Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/1581/04/19

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/1581/04/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Յունիպրտեկտ Գարդինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` «Ալ Ընդ Դավ 2» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն միջնորդել է թույլատրել սնանկ ճանաչված Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնել:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Ա. Կուբանյան) 31.01.2020 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 31.01.2020 թվականի որոշման դեմ Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Կոմիտեի միջնորդությունը քննելիս Դատարանն անտեսելով միջնորդությունը գործով պարտապանին /նաև պարտատիրոջը/ հասանելի չլինելու հանգամանքը, միջնորդությանն ընթացք է տվել` ստեղծված իրավիճակում չապահովելով պարտատիրոջ և պարտապանի արդար մրցակցային դատաքննության իրավունքը և զրկելով վերջիններիս իրենց դատավարական իրավունքներն իրացնելու օրենսդրական հնարավորությունից:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանություններին, ապա Վերաքննիչ դատարանն եկել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը սահմանում է այն միջնորդությունների ներկայացման կարգը, որոնցով դատարանը գործի քննության հետ կապված հարցերը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, իսկ սույն սնանկության գործով ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանն որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու և առանց գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելու: Միաժամանակ, թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ Ընկերությունը չեն ներկայացրել որևէ հիմնավորում տվյալ միջնորդության վերաբերյալ, որի բավարարումը կարող էր ազդել այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.03.2020 թվականի որոշումը` անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, հարկ է համարում կրկին անդրադառնալ այն հարցադրմանը, թե սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտի մոտ համալիր հարկային ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մինչև դատարան ներկայացնելն արդյո՞ք Կոմիտեն պարտավոր է միջնորդությանը կից ներկայացնել միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության մասին հիմնավորումները:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ նախ «միջնորդություն» եզրույթն իրենից ներկայացնում է պաշտոնական գրություն` ուղղված դատարանին, համապատասխան գործի շրջանակներում և դրա քննության ընթացքում դատարանի կողմից որևէ գործողություն կատարելու, որևէ հարցի այս կամ այն ընթացքը լուծելու համար: Նշված իրավանորմերից հետևում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով միջնորդության ներկայացման կարգը, ամրագրել է, որ դատական նիստից դուրս միջնորդությունը ներկայացրած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել գործին մասնակցող մյուս անձանց կամ, դրա անհնարինության դեպքում, ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Միաժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից կատարել է բացառություն այն դեպքերի համար, երբ միջնորդությունն իր բնույթով բացառապես այն ներկայացնող անձի իրավունքների իրականացման միջոց է, և չի ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Այսինքն, օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ գործին մասնակցող այլ անձանց միջնորդության վերաբերյալ իրազեկելը պարտադիր պայման է, եթե միայն նշված միջնորդությունը որևէ կերպ առնչվում է վերջիններիս իրավունքներին, պարտականություններին, շահերին, կարգավիճակին կամ դատավարության ընթացքին:

Սույն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «հարկային ստուգում» հասկացությանը և դրա իրականացման նպատակին ու ընթացակարգին:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: (...):

i

ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ծանոթացման: (...):

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: (...):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտին համալիր հարկային ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու պարտականություն է սահմանել: Ստուգման հանձնարարագիրը եռօրյա ժամկետում հարկ վճարողին ներկայացնելու օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Հանձնարարագրի մասին հարկ վճարողին ներկայացնելու համապատասխան ժամկետը սահմանելիս օրենսդիրը հիմք է ընդունել հարկային ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, օրենսդրի նման սահմանումը նպատակ ունի մի կողմից պաշտպանելու հարկ վճարողի շահերը, քանի որ վերջինս իրականացվող ստուգման մասին տեղեկացվում է ստուգումն իրականացվելուց երեք օր առաջ, մյուս կողմից` չի խախտվում հարկային մարմնի կողմից համապատասխան տնտեսվարողի մոտ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքը (տե՛ս, ըստ «ՎԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի` «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍնԴ/0895/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2022 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 29.01.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերությունում համալիր հարկային ստուգումն իրականացնելը թույլատրելու մասին (հավելված, գ.թ. 6-7):

Դատարանը, 31.01.2020 թվականի «ԱԼ ԸՆԴ ԴԱՎ 2 ՍՊ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, գնահատելով Կոմիտեի ներկայացրած պատճառաբանությունները` գտել է, որ Կոմիտեի միջնորդությունը հիմնավոր է, և վերջինիս պետք է թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում (հավելված, գ.թ. 11):

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ Դատարանը քննարկելով Կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման ուժով թույլ է տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ: Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Կոմիտեն միջնորդությանը չի կցել տվյալ միջնորդությունն ու դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները, ավելին` միջնորդության մեջ չի ներկայացրել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումները` այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ միջնորդաբերը կրել է այդպիսիք ներկայացնելու ուղղակի պարտավորություն: Ամփոփիչ եզրահանգման արդյունքում արձանագրելով, որ Կոմիտեի միջնորդությունը քննելիս Դատարանը, անտեսելով միջնորդությունը գործով պարտապանին /նաև պահանջատիրոջը/ հասանելի չլինելու հանգամանքը, միջնորդությանը ընթացք է տվել` ստեղծված իրավիճակում չապահովելով պարտապանի ու պահանջատիրոջ արդար, մրցակցային դատաքննության իրավունքը և զրկելով վերջիններիս իրենց դատավարական իրավունքներն իրացնելու օրենսդրական հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը քննել է Կոմիտեի` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունը, որին կից ներկայացված չեն եղել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով բացառապես Կոմիտեի իրավունքների, այն է` հարկային ստուգում անցկացնելու, իրականացման միջոց է, Դատարանը չի պահանջել Կոմիտեից այդ միջնորդության մասին իրազեկել գործին մասնակցող մյուս անձանց:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում առկա է եղել օրենսդրի կողմից նշված բացառությունը, քանի որ Կոմիտեի միջնորդությունը չի ազդել գործին մասնակցող անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն դեպքում Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է համալիր հարկային ստուգումների հանձնարարագրին, որը հրապարակելուց հետո միայն հարկային մարմինը կարող է անցկացնել ստուգում կամ ուսումնասիրություն. ընդ որում, համալիր հարկային ստուգումների հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց զատ դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը), և այս փուլում այն չի ազդել գործին մասնակցող անձանց որևէ իրավունքի, որևէ պարտականության, որևէ շահի, որևէ կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Ավելին` հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը նախ և առաջ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ պետության հանդեպ հարկային պարտավորությունները ճշտելն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համալիր հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` Ընկերությանը, միջնորդության մասին իրազեկելու պարտավորություն չի ունեցել, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 31.01.2020 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2020 թվականի որոշումը և ՀՀ սնանկության դատարանի 31.01.2020 թվականի ««ԱԼ ԸՆԴ ԴԱՎ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 7 հոկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180554895

 

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.10.2022
N ՍնԴ/1581/04/19
Որոշում