Սեղմել Esc փակելու համար:
ԹԵ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԵ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ թիվ ՎԴ/6291/05/17

    դատարանի որոշում                     2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6291/05/17

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի նոյեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, «Արտույտների ագարակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` ք. Երևան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասմիկ Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության «Արտույտների ագարակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ք. Երևան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 11.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2021 թվականի որոշմամբ Հասմիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդ կազմակերպելիս խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, 30-րդ հոդվածի 3-րդ կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը, 34-րդ հոդվածի 3-րդ կետը, 35-րդ հոդվածի 4-րդ կետը, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 63-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հարկադիր կատարողը, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, ըստ որի` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը, ոտնահարելով և անտեսելով հայցվորի իրավունքները պատշաճ չի ծանուցել մեկնարկային գնի մասին, զրկելով վերջինիս իր գույքի աճուրդի գործընթացին մասնակից դառնալու հնարավորությունից: Հնարավոր է հայցվորի կողմից աճուրդի մեկնարկային գնի վերաբերյալ առաջարկություն արվեր, մինչդեռ հայցվորը զրկվել է այդ իրավունքից չծանուցման պատճառով: Հայցվոր կողմը տեղյակ չէ, թե որքան է գնահատվել իրեն պատկանող առանձնատունը, ինչ գնով է այն վաճառվել և ինչ կարգով է իրականացվել աճուրդը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հարկադիր կատարողը, համաձայն իրավահարաբերության պահին գործող օրենսդրության, չի ունեցել ոչ պարտականություն, ոչ էլ լիազորություն վիճարկվող աճուրդի մասին որոշումը և աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ուղարկել նաև բողոքաբերին` պարտապանից և պահանջատիրոջից բացի, հակառակ դեպքում հարկադիր կատարողի գործողություններն ուղղակի կխախտեին ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 31-րդ հոդվածի 3-րդ մասը, նման պայմաններում ամբողջությամբ անհիմն է բողոքաբերի այն պնդումը, թե վիճարկվող հարկադիր հրապարակային աճուրդն անցկացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը բողոքաբերին ուղարկելու հարկադիր կատարողի պոզիտիվ պարտականության բացակայության պայմաններում, այն չէր կարող խախտվել հարկադիր կատարողի կողմից` առաջացնելով բողոքաբերի որևէ իրավունքի խախտում: Հետևաբար Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները իրավաչափ են, իսկ կայացված դատական ակտը բեկանման ենթակա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Անշարժ գույքի (հիփոթեքի)» 23.11.2009 թվականի թիվ G09-12541 պայմանագրի համաձայն` գրավառու «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն և գրավատու Հասմիկ Պետրոսյանը մի կողմից և վարկառու «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ն կնքել են պայմանագիր հետևյալի մասին` գրավառուի և վարկառուի միջև Երևան քաղաքում 23.11.2009 թվականին կնքված թիվ V09-012814 վարկային պայմանագրով, գրավառուն վարկառուին տրամադրում է վարկ 130.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, մինչև 18.11.2016 թվականը մարման վերջնական ժամկետով, նախատեսված վարկառուի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուն որպես գրավ է դնում ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 1-ին փ., 2-րդ նրբանցք հասցեում գտնվող 2/2 բնակելի տունը` 447.8 քմ մակերեսով և 0.02541 հա հողամասը:

Նույն պայմանագրի 1.5-րդ կետի համաձայն` գրավի առարկան, «Պարտեր» ՍՊԸ-ի կողմից գնահատված է 88.000.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 33-35):

2) «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» 16.11.2007 թվականի թիվ 2421251 վկայականի համաձայն` ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 2/2 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Պետրոսյանին (հատոր 3-րդ գ.թ. 40-42):

3) ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ ԱՐԱԴ/0119/02/12 կատարողական թերթի համաձայն` վճռվել է «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել ընդհանուր 162.592.16 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 122.121.24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` վարկի մնացորդը, 36.633.59 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` տոկոսագումար, 1.946.91 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` ժամկետանց գումարին հաշվարկվող տոկոսը, 1.890.42 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը ժամկետանց տոկոսի տույժը: «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 78.787.6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց վարկին հաշվեգրվող տոկոս` տարեկան տոկոսադրույքով` սկսած 10.02.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեգրել և բռնագանձել տույժ 36.294.05 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ օրական 0,1 տոկոսադրույքով` սկսած 10.02.2015 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը: Բռնագանձումը տարածել գրավադրված և 25.500.000 ՀՀ դրամ գնահատված Երևան, Եղիազարյան փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող բնակելի տան ու հողամասի, ինչպես նաև 88.000.000 ՀՀ դրամ գնահատված Երևանի Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 2/2 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի վրա: Քաղաքացիական գործի վարույթը պահանջի մնացած մասով կարճել:

Նույն կատարողական թերթի համաձայն` պահանջատեր է հանդիսանում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, իսկ պարտապան` «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ն (հատոր 3-րդ, գ.թ. 28-29):

4) «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 10.11.2016 թվականի որոշման համաձայն` որոշվել է պարտապան «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Աջափնյակ համայնք, Եզիազարյան փողոց 52/1 բնակելի տունը (գնահատման գինը` 26.120.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը (75%)` 19.590.000 ՀՀ դրամ) և ք. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2/2 բնակելի տունը (գնահատման գինը` 80.800.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը (75%)` 60.600.000 ՀՀ դրամ) ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Նույն որոշման վրա առկա է մակագրություն «Գ. Հովհաննիսյանս «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի տնօրեն ստացա գույքն աճուրդով իրացնելու մասին որոշման օրինակը, ծանոթացա գրանցված և նշանակված գներին, ինչպես նաև աճուրդի կարգին և պայմաններին» (հատոր 3-րդ, գ.թ. 117-118):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը, թե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է արդյոք ներգրավվի կատարողական վարույթում, և ինչ կարգով պետք է ապահովվի վերջինիս լսված լինելու իրավունքը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետևյալ հիմնական տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում` առանց շարունակության երաշխավորման (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

i

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են` պահանջատերը և պարտապանը, և (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկել պահանջատիրոջը և պարտապանին: Հետևաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որևէ պարտավորություն չունի, և դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն` կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց (տե՛ս, Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում` իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև` ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

i

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեև թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց, այդուհանդերձ, գտել է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված` օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու և զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով: Այսպես`

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որևէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, և, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ ևս կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողությունների մասին ծանուցելու, ինչպես նաև կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա և ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթի` մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը` պահանջատերը և պարտապանը, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչները: Այսինքն` ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

i

Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետևյալը.

1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը` վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:

i

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

i

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ` լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6067/05/16 որոշմամբ գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տալը` լսելը, կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու` Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքներն իրացնելու երաշխավորմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում լսումների մասին ծանուցումն իրականացնելու ժամկետները, եղանակը, այնուամենայնիվ, վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցման ժամկետն ու միջոցները պետք է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս ունենան ողջամիտ ժամկետ` լսումներին պատշաճ կերպով ներկայանալու և դիրքորոշում հայտնելու համար (տե՛ս, «Անի» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք «Էրստեդ» ՍՊԸ, «Լայթէկո» ՍՊԸ և «Ֆենհալ» ՍՊԸ` թիվ ՎԴ5/0108/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2021 թվականի որոշումը):

Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ կատարողական թերթի համաձայն բռնագանձում է տարածվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից սեփական պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված գույքի վրա, հարկադիր կատարողի որոշումներն ուղարկելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգը խնդրահարույց չէ: Նշված եզրահանգումը պայմանավորված է այն իրողությամբ, որ այդ դեպքում գրավատուն կատարողական վարույթի ընթացքում հանդես է գալիս որպես պարտապան: Դա նշանակում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հարկադիր կատարողն իր կողմից կայացվող որոշումները պետք է ուղարկի նաև գրավատու-պարտապանին: Արդյունքում վերջինս, տեղյակ լինելով իր գույքի բռնագանձման կապակցությամբ հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների մասին, հնարավորություն է ստանում օրենքով սահմանված միջոցներով իրականացնել իր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաճախ անձանց պարտավորություններն ապահովվում են երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավով: Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ գրավատու հանդիսացող երրորդ անձը դատարանի կողմից տրվող կատարողական թերթում որպես պարտապան չի նշվում: Դրա արդյունքում գրավատուն, չհանդիսանալով այդ կատարողական թերթի հիման վրա հարուցվող կատարողական վարույթի մասնակից, չի կարող հավակնել հարկադիր կատարողի որոշումները ստանալուն, թեև այդ կատարողական վարույթի ընթացքում ենթակա է բռնագանձման նրան պատկանող գույքը: Այլ կերպ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողը չունի իր կողմից կայացվող որոշումները նաև կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուին ուղարկելու պարտականություն: Նման պայմաններում ստացվում է, որ պարտապան չհանդիսացող, բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք պարտապան հանդիսացող և բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց համեմատ չեն օգտվում իրենց սեփականության պաշտպանության հավասար պայմաններից և հնարավորություններից, այդ թվում նաև` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կատարողական վարույթի կողմերին վերապահված իրավունքներից: Այսինքն` գույքի համասեփականատերերը, ունենալով նույնաբնույթ իրավազորություններ իրենց սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ, իրենց գույքի բռնագանձմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում ունեն տարբեր իրավազորություններ և կրում են տարբեր պարտավորություններ` պայմանավորված կատարողական վարույթի կողմ հանդիսանալու հանգամանքով:

Արդյունքում ստացվում է, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարող կամ ոչ պատշաճ կատարող պարտապանը` որպես կատարողական վարույթի մասնակից, պարտադիր կերպով ծանուցվում է կատարողական գործողությունների ընթացքում կայացվող որոշումների մասին, իսկ պարտապան չհանդիսացող գրավատուին նման հնարավորություն չի տրվում, քանի որ վերջինս կատարողական վարույթի մասնակից չէ: Փաստորեն, պարտապան չհանդիսացող գրավատուն կարող է անտեղյակ լինել իր գույքի բռնագանձմանը վերաբերող կատարողական վարույթի հարուցման և դրա ընթացքում կայացվող որոշումների մասին, որպիսի պայմաններում վերջինս զրկված է իր սեփականության իրավունքը հնարավոր խախտումներից պաշտպանելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

Արդյունքում անձը, ունենալով սեփականության իրավունք, չի կարողանում այն գործնականում արդյունավետորեն պաշտպանել: Մինչդեռ, իրավական պետության պայմաններում պետք է երաշխավորվեն ոչ թե տեսական, երևակայական իրավունքներ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ: Իսկ որևէ իրավունք պաշտպանելու հնարավորության բացակայության պայմաններում այդ իրավունքը դառնում է տեսական իրավունք: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը կարևորում է հարկադիր կատարողի որոշումների մասին կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուի ծանուցումը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է ներգրավվի կատարողական վարույթին որպես կատարողական վարույթի մասնակից ոչ թե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, այլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական վարույթի շրջանակներում բոլոր շահագրգիռ անձինք պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները և պաշտպանելու իրենց օրինական շահերը, որը հնարավոր է կատարողական վարույթում որպես երրորդ անձ ներգրավվելու դեպքում միայն: Հետևաբար կատարողական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով պետք է հավասար հնարավորություն ընձեռվի կատարողական վարույթին բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ապահովելու համար:

i

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող գրավատուն պետք է հնարավորություն ունենա կատարողական վարույթում ներգրավվել որպես երրորդ անձ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, իսկ կատարողական գործողությունների վերաբերյալ վերջինիս ծանուցումները պետք է կատարվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` ապահովելով վերջինիս լսված լինելու իրավունքը: (տե՛ս, Աղասի Ավետիսյանը և Մկրտիչ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Հասմիկ Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության «Արտույտների ագարակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ք. Երևան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Դատարանը նույն թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը 10.11.2016 թվականին կայացրել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որպիսի որոշումն օրենքով սահմանված կարգով առձեռն հանձնվել է կատարողական վարույթում պարտապան հանդիսացող «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի տնօրենին:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ հարկադիր կատարողը որևէ պարտավորություն չի ունեցել կատարողական վարույթի ընթացքում կայացված որևէ որոշում ուղարկելու հայցվոր Հասմիկ Պետրոսյանին, քանի որ վերջինս չի հանդիսացել կատարողական վարույթի կողմ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Հասմիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև թիվ ԱՐԱԴ/0119/02/12 գործով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթում հայցվոր Հասմիկ Պետրոսյանը չի նշվել որպես պարտապան, հետևաբար նաև չի հանդիսացել կատարողական վարույթի կողմ, սակայն վերջինս ունեցել է էական շահագրգռվածություն կատարողական վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունման հարցում, քանի որ վերջինս, հանդիսանալով բռնագանձվող գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, շահագրգռված է եղել իրեն պատկանող գույքի իրացման հարցում: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Պետրոսյանի իրավունքները և օրինական շահերն ակնհայտորեն կարող էին շոշափվել կատարողական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, հարկադիր կատարողը պարտավոր էր վերջինիս ներգրավել կատարողական վարույթում, որպես երրորդ անձ, հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի վրա, և ապահովել նրա լսված լինելու իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները և դրանց վերլուծության արդյունքում արված եզրահանգումներն ու հետևությունները` Վճռաբեկ դատարանը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, գտնում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով, ուստի ենթակա է անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ սույն գործով հայցադիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 15.04.2021 թվականին ընդունված ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` 09.05.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 4-րդ պարբերության ուժով ազատված լինելով հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով դատարաններում պետական տուրքի վճարման պարտականությունից, Հասմիկ Պետրոսյանը հայցադիմումը ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` համապատասխանաբար 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 46, հատոր 5-րդ, գ.թ. 10, հատոր 6-րդ, գ.թ. 116), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հասմիկ Պետրոսյանի կողմից հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարը` ընդհանուր 34.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին, ուստի նշված հիմքով սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` Հասմիկ Պետրոսյանի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ք. Երևան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 նոյեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809906964

Միասնական կայք` 15.05.23-28.05.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2022
N ՎԴ/6291/05/17
Որոշում