Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /54-77 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

06.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2000  -ից մինչեւ   06.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.01 թվականից` 25.09.01 ՀՕ-232 օրենք)

ԳԼՈՒԽ VI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

 

i
Հոդված 54. Ընկերության բաժնետերերի ռեեստրը

 

i

1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ընկերությունը վարում է բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, որում նշվում են բաժնետիրոջ (այդ արժեթղթերի սեփականատիրոջ) մասին հետևյալ տվյալները`

լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).

իրավաբանական անձանց համար` գրանցման և փոստային հասցեն և հաշվարկային հաշիվը, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և փոստային հասցեն.

արժեթղթերի քանակը ըստ ձևերի և տեսակները, այդ թվում` լրիվ վճարված. բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) ձեռք բերման ամսաթիվը և հիմքերը.

բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) օտարման ամսաթիվը և հիմքերը.

ռեեստրի մեջ գրանցման ամսաթիվը:

i

2. Ընկերությունը պարտավոր է ապահովել ռեեստրի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով վարումը և պահպանումն ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում: Ընկերության ռեեստրը վարվում և պահպանվում է ընկերության և /կամ նրա հանձնարարությամբ այլ, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ընկերությունը պարտավոր է հանձնարարել ռեեստրի վարման և պահպանման գործը համապատասխան մասնագիտացված կազմակերպության:

3. Ռեեստրի վարումը և պահպանումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնարարած ընկերությունն ազատվում է այն վարելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից:

4. Բաժնետերը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատերը պարտավոր են ընկերության ռեեստրը վարողին ժամանակին տեղեկացնել իրեն վերաբերող սույն հոդվածով սահմանված տվյալների փոփոխության մասին: Նշված տվյալները բաժնետիրոջ, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ կողմից չներկայացնելու դեպքում, ընկերությունը և ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում բաժնետիրոջ, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջը պատճառված վնասի համար:

(հոդված 54 փոփ. 11.10.00 թիվ ՀՕ-98 օրենք)

 

Հոդված 55. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելը

 

1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումը կատարվում է ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով արժեթուղթը և սույն օրենքի 54 հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ կողմից ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

2. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելու մերժումը չի թույլատրվում բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերի: Նման մերժման դեպքում ընկերության ռեեստր վարողն ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելու պահանջը ներկայացնելու պահից հինգ օրվա ընթացքում գրառում պահանջող անձին հիմնավորված ծանուցում է մերժման մասին:

i

Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով: Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ընկերության բաժնետերերի ռեեստրի վարողը պարտավոր է համապատասխան գրառում կատարել ռեեստրում:

 

Հոդված 56. Քաղվածք ընկերության բաժնետերերի ռեեստրից

 

i

Ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով ընկերության բաժնետերերի ռեեստրի վարողը պարտավոր է հաստատել ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ սեփականության իրավունքը` այդ անձին ընկերության բաժնետերերի ռեեստրից համապատասխան քաղվածք տրամադրելով: Ընկերության բաժնետերերի ռեեստրից քաղվածքը արժեթուղթ չի հանդիսանում:

 

ԳԼՈՒԽ VII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԳՆՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

Հոդված 57. Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը

 

1. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունը իրավունք ունի ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

Ընկերությունն իրավունք չունի բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի կրճատման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ մտած բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափից:

2. Ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել տեղաբաշխված բաժնետոմսերը խորհրդի որոշմամբ, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության խորհուրդն իրավունք չունի տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի ընկերության կանոնադրական հիմնադրամի 90 տոկոսից:

3. Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման հիման վրա ձեռք բերված ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը մարվում են դրանց ձեռքբերման ժամանակ:

Ընկերության խորհրդի որոշմամբ ձեռք բերված տեղաբաշխված բաժնետոմսերը չեն կարող ձայնի իրավունք ունենալ, չեն հաշվարկվում ձայների քանակի հաշվարկման ժամանակ և դրանցով շահաբաժիններ չեն հաշվառվում:

Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն, այդ թվում նաև սույն օրենքի 43 հոդվածով սահմանված նպատակների համար, դրանց ձեռք բերման պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, կամ ընկերության այդ բաժնետոմսերը մարելով և կանոնադրական հիմնադրամը անփոփոխ պահելով ` ընկերության այլ բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման մասին:

4. Բաժնետոմսերի ձեռք բերման մասին որոշմամբ պետք է սահմանվեն`

ձեռքբերվող բաժնետոմսերի ձևերը և տեսակները.

ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը ըստ դրանց ձևերի և տեսակների.

առավելագույն ձեռքբերման գինը, վճարման ժամկետները և ձևը.

ժամկետը, որի ընթացքում իրականացվելու է բաժնետոմսերի ձեռքբերումը:

Բաժնետոմսերը վճարվում են դրամով, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված: Ժամկետը, որի ընթացքում իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերումը, չի կարող 30 օրից պակաս լինել:

Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը, եթե այդ տեսակի կամ ձևի բաժնետոմսը ենթակա է ձեռք բերման ընկերության կողմից սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ ընկերությունը պարտավոր է ձեռք բերել դրանք: Եթե բաժնետերերի հայտերով վաճառքի համար առաջարկվող բաժնետոմսերի քանակը գերազանցում է ընկերության ընկերության կողմից ձեռքբերվող բաժնետոմսերի քանակը, ապա բաժնետոմսերը ձեռք են բերվում ներկայացված հայտերին համամասնաբար:

5. Ընկերությունը պարտավոր է ծանուցել բաժնետերերին, որոնք տնօրինում են ընկերության համապատասխան տեսակի և ձևերի բաժնետոմսեր, այդ բաժնետոմսերը ձեռք բերելու իր որոշման մասին` դրանց ձեռքբերման ժամկետի սկզբից առնվազն 30 օր շուտ: Ծանուցումը պետք է բովանդակի սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները:

6. Արտոնյալ բաժնետոմսերը ձեռք են բերվում ընկերության կանոնադրությամբ նախատեսված կամ շուկայական գնով:

 

Հոդված 58. Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման սահմանափակումները

 

1. Ընկերությունը իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերը, եթե`

լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.

ընկերության կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է գնվեին սույն օրենքի 60 հոդվածի համաձայն. բաժնետոմսեր ձեռք բերելու պահին ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ այդ հայտանիշները կհայտնվեն բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով. բաժնետոմսերի ձեռքբերման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված բոլոր արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքի և լուծարային արժեքի տարբերության գումարից, կամ այդ գումարից փոքր կդառնա բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում:

2. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված տարբեր ձևերի արտոնյալ բաժնետոմսերը , եթե `

լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.

բաժնետոմսեր ձեռք բերելու պահին ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշները կհայտնվեն բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում.

բաժնետոմսերի ձեռքբերման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի, պահուստային հիմնադրամի, ինչպես նաև այն տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքի և լուծարային արժեքի տարբերության գումարից, որոնց սեփականատերերը ձեռք բերվող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ արտոնյալ բաժնետոմսի լուծարային արժեքը ստանալու նախապատվության իրավունք ունեն, կամ այդ գումարից փոքր կդառնա բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով:

3. Ընկերությունը իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը, եթե նրա կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է գնվեին սույն օրենքի 61 հոդվածին համաձայն:

 

Հոդված 59. Ընկերության բաժնետոմսերի քանակի փոփոխությունը

 

1. Ընկերությունը իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կրճատել տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը, փոխարկելով ընկերության կողմից տեղաբաշխված երկու կամ ավելի բաժնետոմսերը մեկ նույն ձևի և տեսակի բաժնետոմսի, համապատասխանաբար ավելացնելով այդ բաժնետոմսերի անվանական արժեքը: Այդ դեպքում ընկերության կանոնադրության մեջ կատարվում են ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:

Բաժնետոմսերի քանակը կրճատելիս կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, վերջիններս ենթակա են հետգնման ընկերության կողմից դրանց շուկայական արժեքով սույն օրենքի 62 հոդվածին համաձայն:

2. Ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ավելացնել տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը, փոխարկելով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսը երկու կամ ավելի նույն ձևի և տեսակի բաժնետոմսերի, համապատասխանաբար կրճատելով դրանց անվանական արժեքը: Այդ դեպքում ընկերության կանոնադրության մեջ կատարվում են ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:

 

Հոդված 60. Ընկերության բաժնետոմսերի հետգնումը բաժնետերերի պահանջով

 

1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ընկերությունից պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը , եթե`

որոշում է ընդունվել ընկերության վերակազմավորման մասին և նշված բաժնետերերը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները քվեարկել են ընկերության վերակազմավորման դեմ կամ քվեարկությանը չեն մասնակցել.

ընկերության կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով լրացուցիչ սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները և նրանք կամ նրանց լիազոր ներկայացուցիչները դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:

2. Ընկերությունից իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա, ընկերության բաժնետերերի այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը բովանդակում է սույն հոդվածով սահմանված այն հարցերը, որոնց ընդունումը հանգեցրել է բաժնետերերի իրավունքների սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանափակմանը:

3. Ընկերության կողմից բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, որը սահմանվում է սույն օրենքի 62 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 61. Ընկերության բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի իրականացման կարգը

 

1. Ընկերությունը պարտավոր է տեղեկացնել բաժնետերերին իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, հետգնման գնի և իրականացման կարգի մասին:

2. Ծանուցումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին, որի օրակարգում ընդգրկված են սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված ընկերության վերակազմավորումը կամ կանոնադրության փոփոխությունները, որոնց մասին որոշման ընդունումը կարող է հանգեցնել բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացմանը, պետք է բովանդակի սույն հոդվածի 1-ին կետում նշված տվյալները:

Նշված որոշումների ընդունման պահից 7-օրյա ժամկետում ընկերությունը պարտավոր է տեղեկացնել ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք չունեցող բաժնետերերին նրանց մոտ ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին:

3. Բաժնետերը, սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահից 45 օրվա ընթացքում կարող է ընկերության հասցեով ուղղել գրավոր դիմում պահանջելով նրանից հետ գնել իրեն պատկանող բաժնետոմսերը և նշելով հետգնման ենթակա բաժնետոմսերի քանակն ու իր հասցեն (գտնվելու վայրը):

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը սպառվելուց հետո ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում հետ գնել բաժնետոմսերը դրանց հետ գնման մասին գրավոր դիմում ներկայացրած բաժնետերերից:

5. Բաժնետոմսերի հետգնումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նշված ծանուցման մեջ սահմանված գնով:

Բաժնետոմսերի հետգնմանն ուղղվող միջոցների գումարը չի կարող գերազանցել ընկերության զուտ ակտիվների արժեքի 10 տոկոսից: Զուտ ակտիվների արժեքը սահմանվում է սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ: Եթե բաժնետերերի պահանջով հետգնման ենթակա բաժնետոմսերի գումարային արժեքը գերազանցում է այն գումարը, որն ընկերությունը կարող է տրամադրել բաժնետոմսերի հետգնման համար, բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետերերի դիմումներում նշված բաժնետոմսերի քանակներին համապատասխանաբար:

6. Այն դեպքում, երբ բաժնետոմսերի հետգնման հիմք է հանդիսանում ընկերության վերակազմավորումը, հետ գնված բաժնետոմսերը ենթակա են մարման դրանց հետգնման պահին, ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի համապատասխան նվազեցման պայմանով: Եթե բաժնետոմսերը հետ են գնվել սույն օրենք 60 հոդվածի 1-ին կետում նշված այլ հիմքերով, դրանք ուղղվում են ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չունեն ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվառման ժամանակ և դրանց դիմաց շահաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված արժեթղթերի մարման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի նվազեցման մասին:

 

Հոդված 62. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը

 

1. Գույքի շուկայական արժեք է հանդիսանում, ներառյալ ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:

i

2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընկերության խորհրդի որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի կամ այլ մարմնի կողմից:

Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար սահմանվում է գույքի շուկայական արժեքը, շահագրգռված անձ է հանդիսանում ընկերության խորհրդի անդամը, գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընկերության խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում:

Հինգ հարյուրից ավել բաժնետեր ունեցող ընկերությունում գույքի շուկայական արժեքը սահմանվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից: Գույքի շուկայական արժեքի սահմանման համար անկախ գնահատողի (աուդիտորի) ծառայություններից ընկերությունը կարող է օգտվել նաև այլ դեպքերում ընկերության խորհրդի որոշմամբ:

Անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից գույքի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է սույն օրենքի 61 հոդվածով սահմանված ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի հետգնման դեպքերում:

Եթե ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին պատկանում է պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում այդ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան մամուլի միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:

Ընկերության սովորական բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում կարող են հաշվի առնել ընկերության զուտ ակտիվների չափը, ինչպես նաև այն գինը, որն ընկերության բոլոր տեղաբաշխված սովորական արժեթղթերի համար համաձայն է վճարել ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:

 

ԳԼՈՒԽ VIII. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

 

Հոդված 63. Ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքները

 

1. Խոշոր են համարվում`

մեկ կամ մի քանի փոխկապված գործարքներ, որոնք, բացառությամբ ընկերության բնականոն գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են ընկերության կողմից գույքի ձեռքբերման կամ օտարման հետ, և որոնց արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.

մեկ կամ մի քանի փոխկապված գործարքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են ընկերության սովորական կամ սովորական բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման հետ, և որոնց արժեքը կազմում է ընկերության կողմից արդեն տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի գումարային անվանական արժեքի 25 և ավելի տոկոսը:

2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 64. Ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքների կատարումը

 

1. Խոշոր գործարքի կատարման մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը և որի արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի ընկերության խորհրդի կողմից միաձայն:

Եթե գործարքի կատարման մասին որոշումն ընկերության խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել հարցը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, գործարքի կատարման մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների երեք քառորդով:

 

ԳԼՈՒԽ IX. ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ

 

Հոդված 65. Շահագրգռվածությունը ընկերության գործարքներում

 

Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում ընկերության խորհրդի անդամը կամ ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բաժնետերը (բաժնետերերը), որն իր հետ համագործակցող անձանց հետ միասին տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին, այն դեպքում երբ նշված անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները, ինչպես նաև նրանց հետ համագործակցող անձինք`

հանդես են գալիս որպես գործարքի կողմ, կամ մասնակցում են գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.

տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.

պաշտոններ են գրավում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:

 

Հոդված 66. Տեղեկություններ ընկերության գործարքներում շահագրգռվածության մասին

 

Սույն օրենքի 65 հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել ընկերության խորհրդին, վերահսկիչ հանձնաժողովին (հսկիչին) և ընկերության աուդիտն իրականացնող անձին`

այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ համագործակցող անձանց հետ համատեղ տիրապետում են ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.

այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում նրանք պաշտոններ են զբաղեցնում.

կատարված, կատարվող կամ կատարման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:

 

Հոդված 67. Շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման կարգը

 

1. Մինչև հինգ հարյուր ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերեր ունեցող ընկերությունում որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է խորհրդի կողմից գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

2. Հինգ հարյուր և ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերեր ունեցող ընկերությունում որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է խորհրդի կողմից` խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի անկախ անդամ է համարվում այն անդամը, որը չի հանդիսանում ընկերության գործադիր տնօրեն կամ ընկերության կոլեկտիվ գործադիր մարմնի (ընկերության վարչության) անդամ և որի ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը և եղբայրները չեն հանդիսանում ընկերության պաշտոնատար անձինք:

Ընկերության խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքի կատարման մասին որոշում ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`

գործարքի հետևանքով ընկերության կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում ընկերության կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից.

գործարքի հետևանքով ընկերության կողմից ստացված գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:

3. Որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ այն դեպքում, երբ`

գործարքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը գերազանցում է ընկերության ակտիվների արժեքի 2 տոկոսը.

գործարքը կամ մի շարք փոխկապված գործարքներ կատարվում են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով և որոնց քանակն ավելի է ընկերության արդեն տեղաբաշխված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

4. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը , և որը բավարարում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին , կարող է կնքվել առանց ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման , եթե`

գործարքը հանդիսանում է ընկերությանը շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն.

գործարքը կնքվում է ընկերության և գործարքի մյուս կողմի միջև բնականոն տնտեսական համագործակցության գործընթացում, որը սկսվել է մինչև սույն օրենքի 65 հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչելը: Այս դեպքում, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել ընկերության և մյուս կողմի միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կատարվող գործարքների բնույթը և գործարքների առավելագույն արժեքը: Նման որոշում չընդունելու դեպքում շահագրգռվածություն ճանաչելուց հետո գործարքի կնքման մասին որոշումը պետք է ընդունվի սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

5. Եթե ընկերության խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, գործարքի կնքման մասին որոշումը ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածություն, միևնույն ժամանակ ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, գործարքի կնքումը իրականացվում է հաշվի առնելով նաև սույն օրենքի գլուխ VII-ի դրույթները:

 

Հոդված 68. Շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման վերաբերյալ պահանջների չկատարման հետևանքները

 

1. Սույն օրենքի 67 հոդվածով սահմանված գործարքի կնքման նկատմամբ պահանջների խախտմամբ կնքված գործարքը, որում առկա է շահագրգռվածություն, կարող է անվավեր ճանաչվել:

2. Շահագրգիռ ճանաչված անձը ընկերության առջև պատասխանատվություն է կրում ընկերությանը պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության են ենթակա մի քանի անձ, նրանք ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

 

i
ԳԼՈՒԽ X. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

Հոդված 69. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը

 

1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով: Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը համարվում է նրա առաջին տարեկան ժողովը:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից մինչև վեց ամիս ժամկետում: Ընկերության տարեկան ժողովների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է 18 ամսից ավելի լինի:

Եթե ընկերության խորհուրդն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում բաժնետերերի տարեկան ժողով չի գումարում, ապա դրա գումարումն ու անցկացումը կարող է կազմակերպվել ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող պետական մարմնի կողմից:

Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:

 

Հոդված 70. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությունները

 

1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

բ) ընկերության վերակազմավորումը.

գ) ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, միջանկյալ և ամփոփիչ լուծարային հաշվեկշռի հաստատումը.

դ) ընկերության խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում: Ընկերության խորհրդի անդամների ընտրության հարցն ընկերության արտահերթ ժողովներում կարող է քննարկվել, եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

ե) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

զ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավունքը ընկերության խորհրդին չի վերապահված.

է) բաժնետոմսերի անվանական արժեքի պակասեցման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, սույն օրենքի 38 հոդվածին համապատասխան ընկերության ոչ լրիվ վճարված բաժնետոմսերի մարման, ինչպես նաև սույն օրենքի 57 հոդվածի 3-րդ կետին և 61 հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը.

ը) ընկերության գործադիր մարմնի (գործադիր տնօրենի, վարչության) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ իրավունքն ընկերության խորհրդին չի վերապահված.

թ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում : Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրության հարցն ընկերության արտահերթ ժողովներում կարող է քննարկվել , եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

ժ) ընկերության աուդիտ իրականացնող անձի հաստատումը.

ժա) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում.

ժբ) սույն օրենքի 50 հոդվածի համապատասխան ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

ժգ) ընդհանուր ժողովի վարման կարգը և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.

ժդ) ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ մամուլի համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի հրապարակային հայտարարության ձևով.

ժե) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը (տարանջատումը) և ավելացումը (համախմբումը) .

ժզ) գործարքների կնքումը սույն օրենքի 67 հոդվածով նախատեսված դեպքերում.

ժէ) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը 64 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.

ժը) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը սույն օրենքով նախատեսված դեպքերում.

ժթ) ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.

ի) ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը չի վերապահված ընկերության խորհրդին.

իա) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը չի վերապահված ընկերության խորհրդին.

իբ) սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի ժ) - իա) ենթակետերով սահմանված հարցերով որոշումների ընդունումը հանդիսանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը և չի կարող փոխանցվել ընկերության գործադիր մարմնին:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել որոշում ընդունելու համար ընկերության խորհրդին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի զ), ը) և իա) ենթակետերով նախատեսված դեպքերի:

3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը իրավունք չունի քննարկել և որոշումներ ընդունել այն հարցերի շուրջը, որոնք սույն օրենքով չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն:

 

i
Հոդված 71. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները

 

1. Բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից օգտվում են`

ընկերության սովորական բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերը.

ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը` սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:

Ձայնի իրավունք տվող բաժնետոմս է համարվում այն սովորական կամ արտոնյալ բաժնետոմսը, որն իր սեփականատիրոջը տալիս է քվեարկության դրված հարցի վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու իրավունք: Եթե արտոնյալ բաժնետոմսը իր սեփականատիրոջը տալիս է մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք, ապա ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված արտոնյալ բաժնետոմսերի տրված յուրաքանչյուր ձայնը հաշվառվում է որպես առանձին ձայնի իրավունք տվող բաժնետոմս:

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ ձայների ավելի շատ քանակություն չի սահմանված:

3. Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի բ), ժբ), ժդ) - ժը), ի) և իա) ենթակետերով սահմանված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընկերության խորհրդի ներկայացմամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի սահմանված:

4. Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի ա) - գ), ե) և ժէ) ենթակետերով սահմանված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով:

5. Բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգի մասին որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ, կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ներքին փաստաթղթերով:

6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը իրավունք չունի փոփոխել ժողովի օրակարգը, ինչպես նաև որոշումներ ընդունել օրակարգում չընդգրկված հարցերի վերաբերյալ:

7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն ընկերության բաժնետերերին սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, այդ որոշումները ընդունելու պահից 45 օրվա ընթացքում:

8. Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել սույն օրենքի, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չէր մասնակցել ժողովին, կամ այդ որոշման դեմ է քվեարկել և նշված որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը և իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե այդ բաժնետերի քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն և որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը:

ԻՐՏԵԿ  71-րդ հոդվածի 8-րդ կետի նախապայմաններ սահմանող` «... նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել» դրույթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 և 39 հոդվածներին` 13.11.198 ՍԴՈ-158 որոշում:

 

Հոդված 72. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները

 

1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել ժողովի գումարման հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի ժա) ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշում չի կարող ընդունվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:

2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը իրավասու է , եթե քվեարկությանը մասնակցել են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն կեսին տիրապետող բաժնետերերը:

3. Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է սույն օրենքի 82 հոդվածի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ: Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին լրացրած քվեաթերթիկները ընկերության կողմից ընդունելը ավարտելու պահից առնվազն 30 օր շուտ:

 

Հոդված 73. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքը

 

1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն`

ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող լրիվ վճարված սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, բացառությամբ ընկերության հիմնադիրների, որոնք ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ավելի, քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, կարող են ձայնի իրավունք ունենալ իրենց տեղաբաշխված բոլոր սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան.

ընկերության տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող լրիվ վճարված արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, բացառությամբ ընկերության հիմնադիրների, որոնք ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ավել քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, կարող են ձայնի իրավունք ունենալ իրենց տեղաբաշխված բոլոր արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան:

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև ընկերության բաժնետեր չհանդիսացող ընկերության խորհրդի և գործադիր մարմնի անդամները:

3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է ընկերության խորհրդի կողմից սահմանված ամսաթվի դրությամբ ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ամսաթիվը, և չի կարող մինչև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը 60 օրից ավել լինել:

Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ , ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 45 օր շուտ:

4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու համար, բաժնետոմսերի անվանական սեփականատերը պարտավոր է ցուցակը կազմելու ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:

5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի ամեն մի բաժնետիրոջ անվան (անվանման), հասցեի (գտնվելու վայրի) և բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի, ըստ դրանց ձևերի և տեսակների մասին:

6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են ընկերության բաժնետերերի ռեեստրում և տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:

Ընկերության բաժնետիրոջ պահանջով, ընկերությունը պարտավոր է տվյալներ տրամադրել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում նրան ընդգրկելու մասին:

7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում փոփոխություններ կարող են արվել միայն ցուցակի կազմման ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բաժնետերերի խախտված օրինական իրավունքների և շահերի վերականգնման նպատակով:

 

Հոդված 74. Տեղեկություններ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին

 

1. Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող սույն օրենքով սահմանված այլ անձինք ծանուցվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին` նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու կամ այն հրապարակելու միջոցով:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցման ձևը, այդ թվում նաև մամուլի միջոցը և մարմինը, որում պետք է հրապարակվի ծանուցումը, սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Եթե ընկերության կանոնադրությամբ ծանուցման որոշակի ձև չի սահմանված, ապա բաժնետերերի ծանուցումն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին, ինչպես նաև քվեաթերթիկների տարածումն իրականացվում է բաժնետերերին և սույն օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնով մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանց պատվիրված նամակներ ուղղելու միջոցով:

Ընկերությունը իրավունք ունի լրացուցիչ տեղեկացնել բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին նաև ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով:

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու ժամկետները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ:

Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունը պարտավոր է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին իր բաժնետերերին գրավոր ծանուցում ուղարկել կամ այդ ծանուցումը հրապարակել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր շուտ:

Ընկերության ժողովի գումարման մասին գրավոր ծանուցվում են վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) , ինչպես նաև ընկերության աուդիտն իրականացնող անձը, եթե նրա եզրակացությունը առկա է գումարվող ժողովի նյութերում:

3. Ծանուցումն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին պետք է բովանդակի`

ընկերության անվանումը և գտնվելու վայրը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, ժամանակը և տեղը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

բաժնետերերի ծանոթանալու կարգը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում:

4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են`

ընկերության տարեկան հաշվետվությունը.

ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) և ընկերության աուդիտը իրականացնող անձի եզրակացությունը.

տեղեկություններ ընկերության տնօրենների խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) առաջադրվող թեկնածությունների մասին.

ընկերության կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ ընկերության կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ:

Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կարող են սահմանվել նաև բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների և նյութերի լրացուցիչ ցանկ:

5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող  բոլոր բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ առաքվում են սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները և նյութերը:

i

6. Եթե ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձն արժեթղթերի անվանական սեփականատեր է, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցումն ուղղվում է նրան: Վերջինս պարտավոր է ծանուցումն ուղարկել այն անձանց, որոնց շահերը նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կամ նրա և այդ անձանց միջև կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում:

 

Հոդված 75. Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները

 

1. Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա, կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավել առաջարկություններ ներկայացնել ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի անդամության թեկնածուներ: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել այդ մարմիններում անդամների սահմանված քանակը:

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր նշելով հարցի առաջարկման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ (բաժնետերերի) ազգանունը և անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների:

3. Ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, նշվում է թեկնածուի անունը, նրա ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի քանակը ըստ ձևերի և տեսակների, նրան առաջադրող ընկերության բաժնետերերի ազգանունները և անունները (անվանումները), վերջիններիս պատկանող ընկերության բաժնետոմսերի քանակը ըստ ձևերի և տեսակների: 4. Ընկերության խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանց ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին սույն հոդվածի 1-ին կետով նշված ժամկետը լրանալուց 15 օրվա ընթացքում: Ընկերության խորհուրդը կարող է որոշում ընդունել ներկայացված առաջարկները ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին միայն այն դեպքում, եթե`

առաջարկ ներկայացրած բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից խախտվել է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը.

առաջարկ ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ձայնի իրավունք տվող ընկերության բաժնետոմսերին.

լրիվ չեն կամ բացակայում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տվյալները.

առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի և օրենսդրական այլ ակտերի պահանջներին:

5. Ընկերության խորհրդի հիմնավորված որոշումը ներկայացված առաջարկը ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին ուղղվում է առաջարկը կամ թեկնածությունը ներկայացրած բաժնետիրոջը (բաժնետերերն) որոշումն ընդունելու պահից երեք օրվա ընթացքում:

6. Ընկերության խորհրդի որոշումը ներկայացված առաջարկը ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 76. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստումը

 

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում ընկերության խորհուրդը, իսկ սույն օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` ժողովը գումարող անձինք, որոշում են`

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմելու ամսաթիվը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.

բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը.

քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:

 

Հոդված 77. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը

 

1. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են ընկերության խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ ընկերության խորհրդի որոշմամբ սահմանվում է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման ձևը` բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Ընկերության խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձևը, եթե սույն կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը ցուցում է բովանդակում բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման ձևի մասին:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին ընկերության խորհրդի որոշումը սահմանում է`

քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը.

ընկերության բաժնետերերին քվեաթերթիկը և բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները և նյութերը առաքելու ամսաթիվը.

բաժնետերերի կողմից լրացված քվեաթերթիկների ընկերության կողմից ընդունելու վերջին ժամկետի ամսաթիվը:

Սույն կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում ընկերության խորհուրդը պետք է ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը գումարի ժողովի գումարման մասին պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը:

Ընկերության խորհուրդը իրավունք չունի փոփոխություններ մտցնել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կողմից առաջարկվող օրակարգում, ինչպես նաև փոփոխել օրակարգի քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձևակերպումները, բացառությամբ այն դեպքի երբ առաջարկվող օրակարգի հարցերը սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության առարկա:

3. Եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը ներկայացվում է ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից, այն պետք է բովանդակի պահանջը ներկայացնող բաժնետիրոջ (բաժնետերերի) ազգանունը և անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարել պահանջող անձի (անձանց) կողմից:

4. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումը պետք է ընդունվի վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը ներկայացնելու ամսաթվից 10 օրվա ընթացքում:

Ընկերության խորհուրդն ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե`

խախտվել է սույն օրենքով սահմանված ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջը ներկայացնելու կարգը.

ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջը ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ձայնի իրավունք տվող ընկերության բաժնետոմսերի քանակին.

ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը:

5. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումը ուղղվում է պահանջը ներկայացրած անձանց որոշման ընդունման պահից` եռօրյա ժամկետում:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

6. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում ընկերության խորհուրդը ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում, կամ որոշում է ընդունում ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին, ապա ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կարող է գումարվել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձանց կողմից:

Նշված դեպքերում ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը կարող է որոշում ընդունել փոխհատուցել ժողովի գումարման հետ կապված ծախսերը ընկերության միջոցների հաշվին:

Սույն կետի դրույթների հիման վրա գումարված բաժնետերերի ընդհանուր ժողովը չի կարող քննարկել և որոշում ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության առարկա:

 

 

pin
ՀՀ 30.04.1996
N ՀՕ-51 օրենք