Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱ ...

 

 

040.0145.210214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2014 թվականի N 145-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը գանձապետական համակարգի միջոցով նպաստ ստացողի բանկային հաշվին փոխանցելն է:

3. Նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են նպաստների վճարման ծառայություններ մատուցելու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) և բանկի միջև կնքված պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), իսկ բանկային հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` նպաստ ստացողի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով (այսուհետ` բանկային հաշվի պայմանագիր):

4. Բանկն աշխատակազմին է տրամադրում իր հետ բանկային հաշվի պայմանագիր կնքած` դիմում ներկայացրած հաճախորդների տվյալները:

5. Աշխատակազմը նպաստի տեղեկատվական բազա ներառված` նպաստը տվյալ բանկի միջոցով ստանալու մասին դիմում ներկայացրած նպաստ ստացողի տվյալները համեմատում է սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալների հետ և անհամապատասխանությունների առկայության դեպքում` բանկի և աշխատակազմի փոխհամաձայնեցված կարգով ճշտում դրանք: Եթե սույն կետում նշված անհամապատասխանությունները փոխհամաձայնեցված կարգով չեն ճշտվում, ապա նպաստը վճարվում է կանխիկ եղանակով:

6. Աշխատակազմը, հիմք ընդունելով նպաստի տեղեկատվական բազայում առկա տվյալները, այդ թվում` նպաստը վճարելու եղանակը և բանկային հաշվի համարը, ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:

7. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով աշխատակազմը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և ապահովում է վճարման ենթակա գումարի (այդ թվում` պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին:

8. Բանկը համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ նպաստի գումարը մուտքագրում է նպաստ ստացողի բանկային հաշվին:

9. Աշխատակազմը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազան Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող անձանց (այսուհետ` քաղաքացի) անհատական տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի (այսուհետ` սոցիալական բանկ) մաս է կազմում:

2. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նպաստի նշանակման և վճարման գործընթացն իրականացնելու նպատակով:

3. Նպաստի տեղեկատվական բազաներն ստեղծվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով պահանջվող փաստաթղթերում (ինքնաշխատ եղանակով ստացվող) առկա` երեխային և ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին վերաբերող անհատական տվյալների` տեղեկատվական բազա ներառման միջոցով:

4. Նպաստի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և տեղական տեղեկատվական բազաներից:

5. Կենտրոնական տեղեկատվական բազան ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված Ծառայության տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից:

(5-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

6. Տեղական տեղեկատվական բազան ձևավորվում է տվյալ տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող այն անձանց և նրանց երեխաների տվյալներից, ովքեր դիմել են նպաստ ստանալու համար:

7. Նպաստի տեղեկատվական բազան տնօրինում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կենտրոնական տեղեկատվական բազան շահագործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն), իսկ տեղական տեղեկատվական բազաները շահագործում են տարածքային կենտրոնները:

8. Նպաստի տեղեկատվական բազաներում հաշվառված անհատական տվյալները պաշտպանվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Կազմակերպությունը տեղական տեղեկատվական բազայում առկա դիմողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տվյալը համադրում է անձնավորված հաշվառման համակարգի տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հետ:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված համադրման արդյունքները կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը փոխանցում է տարածքային կենտրոններին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով` ցուցակների ձևով:

11. Տարածքային կենտրոնը տեղական տեղեկատվական բազայում կատարված փոփոխությունները` արդիականացված տվյալները, փոխանցում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` առցանց:

12. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են տվյալ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ:

13. Տարածքային կենտրոնը տեղական տեղեկատվական բազան կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը:

14. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 15-օրյա ժամկետում փոխանցվում են տարածքային կենտրոններին` առցանց:

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԿԱՄ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ (ՔԱՂԱՔԱՑՈՒ) ՀԵՏ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարները, ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով, վերադարձնելու կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ գումարների վերադարձման պարտքը մարած համարելու մասին «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) առաջարկության կապակցությամբ որոշում ընդունելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների` ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով վերադարձնելու (այսուհետ` ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձնել) կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ գումարների վերադարձման պարտքը մարած (այսուհետ` ավելի վճարված գումարների պարտքը մարած) համարելու մասին խորհրդի առաջարկությունը ներկայացնելու կապակցությամբ խորհուրդն ընդունում է որոշում քվեարկությամբ, եթե առկա է գրավոր դիմում և գումարվել է խորհրդի նիստ:

3. Խորհրդին կարող են գրավոր դիմել ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին), Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն), խորհրդի անդամ կազմակերպությունների, ընտանիքի (քաղաքացու) փաստացի բնակության վայրի համայնքի ղեկավարի աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողները`

1) ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին) խորհրդին ներկայացրած գրավոր դիմումին իր նախաձեռնությամբ կարող է կցել լրացուցիչ այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հավաստել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կողմնորոշիչ ցուցանիշներով իր ընտանիքի ոչ վճարունակ լինելու հանգամանքը.

2) տարածքային կենտրոնի խորհրդին ուղղած գրությանը պարտադիր կցվում է սեփական ուժերով իրականացրած տնային այցելության արձանագրությունը, որում ներառվում են ընտանիքի (քաղաքացու) սոցիալ-տնտեսական փաստացի վիճակի նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը.

3) խորհրդի անդամ կազմակերպությունների, ընտանիքի (քաղաքացու) փաստացի բնակության վայրի համայնքի ղեկավարի աշխատակազմի, համապատասխան մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողների` խորհրդին ուղղած գրությանը պարտադիր կցվում է սեփական ուժերով իրականացրած տնային այցելության արձանագրությունը, որում ներառվում են ընտանիքի (քաղաքացու) սոցիալ-տնտեսական փաստացի վիճակի նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը: Նշված գրությանը համապատասխան կազմակերպությունն իր նախաձեռնությամբ կարող է կցել լրացուցիչ այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հավաստել սույն կարգի 12-րդ կետով նախատեսված կողմնորոշիչ ցուցանիշներով` տվյալ ընտանիքի ոչ վճարունակ լինելու հանգամանքը:

(3-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

4. Խորհրդի` ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձնելու կամ պարտքը մարած համարելու առաջարկության մասին ընդունած որոշումն իրավաչափ է, եթե դրա ընդունման համար քվեարկել են նիստին մասնակցած խորհրդի անդամների թվի կեսից ավելին:

5. Ընտանիքի չափահաս անդամներից մեկը (քաղաքացին) ավելի վճարված գումարների վերադարձման կամ միանվագ վերադարձման հնարավորություն չունենալու մասին գրավոր կարող է դիմել տարածքային կենտրոն:

6. Տարածքային կենտրոնի ղեկավարը քաղաքացու` ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա, առանց սույն կարգով սահմանված ընթացակարգերի, 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտանիքի (քաղաքացու) հետ կազմում է ավելի վճարված գումարի վերադարձման ժամանակացույց:

7. Տարածքային կենտրոնի ղեկավարը դիմողի` ավելի վճարված գումարների վերադարձման կամ միանվագ վերադարձման հնարավորություն չունենալու մասին գրավոր դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքումկազմակերպում է սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի վարչական պատասխանատու աշխատողի և տվյալ տարածքն սպասարկող աշխատողի համատեղ տնային այցելություն:

(7-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 05.11.15 թիվ 1289-Ն որոշումներ)

8. Տնային այցելությունից հետո աշխատանքային մեկ օրվա ընթացքում կազմվում է արձանագրություն, որում ներառվում են տվյալ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների նկարագիրը, դրանից բխող եզրակացությունը և առաջարկությունը: Արձանագրությունն ստորագրում են տնային այցելություն կատարած բոլոր աշխատողները: Արձանագրությունը ներկայացվում է տարածքային կենտրոնի ղեկավարին, որն ընդունում է որոշում տվյալ ընտանիքին ավելի վճարված գումարի վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման համար հայցադիմում ներկայացնելու կամ ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու մասին:

9. Խորհուրդն ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու կապակցությամբ ստացած յուրաքանչյուր գրավոր դիմումը քննարկում է այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 1289-Ն որոշում)

10. Խորհրդի նիստին խորհրդի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, դիմողի փաստացի բնակության համայնքի ավագանու անդամներ և այլ ներկայացուցիչներ:

11. Խորհուրդը կազմում է հանձնաժողով` առնվազն երեք անդամով, որում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի, խորհրդի անդամ կազմակերպությունների, դիմողի փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

12. Հանձնաժողովը կատարում է դիմողի փաստացի բնակության վայրի այցելություն, տեղում ուսումնասիրում դիմողի ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները, տալիս եզրակացություն ավելի վճարված գումարների ժամանակացույցով վերադարձման կամ պարտքը մարած համարելու մասին` հաշվի առնելով`

1) ընտանիքի կազմը` չափահաս անաշխատունակ` հաշմանդամություն ունեցող և կենսաթոշակառու, անչափահաս անդամների թիվը, սոցիալական այլ խումբ ունեցող երեխաների առկայությունը, նրանց թիվը.

2) ընտանիքում եկամտի կայուն աղբյուրի բացակայությունը.

3) կոմունալ վարձավճարների վճարման առկա վիճակը` պարտքերը.

4) ընտանիքի ունեցած այլ պարտքեր.

5) բնակարանի (առանձնատան) կահավորվածության, դրա մաշվածության աստիճանը.

6) առողջապահական և հանրակրթական ծառայությունների մատչելիությունը.

7) երկարատև բուժման կարիք ունեցող` ընտանիքի հիվանդ անդամ ունենալը.

8) բնական և տեխնածին աղետների հետևանքով տուժած լինելը, բնակարանի հրդեհը, բնակարանի մի մասի կամ ամբողջական փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.

9) ընտանիքի անդամի մահը.

10) կենցաղային ծայրահեղ ծանր այլ պայմաններ:

(12-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

13. Հանձնաժողովը կազմում է տնային այցելության արձանագրությունը, որն ստորագրում են տնային այցելությանը մասնակցած` հանձնաժողովի բոլոր անդամները:

14. Հանձնաժողովի եզրակացությունը քննարկում է խորհուրդը, որի ընդունած որոշումն առաջարկությունը ներկայացնելու կամ չներկայացնելու մասին` ստորագրված նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է տարածքային կենտրոն:

(14-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 1289-Ն որոշում)

15. Որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(15-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

17. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հատուկ կարծիքն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ստորաբաժանման միջոցով, ուսումնասիրում է խորհրդի կողմից որոշման ընդունման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված դրույթներին, անհամապատասխանության հայտնաբերման դեպքում հարցն ուղարկում Ծառայության պետին` կրկնակի քննարկման համար:

(17-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 1289-Ն, 31.03.2022 թիվ 415-Ն որոշումներ)

18. Տարածքային կենտրոնը խորհրդի առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում, որում նշում է քաղաքացու (ընտանիքի) սոցիալական գործի (սոցիալական անձնագրի) համարը, ոչ հավաստի տեղեկատվության հայտնաբերման ամսաթիվը, ճշտված տեղեկատվության կիրառման արդյունքով նպաստի չափի և իրավունքի փոփոխության հանգամանքը, նպաստի վճարման դադարեցման դեպքում` դրա ամսաթիվը և ժամկետը, ավելի վճարված գումարի չափը, հետ վերադարձի ենթակա գումարի չափը, սոցիալական աջակցության խորհրդի նիստի ամսաթիվը, խորհրդի առաջարկության բովանդակությունը, խորհրդի առաջարկության հիման վրա ընդունված որոշումը, ժամանակացույց կազմելու դեպքում` ժամկետն ու ամսաթիվը, պարտքը մարած համարված գումարի չափը:

19. Խորհրդի կազմած որոշումն առաջարկության մասին և դրա հիման վրա տարածքային կենտրոնի ընդունած որոշումը պահպանվում են տվյալ ընտանիքի նպաստի գործում, իսկ տվյալները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են տեղեկատվական բազա:

20. Տարածքային կենտրոնը խորհրդի` ավելի վճարված գումարի ժամանակացույցով վերադարձման առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կազմում է ժամանակացույց` մինչև 12 ամիս ժամկետով, որն ստորագրում են տարածքային կենտրոնի ղեկավարը և դիմողը` ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ:

21. Ընտանիքի չափահաս անդամների անհամաձայնության և (կամ) փոխադարձ համաձայնությամբ հաստատված ժամանակացույցով ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման դեպքում տվյալ ընտանիքին ավելի վճարված գումարները ենթակա են դատական կարգով բռնագանձման:

22. Տարածքային կենտրոնը սոցիալական աջակցության խորհրդի` ավելի վճարված գումարի պարտքի մարման առաջարկության մասին որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա հիման վրա ընդունում է որոշում ավելի վճարված գումարի պարտքի մարման մասին: Ընդ որում, պարտքի մարման գումարը չի կարող գերազանցել տվյալ ընտանիքի ստացած վերջին ամսվա նպաստի չափի եռապատիկը:

23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված` մարված պարտքի գումարը գերազանցող գումարի վերադարձման համար ընտանիքի (քաղաքացու) հետ կազմվում է ավելի վճարված գումարի վերադարձման ժամանակացույց:

24. Տարածքային կենտրոնը սույն կարգի 22-րդ կետով նախատեսված` ընդունած իր որոշման մասին գրավոր հայտնում է տվյալ ընտանիքին և տեղեկացնում, որ դրանից հետո տվյալ ընտանիքի` ոչ հավաստի տեղեկատվությամբ դիմում-հայտարարագիր ներկայացնելու պահին, որևէ չափահաս անդամի կողմից (անգամ այլ ընտանիքի կազմում) ոչ հավաստի տեղեկատվության ներկայացման պատճառով ավելի վճարված գումարների պարտքի մարման վերաբերյալ այլևս դրական որոշում չի կարող ընդունվել:

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության նպաստի (այսուհետ` նպաստ) վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

(1-ին կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում ներառված Ծառայության տարածքային կենտրոնները յուրաքանչյուր ամիս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանն (այսուհետ` Կազմակերպություն) են տրամադրում տեղեկատվություն նպաստառու ընտանիքների, անձանց և նրանց նպաստի չափի մասին, որոնց հիման վրա Կազմակերպությունը կազմում և Ծառայությանն է տրամադրում նպաստների ֆինանսական միջոցների մասին նախնական հայտ-պահանջագրերը: Ծառայությունը կազմում և Ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն, 24.06.2021 թիվ 1053-Ն որոշումներ)

3. Նպաստների վճարումները կատարում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը` գանձապետական համակարգի միջոցով փոխանցված գումարների հաշվին:

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ

(14-րդ հավելվածն ուժը կորցրել է 31.03.2022 թիվ 415-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2014
N 145-Ն
Որոշում