Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                                              Քաղաքացիական գործ

   դատարանի որոշում                                                                թիվ ԵԿԴ/2361/02/08

  Քաղաքացիական գործ թիվ                                                     ԵԿԴ/2361/02/08       2019թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`         Ա. Մխիթարյան

                                            Ն. Մարգարյան

 

i

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

4 դեկտեմբերի 2019թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

քննելով ըստ հայցի Կորյուն Մովսեսյանի իրավահաջորդ Արմեն Մովսիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն)` անգործությունը վիճարկելու և անհատույց սեփականության իրավունքով Երևան քաղաքում 800 քմ հողամաս տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ Կառավարության ներկայացուցիչ Կարեն Թունյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կորյուն Մովսիսյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետին իրեն հողամաս տրամադրել Թբիլիսյան խճուղուն հարող տարածքից: 01.12.2006 թվականին հայցվորը հայցադիմումի լրացումով վիճարկել է պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը):

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) 04.09.2014 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Տավարացյան, Տ. Նազարյան, Կ. Հակոբյան) 24.12.2014 թվականի որոշմամբ Կորյուն Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Զարգարյան) 03.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան, Լ. Գրիգորյան)` 03.03.2016 թվականի որոշմամբ հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2015 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` պարտավորեցվել է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ կառավարության, Կորյուն Մովսեսյանի իրավահաջորդ Արմեն Մովսիսյանին անհատույց` սեփականության իրավունքով հատկացնել հողամաս: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի որոշմամբ Կառավարության անունից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը բերվել է այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Բողոք բերած անձը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Վերաքննիչ դատարանի կողմից 16.04.2005 թվականին ուժի մեջ մտած «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 02.05.2001 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1186-րդ հոդվածները, 16.04.2005 թվականին ուժի մեջ մտած «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասը, 379-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել տվյալ իրավահարաբերություններում իրավահաջորդության թույլատրելիության և գործի վարույթի կարճման ենթակա լինելու կամ չլինելու հարցերին, դրանց վերաբերյալ չի տվել իր իրավական գնահատականները` թույլ տալով դատավարական և նյութական նորմերի հիմնարար խախտումներ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով առկա են իրավական և փաստական հիմքերը գործի վարույթը կարճելու համար, քանի որ Արմեն Մովսիսյանը, չհանդիսանալով բռնադատված, չի հանդիսանում իրավասու պետական մարմնին վերագրվող անգործությունը վիճարկելու, վերջինիս պարտավորեցման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, իսկ անձի հետ անխզելիորեն կապված` բռնադատված լինելու կարգավիճակով պայմանավորված ոչ գույքային իրավունքը չի հանդիսանում ժառանգման ենթակա իրավունք, ինչից հետևում է, որ վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:

Նկատի ունենալով այն, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և այն վերադարձնելու հիմքերը` Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից 16.04.2005 թվականին ուժի մեջ մտած «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, հետևաբար այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ և 397-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Թիվ ԵԿԴ/2361/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ կառավարության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2019
N ԵԿԴ/2361/02/08
Որոշում