Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿ ...

30.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2002  -ից մինչեւ   30.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)

040.1247.280802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1247-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության մասին» ՆՀ-1067 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով մատուցում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներից բխող ծառայություններ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

4. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ օտար լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Գործակալության պահպանման ծախսերն առանձին տողով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում:

Գործակալության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐԸ

 

7. Գործակալության հիմնական նպատակն ու խնդիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի ու գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացման ապահովումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներից, միջազգայնորեն ընդունված արարողակարգային չափանիշներից և հայ ժողովրդի ազգային սովորույթներից ու ավանդույթներից:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

8. Գործակալությունն իր հիմնական նպատակին ու խնդրին համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախարարի ղեկավարած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ` նրանց ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի արարողակարգային միջոցառումների նախապատրաստումը և իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական մյուս մարմինների պաշտոնական պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի և այդ մարմինների լիազորած պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների արարողակարգի նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը.

դ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը.

ե) օտարերկրյա պետությունների և դրանց կառավարությունների, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումը և իրականացումը.

զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ օտարերկրյա պետությունների օրենսդիր մարմինների, սահմանադրական դատարանների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումն ու իրականացումը.

է) օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակությունների, հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետություն այցերի նախապատրաստումը և իրականացումը.

ը) օտարերկրյա պետությունների օրենսդիր մարմինների, սահմանադրական դատարանների, պետական այլ մարմինների պաշտոնական, այդ թվում` ռազմական պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանն աջակցելը.

թ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգի ապահովումը.

ժ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման ու նրանց առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային գործընթացի ապահովումը.

ժա) օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրության իրականացումը.

ժբ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային ու արարողակարգային հանդիպումների կազմակերպումը.

ժգ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների հետ ընթացիկ աշխատանքների, գույքի օգտագործման, դիվանագիտական անձնակազմի անձեռնմխելիության և արտոնությունների հետ կապված հարցերի կարգավորումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով նախատեսված այցերի ու արարողակարգային միջոցառումների իրականացման նպատակով օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների ընդհանուր համակարգումը.

ժե) օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով չնախատեսված այլ մակարդակի և մասնագիտական փորձագիտական պատվիրակությունների այցերի ու նրանց մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու պետական մյուս մարմինների գծով Հայաստանի Հանրապետություն ժամանող և օտարերկրյա պետություններ մեկնող պատվիրակությունների այցերի ու նրանց մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և իրականացման աշխատանքների ընդհանուր համակարգումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներով չնախատեսված պետական մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գծով Հայաստանի Հանրապետություն ժամանող և Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ մեկնող պատվիրակությունների այցերի, նրանց մասնակցությամբ միջազգային բնույթի միջոցառումների իրականացմանն աջակցելը.

ժը) Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պատվիրակությունների այցեր նախապատրաստող խմբերի աշխատանքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.

ժթ) իր գործունեությանն առնչվող հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից, նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններից և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններից անհրաժեշտ տեղեկատվական-վերլուծական նյութեր և փաստաթղթեր ստանալը.

ի) իր կողմից իրականացվող ու համակարգվող աշխատանքներին շահագրգիռ պետական և այլ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետներին, փորձագետներին մասնակից դարձնելը.

իա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, դատական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ համագործակցելը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով և այլ իրավական ակտերով:

10. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

11. Գործակալության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

12. Գործակալության պետը`

ա) կազմակերպում ու ղեկավարում է գործակալության գործունեությունը և պատասխանատու է գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարին ներկայացնում է առաջարկություն գործակալության դիվանագիտական ծառայողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) սահմանում է գործակալության ղեկավարի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ը) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

ժ) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժգ) սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով անմիջականորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ղեկավարների հետ.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալության դիվանագիտական ծառայության պաշտոններում նշանակումները և պաշտոններից ազատումները, ինչպես նաև աշխատողների աշխատանքային գործունեությունն իրականացվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների այն աշխատողները, որոնք դիվանագետ չեն հանդիսանում, աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և կարող է ունենալ տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական այցերի բաժին

 

Դիվանագիտական անձնակազմի բաժին

 

Դիվանագիտական ներկայացուցչությունների բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1247-Ն
Որոշում