Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՍՆԴԻԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱ ...

17.03.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.09.2023  -ից մինչեւ   17.03.2024  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, N 7 հավելվածի X բաժնի, «Սնդիկի մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան ապահովել վերահսկողություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքները և սահմանափակումները տարածվում են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2805 40 100 0 և 2805 40 900 0 ծածկագրերին դասվող սնդիկի վրա:

5. Սույն որոշմամբ սահմանված նորմերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ սնդիկի արտահանման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վրա:

6. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով սույն որոշման շրջանակներում կիրառվող հասկացությունները կիրառվում են ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1510-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի արտահանման համաձայնության առկայության դեպքում:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտը և «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը`

1) սնդիկի արտահանման նպատակը ներկայացնող տեղեկանք.

2) ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված` առևտրային փաստաթղթեր.

3) բեռնափոխադրման պայմանագիր.

4) ապրանքի ծագման սերտիֆիկատ.

5) «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմ (այսուհետ` կողմ) հանդիսացող երկիր սնդիկի արտահանման դեպքում ներմուծող կողմի լիազոր մարմնի գրավոր համաձայնությունն առ այն, որ սնդիկն օգտագործվելու է «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով ներմուծող կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.

6) «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքում ներմուծող երկրի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար և ներմուծվող սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով թույլատրված է կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.

7) ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.

i

8) երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը.

i

9) օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված` դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների համապատասխան թույլտվությունը:

5. Լիազոր մարմինը սնդիկի արտահանման վերաբերյալ համաձայնությունը կամ մերժումը կամ փաստաթղթերի փաթեթի լրակազմման, հայտի ու փաստաթղթերի տվյալների ճշգրտման առաջարկը տրամադրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հայտը և փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով:

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ տվյալները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը, նշելով հայտում և հայտին կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները, հայտատուին առաջարկում է 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ տվյալները:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքում հայտը կրկին ներկայացնելիս սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տվյալները թերի կամ դրանցում առկա տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելու դեպքում` փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում` սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է հայտը մերժելու մասին որոշում` սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տվյալները թերի կամ դրանցում առկա տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված ներկայացված լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները սահմանված ժամկետում ներկայացված չլինելու հիմքով:

8. Ֆիզիկական անձանց (բացառությամբ «Սնդիկի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է:

9. Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանման համար ներկայացված հայտը լիազոր մարմնի որոշմամբ մերժվում է հայտն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 8-րդ կետով սահմանված հիմքով:

10. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը հայտատուին տրամադրելուց կամ հայտը մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1510-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի ներմուծման միանգամյա (մեկանգամյա) լիցենզիայի առկայության դեպքում:

4. Միանգամյա լիցենզիա ստանալու համար սնդիկ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտ:

5. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիայի ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով և 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով ձևավորված հայտին կից լիազոր մարմին է ներկայացնում «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը`

1) «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկրի հավաստող գրությունն առ այն, որ այդ երկրից արտահանվող սնդիկը չի հանդիսանում «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից` սնդիկի հիմնական արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ.

2) ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.

i

3) երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը.

i

4) օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված` դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների համապատասխան թույլտվությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը կամ փաստաթղթերն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրավոր դիմում են արտահանող երկրի արդյունաբերության (հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն) և թափոնների կառավարման ոլորտներում լիազորված մարմիններին մինչև տվյալ երկրից սնդիկի արտահանման գործընթաց սկսելը:

7. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան:

8. Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 9 հավելվածի NN 9 և 10 ձևերի ձևանմուշներին համապատասխան:

9. Ֆիզիկական անձանց (բացառությամբ «Սնդիկի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 14-րդ կամ սույն կարգի 9-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հայտը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը:

11. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով սնդիկի ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմին սույն կարգի 3-րդ կետով սահմանված միանգամյա լիցենզիան ներկայացնելու դեպքում:

12. Սնդիկի նկատմամբ չեն կիրառվում «Հրաժարում` հօգուտ պետության», «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում», «Մաքսային տարածքում վերամշակում», «Ներքին սպառման համար վերամշակում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգերը:

13. Լիազոր մարմինը սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիա տրամադրելուց կամ հայտը մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2023
N 1510-Ն
Որոշում