Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ, 30-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/4429/05/21

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4429/05/21

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Բաբոյանի, Կարեն Սուչյանի, Վահե Գևորգյանի և Ալեքսանդր Կարապետյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք` Վահագն Ատոմյան և Էլեն Բաղդասարյան` շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անդրանիկ Բաբոյանը, Կարեն Սուչյանը, Վահե Գևորգյանը և Ալեքսանդր Կարապետյանը պահանջել են անվավեր ճանաչել 25.01.2021 թվականին Վահագն Ատոմյանին և Էլեն Բաղդասարյանին տրամադրված թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը և վերականգնել այն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2021 թվականի որոշմամբ Անդրանիկ Բաբոյանի, Կարեն Սուչյանի, Վահե Գևորգյանի և Ալեքսանդր Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է` հայցադիմումն ընդունվել է վարույթ, ու Վահագն Ատոմյանը և Էլեն Բաղդասարյանը ներգրավվել են վարչական գործով դատավարության մեջ` որպես երրորդ անձինք:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2021 թվականի որոշմամբ Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2021 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու, նախնական դատական նիստ նշանակելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը` բացթողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահագն Ատոմյանը և Էլեն Բաղդասարյանը (ներկայացուցիչ` Տիգրան Խուրշուդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 30-րդ, 54-րդ և 80-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 20.02.2021 թվականի դրությամբ հայցվորները տեղեկացված են եղել վարչական ակտի գոյության մասին, քանի որ շինարարական աշխատանքները փաստացի սկսված են եղել հենց այդ օրվանից, իսկ կառուցապատվող տարածքում` Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18 շենքի Արամի փողոցի կողմից արտաքին պատի վրա` տեսանելի հատվածում, միաժամանակ փակցված է եղել կառուցապատվող օբյեկտի վերաբերյալ սահմանված իրազեկման վահանակը` քաղաքաշինական փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկատվությամբ: Բացի այդ, հայցվորները բնակվում են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 18/1 շենքում և չէին կարող չլսել շինարարական աշխատանքների ձայնն ու չնկատել տեղադրված վահանակը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել բողոքին կից ներկայացված ապացույցները, համակցության մեջ չի գնահատել բողոքում վկայակոչված պայմանագիրը և տեղեկանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորների կողմից ձեռնարկված միջոցները` 18.03.2021 թվականին կատարված հարցումը և վարչական ակտի պատճենն ստանալը, բավարար, ողջամիտ և անհրաժեշտ քայլեր չեն կարող դիտարկվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվոր կողմը չի վիճարկել վերաքննիչ բողոքի հիմքում ներկայացված փաստերը և կից ներկայացված գրավոր ապացույցների դեմ չի առարկել, հետևաբար, այդպիսիք ապացուցման կարիք չունեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 27.04.2021 թվականին, մինչդեռ 21.04.2021 թվականի դրությամբ արդեն իսկ ավարտված է եղել վարչական ակտի վիճարկման համար օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետը:

Հայցվորները չեն ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, հայցվորներն իրենց դատավարական իրավունքներից և դատավարական պարտականություններից օգտվել են ոչ բարեխիղճ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 25.05.2021 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու, նախնական դատական նիստ նշանակելու և ապացույց պահանջելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերն օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անդրանիկ Բաբոյանի, Կարեն Սուչյանի, Վահե Գևորգյանի և Ալեքսանդր Կարապետյանի անունից 27.04.2021 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել 25.01.2021 թվականին Վահագն Ատոմյանին և Էլեն Բաղդասարյանին տրամադրված թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը, որը ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) 05.05.2021 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 3-15):

Անդրանիկ Բաբոյանի, Կարեն Սուչյանի, Վահե Գևորգյանի և Ալեքսանդր Կարապետյանի ներկայացուցչի կողմից 18.05.2021 թվականին կրկին հայցադիմում է ներկայացվել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել 25.01.2021 թվականին Վահագն Ատոմյանին և Էլեն Բաղդասարյանին տրամադրված թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը:

Միաժամանակ, հայցվորների ներկայացուցիչը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ հայցվորները հանդիսանում են քաղաք Երևան, Վարդանանց թիվ 18 շենքի բնակարանների, ընդհանուր տարածքների և հողամասի բաժնային սեփականատերեր: Տեղեկանալով իրականացվող շինարարական աշխատանքների մասին` անմիջապես քայլեր են ձեռնարկել իրենց իրավունքների պաշտպանության համար: Այդ նպատակով դիմել են փաստաբանին, ով 18.03.2021 թվականին հարցում է կատարել Երևանի քաղաքապետարան, ստացել շինարարության թույլտվության պատճենը և այլ փաստաթղթեր, որից հայցվորները տեղեկացել են շինարարության թույլտվության մասին (հատոր 1-ին, գ.թ. 21-29):

Դատարանի 25.05.2021 թվականի որոշմամբ Անդրանիկ Բաբոյանի, Կարեն Սուչյանի, Վահե Գևորգյանի և Ալեքսանդր Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է` վերականգնվել է հայցվորների` դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը և հայցադիմումն ընդունվել է վարույթ այն հիմնավորումներով, որ հայցվորները, վիճարկվող ակտի հասցեատեր չհանդիսանալով, հնարավորություն չեն ունեցել ավելի վաղ տեղեկանալու վիճարկվող ակտի գոյության մասին, իսկ 18.03.2021 թվականին տեղեկանալուն պես անմիջապես ձեռնարկել են համապատասխան միջոցներ իրենց իրավունքների պաշտպանության համար, դիմել և վարչական մարմնից ստացել են վիճարկվող ակտի պատճենը, հիմքերը և երկամսյա ժամկետում դիմել են ՀՀ վարչական դատարան սույն հայցապահանջով (հատոր 1-ին, գ.թ. 38-41):

Դատարանի 25.05.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանը` նշելով, որ վիճարկվող վարչական ակտի գոյության մասին հայցվորները տեղեկացված են եղել 20.02.2021 թվականի դրությամբ, քանի որ շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսված են եղել այդ օրվա դրությամբ, կառուցապատվող տարածքը գտնվում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/1 շենքի հարևանությամբ, միաժամանակ հրապարակվել է կառուցապատվող օբյեկտի վերաբերյալ վարչական ակտը` տեղադրվել է իրազեկման վահանակ (հատոր 1-ին, գ.թ. 54-73):

Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի որոշմամբ Վահագն Ատոմյանի և Էլեն Բաղդասարյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ գործի նյութերում առկա ապացույցներով չի հերքվում հայցվորների պնդումն այն մասին, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի մասին հայցվոր կողմը տեղեկացել է 01.04.2021 թվականից հետո, իսկ մինչ այդ հայցվոր կողմն օբյեկտիվորեն հնարավորություն չուներ վիճարկման առարկա դարձնելու նշյալ թույլտվությունը: Հայցվորները, իրազեկվելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի կողմից 25.01.2021 թվականին Վահագն Ատոմյանին և Էլեն Բաղդասարյանին տրված թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվության գոյության մասին, ողջամիտ ժամկետում ձեռնամուխ են եղել իրականացնելու իրենց ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունը, սակայն օբյեկտիվ պատճառներով բաց են թողել վիճարկման հայցի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետը: Հայցվորների կողմից բերված փաստարկները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու համար բավարար հիմք են հանդիսանում, քանի որ հայցվորների կողմից ներկայացվել են հիմնավոր ապացույցներ, որոնք հանգեցնում են այն համոզման, որ հայցվոր կողմը ձեռնարկել է իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ, սակայն դրան խոչընդոտ են հանդիսացել հայցվորների կամքից անկախ հանգամանքներ (հատոր 1-ին, գ.թ. 141-150):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկման հայցադիմումը դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու փաստն անվիճելի է դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում հայցվոր կողմի համար, ում կողմից ներկայացվել է դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն:

Միևնույն ժամանակ վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորների իրազեկման օրվա մասին դատավարության մասնակիցները ներկայացրել են միմյանցից տարբերվող տվյալներ, որոնցից երրորդ անձի ներկայացրած տվյալը հանգում է նրան, որ հայցվոր կողմը վիճարկվող շինարարության թույլտվության մասին իրազեկված է եղել դեռևս 20.02.2021 թվականից, ինչի մասին երրորդ անձանց ներկայացուցիչը նշել է նաև իրենց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նույնիսկ վարչական վարույթի նյութերին չտիրապետելու պայմաններում անձը զրկված չէ իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատարան դիմելու իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելիս այդ ժամկետը բաց թողնելու դեպքում անձի կողմից պետք է ներկայացվեն բավարար փաստական հանգամանքներ այդ ժամկետը իր կամքից անկախ հանգամանքներում բաց թողնելու վերաբերյալ, որի հաշվառմամբ էլ դատարանը հնարավորություն կունենա գնահատելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը:

Ընդ որում, դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը պետք է յուրաքանչյուր գործով, կոնկրետ գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, գնահատվի դատարանի կողմից: Մասնավորապես` դատարանը պետք է պարզի, թե`

- արդյո՞ք բաց են թողնվել հայց ներկայացնելու դատավարական ժամկետները, թե` ոչ,

- բաց թողնված լինելու դեպքում ի՞նչ պատճառներով են բաց թողնվել այդ ժամկետները,

- արդյո՞ք այդ ժամկետները բաց թողնելու պատճառները եղել են հարգելի,

- արդյո՞ք ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելուց հետո անձի կողմից կատարվել են իր իրավունքների պաշտպանությանն ուղղված ողջամիտ և անհրաժեշտ գործողություններ, թե` ոչ:

i

Վերոգրյալ հարցերի պատասխանների համադրությամբ և դրանք հիմնավորող ապացույցների գնահատման արդյունքում միայն դատարանը կարող է որոշել բաց թողնված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը և վերականգնել այդ ժամկետը (տե՛ս, Քրիստինե Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թիվ ՎԴ/9845/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.11.2022 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու կամ փոփոխելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է, հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Հետևաբար առանց վիճարկվող ակտի հետազոտման ոչ միայն անհնարին է ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջի կատարումը, այլև հայցի նյութական օբյեկտի` վիճարկվող վարչական ակտի բացակայությունն ընդհանրապես բացառում է այդ ակտի իրավաչափությունը գործում առկա ապացույցների միջոցով գնահատելու հնարավորությունը: (...) վիճարկման հայցի պարագայում գործով առաջնային նշանակություն ունեցող ապացույց է վիճարկվող վարչական ակտը, քանի որ դրա բացակայությունը փաստացի անհնարին է դարձնում այդ ակտի իրավաչափության գնահատումը» (տե՛ս, Ալվարդ Եղիազարյանը, Տելեմակ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/3654/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի նյութերին չտիրապետելու պայմաններում անձն իրականում չի զրկվում իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատարան դիմելու իրավունքից, սակայն հիմնավոր հայցադիմում ներկայացնելու նպատակով վարչական ակտին տիրապետելը, եթե դա հնարավոր է, ցանկալի է, հատկապես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հայցադիմումին կցվում է վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել: Ըստ այդմ, վարչական ակտը ձեռք բերելուն ուղղված հայցվորի գործողությունները կարող են հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու համար, եթե դատարանը գտնի, որ վարչական ակտը ձեռք բերելու նպատակով համապատասխան միջոցներն անձի կողմից ձեռնարկվել են ողջամիտ ժամկետում:

Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտի մասին հայցվոր կողմի 20.02.2021 թվականից տեղեկացված լինելու երրորդ անձի փաստարկն ընդունելու պարագայում անգամ հայցվորը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, անգործություն չի ցուցաբերել, այլ ձեռնարկել է իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն արդյունավետ կերպով իրացնելու ուղղությամբ: Մասնավորապես, հայցվորների ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը 06.03.2021 թվականին Երևանի քաղաքապետարանի թեժ գծին տեղեկատվություն է ներկայացրել շինարարություն իրականացնելու վերաբերյալ, որին ի պատասխան 10.03.2021 թվականի գրությամբ հայտնվել է, որ իրականացվող շինարարական աշխատանքների համար առկա է Երևան համայնքի կողմից տրված թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը: Այնուհետև, 18.03.2021 թվականին հայցվորների ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը դիմել է Երևանի քաղաքապետարան սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած նյութերը տրամադրելու խնդրանքով և 01.04.2021 թվականին Երևանի քաղաքապետարանից ստացել է պահանջվող փաստաթղթերը, այդ թվում վիճարկվող վարչական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 12-13), որից հետո 27.04.2021 թվականին հայցադիմումը ներկայացրել է Դատարան:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական ժամկետը վերականգնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են, ուստի Վերաքննիչ դատարանին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված իրավանորմը մեկնաբանվել ու կիրառվել է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ, ուստի վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809959041

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.12.2022
N ՎԴ/4429/05/21
Որոշում