Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /33-53 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

06.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2000  -ից մինչեւ   06.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.01 թվականից` 25.09.01 ՀՕ-232 օրենք)

i
ԳԼՈՒԽ III. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐ

 

Հոդված 33. Ընկերության կանոնադրական հիմնադրամը

 

1. Ընկերության կանոնադրական հիմնադրամը հայտարարվում է այն հիմնադրելիս և ամրագրվում է նրա կանոնադրության մեջ: Կանոնադրական հիմնադրամը ձևավորվում է բաժնետերերի ներդրումներից: Կանոնադրական հիմնադրամը հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին:

Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը չպետք է պակաս լինի բաց ընկերությունների համար` ընկերության պետական գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի հազարապատիկ չափից, փակ ընկերությունների համար` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափից: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կարող են սահմանվել ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամի ավելի մեծ չափեր:

Կանոնադրական հիմնադրամը արտահայտվում է դրամով:

Փակ ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:

 

Հոդված 34. Ընկերության արժեթղթերը

 

i

1. Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևի անվանական բաժնետոմսեր և պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է:

Ընկերությունը կարող է նաև թողարկել և տեղաբաշխել օրենքով նախատեսված այլ արժեթղթեր:

2. Սույն օրենքի իմաստով` արժեթղթերի միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ (անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ) ունեցող արժեթղթերը:

3. Ընկերության թողարկած միևնույն տեսակի արժեթղթերը պետք է ունենան պետական գրանցման նույն համարը և թողարկման միևնույն ձևը:

(հոդված 34 խմբ. 11.10.00 ՀՕ-98 օրենք)

 

Հոդված 34.1. Ընկերության բաժնետոմսերը

 

i

1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր:

Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի արժեքը վճարելուց և ընկերության պետական գրանցումից հետո ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում, ընկերության կողմից փաստաթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի բաժնետոմսերի հավաստագիր:

3. Ընկերությունն իրավունք ունի միաձուլել (կոնսոլիդացնել) իր թողարկած (տեղաբաշխած) բաժնետոմսերը` ավելացնելով դրանց անվանական արժեքը կամ դրանք բաժանել ավելի փոքր անվանական արժեքի բաժնետոմսերի, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

(հոդված 34.1 լրաց. 11.10.00 ՀՕ-98 օրենք)

 

Հոդված 35. Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերը

 

1. Բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը (տեղաբաշխված բաժնետոմսեր) սահմանվում է ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել նաև հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը` դրանք այն բաժնետոմսերն են, որոնք ընկերությունը կարող է տեղաբաշխել բացի տեղաբաշխված բաժնետոմսերից:

Ընկերության կանոնադրությունը պետք է սահմանի այն իրավունքները, որոնք տրվում են դրանց տերերին ընկերության կողմից տեղաբաշխվող ամեն մի տեսակի բաժնետոմսով: Ընկերության կանոնադրության մեջ նշված դրույթների բացակայության դեպքում ընկերությունը իրավունք չունի տեղաբաշխել տվյալ տեսակի հայտարարված բաժնետոմսեր:

Ընկերության կանոնադրության մեջ նշվում են ընկերության կողմից հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխման կարգը և պայմանները:

2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարված բաժնետոմսերին վերաբերյալ դրույթների հետ կապված ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

Այն դեպքում, երբ ընկերությունը իրականացնում է արժեթղթերի տեղաբաշխում, որոնք կարող են փոխարինել ընկերության որոշակի տեսակի (տեսակների) բաժնետոմսերի, տվյալ տեսակի (տեսակների) բաժնետոմսերի քանակը չպետք է փոքր լինի այն քանակից, որը անհրաժեշտ է տեղաբաշխված արժեթղթերի փոխարկման համար դրանց շրջանառության ողջ ժամկետում:

Ընկերությունը իրավունք չունի որոշումներ ընդունել, որոնք սահմանափակում են այն բաժնետոմսերի տերերի իրավունքները, որոնց կարող են փոխարկվել ընկերության կողմից տեղաբաշխված արժեթղթերը առանց այդ արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:

 

Հոդված 36. Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգը

 

1. Ընկերությունը կարող է բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ սույն օրենքում նշված դեպքերում` խորհրդի որոշմամբ փոփոխել իր կանոնադրական հիմնադրամի չափը: Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կապակցությամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը բովանդակում է`

ա) կանոնադրական հիմնադրամի փոփոխման շարժառիթները, եղանակն ու չափերը.

բ) ընկերության կանոնադրության փոփոխման նախագիծը` կապված կանոնադրական հիմնադրամի փոփոխման հետ.

գ) բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքի ընդհանուր գումարը, որը պետք է ստացվի կանոնադրական հիմնադրամի փոփոխման արդյունքում.

դ) նոր տեսակի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում` դրանց տեղաբաշխման կարգը և ժամկետները, բաժնետերերի իրավունքներն ըստ այդ և նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի:

3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխումը գրանցվում է ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող մարմնի կողմից օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 37. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը

 

i

1. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերն լրիվ իրացված և վճարված են:

Ընկերության բաժնետերերն ունեն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական հիմնադրամում իրենց բաժնին համապատասխան նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք:

Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի տերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:

2. Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն ընկերության կանոնադրության մեջ նշված հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:

Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի`

լրացուցիչ տեղաբաշխվող սովորական և ամեն մի տեսակի արտոնյալ բաժնետոմսերի քանակը այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.

լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի տերերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը:

3. Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա ընկերությունն իր կանոնադրական հիմնադրամը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:

4. Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո, կարող է`

շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր.

իրեն պատկանող կանոնադրական հիմնադրամի չափից ավել գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամի կազմը:

5. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական հիմնադրամը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով, նշելով այդ բաժնետոմսերի վրա դրանց նոր անվանական արժեքը: Սահմանված ժամկետում բաժնետոմսերի անվանական արժեքի վերանվանման չներկայացված բաժնետոմսերը ընկերության կողմից կարող են ճանաչվել անվավեր, եթե այդ մասին նշված է ընկերության կանոնադրության մեջ:

6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին որոշումները ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրան այդպիսի իրավասություններ են տրված:

7. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար:

 

Հոդված 38. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը

 

1. Ընկերության կանոնադրական

հիմնադրամի չափի փոքրացումը կարող է կատարվել`

ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.

բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում սույն օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ.

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացումը բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով թույլատրվում է այն դեպքում, եթե այդ հնարավորությունը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա հետևանքով նրա չափը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից փոքր կդառնա:

Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման  հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերությանը չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր: Դրանց փոխարեն ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:

2. Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումը ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների որակյալ մեծամասնությամբ:

3. Ընկերությունը կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին որոշում ընդունելու ժամկետից 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ընկերությունից պահանջել վերջինիս պարտավորությունների դադարում կամ վաղաժամկետ կատարում և դրա հետ կապված վնասների հատուցում:

4. Կանոնադրական հիմնադրամի փոքրացման հետ կապված ընկերության կանոնադրության փոփոխությունների գրանցումը ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական մարմինը կատարում է  ընկերության կանոնադրության փոփոխության մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետերերին վճարումները կատարվում են ընկերության կանոնադրության պետական գրանցումից հետո:

 

Հոդված 39. Սովորական բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերի իրավունքները

 

1. Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը սույն օրենքի և ընկերության կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) մասնակցել ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված.

ե) ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի առնվազն 5 % կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ ստուգելու ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը.

զ) ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում.

ը) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկել իրեն պատկանող լրիվ վճարված բաժնետոմսերի ձայների չափով.

թ) հայցով դիմել դատարան` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների գանգատարկման նպատակով.

ժ) ընկերության լուծարման դեպքում իրավունք ունեն ստանալ ընկերության գույքի իրենց հասանելիք մասը.

ժա) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ սովորական բաժնետոմսեր.

ժբ) օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը. ժգ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

i

2. Սովորական բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

Սովորական բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները ընկերության կողմից չեն երաշխավորվում:

3. Սովորական բաժնետոմսերի տեսակարար կշիռը ընկերության կանոնադրական հիմնադրամում չպետք է 75 տոկոսից պակաս լինի:

 

Հոդված 40. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերի իրավունքները

 

1. Ընկերությունը իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ տեսակի արտոնյալ բաժնետոմսեր եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի տեսակների համար այլ բան չի նախատեսված սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության որոշակի ձևի յուրաքանչյուր տեսակի արտոնյալ բաժնետոմսը տրամադրում է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

2. Ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր ձևի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահաբաժինը և լուծարային արժեքը ( որը վճարվում է ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական գումարի տեսքով կամ որպես տոկոսադրույք արտոնյալ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը: Եթե ընկերության կանոնադրությամբ չի նախատեսված արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը, ապա դրանց սեփականատերերը սովորական բաժնետոմսերի սեփականատերերի հետ շահաբաժիններ ստանալու հավասար իրավունք ունեն:

Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված են արտոնյալ բաժնետոմսերի երկու կամ ավելի ձևեր, ապա ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նաև շահաբաժինների և լուծարային արժեքի վճարման հերթականությունը յուրաքանչյուր ձևի արտոնյալ բաժնետոմսի համար: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ կամ մասնակի չվճարված շահաբաժինը, որի մեծությունը սահմանված է կանոնադրությամբ, կուտակվում է և վճարվում է հետագայում (կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսեր): Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև որոշակի տեսակների արտոնյալ բաժնետոմսերի ընկերության սովորական բաժնետոմսերի կամ այլ տեսակի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունները և պայմանները:

3. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունք ունեն եթե քննարկվում են ընկերության վերակազմավորման կամ լուծարման հարցերը:

Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ձեռք են բերում ձայնի իրավունք եթե քննարկվում են ընկերության կանոնադրության փոփոխման կամ լրացման հետ կապված այն որոշումները, որոնք սահմանափակում են այդ տեսակների արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ այլ ձևերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների կամ լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ ձևի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահաբանժինների կամ լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնություններ տրամադրելը:

4. Առանձին ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց հասանելիք շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, բացառությամբ կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի, իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, ընկերության բաժնետերերի տարեկան այն ընդհանուր ժողովից հետո, որում չի ընդունվել որոշում այդ ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում շահաբաժինները չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է սկսած տվյալ ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով շահաբաժինների առաջին վճարումից հետո:

Առանձին ձևերի  արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, ընկերության բաժնետերերի տարեկան այն ընդհանուր ժողովից հետո, որում չի ընդունվել որոշում այդ տեսակի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց բոլոր կուտակված շահաբաժիններ վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում շահաբաժինները չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է սկսած տվյալ ձևի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով բոլոր կուտակված շահաբաժինների վճարումից հետո:

5. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ձայնի իրավունք առանձին ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է տվյալ ձևի արտոնյալ բաժնետոմսերի սովորական բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունը: Ընդ որում նման արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերը պետք է ունենա ձայների այնպիսի քանակություն, որը չպետք է գերազանցի ձայների քանակությունը, որը նա կունենար արտոնյալ բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերի փոխարկման դեպքում:

6. Արտոնյալ բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերով փոխարկման ժամանակ ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը կամ նրանց համաձայնությամբ պարտավորվի վճարել պարտքերը այլ ձևով:

7. Երեք հաջորդական տարվա ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ ընկերությունը դատական կարգով լուծարելու համար:

8. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը օգտվում են սույն օրենքի 39 հոդվածի ա), գ), է) և ը) կետերով սահմանված իրավունքներից սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իսկ բ), ե) (բացառությամբ երկրորդ պարբերության), զ), թ), ժ), ժա) և ժբ) կետերով սահմանված իրավունքներից` սովորական բաժնետոմսերի սեփականատերերի հետ հավասար իրավունքներով:

 

Հոդված 41. Բաժնետոմսերի հավաստագրերը

 

i

1. Բաժնետոմսերի հավաստագիրը հավաստում է ընկերության մեկ կամ մի քանի բաժնետոմսերի նկատմամբ դրանց տիրապետողի (տիրապետողների) սեփականության իրավունքը:

2. Բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի համար բաժնետիրոջը տրվում է առանձին հավաստագիր: Հավաստագրերը տրվում են բաժնետոմսերի արժեքը վճարելուց հետո:

3. Հավաստագիր տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

4. Բաժնետոմսերի հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) «բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը և հերթական համարը.

բ) ընկերության ֆիրմային լրիվ անվանումը և հասցեն.

գ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը: Ընկերության կողմից մի քանի տեսակի արտոնյալ արժեթղթերի թողարկման դեպքում յուրաքանչյուր տեսակը պետք է ունենա իր տարբերակիչ անվանումը.

դ) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը.

ե) տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը.

զ) հավաստագիրը տալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

է) հավաստագրով ներկայացված բաժնետոմսի (բաժնետոմսերի) գրանցված սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).

ը) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա դրա համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումն ու հասցեն.

թ) տեղեկություններ` հավաստագրով ներկայացված բաժնետոմսերով տրվող իրավունքների և (կամ) դրանց սահմանափակումների մասին, ներառյալ` բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկության իրավունքի որևէ սահմանափակումը կամ բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումը.

ժ) ընկերության կնիքի դրոշմվածքը, իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա տվյալ կազմակերպության կնիքի դրոշմվածքը:

5. Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի փոխանցման կամ գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում, այդ բաժնետոմսերի հավաստագիրը վերադարձվում է և համարվում չեղյալ: Նոր տիրապետողի անվանմամբ (անվամբ) տրվում է բաժնետոմսերի նոր հավաստագիր: Բաժնետոմսերի նոր հավաստագրեր են տրվում նոր և նախկին տիրապետողների անվանումներով` հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի մասնակի փոխանցման դեպքում: Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում բաժնետոմսերի նոր հավաստագիրը տրվում է գրանցված բաժնետիրոջ նոր անվանմամբ (անվամբ):

6. Հավաստագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

(հոդված 41 խմբ. 11.10.00 ՀՕ-98 օրենք)

 

Հոդված 42. Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը

 

1. Ընկերությունը իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր:

Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը իրականացվում է ընկերության խորհրդի որոշմամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չի:

2. Պարտատոմսն ընկերության պարտքային պարտավորություն հանդիսացող տպագրական եղանակով պատրաստված արժեթուղթ է: Այն հավաստիացնում է իր սեփականատիրոջ իրավունքն ընկերությունից պահանջել պարտատոմսի մարումը` պարտատոմսի անվանական արժեքի կամ անվանական արժեքի և ընկերության կողմից սահմանված տոկոսադրույքների վճարումը պարտատոմսի սեփականատիրոջը ընկերության կողմից սահմանված ժամկետներում:

Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:

Պարտատոմսերը պետք է անվանական արժեք ունենան: Ընկերության կողմից թողարկված բոլոր պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է ընկերությանը պարտատոմսեր փոխարկելու նպատակով:

Պարտատոմսերը չեն կարող թողարկվել մինչև ընկերության կանոնադրական հիմնադրամի լրիվ վճարումը:

Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով համաձայն պարտատոմսերի թողարկման մասին որոշման:

Ընկերությունը իրավունք ունի թողարկել`

ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր.

երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված պարտատոմսեր.

առանց ապահովման պարտատոմսեր.

Առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է ընկերության գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռներ:

Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ներկայացուցչական պարտատոմսեր:

i

Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստր: Կորցրած անվանական արժեթուղթը վերականգնվում է ընկերության կողմից բանական վճարի դիմաց: Կորցրած ներկայացուցչական պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնման ենթակա չեն:

Ընկերությունը կարող է պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն ընձեռնել, դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում, պարտատոմսերի թողարկման մասն որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից  սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման համար:

3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ ձևերի և տեսակների հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված ձևերի և տեսակների բաժնետոմսերի քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարվկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունը ապահովելու համար:

4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Այն դեպքում, երբ պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, տարեկան տոկոսները պարտատոմսի տիրոջը կարող են չվճարվել, ինչը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասն որոշմամբ և նշված լինի պարտատոմսում:

Պարտատոմսերով տոկոսների չվճարման կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով:

5. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`

ա) «պարտատոմս» անվանումը, հերթական համարը և սերիան.

բ) ընկերության լրիվ ֆիրմային անվանումը.

գ) թողարկման ժամկետը.

դ) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը.

ե) պարտատոմսի անվանական արժեքը դրամով` արտահայտված հարյուրին բազմապատիկ թվով.

զ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում փոխարկվող պարտատոմսերի համար` ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը.

է) այդ տեսակի պարտատոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.

ը) պարտատոմսերի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը.

թ) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի համար` ազգանունը և անունը).

ժ) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները.

ժա) ընկերության կնիքը:

6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության հայտանիշներին:

7. Ընկերության ռեեստրում արձանագրվող տվյալների փոփոխման դեպքում պարտատոմսի սեփականատերն այդ մասին տեղյակ է պահում ընկերությանը:

 

Հոդված 43. Աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը

 

1. Ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել սովորական կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության աշխատակիցների միջև այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:

Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի ընկերության կանոնադրական հիմնադրամի 25 տոկոսը:

2. Աշխատակցի բաժնետոմսը ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 3 տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:

3. Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս 25 տոկոսից:

4. Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի թոշակի անցնելու դեպքերից, ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:

Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, այն դեպքում երբ գործում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված սահմանափակումները, իրավունք ունեն ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս դրա անվանական արժեքից ,կամ պահանջել դրանք փոխարկել ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են ընկերության կողմից:

5. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նշված սահմանափակման, օգտվում են իրավունքներից ,ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ` դրանց համապատասխանող սովորական կամ տարբեր տեսակների արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:

Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը  չպետք է տարբերվի ընկերության սովորական և համապատասխան տեսակի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:

6. Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման  կարգի մասին որոշումը կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

 

Հոդված 44. Բաժնետերերի պարտականությունները

 

Բաժնետերերը պարտավոր են`

կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.

չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները.

Բաժնետերերը կարող են կրել ընկերության կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ:

 

Հոդված 45. Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը

 

1. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել նյութական արժեքներ, արժեթղթեր, բնական ռեսուրսների օգտագործման իրավունքները, մտավորական (արտադրական) սեփականությունը, դրամական միջոցները:

Բաժնետոմսերի դիմաց վճարած գույքի արժեքի փոփոխությունը դրա դրամական գնահատականի սահմանումից հետո չի առաջացնում ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի փոփոխություններ:

2. Ընկերության հիմնադրման ժամանակ, նրա բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, ընդ որում կանոնադրական հիմնադրամի առնվազն 50 տոկոսը պետք է վճարված լինի ընկերության գրանցման հայտը ներկայացնելու պահին, իսկ մնացած մասը` ընկերության գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ չի նախատեսված:

Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:

3. Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական: Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց` դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ:

Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռք բերման ժամանակ, որոնց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով, պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն 25 տոկոսը:

Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանք ձեռք բերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով, եթե ընկերության հիմնադիրների միջև կնքված պայմանագրով կամ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ այլ բան չի նախատեսված:

4. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ:

Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ոչ դրամական միջոցներով ձեռք բերման ժամանակ, բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանում է ընկերության խորհուրդը սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով:

Եթե նշված ձևով ձեռքբերվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի անվանական արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, ապա այդ գույքի դրամական գնահատումը պետք է կատարվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:

Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանափակումներ դրվել ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա:

5. Մինչև բաժնետոմսերի արժեքի լրիվ վճարումը, բաժնետոմսերի սեփականատերը, բացառությամբ ընկերության հիմնադիր հանդիսացողից, ձայնի իրավունքից չի օգտվում:

Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս է, ապա բաժնետոմսերը փոխանցվում են ընկերության տրամադրության տակ և դրանց արժեքը ժամանակին չվճարած բաժնետերերը զրկվում են բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում ընկերության բաժնետերերի ռեեստրում: Դրամական և այլ գույքը, որը վճարվել էր բաժնետոմսերի դիմաց, բաժնետիրոջը չեն վերադարձվում:

Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս չի, կատարվում է բաժնետոմսերի քանակի վերահաշվարկ, այնպես որ բաժնետոմսերի քանակի և ձեռք բերման արժեքի արտադրյալը չգերազանցի դրանց համար արդեն վճարված գումարը: Մնացած բաժնետոմսերը փոխանցվում են ընկերության տրամադրության տակ և բաժնետերերը զրկվում են դրանց նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում ընկերության բաժնետերերի ռեեստրում:

Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել դրամական պատժամիջոցներ` բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունների չկատարման համար:

Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն ընկերության կողմից դրանք ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին:

 

Հոդված 46. Ընկերության հիմնադրամները և զուտ ակտիվները

 

1. Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև սպառման, կուտակման, աշխատակիցների բաժնետիրացման, շահաբաժինների վճարման և այլ հիմնադրամներ:

2. Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 տոկոսից ոչ պակաս չափով:

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, այն դեպքում, երբ ընկերության շահույթը դրա համար չի բավարարում:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:

3. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել հատուկ աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամ, որը ձևավորվում է ընկերության զուտ շահույթի հաշվին և օգտագործվում է սույն օրենքի 43 հոդվածով սահմանված կարգով:

4. Շահաբաժնի ձևով չվճարված կամ այլ եղանակով չօգտագործված շահույթը տեղաբաշխվում է ընկերության հայեցողությամբ:

5. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, այն պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունն ընկերության զուտ ակտիվների արժեքից ավել չլինի:

6. Եթե, ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը սույն օրենքի 33 հոդվածով սահմանված ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է որոշում ընդունել իր լուծարման մասին:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմինները իրավունք ունեն պահանջել ընկերության լուծարումը դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ IV. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

 

Հոդված 47. Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գինը

 

i

1. Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս դրանց անվանական արժեքից:

Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն ընկերության հիմնադրման ժամանակ իրականացվում է նրա հիմնադիրների կողմից բաժնետոմսի անվանական արժեքով: Անվանական արժեքով կարող է իրականացվել նաև ընկերության սովորական բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխումն ընկերության սովորական բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի միջև, այն դեպքում, երբ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրենց իրավունքը:

2. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել բաժնետոմսերը դրանց անվանական արժեքից ցածր, սույն օրենքի 43 հոդվածով նախատեսված դեպքում:

3. Ընկերությունը իրավունք ունի տեղաբաշխել լրացուցիչ բաժնետոմսերը դրանց շուկայական արժեքից ցածր այն դեպքում, եթե նա բաժնետոմսերի տեղաբաշխման համար օգտվում է միջնորդի ծառայություններից: Տեղաբաշխման գինը այդ դեպքում կարող է շուկայականից ցածր լինել միայն միջնորդին վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ:

 

Հոդված 48. Ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի գինը

 

1. Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը իրականացվում է ընկերության արժեթղթերի փոխարկումը բաժնետոմսերի ապահովելու համար, կատարվում է միայն նշված փոխարկման միջոցով: Փոխարկման կարգը սահմանվում է փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ:

2. Ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը դրանց շուկայական արժեքով բացառությամբ`

բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ընկերության սովորական բաժնետոմսերի սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետերերին տեղաբաշխման դեպքի, պայմանով, որ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրենց իրավունքը: Այդ դեպքում արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել դրանց անվանական արժեքով.

բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման համար միջնորդի ծառայություններից օգտվելու դեպքի: Տեղաբաշխման գինն այդ դեպքում կարող է շուկայականից ցածր լինել միայն միջնորդն վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք տեղաբաշխվող բաժնետոմսի փոխարկվող արժեթղթի տեղաբաշխման գնի նկատմամբ:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման դեպքի վրա, երբ պարտատոմսերի մարման պայմաններով նախատեսված է պարտատոմսի անվանական արժեքի մարումը կամ դրա փոխարկումը ընկերության բաժնետոմսերի:

 

Հոդված 49. Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը

 

1. Բաց բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը բաց կամ փակ բաժանորդագրության միջոցով:

Փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը բաց բաժանորդագրության միջոցով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ քանակով անձանց:

Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերը ընկերության բաժնետոմսերի փոխարկման միջոցով իրականացվում է ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված կարգով:

2. Բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը (բաց կամ փակ բաժանորդագրություն) սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, իսկ ընկերության կանոնադրության մեջ համապատասխան ցուցումների բացակայության դեպքում` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Ընկերության կանոնադրության կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համապատասխան որոշման մեջ ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևի մասին ցուցումների բացակայության դեպքում տեղաբաշխումը կարող է իրականացվել միայն բաց բաժանորդագրության միջոցով:

3. Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 50. Բաժնետերերի շահերի ապահովումը ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում

 

1. Բաց բաժնետիրական ընկերության կողմից բաց բաժանորդագրության միջոցով ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման և դրանց դիմաց դրամական վճարման պայմանի առկայության դեպքում, ընկերության կանոնադրությունը կարող է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի համար նախատեսել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք իրենց պատկանող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակին համապատասխան համամասնությամբ:

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը իրավունք ունի որոշել չկիրառել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տերերի սույն հոդվածի 1-ին կետում նշված նախապատվության իրավունքը, ինչպես նաև սահմանել այդ որոշման գործունեության ժամկետը: Այդ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:

Նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման գործողության ժամկետը չի կարող մեկ տարուց ավել լինել:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի վրա, որոնք ձեռք են բերել ձայնի իրավունք համաձայն սույն օրենքի 40 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

 

Հոդված 51. Բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման կարգը

 

1. Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է սույն օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին սահմանված կարգով ընկերության դրամական վճարման ենթակա ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման սկսվելու օրվանից առնվազն 30 օր առաջ ծանուցվեն սույն օրենքի 50 հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի իրենց կողմից իրականացման հնարավորության մասին:

Ծանուցումը պետք է տեղեկություններ բովանդակի`

տեղաբաշխվող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի մասին . այդ բաժնետոմսերի և արժեթղթերի տեղաբաշխման գնի (այդ թվում բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող ընկերության բաժնետերերի համար տեղաբաշխման գնի) մասին . ընկերության բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով ձեռքբերվող բաժնետոմսերի և արժեթղթերի քանակի որոշման կարգի ,այդ իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին: 2. Բաժնետերն իրավունք ունի իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն, ընկերությանը ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկող արժեթղթերի ձեռքբերման մասին գրավոր հայցադիմում ուղղելու միջոցով, որը պետք է բովանդակի`

բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի համար `ազգանունը և անունը ) և

փոստային հասցեն.

ձեռքբերվող բաժնետոմսերի և/ կամ արժեթղթերի քանակը.

բաժնետոմսերի և/ կամ արժեթղթերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը:

Հայցադիմումը պետք է ուղղվի ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման սկսելու օրվանից առնվազն մեկ օր շուտ:

 

ԳԼՈՒԽ V. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

Հոդված 52. Ընկերության շահաբաժինների վճարման կարգը

 

1. Ընկերությունը իրավունք ունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահաբաժինների վճարման մասին, եթե այլ բան չի նախատեսված սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ:

Ընկերությունը պարտավոր է վճարել բաժնետոմսերի յուրաքանչյուր ձևի և տեսակի համար հայտարարված շահաբաժինները`  դրամով, իսկ ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում նաև այլ գույքով:

2. Շահաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից: Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները կարող են վճարվել այդ նպատակի համար հատուկ ստեղծված ընկերության հիմնադրամի միջոցներից:

Ընկերության տվյալ տարվա գործունեության արդյունքների հիման վրա սովորական բաժնետոմսերի տերական շահաբաժինն արտոնյալ բաժնետոմսերի համար ընկերության կանոնադրությամբ սահմանված շահաբաժինը գերազանցելու դեպքում արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են ստանալ սովորական բաժնետոմսերին հասանելիք փաստացի շահաբաժինը:

3. Ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության խորհրդի կողմից: Ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների տերական շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումը ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից խորհրդի առաջարկությամբ: Տարեկան շահաբաժինների չափը չի կարող արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից պակաս լինել: Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին ձևերի և տեսակների սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափին հավասար, այդ ձևերի և տեսակների բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժիններ չեն վճարվում: Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահաբաժինները վճարվում է սահմանված տարեկան շահաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ գումարի տարբերությամբ:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը իրավունք ունի որոշում ընդունել առանձին ձևերի և տեսակների բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու, իսկ որոշակի տեսակի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, նաև շահաբաժիները ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավել լինել:

4. Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց:

Շահաբաժինների յուրաքանչյուր վճարման համար ընկերության խորհուրդը կազմում է շահաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցանկ, որում պետք է ընդգրկվեն`

միջանկյալ շահաբաժիններ վճարելու դեպքում` ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են ընկերության բաժնետերերի ռեեստրում ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.

տարեկան շահաբաժիններ վճարելու դեպքում` ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են ընկերության բաժնետերերի ռեեստրում ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ:

 

Հոդված 53. Ընկերության շահաբաժինների վճարման սահմանափակումները

 

1. Ընկերությունը իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին եթե`

լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.

ընկերության կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է հետ գնվեն սույն օրենքի 61 հոդվածի դրույթներին համաձայն.

եթե շահաբաժիններ վճարելու որոշումը ընդունելու պահի դրությամբ ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման ) հայտանիշներին, կամ նշված հայտանիշները ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով.

ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից, կամ այդ գումարից փոքր կդառնա շահաբաժինների վճարման հետևանքով:

2. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) շահաբաժինների վճարման մասին տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի և այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար սահմանված չէ շահաբաժնի չափը, եթե որոշում չի ընդունված շահաբաժիններ վճարել արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն ձևերի դիմաց , որոնց համար վճարվող շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ:

3. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) շահաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, եթե որոշում չի ընդունված շահաբաժիններ վճարել արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն ձևերի դիմաց, որոնք վերոհիշյալ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ շահաբաժիններ ստանալու առաջնության իրավունք են տալիս:

 

 

pin
ՀՀ 30.04.1996
N ՀՕ-51 օրենք