշվառումից:

69. Եթե Պրոբացիայի ծառայությունը դատարան է ներկայացրել միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու կամ պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ, և մինչև ազատության սահմանափակման ժամկետի ավարտը դատարանը համապատասխան որոշում չի կայացնում, ապա ազատության սահմանափակման ժամկետի ավարտից հետո պրոբացիայի շահառուի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, սակայն նա չի հանվում հաշվառումից և անձնական գործը չի արխիվացվում:

70. Պատիժը կրելուց հետո ստորաբաժանման ղեկավարը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:

 

9. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

71. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառված քրեաիրավական ներգործության միջոցների կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայության` իրավաբանական անձի կամ դրա մասնաճյուղի գտնվելու վայրի կամ դրանց գործունեության իրականացման վայրի համապատասխան ստորաբաժանումը կամ դատական ակտում նշված վայրի համապատասխան ստորաբաժանումը:

72. Քրեաիրավական ներգործության միջոցի նշանակման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո Պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ դատական ակտը, գործող գործավարության կարգի համաձայն, մակագրում է ստորաբաժանման ղեկավարին: Ստորաբաժանման ղեկավարը դատական ակտը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն մակագրում է պրոբացիայի ծառայողին:

73. Քրեաիրավական ներգործության միջոցի նշանակման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է իրավաբանական անձի կամ դրա մասնաճյուղի գործունեության իրականացման կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձին ծանուցում է օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով վերջինիս անունից հանդես եկող իրավասու անձի (այսուհետ` իրավասու անձ)` Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ, ինչպես նաև կազմում է անձնական գործ:

74. Քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետի ավարտից հետո ստորաբաժանումն իրավաբանական անձին տալիս է տեղեկանք ներգործության միջոցի ժամկետի ավարտի մասին, իսկ իրավաբանական անձի անձնական գործն արխիվացվում է:

75. Քրեաիրավական ներգործության միջոցների ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը 3 օրվա ընթացքում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին:

 

10. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

76. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

77. Պրոբացիայի ծառայողն իրավասու անձի` ստորաբաժանում ներկայանալուց հետո վերջինիս անհապաղ, ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի կատարման կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

78. Այն դեպքում, երբ դատարանն իրավաբանական անձին թույլատրել է տուգանքը մաս առ մաս վճարել, կամ տուգանքի վճարման համար սահմանվել է մինչև 3 տարի ժամկետ, կամ երկարաձգել է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 3 տարով, ապա կազմվում է նաև վերահսկողության պլան:

79. Այն դեպքում, երբ իրավաբանական անձը Պրոբացիայի ծառայության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացնում Պրոբացիայի ծառայություն կամ խախտում է տուգանքի վճարումը երկարաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները, Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան` իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, իսկ դրա բացակայության դեպքում` տուգանքը գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ փոխարինելու վերաբերյալ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

 

11. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

80. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

81. Իրավաբանական անձը գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կիրառման մասին եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան գործունեության իրականացումն անհապաղ դադարեցնելու մասին գրավոր ծանուցում է Պրոբացիայի ծառայությանը` ներկայացնելով տվյալ գործունեության իրականացման անհապաղ դադարեցման փաստը հավաստող անհրաժեշտ ապացույցներ:

82. Իրավաբանական անձը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով, հիմնադիր փաստաթղթերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ տվյալները և դրանք հիմնավորող փաստաթղթերը ոչ ուշ, քան փոփոխություններն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Պրոբացիայի ծառայություն:

83. Եթե գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կիրառման արդյունքում իրավաբանական անձին արգելվել է այնպիսի գործունեություն իրականացնելը, որի համար տրվել է լիցենզիա կամ որը հաշվառվել է որպես ծանուցման ենթակա գործունեություն, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին հայտնում է լիցենզավորող մարմնին կամ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն իրականացնող լիազոր մարմնին:

84. Պրոբացիայի ծառայողը, հաշվի առնելով դատարանի կողմից սահմանված գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման տևողությունը, ամիսն առնվազն 1 անգամ այցելում է իրավաբանական անձի կամ դրա մասնաճյուղի գտնվելու կամ դրանց գործունեության իրականացման վայր, կամ իրեն հայտնի` իրավաբանական անձի կողմից մատուցվող ծառայությունների, աշխատանքների կատարման կամ այլ համանման վայր:

85. Իրավաբանական անձը, որպես պարտապան, իր մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթի առկայության մասին պարտավոր է անհապաղ հայտնել Պրոբացիայի ծառայությանը:

86. Եթե առկա է իրավաբանական անձի` որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան` քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:

87. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան այն հարկադիր լուծարմամբ փոխարինելու վերաբերյալ:

 

12. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

88. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

89. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պրոբացիայի ծառայողն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

90. Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում է լուծարման հանձնաժողով:

91. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

92. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական անձի կամավոր լուծարումը կամ վերակազմակերպումն արգելվում է:

93. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործարք կամ կապակցված մի քանի գործարքներ իրականացնելը (բացառությամբ այն գործարքների, որոնց կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պարտադիր է), որը կարող է հանգեցնել տվյալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա որոշված ակտիվների 25 տոկոսից ավելի չափով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելուն կամ այդ չափով գույք օտարելուն, կարող է իրականացվել միայն Պրոբացիայի ծառայության թույլտվությամբ:

94. Սույն կանոնակարգի 93-րդ կետով նախատեսված թույլտվությունը տալիս է Պրոբացիայի ծառայության ղեկավարը:

95. Եթե իրավաբանական անձի լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է իրավաբանական անձի` որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթի առկայությունը հավաստող փաստաթղթեր, ապա ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում դատարան` քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու վերաբերյալ, իսկ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումն արդեն իսկ երկարաձգված լինելու դեպքում` դրա կատարումը վերացնելու վերաբերյալ:

 

13. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

96. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

97. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ դատական ակտի պատճենն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին` համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

98. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը դատական ակտի պատճենը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության արգելքի կատարման վերաբերյալ տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը:

99. Պրոբացիայի ծառայությունը լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյանում ստուգում է տվյալ իրավաբանական անձի անվանումով գործունեության որոշակի տեսակի համար լիցենզիա ստանալու հանգամանքը:

100. Լիցենզիա ստացած լինելու վերաբերյալ տեղեկության առկայության դեպքում լիցենզավորող մարմնին հայտնում է իրավաբանական անձի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի վերաբերյալ` իր իրավասության շրջանակում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

101. Պրոբացիայի ծառայությունը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանում ստուգում է տվյալ իրավաբանական անձի անվանումով ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար հաշվառված լինելու հանգամանքը և նման տեղեկության առկայության դեպքում լիազոր մարմնին հայտնում է իրավաբանական անձի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի վերաբերյալ` իր իրավասության շրջանակում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:

102. Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկած գործողությունների և դրանց արդյունքների մասին բոլոր տվյալները ներառում է տվյալ իրավաբանական անձի անձնական գործում:

 

14. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

103. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայության` պրոբացիայի շահառուի հաշվառման, մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի կամ բնակության վայրին մոտ համապատասխան ստորաբաժանումը կամ մշտական բնակության վայր չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում` նրա փաստացի բնակության վայրի ստորաբաժանումը կամ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացում և վերականգնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը:

104. Որոշակի վայրեր այցելելու արգելքի մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո Պրոբացիայի ծառայության ղեկավարն անհապաղ դատական ակտը գործող գործավարության կարգի համաձայն մակագրում է ստորաբաժանման ղեկավարին:

105. Ստորաբաժանման ղեկավարը դատական ակտը ստանալուց հետո անհապաղ այն մակագրում է ստորաբաժանման պրոբացիայի ծառայողին:

106. Որոշակի վայրեր այցելելու արգելքի մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում, պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի` պատժից ազատվելուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ և կազմում է անձնական գործ:

107. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, նրա համար կազմվում է վերահսկողության պլան, և լրացվում է հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

108. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` ստորաբաժանում ներկայանալուց հետո անհապաղ, ստորագրությամբ, պրոբացիայի շահառուին` վերջինիս համար հասկանալի լեզվով պարզաբանում է որոշակի վայրեր այցելելու արգելքի կիրառման կարգը և պայմանները, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:

109. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այցելել պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր` պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն:

110. Պրոբացիայի շահառուին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի շահառուին հայտնաբերելու ուղղությամբ:

111. Եթե պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը 15 օրվա ընթացքում չի բացահայտվում, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան` պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

112. Որոշակի վայրեր այցելելու արգելքն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ` սույն կանոնակարգի 18-րդ գլխով սահմանված կարգով:

113. Պրոբացիայի շահառուի կողմից` դատարանի սահմանած որոշակի վայրեր այցելելու արգելքը 2 և ավելի անգամ խախտելու պարագայում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան` որոշակի վայրեր այցելելու արգելքը կարճաժամկետ ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:

114. Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի ավարտից հետո պրոբացիայի շահառուի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, ստորաբաժանման պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի ավարտի մասին, պրոբացիայի շահառուին հանում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է:

115. Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը 3 օրվա ընթացքում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին:

 

15. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ

 

116. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի 14-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

117. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո այդ մասին 3 օրվա ընթացքում հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին:

118. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն կիրառելու ժամանակ անձը կալանավորվում է կամ դատապարտվում է կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման, ապա հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող անձի անձնական գործը Պրոբացիայի ծառայությունը փոխանցում է քրեակատարողական հիմնարկ` հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքը և դրա շարունակականությունն ապահովելու նպատակով:

119. Եթե անձն ազատվում է կալանքից կամ կարճաժամկետ ազատազրկումից կամ ազատազրկումից մինչև հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման ժամկետի ավարտը, ապա քրեակատարողական հիմնարկն անձնական գործն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն` հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքը և շարունակականությունն ապահովելու նպատակով:

120. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին հրավիրելու ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ պրոբացիայի շահառուի վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ:

121. Պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց են տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցները` հիմնվելով աշխատանքի այնպիսի մեթոդների վրա, որոնք ապացուցահեն են, կլինիկապես փորձարկված, մասնագիտորեն ընդունելի և համապատասխանում են սահմանված մասնագիտական չափանիշներին:

122. Հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցին Պրոբացիայի ծառայությունը տրամադրում է հոգեբանական օգնություն ստանալու պարտականության մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:

123. Հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցը պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն է տրամադրում` հաշվի առնելով հոգեբանական օգնություն ստանալու պարտականության մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված ժամկետը:

124. Հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցը Պրոբացիայի ծառայության պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ պարբերաբար տեղեկություն է տրամադրում պրոբացիայի շահառուի հոգեբանական օգնություն ստանալու, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վարքագծի վերաբերյալ:

125. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում Պրոբացիայի ծառայողն անհրաժեշտության դեպքում դիմում է հոգեբույժի` մասնագիտական կարծիք ստանալու նպատակով, ինչպես նաև 2 օրվա ընթացքում պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման մասին կազմում է արձանագրություն և այն ներկայացնում համապատասխան դատարան, ինչպես նաև տեղեկացնում պրոբացիայի շահառուի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությանը: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող` հոգեբանի կամ հոգեբույժի մասնագիտական կարծիքը:

126. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող` պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի բարելավման դեպքում 2 օրվա ընթացքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և այն ներկայացնում համապատասխան դատարան, ինչպես նաև տեղեկացնում է պրոբացիայի շահառուի բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությանը: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի բարելավումը փաստող` հոգեբանի կամ հոգեբույժի մասնագիտական կարծիքը:

127. Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը կամ դադարեցնել այն` հիմք ընդունելով հոգեբան-փորձագետի եզրակացությունը:

 

16. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

128. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս կիրառվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված կարգավորումները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները: Դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում և հրավիրում Պրոբացիայի ծառայություն` հստակ նշելով ներկայանալու օրը, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, «Պրոբացիայի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, նրան պատշաճ կերպով ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ:

129. Եթե առկա են հավաստի տվյալներ, որ պրոբացիայի շահառուն ֆիզիկական անհնարինության կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ ստորաբաժանում, ապա պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի շահառուին կամ ապահովում է նրա` ստորաբաժանում ներկայանալը:

130. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` ստորաբաժանում ներկայանալուց հետո նրան վերցնում է հաշվառման, լրացնում հաշվառման քարտ, կատարում է ռիսկերի և կարիքների գնահատում, կազմում է վերահսկողության պլան, անհապաղ, ստորագրությամբ պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվառման ներկայանալու օրվանից հետո վերահսկողությունն իրականացնող ստորաբաժանում ներկայանալու հաճախականության կամ նրա վրա դրված պարտականությունները չկատարելու յուրաքանչյուր փաստով վերահսկողությունն իրականացնող ստորաբաժանում ներկայանալու պարտականության մասին, ինչի մասին պրոբացիայի շահառուից վերցվում է ստորագրություն և լրացվում է պրոբացիայի շահառուի հաճախումների ժամանակացույցը (Ձև N 12):

131. Պրոբացիայի ծառայողի` պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո ստորաբաժանման ղեկավարը 3 օրվա ընթացքում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին` դատական ակտի կատարման մասին և տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

132. Դատական ակտն օրենքով սահմանված կարգով փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին, առկայության դեպքում, կցվում են սույն կանոնակարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

133. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է վերահսկողությունից «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան կազմված հաճախումների ժամանակացույցով սահմանված օրերին 2 և ավելի անգամ կամ սահմանված ժամանակահատվածում ոչ մի անգամ չի ներկայանում Պրոբացիայի ծառայություն, ապա պրոբացիայի ծառայողը 3 աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի շահառուին ծանուցագրով հրավիրում է Պրոբացիայի ծառայություն, պարզում է կատարված խախտման պատճառը` անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր: Պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (Ձև N 13), որի կապակցությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն: Արձանագրությունը ստորագրությամբ ծանոթացվում է պրոբացիայի շահառուին:

134. Եթե պրոբացիայի շահառուն փորձաշրջանի ընթացքում կրկին կատարում է սույն կանոնակարգի 133-րդ կետով նշված խախտումը, ապա համակողմանի գնահատման ենթարկելով խուսափելու պատճառները` ստորաբաժանման ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում մինչև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ժամկետը երկարաձգելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու և նրան պատիժ կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: Միջնորդության մեջ նշվում են պրոբացիայի շահառուի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին: Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր պրոբացիայի շահառուի աշխատանքի կամ ուսման, ինչպես նաև բնակության վայրերից:

135. Փորձաշրջանի մեջ գտնվող պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման ծառայողը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի ժամկետի ավարտի մասին տեղեկանք և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմինների:

136. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է ազատազրկման ձևով պատժի կրումից ազատվելու օրվանից: Պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է պրոբացիայի ծառայությունում հաշվառման վերցնելու օրվանից:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2023
N 452-Ն
Որոշում