Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՊՐԱՆՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՊՐԱՆՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/7762/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7762/05/19

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Պողոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Լու-Ար-Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 24.09.2019 թվականի թիվ 3001866 ստուգման ակտը` 6-րդ կետի հինգերորդ պարբերության և 24-րդ կետով Ընկերությանն անապրանք փաստաթուղթ դուրս գրելը վերագրելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 24.09.2019 թվականի թիվ 3001866 ստուգման ակտը` 6-րդ կետի հինգերորդ պարբերության և 24-րդ կետով Ընկերությանն անապրանք փաստաթուղթ դուրս գրելը վերագրելու մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (տնօրեն Նելսոն Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 55-րդ կետը, 415-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն ու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրենց միջև պայմանագրային իրավահարաբերությունները կառուցել են այնպես, որ կատարողը պետք է սկսեր ծառայությունների մատուցումը ակտիվացված /միացված/ թվով չորս սարքավորումների և դրանց ծրագրերի սպասարկումից և ապա նաև թվով հինգ սարքավորումների սպասարկմանն անցնեին: Այն, որ այս մեխանիզմն ընդունելի է եղել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի համար, հավաստվում և ապացուցվում է այն հանգամանքով, որ 2018 թվականի մարտ-հունիս ամիսների ընդունման-հանձնման ակտերն ընդունելով և դրանք ստորագրելով, համաձայնություն է տվել նման գործելաոճին, ուստի ՓԲԸ-ի կողմից առարկությունների չներկայացումը դրա վառ ապացույցն է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ ինը սարքավորումների սպասարկումը պետք է լիներ անընդհատ, ամեն ամիս, սակայն պայմանագրում որևէ տեղ նման դրույթ գոյություն չունի և այդ պահանջը չի բխում 26.02.2018 թվականի թիվ HSM-S/18 պայմանագրից:

26.02.2018 թվականին կնքված թիվ HSM-S/18 պայմանագրի գինը սահմանվել է 54.000.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պայմանագրի գինը` 54.000.000 ՀՀ դրամը մեխանիկորեն բաժանել է 9 սարքավորումների քանակի վրա և ստացել մեկ միավորի գին, ինչը չի բխում 26.02.2018 թվականին կնքված թիվ HSM-S/18 պայմանագրի իմաստից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնելիս Կոմիտեն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի մոտ չի հայտնաբերել անապրանք փաստաթղթի տարրեր:

Վերաքննիչ դատարանը նշել է, թե գործում բացակայում է ապացույց առ այն, որ Ընկերությունը «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ին պատվիրակելու միջոցով է մատուցել ծառայությունները, մինչդեռ Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացվել է Ընկերության և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրը, որն առկա է գործում, ինչպես նաև համապատասխան նամակագրությունն առ այն, որ Ընկերությունը պատվիրում է նաև մյուս 5 սարքավորումների համար սպասարկման ծառայություններ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործարքի ամբողջական չկատարման հարցում առկա է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակողմանի հրաժարման փաստ, որի վերաբերյալ ապացույցները կցած են գործին: Մասնավորապես` 2018 թվականի հուլիս, օգոստոս ամիսներին պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ինչի մասին ուղղակիորեն վկայում է նրա կողմից ինչպես էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերը չընդունելու, այնպես էլ համապատասխան ընդունման-հանձնման ակտերը չստորագրելու վարքագիծը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.02.2020 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Այսպես` թիվ ԵԴ/26836/02/18 գործով վկայակոչված վճռով ոչ թե հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կատարել է պայմանագրային պարտավորություններն ամբողջ ծավալով, այլ ընդհակառակը, ներկայացվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հիմնավորումները պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ, որի վերաբերյալ դատարանը հայտնել է, որ վճարված գումարը պետք է պահանջվի ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի հիմքով, այլ այդ գումարը ենթակա է վերադարձման կողմերի միջև կնքված պայմանագրի հիմքով:

Բացի այդ, հայցվորը բերված վճռաբեկ բողոքում, որպես իր պնդումների հիմնավորում, վկայակոչելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով սահմանված անապրանք փաստաթղթի հասկացությունը, հատուկ ընդգծել է, որ օրենսդիրը հատուկ ամրագրել է, որ հաշվարկային փաստաթուղթը երբեք չի համարվի անապրանք փաստաթուղթ, եթե այն դուրս գրող հարկ վճարողը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և /կամ/ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն: Սակայն այս դրույթը որևէ կերպ չի կարող տարածվել սույն գործով խնդրո առարկա պայմանագրից բխող պարտավորությունների վրա, քանի որ արդեն իսկ փաստացի պայմանագրի կատարման ժամկետը լրացել է, իսկ պայմանագրում նշված ծառայությունների կատարումն ավարտվել է և ծառայությունները մատուցվել են ոչ թե պայմանագրի առարկա հանդիսացող թվով ինը սարքավորումների մասով, այլ վերջնական արդյունքում ծառայությունները մատուցվել են թվով 4 սարքավորումների մասով:

Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ կատարված վերլուծություններով հիմնավորել է հաշվարկային փաստաթղթում նշված գործարքը 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով կատարված լինելու և ըստ այդմ` դուրս գրված փաստաթուղթն անապրանք փաստաթուղթ հանդիսանալու հանգամանքը: Հաշվի առնելով վերոգրյալը` սույն վարչական գործով որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ և առկա չեն հիմքեր այն բեկանելու համար, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 26.02.2018 թվականին Ընկերության (Կատարող) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև կնքվել է թիվ HSM-S/18 ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր:

Պայմանագրի 1.1. կետի համաձայն` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող Պատվիրատուի գլխամասային գրասենյակում մատուցել ծառայություններ:

Պայմանագրի 1.2. կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է մատուցել «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրի սպասարկման ծառայություններ, որի ցանկը նշված է նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 2-ում:

Պայմանագրի 1.3. կետի համաձայն` Կատարողը ծառայությունների կատարումը սկսում է 01.03.2018 թվականին և ավարտում 28.02.2019 թվականին:

Պայմանագրի 3.4. կետի համաձայն` Պատվիրատուն հանձնման-ընդունման ակտը Կատարողից ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը և ծառայությունները չընդունելու պատճառաբանված մերժում:

Պայմանագրի 4.1. կետի համաձայն` ծառայությունների ընդհանուր գինը կազմում է 54.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 95-100):

2. 31.03.2018 թվականի, 30.04.2018 թվականի, 30.06.2018 թվականի հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, և պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը (հարկային գործի նյութեր):

3. 31.07.2018-31.08.2018 թվականների հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, իսկ պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը բացակայում են (հատոր 1-ին, գ.թ. 102-103):

4. Ընկերության (Պատվիրատու) և «Յունիքոմփ» ՓԲԸ-ի (Կատարող) միջև 27.02.2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում մատուցել նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ծառայությունները: Պայմանագրի 1.3. կետի համաձայն` ծառայությունների մատուցումն իրականացվում է 01.03.2018-28.02.2019 թվականները ներառյալ (հարկային գործի նյութեր):

5. 10.12.2018 թվականի «Thales PayShield HSM» սարքավորումների և ծրագրերի սպասարկման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերի վարչության պետի ժ/պ-ն և պրոցեսինգային բաժնի պետը հայտնել են, որ 2015-2018 թվականների ընթացքում սպասարկման պայմանագիր է կնքվել Ընկերության հետ` պայմանագրի կնքման օրվա դրությամբ բանկում գտնվող սարքերի համար: Վերը նշված ժամանակահատվածում նշված կազմակերպության կողմից սարքերի սպասարկում չի կատարվել: Բանկում գտնվող թվով 9 սարքերից միայն 4-ն են շահագործվում, ևս մեկը նախատեսված է որպես պահեստային սարք: Մյուս 4 սարքերը չեն շահագործվում (հատոր 1-ին գ.թ. 104):

6. Ընկերության տնօրեն Ն. Ստեփանյանը 28.12.2018 թվականի գրությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին հայտնել է, որ Ընկերությունը նախանշված «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկման պայմանագրային պարտավորությունները կատարում է պատշաճ: Միաժամանակ գրությամբ նշվել է, որ Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 28.02.2019 թվականին, հետևաբար պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ ավարտված չեն (հատոր 1-ին, գ.թ. 43):

7. Կոմիտեի նախագահի 07.03.2019 թվականի թիվ 3001866 հանձնարարագրի հիման վրա 21.03.2019 թվականից մինչև 04.09.2019 թվականն Ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 24.09.2019 թվականին կազմվել է թիվ 3001866 ստուգման ակտը, որի 24-րդ կետով արձանագրվել է հետևյալը, (...) ««Լու-ար գրուպ» ՍՊԸ-ն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին փաստացի մատուցել է թվով 4 սարքավորման և դրանց ծրագրերի սպասարկման ծառայություն, մինչդեռ դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը վերաբերում են թվով 9 սարքավորումներին: Արդյունքում 2018 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս գրված և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից հաստատված թվով 9 սարքավորման մասով ծառայության մատուցման հաշվարկային փաստաթղթերում ծառայությունը փաստացի մատուցվել է 4 սարքավորման մասով, մնացած 5 սարքավորման ծառայության մատուցումը չի կատարվել, հետևաբար նշված հաշվարկային փաստաթղթերը համարվում են անապրանք փաստաթղթեր` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4 հոդվածի 1-ին մասի 55-րդ կետ...: Տվյալ դեպքում «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, որը ձևականորեն համապատասխանում է Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սակայն` ծառայությունը մատուցվել է այդ փաստաթղթերում նշված ծավալից և ընդհանուր արժեքից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Վերը նշված հաշվարկային փաստաթղթերի շրջանառությունը կազմում է 2018 թ-ի մարտ ամսին 4.500.000 դրամ, ապրիլ ամսին 4.500.000 դրամ, մայիս ամսին 4.500.000 դրամ, հունիս ամսին 4.500.000 դրամ, ընդամենը 18.000.000 դրամ: Քանի որ այդ թվով 9 սարքավորումները ապրանքանիշով և մոդելով նույնն են, հետևաբար յուրաքանչյուր սարքավորման ամսական սպասարկման վճարը կկազմի 500.000 դրամ: Արդյունքում 4 սարքավորման մասով փաստացի մատուցված ծառայության արժեքը կկազմի ամսական 2.000.000 դրամ, իսկ մնացած ամսական 2.500.000 դրամի ծառայությունը փաստացի չի մատուցվել: Նշենք նաև, որը նշված շրջանառությունները կողմերի մոտ հաշվի են առնվել հարկերի և վճարների հաշվարկման ժամանակ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 415 հոդվածի... Անապրանք փաստաթղթերի մասով ընդամենը ենթակա է գանձման 10.000.000 դրամ տուգանք» (հատոր 1-ին, գ.թ. 35-43):

8. Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրություններ են կատարվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում, որի ընթացքում անապրանք փաստաթղթեր չեն հայտնաբերվել (հարկային գործի նյութեր):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անապրանք փաստաթղթեր դուրս գրելու և (կամ) ստանալու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու և ստանալու հիմքերին, դրանից բխող հարկային պատասխանատվությանը, ինչպես նաև պայմանագրի մեկնաբանության կանոններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

1) ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

i

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

i

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն` (...) անապրանք փաստաթուղթ` Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, աշխատանքի կատարում և (կամ) ծառայության մատուցում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ և (կամ) 8-րդ կետով սահմանված տվյալներից մեկի կամ մի քանիսի մեծությունից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Հաշվարկային փաստաթուղթը չի համարվում անապրանք փաստաթուղթ, եթե այն դուրս գրող հարկ վճարողը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, կրում է գործարքը կատարելու պարտավորություն: Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք չեն հանդիսանում.

(...):

i

Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է`

1) ... ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը: (...)

(...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը.

(...)

3) հաշիվ վավերագիր.

(...)

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի` 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են... ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ... ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև հարկի գումարի պակասեցումները փաստաթղթավորելու համար.

(...):

i

Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:

(...)

i

Օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները.

(...)

3) տուգանք.

(...):

i

Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար Օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ), իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը մեկ միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է մեկ միլիոն դրամի չափով:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքը հարկային պատասխանատվության տեսակ է, որը կիրառվում է «inter alia» Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ ստեղծելու, սակայն դրանում նշված գործարքը փաստացի տեղի չունենալու համար (անապրանք փաստաթուղթ): Անապրանք փաստաթղթի ստեղծմանը կարող են մասնակցել երկու սուբյեկտներ (գործարքի երկու կողմերը): Անապրանք փաստաթղթի համար հարկային պատասխանատվության սուբյեկտի առնչությամբ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը գործածում է «անապրանք փաստաթղթեր դուրսգրած և (կամ) ստացած կազմակերպություն» արտահայտությունը: Դրանից հետևում է, որ անապրանք փաստաթուղթ հայտնաբերվելու դեպքում երեք հնարավոր հետևանք կարող է առաջանալ`

(1) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր դուրս գրած կազմակերպությունը,

(2) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր ստացած կազմակերպությունը,

(3) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր և՛ դուրս գրած, և՛ ստացած կազմակերպությունը:

Հարկային պատասխանատվության սուբյեկտին ճիշտ որոշելը կախված է Օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման նպատակից: Կախված նրանից, թե անապրանք փաստաթղթի հետևանքով որ սուբյեկտն է պետությանը պատճառել նյութական վնաս, վերջինս է ենթակա է հարկային պատասխանատվության: Անապրանք փաստաթղթով պետությանը նյութական վնաս կարող է պատճառվել ինչպես այն դուրս գրողի, այնպես էլ ստացողի կողմից` կախված կոնկրետ իրավիճակից:

Տնտեսվարող սուբյեկտին հնարավոր է մեղադրել պետությանը վնաս պատճառելուն օժանդակելու համար միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ գործարքի մյուս կողմը պետությանը վնաս է պատճառել: Հակառակ դեպքում, եթե հարկային պատասխանատվությունը կիրառվում է զուտ մեխանիկորեն, առանց անապրանք փաստաթղթի հետևանքով պետությանը վնաս պատճառված լինելու հարցը պարզելու, այն չի հետապնդում Օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակը, որի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

i

2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես` պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

i

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե՛ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում է կամքի և կամահայտնության համապատասխանությունը պարզելու անհրաժեշտություն, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացնել` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները. այն դեպքերում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը գիտեր կամ կարող էր իմանալ այդ մասին, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացվի նաև կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Մինչդեռ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը չգիտեր կամ չէր էլ կարող իմանալ այդ մասին (բարեխիղճ կողմ), պայմանագրի մեկնաբանումը պետք է իրականացվի վերը շարադրված ընդհանուր կանոններին համապատասխան (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 26.02.2018 թվականին Ընկերության (Կատարող) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև կնքվել է թիվ HSM-S/18 ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Պայմանագրի 1.1. կետի համաձայն` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող Պատվիրատուի գլխամասային գրասենյակում մատուցել ծառայություններ: Պայմանագրի 1.2. կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է մատուցել «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկման ծառայություններ, որի ցանկը նշված է նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 2-ում: Պայմանագրի 1.3. կետի համաձայն` Կատարողը ծառայությունների կատարումը սկսում է 01.03.2018 թվականին և ավարտում 28.02.2019 թվականին: Պայմանագրի 3.4. կետի համաձայն` Պատվիրատուն հանձնման-ընդունման ակտը Կատարողից ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը և ծառայությունները չընդունելու պատճառաբանված մերժում: Պայմանագրի 4.1. կետի համաձայն` ծառայությունների ընդհանուր գինը կազմում է 54.000.000 ՀՀ դրամ:

31.03.2018 թվականի, 30.04.2018 թվականի, 30.06.2018 թվականի հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, և պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը:

31.07.2018-31.08.2018 թվականների հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, իսկ պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը բացակայում են:

Ընկերության (Պատվիրատու) և «Յունիքոմփ» ՓԲԸ-ի (Կատարող) միջև 27.02.2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում մատուցել նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ծառայությունները: Պայմանագրի 1.3. կետի համաձայն` ծառայությունների մատուցումն իրականացվում է 01.03.2018-28.02.2019 թվականները ներառյալ:

10.12.2018 թվականի «Thales PayShield HSM» սարքավորումների և ծրագրերի սպասարկման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերի վարչության պետի ժ/պ-ն և պրոցեսինգային բաժնի պետը հայտնել են, որ 2015-2018 թվականների ընթացքում սպասարկման պայմանագիր է կնքվել Ընկերության հետ` պայմանագրի կնքման օրվա դրությամբ բանկում գտնվող սարքերի համար: Վերը նշված ժամանակահատվածում նշված կազմակերպության կողմից սարքերի սպասարկում չի կատարվել: Բանկում գտնվող թվով 9 սարքերից միայն 4-ն են շահագործվում, ևս մեկը նախատեսված է որպես պահեստային սարք: Մյուս 4 սարքերը չեն շահագործվում:

Ընկերության տնօրեն Ն. Ստեփանյանը 28.12.2018 թվականի գրությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին հայտնել է, որ Ընկերությունը նախանշված «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկման պայմանագրային պարտավորությունները կատարում է պատշաճ: Միաժամանակ գրությամբ նշվել է, որ Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 28.02.2019 թվականին, հետևաբար պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ ավարտված չեն:

Կոմիտեի նախագահի 07.03.2019 թվականի թիվ 3001866 հանձնարարագրի հիման վրա 21.03.2019 թվականից մինչև 04.09.2019 թվականն Ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 24.09.2019 թվականին կազմվել է թիվ 3001866 ստուգման ակտը, որի 24-րդ կետով արձանագրվել է հետևյալը, (...) ««Լու-ար գրուպ» ՍՊԸ-ն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին փաստացի մատուցել է թվով 4 սարքավորման և դրանց ծրագրերի սպասարկման ծառայություն, մինչդեռ դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը վերաբերվում են թվով 9 սարքավորումներին: Արդյունքում 2018 թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս գրված և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից հաստատված թվով 9 սարքավորման մասով ծառայության մատուցման հաշվարկային փաստաթղթերում ծառայությունը փաստացի մատուցվել է 4 սարքավորման մասով, մնացած 5 սարքավորման ծառայության մատուցումը չի կատարվել, հետևաբար նշված հաշվարկային փաստաթղթերը համարվում են անապրանք փաստաթղթեր` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4 հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի...: Տվյալ դեպքում «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, որը ձևականորեն համապատասխանում է Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սակայն` ծառայությունը մատուցվել է այդ փաստաթղթերում նշված ծավալից և ընդհանուր արժեքից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Վերը նշված հաշվարկային փաստաթղթերի շրջանառությունը կազմում է 2018 թ-ի մարտ ամսին 4.500.000 դրամ, ապրիլ ամսին 4.500.000 դրամ, մայիս ամսին 4.500.000 դրամ, հունիս ամսին 4.500.000 դրամ, ընդամենը 18.000.000 դրամ: Քանի որ այդ թվով 9 սարքավորումները ապրանքանիշով և մոդելով նույնն են, հետևաբար յուրաքանչյուր սարքավորման ամսական սպասարկման վճարը կկազմի 500.000 դրամ: Արդյունքում 4 սարքավորման մասով փաստացի մատուցված ծառայության արժեքը կկազմի ամսական 2.000.000 դրամ, իսկ մնացած ամսական 2.500.000 դրամի ծառայությունը փաստացի չի մատուցվել: Նշենք նաև, որը նշված շրջանառությունները կողմերի մոտ հաշվի են առնվել հարկերի և վճարների հաշվարկման ժամանակ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 415 հոդվածի... Անապրանք փաստաթղթերի մասով ընդամենը ենթակա է գանձման 10.000.000 դրամ տուգանք»:

Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրություններ են կատարվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում:

Դատարանը բավարարել է հայցն այն պատճառաբանությամբ, որ հայցվորին վերագրվում է այնպիսի անապրանք փաստաթղթի դուրսգրում, որի հետևանքով նա ավելի շատ հարկ է վճարել: Մինչդեռ ենթադրյալ անապրանք փաստաթուղթը ստացողի կողմից հարկվող եկամուտը նվազեցնելու միջոցով պետությանը վնաս պատճառելու մասին հարկային մարմինը տվյալներ չի ներկայացրել և քանի դեռ չի հիմնավորվել անապրանք փաստաթղթի դուրսգրման հետևանքով պետությանը վնաս պատճառելը, հայցվորը չի կարող ենթարկվել Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պատասխանատվության:

Դատարանն արձանագրել է նաև, որ պայմանագրի ոչ տեքստից, ոչ էլ էությունից չի բխում, որ 54.000.000 ՀՀ դրամ վճարը սահմանվել է պայմանագրի հավելված 2-ում նշված բոլոր սարքավորումները յուրաքանչյուր ամիս սպասարկելու համար: Պայմանագրի էությունը նրանում է, որ հայցվորը 54.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց պարտավորվել է սպասարկել թվով 9 անուն սարքավորումները մեկ տարվա ընթացքում: Դրան համապատասխան 2018 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին դուրս են գրվել 4.500.000-ական դրամ արժողությամբ հաշիվ վավերագրեր` պայմանագրի հավելված 2-ում նշված սարքավորումների սպասարկման համար: Իսկ հարկային մարմինը 4.500.000 ՀՀ դրամի չափով ամսական վճարը տրոհելով թվով 9 սարքավորման, սխալ է մեկնաբանել պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, նշել է, որ ծառայություններ մատուցող Ընկերությունը պարտավորվել է մեկ տարի (01.03.2018թ. մինչև 28.02.2019թ.) անընդհատ իրականացնել թվով 9 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների և ծրագրերի սպասարկում, որպիսի ծառայության գինը սահմանվել է 54.000.000 ՀՀ դրամ, որն էլ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից վճարվել է նախապես: Սակայն Ընկերությունը թվով 4 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների սպասարկումը չի իրականացրել, այլ դրա սպասարկումը վերջինիս առաջադրանքով իրականացրել է «Յունիքոմփ» ՓԲԸ-ի կողմից, իսկ մնացած 5 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների և ծրագրերի սպասարկումը որևէ այլ կազմակերպության վերահանձնելու վերաբերյալ տեղեկություններ բացակայում են: Հետևաբար հարկային մարմինն իրավացիորեն Ընկերությանը պատասխանատվության է ենթարկել հաշվարկային փաստաթուղթ ստեղծելու, սակայն դրանում նշված գործարքը 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով իրականացնելու համար: Նման եզրահանգման հիմք է հանդիսացել այն փաստը, որ 2018 թվականի մարտ-հունիս ամիսներին Ընկերությունը չի սպասարկել բոլոր 9 սարքավորումները և ծրագրերը:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպես, Կոմիտեն Ընկերությանը հարկային պատասխանատվության է ենթարկել Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը վերագրվող անապրանք փաստաթղթեր դուրս գրելու հիմքերը բացակայում են հետևյալ պատճառներով: Նախ, այդ փաստաթղթերը դուրս են գրվել 26.02.2018 թվականին Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա: Նշված պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է մատուցել պայմանագրի հավելված 2-ում նշված սարքավորումների սպասարկման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով, իսկ ծառայությունների արժեքը սահմանվել է 54.000.000 ՀՀ դրամ, որից հետո Ընկերությունը «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի հետ 27.02.2018 թվականին կնքել է պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում մատուցել նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ծառայությունները: 2018 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար դուրս գրված հաշիվ-վավերագրերը դուրս են գրվել յուրաքանչյուրը 4.500.000 ՀՀ դրամի չափով, որոնք հանձնման-ընդունման ակտերով ստացվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել այդ կապակցությամբ: Մինչդեռ 31.07.2018-31.08.2018 թվականների հանձնման-ընդունման ակտերից հետևում է, որ Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, այդ հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, իսկ պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը բացակայում են: Այսինքն` Ընկերությունը պայմանագրով նախատեսված իր պարտականությունը կատարել է, իսկ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրաժարվել է ընդունել Ընկերության կողմից իրականացվող «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկումը:

Ելնելով այն հանգամանքից, որ պայմանագրում խոսք չի գնում ծառայությունների մատուցման ժամանակացույցի մասին, իսկ հաշվարկային փաստաթղթերում բացակայում է որևէ նշագրում միայն թվով չորս սարքավորումների սպասարկման (ծառայությունների մատուցման) մասին, Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ պայմանագրով մատուցվող ծառայությունները պետք է մատուցվեին բոլոր ինը սարքավորումների մասով անընդհատ` մեկ տարվա կտրվածքով:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ծառայություններ մատուցող Ընկերությունը պարտավորվել է մեկ տարի` 01.03.2018 թվականից մինչև 28.02.2019 թվականն անընդհատ իրականացնել բոլոր թվով 9 «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրի ուսումնասիրությունից հետևում է, որ 54.000.000 ՀՀ դրամ վճարը սահմանվել է պայմանագրի հավելված 2-ում նշված սարքավորումները յուրաքանչյուր ամիս սպասարկելու համար, և Ընկերությունը 54.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց պարտավորվել է սպասարկել թվով 9 անուն սարքավորումները մեկ տարվա ընթացքում: Պայմանագրի այդ կետի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում ոչ թե բոլոր թվով 9 սարքավորումների սպասարկումն իրականացնել անընդհատ, այլ` ըստ սարքավորումների և ծրագրերի սպասարկման անհրաժեշտության` մեկ տարվա ընթացքում: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ սարքավորումներից մեկն ընդհանրապես չի էլ միացվել, այլ նախատեսված է եղել իբրև պահուստային: Պայմանագրում բացակայում է որևէ պայման այն մասին, որ թվով 9 սարքավորումները 01.03.2018 թվականից բոլորը միասին շահագործվում են, ուստի դրանք կարող էին միացվել և շահագործվել ըստ անհրաժեշտության: Այսինքն` պայմանագիրը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ծառայություններ մատուցող Ընկերությունը պարտավորվել է մեկ տարի` 01.03.2018 թվականից մինչև 28.02.2019 թվականը միաժամանակ անընդհատ իրականացնել բոլոր թվով 9 «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, իսկ միացված սարքավորումների և ծրագրերի սպասարկումն իրականացվել է 2018 թվականի մարտ-հունիս ամիսներին պայմանագրով սահմանված կարգով, ինչն ընդունվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի կարծիքով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել խնդրո առարկա պայմանագրի դրույթները, ինչը հանգեցրել է անհիմն հետևությունների:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ 2018 թվականի մարտ-հունիս ամիսների ծառայությունների համար դուրս են գրվել թվով 9 սարքավորումների սպասարկման վերաբերյալ հաշիվ-վավերագրեր, մինչդեռ իրականում իրականացվել է թվով 4 սարքավորումների սպասարկում` այն էլ չորս ամիս, ապա այդ հետևությունը ևս անհիմն է, քանի որ հարկային գործում գտնվող հաշիվ-վավերագրերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ դրանցում որևէ նշում չկա բոլոր 9 սարքավորումները սպասարկելու վերաբերյալ, այլ նշված է. ««Thales»-ից ստացված Shield HSM9000 սարքավորումների և ծրագրերի սպասարկում»` առանց սարքավորումների թիվը նշելու: Նման պայմաններում Ընկերությանը չի կարող վերագրվել հաշիվ-վավերագրերում սպասարկվող սարքավորումների թիվը ոչ ճիշտ նշելու խախտում, իսկ թվով 4 սարքավորումները և ծրագրերը սպասարկելու իրողությունը` պայմանագրի պայմանների վերը շարադրված մեկնաբանության պարագայում համապատասխանում է պայմանագրով սահմանված մատուցման ենթակա ծառայություններին, ուստի Ընկերությանն անապրանք փաստաթղթեր դուրս գրելու իրավախախտում վերագրելն իրավաչափ չէ: Ավելին, Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրություններ են կատարվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում, որի ժամանակ անապրանք փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Ընկերությանը վերագրվող անապրանք փաստաթղթեր դուրս գրելու փաստարկները, հետևաբար Ընկերությունը չէր կարող ենթարկվել Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պատասխանատվության: Ինչ վերաբերում է Դատարանի վճռի սխալ կամ թերի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն որոշման պատճառաբանություններն անհրաժեշտ է դիտել որպես Դատարանի դատական ակտի լրացուցիչ պատճառաբանություններ:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Ընկերությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ սույն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.02.2020 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «Լու-Ար-Գրուպ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/7762/05/19

    դատարանի որոշում                       2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7762/05/19

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Պողոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/7762/05/19 վարչական գործով 29.06.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

29 հունիսի 2022թ. ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 29.06.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Լու-Ար-Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 24.09.2019 թվականի թիվ 3001866 ստուգման ակտը` 6-րդ կետի հինգերորդ պարբերության և 24-րդ կետով Ընկերությանն անապրանք փաստաթուղթ դուրս գրելը վերագրելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.02.2020 թվականի վճռին` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս, Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.09.2019 թվականի թիվ 3001866 ստուգման ակտը` 6-րդ կետի հինգերորդ պարբերության և 24-րդ կետով Ընկերությանն անապրանք փաստաթուղթ դուրս գրելը վերագրելու մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (տնօրեն` Նելսոն Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 55-րդ կետը, 415-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն ու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրենց միջև պայմանագրային իրավահարաբերությունները կառուցել են այնպես, որ կատարողը պետք է սկսեր ծառայությունների մատուցումը ակտիվացված /միացված/ թվով չորս սարքավորումների և դրանց ծրագրերի սպասարկումից և ապա նաև թվով հինգ սարքավորումների սպասարկմանն անցնեին: Այն, որ այս մեխանիզմն ընդունելի է եղել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի համար, հավաստվում և ապացուցվում է այն հանգամանքով, որ 2018 թվականի մարտ-հունիս ամիսների ընդունման-հանձնման ակտերն ընդունելով և դրանք ստորագրելով, համաձայնություն է տվել նման գործելաոճին, ուստի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից առարկությունների չներկայացումը դրա վառ ապացույցն է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ ինը սարքավորումների սպասարկումը պետք է լիներ անընդհատ, ամեն ամիս, սակայն պայմանագրում որևէ տեղ նման դրույթ գոյություն չունի և այդ պահանջը չի բխում 26.02.2018 թվականի թիվ HSM-S/18 պայմանագրից:

26.02.2018 թվականին կնքված թիվ HSM-S/18 պայմանագրի գինը սահմանվել է 54.000.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պայմանագրի գինը` 54.000.000 ՀՀ դրամը մեխանիկորեն բաժանել է 9 սարքավորումների քանակի վրա և ստացել մեկ միավորի գին, ինչը չի բխում 26.02.2018 թվականին կնքված թիվ HSM-S/18 պայմանագրի իմաստից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնելիս Կոմիտեն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի մոտ չի հայտնաբերել անապրանք փաստաթղթի տարրեր:

Վերաքննիչ դատարանը նշել է, թե գործում բացակայում է ապացույց առ այն, որ Ընկերությունը «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ին պատվիրակելու միջոցով է մատուցել ծառայությունները, մինչդեռ Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացվել է Ընկերության և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրը, որն առկա է գործում, ինչպես նաև համապատասխան նամակագրությունն առ այն, որ Ընկերությունը պատվիրում է նաև մյուս 5 սարքավորումների համար սպասարկման ծառայություններ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործարքի ամբողջական չկատարման հարցում առկա է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակողմանի հրաժարման փաստ, որի վերաբերյալ ապացույցները կցած են գործին: Մասնավորապես` 2018 թվականի հուլիս, օգոստոս ամիսներին պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ինչի մասին ուղղակիորեն վկայում է նրա կողմից ինչպես էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերը չընդունելու, այնպես էլ համապատասխան ընդունման-հանձնման ակտերը չստորագրելու վարքագիծը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.02.2020 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Այսպես` թիվ ԵԴ/26836/02/18 գործով վկայակոչված վճռով ոչ թե հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կատարել է պայմանագրային պարտավորություններն ամբողջ ծավալով, այլ ընդհակառակը, ներկայացվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հիմնավորումները պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ, որի վերաբերյալ դատարանը հայտնել է, որ վճարված գումարը պետք է պահանջվի ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի հիմքով, այլ այդ գումարը ենթակա է վերադարձման կողմերի միջև կնքված պայմանագրի հիմքով:

Բացի այդ, հայցվորը բերված վճռաբեկ բողոքում, որպես իր պնդումների հիմնավորում, վկայակոչելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով սահմանված անապրանք փաստաթղթի հասկացությունը, հատուկ ընդգծել է, որ օրենսդիրը հատուկ ամրագրել է, որ հաշվարկային փաստաթուղթը երբեք չի համարվի անապրանք փաստաթուղթ, եթե այն դուրս գրող հարկ վճարողը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և /կամ/ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է գործարքը կատարելու պարտավորություն: Սակայն այս դրույթը որևէ կերպ չի կարող տարածվել սույն գործով խնդրո առարկա պայմանագրից բխող պարտավորությունների վրա, քանի որ արդեն իսկ փաստացի պայմանագրի կատարման ժամկետը լրացել է, իսկ պայմանագրում նշված ծառայությունների կատարումն ավարտվել է և ծառայությունները մատուցվել են ոչ թե պայմանագրի առարկա հանդիսացող թվով ինը սարքավորումների մասով, այլ վերջնական արդյունքում ծառայությունները մատուցվել են թվով 4 սարքավորումների մասով:

Վերաքննիչ դատարանը կայացված որոշմամբ կատարված վերլուծություններով հիմնավորել է հաշվարկային փաստաթղթում նշված գործարքը 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով կատարված լինելու և ըստ այդմ` դուրս գրված փաստաթուղթն անապրանք փաստաթուղթ հանդիսանալու հանգամանքը: Հաշվի առնելով վերոգրյալը` սույն վարչական գործով որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների պահպանմամբ և առկա չեն հիմքեր այն բեկանելու համար, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 26.02.2018 թվականին Ընկերության (Կատարող) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև կնքվել է թիվ HSM-S/18 ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր:

Պայմանագրի 1.1. կետի համաձայն` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող Պատվիրատուի գլխամասային գրասենյակում մատուցել ծառայություններ:

Պայմանագրի 1.2. կետի համաձայն` Կատարողը պարտավորվել է մատուցել «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրի սպասարկման ծառայություններ, որի ցանկը նշված է նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 2-ում:

Պայմանագրի 1.3. կետի համաձայն` Կատարողը ծառայությունների կատարումը սկսում է 01.03.2018 թվականին և ավարտում 28.02.2019 թվականին:

Պայմանագրի 3.4. կետի համաձայն` Պատվիրատուն հանձնման-ընդունման ակտը Կատարողից ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը և ծառայությունները չընդունելու պատճառաբանված մերժում:

Պայմանագրի 4.1. կետի համաձայն` ծառայությունների ընդհանուր գինը կազմում է 54.000.000 ՀՀ դրամ (հատոր 1, գ.թ. 95-100):

2) 31.03.2018 թվականի, 30.04.2018 թվականի, 30.06.2018 թվականի հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, և պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը (հարկային գործի նյութեր):

3) 31.07.2018-31.08.2018 թվականների հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում: Նշված հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, իսկ պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը բացակայում են (հատոր 1, գ.թ. 102-103):

4) Ընկերության (Պատվիրատու) և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի (Կատարող) միջև 27.02.2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի առաջադրանքով ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում մատուցել նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ծառայությունները: Պայմանագրի 1.3. կետի համաձայն` ծառայությունների մատուցումն իրականացվում է 01.03.2018-28.02.2019 թվականները ներառյալ (հարկային գործի նյութեր):

5) 10.12.2018 թվականի «Thales PayShield HSM» սարքավորումների և ծրագրերի սպասարկման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պլաստիկ քարտերի վարչության պետի ժ/պ-ն և պրոցեսինգային բաժնի պետը հայտնել են, որ 2015-2018 թվականների ընթացքում սպասարկման պայմանագիր է կնքվել Ընկերության հետ` պայմանագրի կնքման օրվա դրությամբ բանկում գտնվող սարքերի համար: Վերը նշված ժամանակահատվածում նշված կազմակերպության կողմից սարքերի սպասարկում չի կատարվել: Բանկում գտնվող թվով 9 սարքերից միայն 4-ն են շահագործվում, ևս մեկը նախատեսված է որպես պահեստային սարք: Մյուս 4 սարքերը չեն շահագործվում (հատոր 1, գ.թ. 104):

6) Ընկերության տնօրեն Ն. Ստեփանյանը 28.12.2018 թվականի գրությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին հայտնել է, որ Ընկերությունը նախանշված «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկման պայմանագրային պարտավորությունները կատարում է պատշաճ: Միաժամանակ գրությամբ նշվել է, որ Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 28.02.2019 թվականին, հետևաբար պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ ավարտված չեն (հատոր 1, գ.թ. 43):

7) Կոմիտեի նախագահի 07.03.2019 թվականի թիվ 3001866 հանձնարարագրի հիման վրա 21.03.2019 թվականից մինչև 04.09.2019 թվականն Ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 24.09.2019 թվականին կազմվել է թիվ 3001866 ստուգման ակտը, որի 24-րդ կետով արձանագրվել է հետևյալը, (...) ««Լու-ար գրուպ» ՍՊԸ-ն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին փաստացի մատուցել է թվով 4 սարքավորման և դրանց ծրագրերի սպասարկման ծառայություն, մինչդեռ դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը վերաբերում են թվով 9 սարքավորումներին: Արդյունքում 2018 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս գրված և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից հաստատված թվով 9 սարքավորման մասով ծառայության մատուցման հաշվարկային փաստաթղթերում ծառայությունը փաստացի մատուցվել է 4 սարքավորման մասով, մնացած 5 սարքավորման ծառայության մատուցումը չի կատարվել, հետևաբար նշված հաշվարկային փաստաթղթերը համարվում են անապրանք փաստաթղթեր` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4 հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի...: Տվյալ դեպքում «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, որը ձևականորեն համապատասխանում է Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սակայն` ծառայությունը մատուցվել է այդ փաստաթղթերում նշված ծավալից և ընդհանուր արժեքից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Վերը նշված հաշվարկային փաստաթղթերի շրջանառությունը կազմում է 2018 թ-ի մարտ ամսին 4.500.000 դրամ, ապրիլ ամսին 4.500.000 դրամ, մայիս ամսին 4.500.000 դրամ, հունիս ամսին 4.500.000 դրամ, ընդամենը 18.000.000 դրամ: Քանի որ այդ թվով 9 սարքավորումները ապրանքանիշով և մոդելով նույնն են, հետևաբար յուրաքանչյուր սարքավորման ամսական սպասարկման վճարը կկազմի 500.000 դրամ: Արդյունքում 4 սարքավորման մասով փաստացի մատուցված ծառայության արժեքը կկազմի ամսական 2.000.000 դրամ, իսկ մնացած ամսական 2.500.000 դրամի ծառայությունը փաստացի չի մատուցվել: Նշենք նաև, որը նշված շրջանառությունները կողմերի մոտ հաշվի են առնվել հարկերի և վճարների հաշվարկման ժամանակ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 415 հոդվածի... Անապրանք փաստաթղթերի մասով ընդամենը ենթակա է գանձման 10.000.000 դրամ տուգանք» (հատոր 1, գ.թ. 35-43):

8) Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրություններ են կատարվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում, որի ընթացքում անապրանք փաստաթղթեր չեն հայտնաբերվել (հարկային գործի նյութեր):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Կոմիտեի 24.09.2019 թվականի թիվ 3001866 ստուգման ակտը` 6-րդ կետի հինգերորդ պարբերության և 24-րդ կետով Ընկերությանն անապրանք փաստաթուղթ դուրս գրելը վերագրելու մասով:

Դատարանը 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը 29.11.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը մերժել է:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.02.2020 թվականի վճռին` որոշման մեջ նշված պատճառաբանությամբ, քանի որ «(...) Կոմիտեն Ընկերությանը հարկային պատասխանատվության է ենթարկել Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը վերագրվող անապրանք փաստաթղթեր դուրս գրելու հիմքերը բացակայում են հետևյալ պատճառներով: Նախ, այդ փաստաթղթերը դուրս են գրվել 26.02.2018 թվականին Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա: Նշված պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է մատուցել պայմանագրի հավելված 2-ում նշված սարքավորումների սպասարկման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով, իսկ ծառայությունների արժեքը սահմանվել է 54.000.000 ՀՀ դրամ, որից հետո Ընկերությունը «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի հետ 27.02.2018 թվականին կնքել է պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է ք. Երևան Նալբանդյան 48 հասցեում գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում մատուցել նույն պայմանագրի հավելված 1-ում նշված ծառայությունները: 2018 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար դուրս գրված հաշիվ-վավերագրերը դուրս են գրվել յուրաքանչյուրը 4.500.000 ՀՀ դրամի չափով, որոնք հանձնման-ընդունման ակտերով ստացվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել այդ կապակցությամբ: Մինչդեռ 31.07.2018-31.08.2018 թվականների հանձնման-ընդունման ակտերից հետևում է, որ Ընկերությունն իրականացրել է 26.02.2018 թվականին կողմերի միջև կնքված պայմանագրով «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, այդ հանձնման-ընդունման ակտերի վրա առկա են կատարող Ընկերության տնօրենի ստորագրությունն ու կնիքը, իսկ պատվիրատու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կնիքն ու ստորագրությունը բացակայում են: Այսինքն` Ընկերությունը պայմանագրով նախատեսված իր պարտականությունը կատարել է, իսկ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրաժարվել է ընդունել Ընկերության կողմից իրականացվող «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկումը: Ելնելով այն հանգամանքից, որ պայմանագրում խոսք չի գնում ծառայությունների մատուցման ժամանակացույցի մասին, իսկ հաշվարկային փաստաթղթերում բացակայում է որևէ նշագրում միայն թվով չորս սարքավորումների սպասարկման (ծառայությունների մատուցման) մասին, Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ պայմանագրով մատուցվող ծառայությունները պետք է մատուցվեին բոլոր ինը սարքավորումների մասով անընդհատ` մեկ տարվա կտրվածքով: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ծառայություններ մատուցող Ընկերությունը պարտավորվել է մեկ տարի` 01.03.2018 թվականից մինչև 28.02.2019 թվականն անընդհատ իրականացնել բոլոր թվով 9 «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրի ուսումնասիրությունից հետևում է, որ 54.000.000 ՀՀ դրամ վճարը սահմանվել է պայմանագրի հավելված 2-ում նշված սարքավորումները յուրաքանչյուր ամիս սպասարկելու համար, և Ընկերությունը 54.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց պարտավորվել է սպասարկել թվով 9 անուն սարքավորումները մեկ տարվա ընթացքում: Պայմանագրի այդ կետի տառացի մեկնաբանությունից բխում է, որ Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում ոչ թե բոլոր թվով 9 սարքավորումների սպասարկումն իրականացնել անընդհատ, այլ` ըստ սարքավորումների և ծրագրերի սպասարկման անհրաժեշտության` մեկ տարվա ընթացքում: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ սարքավորումներից մեկն ընդհանրապես չի էլ միացվել, այլ նախատեսված է եղել իբրև պահուստային: Պայմանագրում բացակայում է որևէ պայման այն մասին, որ թվով 9 սարքավորումները 01.03.2018 թվականից բոլորը միասին շահագործվում են, ուստի դրանք կարող էին միացվել և շահագործվել ըստ անհրաժեշտության: Այսինքն` պայմանագիրը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ծառայություններ մատուցող Ընկերությունը պարտավորվել է մեկ տարի` 01.03.2018 թվականից մինչև 28.02.2019 թվականը միաժամանակ անընդհատ իրականացնել բոլոր թվով 9 «Thales PayShield 9000 HSM9000» սարքավորումների և ծրագրերի սպասարկում, իսկ միացված սարքավորումների և ծրագրերի սպասարկումն իրականացվել է 2018 թվականի մարտ-հունիս ամիսներին պայմանագրով սահմանված կարգով, ինչն ընդունվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի կարծիքով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել խնդրո առարկա պայմանագրի դրույթները, ինչը հանգեցրել է անհիմն հետևությունների: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ 2018 թվականի մարտ-հունիս ամիսների ծառայությունների համար դուրս են գրվել թվով 9 սարքավորումների սպասարկման վերաբերյալ հաշիվ-վավերագրեր, մինչդեռ իրականում իրականացվել է թվով 4 սարքավորումների սպասարկում` այն էլ չորս ամիս, ապա այդ հետևությունը ևս անհիմն է, քանի որ հարկային գործում գտնվող հաշիվ-վավերագրերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ դրանցում որևէ նշում չկա բոլոր 9 սարքավորումները սպասարկելու վերաբերյալ, այլ նշված է. ««Thales»-ից ստացված Shield HSM9000 սարքավորումների և ծրագրերի սպասարկում»` առանց սարքավորումների թիվը նշելու: Նման պայմաններում Ընկերությանը չի կարող վերագրվել հաշիվ-վավերագրերում սպասարկվող սարքավորումների թիվը ոչ ճիշտ նշելու խախտում, իսկ թվով 4 սարքավորումները և ծրագրերը սպասարկելու իրողությունը` պայմանագրի պայմանների վերը շարադրված մեկնաբանության պարագայում համապատասխանում է պայմանագրով սահմանված մատուցման ենթակա ծառայություններին, ուստի Ընկերությանն անապրանք փաստաթղթեր դուրս գրելու իրավախախտում վերագրելն իրավաչափ չէ: Ավելին, Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրություններ են կատարվել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում, որի ժամանակ անապրանք փաստաթղթեր չեն հայտնաբերվել:»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս, Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

i

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

i

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես` պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

i

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե՛ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում է կամքի և կամահայտնության համապատասխանությունը պարզելու անհրաժեշտություն, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացնել` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները. այն դեպքերում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը գիտեր կամ կարող էր իմանալ այդ մասին, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացվի նաև կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Մինչդեռ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը չգիտեր կամ չէր էլ կարող իմանալ այդ մասին (բարեխիղճ կողմ), պայմանագրի մեկնաբանումը պետք է իրականացվի վերը շարադրված ընդհանուր կանոններին համապատասխան (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն` (...) անապրանք փաստաթուղթ` նույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող հաշվարկային փաստաթուղթ, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, աշխատանքի կատարում և (կամ) ծառայության մատուցում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված` նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ և (կամ) 8-րդ կետով սահմանված տվյալներից մեկի կամ մի քանիսի մեծությունից 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով: Հաշվարկային փաստաթուղթը չի համարվում անապրանք փաստաթուղթ, եթե այն դուրս գրող հարկ վճարողը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, կրում է գործարքը կատարելու պարտավորություն: Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի և (կամ) վճարների հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք չեն հանդիսանում:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է` ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը` հաշիվ վավերագիր:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի` 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են... ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ... ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ նույն օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև հարկի գումարի պակասեցումները փաստաթղթավորելու համար:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար նույն օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները` տուգանք:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպությունից, անհատ ձեռնարկատիրոջից կամ նոտարից համալիր հարկային ստուգման արդյունքներով գանձվում է տուգանք` գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող փաստաթղթում նշված` այն անապրանք համարվելու համար նույն օրենսգրքով սահմանված շեղման (դրամական արտահայտությամբ), իսկ կողմերի միջև փաստացի գործարք կատարված չլինելու դեպքում` անապրանք փաստաթղթում նշված գումարի չափով: Սույն մասին համապատասխան հաշվարկված տուգանքի գումարը մեկ միլիոն դրամից պակաս լինելու դեպքում տուգանքը կիրառվում է մեկ միլիոն դրամի չափով:

Այսպես, անապրանք փաստաթղթի ստեղծմանը կարող են մասնակցել երկու սուբյեկտներ (գործարքի երկու կողմերը): Անապրանք փաստաթղթի համար հարկային պատասխանատվության սուբյեկտի առնչությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը գործածում է «անապրանք փաստաթղթեր դուրս գրած և (կամ) ստացած կազմակերպություն» արտահայտությունը: Դրանից հետևում է, որ անապրանք փաստաթուղթ հայտնաբերվելու դեպքում երեք հնարավոր հետևանք կարող է առաջանալ`

(1) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր դուրս գրած կազմակերպությունը,

(2) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր ստացած կազմակերպությունը,

(3) պատասխանատվության ենթարկվել անապրանք փաստաթղթեր և՛ դուրս գրած, և՛ ստացած կազմակերպությունը:

Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ հարկային օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելը չի պայմանավորել անապրանք փաստաթղթի դուրսգրման հետևանքով պետությանը վնաս պատճառելու հանգամանքի առկայությամբ կամ բացակայությամբ, այլ հաշվարկային փաստաթուղթ ստեղծելու, սակայն դրանում նշված գործարքը կա՛մ փաստացի չիրականացնելու, կա՛մ 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով իրականացնելու դեպքում:

Հետևաբար, ՀՀ հարկային օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պատասխանատվության կիրառման համար որևէ նշանակություն չունի անապրանք փաստաթղթի դուրսգրման հետևանքով պետությանը վնաս պատճառելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է ընդգծել, որ նախ «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ն թվով 4 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների սպասարկումն անձամբ չի իրականացվել, այլ դրա սպասարկումը վերջինիս առաջադրանքով իրականացվել է «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի կողմից, իսկ մնացած 5 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների և ծրագրերի սպասարկումը որևէ այլ կազմակերպության վերահանձնելու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են:

2018 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար մատուցված ծառայության մասով դուրս են գրվել 4.500.000-ական դրամ արժողությամբ հաշվարկային փաստաթղթեր («Հաշիվ վավերագրեր») թվով 9 սարքավորման մասով, այն դեպքում, երբ «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ի կողմից թվով 9 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների ծրագրային սպասարկում փաստացի չի իրականացվել, այլ վերջինիս կողմից իրականացվել է թվով 4 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների սպասարկում` այն էլ չորս ամիս, այլ ոչ թե մեկ տարի

(01.03.2018 թվականից մինչև 28.02.2019 թվականը) անընդհատ:

Ավելին, 26.02.2018 թվականի թիվ HSM-S/18 պայմանագրով սահմանված ծառայության գինը` 54.000.000 ՀՀ դրամը, վերաբերում է մեկ տարի թվով 9 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների սպասարկմանը, ինչը նշանակում է, որ 4.500.000-ական դրամ արժողությամբ հաշվարկային փաստաթղթերը («Հաշիվ վավերագրեր») կարող էին դուրս գրվել մեկ տարվա ընթացքում թվով 9, այլ ոչ թե թվով 4 Thales PayShield 9000 HSM9000 սարքավորումների սպասարկման համար:

Ընդ որում, ինչպես նաև իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, տվյալ հաշվարկային փաստաթղթերում բացակայում է որևէ նշագրում միայն թվով չորս սարքավորումների սպասարկման (ծառայությունների մատուցման) մասին: Պայմանագրում բացակայում է նաև ծառայությունների կատարման ժամանակացույցը, ինչը ևս մեկ անգամ հավաստում է այն հանգամանքը, որ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը կարող էին վերաբերվել բոլոր ինը սարքավորումների սպասարկմանը, այլ ոչ թե դրանցից չորսին: Այս առումով անհիմն է Վճռաբեկ դատարանի այն մոտեցումը, որ «(...) Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում ոչ թե բոլոր թվով 9 սարքավորումների սպասարկումն իրականացնել անընդհատ, այլ` ըստ սարքավորումների և ծրագրերի սպասարկման անհրաժեշտության` մեկ տարվա ընթացքում: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ սարքավորումներից մեկն ընդհանրապես չի էլ միացվել, այլ նախատեսված է եղել իբրև պահուստային: Պայմանագրում բացակայում է որևէ պայման այն մասին, որ թվով 9 սարքավորումները 01.03.2018 թվականից բոլորը միասին շահագործվում են, ուստի դրանք կարող էին միացվել և շահագործվել ըստ անհրաժեշտության: (...)»:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ թիվ 3001866 ստուգման ակտը կազմվել է և անապրանք փաստաթղթերը հայտնաբերվել են 24.09.2019 թվականին, այսինքն` Ընկերության և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված թիվ HSM-S/18 պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, որը լրացել էր 28.02.2019 թվականին:

Հետևաբար, անկախ նրանից այդ սարքավորումները պայմանագրի գործողության ընթացքում շահագործվում էին, թե` ոչ, պահուստային էին թե` հիմնական օգտագործման: Դա չէր վերացնում Ընկերության պարտականությունը կատարելու դրանց սպասարկման հետ կապված անհրաժեշտ գործողությունները և մատուցելու համապատասխան ծառայությունները: Այսպիսով, ակնհայտ է, որ պայմանագրով մատուցվող ծառայությունները պետք է մատուցվեին բոլոր ինը սարքավորումների մասով անընդհատ` մեկ տարվա կտրվածքով:

Միևնույն ժամանակ, համադրելով սույն գործում առկա փաստական հանգամանքները և Կոմիտեի նախագահի 17.04.2019 թվականի թիվ 3201711 և թիվ 3201712 հանձնարարագրերով հանդիպակաց ուսումնասիրությունների արձանագրությունները` հարկ է ընդգծել, որ դրանք չեն կարող հերքել անապրանք փաստաթղթերի առկայությունը:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը կատարել է իրավաչափ եզրահանգումներ, իսկ հարկային մարմինն իրավացիորեն «Լու-ար գրուպ» ՍՊԸ-ին պատասխանատվության է ենթարկել հաշվարկային փաստաթուղթ ստեղծելու, սակայն դրանում նշված գործարքը 20 և ավելի տոկոսով փոքր տվյալներով իրականացնելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, նշված հիմքով բավարարելով վճռաբեկ բողոքն ու բեկանելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալով ՀՀ վարչական դատարանի 13.02.2020 թվականի վճռին, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ:

 

Դատավորներ`

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2022
N ՎԴ/7762/05/19
Որոշում