Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ...

 

 

040.1205.210802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2002 թվականի N 1205-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան երաշխիքների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը բյուջետային երաշխիքների տրամադրման և տրամադրված երաշխիքների դիմաց վճարումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 8-ի N 1205-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխիքների (այսուհետ` երաշխիք) տրամադրման և տրամադրված երաշխիքների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:

2. Սույն կարգի իմաստով`

ա) կարևոր նշանակության սպառողներ (այսուհետ` պրինցիպալ) են հանդիսանում յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողների ցանկում ընդգրկված իրավաբանական անձինք և պետական հիմնարկները.

բ) երաշխիք է համարվում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վճարումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` բենեֆիցիար) տրված բյուջետային երաշխիքները.

գ) ծրագիր է համարվում յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ կատարել պրինցիպալներին.

դ) պրինցիպալի կողմից տվյալ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բենեֆիցիարին վճարումներ իրականացնելու վերջնական ժամկետ (այսուհետ` վճարման ժամկետ) է համարվում էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով վճարում կատարելու համար սահմանված վերջնաժամկետը.

ե) ժամկետանց պարտավորություն է համարվում վճարման ժամկետի ավարտի դրությամբ նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների գծով չկատարված պարտավորությունները:

 

II. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

3. Յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում` սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները (այսուհետ` ԲԳԿ) կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում (ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում պրինցիպալների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումների իրականացման գծով բենեֆիցիարին երաշխիքներ տրամադրելու մասին հայտեր (այսուհետ` հայտ): Հայտի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

4. Հայտում երաշխիքի գումարը ներկայացվում է եռամսյակային բաշխմամբ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները (եթե սույն կարգի 3-րդ կետի համաձայն հայտերի ներկայացման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չեն հաստատվել, ապա հայտում երաշխիքի գումարը ներկայացվում է նախորդ բյուջետային տարվա եռամսյակային համամասնություններին համապատասխան):

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` երաշխավոր) սույն կարգի համաձայն ներկայացվող հայտերի հիման վրա` այդ հայտերի ներկայացման օրվանից հաշված 10-օրյա ժամկետում` բենեֆիցիարին տրամադրում է երաշխիքներ (ըստ առանձին պրինցիպալների` յուրաքանչյուր եռամսյակի համար` առանձին երաշխիք)` որպես պրինցիպալների և բենեֆիցիարի միջև կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերի կատարման ապահովում: Երաշխիքի օրինակելի ձևը սահմանում է երաշխավորը (համաձայնեցնելով բենեֆիցիարի հետ):

6. Երաշխավորը սույն կարգի 5-րդ կետի համաձայն բենեֆիցիարին երաշխիքների տրամադրումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տեղեկացնում է իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր պրինցիպալի գծով տրամադրված երաշխիքների մասին` ներառյալ տրամադրված երաշխիքների մեծություններն ու պրինցիպալների անվանումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` երաշխիքների` սահմանված կարգով հաշվառման նպատակով:

 

III. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Պրինցիպալներին` էլեկտրաէներգիայի սպառման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների փոփոխման դեպքում`

ա) եթե տեղի է ունեցել պրինցիպալներին էլեկտրաէներգիայի սպառման դիմաց նախատեսված հատկացումների ավելացում, ապա նշված ավելացումները նախատեսող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում համապատասխան ԲԳԿ-ները երաշխավորին են ներկայացնում գրավոր առաջարկություն ավելացված գումարի չափով համապատասխան պրինցիպալին լրացուցիչ երաշխիք տրամադրելու վերաբերյալ: Սույն ենթակետում նշված առաջարկության հիման վրա երաշխավորը 10-օրյա ժամկետում բենեֆիցիարին տրամադրում է լրացուցիչ երաշխիք.

բ) եթե տեղի է ունեցել պրինցիպալներին էլեկտրաէներգիայի սպառման դիմաց նախատեսված հատկացումների նվազեցում, ապա 5-օրյա ժամկետում համապատասխան ԲԳԿ-ները երաշխավորին են ներկայացնում գրավոր առաջարկություն նվազեցված գումարի չափով համապատասխան պրինցիպալին տրամադրված երաշխիքի գումարի նվազեցման վերաբերյալ: Սույն ենթակետում նշված առաջարկության հիման վրա երաշխավորը` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակներում երաշխավորված գումարի նվազեցումն ապահովելու նպատակով բենեֆիցիարից պահանջում է 5-օրյա ժամկետում վերադարձնել նշված ժամանակահատվածների համար տրամադրված երաշխիքները` դրանցում փոփոխություններ կատարելու համար: Երաշխավորը սույն ենթակետի համաձայն վերադարձված երաշխիքներում փոփոխությունները կատարում և բենեֆիցիարին է տրամադրում 5-օրյա ժամկետում:

8. Եթե սույն կարգի 7-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված նվազեցումները կատարվել են տվյալ եռամսյակում նախատեսված հատկացումներից, ապա այդ եռամսյակի համար տրամադրված երաշխիքը հետկանչման ենթակա չէ, և համապատասխան ԲԳԿ-ները ձեռնարկում են միջոցներ` պրինցիպալների կողմից այդ եռամսյակի համար սպառվող էլեկտրաէներգիայի գումարը տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված (ներառյալ կատարված նվազեցումները) հատկացումների չափը չգերազանցելու ուղղությամբ:

 

IV. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ԲԳԿ-ների կողմից ներկայացված համապատասխան վճարման հայտերի հիման վրա, ԲԳԿ-ների գանձապետական հաշիվներին է փոխանցում տվյալ ամսվան նախորդող ամսվա ընթացքում պրինցիպալների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրման ենթակա կանխատեսվող գումարները:

10. ԲԳԿ-ները և պրինցիպալները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը բացված ֆինանսավորման շրջանակներում սահմանված կարգով առաջնահերթ ապահովում են սույն կարգի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում վճարումների իրականացումը բենեֆիցիարին:

11. Եթե մինչև սույն կարգով սահմանված վճարումների ժամկետի ավարտը պրինցիպալների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բենեֆիցիարին վճարում չի կատարվում, ապա բենեֆիցիարը երաշխավորից գրավոր պահանջում է վճարել տվյալ եռամսյակում երաշխավորված և պրինցիպալի կողմից տվյալ ամսվա համար ժամկետանց պարտավորության գումարը:

Գրավոր պահանջին կից ներկայացվում են նաև պրինցիպալի կողմից տվյալ ամսվա ընթացքում փաստացի սպառված և դրա դիմաց պրինցիպալի կողմից վճարման ժամկետում մարված էլեկտրաէներգիայի գումարը (եթե համապատասխան վճարումները կատարված են) և բենեֆիցիարի բանկային հաշվեհամարը:

12. Սույն կարգի 11-րդ կետի համաձայն պահանջվող գումարի մեծությունը յուրաքանչյուր եռամսյակի (ամսվա) համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Պ = Փ - Վ,

 

որտեղ`

Պ-ն` էլեկտրաէներգիայի վճարումների գծով ժամկետանց պարտավորությունների դիմաց գանձման ենթակա (պահանջվող) երաշխավորված գումարն է,

Փ-ն` տվյալ եռամսյակի (ամսվա) ընթացքում պրինցիպալի կողմից փաստացի սպառված էլեկտրաէներգիայի արժեքն է` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Վերջինս եռամսյակի համար չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում սպառողներին էլեկտրաէներգիայի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների մեծությունը (ներառյալ դրանում կատարված բոլոր փոփոխությունները),

Վ-ն` վճարման ժամկետի ավարտի դրությամբ` տվյալ եռամսյակում (ամսվա ընթացքում) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարումներն են:

13. Սույն կարգի համաձայն երաշխիքի դիմաց վճարում կատարելու գրավոր պահանջը երաշխավորին ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում երաշխավորն անվիճելի կարգով` ինկասո հանձնարարականով ԲԳԿ-ի և (կամ) պրինցիպալի գանձապետական հաշվից գանձում է գանձման ենթակա (պահանջվող) երաշխավորված գումարն ու այն փոխանցում բենեֆիցիարի ներկայացրած բանկային հաշվին:

14. Սույն կարգի 13-րդ կետի համաձայն երաշխավորի կողմից գանձում իրականացվելուց հետո էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման գծով պրինցիպալի ժամկետանց պարտավորությունը դադարում է, և գործարքը ձևակերպվում է որպես պրինցիպալի կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված համապատասխան վճարում:

15. Սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից վճարում չիրականացվելու դեպքում բենեֆիցիարն իրավունք ունի երաշխիքը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` անվիճելի կարգով պրինցիպալի ժամկետանց պարտավորության գումարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշվից գանձելու համար:

Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գանձում իրականացվելուց հետո էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման գծով պրինցիպալի ժամկետանց պարտավորությունը դադարում է, և գործարքը ձևակերպվում է որպես պրինցիպալի կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված համապատասխան վճարում:

Եթե սույն կարգի 8-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունների արդյունքում` սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից երաշխիքով գանձված (ներառյալ տվյալ եռամսյակում պրինցիպալի գծով բենեֆիցիարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված բոլոր վճարումները) գումարը գերազանցում է տվյալ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների չափը, ապա գերազանցող գումարը համարվում է որպես պրինցիպալի կողմից էլեկտրաէներգիայի գծով կատարված գերածախս:

16. Սույն կարգի 15-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գանձում իրականացվելու դեպքում վերջինս երաշխիքի վրա նշում է գանձված գումարի չափը և երաշխիքը վերադարձնում բենեֆիցիարին:

Սույն կետի համաձայն բենեֆիցիարին վերադարձված երաշխիքը` մինչև դրա գործողության ավարտը, տվյալ եռամսյակի մյուս ամիսների համար կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` տվյալ երաշխիքով նախատեսված գումարի շրջանակներում այդ եռամսյակի մյուս ամիսների ընթացքում համապատասխան պրինցիպալի կողմից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց սույն կարգի համաձայն գանձումներ կատարելու նպատակով:

17. Երաշխիքի գործողության ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում բենեֆիցիարն այն վերադարձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

18. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում պրինցիպալի կողմից սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր գումարը գերազանցում է սույն կարգի համաձայն տրամադրված երաշխիքի մեծությունը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նշված գերածախսերի գծով պրինցիպալի պարտավորությունը ծածկելու նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կատարվել վերաբաշխումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել հատկացումներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից նախատեսվել հատկացումներ, որոնց դիմաց սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվում է լրացուցիչ երաշխիք: Հակառակ դեպքում բենեֆիցիարն իրավասու է հոսանքազրկելու պրինցիպալին, եթե վերջինս ունի ժամկետանց պարտքեր: Եթե բենեֆիցիարը չի հոսանքազրկում պրինցիպալին, ապա երաշխավորված գումարից ավելի ժամկետանց պարտքը գանձվում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով ու պայմանագրով սահմանված կարգով: Պետությունը պատասխանատվություն չի կրում տվյալ եռամսյակում առաջացած պետական կառավարչական հիմնարկ հանդիսացող կարևոր նշանակության սպառողների այն գերածախսի համար, որը գոյացել է տվյալ կարևոր նշանակության սպառողի վերադաս ԲԳԿ-ի կողմից տվյալ սպառողին հոսանքազրկելու մասին գրավոր պահանջը սահմանված կարգով էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություն ներկայացվելուց հետո:

 

V. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՐԻՆՑԻՊԱԼՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

19. Եթե երաշխիքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիաներ ստացող կամ պետական պատվեր կատարող իրավաբանական անձ հանդիսացող պրինցիպալների պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա այդ անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ տրամադրելիս առաջնահերթ կարգով վճարվում են տվյալ եռամսյակի ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի գծով վճարումները (երաշխիքում նշված գումարի շրջանակներում):

Այս դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները, բենեֆիցիարի և պրինցիպալների միջև ձեռք բերված ու համապատասխան ԲԳԿ-ների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված համաձայնագրի հիման վրա, ԲԳԿ-ների գանձապետական հաշիվներից կատարվում են ուղղակի բենեֆիցիարի հաշիվներին:

20. Սույն կարգի 19-րդ կետի համաձայն բենեֆիցիարի հաշվին գումարը փոխանցվելուց հետո էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման գծով պրինցիպալի պարտավորությունը դադարում է, և գործարքը ձևակերպվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պրինցիպալին հատկացված գումարի ստացում ու որպես նույն գումարի չափով պրինցիպալի կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բենեֆիցիարին կատարված համապատասխան վճարում:

Եթե սույն կարգի 8-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունների արդյունքում սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից երաշխիքով գանձված (ներառյալ տվյալ եռամսյակում պրինցիպալի գծով բենեֆիցիարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված բոլոր վճարումները) գումարը գերազանցում է տվյալ եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների չափը, ապա գերազանցող գումարը ձևակերպվում է որպես գերածախս, որի գծով պրինցիպալի պարտավորությունները ծածկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կատարվել վերաբաշխումներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել հատկացումներ: Հակառակ դեպքում բենեֆիցիարն իրավասու է հոսանքազրկելու պրինցիպալին, եթե վերջինս ունի ժամկետանց պարտքեր: Եթե բենեֆիցիարը չի հոսանքազրկում պրինցիպալին, ապա երաշխավորված գումարից ավելի ժամկետանց պարտքը գանձվում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով ու պայմանագրով սահմանված կարգով:

21. Եթե սահմանված ժամկետում վճարում չի կատարվում, ապա բենեֆիցիարն իրավասու է սույն կարգի 9-18-րդ կետերին համապատասխան ձեռնարկելու միջոցներ` երաշխավորված գումարը սահմանված կարգով գանձելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2002
N 1205-Ն
Որոշում