Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (ՕՐԻՆԱԿԱՆ ԱԿՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/5615/05/19

    Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5615/05/19         2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Կ. Համբարձումյան

                       Հ. Ենոքյան      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 9-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` գույքի ուղղակի վաճառքի և դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Արթուր Մկրտչյանը պահանջել է հարկադրել Երևանի քաղաքապետարանին իր հետ կնքելու Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր և դրանով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Լ. Հակոբյան 29.07.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերահասցեագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է, Երևան համայնքին պարտավորեցվել է Արթուր Մկրտչյանի հետ կնքել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող 17,2 քմ մակերեսով թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր` Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ սահմանված կարգով, այն է` կրպակի օտարման գին սահմանել 2.232.222 ՀՀ դրամ, օտարվող կրպակի դիմաց սահմանելով տարաժամկետ վճարման եղանակ 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև կնքել կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր 5 տարի ժամկետով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող գնով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2021 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 19.05.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Մկրտչյանը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 1-ին արձանագրության 1-ին մասը, 11-րդ արձանագրության 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ, 273-րդ, 279-րդ, 352-րդ, 436-րդ, 437-րդ, 461-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին, հիմք ընդունելով այդ թվում Արթուր Մկրտչյանի դիմումը, որոշում է կայացրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող կրպակաշարն ուղղակի վաճառքի ձևով օտարել դիմումատուներին, մասնավորապես` Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը` 17,2 քմ մակերեսով, իսկ կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով տրամադրել վարձակալության իրավունքով: Հետևաբար, պատասխանողը, որպես «Կենտրոն» թաղային համայնքի իրավահաջորդ պարտավոր էր ապահովելու Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման պահանջները, որի շրջանակում` հայցվորի հետ կնքել թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի և դրանով զբաղեցված հողամասի վարձակալության պայմանագրեր, սակայն մինչ օրս որոշման պահանջները չեն կատարվել:

 

Այսինքն` Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ գույքի սեփականատիրոջը պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու մասին հայցվորի պնդումները չեն կարող համարվել հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ` սեփականության անձեռնմխելիության սկզբունքին միջամտելու տեսանկյունից, անհիմն է, քանի որ վերջինս, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետով, իր հայեցողությամբ տնօրինել է իրեն պատկանող գույքը` ընդունելով 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը:

Առավել ևս, որ համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները վարչական մարմինները պարտավոր են կատարել, իսկ քանի որ գործող իրավակարգավորման տրամաբանությամբ որոշումը դեռևս ուժի մեջ է, հետևապես դրա պահանջները համապատասխան վարչական մարմնի` տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի կողմից ենթակա է կատարման անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է անցել:

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ խախտվել է Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը` անհիմն է, քանի որ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը դադարել է դեռևս 2008 թվականին, հետևաբար կարող էր խախտվել բացառապես Արթուր Մկրտչյանի սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով, սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել: Ակնհայտ է, որ նշված փաստերի պատշաճ գնահատման արդյունքում Դատարանը հաստատված կհամարեր, որ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը` որպես վարչական ակտ, վերացված կամ անվավեր ճանաչված չէ և գործում է դրա իրավաչափ լինելու կանխավարկածը և դրանով պատասխանողի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պարտադիրությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.05.2021 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման համաձայն` հիմք ընդունելով Դ. Այվազյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Մովսիսյանի, Հ. Կարապետյանի, Հ. Նազարյանի, Ն. Գրիգորյանի, Վ. Ասատրյանի, Դ. Շանոյանի, և Ա. Մկրտչյանի դիմումները, Երևանի քաղաքապետի 05.08.2004 թվականի թիվ 1542-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով` Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող և Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերը ուղղակի վաճառքի ձևով օտարել դիմումատուներին, մասնավորապես` Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը` 17,2 քմ մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2479505 վկայական, տրված 25.09.2007 թվականին):

 

Սույն որոշման առաջին կետում նշված յուրաքանչյուր կրպակի օտարման գին սահմանել 2.232.222 ՀՀ դրամ, համաձայն «Կառուցագետ» ԱՊ ընկերության 06.05.2008 թվականի թիվ Կ-08 076-010ա և թիվ Կ-08 076-01 անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունների.

Օտարվող յուրաքանչյուր գույքի /կրպակի/ դիմաց սահմանվել է տարաժամկետ վճարման եղանակ` 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը:

Սույն որոշման 1-ին կետում նշված յուրաքանչյուր կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է կրպակների գնորդներին:

Առաջարկվել է Երևանի Կենտրոնի թաղային համայնքի ղեկավարին որոշման առաջին կետում նշված անձանց հետ կնքել կրպակների ուղղակի վաճառքի և դրանցով զբաղեցված հողամասերի վարձակալության պայմանագրեր (հատոր 1-ին գ.թ 9):

2. Արթուր Մկրտչյանը 03.07.2019 թվականին Երևանի քաղաքապետին ներկայացված դիմումով հայտնել է. «Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ, հիմք ընդունելով նաև Արթուր Մկրտչյանի դիմումը, Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող և Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակն ուղղակի վաճառքի ձևով օտարել Արթուր Մկրտչյանին, իսկ դրա զբաղեցրած հողամասը` տրամադրել վարձակալության:

i

26.12.2008 թվականին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Երևան քաղաքի ավագանու ընտրությունից հետո, այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվել է Երևանին և վերջինս համարվել է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

Սակայն, մինչ օրս որոշման պահանջները չեն կատարվել:

Ավելին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան դիմումի վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող կրպակաշարերից որոշման շահառուներին վտարելու համար:

Նկատի ունենալով վերոգրյալը և ղեկավարվելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման պահանջներով, խնդրում եմ անհապաղ, ՀՀ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման հիմքով, Արթուր Մկրտչյանի հետ կնքել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պող. թիվ 53/4 հասցեում գտնվող և Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի և դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին գ.թ 11-12):

Միաժամանակ խնդրում եմ դադարեցնել ՀՀ ոստիկանության միջոցով որոշմամբ շահառու հանդիսացող Արթուր Մկրտչյանին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում կրպակաշարի թիվ 5 կրպակի տարածքից վտարելու գործողությունները»:

3. Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրությամբ Արթուր Մկրտչյանին հայտնել են. «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող տարածքը 25.09.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479505 վկայականի համաձայն հանդիսացել է Երևան համայնքի սեփականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարածքը Արթուր Մկրտչյանի կողմից զբաղեցվել է առանց իրավահաստատող փաստաթղթերի, առաջարկում եմ սույն ծանուցումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում ազատել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 53/4 հասցեում գտնվող տարածքը և հանձնել այն Երևան համայնքին:

Միաժամանակ հայտնում եմ, որ սահմանված ժամկետում տարածքը չազատելու և գույքի սեփականատեր Երևան համայնքին չհանձնելու պարագայում Երևան համայնքը ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ (հատոր 1-ին գ.թ 10):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի սեփականության իրավունքը (օրինական ակնկալիք) կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը չի վերացվել կամ անվավեր ճանաչվել:

 

i

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

i

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...), իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:

Համանման կարգավորումներ նախատեսված են նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներով:

 

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով սեփականության իրավունքը, այն բնորոշում է որպես բացարձակ իրավունք, որն իր բնույթով ամրապնդում է նյութական բարիքների պատկանելիությունը իրավունքը կրողին, հանդիսանում է ամենալայն գույքային իրավունքը, որը դրանով օժտված անձին` սեփականատիրոջը, հնարավորություն է տալիս անձնական շահերից բխող իրավունքները բավարարել անսահմանափակ տնօրինմամբ: Այսինքն` իրեն պատկանող գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող ցանկացած գործողություն, այդ թվում այլ անձանց փոխանցել գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման իրավունքը, այն գրավ դնել կամ տնօրինել այլ կերպ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սեփականության իրավունքի իրականացման երաշխիքները դրսևորվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքներում:

i

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի ազատության սկզբունքն իր մեջ ներառում է նաև պայմանագիր կնքելու կամ չկնքելու ազատությունը, որը գույքի սեփականատիրոջ դեպքում լրացնում է վերջինիս` իր հայեցողությամբ գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու սահմանադրական իրավունքը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քաղաքացիական օրենսդրության ցանկացած սկզբունքից բացառություն նախատեսվելու կամ բացառություն նախատեսող օրենսդրության մեկնաբանության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որի համաձայն` քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

Այսպիսով, պայմանագրի ազատության սկզբունքից բացառությունը

1. պետք է նախատեսված լինի օրենքով,

2. անհրաժեշտ լինի պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` (...)

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք. (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

i

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):

i

Վերլուծելով վերը նշված հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2796/02/13 գործով 17.07.2015 թվականի որոշմամբ նշել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական իրավունքում սկզբունքային դրույթներ հանդիսացող` կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունն իմպերատիվ կերպով սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով:

Կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ուղղակի վաճառքի և վարձակալության պայմանագրերի կնքումից խուսափելու փաստերի առկայությունը պայմանագրի կողմի մոտ առաջացնում է պայմանագիրը կնքելուց խուսափող կողմին պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք: Վերոնշյալի հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման համաձայն` հիմք ընդունելով Դ. Այվազյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Մովսիսյանի, Հ. Կարապետյանի, Հ. Նազարյանի, Ն. Գրիգորյանի, Վ. Ասատրյանի, Դ. Շանոյանի, և Ա. Մկրտչյանի դիմումները, Երևանի քաղաքապետի 05.08.2004 թվականի թիվ 1542-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով` Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող և Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերը ուղղակի վաճառքի ձևով օտարել դիմումատուներին, մասնավորապես` Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը` 17,2 քմ մակերեսով: Կրպակի օտարման գին է սահմանվել 2.232.222 ՀՀ դրամ, համաձայն «Կառուցագետ» ՍՊ ընկերության 06.05.2008 թվականի թիվ Կ-08 076-010ա և թիվ Կ-08 076-01 անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունների: Օտարվող յուրաքանչյուր գույքի /կրպակի/ դիմաց սահմանվել է տարաժամկետ վճարման եղանակ` 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը: Կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է կրպակների գնորդներին: Երևանի Կենտրոնի թաղային համայնքի ղեկավարին առաջարկվել է կնքել կրպակների ուղղակի վաճառքի և դրանցով զբաղեցված հողամասերի վարձակալության պայմանագրեր:

Արթուր Մկրտչյանը 03.07.2019 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով խնդրել է հիմք ընդունել Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման պահանջները, կնքել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող և Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի և դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր:

Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող տարածքը 25.09.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479505 վկայականի համաձայն հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը: Նշված տարածքը Արթուր Մկրտչյանի կողմից զբաղեցվել է առանց իրավահաստատող փաստաթղթերի, առաջարկվել է ծանուցումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում ազատել տարածքը և հանձնել այն Երևան համայնքին: Միաժամանակ հայտնվել է, որ սահմանված ժամկետում տարածքը չազատելու և գույքի սեփականատեր Երևան համայնքին չհանձնելու պարագայում Երևան համայնքը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ:

Դիմելով դատարան` Արթուր Մկրտչյանը պահանջել է հարկադրել Երևանի քաղաքապետարանին իր հետ կնքելու Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր և դրանով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ պատասխանողի համար Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ սահմանվել է հայցվորի հետ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելու պարտավորություն:

Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարել և Դատարանի 19.05.2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է արձանագրելով, որ 23.05.2008 թվականի որոշման կայացումից հետո կողմերի միջև Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 /17.2 քմ/ կրպակի օտարման և դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, ինչպես նաև հիշյալ գործարքների կատարմանն ուղղված միջոցներ` երկուստեք չեն ձեռնարկվել: 23.05.2008 թվականի որոշման կայացումից ի վեր կողմերի դրսևորած անգործությունն առնվազն թույլ է տալիս պնդել, որ կողմերի համար քննարկվող գործարքները կնքելու իրական շահագրգռվածությունն այլևս բացակայել է: (...) տվյալ որոշման կայացումից ի վեր, շուրջ 11 տարի, որոշմամբ նշված գործարքների կնքման ուղղությամբ որևէ գործողություն հենց հայցվորը չի ձեռնարկել, այլ միայն 2019 թվականի հունիս ամսին ստանալով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գրությունը` տարածքն ազատելու վերաբերյալ, նաև համոզվելով Երևանի քաղաքապետարանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից կրպակաշարերն ազատելու ուղղությամբ կատարվող գործողություններում, հայցվորը 03.07.2019 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին` 23.05.2008 թվականի որոշմամբ սահմանված պայմանագրերը կնքելու մասին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Մկրտչյանի մոտ ծագել է Երևան համայնքին պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք, քանի որ պատասխանողը խուսափել է գույքի ուղղակի վաճառքի և վարձակալության պայմանագրեր կնքելուց:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը, ի հիմնավորումն ներկայացված հայցապահանջի, վկայակոչել է փաստարկ առ այն, որ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակը` 17,2 քմ մակերեսով օտարվել է Արթուր Մկրտչյանին: Նշված որոշումը կայացնելուց հետո տարիներ շարունակ հայցվորն օգտագործել և տիրապետել է գույքը: Ավագանու որոշումը` որպես վարչական ակտ վերացված կամ անվավեր ճանաչված չէ և գործում է դրա իրավաչափ լինելու կանխավարկած, ինչի հիման վրա էլ հայցվորի մոտ առաջացել է օրինական սպասելիք նշված կրպակի ուղղակի վաճառքի և կրպակով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումից բխող գործողությունների կատարման արդյունքում, Արթուր Մկրտչյանն ունեցել է «օրինական սպասելիք»` բավարար իրավական հիմքեր, վստահելու վերը նշված որոշման իրավաչափությանը, որն ուղղված է եղել նրա համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, նրա մոտ ստեղծել է իրավաչափ որոշման տպավորություն, հետևաբար, նկատի ունենալով, որ Կոնվենցիայի հիմքով «օրինական սպասելիքը» հավասարեցվում է սեփականության իրավունքին և համապատասխանաբար պաշտպանվում է սեփականության իրավունքին համապատասխանող ռեժիմով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության կողմից իր պարտականությունը, այն է` ուղղակի վաճառքի և վարձակալության պայմանագրեր չկնքելը չի կարող հիմք հանդիսանալ Արթուր Մկրտչյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից Արթուր Մկրտչյանի հայցի բավարարումը` իր կողմից օգտագործվող` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի վերաբերյալ ուղղակի վաճառքի և կրպակով զբաղեցված տարածքի վարձակալության պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին անձի` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից հիմնավոր է և իրավաչափ, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը, ելնելով սեփականության իրավունքի` որպես հիմնարար իրավունքի էությունից, գտնում է, որ Դատարանը, բավարարելով Արթուր Մկրտչյանի պահանջը` Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող 17,2 քմ մակերեսով թիվ 5 կրպակի ՀՀ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի և թիվ 5 կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու մասին, հանգել է իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքի ներկայացման համար Արթուր Մկրտչյանի կողմից որպես պետական տուրք նախապես վճարվել է 40.000 ՀՀ դրամ` Վերաքննիչ դատարանի կողմից մերժված երկու ոչ դրամական պահանջների համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում վերոհիշյալ գումարը պետք է բռնագանձվի Երևանի քաղաքապետարանից հօգուտ Արթուր Մկրտչյանի:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2021 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Արթուր Մկրտչյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

i

կողմից թիվ ՎԴ/5615/05/19 գործով 09.12.2022 թվականին կայացված

որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

09.12.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 9-ին գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` գույքի ուղղակի վաճառքի և դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2021 թվականի վճռին:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

i

Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ քաղաքացիական գործերը, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի, ենթակա են քննության նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով առաջին ատյանի դատարան հանդիսացող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Ընդ որում` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի իրավասությանը վերապահված գործերի: Վարչական դատարանին ընդդատյա են նաև հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր այն գործերը, որոնք հարուցվում են ֆիզիկական անձի կողմից ներկայացված հայցի հիման վրա այն դեպքում, երբ վերջինս համարում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները կամ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը` վերլուծելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որպիսի հանգամանքից ելնելով` անհրաժեշտ չեմ համարում կրկին դրանք մանրամասն վկայակոչելը:

i

Սակայն միևնույն ժամանակ, հիմք ընդունելով հենց այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարծում եմ, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պետք է պայմանավորեր բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի ու նույն հոդվածի 3-րդ մասի խախտումներ, որոնք դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են` անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից, և գործի վարույթը կարճեր` այն քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Նշված եզրահանգումս պայմանավորված է նրանով, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, այն է` սույն գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով. այն ենթակա է եղել քննության վարչական դատավարության կարգով (չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թվականի որոշմամբ սույն գործը վերահասցեագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին), քանի որ`

- տվյալ դեպքում Արթուր Մկրտչյանը, ըստ էության, ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված գործողության կատարման հայց` Երևանի քաղաքապետարանից պահանջելով կատարելու վարչական ակտի ընդունմանը չուղղված որոշակի գործողություններ, այն է` հիմք ընդունելով Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը, իր հետ կնքել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր, իսկ դրանով զբաղեցրած տարածքի մասով` վարձակալության պայմանագիր,

- Երևանի քաղաքապետարանի, դրա պաշտոնատար անձի ենթադրյալ անգործությամբ խախտվել են հայցվորի ենթադրյալ իրավունքները,

- այդ խախտման հետևանքով առաջացած սույն դատական գործը` վեճը, ծագել է հանրային իրավահարաբերությունից, որպիսի հետևությունս պայմանավորված է նրանով, որ գործով քննության ենթակա պահանջներով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը Երևանի քաղաքապետարանն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները,

- սույն գործով քննության ենթակա հայցապահանջների հիմքում ընկած վեճը ծագել է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի` Երևանի քաղաքապետարանի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման ենթադրյալ պարտականությանը,

- սույն գործով քննության ենթակա հայցապահանջների բավարարումը ենթադրում է վարչական մարմնի` Երևանի քաղաքապետարանի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր այն գործադիր-կարգադրիչ գործառույթի իրականացումը, որն ուղղված է Արթուր Մկրտչյանի հետ Երևանի Տիգրան Մեծի պողոտա, թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր և դրանով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելուն:

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել վերը նշված հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա` հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 9 դեկտեմբերի 2022 թվական:

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի մարտի 27-ին:

 

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.12.2022
N ՎԴ/5615/05/19
Որոշում