Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2023 թվականի N 936-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 8-ի

N 936-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի (այսուհետ` նախագիծ) մշակման ու հաստատման ընթացակարգերի, նախագծման առաջադրանքի, նախագծերի կազմի և բովանդակության հիմնական պահանջները:

2. Նախագիծը բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պահպանման, վերականգնման (վերստեղծման) և օգտագործման պայմանակարգեր սահմանող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է:

3. Նախագիծը կազմվում է` ելնելով բնակավայրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) և դրանց պատմական միջավայրի պահպանության և օգտագործման միասնական խնդիրների կարգավորումից` նպաստելով հուշարձանների քաղաքաշինական և գեղագիտական պահպանմանն ու բացահայտմանը, ինչպես նաև բնակավայրերի կայուն զարգացմանը, դրանցում նախատեսվող հողօգտագործման ու նոր կառուցապատման իրականացման համար պայմանների սահմանմանը:

4. Բնակավայրի կամ դրա առանձին հատվածի նախագիծը կազմվում է համապատասխան համայնքի պատվերով` հանդիսանալով պատվիրատու (կարող է իրականացվել նաև պետական կառավարման մարմինների պատվերով):

5. Նախագծով սահմանվում են բնակավայրի կամ դրա առանձին հատվածների պատմական սահմանները, բնակավայրի պատմական միջուկի սահմանները, արժեքավոր պատմական, քաղաքաշինական տարրերը և տարածքները, բնակավայրերի բնական և քաղաքային լանդշաֆտի համապատկերային ընկալման եզրագծերը, արժեքավոր քաղաքաշինական տարրերի և բնական դոմինանտների հորինվածքային փոխկապակցվածությունը (բնության գերիշխող հատվածների հետ քաղաքաշինական արժեքավոր բաղադրիչների համահունչ կազմակերպումը):

6. Նախագծով սահմանվում են բնակավայրի կամ դրա առանձին հատվածների հուշարձանների և հուշարձանախմբերի զբաղեցրած տարածքների պահպանական գոտիներ` հուշարձանների տարածքների շուրջ դրանց օգտագործման նկատմամբ սահմանված որոշակի պայմանակարգ (ռեժիմ) ունեցող պահպանության և կառուցապատման կարգավորման, լանդշաֆտի պահպանման գոտիների համակարգ` ընդհանրացնելով և ամբողջացնելով առանձին հուշարձանների պահպանական գոտիները քաղաքաշինական միջավայրում:

7. Ռելիեֆի պայմաններից, հուշարձանախմբերի պահպանական գոտում գտնվող հուշարձանների բնույթից, կառուցման ժամանակաշրջանից և տարածքի քաղաքաշինական ու լանդշաֆտի առանձնահատկությունից ելնելով` նախագծի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում կարող են առաջարկվել առանձնացված գոտիներ (այսուհետ` ենթագոտիներ):

8. Պահպանական գոտիներում տարածքի օգտագործման (կառուցապատման, շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ու տարածքի օգտագործման որոշակի սահմանափակումներով) պայմանակարգի սահմանումը նպատակաուղղված է հուշարձանների պահպանմանը, քաղաքաշինական դերի և տեսողական ընկալման նպաստավոր պայմանների ապահովմանը:

9. Նախագծով սահմանված պահպանական գոտիների տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանակարգերը հաստատուն են մնում նույն գոտու ներսում, բայց կարող են տարբերվել այլ գոտի անցնելիս:

10. Սահմանված կարգով հաստատված նախագիծը հիմք է հանդիսանում տեղական և միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար: Վերջիններիս փաթեթում նախագիծը ներառվում է որպես առանձին հավելված, իսկ դրույթները հաշվի են առնվում տարածական պլանավորման փաստաթղթերում:

11. Բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունում ամրագրվող պայմանները պետք է համապատասխանեն նախագծի դրույթներին:

12. Բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների տարածքներում նախագծի, հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում պայմանակարգերի սահմանման նպատակները հետևյալն են`

1) բնակավայրի տարածքի կայուն զարգացման պայմանների ստեղծում.

2) շրջակա միջավայրի գրավիչ ձևավորման ապահովում.

3) ձևավորված քաղաքաշինական կառուցվածքի և ճարտարապետական կերպարի (դիմագծի) պահպանում և պատմականորեն ձևավորված միջավայրի հետ նոր կառուցապատման ներդաշնակության ապահովում.

4) քաղաքաշինական կազմավորված միջավայրին համահունչ քաղաքականության վարման ապահովում.

5) քաղաքաշինական ակտիվ ներգործություն ունեցող առավել արժեքավոր դոմինանտների (գերիշխող տարրերի) և դրանց տեսողական ընկալման համար նպաստավոր պայմանների ապահովում.

6) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների, պատմական միջուկի զարգացման ու վերակառուցման ընթացքում տարածական, կառուցվածքային, կերպարային (հորինվածքային) միասնություն, ճարտարապետագեղարվեստական որակների հատկանիշների պահպանման ապահովում.

7) քաղաքաշինական միջավայրի և բնական դոմինանտների (գերիշխող տարրերի) հորինվածքային փոխկապակցվածության (բնության գերիշխող հատվածների հետ քաղաքաշինական արժեքավոր բաղադրիչների համահունչ կազմակերպումը) ապահովում.

8) քաղաքային և բնական արժեքավոր համայնապատկերային ընկալման պայմանների ապահովում.

9) հուշարձանների պահպանման, դրանց տարածքների և պահպանական գոտիների առավել շահեկան օգտագործման և նպաստավոր պայմանների ստեղծման ապահովում.

10) տրանսպորտային և հետիոտնային հոսքերի ակտիվության կանոնակարգում և կարգավորում.

11) բնական և արհեստական լանդշաֆտի վերականգնման, պահպանման ու հետագա օգտագործման միջոցառումների իրականացման կանոնակարգում.

12) նախատեսվող և վերակառուցվող օբյեկտների համար ճարտարապետահատակագծային և տեխնիկական նախագծման առաջադրանքներում (նախագծման թույլտվություն) պայմանների և պահանջների ձևակերպում.

13) փոքր ճարտարապետական ձևերի, բնակչությանը սպասարկող տարրերի, լուսավորության, գովազդների, տեղեկատվական վահանակների միասնական լուծումների կարգավորում.

14) հուշարձանների պահպանական գոտիների պայմանակարգերին չհամապատասխանող շինությունների օգտագործման կարգավորում.

15) տարածքային պլանավորման նպաստավոր պայմանների ստեղծման ապահովում.

16) ներդրումների ներգրավման բարենպաստ պայմանների ստեղծման ապահովում, այդ թվում` հողամասերի և կապիտալ շինարարության օբյեկտների թույլատրված օգտագործման առավել արդյունավետ տեսակների ընտրության հնարավորություն ընձեռելու միջոցով:

 

2. ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

 

13. Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, կազմում է լիազորված մարմինը (այս պարագայում` հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը) և սահմանված կարգով հաստատում պետական կառավարման տարածքային մարմնի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) հետ համատեղ` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:

14. Նախագծի առաջադրանքը, մինչև սահմանված կարգով հաստատման ներկայացվելը, նախապես ներկայացվում է քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) համաձայնեցմանը:

15. Նախագծի հաստատված առաջադրանքը հիմք է հանդիսանում նախագծի մշակման համար:

16. Նախագծի առաջադրանքում նշվում են`

1) համայնքի անվանումը.

2) նախագծման հիմքը.

3) նախագծվող տարածքի սահմանները և մակերեսը.

4) համայնքի հիմնական բնութագիրը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համայնքի հուշարձանների պետական ցուցակը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման N 3 ձևով սահմանված` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.

7) նորահայտ հուշարձանները.

8) նախագծին առնչվող` հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը.

9) հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքները.

10) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները.

11) հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնում և համայնքում առկա ելակետային և արխիվային նյութերը.

12) համայնքի առանձնահատկություններից բխող լրացուցիչ պահանջները:

 

3. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ, ԿԱԶՄԻՆ, ՁԵՎԱՉԱՓԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված նախագծի փաստաթղթերը մշակողի (այսուհետ` կատարող) հետ կնքում է պայմանագիր և պայմանագրում սահմանված ժամկետում տրամադրում է հաստատված նախագծային առաջադրանքը և հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը:

18. Նախագծի ելակետային նյութերի ցանկը ներառում է`

i

1) տարածքի տեղագրական հանույթը, Մ 1: 5000, 1: 2000 կամ 1:1000.

2) կադաստրային քարտեզագրման նյութերը, որոնք ներբեռնվում են ազգային գեոպորտալ հարթակից.

3) հողօգտագործման քարտեզները, Մ 1:10 000 կամ 1: 5000.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` տվյալ համայնքի բնակավայրի տարածքում կամ դրա առանձին հատվածում գտնվող հուշարձանների պետական ցուցակը.

5) նախկինում հաստատված նմանատիպ նախագծերը.

6) բնակավայրի քաղաքաշինական զարգացման պատմական փուլերի վերաբերյալ նյութեր, այդ թվում` նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթեր.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ ընդունված ձևաչափով` հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.

8) հուշարձանների վկայագրերը.

9) նորահայտ հուշարձանների ցուցակը և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը.

10) տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների վերաբերյալ.

11) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.

12) համայնքին վերաբերող գրաֆիկական և տեքստային արխիվային նյութերը (առկայության դեպքում).

13) բնակավայրի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն.

14) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում):

19. Նախագծերը մշակվում են արխիվային նյութերի, գրաֆիկական և տեքստային մասերի ձևով:

20. Գրաֆիկական մասը ներկայացվում է 1:2000, 1:1000 կամ 1:500 մասշտաբի նյութերի (տեղագրական հանույթի և կադաստրային քարտեզի) վրա:

21. Գրաֆիկական մասը մշակվում է համակարգչային ծրագրերի կիրառմամբ` Դի դաբլյու ջի («Dwg») կամ Դի էքս էֆ (»Dxf») կամ Շեյփ (»Shape») ձևաչափերով:

 

4. ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Նախագծի պատմաարխիվային նյութերի մասում ներկայացվում են`

1) բնակավայրի պատմական փուլերի զարգացման վերաբերյալ նյութեր, այդ թվում` նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը.

2) նախկինում բնակավայրի զարգացմանն առնչվող փաստաթղթերը.

3) նախկինում հաստատված նախագծերը.

4) հուշարձանների հետ կապված արխիվային փաստաթղթերը, նյութերը և լուսանկարները.

5) այլ գրաֆիկական և տեքստային արխիվային նյութեր:

23. Նախագծի գրաֆիկական մասում պատմահենակետային հատակագծում գծագրի մասշտաբին համապատասխանող տեղագրական հանույթի և կադաստրային քարտեզի վրա ներկայացվում են`

1) բնակավայրի դիրքը և տրանսպորտային կապերը մարզի տարածքում.

2) առանձին պատմական հատվածների դիրքը բնակավայրի տարածքում.

3) բնակավայրի փաստացի սահմանագիծը.

4) կառուցապատման փաստացի վիճակը.

5) պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները, նորահայտ հուշարձանները, պոտենցիալ պեղման տարածքները` հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հիմնական տեսակները` վերգետնյա հետազոտումը, հետախուզական ու պարբերական հնագիտական պեղումները, տեխնիկական կամ բնագիտական մեթոդներով հուշարձանի վավերագրման և հետազոտման աշխատանքներն իրականացնելու համար.

6) բնակավայրի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված հուշարձանները.

7) հուշարձանների դասակարգումն ըստ նշանակության (հանրապետական, տեղական), ըստ բնույթի (քաղաքաշինական և ճարտարապետական, պատմական, մոնումենտալ արվեստի, հնագիտական), ըստ կառուցման ժամանակաշրջանի (հնագույն, միջնադարյան, նախախորհրդային, խորհրդային).

8) հուշարձանների մոտեցման ճանապարհները.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման N 3 ձևով սահմանված` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերով հաստատված սահմանները.

10) հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանների համալիրների զբաղեցրած տարածքների սահմանները.

11) հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված օտարման ոչ ենթակա հուշարձանները.

12) հուշարձանների զբաղեցրած տարածքները.

13) բնական և քաղաքային լանդշաֆտի համայնապատկերային ընկալման եզրագծերը.

14) արժեքավոր քաղաքաշինական տարրերի և դրանց խմբերի տարածքները.

15) արժեքավոր քաղաքաշինական տարրերի և բնական դոմինանտների հորինվածքային փոխկապակցվածությունը (բնության գերիշխող հատվածների հետ քաղաքաշինական արժեքավոր բաղադրիչների համահունչ կազմակերպումը).

16) քաղաքաշինական դոմինանտների (գերիշխող տարրերի) ազդեցության գոտում գտնվող և հուշարձանների տեսողական ընկալման տարածքները.

17) հուշարձանների համալիրների և կառուցապատման հատվածների կոմպոզիցիոն ազդեցություն ունեցող գոտիները.

18) պատմաքաղաքաշինական հենակետային հատակագիծը (հիմնական գծագիր).

19) տեղային առանձնահատկություններից բխող այլ նյութեր` համաձայն առաջադրանքի պահանջների:

24. Նախագծի տեքստային մասում (առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով) ներկայացվում են`

1) նախագծի մշակման համար հիմք հանդիսացող իրավական փաստաթղթերը և որոշումները.

2) մարզի տարածքում բնակավայրի դիրքի և տրանսպորտային կապերի նկարագրությունը.

3) նախագծվող տարածքի սահմանների ընդհանուր նկարագրությունը.

4) պատմական և տեղագրական ակնարկը.

5) բնակավայրի հուշարձանների պետական ցուցակը.

6) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների սահմաններում պետական ցուցակում ընդգրկված օտարման ոչ ենթակա հուշարձաններ.

i

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման N 3 ձևով սահմանված` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի ցուցակը (առանձին գրքով նախագծերի պատճենները).

8) նորահայտ հուշարձանների վերաբերյալ ցուցակը և տեղեկատվությունը.

9) հուշարձանների բաշխումը համայնքի տարածքում` ըստ բնույթի ու նշանակության, և դրանց տարածքների նկարագրությունը.

10) բնակավայրի հիմնական զարգացման պատմական ժամանակաշրջանների փուլերի վերլուծությունը.

11) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների փաստացի քաղաքաշինական իրավիճակի վերլուծությունը.

12) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների հուշարձանների առկա վիճակի մասին նկարագրությունը, փաստացի օգտագործման հետ կապված խնդիրների բացահայտումը.

13) բնակավայրի կամ դրանց առանձին հատվածների բնական և քաղաքային լանդշաֆտի համայնապատկերային ընկալման եզրագծերի նկարագրությունը.

14) բնակավայրի արժեքավոր քաղաքաշինական տարրերի և դրանց խմբերի տարածքների, ճարտարապետագեղարվեստական արժեքավոր կառույցների ընդհանուր նկարագրությունը և բնութագրումը (առանձնահատկությունները).

15) հուշարձանների պետական ցուցակի վերլուծությունը (ըստ նշանակության, բնույթի, մոնումենտալ արվեստի, կառուցման ժամանակաշրջանի).

16) հուշարձանների պետական ցուցակի լրացման և փոփոխման առաջարկությունները` հիմնավորմամբ.

17) այլ նյութեր` ելնելով բնակավայրի առանձնահատկություններից:

25. Կատարողը նախագծերի պատմաճարտարապետական հենակետային աշխատանքները (նախագծի առաջին փուլ) ներկայացնում է հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` մասնագիտական կարծիք տալու համար:

 

5. ՆԱԽԱԳԾԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Հիմք ընդունելով հուշարձանների պահպանման նախագծի պատմաճարտարապետական հենակետային աշխատանքները` նախագծի գրաֆիկական մասում մասշտաբին համապատասխանող տեղագրական հանույթի և կադաստրային քարտեզի հենքի վրա ներկայացվում են`

1) առանձին տեղակայված հուշարձանների տարածքները և պահպանական գոտիները.

2) հուշարձանախմբերի զբաղեցրած տարածքները և պահպանական գոտիները.

3) արժեքավոր քաղաքաշինական տարրերի տարածքները, ճարտարապետագեղարվեստական արժեքավոր կառույցները.

4) հուշարձանախմբերի ու հուշարձանների պահպանության, անխաթարությունն ապահովելու և քաղաքաշինական դերի, տեսողական ընկալման նպաստավոր պայմանների ապահովման նպատակով պահպանական գոտիներում անհրաժեշտ միջոցառումների առաջարկությունները.

5) պատմական հատվածների և թաղամասերի վերակառուցման, վերականգնման և օգտագործման հայեցակարգային առաջարկները.

6) առաջադրանքի պահանջներին համապատասխան` տեղային առանձնահատկություններից բխող այլ նախագծային առաջարկություններ:

Առկա տվյալները փոխակերպվում, իսկ նախագծային նոր տվյալները ստացվում են Դաբլյու ՋԻ ԷՍ-84 (WGS-84) ԱՐՄՌԵՖ 02 (ARMREF 02) կոորդինատային համակարգի միջոցով և պահպանական գոտիների, ենթագոտիների սահմաններին բնորոշ (բեկման) կետերը ներկայացվում են կոորդինատային ժողովածուների տեսքով, իսկ անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև սահմանների տեքստային նկարագրությունը:

27. Նախագծի տեքստային մասում (առանձին հոդվածների և աղյուսակների տեսքով) ներկայացվում են`

1) հուշարձանների պահպանական գոտիների տարածքների փաստացի կառուցապատման և հողօգտագործման վիճակը.

2) հուշարձանների պահպանական գոտիների նկարագրությունը, հիմնավորումը.

3) բնակավայրի առանձին հատվածների պահպանության ու վերակառուցման վերաբերյալ առաջարկությունները.

4) առանձին հուշարձանների վերականգնման, տարածքների մաքրման և բարեկարգման վերաբերյալ առաջարկությունները.

5) բնական և քաղաքային լանդշաֆտի համայնապատկերային ընկալման ապահովման համար միջոցառումների առաջարկությունները.

6) բնակավայրի պատմական միջուկի և բնակավայրի զարգացման և վերակառուցման ընթացքում տարածական, կառուցվածքային, կերպարային (հորինվածքային) միասնության, ճարտարապետագեղարվեստական որակների հատկանիշների պահպանման ապահովման համար պայմանները.

7) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների կազմավորված քաղաքաշինական, ճարտարապետական և պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տարրերի նկարագրությունը (առանձնահատկությունների բացահայտմամբ) և դրանց վերականգնման, վերակառուցման, զարգացման առաջարկությունները.

8) պատմական տարածքների և դրանց շրջապատող միջավայրի բնական դոմինանտների հորինվածքային փոխկապվածության (բնության գերիշխող հատվածների հետ քաղաքաշինական արժեքավոր բաղադրիչների համահունչ կազմակերպումը) հնարավորությունների ապահովման համար պայմանների և միջոցառումների առաջարկությունները.

9) առավել արժեքավոր, ակտիվ ներգործություն ունեցող քաղաքաշինական դոմինանտների (գերիշխող տարրերի) և դրանց բարենպաստ ընկալման պայմանների ապահովման համար առաջարկություններ.

10) պահպանական գոտիներում միջավայրի գեղարվեստական ամբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացման ընթացակարգը և գոյություն ունեցող գույքի նկատմամբ որոշ սահմանափակումների կիրառումը.

11) բնակավայրի կամ դրա առանձին հատվածների ճարտարապետագեղարվեստական տեսանկյունից արժեքավոր կառույցների ցուցակը և դրանց վերակառուցման կանոնակարգման առաջարկությունները.

12) նախագծի իրագործման միջոցառումներն ըստ առաջնահերթությունների.

13) նախագծվող տարածքի սահմաններում հուշարձանների պահպանական գոտիների տարածքների մակերեսները և հաշվեկշիռը:

28. Հուշարձանների պահպանական գոտիների պայմանակարգերում հողամասերի օգտագործման և կապիտալ շինարարության և վերակառուցման օբյեկտների, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների, գծային և ինժեներական սարքավորումների տեղադրման նկատմամբ սահմանվում են`

1) հողամասերի և շինությունների թույլատրելի օգտագործման տեսակները.

2) կապիտալ շինարարության, վերակառուցվող օբյեկտների քաղաքաշինական և ճարտարապետական սահմանափակումները, պահանջները և հողօգտագործման թույլատրելի տեսակները.

3) հողամասերի կառուցապատման առավելագույն պայմանների սահմանափակումները կապիտալ շինարարության կամ վերակառուցման օբյեկտների համար.

4) հողամասերի և կապիտալ շինարարության օբյեկտների օգտագործման սահմանափակումները.

5) տրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տեղադրման և վերակառուցման, նախատեսվող գծային օբյեկտների և առկա գծային օբյեկտների օգտագործման պայմանները.

6) պահպանական գոտիներում գտնվող փողոցի, հրապարակների, պուրակների լուսավորության և գեղարվեստական լուսավորության պայմանները.

7) պահպանական գոտիներում գտնվող փողոցային և հասարակական տարածքներում գովազդի կազմակերպման և հուշարձանների վրա տեղադրվող գովազդի, տեղեկատվական վահանակների տեղադրման պայմանները և սահմանափակումները.

8) ժամանակավոր կառույցների տեղադրման պայմանները, ճարտարապետական և գեղարվեստական լուծումների պահանջները.

9) լանդշաֆտի կանաչապատման թույլատրելի ձևերը.

10) բարեկարգման և ճարտարապետական փոքր ձևերի տեղադրման պայմանները:

29. Հուշարձանների պահպանական գոտիների պայմանակարգերում կարող են սահմանվել այլ թույլատրելի շինարարության առավելագույն և նվազագույն սահմանաչափեր, ինչպես նաև ելնելով տեղական առանձնահատկություններից` ծավալատարածական և ճարտարապետական լուծումների, արտաքին (կերպարային) տեսքի, գունային, շինարարական նյութերի օգտագործման և այլ պահանջներ, որոնք կարող են բացահայտել և զարգացնել ձևավորված բնակավայրի ճարտարապետական և քաղաքաշինական ուրույն բնութագիրը:

30. Յուրաքանչյուր պահպանական գոտու համար սահմանվում են սույն կարգի 28-րդ կետում նշված պայմանակարգի սահմանումները:

 

6. ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

31. Պատվիրատուն, ստանալով կատարողի կողմից մշակված նախագիծը, այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փորձաքննության:

32. Փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագիծը պատվիրատուի կողմից ներկայացվում է լիազոր մարմին, որը սահմանված կարգով ներկայացնում է այն հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնեցմանը:

33. Եթե նախագծով հուշարձանների պահպանական գոտիների մի հատվածը գտնվում է համայնքի վարչական սահմաններից դուրս` հարևան համայնքի տարածքում, ապա կարծիք ստանալու նպատակով` պատվիրատուն նշված պահպանական գոտիների մասով նախագիծը ներկայացնում է համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնին, այդ համայնքի ղեկավարին և ստացված կարծիքները տրամադրում լիազոր մարմնին:

34. Հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով համաձայնեցված նախագիծը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

35. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնեցված նախագիծը սահմանված կարգով ներկայացվում է հանրային քննարկման, անհրաժեշտության դեպքում լրամշակվում է և ներկայացվում լիազոր մարմին և հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին:

36. Երևանում սույն գլխով սահմանված հարաբերությունները կարգավորվում են` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

i

37. Նախագծերի փոփոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ գլխավոր հատակագծերի փոփոխման համար սահմանված ընթացակարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2023
N 936-Ն
Որոշում