Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 հուլիսի 2023 թվականի N 385-Ն

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 491-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասով ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու մասին» N 491-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ Արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հրամանի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն հրամանը տարածվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի նկատմամբ, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված այն սնանկության գործերի նկատմամբ, որոնցով հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումը սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դեռ չի կայացվել:

5. 2020 թվականի ապրիլի 15-ից հետո հարուցված սնանկության այն վարույթներով, որոնցով սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կայացվել է հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին դատական ակտ, կամ առաջին (հերթական) աճուրդը սկսվել (շարունակվում) է, աճուրդն իրականացվում է Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով սահմանված կարգով:

 

Գ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հուլիսի 11-ի

N 385-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն հավելվածը սահմանում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը:

2. Կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքը Արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սպասարկվող էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ կազմակերպվող սակարկություններն են, որոնք իրականացվում են կայքի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան:

3. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) հրապարակային սակարկությունների միջոցով գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ապահովում է առաջին աճուրդի անցկացման մասին հայտարարության հրապարակումը կայքում: Աճուրդը սույն հավելվածին համապատասխան իրականացվելու դեպքում պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին կայքում հայտարարությունը հրապարակված է համարվում կայքում հրապարակվելու պահից: Կառավարիչը հայտարարությանը կից կայքում վերբեռնում է գույքի լուսանկարները, ինչպես նաև իր հայեցողությամբ` այլ փաստաթղթեր:

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվում են նախորդ աճուրդը չկայացած համարվելու օրվանից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

5. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) սնանկության գործի համարը, պարտապան իրավաբանական անձի դեպքում` անվանումը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, կառավարչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն).

2) համակարգի կողմից գեներացված` լոտի հերթական համարը.

3) լոտի անվանումը, նկարագիրը, կիրառելի լինելու դեպքում` գույքի ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), գտնվելու վայրը, լոտի նկատմամբ սահմանափակումները (գույքի նկատմամբ գրանցված իրավունքները), լոտի լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, եթե լոտն իրավունք է, ապա դրա գործողության ժամկետը: Եթե լոտը բաղկացած է մեկից ավելի գույքերից, ապա յուրաքանչյուր գույքի նկարագիրը տրվում է սույն ենթակետին համապատասխան.

4) լոտի մեկնարկային գինը.

5) աճուրդի վերջնաժամկետը, որը սահմանվում է տվյալ աճուրդի մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրվա ժամը 18:00-ն, իսկ եթե այն ոչ աշխատանքային օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 18:00-ն.

6) աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի չափը, որը գանձվում է ինքնաշխատ եղանակով` սնանկության կառավարչի կողմից այդ նպատակով բացված հաշվեհամարին (այսուհետ` հաշվեհամար).

7) աճուրդում հաղթած մասնակցի կողմից վաճառքի գնի վճարման կարգը և ժամկետները.

8) նշում այն մասին, որ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգին համապատասխան:

6. Հայտարարությունը հրապարակելիս համակարգը հնարավորություն է ընձեռում լոտը (գույքը) բնութագրող` սույն հավելվածի 5-րդ կետում նշված կիրառելի տվյալները մուտքագրել որպես բանալի բառեր, որոնց հիման վրա համակարգի միջոցով հատուկ ալգորիթմի կիրառմամբ ապահովվում է աճուրդի հայտարարությունների և աճուրդի դրված լոտերի (գույքերի) որոնումը կայքում նախատեսված բնութագրիչների կիրառմամբ: Կայքում գրանցվելուց հետո անձը կարող է իր էլեկտրոնային փոստին ստանալ ծանուցումներ այն գույքի աճուրդի կազմակերպման մասին, որոնք կբավարարեն անձի կողմից կայքում ընտրված համապատասխան բնութագրիչներին: Նույն գույքի (լոտի) մասին առաջին և յուրաքանչյուր հերթական աճուրդների մասին տեղեկատվությունը և իրականացված գործողությունները տեսանելի են կայքում` ըստ ժամանակագրական հաջորդականության: Ցանկացած գործողության կատարման օրն ու ժամը համակարգն արտացոլում է ինքնաշխատ եղանակով` առանց փոփոխության հնարավորության:

7. Աճուրդին մասնակցելու համար անձը (այսուհետ նաև` օգտատեր) գրանցվում է կայքում` կայքի գործիքակազմին համապատասխան:

8. Կայքում գրանցվելուց հետո օգտատերը կայքի կանոնակարգումներին համապատասխան ստանում է իր անձնական էջ մուտք գործելու համար մուտքանունը և գաղտնաբառը, որոնք գաղտնի են և չեն կարող տրամադրվել այլ անձանց: Կայքում գրանցվելուց հետո օգտատերը իր էլեկտրոնային փոստին ծանուցում է ստանում այն մասին, որ աճուրդում հաղթելու, սակայն վաճառքի գինը սույն հավելվածի 17-րդ կետին համապատասխան չմուծելու դեպքում նախապես սառեցված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում (ապասառեցվում): Օգտատիրոջ կողմից անձնական էջով կատարված ցանկացած գործողության համար պատասխանատվություն է կրում կայքում գրանցված անձը` անկախ այն հանգամանքից, թե փաստացի ով է օգտվել օգտատիրոջ անձնական էջից:

9. Օգտատերն աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումն իրականացնում է իր բանկային քարտի միջոցով` կայքի գործիքակազմին համապատասխան:

10. Որևէ լոտի աճուրդին մասնակցելու համար օգտատերն իր անձնական էջից մուտք է գործում տվյալ լոտի աճուրդի հարթակ, համապատասխան դաշտում համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ է ներկայացնում աճուրդին իր կամ այլ անձի անունից մասնակցելու մասին (եթե որևէ լոտի աճուրդին պետք է մասնակցի որպես այլ անձի ներկայացուցիչ, ապա տվյալ լոտի աճուրդի հարթակում, որպես հայտատու նշում է կատարում իրեն լիազորած անձի մասին` համապատասխան դաշտում մուտքագրելով վերջինիս նույնականացնող տվյալները, իսկ իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը): Եթե օգտվողի համապատասխան բանկային քարտին առկա գումարը նախավճարի և աճուրդի մասնակցության վճարի չափով բավարար է տվյալ լոտի աճուրդին մասնակցելու համար, կայքը օգտատիրոջը տալիս է աճուրդի մասնակցի կարգավիճակ` թույլատրելով մասնակցել աճուրդին և բանկային քարտից ինքնաշխատ եղանակով սառեցնում է տվյալ լոտի նախավճարի չափով գումար, ինչպես նաև գանձում աճուրդի մասնակցության վճարի չափով գումարը` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված չափով, ինչի մասին անձը ստանում է ծանուցում իր էլեկտրոնային փոստի հասցեին:

11. Աճուրդի մասնակցության վճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ նախավճարի չափը` լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի մասնակցության վճարն օգտագործվում է նախարարության կողմից` կայքի սպասարկման նպատակով:

12. Աճուրդի առաջին հայտատուի առաջին գնային հայտ է համարվում լոտի մեկնարկային գինը, եթե առաջին հայտատուն ավելի բարձր գնային հայտ չի ներկայացնում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ հայտատու ներկայացնում է նոր գնային հայտ: Սույն կետին համապատասխան նոր գնային հայտը կատարվում է նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով (աճուրդի քայլով): Նվազագույն հավելման չափը որոշվում է` ելնելով լոտի մեկնարկային գնից` հետևյալ կարգով.

1) մինչև 100 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում` 500 ՀՀ դրամ.

2) 100 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում` 1 000 ՀՀ դրամ.

3) 500 000 ՀՀ դրամից մինչև 1 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում` 10 000 ՀՀ դրամ.

4) 1 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում` 50 000 ՀՀ դրամ.

5) 10 000 000 ՀՀ դրամից բարձր մեկնարկային գնի դեպքում` 100 000 ՀՀ դրամ:

13. Տվյալ լոտի մասին հայտարարությունը հասանելի է կայքի բոլոր օգտվողների համար, իսկ աճուրդի հարթակը տեսանելի է միայն աճուրդի մասնակցի կարգավիճակ ստացած անձանց համար: Աճուրդի հարթակում այլ տեղեկություններից բացի արտացոլվում է նաև վերջին հայտ ներկայացրած մասնակցի` տվյալ լոտի աճուրդին մասնակցության ծածկագիրը և նրա կողմից առաջարկված գինը:

14. Աճուրդի մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում տվյալ լոտի վերաբերյալ այլ մասնակցի կողմից յուրաքանչյուր անգամ գնային հայտ ներկայացվելու դեպքում այդ մասին ծանուցում ստանալ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Տվյալ դեպքում ծանուցման մեջ նշվում է միայն այն մասին, որ տվյալ լոտի վերաբերյալ կատարվել է նոր գնային առաջարկ` նշելով առաջարկված գինը: Եթե աճուրդի ժամկետի վերջին 5 րոպեների ընթացքում գնային հայտ է ներկայացվում, ապա աճուրդի վերջնաժամկետը ավտոմատ եղանակով երկարացվում է ևս 5 րոպեով:

15. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Աճուրդի ավարտից անմիջապես հետո համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է նաև համակարգի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված` աճուրդի արդյունքների և հաղթող մասնակցի մասին արձանագրությունը, որն ուղարկվում է աճուրդի մասնակցի և տվյալ սնանկության գործով կառավարչի էլեկտրոնային փոստի հասցեներին:

16. Եթե աճուրդին մասնակցել է մեկից ավելի անձ, ապա աճուրդն ավարտվելուց հետո համակարգը ապասառեցնում է աճուրդում չհաղթած անձանց բանկային քարտերում սառեցված նախավճարի գումարները:

17. Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը, որից հետո դիմում է կառավարչին` լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով:

18. Կառավարիչը աճուրդում հաղթած և լոտի վաճառքի գինը ամբողջությամբ վճարած մասնակցի հետ ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և կնքում լոտի առուվաճառքի պայմանագիր:

19. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում և փոխանցվում են հաշվեհամարին:

20. Սույն կարգով նախատեսված դեպքերից բացի աճուրդը չկայացած է համարվում նաև, եթե`

1) աճուրդին մասնակցելու համար որևէ անձի կողմից հայտ չի ներկայացվել.

2) օրենքով սահմանված կարգով կամ դատարանի որոշմամբ ընդհատվել է լոտում ներառված գույքի իրացումը և եթե այլ լոտեր առկա չեն:

21. Եթե աճուրդը համարվել է չկայացած սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով, ապա յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է հետևյալ չափով.

1) անշարժ գույքի դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.

2) շարժական գույքի դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.

3) լոտում և անշարժ, և շարժական գույքեր ներառված լինելու դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով.

4) թանկարժեք մետաղ կամ քարեր պարունակող պերճանքի առարկաների դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 2 տոկոսի չափով.

5) պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

22. Եթե աճուրդին մասնակցելու համար իրավունք է ստացել մեկ հայտատու, և այդ աճուրդը համարվել է չկայացած կամ անվավեր, ապա հաջորդ աճուրդի համար աճուրդի մեկնարկային գինը չի նվազեցվում, բացառությամբ «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

23. Եթե սույն կարգին համապատասխան էլեկտրոնային կայքում գրանցված և աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա բանկային քարտին սառեցված նախավճարը ապասառեցվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

24. Աճուրդը չկայացած համարվելու օրը կառավարիչը ստորագրում է համակարգի կողմից ավտոմատ գեներացված համապատասխան արձանագրությունը, որում, ի թիվս այլնի, նշվում են աճուրդը չկայանալու հիմքերն ու պատճառները: Աճուրդը չկայացած համարվելու դեպքում այդ մասին ինքնաշխատ եղանակով նշում է կատարվում կայքում:

25. Պարտապանի գույքի իրացումը օրենքով սահմանված դեպքերում կամ դատարանի կողմից ընդհատվելու դեպքում այդ գույքը ընդգրկող լոտը հանվում է աճուրդից, որի մասին կառավարիչը նշում է կատարում համակարգում այդ աճուրդի համար նախատեսված հարթակում` վերբեռնելով դատարանի որոշման պատճենը: Սույն դեպքում համակարգը ինքնաշխատ եղանակով դադարեցնում է աճուրդը` այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով աճուրդի մասնակիցներին և նշում կատարելով կայքում: Սույն կետով նախատեսված դեպքում աճուրդի մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները և նախավճարները ապասառեցվում են:

26. Կայքի խափանման դեպքում աճուրդի կազմակերպման և անցկացման ժամկետները համարվում են կասեցված և շարունակում են հոսել կայքի վերագործարկման պահից, ինչի մասին ծանուցվում են աճուրդի մասնակիցները և տվյալ սնանկության գործով կառավարիչը:

27. Յուրաքանչյուր աճուրդի ավարտից հետո դրա վերաբերյալ տվյալները արխիվացվում և պահպանվում են համակարգում աճուրդի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
11.07.2023
N 385-Ն
Հրաման