13.10.2023 -
040.0274.310303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2003 թվականի N 274-Ն
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.10.2023 թիվ 1744-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 12.10.2023 թիվ 1744-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 20-ի
N 274-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բարեգործի գործունեությունը խրախուսելու նպատակով «Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ» և «Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ» կոչումների շնորհման համար բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը:
2. Բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` բարեգործության ոլորտը համակարգող մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
3. Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական կամ բնաիրային) չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
4. Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափը հաշվարկվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության հանրագումարի ձևով:
5. Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը լիազորված մարմին են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը կամ բնաիրային աջակցության դրամական արժեքն ու բարեգործական ծրագրի անվանումը: Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը ստորագրվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կնիքով:
6. Լիազորված մարմինը ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում: Գրանցամատյանի ձևը սահմանվում է լիազորված մարմնի կողմից ընդունված իրավական ակտով:
7. Լիազորված մարմինը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված` սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը:
8. Լիազորված մարմինը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացնելու համար:
(հավելվածը խմբ. 12.10.2023 թիվ 1744-Ն որոշում)