Սեղմել Esc փակելու համար:
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԻՍ Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ2/0150/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0150/05/16            2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի նոյեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կամո Դավթյանի և «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանի (այսուհետ` Նոտար) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի ընդդեմ Նոտարի, երրորդ անձ Կամո Դավթյանի` Նոտարի 18.08.2016 թվականի թիվ ԵՄ-57 մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, և որպես հետևանք` Վարազդատ Դավթյանի (մահացած 08.04.2008 թվականին) և Վիկտորյա Նիկոլյանի (մահացած 12.02.2014 թվականին) մահից հետո Լարիսա Դավթյանին (մահացած 30.08.2010 թվականին) անցած ժառանգական գույքի 50 տոկոսի նկատմամբ յուրաքանչյուր հայցվորին 25 տոկոսի չափով ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասմիկ Հակոբյանը և Արտակ Հակոբյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի թիվ ԵՄ-57 18.08.2016 թվականի մերժումը և որպես հետևանք` պարտավորեցնել 30.08.2010 թվականին մահացած Լարիսա Դավթյանին վերջինիս ծնողների` 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի մահից հետո օրենքով անցած ժառանգական գույքի 50 տոկոսի նկատմամբ` յուրաքանչյուրին ընդհանուր գույքի 25 տոկոսի չափով, ժառանգության իրավունքի վկայագիր տալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.10.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.10.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կամո Դավթյանը (ներկայացուցիչ` Տիգրան Սարգսյան) և Նոտարը (ներկայացուցիչ` Կարեն Լևոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Հակոբյանը և Արտակ Հակոբյանը:

 

2. Կամո Դավթյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորները ժառանգությունն ընդունելու մասին դիմումներն օրենքով սահմանված կարգով վեցամսյա ժամկետում հանձնել են ոչ թե ժառանգության բացման վայրի նոտարին, այլ մեկ այլ` «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանին, որպիսի պայմաններում Նոտարն իրավաչափորեն մերժել է ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները ժառանգատուների ժառանգության բացման վայրի նոտարին դիմումները ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Նոտարն առհասարակ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու հանգամանքին չի անդրադարձել, մերժման հիմք է հանդիսացել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ժառանգության բացման վայրի նոտարին դիմումներ չներկայացնելը:

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0272/02/08 քաղաքացիական գործով 12.03.2010 թվականի որոշումը, քանի որ սույն հայցի շրջանակներում փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման հարց առհասարակ քննարկման առարկա չի հանդիսացել, և Նոտարի մերժումը չի վերաբերում փաստացի տիրապետման հիմքերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ազգակցական հարաբերությունների փաստը հաստատող փաստաթղթերի մեջ անճշտություն կա, հետևաբար վիճելի է նաև ժառանգների կազմը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.10.2017 թվականի վճռին:

 

2.1. Նոտարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Հակոբյանը և Արտակ Հակոբյանը ժառանգությունն ընդունելու մասին դիմումները հանձնել են ոչ թե ժառանգության բացման վայրի նոտարին այլ` «Դիլիջան» նոտարական տարածքի նոտարին, որպիսի պայմաններում Նոտարի կողմից կայացված որոշումը` ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրումը մերժելու մասին, եղել է իրավաչափ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները Վարազդատ Դավթյանի և Վիկտորյա Նիկոլյանի ժառանգության բացման վայրի` «Սևան» նոտարական տարածքի նոտարին, դիմումները ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նոտարի կողմից մերժման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ժառանգության բացման վայրի նոտարին դիմում չներկայացնելը, իսկ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու հանգամանքն առհասարակ քննարկման առարկա չի դարձվել, քանի որ նման պահանջով դիմում Նոտարին ներկայացված չի եղել:

i

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել սույն գործով հայցի առարկայի շրջանակներից, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0272/02/08 քաղաքացիական գործով 12.03.2010 թվականի որոշումը, քանի որ սույն հայցի շրջանակներում փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման հարց առհասարակ քննարկման առարկա չի հանդիսացել, և Նոտարի մերժումը չի վերաբերում ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու հիմքերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ազգակցական հարաբերությունների փաստը հաստատող փաստաթղթերում առկա են անճշտություններ, հետևաբար վիճելի է նաև ժառանգների կազմը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.10.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքների վերաբերյալ Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Գործում առկա ապացույցների համաձայն` դիմումները հայցվորները ներկայացրել են ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում վերջինիս առավել արժեքավոր գույքի գտնվելու վայրի` Դիլիջանի տարածքային նոտարին, և ըստ էության` ընդունել ժառանգությունը: Այսինքն` հայցվորները կատարել են գույքի փաստացի տիրապետմանն ու կառավարմանն ուղղված կոնկլյուդենտ (իրավահարաբերություններ հաստատելու անձի կամքը արտահայտող) գործողություններ` կոնկրետ նպատակ ունենալով իրենց տիրապետման տակ վերցնել իրենց հասանելիք ժառանգական գույքը:

Այսպես, հայցվորները ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով ընդունել են, իսկ նոտարը պարտավոր է փաստացի տիրապետման ու կառավարման հիմքով ձևակերպել իրենց ժառանգությունը:

Նոտարներին ուղղված դիմումներում հայցվորները նշել են, որ ներկայացման իրավունքով ընդունում են 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, որի պարագայում նոտարի պարտականությունն է իրավական գնահատական տալ իրենց գործողություններին և գույքի նկատմամբ ձևակերպել իրենց իրավունքները:

Նոտարը պարտավոր էր չմերժել հայցվորների դիմումները, ժամանակ տրամադրել անճշտությունները վերացնելու համար, որից հետո ձևակերպել հայցվորների իրավունքները:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը 07.08.2019 թվականի որոշմամբ Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սևանի տարածքային բաժնի 29.08.2014 թվականի ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի` Վարազդատ Արտակի Դավթյանի և Վիկտորյա Մամիկոնի Նիկոլյանի ամուսնությունը գրանցվել է 13.06.1953 թվականին Ծովագյուղի ԳԽԳ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում, որի վերաբերյալ կատարվել է թիվ 11 գրանցումը: Ամուսնությունից հետո ամուսինները կրել են Դավթյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) Համաձայն 22.02.1983 թվականի գույքային թերթի` Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 96 հասցեի անհատական բնակելի շենքը հաշվառված է Վարազդատ Արտակի Դավթյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) 13.06.1953 թվականի թիվ ԶԺ 579727 ծննդյան վկայականում 30.05.1953 թվականին ծնված Լարիսա Վարազդադի Դավթյանի հայրը նշված է Դավթյան Վարազդադ Արդակի, իսկ մայրը` Դավիթյան Սիլվա Մամիկոնի (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սևանի տարածքային բաժնի կողմից 07.03.2017 թվականին տրված ՀՍՍՌ պետական անվտանգության մինիստրության միլ. վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի ծննդյան ակտի թիվ 51 գրանցման թերթի` 30.05.1953 թվականին ծնված Լարիսա Դավիթյանի հայրը բաժնում լրացված է Դավիթյան Վարազդադ Արդակի, իսկ մայրը` Դավիթյան Սիլվարտ Մամիկոնի (հատոր 2-րդ, գ.թ. 41):

5) 01.09.1979 թվականի թիվ II-ՍԼ 496005 ծննդյան վկայականում 28.08.1979 թվականին ծնված Հասմիկ Հակոբյանի մայրը նշված է Դավթյան Լարիսա Վարազդատի (հատոր 1-ին, գ.թ. 10):

6) 26.05.1978 թվականի թիվ II-ՍԼ 371004 ծննդյան վկայականում 19.05.1978 թվականին ծնված Արտակ Հակոբյանի մայրը նշված է Դավթյան Լարիսա Վարազդատի (հատոր 1-ին, գ.թ. 11):

7) Համաձայն 29.07.2008 թվականի թիվ ԱԱ 143330 մահվան վկայականի` Վարազդատ Դավթյանը մահացել է 08.04.2008 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 30.04.2008 թվականին կատարվել է թիվ 132 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 7):

8) Համաձայն 31.08.2010 թվականի թիվ ԱԲ 038401 մահվան վկայականի` Լարիսա Վարազդատի Դավթյանը մահացել է 30.08.2010 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 31.08.2010 թվականին կատարվել է թիվ 6376 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 6):

9) Համաձայն 29.08.2014 թվականի թիվ ԱԲ 165295 մահվան վկայականի` Վիկտորյա Մամիկոնի Նիկոլյանը մահացել է 12.02.2014 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 19.02.2014 թվականին կատարվել է թիվ 39 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 8):

10) Հասմիկ Հակոբյանը 12.08.2014 թվականին դիմում է ներկայացրել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանին, որով հայտնել է, որ ներկայացման իրավունքով ընդունում է 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանին և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, վերջիններիս ժառանգը կարող էր լինել իր մայրը` Լարիսա Դավթյանը` մահացած 30.08.2010 թվականին, որը համասեփականատեր Վիկտորյա Նիկոլյանի աղջիկն է (հատոր 1-ին, գ.թ. 3):

11) Արտակ Հակոբյանը 12.08.2014 թվականին դիմում է ներկայացրել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանին, որով հայտնել է, որ ներկայացման իրավունքով ընդունում է 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանին և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, վերջիններիս ժառանգը կարող էր լինել իր մայրը` Լարիսա Դավթյանը` մահացած 30.08.2010 թվականին, որը համասեփականատեր Վիկտորյա Նիկոլյանի աղջիկն է (հատոր 1-ին, գ.թ. 4):

12) Հասմիկ Լևոնի Հակոբյանը 21.12.2015 թվականին դիմում է ներկայացրել Նոտարին, որով հայտնել է, որ 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունը ներկայացման իրավունքով 12.08.2014 թվականին ընդունել է և խնդրել է տալ ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 27):

13) Արտակ Լևոնի Հակոբյանը 21.12.2015 թվականին դիմում է ներկայացրել Նոտարին, որով հայտնել է, որ 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունը ներկայացման իրավունքով 12.08.2014 թվականին ընդունել է և խնդրել է տալ ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 26):

14) Հասմիկ Հակոբյանը 18.08.2016 թվականին դիմում է ներկայացրել «Սևան» նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին, որով հայտնել է, որ ժառանգությունը ներկայացման իրավունքով ընդունել է, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է ժառանգության վկայագիր ստանալու համար և խնդրել է դիմումը բավարարել կամ վերադարձնել փաստաթղթերը` մերժման որոշումով (հատոր 2-րդ, գ.թ. 19):

15) Նոտարը 18.08.2016 թվականի թիվ ԵՄ-57 գրությամբ մերժել է ժառանգության իրավունքի վկայագիր տալը` պատճառաբանելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված նորմերը, այն է` նոտարական գրասենյակ ներկայացված ժառանգության ընդունման դիմումը տրվել է, այն հասցեագրվել է այլ նոտարական տարածքի նոտարի, ոչ թե` ժառանգության բացման վայրի նոտարին: Բացակայում է դիմումի տակ օրենքով սահմանված կարգով վավերացման մակագրությունը, առկա է ոչ պատշաճ մակագրություն. ժառանգության ընդունման դիմումը պատշաճ կարգով ձևակերպված և վավերացված չէ: Միաժամանակ հայտնվել է, որ դիմումը ժառանգության բացման վայրի նոտարի մոտ օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում մուտք չի եղել, այսինքն` ժառանգության ընդունման դիմումը տրվել, հասցեագրվել և մուտք է եղել այլ նոտարական տարածքում: Միաժամանակ, նշվել է, որ ժառանգական գործը ենթակա է դատական կարգով լուծման, քանի որ առկա է ժառանգական գույքը բաժանելու անհամաձայնություն ժառանգների միջև: Գրությամբ նշվել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1237-րդ հոդվածով սահմանված հարցերը կարգավորելուց հետո վերջինս կարող է դիմել և ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր: Համաձայն նշված գրության` «Սևան» նոտարական տարածքի նոտարի լիազորությունները տվյալ ժամանակահատվածում համատեղել է «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտարը (հատոր 1-ին, գ.թ. 5):

16) ՀՀ արդարադատության նախարարի 31.01.2017 թվականի թիվ 40-Ա հրամանով Նոտարը 31.01.2017 թվականից փոխադրման կարգով նշանակվել է «Գավառ» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում (հատոր 1-ին, գ.թ. 100):

 

5. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքներին և դրանով պայմանավորված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը: Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգման երկու եղանակի դեպքում էլ ժառանգի կողմից ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Հատկանշական է, որ ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից (տե՛ս, Սուսաննա Նեմչինովան ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Սուրեն Առաքելյանի թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է նաև ժառանգության ձևակերպմանն առնչվող իրավակարգավորումներ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:

Փաստորեն, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար ժառանգը պետք է ներկայացնի դիմում, իսկ վկայագիրը տալու իրավասությամբ օժտված են ժառանգության բացման վայրի նոտարը և օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացը մանրամասն կարգավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով:

i

Այսպես` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին (...):

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի թիվս նոտարական այլ գործողությունների իրականացման, նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս նոտարը` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, իրականացնում է հանրային գործառույթներ` նպատակ հետապնդելով ապահովել անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի գործնականում իրացումը և պաշտպանությունը (տե՛ս, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ, 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`

1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.

2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.

3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.

4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.

6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.

7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.

8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Նույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի` նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

i

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ նոտարը` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված նոտարական գործողությունները պարտավոր է կատարել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան և պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սպառիչ հիմքերից առնվազն մեկի առկայության պարագայում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նոտարական գործողություններից յուրաքանչյուրի կատարման ընթացքում նոտարի կողմից ստուգման (պարզման) ենթակա հանգամանքների (հարցերի) ծավալն ու բնույթը: Մասնավորապես` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու հարցը լուծելիս նոտարը պարտավոր է ստուգել հետևյալ պայմանները.

1) ժառանգատուի մահվան փաստը,

2) ժառանգության բացման ժամանակը և վայրը,

3) կտակի առկայությունը,

4) ժառանգության զանգվածի կազմը:

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին ժառանգի գրավոր դիմումի հիման վրա պարզելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանները, մասնավորապես, ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, կտակի առկայությունը և ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կանոնների հաշվառմամբ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, եթե առկա չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքերի առկայության դեպքում նոտարը պարտավոր է դիմողի պահանջով կայացնել մերժման գրավոր որոշում, որում պետք է նշվեն մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը (տե՛ս, Վարդգես Չատիկյանն ընդդեմ ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի թիվ ՎԴ/12802/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2020 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավական դիրքորոշման հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև այն վերաբերում է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու նպատակով նոտարի կողմից կատարվող գործողություններին, սակայն այն հավասարապես կիրառելի է ըստ օրենքի ժառանգության դեպքում ևս: Ուստի, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին ժառանգի գրավոր դիմումի հիման վրա` նոտարը, պարզելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանների առկայությունը, նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում, պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել ժառանգության իրավունքի վկայագիր:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Նոտարի թիվ ԵՄ-57 18.08.2016 թվականի մերժումը և որպես հետևանք` պարտավորեցնել 30.08.2010 թվականին մահացած Լարիսա Դավթյանին վերջինիս ծնողների` 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի մահից հետո օրենքով անցած ժառանգական գույքի 50 տոկոսի նկատմամբ` յուրաքանչյուրին ընդհանուր գույքի 25 տոկոսի չափով, ժառանգության իրավունքի վկայագիր տալ:

Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ հայցվորները, ի հավաստումն 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունն ընդունելու փաստի, ներկայացրել են «Դիլիջան» նոտարական տարածքի նոտարին 12.08.2014 թվականին տրված դիմումները, որոնց ուսումնասիրությամբ Դատարանն արձանագրել է, որ դրանք 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի մասով այդպիսին չեն կարող համարվել, քանի որ այս դեպքում որպես ժառանգատու Վարազդատ Դավթյանը մահացել է ավելի վաղ, քան հայցվորների մայրը` Լարիսա Դավթյանը, այսինքն` ներկայացման իրավունքով ժառանգությունը չէր կարող ընդունվել, ինչն էլ նշանակում է, որ դիմումներն ընդհանրապես ներկայացվել են սահմանված ժամկետի խախտմամբ: Դատարանը նշել է, որ դատավարության մասնակիցները չեն վիճարկում, որ ժառանգության բացման վայրը Սևանի նոտարի գործունեության վարչական տարածքում է, որպիսի պայմաններում գտել է, որ վերը նշված դիմումները ժառանգության բացման վայրի նոտարին չեն հանձնվել, իսկ ժառանգության բացման վայրի նոտարին դիմումները հանձնված են սահմանված ժամկետի խախտմամբ` 21.12.2015 թվականին, այսինքն` Վիկտորյա Նիկոլյանի մասով ևս ժառանգությունը ձևակերպելու և ժառանգության իրավունքի վկայագիր տալու նորմերով սահմանված պայմանները չեն ապահովվել: Բացի այդ, հայցվորների, ինչպես նաև վերջիններիս մայր Լարիսա Դավթյանի ծննդյան վկայականում, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Սևանի տարածքային բաժնի կողմից 07.03.2017 թվականին տրված ՀՍՍՌ պետական անվտանգության մինիստրության միլ. վարչության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի ծննդյան ակտի թիվ 51 գրանցման թերթում 30.05.1953 թվականին ծնված Լարիսա Դավթյանի տվյալները չեն համապատասխանում միմյանց: Ուստի, նշված հակասությունների պատճառով ժառանգության փաստը հնարավոր չէ հաստատել:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի վերաքննիչ բողոքը, բեկանել, փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը բավարարել` արձանագրելով, որ հայցվորները կատարել են ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ընդունելուն ուղղված գործողություններ, հետևապես հիմնավոր չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ժառանգության իրավունքի վկայագիրը տալը մերժելու անհրաժեշտության վերաբերյալ պատասխանողի դիրքորոշումը, և ըստ այդմ` դրա իրավաչափ լինելու մասին Դատարանի եզրահանգումը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ժառանգատուների անունների, ազգանունների` իրական դրությանն անհամապատասխանության վերաբերյալ դատավարության մասնակիցների միջև վեճ առկա չէ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով հավաքված գրավոր ապացույցների ողջ համակցությունը վկայում է հայցվորների պահանջի հիմնավոր լինելու մասին, իսկ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածների պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, և չկիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը` եկել է սույն գործի լուծման վերաբերյալ սխալ եզրահանգման:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Հասմիկ Հակոբյանը 12.08.2014 թվականին դիմում է ներկայացրել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանին, որով հայտնել է, որ ներկայացման իրավունքով ընդունում է 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանին և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Արտակ Հակոբյանը 12.08.2014 թվականին դիմում է ներկայացրել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանին, որով հայտնել է, որ ներկայացման իրավունքով ընդունում է 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանին և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Հասմիկ Լևոնի Հակոբյանը 21.12.2015 թվականին դիմում է ներկայացրել Նոտարին, որով հայտնել է, որ 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունը ներկայացման իրավունքով 12.08.2014 թվականին ընդունել է և խնդրել է տալ ժառանգության իրավունքի վկայագիր:

Արտակ Լևոնի Հակոբյանը 21.12.2015 թվականին դիմում է ներկայացրել Նոտարին, որով հայտնել է, որ 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունը ներկայացման իրավունքով 12.08.2014 թվականին ընդունել է և խնդրել է տալ ժառանգության իրավունքի վկայագիր:

Հասմիկ Հակոբյանը 18.08.2016 թվականին դիմում է ներկայացրել «Սևան» նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին, որով հայտնել է, որ ժառանգությունը ներկայացման իրավունքով ընդունել է և համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է ժառանգության վկայագիր ստանալու համար և խնդրել է դիմումը բավարարել կամ վերադարձնել փաստաթղթերը` մերժման որոշումով:

Նոտարը 18.08.2016 թվականի թիվ ԵՄ-57 գրությամբ մերժել է ժառանգության իրավունքի վկայագիր տալը, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և պատճառաբանել, որ նոտարական գրասենյակ ներկայացված ժառանգության ընդունման դիմումը տրվել է այլ նոտարական տարածքի նոտարի, այլ ոչ թե ժառանգության բացման վայրի նոտարին, բացակայում է դիմումի տակ օրենքով սահմանված կարգով վավերացման մակագրությունը, առկա է ոչ պատշաճ մակագրություն. ժառանգության ընդունման դիմումը պատշաճ կարգով ձևակերպված և վավերացված չէ: Միաժամանակ հայտնվել է, որ դիմումը ժառանգության բացման վայրի նոտարի մոտ օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում մուտք չի եղել, այսինքն` ժառանգության ընդունման դիմումը տրվել, հասցեագրվել և մուտք է եղել այլ նոտարական տարածքում: Միաժամանակ, նշվել է, որ ժառանգական գործը ենթակա է դատական կարգով լուծման, քանի որ առկա է ժառանգական գույքը բաժանելու անհամաձայնություն ժառանգների միջև: Գրությամբ նշվել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1237-րդ հոդվածով սահմանված հարցերը կարգավորելուց հետո վերջինս կարող է դիմել և ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր:

Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորները 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունն ընդունելու համար դիմումները 12.08.2014 թվականին ներկայացրել են «Դիլիջան» նոտարական տարածքի նոտարին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ժառանգության ընդունման համար որպես ընդհանուր կանոն սահմանված է վեցամսյա ժամկետ, որը սկսում է հաշվարկվել ժառանգության բացման օրվանից: Միևնույն ժամանակ օրենսդիրը ժառանգությունն ընդունելու այլ ժամկետներ է սահմանել այն անձանց համար, որոնք ժառանգության իրավունք են ստացել ժառանգությունից այլ ժառանգի հրաժարվելու կամ վերջինիս կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում: Մասնավորապես, ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում ժառանգության իրավունք ստացած անձինք ժառանգությունը կարող են ընդունել ժառանգության բացման օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետի մնացած մասի ընթացքում, սակայն եթե այդ ժամկետը պակաս է երեք ամսից, ապա ժառանգությունը կարող է ընդունվել երեք ամսվա ընթացքում: Իսկ այն անձինք, որոնք ժառանգության իրավունք են ստացել այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, ապա կարող են ժառանգությունն ընդունել ժառանգության բացման օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետի ավարտից հետո` եռամսյա ժամկետում: Սահմանված ժամկետների ավարտից հետո ժառանգության ընդունումը հնարավոր է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, նշված կարգավորումները կիրառելի են նաև ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելու (ժառանգության տրանսմիսիա) դեպքում ժառանգության իրավունքի իրացման նկատմամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդված):

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված առավելագույն հնարավոր ժամկետը ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետն է` սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ կետով: Բացառություն է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգը, երբ հնարավոր է ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո (տե՛ս, Թերեզա Բաբայանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ2/0007/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2020 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ 08.04.2008 թվականին և 12.02.2014 թվականին բացված ժառանգությունների մասով խախտված է եղել ժառանգությունը ձևակերպելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետը, բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարազդատ Դավթյանի մասով ժառանգությունը ձևակերպելու և ժառանգության իրավունքի վկայագիր տալու հայցվորների պահանջը չի կարող իրավաչափ դիտվել, քանի որ ներկայացման իրավունքով Վարազդատ Դավթյանի ժառանգությունը հայցվորների, այսինքն` վերջինիս թոռների կողմից կարող էր ընդունվել այն դեպքում, երբ հայցվորների մայրը` Լարիսա Դավթյանը մահացած լիներ Վարազդատ Դավթյանից ավելի շուտ, մինչդեռ տվյալ դեպքում ժառանգատու Վարազդատ Դավթյանը մահացել է 08.04.2008 թվականին, իսկ հայցվորների մայրը` Լարիսա Դավթյանը` 30.08.2010 թվականին, այսինքն` Վարազդատ Դավթյանը մահացել է ավելի վաղ, քան հայցվորների մայրը, ուստի Վարազդատ Դավթյանի մասով ևս ժառանգությունը ձևակերպելու և ժառանգության իրավունքի վկայագիր տալու ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները չեն պահպանվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը` նշելով, որ հայցվորները կատարել են ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ընդունելուն ուղղված գործողություններ` նկատի ունենալով, որ սույն գործով վիճարկվում է Նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերժելու գործողության իրավաչափությունը, իսկ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու պահանջով դիմում Նոտարին ներկայացված չի եղել: Ինչ վերաբերում է 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի ժառանգությունն ընդունելու համար ներկայացված դիմումին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործում առկա ազգակցական հարաբերությունների փաստը հաստատող փաստաթղթերում առկա են անճշտություններ, որոնց պատճառով հայցվորների` Վիկտորյա Մամիկոնի Նիկոլյանի և Վարազդատ Դավթյանի ժառանգները լինելու փաստը սույն գործի շրջանակներում հնարավոր չէ հաստատել, որպիսի պայմաններում վերաքննիչ դատարանի եզրահանգումն այս մասով ևս ոչ իրավաչափ է և չհիմնավորված:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Նոտարի կողմից հայցվորներին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն խոչընդոտող վերոգրյալ հանգամանքների առկայության պայմաններում, ուստի Նոտարի թիվ ԵՄ-57 18.08.2016 թվականի մերժումը և որպես հետևանք` 30.08.2010 թվականին մահացած Լարիսա Դավթյանին վերջինիս ծնողների` 08.04.2008 թվականին մահացած Վարազդատ Դավթյանի և 12.02.2014 թվականին մահացած Վիկտորյա Նիկոլյանի մահից հետո օրենքով անցած ժառանգական գույքի 50 տոկոսի նկատմամբ` յուրաքանչյուրին ընդհանուր գույքի 25 տոկոսի չափով, ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու հայցվորների պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ հետևության հանգել էր Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի հետևանքով եկել է սխալ եզրահանգման:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր:

Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ բավարարվել է Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի կողմից ներկայացված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և նկատի ունենալով, որ Կամո Դավթյանի և Նոտարի վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, իսկ հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը Հասմիկ Հակոբյանից և Արտակ Հակոբյանից համապարտության կարգով, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքների համար սահմանված ու Կամո Դավթյանի և Նոտարի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարների (40.000 ՀՀ դրամ) հատուցման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով պետք է հավասարաչափ բաշխվի Հասմիկ Հակոբյանի և Արտակ Հակոբյանի միջև:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.10.2017 թվականի վճռին:

2. Հասմիկ Հակոբյանից և Արտակ Հակոբյանից համապարտության կարգով վերաքննիչ բողոքի համար հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ:

Հասմիկ Հակոբյանից և Արտակ Հակոբյանից համապարտության կարգով հօգուտ նոտար Լալա Մելիքյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հասմիկ Հակոբյանից և Արտակ Հակոբյանից համապարտության կարգով հօգուտ Կամո Դավթյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 17 նոյեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809896518

Միասնական կայք 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.11.2022
N ՎԴ2/0150/05/16
Որոշում