Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 80-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/5638/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5638/05/19

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտն առոչինչ ճանաչելու և 04.10.2018 թվականի թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտի կազմմանն ուղղված գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտը և ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018 թվականի թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործողությունները` ուղղված Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտի կազմմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 29.07.2019 թվականի որոշմամբ որոշվել է. ««Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` 26.04.2019թ. ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով, մերժել: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018թ. թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործողություններն` ուղղված 26.04.2019թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտի կազմմանը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով, ընդունել վարույթ»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2019 թվականի որոշմամբ որոշվել է. «Թիվ ՎԴ/5638/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թ.-ի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով վարույթ ընդունելու մասին և նախնական նիստ հրավիրելու մասին» որոշման` հայցադիմումի ընդունումը մերժելու մասի դեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել` ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թ.-ի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով վարույթ ընդունելու մասին և նախնական նիստ հրավիրելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ` Արթուր Հովհաննիսյան, Արամ Օրբելյան և Ռուբեն Ժամագործյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 80-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանափակվել է հայցվորի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, խախտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ակտի բողոքարկման իրավունքը, կիրառվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր, անհարկի ձևով հրաժարվելով հայցվորի կողմից ներկայացված հայցը քննելուց, որպիսի պարագայում հայցվորը զրկվել է իր նկատմամբ կայացված ակտով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը հատուկ նորմով սահմանել է ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով հայցվորի ստուգման արդյունքում ընդունված Ակտը բողոքարկելու իրավունքը, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58159418 քրեական գործի շրջանակներում 10.09.2018 թվականի թիվ 18-482-կգ-18 գրությամբ առաջադրված հարցերի շրջանակներում ստուգումների արդյունքում ստուգող խմբի կողմից ընդունված ակտը ենթակա է բողոքարկման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դատարանները պետք է կիրառեն այն դեպքում, երբ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում կպարզվի, որ դատարան դիմող անձը ընդհանրապես նշված պահանջով հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը, այլ կերպ ասած, օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված չէ նման հայցով ՀՀ դատարաններին դիմելու իրավունքը, որպիսի իրավական դիրքորոշում արտահայտել է ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով իր 14.03.2017 թվականի որոշմամբ:

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառելիության մասով թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ նշված իրավանորմում ամրագրված «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի կիրառումը հայցվորի նկատմամբ ուղղակիորեն անթույլատրելի է, քանի որ օրենքով ուղղակիորեն նախատեսված է ակտի դատական կարգով բողոքարկման իրավունքը: Այսինքն, անգամ եթե Դատարանը գտել է, որ հայցվորի հայցը ճանաչման հայցով (առոչինչ ճանաչելու պահանջով) ենթակա չէ քննության, ապա նման պարագայում, չանտեսելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգավորումները, առնվազն պետք է կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով վերահասցեագրեր այլ դատարանի քննությանը, կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով առաջարկեր այլ հայցատեսակով փոխարինել, որով միայն կապահովվեր ակտի դատական կարգով բողոքարկման իրավունքի պատշաճ իրացումը:

Ստորադաս դատարանների դատական ակտերով վարչական ակտի բնորոշման վերաբերյալ տրված իրավական մեկնաբանությունները չպետք է սահմանափակված լինեին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, այլ պետք է կիրառվեր և մեկնաբանվեր նաև նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, որից բխում է, որ «միջամտող» վարչական ակտին բնորոշող հատկանիշ է նաև անձի փաստացի կամ իրավական դրության վատթարացումը, որպիսի արտաքին ներգործությունը, տեղի չի ունենում իրավունք կամ պարտականություն սահմանելով, անձի իրավունքները և պարտականությունները փոփոխելով, դադարեցնելով կամ ճանաչելով, այլ ակտի որպես «իրավական հետևանք» եզրույթը պետք է դիտարկվեր որպես հայցվորի փաստացի և իրավական դրության վատթարացում, ինչը տվյալ դեպքում տեղի է ունեցել, քանի որ այն առաջին հերթին, վարկաբեկում է հայցվորի գործարար համբավը, այն է` ակտի ուժով հայցվորը երրորդ անձանց կողմից դիտարկվում է որպես իրավախախտ կազմակերպություն: Բացի այդ, նշված ակտը, որպես ապացույց, կարող է օգտագործվել այլ պետական մարմինների կողմից տարբեր վարույթների ընթացքում, այդ թվում հիմք հանդիսանալ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

Տվյալ դեպքում Դատարանը վարույթ է ընդունել ճանաչման հայցով ներկայացված երկրորդ պահանջը` Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտի կազմմանն ուղղված ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018 թվականի թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը` հաշվի չառնելով այն հանգամանքը որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է ինչպես ստուգող խմբի գործողությունների դատական կարգով վիճարկման առարկա դարձնելու, այնպես էլ ստուգման ակտի դատական կարգով բողոքարկման իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բեկանել Դատարանի 29.07.2019 թվականի որոշումը»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/7047/05/16 և թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Միևնույն ժամանակ, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը (տե՛ս, Լուսակերտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ` Ռուզաննա Մակարյան, Լևոն Մակարյան, Մխիթար Մակարյան, Էդուարդ Մակարյան, Մարտին Մակարյան թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված` «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության. (...)

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի` դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը` որպես իրավաբանական գործեր քննող և լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորությամբ և իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել և լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու և լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ` վարչական մարմիններ, առևտրային արբիտրաժ և այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի և իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու և լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումը օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր:

Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն` իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «որևէ դատարան» բառակապակցության ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի` դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն` գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը` դատական պաշտպանություն հայցելով: Այլ կերպ ասած` հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել: Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտը և ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018 թվականի թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործողություններն` ուղղված Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտի կազմմանը:

Դատարանը 29.07.2019 թվականի որոշմամբ Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ թիվ 49-Ա ակտն իրենից ներկայացնում է տեղեկատվական բնույթի փաստաթուղթ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն ուղղված չէ հայցվորի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժել, միջամտել, ընդհուպ սահմանափակել հայցվորի իրավունքների իրականացումը, հետևաբար չի կարող հանդիսանալ ճանաչման հայցի օբյեկտ:

Վերաքննիչ դատարանը 23.09.2019 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը` հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) հայցատեսակը փոխելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու անհրաժեշտությունը տվյալ պարագայում բացակայել է, քանի որ Դատարանը նույն որոշմամբ հայցադիմումը` ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018թ. թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 26.04.2019 թվականի ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտի կազմմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով ընդունել է վարույթ: Նշված ակտն իր նշանակությամբ համարժեք է գրավոր ապացույցի, որը ստեղծվել է դրա համար իրավասու պետական մարմնի կողմից: Հետևապես, բացակայում է ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու մասին Վարչական դատարանի կողմից կատարման ենթակա մատնանշման անհրաժեշտությունը, քանի որ նման ակտը չի հանդիսանում վարչադատական վերահսկողության օբյեկտ: Ավելին, հայցվորը զրկված չէ և օգտվում է 26.04.2019 թվականի ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտի կայացմամբ իր հնարավոր խախտված իրավունքների պաշտպանությունը` համապատասխան հայցատեսակի շրջանակներում իրացնելու հնարավորությունից»:

Սույն վարչական գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018 թվականի թիվ 49-Ա և 30.10.2018 թվականի թիվ 54-Ա հանձնարարագրերի համաձայն` Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունն Ընկերությունում իրականացրել է ֆինանսատնտեսական ստուգում` ՀՀ հատուկ քննչական ծառայության 10.09.2018 թվականի թիվ 18-482-կգ-18 գրությամբ ներկայացված` ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 10.09.2018 թվականի «Ստուգում (ֆինանսատնտեսական) նշանակելու մասին» կայացրած որոշմամբ, ինչպես նաև 24.09.2018 թվականի թիվ 18-482ԿԳ-18 գրությամբ առաջադրված հարցերի շրջանակներում: Ստուգման արդյունքում 26.04.2019 թվականին կազմվել է թիվ 49-Ա ակտը, որով արձանագրվել են մի շարք փաստեր (այդ թվում` ենթադրաբար թույլ տրված խախտումներ): Ակտում կատարվել է եզրահանգում այն մասին, որ «Ընկերությունում իրականացված ստուգմամբ արձանագրված փաստերի գծով հնարավոր հարկային պարտավորությունների առաջացման հարցը կարող է պարզվել հարկային մարմնի կողմից» (հատոր 1-ին, գ.թ. 67-74):

Նախարարության 22.06.2019 թվականի գրությամբ մերժվել է 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտի դեմ Ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքը (հատոր 1-ին, գ.թ. 75-83):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով քննելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանի և Ռուբեն Ժամագործյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` 26.04.2019 թվականին ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտը վերացնելու պահանջի մասին, 01.07.2020 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ 26.04.2019 թվականի թիվ 49-Ա ակտն առնվազն այնքանով, որքանով ուղղակի իրավական հետևանքներ չի առաջացնում Ընկերության համար, այլ պարզապես արձանագրում է որոշակի խախտումներ, չի կարող դիտարկվել վարչական ակտ, քանի որ չի բավարարում վարչական ակտի բոլոր որակական չափանիշներին, ըստ այդմ այդ մասով հիմնավոր չի համարել բողոքաբերի այն պնդումը, որ նշված ակտը միջամտող վարչական ակտ է:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտը, որում պարզապես արձանագրվում են որոշակի խախտումներ, սակայն ուղղակի պարտավորություններ չեն առաջադրվում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի շրջանակներում պետք է բողոքարկվի ճանաչման հայցի շրջանակներում` նկատի ունենալով, որ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է:

(...) վարչական ակտ չհանդիսացող, սակայն բողոքարկման ենթակա ստուգման ակտի վերացման պահանջով հայցը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Դատարանը, պարզելով, որ ներկայացվել է վիճարկման հայց, պետք է իրագործեր գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի համաձայն իր վրա դրված պարտականությունը և հայցադիմումը վերադարձնելու միջոցով անձին առաջարկեր ճշտել ոչ հստակ հայցային պահանջները և ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Այսինքն` Դատարանը պարտավոր էր առաջարկել (մատնանշել) Ընկերությանն իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը` 26.04.2019 թվականին ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտը վերացնելու պահանջի մասին վիճարկման հայցը փոխարինել պատշաճ հայցատեսակով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով»:

Վերոգրյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև այն իրավական հարցադրմանը, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշմամբ իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտը, որով անմիջականորեն հարկային պարտավորություններ չեն սահմանվում տնտեսվարող սուբյեկտի համար, պետք է բողոքարկվի վիճարկմա՞ն, թե՞ ճանաչման հայցի ներկայացմամբ և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի դրույթների համակարգային վերլուծության հիման վրա եզրահանգում է արել այն մասին, որ նշված օրենքի հիման վրա իրականացվող ստուգումների արդյունքում ծագող իրավահարաբերությունները հանրային բնույթի են: Ուստի, բացառվում է ստուգումների իրականացման կապակցությամբ ստուգում իրականացնող մարմնի և տնտեսվարող սուբյեկտի միջև ծագող վեճերի քննությունը ընդհանուր իրավասության դատարանում` որպես քաղաքացիական գործ, կամ ՀՀ սնանկության դատարանում:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով տարանջատվել է ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման բողոքարկումը ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունների և ստուգման արդյունքում կազմված ակտի բողոքարկումից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի նպատակն է եղել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման հիման վրա նշանակված ստուգման արդյունքում կազմված ակտը չտարբերակել նույն օրենքով իրականացվող այլ ստուգումների արդյունքում կազմված ակտերից:

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոնը (Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից), կարևորելով նաև ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 04.02.2010 թվականին ընդունված և 30.03.2010 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-17-Ն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ արտահայտված օրենսդրի նպատակը (մասնավորապես, նախագծի հիմնավորմամբ կարևորվել է, որ քրեադատավարական կարգով իրականացված ստուգումների վրա տարածվեն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի դրույթները)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում նշված բողոքարկումը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատարանում:

i

(...) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտը, որում պարզապես արձանագրվում են որոշակի խախտումներ, սակայն ուղղակի պարտավորություններ չեն առաջադրվում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի շրջանակներում պետք է բողոքարկվի ճանաչման հայցի շրջանակներում` նկատի ունենալով, որ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է» (տե՛ս, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն իրավունքի գերակայության ցուցիչներից է և արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչը (տե՛ս, Վայոց ձորի Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի, երրորդ անձ` «Վայկ Մետալ» ՍՊԸ թիվ ՎԴ3/0037/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2022 թվականի որոշումը):

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ):

Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011) 003rev) 46-րդ կետի համաձայն` իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի` ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն` երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1. b կետի համաձայն` որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն` ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:

Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն` իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:

Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը: Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար` ի վնաս կողմի: Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը. եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով» (տե՛ս, Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված պրակտիկայում ընդհանուր մոտեցումը հանգում է նրան, որ դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը և անձին զրկում արդյունավետ դատական պաշտպանությունից:

Եվրոպական դատարանը նաև իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ պետության դեմ վեճը շահած հայցվորից չպետք է պահանջվի նախաձեռնել իր օգտին կայացված դատական ակտի կատարման առանձին վարույթ: Նման դեպքերում պատասխանող պետական մարմինը պետք է պատշաճ կերպով ծանուցվի դատական ակտի մասին, որից հետո պետք է նախաձեռնի դատական ակտը կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները կամ փոխանցի մեկ այլ պետական մարմնի, որը պատասխանատու է տվյալ դատական ակտը կատարելու համար (տե՛ս, Burdov v. Russia (No. 2) թիվ 33509/04 գանգատով Եվրոպական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը, կետ 68):

Ըստ Եվրոպական դատարանի` դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի` ողջամիտ ժամկետում պարտադիր և կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից: Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (տե՛ս, նույն վճիռը, կետ 70):

i

Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Նշված նորմերն առաջին հերթին ամրագրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը: Այնուհետև` հստակեցնում են այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գործողությունը. այդ սուբյեկտները տվյալ դատական ակտի հասցեատերերն են: Միաժամանակ` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովող իրավական երաշխիք օրենսդիրը նախատեսում է պատասխանատվություն դատական ակտը չկատարելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջը դրա հասցեատերերի կողմից չկատարելը կամ այդ պահանջին չհամապատասխանող վարքագիծը ոչ իրավաչափ վարքագիծ է, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշի դրսևորումը նախ և առաջ դրա հասցեատերերի` դատական ակտը կատարելու պարտականությունն է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով իր 25.12.2015 թվականի որոշմամբ անդրադարձել է դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն (...) ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:

i

Վճռաբեկ դատարանը սուբյեկտների նկատմամբ դատական ակտերի պարտադիրության աստիճանի առումով ընդգծել է, որ այն առաջնային նշանակություն ունի վիճելի հարաբերության կողմերի համար, քանի որ դատական ակտով նախ և առաջ վեճի կողմերի համար են սահմանվում որոշակի գործողություններ կատարելու կամ կատարումից ձեռնպահ մնալու պարտադիր պահանջներ (տե՛ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հատկանիշի դրսևորումը չի սահմանափակվում միայն դրա հասցեատերերի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի պահանջը կատարելու պարտականությամբ. օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշն ունի նաև այլ դատավարական դրսևորումներ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

i

Տվյալ դեպքում Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտի` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ, ուստի այդ իրավական դիրքորոշումը պարտադիր է թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով կայացված դատական ակտի հասցեատերերի, տվյալ դեպքում Ընկերության և ՀՀ ֆինանսների նախարարության համար:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով 01.07.2020 թվականին կայացված որոշումից հետո իրացնելով իրավունքի զարգացմանը նպաստելու իր լիազորությունը թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով 17.12.2021 թվականի որոշմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը մեկնաբանել է թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով 01.07.2020 թվականին կայացված որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, այդուհանդերձ սույն գործի փաստերի նկատմամբ այդ դիրքորոշումը չի կարող կիրառելի լինել, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, տվյալ դեպքում թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշմամբ արդեն իսկ գնահատական տրվել է սույն գործով ներկայացված հայցի նյութական օբյեկտի` ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտի` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, որպիսի իրավական դիրքորոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուստի ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականին ընդունված թիվ 49-Ա ակտը չի կարող վերստին դատական վերահսկողության առարկա դառնալ արդեն որպես վարչական ակտ: Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի պարտադիրության սկզբունքի հաշվառմամբ հիմք ընդունելով թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Դատարանը հայցադիմումը վերադարձնելու միջոցով պետք է Ընկերությանն առաջարկեր ճշտել ոչ հստակ հայցային պահանջները և ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, մասնավորապես` Դատարանը պարտավոր էր առաջարկել (մատնանշել) Ընկերությանն իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը` 26.04.2019 թվականին ՀՀ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ընդունված թիվ 49-Ա ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին ճանաչման հայցը փոխարինել պատշաճ հայցատեսակով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թվականի որոշումը մասնակի` ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 26.04.2019 թվականի ընդունված թիվ 49-Ա ակտն առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասով, վերացնել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և Զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809935885

 

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.12.2022
N ՎԴ/5638/05/19
Որոշում