Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ` «Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ` «ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6161/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/6161/05/18             2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Ա. Թովմասյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի դեկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին ընդունված` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը պահանջել է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին ընդունված` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.03.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը (ներկայացուցիչ` Միքայել Դանիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու օրենսդրական հիմքերի առկայության փաստի վիճելի մնալու բացասական հետևանքները թողել է հայցվորի և ոչ թե` Կոմիտեի վրա` ըստ էության հաստատված համարելով այդպիսի հիմքերի առկայությունը, այն դեպքում, երբ գործի նյութերում առկա չէ այդ փաստը հաստատելու համար թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացած պատճառաբանված միջնորդությունը և դրա արդյունքում ընդունված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:

Վերաքննիչ դատարանը սույն գործի նյութերում քննարկվող միջնորդության և որոշման բացակայության պայմաններում բեկանել է Դատարանի վճիռը և գործը նոր քննության ուղարկելու փոխարեն փոփոխել է Դատարանի վճիռը` մերժելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի հայցը, այսինքն` գործում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը ոչ թե վիճելի և/կամ լրացուցիչ պարզման ենթակա է համարել դրանց առկայությունն օբյեկտիվ իրականության մեջ, այլ հաստատված է համարել դրանց առկայությունը:

Բացի այդ, միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 12.02.2018 թվականի որոշմամբ, արձանագրել է, որ. «(...) Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա, որպիսի որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսանում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Այդ միջնորդությամբ ներկայացվող հարցի քննարկումից հետո է միայն օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում կայացնում համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու կամ դրա վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով նաև այն օպերատիվ-հետախուզական այն միջոցառման (միջոցառումները) տեսակը, որը (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով, իսկ այն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանն առանձին որոշմամբ չի պահանջել համապատասխան պատճառաբանված միջնորդությունը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշելու, որ Դատարանը 19.09.2017 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ պատասխանողից պահանջել է ներկայացնել վիճարկվող որոշման կայացնելուն ուղղված վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ: Մինչդեռ, պատասխանողի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված` վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա չի եղել օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը»:

Այսինքն` Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կատարված դատողություններին:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վիճարկվող վարչական ակտն ընդունած պաշտոնատար անձը` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետը, դրա ընդունման պահին չի ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձի` Կոմիտեի նախագահի կողմից տրված համապատասխան լիազորություն, ինչն արդեն իսկ բավարար է վերջինիս մոտ համապատասխան լիազորությունների բացակայությունը փաստելու և հայցն առնվազն կամ նաև այդ հիմքով բավարարելու համար:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն նույնացրել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ընդունված և այդ օրենքից բխող գործողություններ իրականացնելու լիազորություններ վերապահող իրավական ակտը Կոմիտեի նախագահի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ընդունման ենթակա և այդ օրենսգրքից բխող որոշ գործողությունների իրականացման լիազորություններ վերապահող իրավական ակտի հետ, ինչի արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարի քննարկվող հրամանը համարել է բավարար` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի մոտ ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտ ընդունելու լիազորության առկայությունը հաստատված, իսկ հայցն այդ մասով` անհիմն համարելու համար:

 

3. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Կոմիտեի պաշտոնատար անձինք անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի մոտ հայտնաբերված ապրանքների գինը (արժեքը) որոշելիս հիմք են ընդունել նրա կողմից տրված հայտարարությամբ նշված տվյալը, այն համարել են բավարար և չեն առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոններով, ինչը հակասում է վերը մեջբերված իրավանորմերի պահանջներին ու տրամաբանությանը, քանի որ անձի հայտարարությունն ու դրանով նշված տվյալները չեն հանդիսանում օրենքով սահմանված այն թույլատրելի ապացույցը, որով կարող է որոշվել նրա մոտ հայտնաբերված ապրանքի գինը (արժեքը):

Բացի այդ, միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/6762/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 01.02.2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրել է, որ «(...) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքն առաջադրվել է ոչ իրավաչափորեն, մասնավորապես` սույն վարչական գործով ձեռք բերված ապացույցներով ապացուցվում է այն փաստը, որ առնվազն առանց ուղեկցող փաստաթղթի տեղափոխվող ապրանքի գինը միջոցառում անցկացնող պաշտոնատար անձանց կողմից չի որոշվել, ընդ որում, ապրանքի քանակի վերաբերյալ ևս վիճարկվող վարչական ակտում նշվածը չպնդեցին միջոցառմանն անմիջական մասնակից օպերլիազորները` նշելով միայն, որ տուփերով ապրանքներ էին, իսկ գնի վերաբերյալ հայտնեցին, որ հիմք են ընդունել բացառապես ընկերության տնօրենի կողմից տրված հայտարարությունը` այն էլ պնդելով, որ ապրանքի գինը գրվել է մոտավոր հաշվարկով: Արդյունքում, ակնհայտ է, որ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրած պաշտոնատար անձանց կողմից խախտվել է Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի պահանջը»:

Այսինքն` Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/6762/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կատարված դատողություններին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2019 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վարչական վարույթի համար հիմք հանդիսացած որոշումը և միջնորդությունը պարունակում են գաղտնի տեղեկատվություն և կարող են տրամադրվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում: Իսկ բողոքաբերի այն դիտարկումը, որ դատարանի «Ապացույցներ պահանջելու մասին» որոշումը բավարար է եզրակացնելու, որ հարկային մարմինը պետք է ներկայացներ վարչական վարույթի ողջ նյութերը, ապա հարկային մարմինն ի կատարումն նշված որոշման ներկայացրել է վարչական վարույթի ողջ նյութերը` բացառությամբ գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնց շարքում է նաև ներառված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու մասին որոշումը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետը լիազորված է եղել ընդունել վիճարկվող որոշումը: ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզության վարչության բաժինների պետերին վերապահված լիազորություններն իրավահաջորդությամբ անցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության համապատասխան բաժիններին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 03.04.2018 թվականին կազմվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ թիվ 1501933 արձանագրությունը, համաձայն որի` 03.04.2018 թվականին` ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երևան, Թումանյան թիվ 34 հասցեին հարող տարածքում իրականացվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ավտոմեքենայում առկա իրերի և փաստաթղթերի հետազոտում: Ձեռնարկված միջոցառման արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երևան Արշակունյաց թիվ 15 հասցեից Թումանյան 34 հասցեում գտնվող իր խանութ էր տեղափոխում 5 հատ iphone 8, 64 GB տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատի արժեքը` 400.000 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով 2.000.000 ՀՀ դրամի` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Արձանագրվել է նաև, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը ներկայացրել է գրավոր հայտարարություն (հատոր 1-ին, գ.թ. 8).

2) Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից 03.04.2018 թվականին արվել է հայտարարություն առ այն, որ 03.04.2018 թվականին` ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երևան Արշակունյաց թիվ 15 հասցեից Թումանյան թիվ 34 հասցե տեղափոխել է 5 հատ iphone 8, 64 GB տեսակի բջջային հեռախոս, 1 հատի արժեքը` 400.000 ՀՀ դրամ, ընդամենը` 2.000.000 ՀՀ դրամ, որի համար չի եղել դուրս գրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ: Դրանք տեղափոխել է Թումանյան 34 հասցեում գտնվող, իրեն պատկանող մանրածախ առևտրի կետ Մերսեդես-Բենց մակնիշի 35NO098 պետհամարանիշի ավտոմեքենայով (հատոր 1-ին, գ.թ. 73).

3) Օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ Միսակ Մարգարյանի և Գեղամ Բաղդասարյանի կողմից 03.04.2018 թվականին կազմվել է արձանագրություն` անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 74).

4) Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացված թիվ 1501933 վարչական ակտով, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` 1.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 9).

5) Դատարանի 05.06.2018 թվականի «Ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ Կոմիտեն պարտավորեցվել է ներկայացնել 07.04.2018 թվականի թիվ 1501933 ստուգման ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գաղտնի տեղեկատվություն պարունակող օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացող պատճառաբանված միջնորդությունը և դրա արդյունքում ընդունված որոշումը, ի կատարումն «Ապացույց պահանջելու մասին» որոշման, ներկայացնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ` նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ու նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 8-րդ մասի, 428-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

1. Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք հարկային մարմինը դատարանի` «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ կրում է պարտականություն ներկայացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացած` գաղտնի տեղեկատվություն պարունակող որոշումը:

 

i

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Օրենք)` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է:

i

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներից է` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը:

i

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները:

Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է:

i

Օրենքի 14-րդ հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում և գնում.

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.

12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.

16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

i

Օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշում կայացնելու հիմք են (...), օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:

i

Օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`

1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել.

2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.

3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.

4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա հետևանքով.

5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանի պահանջները պարտադիր են կատարման համար նրա սահմանած ժամկետում: Այդ ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ վերացնել նախկինում ընդունած որոշումը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ապացույց պահանջելու մասին դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Դատարանի որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման համար որպես հիմք նախատեսել է միայն համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը, իսկ նշված որոշման համար հիմք է հանդիսանում նաև օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ի թիվս այլնի, կարող են իրականացվել համապատասխան միջնորդության հիման վրա կայացված որոշման առկայության պայմաններում, որի բացակայությունն առնվազն կասկածի տակ է դնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից կատարված միջոցառումների իրավաչափությունը: Հետևաբար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու արդյունքում հայտնաբերված խախտման պարագայում կայացված վարչական ակտի վիճարկման դեպքում ակտը կայացրած մարմինը պարտավոր է դատարանին ներկայացնել նշված գործողությունների համար հիմք հանդիսացած որոշումը, նույնիսկ դրանց` գաղտնի տեղեկատվություն պարունակելու դեպքում` պահպանելով նաև օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի տրամադրման համար օրենքով սահմանված կարգը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 03.04.2018 թվականին կազմվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ թիվ 1501933 արձանագրությունը, համաձայն որի` 03.04.2018 թվականին` ժամը 12:30-ի սահմաններում, ք. Երևան, Թումանյան թիվ 34 հասցեին հարող տարածքում իրականացվել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ավտոմեքենայում առկա իրերի և փաստաթղթերի հետազոտում: Ձեռնարկված միջոցառման արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երևան, Արշակունյաց թիվ 15 հասցեից Թումանյան թիվ 34 հասցեում գտնվող իր խանութ էր տեղափոխում 5 հատ iphone 8, 64 GB տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատի արժեքը` 400.000 ՀՀ դրամ, ընդհանուր գումարով` 2.000.000 ՀՀ դրամի` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը ներկայացրել է գրավոր հայտարարություն: Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացվել է թիվ 1501933 վարչական ակտը` անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ, որով, ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ կիրառվել է տուգանք` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանը պահանջել է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին ընդունված` հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ թիվ 1501933 վարչական ակտը:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «դատարան ներկայացված վարույթի նյութերից պարզ է դառնում, որ դրանցում բացակայում է Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ստորաբաժանման ղեկավարի որոշումը: Այսինքն` սույն դեպքում վարչական վարույթի նյութերում որոշման բացակայությունը վկայում է, որ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացվել է` առանց համապատասխան իրավակարգի պահպանման»:

Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ «սույն գործով հիշյալ նյութերը Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն պահանջվել, ուստի հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումը, որ սույն դեպքում վարչական վարույթի նյութերում որոշման բացակայությունը վկայում է, որ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան իրավակարգի պահպանման»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Օրենքի հիման վրա անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի մոտ իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայում առկա իրերի և փաստաթղթերի հետազոտում, որի արդյունքում արձանագրվել է, որ վերջինս ք. Երևան Արշակունյաց թիվ 15 հասցեից Թումանյան թիվ 34 հասցե տեղափոխել է 5 հատ iphone 8, 64 GB տեսակի բջջային հեռախոս, 1 հատի արժեքը` 400.000 ՀՀ դրամ, ընդամենը` 2.000.000 ՀՀ դրամ, որոնց համար չի եղել դուրս գրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի նկատմամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացված թիվ 1501933 վարչական ակտով նշանակվել է տուգանք` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից վերոնշյալ ակտը վիճարկվել է նաև այն հիմքով, որ Կոմիտեի կողմից չի ներկայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմք հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:

Դատարանը 05.06.2018 թվականին կայացրել է «Ապացույցներ պահանջելու մասին» որոշում, որով Կոմիտեն պարտավորվել է Դատարանին ներկայացնել 07.04.2018 թվականի թիվ 1501933 ստուգման ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը, սակայն Կոմիտեի կողմից չի կատարվել վերոհիշյալ որոշման պահանջը, մասնավորապես` չի ներկայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմք հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ի կատարումն Դատարանի` «Ապացույցներ պահանջելու մասին» որոշման` Կոմիտեն պարտավոր էր ներկայացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը` գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով, ինչը, սակայն, չի կատարել: Կոմիտեն նշված որոշումը չներկայացնելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այն պարունակում է գաղտնի տեղեկատվություն, և որ այն պետք է ներկայացվի հատուկ ընթացակարգով, որը չի պահպանվել Դատարանի կողմից:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից առանձին դատական ակտի տեսքով կայացված «Ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ ձեռնարկվել են համարժեք միջոցներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները, մասնավորապես` վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի ամբողջ նյութերը ձեռք բերելու նպատակով: Դեռ ավելին, նշված որոշման կատարումն ապահովելու նպատակով Դատարանի կողմից 23.08.2018 թվականին տրվել է նաև կատարողական թերթ, սակայն Կոմիտեի կողմից վարչական վարույթի նյութերը ներկայացվել են ոչ ամբողջական:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հաշվի առնելով Դատարանի` ապացույց պահանջելու մասին որոշման կատարման պարտադիրությունը` Կոմիտեն չի օգտվել նաև որոշման կատարման անհնարինության վերաբերյալ դատարանին գրավոր հայտնելու` օրենքով նախատեսված իր լիազորությունից, այլ միայն սահմանափակվել է այդ ապացույցները չներկայացնելով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցների բացակայության պայմաններում դրանք չներկայացնելու բացասական հետևանքներն իրավաչափորեն դրել է Կոմիտեի վրա` արձանագրելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու` օրենքով նախատեսված կարգը պահպանված չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Դատարանի կողմից նշված նյութերը պետք է պահանջվեին հատուկ ընթացակարգով, քանի որ Դատարանի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ: (...) (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կոմիտեն էր կրում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը, ուստի վերջինս էր պարտավոր դատարան ներկայացնել վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշումը, ուստի դրա առկայությունն ապացուցված չլինելու պայմաններում այդ փաստի հաստատված չլինելու բացասական հետևանքները պետք է կրի Կոմիտեն:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով նաև թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործով 12.08.2018 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/5582/05/17 վարչական գործը, ըստ որի` ՀՀ վարչական դատարանը 19.09.2017 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ պատասխանողից պահանջել է ներկայացնել վիճարկվող որոշման կայացնելուն ուղղված վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ, մինչդեռ, պատասխանողի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված` վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերում առկա չի եղել օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը: Իսկ նման փաստի ապացուցման բեռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կրում է պատասխանող վարչական մարմինը:

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դատարանի` ապացույց պահանջելու մասին որոշումը պարտադիր է կատարման դրա հասցեատիրոջ կողմից: Վարչական մարմինը, վիճարկման հայցով կրելով վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու պարտականություն, պետք է դատարան ներկայացնի դրանք ամբողջ ծավալով անգամ այն դեպքում, երբ դրանք պարունակում են գաղտնի տեղեկություններ, պայմանով, որ պետք է պահպանվի դրանց տրամադրման` օրենքով սահմանված կարգը: Ընդ որում, ապացույց պահանջելու մասին որոշման պահանջը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար հիմք հանդիսացող որոշումը, ի կատարումն դատարանի «Ապացույց պահանջելու մասին» որոշման, պետք է ներկայացվեն դատարանին գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար, նույնիսկ դրանց` գաղտնի տեղեկատվություն պարունակելու դեպքում` պահպանելով նաև օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի տրամադրման համար օրենքով սահմանված կարգը կամ դատարանին տեղեկատվություն հայտնեն այդ ապացույցը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ: Հակառակ դեպքում, վիճելի փաստի, որի հաստատման նպատակով պահանջվել է այդ ապացույցը, ապացուցված չլինելու բացասական հետևանքները պետք է դրվեն անգործություն ցուցաբերած պահանջի հասցեատիրոջ վրա:

 

2. Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` հարկային մարմինը Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող միասնական պետական կառավարման հանրապետական մարմինն է, որի հիմնական նպատակներն են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրների լուծումը, հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկային եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովմանը նպաստումը:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 407-410-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

i

ՀՀ կառավարության 10.03.2016 թվականի թիվ 224-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպվել է և դրանից առանձնացնելով` ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

i

Նույն որոշման 2-րդ մասի համաձայն` հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

i

Իսկ այդ կանոնադրության 18-րդ կետի համաձայն` Կոմիտեի նախագահը ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր, օրենքին և կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները, և իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունները:

i

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտում հայտնաբերվելու դեպքում վարչական ակտն ընդունում է կա՛մ հարկային մարմնի ղեկավարը, կա՛մ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, և որևէ այլ սուբյեկտի օրենսդիրը չի վերապահել իրավասություն` ընդունելու համապատասխան վարչական ակտ: Ընդ որում, մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորումների հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտում հայտնաբերվելու դեպքում վարչական ակտն ընդունելու իրավասությունը ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո չի կարող պահպանված համարվել, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, հետևաբար ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտում հայտնաբերվելու դեպքում վարչական ակտն ընդունելու լիազորությունը համապատասխան պաշտոնատար անձին հարկային մարմնի ղեկավարը կարող է վերապահել միայն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը վարչական ակտը վիճարկել է նաև այն հիմքով, որ վարչական ակտն ընդունվել է Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից, ով այդպիսի վարչական ակտ ընդունելու համար չի ունեցել օրենքով սահմանված համապատասխան լիազորություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից 07.04.2018 թվականին կայացվել է թիվ 1501933 վարչական ակտը:

Դատարանը, անդրադառնալով հայցվորի վերոհիշյալ պահանջին բավարարել է այն, արձանագրելով, որ «հարկային մարմնի ղեկավարը հանդիսանում է Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող միասնական պետական կառավարման հանրապետական մարմնի ղեկավարը: Հետևաբար` օպերատիվ հետախուզության վարչության պետը չի հանդիսանում հարկային մարմնի ղեկավար և, եթե չունի համապատասխան լիազորություններ, ապա չի կարող կայացնել նաև վիճարկվող վարչական ակտը: (...) Իսկ, դատարանին տրամադրված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ հարկային մարմնի ղեկավարի կողմից Օպերատիվ հետախուզության վարչության պետին վերապահված չի եղել վիճարկվող վարչական ակտն ընդունելու լիազորություն»:

i

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել այն փաստարկները, որ «(...) ՀՀ նախագահի 01.03.2016 թվականի թիվ ՆՀ-213-Ն հրամանագրով ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է` դրանից առանձնացնելով Պետական եկամուտների կոմիտեն և օրենքներով նախատեսված վերադաս հարկային մարմնի ղեկավար է սահմանվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, իսկ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ հարկային մարմնին վերապահված լիազորություններն անցել են Պետական եկամուտների կոմիտեին, ուստի ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության բաժինների պետերին վերապահված լիազորություններն իրավահաջորդությամբ անցել են Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության համապատասխան բաժիններին»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն վարչական գործով իրավահարաբերության ծագման պահ է համարվում 07.04.2018 թվականը, որպիսի պայմաններում տվյալ իրավահարաբերության վրա տարածվում է 01.01.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի իրավակարգավորումները, իսկ նույն օրենսգրքի 428-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում վարչական ակտն ընդունվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի կողմից:

Տվյալ դեպքում վիճարկվող` 07.04.2018 թվականի թիվ 1501933 վարչական ակտը կայացվել է Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից, իսկ գործի քննության ընթացքում Կոմիտեի կողմից չի ներկայացվել վերջինիս` հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան լիազորված լինելու փաստը հաստատող պատշաճ ապացույց, որը ՀՀ հարկային օրենսգրքի 428-րդ հոդվածի կիրառման շրջանակներում կհավաստեր Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից վիճարկվող վարչական ակտն ընդունելու իրավասությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված խախտման վերաբերյալ վարչական ակտն ընդունվել է դրա իրավասությունը չունեցող սուբյեկտի, այն է` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի պետի կողմից:

 

3. Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն հիմքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում անձի կողմից տրված հայտարարությունն արդյո՞ք կարող է հիմք հանդիսանալ առանց ուղեկցող փաստաթղթերի տեղափոխվող ապրանքների գինը որոշելու և այդ ապրանքների տեղափոխման փաստը հաստատված համարելու համար:

 

i

ՀՀ հարկային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 410-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման` Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով`

1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից (...):

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով` ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ Օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցի կիրառման համար առանցքային նշանակություն ունի ապրանքի գնի (արժեքի) բացահայտումը: Այն դեպքում, երբ ապրանքի գինը (արժեքը) որոշելն անհնարին է, ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ եթե հարկ վճարողի մոտ բացակայում է երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգը:

Անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման կարգը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածով, որի 4-րդ մասով նախատեսված են հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկման բազաների գնահատման (վերագնահատման) ու հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կիրառվող մեթոդները: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սահմանվել են այդ մեթոդների կիրառման համար հիմք հանդիսացող ելակետային տվյալները, որոնց շարքում հարկ վճարող սուբյեկտի հայտարարությունը` որպես անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման ելակետային տվյալ նախատեսված չէ:

i

Դեռ ավելին, Օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, որոնք ձեռք են բերվել նույն օրենքով սահմանված կարգով, հանդիսանում են ապացույցներ, բացառությամբ նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների:

i

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում (...):

i

Նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կատարվում է օպերատիվ հարցում, այսինքն` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ են հավաքվում այդպիսիք իրականում կամ հավանաբար տիրապետող սուբյեկտներին հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով, ապա տվյալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով չեն համարվում ապացույցներ: Այլ կերպ ասած` օպերատիվ հարցման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով չեն համարվում ապացույցներ: Հետևաբար, օպերատիվ հարցման արդյունքում անձի կողմից տրված հայտարարությունը չի կարող դիտարկվել բավարար ապացույց` առանց ուղեկցող փաստաթղթերի տեղափոխվող ապրանքների գինը որոշելու և այդ ապրանքների տեղափոխման փաստը հաստատված համարելու համար:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոմիտեի կողմից ապրանքի գնի որոշման իրավաչափությանը, արձանագրում է հետևյալը.

Դատարանը գտել է, որ «Հայցվորի հայտարարության հիման վրա վարչական մարմնի կողմից ապրանքի գնի որոշման պայմաններում, (...) վարչական մարմնի կողմից չի պահպանվել վերոնշյալ նորմով սահմանված ապրանքի գնի որոշման մեխանիզմը, քանի որ Հայցվորի կողմից հայտարարված գինը կարող էր լինել մտացածին, այնինչ` ապրանքի գինը պետք է որոշվեր տեսուչների կողմից` հաշվի առնելով ապրանքի իրական հատկանիշները, իսկ դրա անհնարինության դեպքում գին (արժեք) պետք է համարվեր խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Նշված հայտարարության արժանահավատությունը և իսկությունը չի վիճարկվել, այն Դատարանի կողմից ևս կասկածի տակ չի դրվել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմնավոր է Բողոքաբերի պնդումն առ այն, որ Դավիթ Մկրտչյանը հայտարարությունը տվել է ոչ թե իր անունից` որպես ֆիզիկական անձ, ում ավտոմեքենան ենթարկվել է խուզարկման, այլ նշված հայտարարությամբ հաստատել է, որ այն վերաբերում է իրեն` որպես անհատ ձեռնարկատիրոջ, անունից գործունեություն իրականացնող անձի, հետևաբար վերաբերում է որպես անհատ ձեռնարկատեր գործունեություն իրականացնելու շրջանակներում կատարված արարքին, միաժամանակ հայտարարությամբ նշելով, որ տեղափոխվող ապրանքների համար դուրս գրված չի եղել համապատասխան ուղեկցող փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ հայցվորն ինքը ևս ընդունել է, որ իր ավտոմեքենայում հայտնաբերված հեռախոսների տեղափոխման համար անհրաժեշտ էր ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, ինչը բացակայել է: Միաժամանակ Դավիթ Մկրտչյանը նշել է նաև, որ հեռախոսները տեղափոխվում էին Թումանյան 34 հասցե, որը վերջինիս պատկանող մանրածախ առևտրի կետի հասցեն է: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ նշվածից բխում է այն փաստը, որ հեռախոսները պատկանել են անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանին, ուստի վերջինիս կողմից ապրանքի տեղափոխումը պետք է ձևակերպված լիներ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/6762/05/18 վարչական գործով 01.02.2019 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճիռը, որով հաստատվել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրած պաշտոնատար անձանց կողմից, ապրանքի գնի վերաբերյալ բացառապես ընկերության տնօրենի հայտարարությունը հիմք ընդունելու պայմաններում, խախտվել է ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի պահանջը:

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում Կոմիտեն դրել է անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից տրված հայտարարությունը, որով վերջինս, ըստ էության, ընդունել է իր ավտոմեքենայում հայտնաբերված հեռախոսների` առանց համապատասխան կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման փաստը: Մինչդեռ, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի կողմից տրված հայտարարությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ` ապրանքների գինը որոշելու և դրանց` առանց համապատասխան կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման փաստը հաստատված համարելու համար:

Ուստի Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ նշված հայտարարության արժանահավատությունը վիճարկված չլինելու պայմաններում դրանով հաստատվում է իրավախախտման փաստը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելիս և Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...) հայցադիմումների (...) համար` ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով: (...) դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումի համար վճարել է 4.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար 20.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի ենթակա է բռնագանձման 24.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից հայցադիմումի և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.03.2019 թվականի վճռին:

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մկրտչյանի բռնագանձել 24.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից հայցադիմումի և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 14 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809922755

 

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.12.2022
N ՎԴ/6161/05/18
Որոշում