Սեղմել Esc փակելու համար:
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 644-Լ

 

ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ` ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՓՈԽԱԴՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ` ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճանաչել «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով) (լաստանավերով) փոխադրման օպերատոր (այսուհետ` օպերատոր):

(1-ին կետը փոփ. 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և օպերատորի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների` լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրի կնքումը:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 5-ի

N 644-Լ որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ` ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ք. Երևան                                   «» ________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ով գործում է ԷՆ-ի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն), ի դեմս` տնօրեն Դավիթ Իլոյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետ երկուսը միասին կանվանվեն Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման (այսուհետ` Որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետը` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

Պայմանագրում կիրառվող հասկացություններ

 

Պատասխանատու մարմին - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

Օպերատոր - «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ:

Շահառու - Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ, որոնք բավարարում են ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ սահմանված պահանջներին:

Ծառայություն - Օպերատորի կողմից Շահառուներին լաստանավով (լաստանավերով) և/կամ նավով (նավերով) (այսուհետ` նավ) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով, բեռների փոխադրման մատուցած ծառայություններ:

Որոշում - ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշում:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի փոխհարաբերությունները` կապված Օպերատորի կողմից Շահառուներին մատուցած Ծառայությունների հետ:

1.2. Օպերատորը լաստանավով (լաստանավերով) և/կամ նավով (նավերով) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բեռների` Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով փոխադրման Ծառայություն:

1.3. Օպերատորը Շահառուներին մատուցած Ծառայության արժեքն ուղղակի Շահառուներից չի գանձում, այլ այդ գումարը Օպերատորին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որպես Շահառուներին փոխհատուցում:

1.4. Շահառուներին Օպերատորի կողմից մատուցած Ծառայության արժեքը փոխհատուցվում է Պատասխանատու մարմնի միջոցով, Որոշման համաձայն և

Պայմանագրով սահմանված վճարման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում մատուցված Ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափը (գումարը):

1.5. Շահառուներին Օպերատորի կողմից մատուցած Ծառայության արժեքը փոխհատուցվում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն:

1.6. Օպերատորը Ծառայության մատուցման նպատակով Շահառուներից ընդունում է հայտեր և ապահովում վերջիններիս Ծառայության մատուցումը:

1.7. Եթե Օպերատորը Ծառայություն է մատուցում Շահառու չհանդիսացող անձանց, ապա սույն պայմանագրի 1.5-րդ կետով նախատեսված գումարը նվազեցվում է Շահառու չհանդիսացող անձանց մատուցած Ծառայության համար Օպերատորի կողմից գանձած գումարի չափով:

1.8. Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ:

 

2. Վճարման կարգը

 

2.1. Օպերատորի կողմից Շահառուներին մատուցած Ծառայության արժեքի չափով հաշվարկված փոխհատուցման գումարը Պատասխանատու մարմնի կողմից տրվում է Օպերատորին շաբաթական կտրվածքով` նախորդ շաբաթվա ընթացքում փաստացի մատուցած Ծառայության համար:

2.2. Փոխհատուցման գումարի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությանը, Որոշմանը և Պայմանագրին համապատասխան:

2.3. Փոխհատուցման գումարն ստանալու նպատակով Օպերատորը Պատասխանատու մարմին է ներկայացնում նախորդ շաբաթվա ընթացքում Շահառուներին մատուցած Ծառայությունների մասով հաշվետվություն Պայմանագրին կից Ձև 1-ին համապատասխան և Ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես` չվերթի իրականացումը հավաստող փաստաթուղթ, Շահառուների հայտերի և բեռն ուղեկցող այլ փաստաթղթերի (Որոշմամբ սահմանված փաստաթղթեր) կրկնօրինակները, ինչպես նաև Շահառու չհանդիսացող անձանց մատուցած Ծառայության և դրա համար գանձած գումարի վերաբերյալ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր:

2.4. Պատասխանատու մարմինը Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք ու փոխհատուցման ենթակա գումարը տրամադրում Օպերատորին:

2.5. Եթե Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվության և փաստաթղթերի` Պատասխանատու մարմնի կողմից ուսումնասիրության արդյունքում ի հայտ է գալիս անհամապատասխանություն Օպերատորի կողմից ներկայացված փոխհատուցման գումարի չափի մեջ, ապա այն կարող է ճշգրտվել Օպերատորի կողմից լրացուցիչ հիմնավորման ներկայացման դեպքում:

2.6. Փոխհատուցման գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում Օպերատորի կողմից բացված հաշվարկային հաշվին: Հաշվարկային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունն Օպերատորը տրամադրում է Պատասխանատու մարմնին:

2.7. Օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվության և/կամ փաստաթղթերի իսկությանը չհամապատասխանելու համար:

 

3. Կողմերի պարտավորությունները և իրավունքները

 

3.1. Օպերատորը պարտավոր է`

 

3.1.1. Ապահովել առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի- Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանել ու հրապարակել չվացուցակ:

3.1.2. Ապահովել Շահառուներին կանոնավոր Ծառայության մատուցումը:

3.1.3. Շահառուներից ընդունել Որոշման հավելվածով նշված հայտեր:

3.1.4. Ուսումնասիրել Պայմանագրի 3.1.3-րդ կետով ներկայացված հայտերի համապատասխանությունը Որոշման հավելվածով ներկայացված պահանջներին:

3.1.5. Յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Պատասխանատու մարմին ներկայացնել Շահառուներին մատուցած Ծառայության դիմաց Որոշմամբ սահմանված` Շահառուներին փոխհատուցման համար նախատեսված և Պայմանագրի համաձայն հաշվարկված արժեքի չափով գումար ստանալու հայտ և Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը:

3.1.6. Պատասխանատու մարմին ներկայացնել լաստանավի (լաստանավերի) կամ նավի (նավերի) սեփականությունը հավաստող փաստաթղթերը կամ վարձակալության պայմանագրերը, ինչպես նաև դրանցում կատարված (կատարվող) և նախատեսվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը:

3.1.7. Պատասխանատու մարմնին գրավոր ծանուցել Պայմանագրի կատարումն անհնարին դարձնող ի հայտ եկած հանգամանքների մասին` դրանք ի հայտ գալուց հետո առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

3.1.8. Փոխհատուցման տրամադրման պայմանների խախտման փաստերի ի հայտ գալու դեպքում, եթե արդյունքում Օպերատորին տրամադրվել է ավել գումար, քան ենթակա էր փոխհատուցման համար, ապահովել ավելի տրամադրված դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության բյուջե վերադարձնելուն ուղղված Պատասխանատու մարմնի պահանջների կատարումը:

 

3.2. Օպերատորն իրավունք ունի`

 

3.2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանալ Շահառուներին մատուցած Ծառայության համար` Որոշմամբ սահմանված Շահառուներին տրամադրվող փոխհատուցման համար նախատեսված և Որոշման ու Պայմանագրի համաձայն հաշվարկված գումարը:

3.2.2. Մերժել Շահառուների կողմից ներկայացված հայտը` Որոշման հավելվածի 17-րդ կետին համապատասխան:

3.2.3. Դիմել Պատասխանատու մարմնին` Պայմանագրի կատարման հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար:

3.2.4. Պատասխանատու մարմին ներկայացնել առաջարկություններ Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև` փոխհատուցման չափի փոփոխության անհրաժեշտություն առաջանալու դեպքում` կցելով տվյալ փոփոխության ֆինանսատնտեսական հիմնավորումները պարունակող տեղեկատվությունը:

3.2.5. Պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով համագործակցել երրորդ անձանց հետ:

3.2.6. Պատասխանատու մարմնի կողմից վճարումները 30 օրից ավելի ուշացնելու դեպքում պահանջել կրած վնասների հատուցում:

 

3.3. Պատասխանատու մարմինը պարտավոր է`

 

3.3.1. Ուսումնասիրել Օպերատորի կողմից ներկայացված 3.1.5-րդ կետով նախատեսված հայտը, Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունները և փաստաթղթերը:

3.3.2. Ապահովել փոխհատուցման գումարի տրամադրումն Օպերատորին` Պայմանագրի 2-րդ բաժնին համապատասխան:

3.3.3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) հրապարակել տեղեկատվություն իրականացված չվերթերի և փոխհատուցման վերաբերյալ` համաձայն Ձև 2-ի:

3.3.4. Դիտարկել Օպերատորի կողմից Պայմանագրի 3.2.4-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությունները և այլ տեղեկատվությունը` դրանք ստանալու պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում և Օպերատորին տեղեկացնել ընդունված որոշման մասին:

3.3.5. Օպերատորին մեկնաբանություններ ներկայացնել Պայմանագրի կատարման հետ կապված հարցերով, վերջինիս կողմից նման դիմում ներկայացնելու պահից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում:

3.3.6. Փոխհատուցման տրամադրման պայմանների խախտման փաստերի ի հայտ գալու դեպքում, եթե արդյունքում Օպերատորին տրամադրվել է ավելի գումար, քան ենթակա էր փոխհատուցման համար, պահանջել Օպերատորից ավել տրամադրված դրամական միջոցները վերադարձնել Հայաստանի Հանրապետության բյուջե:

3.3.7. Տեղեկացնել Օպերատորին տվյալ տարվա համար պետական բյուջեով փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մասին Պայմանագիրը ստորագրելու պահին և դրա մնացորդի մասին, երբ մնացորդը կարող է ապահովել առավելագույնը չորս չվերթի ամբողջական փոխհատուցում:

 

3.4. Պատասխանատու մարմինն իրավունք ունի`

 

3.4.1. Օպերատորից պահանջել և ստանալ Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը:

3.4.2. Անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:

3.4.3. Անհրաժեշտության դեպքում Օպերատորի կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը տրամադրել այլ պետական մարմիններին դրանց իսկությունը պարզելու նպատակով:

3.4.4. Կասեցնել փոխհատուցման գումարի տրամադրումը Օպերատորին կասեցման վերաբերյալ որոշման մասին ոչ ուշ, քան նման որոշում կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Պատասխանատու մարմնի կողմից պարզվել է կամ պետական այլ մարմնից ստացվել է տեղեկություն Օպերատորի կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունում և/կամ փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների առկայության կամ թերի լինելու մասին:

3.4.5. Առաջարկություններ ներկայացնել Օպերատորին Պայմանագրի փոփոխության վերաբերյալ, այդ թվում` փոխհատուցման չափի:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում` համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

5.1. Կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Պայմանագրով իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է` ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, սույն Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած պետական մարմինների ակտեր կամ գործողություններ, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:

Եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել սույն Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա, ապա պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան որ գործել են այդ ուժերը:

5.2. Այն Կողմը, որը չի կատարում սույն Պայմանագրով իր պարտավորություններն անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, պարտավոր է անմիջապես ծանուցել մյուս Կողմին սույն Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքների, դրանց տևողության և ավարտի մասին, սակայն ոչ ուշ, քան դրանց սկսելու և ավարտի ամսաթվից 5 (հինգ) օրացուցային օր: Ծանուցման մեջ նշված փաստերը պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի կողմից ստորագրված, կնիքով հաստատված պաշտոնական փաստաթղթերով:

5.3. Ծանուցման բացակայությունը կամ ուշացումով ծանուցումը զրկում է Կողմին Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքներից յուրաքանչյուրին հղում կատարելու իրավունքից` որպես իր պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատող հիմք:

 

6. Վեճերի լուծումը

 

6.1. Պայմանագրի կատարման ժամանակ առաջացող բոլոր վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, որոնք կարող են անցկացվել, այդ թվում` նաև փոստով գրությունների ուղարկման, ֆաքսիմիլային հաղորդագրությունների փոխանակման կամ էլեկտրոնային կապի միջոցով:

6.2. Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս, ապա բոլոր վեճերը կարող են լուծվել նախապահանջային կարգով: Նախապահանջի քննության ժամկետը կազմում է նախապահանջն ստանալու օրվանից 30 (երեսուն) օր:

6.3. Եթե Կողմերը չեն կարգավորում վեճերը բանակցությունների միջոցով և/կամ նախապահանջային կարգով, ապա դրանք լուծվում են դատական կարգով` ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

 

7. Պայմանագրի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և դրա

լուծման կարգը

 

7.1. Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք Կողմերը ձևակերպում են Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով:

7.2. Պայմանագրի բոլոր փոփոխությունները վավեր են և հանդիսանում են դրա անքակտելի մասը միայն այն դեպքում, եթե կատարվել են գրավոր ձևով, ստորագրվել են երկու Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից և ուղիղ հղում են պարունակում Համաձայնագրին:

7.3. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից` Պայմանագրի լուծման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ծանուցելով Պայմանագրի լուծման նախատեսվող ամսաթվից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:

7.4 Պայմանագիրը համարվում է լուծված լուծման մասին ծանուցման մեջ նշված ամսաթվից` մատուցված բեռնափոխադրումների և մատուցված Ծառայության հաշվարկներով Կողմերի բոլոր պարտավորությունների կատարման պայմանով:

7.5. Սույն Պայմանագիրը լուծելիս Կողմերը կազմում են փոխադարձ հաշվարկների ակտ և իրականացնում են համապատասխան վճարումներ մինչև Պայմանագրի լուծման ամսաթիվը:

 

8. Այլ պայմաններ

 

8.1. Կողմերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և այլ համաձայնագրերով, որոնց մասնակիցներն են Պայմանագրի Կողմերը:

8.2. Կողմերը պարտավորվում են չհրապարակել այն տեղեկատվությունը, որն իրենց հայտնի է դարձել Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

8.3. Գտնվելու վայրի, փոստային հասցեի, հեռախոսահամարների, ֆաքսի, բանկային և այլ վավերապայմանների փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են փոփոխության ամսաթվից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել միմյանց:

8.4. Պայմանագրով նախատեսված բոլոր գրավոր ծանուցումներն ուղարկվում են Պայմանագրում նշված հասցեներով, պատվիրված փոստով` հանձնման վերաբերյալ ծանուցումով, կամ հեռագրով, կամ հանձնվում են առձեռն` ստորագրությամբ, կամ վավերապայմաններում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

8.5. Պայմանագրին վերաբերող ցանկացած փաստաթուղթ կարող է պատրաստվել և փոխանցվել էլեկտրոնային կապի միջոցներով, ընդ որում, Կողմերն ընդունում են, որ նման փաստաթղթերը կունենան բնօրինակի ուժ, այդ թվում նաև հենց ինքը` Պայմանագիրը:

8.6. Եթե Կողմը չի ստացել ծանուցումը Պայմանագրում նշված իր հասցեի փոփոխության պատճառով, պայմանով որ ծանուցում ուղարկող Կողմը նախապես տեղեկացված չի եղել նման փոփոխության մասին, ծանուցումը, միևնույնն է, համարվում է ստացված:

8.7. Սույն Պայմանագիրը կազմված է հայոց լեզվով, ստորագրված և կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից` մեկական օրինակ Կողմերից յուրաքանչյուրին:

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը

 

9.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելու ամսաթվից և գործում է մինչև 2023 (երկու հազար քսաներեք) թվականի դեկտեմբերի 31-ը (երեսունմեկը) ներառյալ:

10. Կողմերի հասցեները և բանկային վավերապայմանները

 

.__________________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության    |Ընկերություն` «ՍԻ ԸՆԴ ԷՄ             |

|էկոնոմիկայի նախարարություն  |ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ                     |

|____________________________|_____________________________________|

|Հասցե` ՀՀ, ք. Երևան,        |Հասցե` ՀՀ, ք. Երևան,  Դավթաշեն 2     |

|Մհեր Մկրտչյան 5, 0010       |թղմ., շ. 18/1, 0054                  |

|ՀՎՀՀ` 02698604              |Հեռ. բջջ.` +374 93 372710            |

|ՀՀ ֆինանսների նախարարության |Էլ. հասցե` [email protected] |

|գործառնական վարչություն     |ՀՎՀՀ` 00505151                       |

|հ/հ 900011018695            |հ/հ ՀՀ դրամ` 220410511020000         |

|                            |Բանկ` «Ակբա Բանկ» ԲԲԸ                |

|                            |                                     |

|նախարար` Վահան Քերոբյան     |տնօրեն` Դավիթ Իլոյան                 |

|________________________    |______________________               |

|                            |                                     |

|Ստորագր. Կ.Տ.               |Ստորագր. Կ.Տ.                        |

.__________________________________________________________________.

 

Ձև N 1

 

Շահառու հանդիսացող կազմակերպությունների բեռների

փոխադրման հաշվետվություն

 

._________________________________________________________________________.

|Շահա-|Փոխա-  |Բեռնա-|Բեռի|Բեռի|Բեռի  |Արտա-  |Լաստա- |Փոխհա- |Արտա-      |

|ռուի |դրման  |փոխա- |չափ-|քա- |արժեքը|հանման/|նավով/ |տուցման|հանումը/   |

|անվա-|ուղղու-|դրման |ման |նակը|(դրամ)|ներ-   |նավով  |գումարը|ներմուծումը|

|նումը|թյունը |տեսակը|միա-|    |      |մուծման|փոխա-  |(դրամ) |հավաստող   |

|     |(արտա- |(ավտո-|վոր*|    |      |երկիրը |դրման  |       |փաստա-     |

|     |հանում |մոբիլ/|    |    |      |       |արժեքը |       |թղթերի և   |

|     |ՀՀ-ից/ |բեռ-  |    |    |      |       |(դրամ) |       |հայտերի    |

|     |ներ-   |նարկղ)|    |    |      |       |       |       |համարները  |

|     |մուծում|      |    |    |      |       |       |       |(կցվում են |

|     |ՀՀ)    |      |    |    |      |       |       |       |պատճենները)|

|_____|_______|______|____|____|______|_______|_______|_______|___________|

|_____|_______|______|____|____|______|_______|_______|_______|___________|

|_____|_______|______|____|____|______|_______|_______|_______|___________|

|_____|_______|______|____|____|______|_______|_______|_______|___________|

._________________________________________________________________________.

 

_______________

*- Եթե բեռը տեղափոխվում է մեքենայով, ապա մեքենայի երկարությունը (համադրած բեռնարկղի հետ ֆուտերով), եթե բեռը տեղափոխվում է բեռնարկղով, ապա բեռնարկղի չափը ֆուտերով:

 

Ձև N 2

 

Տեղեկատվություն

 

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ հաստատված

միջոցառման շրջանակներում իրականացված չվերթերի և տրամադրված

փոխհատուցման վերաբերյալ «___» __________ 20__ դրությամբ

 

._________________________________________________________________.

|Չվերթ N|          Փոխադրված բեռներ                  |Տրամադրված  |

|       |                                            |փոխհատուցման|

|       |                                            |չափը, հազ.  |

|       |                                            |դրամ        |

|       |____________________________________________|            |

|       |Ամիս,   |Ներմու-|Արտա-  |Ներմու-  |Արտա-    |            |

|       |ամսաթիվ,|ծում   |հանում |ծում     |հանում   |            |

|       |տարեթիվ |մեքենա,|մեքենա,|բեռնարկղ,|բեռնարկղ,|            |

|       |        |հատ    |հատ    |հատ      |հատ      |            |

|_______|________|_______|_______|_________|_________|____________|

| 1.    |        |       |       |         |         |            |

|_______|________|_______|_______|_________|_________|____________|

| 2.    |        |       |       |         |         |            |

|_______|________|_______|_______|_________|_________|____________|

| 3.    |        |       |       |         |         |            |

|_______|________|_______|_______|_________|_________|____________|

| ...   |        |       |       |         |         |            |

._________________________________________________________________.

(1-ին հավելվածը խմբ. 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 5-ի

N 644-Լ որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 818-Լ որոշում)

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 644-Լ
Որոշում