Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ ...

 

 

020.0368.300702

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հուլիսի 2002թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2002թ. փետրվարի 27-ին` Վիեննայում, պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու նպատակով:

Կողմերը սահմանել են այն հարկատեսակները, ինչպես նաև հարկատու անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիայում հանգամանորեն շարադրված է օգտագործված տերմինների բացատրություն:

2. Կոնվենցիան կիրառելի է միայն ուղղակի հարկերի նկատմամբ: Մասնավորապես, Հայաստանի դեպքում այն կիրառվում է շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի և հողի հարկի, իսկ Ավստրիայի Հանրապետության դեպքում` եկամտահարկի, կորպորացիոն հարկի, հողի հարկի, գյուղատնտեսական ու անտառային տնտեսություններից գանձվող հարկի և ազատ տարածքների արժեքից գանձվող հարկի նկատմամբ:

3. Կոնվենցիայով Կողմերը պարտավորվել են.

- միմյանց ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,

- կոնվենցիայում նախատեսված կարգով և առանց հարկային խտրականության բացառել միմյանց ռեզիդենտների նկատմամբ կրկնակի հարկումը, կանխել հարկերի վճարումից խուսափելը:

Կոնվենցիայում նախատեսված են դրույթներ, որոնք ապահովում են հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով տեղեկատվական փոխանակության կարգով Կողմերի ստացած տեղեկությունների գաղտնիությունը և դրանց` կոնվենցիայում նախատեսված դեպքերում և կարգով օգտագործումը, միաժամանակ ապահովելով հարկատու անձանց օրինական շահերի պաշտպանությունը` Կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև միջնորդ դատարանի միջոցով: Կոնվենցիայի 26 հոդվածում նախատեսված կարգին համապատասխան Կողմերի իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակում կարող է իրականացվել այդ մարմինների միջև կնքված վարչական համաձայնագրերի հիման վրա:

Կողմերը պայմանավորվել են պահպանել միմյանց դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունները:

4. Կոնվենցիայի անբաժան մասն է կազմում 2002թ. փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված արձանագրությունը, որով Կողմերը հաստատագրել են կոնվենցիայի դրույթների իմաստային համապատասխանությունը Եկամուտների և գույքի վերաբերյալ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), ինչպես նաև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկման բնագավառում ՄԱԿ-ի մեկնաբանություններին:

Արձանագրությամբ նաև հստակեցված է կոնվենցիայի մի շարք հոդվածներում կիրառված տերմինների և բառակապակցությունների իմաստային նշանակությունը:

5. Կողմերը նախատեսել են նաև դրույթներ կոնվենցիայի մեկնաբանման և կատարման հետ կապված հարցերի լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի և դրա դադարման կարգի վերաբերյալ:

6. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների միջև ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն, միաժամանակ` Սահմանադրության 8 հոդվածին համապատասխան` բարենպաստ պայմաններ ապահովելով տնտեսական գործունեության ազատության համար:

Կոնվենցիայի դրույթները նաև չեն հակասում հարկման համաձայնեցված քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հուլիսի 2002 թվականի

ՍԴՈ-368

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.07.2002
N ՍԴՈ-368
Որոշում