Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 01.06.2006 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 01.06.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1054-Ն ՈՐՈ ...

 

21/03/2023-

ՎԴ/9805/05/21

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    30.03.2023թ.                                    ք. Երևան

i

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը.

 

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

                         Դատավորներ`        Ա. Ավագյան

                                            Գ. Սոսյան

                                            Ռ. Ազրոյան

                                            Ե. Առաքելյան

 

Գրավոր ընթացակարգով, քննության առնելով վարչական գործն ըստ դիմումի Մարիետա Հենրիկի Բաղրամյանի (անձնագիր` AM0593612 տրված 12.01.2012 թվականին 052-ի կողմից) ընդդեմ ՀՀ Կառավարության, երրորդ անձ Սպիտակ համայնք` ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

Դատավարական նախապատմությունը.

Մարիետա Բաղրամյանը (այսուհետ նաև` Դիմող), 08.09.2021 թվականին ՀՀ վարչական դատարանում մուտքագրված դիմումով, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության` 01.06.2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետը:

ՀՀ վարչական դատարանի` նախագահող դատավոր` Մ.Մելքումյան, դատավորներ` Ս.Հովակիմյան, Գ.Սոսյան, Ռ.Ազրոյան, Ե.Առաքելյան, 15.09.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, 10.12.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է, իսկ 11.04.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:

ՀՀ նախագահի 25.08.2022 թվականի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս.Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Վարչական գործը 09.12.2022 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավորներ Մ.Մելքումյանին, Ա.Ավագյանին, Գ.Սոսյանին, Ռ.Ազրոյանին, Ե.Առաքելյանին:

ՀՀ վարչական դատարանի` նախագահող դատավոր` Մ.Մելքումյան, դատավորներ` Ա.Ավագյան, Գ.Սոսյան, Ռ.Ազրոյան, Ե.Առաքելյան (այսուհետ նաև` Դատարան) 05.01.2023 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ:

 

Դիմողի իրավական դիրքորոշումը.

Մարիետա Բաղրամյանը, դատարան ներկայացրած դիմումով, հայտնել է, որ հանդիսանում է հանգուցյալ Հենրիկ Վանուշի Բաղրամյանի դուստրը և նրա մահից հետո ժառանգական գույքը փաստացի տիրապետման հիմքով ըստ օրենքի ժառանգություն ընդունած ժառանգը: Ժառանգական գույքի կազմում ներառված է Հենրիկ Բաղրամյանին կենդանության օրը սեփականության իրավունքով պատկանող, Սպիտակ քաղաքի Թորոսյան 81 հասցեում գտնվող բնակելի տունը և դրա սպասարկման համար նախատեսված 690 քմ տնամերձ հողամասը (հիմք` 1966 թ.-ի ապրիլի 15-ին Հայկական ՍՍՌ տնտեսության մինիստրության նախագծային կոնստրուկտորական բյուրոյի կողմից տրված գույքային թերթ, գույքը ներկայումս հաշվառված է թիվ 06-006-0502- 0004 ծածկագրի տակ):

Հենրիկ Բաղրամյանը մահացել է 09.05.2002 թվականին, ինչից հետո ինքը փաստացի ընդունել է հանգուցյալի ժառանգությունը, մասնավորապես` նրա մահից հետո անմիջապես սկսել է կառավարել հանգուցյալին պատկանող գույքը, հոգ է տարել պահպանման համար, սակայն օրենքով նախատեսված վեց ամսվա ընթացքում չի դիմել նոտարական գրասենյակ և իրավաբանորեն չի ձևակերպել ժառանգության ընդունումը: Ժառանգական գույքի կազմը հստակեցնելու նպատակով իր պատվերով իրականացվել է գույքի չափագրում: 12.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Սպիտակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, որով հայտնվել է, որ Մարիետա Բաղրամյանը հանդիսանում է Հենրիկ Բաղրամյանի հարազատ դուստրը, որն ըստ օրենքի, փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հանգուցյալի ժառանգությունը, որի կազմում է գտնվում նաև Սպիտակ քաղաքի Թորոսյան փ. 81 բնակելի տունը և տնամերձ հողամասը 06-006-0502-0004 ծածկագրի տակ: Հայտնվել է, որ 31.07.2021 թվականին Տարոն Վարդանյանի կողմից իրականացվել է չափագրում վերը նշված հողամասում, չափագրության արդյունքները կազմվել և ստորագրվել են վերջինիս կողմից, որը պետք է հաստատվի համայնքի ղեկավարի կողմից: Խնդրվել է չափագրության արդյունքները հաստատել կնիքով և ստորագրությամբ, հաստատված տարբերակով հետ վերադարձնել չափագրությունը: Սպիտակ համայնքի ղեկավարը 18.08.2021 թվականի գրությամբ մերժել է չափագրության հաստատումը` պատճառաբանելով, որ հողամասը Կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Սպիտակ համայնքին, բացի դա ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում (գործ թիվ ՎԴ6/0304/05/13) հողամասի մասով առկա է դատական վեճ:

Հարցում է կատարվել Կադաստրի կոմիտե 06-006-0502-0004 ծածկագրով հողամասի գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու մասին: Կադաստրի կոմիտեի կողմից 23.08.2021 թվականին պատասխանվել է, որ 06-006-0502-0004 ծածկագրով գրանցված անշարժ գույք չի հայտնաբերվել:

Փաստորեն Սպիտակ քաղաքի Թորոսյան 81 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում` տնամերձ հողամասը (հիմք 1991թ. ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդված), սեփականության իրավունքով պատկանել է հանգուցյալ Հենրիկ Բաղրամյանին, ում մահից հետո նրա ժառանգությունն ընդունել է դուստրը, պարզվել է, որ տնամերձ հողամասը ՀՀ կառավարության որոշմամբ, իբրև պետական գույք, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Սպիտակ համայնքին: ՀՀ կառավարության որոշումը` վիճելի հողամասին վերաբերող մասով, հակասում է իրենից ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերին, մասնավորապես` ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասին:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան ՀՀ կառավարությունը 01.06.2006 թվականին ընդունված «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1054-Ն որոշման 2-րդ կետով որոշել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5615.04 հեկտար հողամասերից 5195.64 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 4047.37 հեկտար, բնակավայրերի հողերի` 876.12 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 205.51 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 23.76 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 39.34 հեկտար, ջրային հողերի` 3.55 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սպիտակի քաղաքային համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

Նույն որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածի 74-րդ էջի 10-րդ տողով` ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 5 615,04 հեկտար հողամասերից` 5 195,64 հեկտարը, ներառյալ` 502-004 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով բնակավայրերի կառուցապատման նպատակային նշանակության հողամասը, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Սպիտակի քաղաքային համայնքին:

Վիճարկվող նորմը հակասում է իրենից ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերին, մասնավորապես` ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 52-րդ հոդվածի 4-րդ մասին, 56-րդ հոդվածի 1-ին մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Վիճարկվող որոշմամբ խախտվել է Դիմողի` ՀՀ Սահմանադրության 31-րդ (իրավահարաբերության ծագման պահին գործող շարադրությամբ), «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, հետևաբար վիճարկվող նորմը պետք է անվավեր ճանաչվի:

Հողամասի նկատմամբ հանգուցյալը սեփականության իրավունք է ձեռք բերել 1991 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և գործած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով, համաձայն որի` նախկինում քաղաքացիներին հատկացված տնամերձ հողամասերն անհատույց թողնվել են նրանց սեփականությանը:

i

ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:

i

Վերը շարադրված փաստերից հետևում է, որ Հենրիկ Բաղրամյանը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել մինչև 1999 թվականը, նշված փաստի և վկայակոչված նորմի մեկնաբանությունից հետևում է, որ 15.04.1966 թվականին տրված գույքային թերթն ուներ և ներկայումս էլ ունի իրավաբանական ուժ:

ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման վիճարկվող դրույթի համաձայն` Մարիետա Բաղրամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Սպիտակ համայնքին, որի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 14.09.2006 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում, խախտվել և խախտվում է Մարիետա Բաղրամյանի` Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

Նույն օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում:

ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ:

Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա:

Վիճարկվող նորմատիվ ակտի նախաբանից հետևում է, որ որոշում կայացնելիս ՀՀ կառավարությունը ղեկավարվել է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով:

Վկայակոչված նորմերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն գործով վիճելի իրավանորմի ընդունման համար որպես իրավական հիմք, մատնանշվել և կիրառվել է ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածը:

ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքային և գյուղական համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի:

Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս տարվա ընթացքում, կառավարության որոշմամբ առանձնացվում և հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին:

Համայնքի սեփականությանը կարող են պատկանել նաև համայնքի սահմանից դուրս գտնվող և համայնքի սեփականությանը հանձնված կամ համայնքի ձեռքբերած հողամասերը:

Վկայակոչված նորմից հետևում է, որ վիճարկվող նորմի ընդունման համար հիմք հանդիսացած ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությամբ ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով կարող էր փոխանցվել համայնքին բացառապես պետական սեփականություն հանդիսացող հողամասը, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ վիճելի նորմատիվ ակտով հողամասը չի հանդիսացել պետական սեփականություն, այլ այն սեփականության իրավունքով պատկանում է Մարիետա Բաղրամյանին:

Ակնհայտ է, որ վիճելի իրավանորմը հակասում է իրենից ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտի պահանջներին, դրանով խախտվում է Մարիետա Բաղրամյանի սեփականության իրավունքը, հետևաբար վիճելի իրավանորմը ենթակա է անվավեր ճանաչման:

Խնդրել է դիմումը բավարարել:

 

Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

Պատասխանող ՀՀ կառավարությունը դիմումի պատասխան չի ներկայացրել:

 

Երրորդ անձի իրավական դիրքորոշումը.

Երրորդ անձ Սպիտակ համայնքը դիմումի պատասխան չի ներկայացրել:

 

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.

Գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ`

1) որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները.

2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

Վկայակոչված իրավակարգավորման առարկայի իմաստով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման պահանջով դատարան դիմելու իրավունքի առկայությունը պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածը, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այլ կերպ` չի թույլատրում անձանց իրականացնել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման պահանջ ներկայացնելու համար վիճարկվող նորմատիվ իրավական ակտը նախ պետք է ազդեցություն (խախտում կամ խախտման առաջացման վտանգ) ունենա Դիմողի` Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իրավունքների ծավալի վրա:

Վերոշարադրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն վեճի շրջանակներում անհրաժեշտ է նախ պարզել` արդյոք Դիմողը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն:

Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Դիմողը, որպես իրավական շահի առկայության վերաբերյալ փաստարկներ, վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետը և 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը (ուժը կորցրել է 15.06.2001 թվականին), հայտնել է, որ վիճարկվող դրույթում նշված հողամասի նկատմամբ ծագել է իր իրավանախորդի սեփականության իրավունքը, որն իրավահաջորդության կարգով փոխանցվել է իրեն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգին են փոխանցվում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Թիվ ԼԴ4/1352/02/21 քաղաքացիական գործով 16.03.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Մարիետա Հենրիկի Բաղրամյանը հոր` Հենրիկ Վանուշի Բաղրամյանի

(մահացած` 09.05.2002թ.) մահից հետո փաստացի օգտագործման և տիրապետման հիմքով ընդունել է հոր ժառանգությունը: Այսինքն` նշված դատական ակտով հաստատվել է, որ գույքային իրավունքներն իրավահաջորդության կարգով անցել են Դիմողին, հետևապես Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք վիճարկվող դրույթում նշված հողամասի նկատմամբ Հենրիկ Վանուշի Բաղրամյանն ունեցել է սեփականության իրավունք, որը կարող էր փոխանցվել Դիմողին:

 

2. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, իսկ 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռքբերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Գործող ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:

Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1) այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2) դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/1471/02/08 որոշումը):

Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսությունների մինիստրության նախագծման կոնստրուկտորական բյուրոյի կողմից 15.04.1966 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Սպիտակ քաղաքի Շ.Թորոյան փողոցի թիվ 81 հասցեում գտնվող բնակելի տունը պատկանում է Հենրիկ Վանուշի Բաղրամյանին: Որպես գույքի հողամասի տարածություն նշվել է 690 քմ:

Նշվածի ապացույցի հետազոտման արդյունքում Դատարանը գտնում է, որ վիճելի հողամասն իրենից ներկայացնում է տնամերձ հողամաս, քանի որ այն անհրաժեշտ է բնակելի տան օգտագործման և սպասարկման համար, այսինքն` սույն գործով հաստատվել է Հենրիկ Վանուշի Բաղրամյանի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանները, այն է` տնամերձ հողամասը հատկացվել է մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ թիվ ԼԴ4/1352/02/21 քաղաքացիական գործով 16.03.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվում է, որ Հենրիկ Վանուշի Բաղրամյանի գույքային իրավունքներն իրավահաջորդության կարգով անցել են Դիմողին, այլ կերպ` Դիմողը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ` «շահագրգիռ անձ»:

 

3. ՀՀ վարչական դատարան ներկայացրած դիմումով բարձրացվել է վիճարկվող նորմի` ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 52-րդ հոդվածի 4-րդ մասին, 56-րդ հոդվածի 1-ին մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասության հարցը:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշումն ընդունելիս ՀՀ Կառավարությունը հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի իրավաչափությունը ենթակա է գնահատման ինչպես Դիմողի կողմից վկայակոչված, այնպես էլ դրա ընդունման համար հիմք հանդիսացող նորմերով նախատեսված իրավակարգավորումներին հակասության համատեքստում:

Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ ստորև վկայակոչվում են վիճարկվող դրույթը պարունակող նորմատիվ իրավական ակտի ընդունման պահին գործող իրավական ակտերը և դրանցում պարունակվող նորմերի խմբագրությունները:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքային և գյուղական համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի:

Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս տարվա ընթացքում, կառավարության որոշմամբ առանձնացվում և հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին:

Համայնքի սեփականությանը կարող են պատկանել նաև համայնքի սահմանից դուրս գտնվող և համայնքի սեփականությանը հանձնված կամ համայնքի ձեռք բերած հողամասերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքային, գյուղական համայնքների զարգացման համար պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող հողերից համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր տրամադրել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել և օգտագործել օրենքով սահմանված կարգով:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսել է համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերի` տվյալ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու սկզբունքը, որից բացառություն են կազմում սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողամասերը: Միևնույն ժամանակ, տվյալ դրույթի իրացումն ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը ՀՀ հողային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս տարվա ընթացքում, կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին: Բացի այդ, օրենսդիրը Կառավարությանը վերապահել է իր սեփականության ներքո գտնվող հողերից համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասեր տրամադրելու իրավասություն:

Ամփոփելով վերոշարադրյալը, Դատարանը գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի իմաստով Կառավարությանը վերապահվել է բացառապես պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին սեփականության իրավունքով փոխանցելու իրավասություն:

 

4. ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5615.04 հեկտար հողամասերից 5195.64 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 4047.37 հեկտար, բնակավայրերի հողերի` 876.12 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 205.51 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 23.76 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 39.34 հեկտար, ջրային հողերի` 3.55 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սպիտակի քաղաքային համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

Նշված որոշման թիվ 6 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից սպիտակ քաղաքային համայնքին անհատույց փոխանցվող հողերի ցանկը, որը ներառում է նաև 502-004 ծածկագրով հողամասը, մինչդեռ Դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա գտնում է, որ վիճելի հողամասը չի հանդիսացել պետական սեփականություն, քանի որ տվյալ գույքի նկատմամբ օրենքի ուժով ծագել է Հենրիկ Վանուշի Բաղրամյանի սեփականության իրավունքը, որպիսի իրավունքն իրավահաջորդության կարգով անցել է Դիմողին:

Այսպիսով, Դատարանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի հիման վրա քննելով վիճարկվող որոշման` Դիմումում նշված, ինչպես նաև չնշված այլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (նորմերին) անհամապատասխանության հարցը, գտնում է, որ ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման թիվ 6 հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող դրույթը հակասում է ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածին:

Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

Նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Իսկ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Նկատի ունենալով, որ դիմումը ենթակա է բավարարման, ուստի Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Դիմողի ենթակա է բռնագանձման նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ, 199-րդ հոդվածներով` Դատարանը.

 

ՈՐՈՇԵՑ

i

 

Մարիետա Հենրիկի Բաղրամյանի դիմումը բավարարել:

ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման թիվ 6 հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող դրույթը ճանաչել անվավեր:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Մարիետա Հենրիկի Բաղրամյանի բռնագանձել 3.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:

 

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

                   Դատավորներ`         Ա. Ավագյան

                                       Գ. Սոսյան

                                       Ռ. Ազրոյան

                                       Ե. Առաքելյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809964789

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2023 թվականի մայիսի 12-ին:

 

 

pin
Վարչական դատարան
15.03.2023
N ՎԴ/9805/05/21
Որոշում